Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը ամփոփեց շարժման ընթացքը։ Սաղաթելյանն ասաց՝ պլանավորած քայլերն իրականացրել են ամբողջությամբ․ «Սակայն այս իշխանության բացառիկ լպիրշությունը, ցինիկությունը, աշխարհքաղաքական իրավիճակը իրենց ազդեցությունն են թողել մեր ծրագրի վերջնարդյունքի վրա, ուստի մենք կանգնած ենք մարտավարության փոփոխության անհրաժեշտության դիմաց։ Մեզ հարկավոր է ստեղծել նոր իրավիճակին համապատասխան մարտավարություն, որը թույլ կտա ավելի ընդլայնել շարժումը և հասնել մեր վերջնական նպատակին»։
Սաղաթելյանը հայտարարեց՝ որոշել են վերափոխման ենթարկել «Դիմադրություն» շարժման կառուցվածքը և մարտավարությունը՝ միաժամանակ կապիտալիզացնելով արձանագրված բոլոր ձեռբերումները։ «Ինստիտուցիոնալ բնույթ հաղորդել շարժմանը, քաղաքական կազմակերպական, քարոզչական աշխատանքները առավել արդյունավետ դարձնելու համար։ Շարժմանը պետք է ցանցային բնույթ հաղորդել՝ կյանքի կոչելով տարածքային և ճյուղային կառուցվածքային միավորներ»։
Նա նշեց՝ վրանային ավանը ամբողջությամբ կատարել է իր առաքելությունը։ «Հաշվի առնելով մեր առաջիկա մարտավարությունը՝ վաղվանից հավաքենք վրանները։ Մեր պայքարի հետագա արդյունավետությունը այս պահից սկսած վրաններով պայմանավորված չէ»։
Վրանները հանելուն որոշ ցուցարարներ բացասաբար արձագանքեցին։
Այնուհետև Սաղաթելյանը կետերով ներկայացրեց շարժման առաջիկա անելիքներն ու գործնական քայլերը․
Նա պարզաբանեց՝ փողոցային պայքարը շարունակվում է՝ իր ինտենսվիությամբ որոշակի փոփոխությունների ենթարկվելով․ «Դրան զուգահեռ գիշեր ցերեկ քայլեր ենք ձեռնարկում շարժումը ամբողջ Հայաստանում, Սփյուռքում, Արցախում ընդլայնելու ուղղությամբ»։
Նա հավելեց՝ կարող են տեղի ունենալ վճռորոշ զարգացումներ և շարժումը պետք է օպերատիվ արձագանքի հակազդեցություն ցուցաբերի և անմիջապես վերադառնա 24 ժամվա ռեժիմի։
Նշենք, որ այսօրվա հանրահավաքին ներկա էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
comment.count (0)