Ո՞ր երկրներն են ամենաշատը կախված ռուսական նավթից․ Al Jazeera
22:52 - 10 մարտի, 2022

Ո՞ր երկրներն են ամենաշատը կախված ռուսական նավթից․ Al Jazeera

Նավթի գները կտրուկ աճել են այն բանից հետո, երբ Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա փետրվարի 24-ին։ Արևմտյան պատժամիջոցները, հավանաբար, էլ ավելի կբարձրացնեն նավթի գինը: Ի՞նչ է սա նշանակում և ինչ է պետք իմանալ նավթի մասին։ Ներկայացնում ենք Al Jazeera-ի ինֆոգրաֆիկան։

Ո՞ր երկրներն ունեն նավթի ամենամեծ պաշարները

Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով՝ 2019 թ-ին աշխարհում սպառվել է օրական 99,7 մլն բարել նավթ։  Միայն ԱՄՆ-ն սպառում է նավթի օրական համաշխարհային սպառման շուրջ մեկ հինգերորդ մասը (օրական 20,48 մլն), երկրորդ տեղում Չինաստանն է (օրական 13,07 մլն բարել), երրորդում՝ Հնդկաստանը (օրական 4,84 մլն բարել)։

Աշխարհում նավթի 1,55 տրլն բարել ապացուցված պաշարների կեսը բաժին է ընկնում  Վենեսուելային  (303 806 մլն բարել), Սաուդյան Արաբիային (258 600 մլն բարել) և Իրանին  (208,600 մլն բարել)։

 

Ո՞ր երկրներն են ամենաշատը նավթ արտադրում

Նավթի արտադրության մեջ կենտրոնական տեղ է զբաղեցնում Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ)։ Այն ստեղծվել է Բաղդադում 1960 թ-ին և կազմված է 13 պետություններից, որոնք բոլորը միասին ունեն անմշակ նավթի համաշխարհային ապացուցված պաշարների շուրջ 80 տոկոսը։

Այս կազմակերպության անդամ չհանդիսացող երկրներից անմշակ նավթի ամենամեծ պաշարներն ունեն Ռուսաստանն ու ԱՄՆ-ն։

ԱՄՆ էներգետիկայի մասին տեղեկությունների վարչության տվյալներով՝ ՕՊԵԿ անդամ-երկրներն արտադրում են աշխարհում անմշակ նավթի շուրջ 40 տոկոսը և ապահովում միջազգային շուկայում վաճառվող նավթի ընդհանուր ծավալի շուրջ 60 տոկոսը։

2020 թ-ին աշխարհում նավթի խոշորագույն 10 արտադրողներն էին ԱՄՆ-ն (օրական 18,61 մլն բարել), Սաուդյան Արաբիան (օրական 10,81 մլն բարել), Ռուսաստանը (օրական 10,5 մլն բարել), Կանադան (օրական 5,23 մլն բարել) և Չինաստանը (օրական 4,86 մլն բարել)։

 

Ինչպե՞ս է արդյունահանվում և օգտագործվում անմշակ նավթը

Բենզինը, դիզելային և այլ տիպի վառելիքներն արտադրվում են անմշակ նավթից, որն արդյունահանվում է երկրի ընդերքից։ Բազում կենցաղային ապրանքներ, այդ թվում՝ պլաստիկը, լվացող հեղուկներն ու հագուստը նույնպես արտադրվում են անմշակ նավթից։

Անմշակ նավթի գների աճն ազդում է արդյունաբերության մի շարք ճյուղերի վրա՝ սկսած տրանսպորտից, ավարտած արտադրությունով։

Նավթը տեսակավորվում է՝ ըստ խտության (ծանր, միջին և թեթև) և ծծմբի պարունակության («քաղցր»՝ ծծմբի ցածր պարունակությամբ, «թթու»՝ ծծմբի բարձր պարունակությամբ)։ Թեթև «քաղցր» նավթն ամենաբարձր տեսակն է։ Այն մշակելն ավելի հեշտ է և ավելի էժան է, այդ պատճառով էլ այն շատ պահանջված է։

«Brent»-ն ու «WTI»-ը թեթև, «քաղցր» նաթի համաշխարհային էտալոնային ապրանքանիշներն են։ «Brent»-ն արդյունահանվում է Մեծ Բրիտանիայի և Նորվեգիայի միջև Հյուսիսային ծովից, «WTI»-ը (West Texas Intermediate)՝  ԱՄՆ նավթահանքերից։

Ո՞ր երկրներն են ամենաշատը կախված ռուսական նավթից

2019 թ-ին՝ աշխարհում անմշակ նավթի առաջատար արտահանողներն էին Սաուդյան Արաբիան ($145 մլրդ), Ռուսաստանը ($123 մլրդ), Իրաքը ($73.8 մլրդ), Կանադան ($67.8 մլրդ) և ԱՄՆ-ն ($61.9 մլրդ)։

Չինաստանը գնել է արտահանված ռուսական նավթի մեկ քառորդ մասը (27%), որն արժեցել է $34 մլրդ։ Սակայն, հաշվի առնելով Չինաստանի հսկայական էներգետիկ կարիքները, դա կազմել է նրա ներկրած նավթի ընդհանուր ծավալի ընդամենը 16%-ը։

Նվազագույնը 48 երկիր է 2019 թ-ին ներկրել ռուսական նավթը։ Ռուսական նավթից ամենամեծ կախվածություն ունեցող երկրներից են Բելառուսը, Կուբան, Կյուրասաոն, Ղազախստանը, Լատվիան։ Նրանցից յուրաքանչյուրն անմշակ նավթի 99%-ը ներկրում է Ռուսաստանից։

 

Ի՞նչ է նշանակում ռուսական նավթի արգելքը

Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո մի շարք պետություններ պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Դրան հետևած էներգետիկ պատերազմը բերեց նրան, որ նավթի գներն աննախադեպ թռիչք ապրեցին, նման բան չէր եղել 2008 թ-ի ճգնաժամից ի վեր։

ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան մարտի 8-ին հայտարարեցին ռուսական նավթի ներկրման արգելքի մասին։ 2021 թ-ին ԱՄՆ-ն Ռուսաստանից ներկրել է օրական միջինում 209 000 բարել անմշակ նավթ և 500 000 բարել այլ նավթաթերք։

Դա կազմում է ԱՄՆ անմշակ նավթի ներկրման 3%-ը և ամերիկյան նավթամշակման գործարանների մշակած անմշակ նավթի ընդհանուր ծավալի 1%-ը։ Ռուսաստանի համար դա կազմել է արտահանման ընդհանուր ծավալի 3%-ը։ Վերլուծաբանների կարծիքով՝ ԱՄՆ-ն կարող է իրեն թույլ տալ արգելել ռուսական նավթը։

Այս շաբաթվա սկզբին Brent ապրանքանիշի նավթի մեկ բարելի գինը հասել է ավելի քան 140 դոլարի, այնուհետև՝ նվազել մինչև 120 դոլար։

Ռուսական էներգետիկ հատվածի դեմ կոշտ պատժամիջոցների սահմանումից հետո դրանց հետևանքները զգացվելու են ողջ աշխարհում, քանի որ էներգակիրների գներն աճելու են արդեն բարձր արժեզրկման ֆոնին։

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել