Արդարադատության նախարարությունն առաջարկում է աշխատավարձի 90-120%-ի չափով հավելում տալ «առանձնակի ռիսկային պաշտոններ» զբաղեցնող անձանց
12:59 - 02 նոյեմբերի, 2021

Արդարադատության նախարարությունն առաջարկում է աշխատավարձի 90-120%-ի չափով հավելում տալ «առանձնակի ռիսկային պաշտոններ» զբաղեցնող անձանց

ՀՀ արդարադատության նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկվում է հավելումներ սահմանել ՀՀ գլխավոր դատախազի, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի և ստեղծվելիք ՀՀ գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների համար:

«Առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների առանձնահատկություններով պայմանավորված տրվող հավելումների վճարման չափերը, կարգը, ինչպես նաև առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների շրջանակը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման այս նախագծի համար, ինչպես նշում է Նախարարությունը, հիմք են հանդիսացել ՀՀ գլխավոր դատախազությանը, ԱԱԾ-ին, ՀՀ ոստիկանությանը, ՀՀ քննչական կոմիտեին և ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ուղարկված հարցման միջոցով տրամադրված պատասխանները, որոնք պարունակում են տվյալ պաշտոնների մասին տեղեկատվություն և դրանց՝ առանձնակի ռիսկայնության և մասնագիտացման վերաբերյալ հիմնավորումները: Հիշյալ պաշտոնների համար հավելում նախատեսելու առաջարկի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ կոռուպցիոն բնույթի քրեական գործերով հսկողություն և վերահսկողություն իրականացնելը կրում է առանձնակի ռիսկային բնույթ:

Նախագծով առաջարկվում է ՀՀ գլխավոր դատախազի հավելումը սահմանել 95%, նրա տեղակալինը՝ 100%, գլխավոր դատախազի՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության աշխատանքները համակարգող տեղակալի հավելումը՝ 120%, գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի հավելումը՝ 90%, ՀՀ գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազինը՝ 100%:

Նախագծի ընդունումը, ԱՆ-ի համոզմամբ, ի թիվս այլնի, պայմանավորված է ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022թթ․ միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշման N 1 հավելվածի 4.1.1.-ին կետի կարգավորումներով, որոնց համաձայն՝ վարչական կոռուպցիայի հաղթահարման կարևորագույն տարրերից է նաև անհրաժեշտ սոցիալական երաշխիքների սահմանումը: Այս համատեքստում նախարարությունը կարևորվում է պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության համակարգի բարեփոխումը: Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ՝ կարգավորմամբ առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների առանձնահատկություններով պայմանավորված հավելումների նախատեսումը բխում է վերոնշյալ որոշմամբ նախատեսված միջոցառումներից:

Ի դեպ՝ ինչպես նկատելի է, առաջարկվող կարգավորմամբ ՀՀ գլխավոր դատախազի այն տեղակալները, որոնց համակարգման ոլորտում չի լինելու ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության աշխատանքների համակարգումը, որոշման ընդունման դեպքում եւս ստանալու են հավելում։ Նախարարությունը նախագծի հիմնավորման մեջ նշել է, որ այս պարագայում հավելման սահմանումը նպատակ ունի ապահովել, որպեսզի տեղի չունենա մեծ շեղում ընդհանուր կանոններից, քանի որ դրա չսահմանման դեպքում, ըստ նախարարության, ստացվում է մի իրավիճակ, երբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի վարձատրության չափը կկգերազանցի ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վարձատրության չափը, ինչը կխաթարի դատախազության աստիճանակարգված ենթակայության տրամաբանությունը։

Գլխավոր դատախազի, Գլխավոր դատախազի տեղակալների և գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների (թվով 21) համար նախնական հաշվարկով տարեկան կտրվածքով անհրաժեշտ է լինելու շուրջ 144․000․000 ՀՀ դրամ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել