Ռուսական Meduza պարբերականն իր հոդվածում գրում է ռուսական զորքերի առաջխաղացման խնդիրների, ուկրաինական և ռուսական կողմերի կորուստների և ձախողումների մասին։ Մարտի 9-ին հրապարակված հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ընթերցողին։
Վերջին օրերին (պատերազմի 10-14-րդ օրերին) ռուսական զորքերի առաջխաղացումը դեպի Ուկրաինայի տարածքի խորքն ակնհայտորեն դանդաղել է։ Ռուսական մարտական խմբերի շարասյուներն արշավանքային (ոչ մարտական) զորաշարվածքով օրական արդեն չեն անցնում տասնյակ կիլոմետրեր։ Ընդ որում՝ բանակը շարունակում է կորուստներ կրել ինչպես առաջնագծի խմբերի վրա ուկրաինական հակագրոհների, այնպես էլ թիկունքի վրա հարձակումների և դարանակալման արդյունքում։ Այս բոլոր հաջողություններն ուկրաինացիներն՝ ինչպես լրագրողներն, այնպես էլ բջջային հեռախոսով սովորական խաղաղ բնակիչներն, արձանագրում են և տեղադրում համացանում։
Սակայն սա չի նշանակում, որ առաջխաղացումն ընդհանրապես դադարել է։ Այդ նույն ուկրաինական տեսանյութերն ու լուսանկարները գեոլոկացիայի ուսումնասիրությունից հետո ցույց են տալիս, որ ռուսական զորքերը զգալիորեն առաջանում են դեպի իրենց ենթադրյալ նպատակակետեր։ Դա տեղի է ունենում առանցքային կետերում մի քանի ճակատով, որոնք գոյացել են ներխուժման մեկնարկից հետո․
Որտեղի՞ց գիտենք այս ամենը
Բոլոր ժամանակակից պատերազմներն ընթանում են կամավորների «հսկողության» տակ, որոնք հավաքում և զտում են (այդ թվում՝ ֆեյքերն ու կրկնահաշվարկը) փաստագրական տվյալները՝ տեսանյութերը և լուսանկարները։ Ընդ որում՝ ցուցակները բացարձակ թափանցիկ են․ յուրաքանչյուր կորստի մասին վկայությունը կարող է ստուգել ցանկացած ոք։ Այդ ցուցակներից մեկը (բոլոր վերջին պատերազմներում՝ Սիրիայում, Իրաքում, Լիբիայում, Ղարաբաղում, Դոնբասում, հաշվարկներ անող հեղինակների կողմից) կարելի է տեսնել այստեղ։
Վերջին օրերի իրադարձություններն՝ MEDUZA-ի ինտերակտիվ քարտեզի վրա
Արդյունքում՝ բաց աղբյուրները բավականին հակասական պատկեր են ստեղծում։ Մի կողմից՝ դատելով տեսա- և ֆոտովկայություններից, ռուսական բանակն անընդհատ անհաջողություններ է կրում և խոշոր կորուստներ ունենում, նախևառաջ՝ տեխնիկայի մասով։ Մյուս կողմից՝ կորուստներն ու անհաջողությունները տեղի են ունենում ուկրաինական տարածքի ավելի խորքերում և պատերազմի այս փուլի հնարավոր առանցքային նպատակակետերին ավելի մոտ։
Սակայն սա թվացյալ հակասություն է։ Հարկ է հիշել, որ պատերազմի ժամանակ բաց աղբյուրներն, անգամ տեսախցիկներով բջջային հեռախոսների և սոցցանցերի համընդհանուր տարածման պայմաններում, լիարժեք չեն։ Բացի այդ, կռվող կողմերը սկզբունքորեն տարբեր քաղաքական նպատակներ, մարտավարություն և ռազմավարություն ունեն, որից էլ բխում են մոտեցումներն ինչպես իրադարձությունների տեղեկատվական լուսաբանմանն, այնպես էլ զուտ ռազմական հարցերին։
Ահա, թե ինչն է կարևոր հասկանալ
Որպես կանոն, մարտական գործողություններց հետո կողմերից մեկը վերահսկում է մարտի դաշտը (կամ հասանելիություն ունի), իսկ մյուսը՝ ոչ, և առաջինը, հավանաբար, շահագրգռված է՝ աշխահին ցույց տալու հակառակորդի կորուստներն, այլ ոչ թե սեփականը։ Ուկրաինայի դեպքում օպերատորների համար, որոնք լուսանկարներ ու տեսանյութեր են անում, հասանելի է երկրի գրեթե ողջ տարածքն՝ անկախ ճակատում տիրող իրադրությունից․ նրանց մեծ մասը քաղաքացիական անձինք են։
Կողմերից մեկը կարող է փաստագրական վկայություններ հավաքել կորուստների մասին ավելի մեծ պատրաստակամությամբ, քան մյուսը։ Ուկրաինական պատերազմի դեպքում դա ակնհայտորեն այդպես է․ ռուս զինծառայողներին արգելված է ինքնուրույն նկարահանումներ անել սոցցանցերի համար։ Բացառություն են Չեչնիայից Ռոսգվարդիայի գնդի մարտիկները, որոնք ակտիվորեն լուսաբանում են իրենց մարտական գործունեությունը։ Ուկրաինական կորուստների մասին վկայություններ են տրամադրում նաև իշխանամետ ռուսաստանցի լրագրողները, սակայն նրանց թույլատրված է մտնել ռազմական գործողությունների շատ քիչ շրջաններ։ Տեխնիկայի և սպառազինության մասով ուկրաինական կորուստները փաստագրված են հենց այդ շրջաններում՝ Դոնբասում՝ Կիևից դեպի հյուսիս (որտեղ տեղակայված է չեչենական գունդը), իսկ վերջին օրերին՝ Խերսոնի շրջանում։ Մինչ այդ, ուկրաինական կորուստների փոքր մասն արձանագրվել է հենց ուկրաինացի քաղաքացիական օպերատորների կողմից, որոնք շփոթում էին խոցված ուկրաինական տեխնիկան ռուսականի հետ։
Ուկրաինայի ղեկավարությունը ռուսական կորուստների լուսաբանման արշավ է վարում և ակնհայտորեն դա համարում պայքարի գլխավոր գործիքներից մեկը, որն ուղղված է Ռուսաստանի քաղաքացիներին։ Եթե նրանք «զգայուն» լինեն կորուստների նկատմամբ, դա կարող է քաղաքական ճնշում գործադրել Կրեմլի վրա։
Կրեմլն, իր հերթին, ուզում է Ռուսաստանի քաղաքացիներին զրկել ցանկացած ոչ պաշտոնական տեղեկություններից, այդ պատճառով էլ պարզապես փակում է դրանց տարածման խողովակները երկրում։
Բաց աղբյուրներից մենք շատ բան գիտենք ռուսական բանակի խնդիրների, կորուստների և անհաջողությունների մասին, բայց շատ քիչ բան այն մասին, թե ինչ է կատարվում Ուկրաինայի բանակի հետ, որը կորցրել է մի քանի շրջան և ամբողջական շրջաններ հարավում և Դոնբասում։ Արևմտյան լրատվամիջոցներում կցկտուր տեղեկությունները ստեղծում են ծանր կորուստների և անհաջողությունների պատկեր նաև ուկրաինական կողմում։
Այսպես, The New York Times-ում մարտի 6-ին հրապարակված հոդվածը, որը հիմնված է ուկրաինացի սպաների հետ հարցազրույցների վրա, պատմում է Ուկրաինայի ԶՈւ 59-րդ բրիգադի՝ շրջափակման մեջ մարտերի և ծանր պարտության մասին երկրի հարավում պատերազմի առաջին օրերին։ Բրիգադը, հաղորդում են դրա հրամանատարները, գրոհել են ռուսական ուժերը, որոնք թվաքանակով գերազանցել են այն հինգ անգամ, այն անընդմեջ ենթարկվել է թշնամու ավիացիայի հարվածներին (նա հակադրելու ոչինչ չի ունեցել, քանի որ բրիգադի ՀՕՊ միջոցների զգալի մասը պատերազմի նախօրեին տեղափոխվել է՝ Կիևի պաշտպանության համար), շրջափակման մեջ ընկել Դնեպրի ձախ ափին, ծանր կորուստներ կրել տանկերի և հրետանու տեսքով, սակայն դրա ողջ մնացած մասը կարողացել է, գետն անցնելով, հասնել Խերսոն։ Այնուհետև ստիպված է եղել լքել այն նոր շրջափակման սպառնալիքի տակ, որը կարող էր ոչնչացնել բրիգադից մնացած մասերը։ Այժմ բրիգադի մնացած զինվորները ժամանած մյուս ստորաբաժանումների հետ փորձում են զսպել ռուսական առաջխաղացումը Խերսոնում։
Հարավային ճակատի հատվածում՝ Մելիտոպոլում և Բերդյանսկում, մարտերի մանրամասները դեռ չեն հաղորդվում, սակայն այնտեղ ռուսական իշխանամետ լրագրողներին թույլ են տվել նկարահանել ուկրաինական առանձին թնդանոթային հրետանային դիվիզիոնի գրավված բազան՝ լքված տեխնիկայով և պահուստներով։
Ակնհայտ է, որ երկու կողմերն էլ մեծ կորուստներ են կրում։ Ուկրաինական կորուստներն ավելանում են, երբ կանոնավոր բանակի ստորաբաժանումները շրջափակման մեջ են հայտնվում։ Հենց հակառակորդի ստորաբաժանումների և ամբողջական միավորումների շրջափակումն է (կամ շրջափակման սպառնալիքի ստեղծումը), կարծես, դարձել ռուսական զորքերի գործողությունների հիմնական նպատակը պատերազմի այս փուլում։ Դրա իմաստն, ըստ ամենայնի, այն է, որ ոչնչացվի Դոնբասում, Դնեպրի ձախ ափին և Կիևում ուրաինական բանակի զգալի մասը՝ որպես կազմակերպված ուժ։ Վերջին օրերին ռուսական բանակը, շրջափակելով Մարիուպոլն ու Չեռնիգովն, ակնհայտորեն պատրաստվել է շարունակել շրջափակման գործողությունները նաև մյուս հատվածներում։
Այս ամենն, իհարկե, չի նշանակում, որ պատերազմը Ռուսաստանի Գլխավոր շտաբի պլանով է ընթանում։ Այդ պլանում ներառված նպատակներն ու գործողությունների տեմպը մեզ հայտնի չեն, բայց այն մասին, որ ամեն ինչ այնպես չի գնում, ինչպես մտածված էր, մենք կարող ենք դատել՝ ըստ ռազմական գործողությունների վարման մեթոդների փոփոխման (և, իհարկե, բաց աղբյուրներից հայտնի դարձած խնդրների և կորուստների)․
Ուկրաինական բանակն, իր հերթին, պաշտպանությունը կազմակերպում է՝ հիմնվելով խոշոր բնակավայրերի վրա՝ մոտավորապես նույն վայրերում, որտեղ տեղակայված էին նրա ստորաբաժանումները պատերազմից առաջ։ Ռուսական առաջխաղացման ճանապարհին հայտնված քաղաքների մերձակայքում հրետանի և հակատանկային հրթիռներ են կիրառվում։ Զորքերը կանոնավոր հակագրոհներ են իրականացնում տանկերով շարժուն խմբերով (այդպես էր Խարկովի, Չեռնիգովի, Նիկոլաևի դեպքում)։ Այս ամենը ռուսական զորքերին ստիպում է առաջանալու և մատակարարման նոր երթուղիներ փնտրել, ուժերը ծախսել քաղաքների շրջափակման, իսկ հեռանկարում՝ դրանց գրոհի վրա։ Սա դանդաղեցնում է (տեղ-տեղ էլ նույնիսկ կասեցնում) ռուսական առաջխաղացումը։ Սակայն ուկրաինական բանակի համար ընդհանուր ռազմավարական և օպերատիվ իրավիճակը շարունակում է վատթարանալ։
Միաժամանակ, ինչը քչերն էին ներխուժումից երկու շաբաթ անց սպասում, շարունակվում է պայքարն՝ օդում առավելության հասնելու համար։ Ռուսական բանակն այստեղ (ինչպես և պատերազմից առաջ) առավելություն ունի, սակայն ուկրաինական ավիացիան և ՀՕՊ-ը, ի հակառակ Պուտինի հայտարարությունների, նախկինի պես գոյություն ունեն և կարող են սահմանափակ գործողություններ իրականացնել։ Ուկրաինական ՀՕՊ-ի մարտունակության պահպանումը(առնվազն օջախային), դեռևս հանգեցնում է նրան, որ ռուսական ավիացիայի կիրառման ինտենսիվության աճը կտրուկ մեծացնում է նրա կորուստները։
Օդում լիակատար առավելության հասնելու անընդունակությունը, ռեսուրսների ճնշող առավելության պայմաններում, կապված է, թերևս, հետախուզության կազմակերպման խնդիրների հետ։ Եվ սա այն դեպքում, երբ ուկրաինական ՀՕՊ-ն ու ավիացիան ոչ պակաս կազմակերպչական խնդիրներ ունեն (որոնց հետևանքը, հավանաբար, կորուստներն են սեփական ուժերին հարվածելուց)։
Նորա Վանյան
comment.count (1)
I truly appreciate your efforts and I will be waiting for your further write ups thank you. <a href="https://maya999.com/">เว็บตรงสล็อต</a>