Խաղաղության պայմանագրով Հայաստանը որևէ բան ձեռք չի բերում, դրանով Բաքուն նոր հարձակման է նախապատրաստվում. Իշխան Սաղաթելյան
 |tert.am|
20:48 - 05 հունվարի, 2024

Խաղաղության պայմանագրով Հայաստանը որևէ բան ձեռք չի բերում, դրանով Բաքուն նոր հարձակման է նախապատրաստվում. Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող «խաղաղության պայմանագիր» փաստաթուղթը Բաքվի սպառնալիքի տակ է պատրաստված։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նրա համոզմամբ՝ այդ փաստաթուղթը չպետք է անվանել «խաղաղության», քանի որ խաղաղության հետ այն որևէ առնչություն չունի։

«Դա Ադրբեջանի պայմաններով, Ադրբեջանի ուժի սպառնալիքի տակ ինչ-որ փաստաթղթի նախագիծ է։ Դրանից Հայաստանը որևէ բան ձեռք չի բերում, մեզ համար դրական կետ չկա։ Ընդամենն Ադրբեջանը մինչ այս ագրեսիայի հետևանքով ձեռք բերածն ամրագրում է և, ըստ էության, պատրաստում է նոր հարձակումներ Հայաստանի նկատմամբ։ Մենք ծանոթ ենք այդ փաստաթղթին, այն Հայաստանի համար նոր կապիտուլյացիայի փաստաթուղթ է»,- պնդեց  Սաղաթելյանը։

Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ պայմանագիրը ստորագրելու պահին Ադրբեջանական ԶՈւ–ն շարունակելու է մնալ ՀՀ տարածքում, սահմանազատում և սահմանագծում տեղի չի ունենալու, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը կմնա Բաքվի բանտում։

«Սրանք պարզապես ի վիճակի չեն և չեն էլ ուզում, թուրք-ադրբեջանական տանդեմի խամաճիկ կառավարություն են և վաղուց հեռացել են Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու մտքից։ Սրանք քաղաքական մի գիծ ունեն՝ տանք՝ ինչը հնարավոր է՝ փոխարենը ոչինչ չստանալով»,-նշեց նա՝ շեշտելով, որ խաղաղության պայմանագրում որևէ բառ չկա՝ Հայաստանի՝ 29, 800 քառակուսի կիլոմետր տարածի մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել