ՄԱԿ-ի տվյալներով՝ փետրվարի 24-ից Ուկրաինայում առնվազն 227 խաղաղ բնակիչ է զոհվել, 525-ը՝ վիրավորվել
01:42 - 03 մարտի, 2022

ՄԱԿ-ի տվյալներով՝ փետրվարի 24-ից Ուկրաինայում առնվազն 227 խաղաղ բնակիչ է զոհվել, 525-ը՝ վիրավորվել

Փետրվարի 24-ից Ուկրաինայում առնվազն 227 խաղաղ բնակիչ է զոհվել, 525-ը՝ վիրավորվել։ Այս մասին չորեքշաբթի երեկոյան Ժնեւում հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը (OHCHR): Գրում է ՏԱՍՍ-ը։

«2022 թվականի փետրվարի 24-ի առավոտյան ժամը 4:00-ից, երբ սկսվեցին Ռուսաստանի Դաշնության ռազմական գործողությունները Ուկրաինայի դեմ, մինչև մարտի 1-ի առավոտյան ժամը 12-ը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը գրանցել է քաղաքացիական անձանց զոհվելու և վիրավորվելու ընդհանուր 752 դեպք Ուկրաինայում։ Մասնավորապես, 227 զոհ և 525 վիրավոր»:

ՄԱԿ-ի Ուկրաինայի գրասենյակի պաշտոնական կայքում հրապարակվել է զեկույցի ամբողջական տարբերակը, որտեղ նաև նշվում է, որ զոհերից 31-ը տղամարդ է, 25-ը կին, 6 տղա և 3 աղջիկ։ Զոհերից ևս 6 երեխաների ու 156 մեծահասակների սեռը դեռևս չի պարզվել։

«Սա ավելին է, քան արևելյան Ուկրաինայի հակամարտության գոտում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից գրանցված քաղաքացիական զոհերի ընդհանուր թիվը 2018-2021 թվականներին (136 զոհ և 577 վիրավոր):

Դոնեցկի և Լուգանսկի մարզերում գրանցվել է քաղաքացիական բնակչության շրջանում 65 զոհ և 258 վիրավոր, որոնցից 43 մահվան և 183 վիրավորման դեպքերը գրանցվել են Կառավարության կողմից վերահսկվող տարածքներում, իսկ 22 զոհ և 75 վիրավորման դեպք գրանցվել է ինքնահռչակ «հանրապետությունների» կողմից վերահսկվող տարածքում։

Քաղաքացիական անձանց զոհվելու և վիրավորվելու 429 դեպք է գրանցվել Ուկրաինայի այլ շրջաններում՝ Կիև, Խարկով, Օդեսսա, Սումի, Զապորոժյե, Ժիտոմիր, Խերսոն,  Չերկասի, Չեռնիգովի, ինչպես նաև Կիև քաղաքում։ Ընդհանուր դեպքերից 162-ը մահվան, իսկ 267 վիրավորման դեպքեր են։ Այս շրջանները դեպքերի գրանցման ժամանակ եղել են Ուկրաինայի Կառավարության վերահսկողության տակ։

Զոհերի մեծ մասը զոհվել է պայթուցիկ զենքի օգտագործման հետևանքով, այդ թվում՝ ծանր հրետանի և բազմակի հրթիռային համակարգերի հրթիռակոծություն, օդային հարվածներ», - ասվում է զեկույցում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել