ՀՅԴ

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը (ՀՅԴ) հայ ազգային սոցիալիստական կուսակցություն է: Հիմնադրվել է 1890 թվականին Թիֆլիսում Քրիստափոր Միքայելյանի, Սիմոն Զավարյանի եւ Ստեփան Զորյանի կողմից։ Կուսակցությունը գործում է Հայաստանում, Արցախում եւ սփյուռքի ավելի քան 40 երկրներում։ 

2021-ին Ռոբերտ Քոչարյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ ձևավորել է «Հայաստան» դաշինքը՝ 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Դաշինքը հաղթահարել է անցողիկ շեմը և 8-րդ գումարման ԱԺ-ում կունենա 29 պատգամավոր։ 

Խուզարկություններ են իրականացվում «Սրբազան պայքար» շարժման, ՀՅԴ և «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամների տներում

Խուզարկություններ են իրականացվում «Սրբազան պայքար» շարժման, ՀՅԴ և «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամների տներում

Այս պահին իրավապահները խուզարկություններ են իրականացնում «Սրբազան շարժում» նախաձեռնության անդամների, ինչպես նաև շարժումը ղեկավարող Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի տներում: Նախաձեռնությունից հայտնում են, որ խուզարկություններ են իրականացվում 20 անդամների տներում: ՀՅԴ գերագույն մարմինը հայտարարել է, որ խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտնել է նաև, որ «ԱԱԾ դիմակավորված անձինք ապօրինի խուզարկություն են իրականացնում նաև«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տանը»: Իր անդամների տներում խուզարկությունների մասին հայտնում է նաև «Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը. «Հայաստանի գործող վարչախումբը հերթական անգամ ապօրինի գործողությունների է դիմել «Հայոց համազգային միասնություն» կուսակցության նկատմամբ։ Հենց այս պահին առանց որևէ իրավական հիմնավորման խուզարկություններ են իրականացվում ՀՀՄ կուսակցության անդամների տներում։ Տեղի ունեցածը գործող վարչախմբի կողմից «Հայոց համազգային միասնություն» կուսակցությանը «վախեցնելու» հերթական ապարդյուն փորձն է»: Նշենք, որ գործողություններում ներգրավված են նաև ԱԱԾ աշխատակիցներ: ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, թե ««Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ», և այս դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական և այլ վարութային գործողություններ։ Նշենք, որ նախօրեին մերձիշխանական լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր տպած փաստաթղթի լուսանկարներ, որտեղ հակաիշխանական գործողությունների պլան էր նկարագրված։ Կառավարող ուժի անդամները այդ փաստաթուղթը վերագրում են ընդդիմությանը՝ այն համարելով «հեղաշրջման պլան»։ Նշված փաստաթղթում, ի թիվս այլնի, նկարագրված է որոշակի գործողությունների հաջորդականություն ինչպես սոցիալական տիրույթում, այնպես էլ փողոցում, խոսվում է խոշոր գործարարների ներգրավման անհրաժեշտության, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «կողմերի» հաշտեցման ու Գարեգին Բ-ին այդ գործողություններին միանալու հարցում համոզելու մասին։ Լուսանկարը՝ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի տան դիմաց News.am-ի ուղիղ եթերից
11:10 - 25 հունիսի, 2025
ՀՅԴ-ն հայտնում է, որ ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մարզային կառույցների պատասխանատուների նկատմամբ

ՀՅԴ-ն հայտնում է, որ ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մարզային կառույցների պատասխանատուների նկատմամբ

Քիչ առաջ ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մարզային կառույցների պատասխանատու ընկերների նկատմամբ։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը տարածել է Իշխան Սաղաթելյանը։  «ՀՅԴ անդամների նկատմամբ քաղաքական հետապնդումների այս նոր փուլը մեկնարկել է Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցին զուգահեռ։ Անկախ զարգացումներից և բռնաճնշումների ծավալներից փաստում ենք. որևէ բռնաճնշում չի կարող մեզ լռեցնել, այսպիսի գործելաոճն, ի վերջո, ծնելու է համարժեք հակազդեցություն»,- ասված է հայտարարության մեջ։  Նշենք, որ ձերբակալությունների, խուզարկությունների մասին հայտարարել էին նաեւ Սրբազան շարժումն ու «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն»-ը։ ՆԳՆ-ն իր հերթին հայտարարել է, որ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ։
18:03 - 20 հունիսի, 2025
ՀՅԴ-ն Եկեղեցու կողքին է․ կառույցը իր անվերապահ աջակցությունն է հայտնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն

ՀՅԴ-ն Եկեղեցու կողքին է․ կառույցը իր անվերապահ աջակցությունն է հայտնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն

ՀՅԴ Բյուրոն իր անվերապահ աջակցությունն է հայտնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ հայտարարելով, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին է՝ հանուն հայ ժողովրդի հավաքական իղձերի և Հայոց պետականության զորացման։ ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․  «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր, երբ հավաքական հայ ժողովուրդն անվտանգային լրջագույն մարտահրավերներ է դիմագրավում, երբ հաղթահարված չեն Հայաստանին և հայ ժողովրդին ուղղված գոյութենական սպառնալիքները, երբ ազգային համախմբումն ու միասնականությունը կենսական անհրաժեշտություն են, իշխող վարչախումբը բացահայտ արշավ է սկսել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա Ազգընտիր Հայրապետի և Եպիսկոպոսաց դասի նկատմամբ։ Մեր ինքնության կարևորագույն հիմքերից մեկի նկատմամբ վարչախմբի արգահատելի նպատակադրումներն ու հռետորաբանությունն ակնհայտորեն ապազգային են և հակասահմանադրական։ Աներկբա է, որ զազրելի ցեխարձակումները համընկան արտաքին հարթակներում ազգային շահերի և արցախահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ ՀԱԵ նախաձեռնությունների հետ։ Ակնհայտ է նաեւ, որ իշխանությունների ոտնձգություններն հունավորվեցին թշնամի երկրի «կրոնապետի» անբարո և ստահոդ հայտարարություններին, ինչպես նաև որոշ շրջանակների կողմից Հայաստանում կրոնական ազատությունների թեման շահարկելու, Հայոց ազգային եկեղեցու սահմանդրորեն ամրագրված պատմական առաքելությունն ու կարգավիճակը խաթարող նպատակադրումներին զուգահեռ։ Հայ ժողովրդի կյանքում Հայ եկեղեցու պատմական բացառիկ դերակատարությունը չարժևորելն ու վերջինիս թիրախավորելը ոչ միայն թշնամական շահեր է սպասարկում, այլև խորացնում է երկրում տիրող արժեքային ճգնաժամը, թուլացնում մեր հավաքական դիմադրողականությունը, նսեմացնում հավատավոր հայ ժողովրդի նվիրական զգացումներն ու արժանապատվությունը։ ՀՅԴ Բյուրոն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, խստորեն դատապարտում է իշխող վարչախմբի՝ Հայ Եկեղեցու նկատմամբ քայքայիչ, հակապետական գործողությունները և հայտարարում է, որ համահայկական կառույցի ողջ կարողականությամբ և միակամությամբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին է՝ հանուն հայ ժողովրդի հավաքական իղձերի և Հայոց պետականության զորացման»,- ասված է հայտարարության մեջ։  Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ է ֆեյսբուքյան գրառումներով թիրախավորում է Հայ առաքելական եկեղեցու սպասավորներին, մասնավորապես՝ անդրադառնալով կուսակրոնության ուխտին։ Վերջին մի քանի օրերի գրառումները վերաբերում են Ամենայան Հայոց Կաթողիկոսին և նրա զավակն ունենալուն՝ պնդելով, որ կաթողիկոսը պետք է հեռանա Վեհարանից։ Մայիսի 10-ին էլ Նիկոլ Փաշինյանը առաջարկեց ստեղծել Համակարգող խումբ՝ Վեհարանն ազատելու և կաթողիկոսական նոր ընտրությունների օրակարգի կազմակերպչական հարցերի համար։  Գերագույն հոգևոր խորհուրդը այս ընթացքում վարչապետի հայտարարություններին անդրադարձել է մեկ անգամ՝ կոչ ուղղելով իրավասու պետական մարմիններին՝ կասեցնել վարչապետի անօրինական և անհեռատես քաղաքականությունը․ «Հարկ չկա Եկեղեցին ներքաշելու արհեստական օրակարգերի մեջ և մղելու հակադարձման գործողությունների։ Եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն և դուրս են պետական և քաղաքական գործիչների իրավասությունից։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեկ ամբողջություն է իր հավատացյալ զավակներով և զինվորագրյալ հոգևորականներով՝ ի գլուխ ունենալով ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետին»,- նշված է հաղորդագրության մեջ։ 
16:41 - 10 հունիսի, 2025
Շվեյցարացի խորհրդարանականները մեկնարկում են նոր հարթակ՝ ի պաշտպանություն արցախահայության վերադարձի իրավունքի

Շվեյցարացի խորհրդարանականները մեկնարկում են նոր հարթակ՝ ի պաշտպանություն արցախահայության վերադարձի իրավունքի

Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում 2025 թվականի մայիսի 26-ին իր աշխատանքներն է մեկնարկելու «Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությանն» աջակցող 19 պատգամավորներից կազմված միջկուսակցական հանձնախումբն՝ օժանդակելու արցախահայության վերադարձի իրավունքի իրացման համար միջազգային անհրաժեշտ մեխանիզմներ կենսագործելու մասին՝ Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատի մարտի 18-ի որոշմանը, ինչը երկրի գործադիր իշխանության համար ունի իրավակիրառ պարտադիր նշանակություն: Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից, մանրամասնելով, որ նախաձեռնության նպատակն է աջակցել Շվեյցարիայի հանձնառությանը՝ «հնարավորություն տալու Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների միջև բաց երկխոսության՝ միջազգային վերահսկողության ներքո կամ միջազգային նշանակալի դերակատարների ներկայությամբ՝ բանակցելու պատմականորեն բնակված հայ բնակչության անվտանգ և համատեղ վերադարձի շուրջ»: Միջկուսակցական լայն աջակցություն ունեցող հանձնախումբը գլխավորում են Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավորներ Էրիխ Ֆոնտոբելը և Ստեֆան Մյուլլեր-Ալտերմատտը: Միջոցառման ընթացքում ելույթներ կունենան հանձնախմբի համանախագահները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի նախագահ Վարդան Օսկանյանը, Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանը, Շվեյցարիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը և Միջազգային քրիստոնեական համերաշխության կազմակերպության հանրային հարցերով տնօրեն դոկտոր Ջոել Վելդկամպը: Հանձնախմբի պաշտոնական կայքը գործում է այս հասցեով:
16:40 - 20 մայիսի, 2025
ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայ ռազմագերիների հարցով դիմել է ԵԱՀԿ պատասխանատուներին

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայ ռազմագերիների հարցով դիմել է ԵԱՀԿ պատասխանատուներին

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը Բաքվում պահվող 23 հայ գերիների (ներառյալ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները) ազատ արձակմանն աջակցելու համար դիմել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) պատասխանատուներին՝ առաջարկելով, որ գործարկեն ԵԱՀԿ-ի տրամադրության տակ գտնվող գործիքակազմերը՝ ԵԱՀԿ շրջանակում Ադրբեջանի հանձնառությունների համատեքստում գնահատելու օրենսդրական և վարչական ընթացակարգերը, փաստերը արձանագրելու, ինչպես նաև համապատասխան առաջարկներ և խորհրդատվուություւններ կատարելու համար․ հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից։ «ԵԱՀԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին փոխանցված են նաև մի շարք տեղեկություններ Ադրբեջանում դատական համակարգի թերությունների, ինչպես նաև ի աջակցություն հայ գերիների՝ տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների դիրքորոշումների մասին։ Միաժամանակ, շարունակում է գործել ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի կողմից ստեղծված հարթակը՝ https://armeniancause.net/ հասցեով, որտեղ հնարավոր է ստորագրել առցանց խնդրագիր՝ ուղղված ԵԱՀԿ համապատասխան պաշտոնյաներին։ Յուրաքանչյուր օրը ճակատագրական է մեր գերիների բարօրրության ու կյանքի համար։ Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի և նախագհահ Իլհամ Ալիևի վրա, որպեսզի դադարեցվեն մարդու իրավունքների կոպիտ խախտումներն ու ազատ արձակվեն ապօրինի կերպով ձերբակալված բոլոր հայ գերիները։ Ստորագրությունների թիվը ներկայումս հասել է վեց հազարի, սակայն, անհրաժեշտ է մեծացնել այն։ Ուստի, ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը, նրանց, ովքեր դեռևս չեն միացել հիշյալ պահանջին, խնդրում է ստորագրել խնդրագիրը և օժանդակել Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների ազատ արձակման աշխատանքներին»,- ասված է հաղորդագրությունում։
14:56 - 29 ապրիլի, 2025
Սադրիչ և հրահրող գործելակերպ. Փաշինյանը դատապարտում է Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշների այրումը

Սադրիչ և հրահրող գործելակերպ. Փաշինյանը դատապարտում է Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշների այրումը

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, փոխանցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը ապրիլի 23-ին ՀՅԴ կազմակերպած ջահերով երթի ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրման առնչությամբ։  - Տիկին Բաղդասարյան, ինչպե՞ս է վերաբերվում վարչապետ Փաշինյանը այն փաստին, որ ՀՅԴ կազմակերպած ջահերով երթի մասնակիցները հերթական անգամ այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները։ - Վարչապետ Փաշինյանը դատապարտում է այդ գործելակերպը՝ այն համարելով անպատասխանատու եւ անընդունելի։ Միջազգայնորեն ճանաչված պետության, առավելեւս հարեւան պետությունների դրոշների այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ վերաբերմունքի արժանանալ։ Դա սադրիչ և հրահրող գործելակերպ է։ Միևնույն ժամանակ վարչապետ Փաշինյանը դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի բնակելի տան ուղղությամբ արձակված կրակոցները, Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի ռեժիմի խախտումները և Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում քննության առնել այդ դեպքերը և հանդես գալ պարզաբանումներով։
10:30 - 24 ապրիլի, 2025
ՀՅԴ ԳՄ-ն հայտարարում է «չի ընդունելու որևէ փաստաթուղթ, որը ստորագրվել է Հայաստանի պետական շահերի հաշվին»

ՀՅԴ ԳՄ-ն հայտարարում է «չի ընդունելու որևէ փաստաթուղթ, որը ստորագրվել է Հայաստանի պետական շահերի հաշվին»

ՀՅԴ գերագույն մարմինը այսօր հայտարարություն է տարածել նշելով, որ «խստորեն դատապարտում է գաղտնի բանակցությունների արդյունքում Հայաստանին և հայ ժողովրդին պարտադրվող նոր զիջումները և հայտարարում, որ չի ընդունելու որևէ փաստաթուղթ, որը ստորագրվել է Հայաստանի պետական շահերի հաշվին»:«Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որի գերագույն նպատակը սեփական Հայրենիքում հայ ժողովրդի անվտանգության և բարգավաճման ապահովումն է, չի կարող դեմ լինել տարածաշրջանում կայուն խաղաղությանը։ Սակայն ուժի սպառնալիքով Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններն ու հերթական նոր զիջումները որևէ առնչություն չունեն իրական և կայուն խաղաղության գործընթացի հետ։ Տևական և կայուն խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանի հետ համաձայնագիրը լինի հարաբերությունների կարգավորման ամբողջական փաստաթուղթ, հարգի հայկական կողմի օրինական շահերը և ընդգրկի լուծումներ՝ կարգավորման ենթակա հարցերի ողջ փաթեթով։ Մինչդեռ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններն ու համաձայնեցված փաստաթուղթը չի հստակեցնում Հայաստան-Ադրբեջան սահմանագիծը, չի ապահովում Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքներից, չի կանխում Ադրբեջանի հետագա ագրեսիան, անգամ չի անդրադառնում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված Արցախի և արցախահայության իրավունքներին, այդ թվում՝ սեփական հայրենիքում անվտանգ ապրելու խախտված իրավունքի վերականգնմանը, չի լուծում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը։ Բանակցված փաստաթուղթն, ըստ էության, նշանակում է ադրբեջանական պահանջների անվերապահ վավերացում։ Միաժամանակ, ՀՀ-ին շարունակաբար ներկայացվող նոր նախապայմանները, մասնավորապես՝ միջանցքի տրամադրման, սահմանադրության փոփոխության, ՀՀ-ում ադրբեջանցիների բնակեցման, «Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործություններ գործած անձանց» արտահանձնման, միջազգային դատական ատյաններից ՀՀ հայցերը հետ կանչելու, Հայաստանի ապառազմականացման, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ հնչող պահանջներն ուղղակիորեն խարխլում են Հայաստանի ինքնիշխանությունը։ Ակնհայտ է, որ նման փաստաթղթով Ադրբեջանն, ըստ էության, նպատակադրվում է փակել Արցախի հարցը, ձգտում է դե յուրե ամրագրել ցեղասպանությամբ, ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ իր ձեռքբերածը՝ միաժամանակ պահպանելով Հայաստանից այլ զիջումներ կորզելու հնարավորությունը։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը խստորեն դատապարտում է գաղտնի բանակցությունների արդյունքում Հայաստանին և հայ ժողովրդին պարտադրվող նոր զիջումները և հայտարարում, որ չի ընդունելու որևէ փաստաթուղթ, որը ստորագրվել է Հայաստանի պետական շահերի հաշվին։ ՀՅԴ-ն վճռական է ՀՀ ինքնիշխանության, անվտանգության ապահովման, ինչպես նաև թշնամական երկրի պահանջով ՀՀ-ում Սահմանադրության փոփոխությունը թույլ չտալու հարցում, - նշված է հայտարարությունում», - նշված է հայտարարությունում։
17:05 - 15 մարտի, 2025
Դաշնակցությունն աշխատում է Թրամփի վարչակազմի հետ՝ արցախցիների վերադարձի ու ռազմագերիների հարցով
 |azatutyun.am|

Դաշնակցությունն աշխատում է Թրամփի վարչակազմի հետ՝ արցախցիների վերադարձի ու ռազմագերիների հարցով |azatutyun.am|

azatutyun.am: «Արցախին միջանկյալ կարգավիճակ պետք է շնորհվի, և արցախցիները միջազգային երաշխքիներով պետք է վերադառնան իրենց հայրենիք», - այսօր Դաշնակցության Ընդհանուր ժողովին ընդառաջ հայտարարեց կուսակցության ղեկավար մարմնի՝ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը: Նա ընդգծեց, որ այժմ Դաշնակցության կառույցները լոբբիստական աշխատանքներ են իրականացնում այդ ուղղությամբ: «Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Միջին Արևելքում: Հիմա մանրամասնությունների մեջ մտնելն անիմաստ է, որովհետև սկզբնական շրջանի մեջ ենք տակավին, բայց ամենաբարձր մակարդակով են տեղի ունենում այդ խորհրդակցությունները, օրինակ՝ Ֆրանսիայի պարագայում՝ ուղղակի նախագահական պալատի հետ, Ամերիկայի պարագայում՝ նոր վարչակարգի հետ», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Տեր-Խաչատուրյանը: Ինչպե՞ս է սա հնարավոր, երբ Հայաստանի իշխանությունը արցախցիների վերադարձն անիրատեսական է համարում, հայաթափված Լեռնային Ղարաբաղն էլ Ադրբեջանի ամբողջական վերահսկողության տակ է: «Հայաստանի իշխանությունը չի բարձրացնում այդ հարցը», - «Ազատության» այս դիտարկմանը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն արձագանքեց. - «Չէ, չի բարձրացնում այդ հարցը, և դա խոչընդոտում է: Անշուշտ, որ դժվարացնում է: Մենք միշտ առաջարկել ենք այդ, բայց դժբախտաբար՝ երբեմն խուլ և համր են ձևացնում այդ ուղղությամբ»: Նախընտրական շրջանում թեկնածու Դոնալդ Թրամփն անդրադարձել էր արցախահայերի էթնիկ զտմանը՝ օգտագործելով Արցախ բառը: Նա քննադատել էր իր մրցակցին՝ Քամալա Հարիսին, ասելով, որ վերջինս «ոչինչ չարեց, երբ 120 հազար հայ քրիստոնյաներ դաժանորեն հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից»: Թրամփը միաժամանակ խոստացել էր «պաշտպանել հալածված քրիստոնյաներին, դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, վերականգնել խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»: ՀՅ Դաշնակցությունը հենց նախընտրական շրջանում Թրամփին դիմել է նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցով: Բյուրոյի ներկայացուցչի համոզմամբ՝ նախընտրական շրջանում Թրամփն ավելի շատ խոստումներ տվեց, քան նրա դեմոկրատ մրցակից Քամալա Հարիսը: «Նաև գերիների հարցով իրեն հատուկ խնդրանք ենք ներկայացրել, որ ճնշում բանեցվի Ադրբեջանի վրա, որպեսզի ազատ արձակի ռազմաքաղաքական գերիներին: Դա ներկայացրել ենք ընտրություններից ճիշտ առաջ՝՝ երկու թեկնածուներին՝ իրեն և Քամալա Հարիսին: Երկուսն էլ խոստացել են, բայց Թրամփը մի քիչ ավելի էր խոստացել՝ ի զարմանս մեզ, որովհետև հայկական հարցերով այդքան էլ մտահոգված չէր իր առաջին շրջանում, բայց այս անգամ բավական լրջորեն հայկական այսպես կոչված դոսյեն ուսումնասիրել էր՝ իր շրջապատի հետ մեր տարած աշխատանքից հետո», - ասաց Տեր-Խաչատուրյանը: Հարցին էլ՝ ընտրություններից հետո որոշ ազդակներ ստացե՞լ են Թրամփի վարչակազմից, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը դրական պատասխանեց. - «Այո, ստացել ենք և ուրախ ենք Ձեզ ասել, որ երեք անձինք կան, որոնք ամենաբարձր պաշտոններում են՝ Մարկո Ռուբիո, Թալսի Գաբբարդ, ինչպես նաև Ռոբերտ Քենեդի, որոնք ոչ միայն ծանոթ են հայությանը, այլև մի մասն այցելել է Արցախ»: «Այդ իմաստով կան նախանշաններ, բայց շատ վաղ է, որ հարյուր օրվա մեջ նախագահը Հայաստանի առաջնահերթությունը բարձրացնի իր առաջին դասի մեջ, այդպես չէ: Բայց վստահ եղեք, որ շարունակվելու է աշխատանքը, և ամեն գնով այդ ճնշումները մենք բանեցնելու ենք», - ընդգծեց Տեր-Խաչատուրյանը: Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչը շեշտում է՝ համաշխարհային մակարդակով արցախցիների հավաքական վերադարձի հարցը բարձրացնելուն զուգահեռ պետք է ամեն ինչ անել, պայմաններ ստեղծել, որպեսզի արցախահայերը համախմբված ապրեն Հայաստանում և չարտագաղթեն:
16:58 - 26 փետրվարի, 2025
Գտնվում ենք անդունդի եզրին. եկեղեցին չի՛ կարող անտարբեր մնալ. Արամ Առաջինն ուղերձ է հղել ՀՅԴ ընդհանուր ժողովին
 |news.am|

Գտնվում ենք անդունդի եզրին. եկեղեցին չի՛ կարող անտարբեր մնալ. Արամ Առաջինն ուղերձ է հղել ՀՅԴ ընդհանուր ժողովին |news.am|

news.am: Նորին Սուրբ օծություն Տեր-Տեր Արամ առաջին կաթողիկոսը պատգամ է հղել ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովին, որը ժողովում ընթերցեց  ԱՄԷ Քուվեյթի եւ հարակից շրջանների թեմի հոգեւոր առաջնորդ և կաթողիկոսի ներկայացուցիչ գերաշնորհ տեր-Մեսրոպ արքեպիսկոպոս Սարգսյանը: «Սիրելի ներկաներ, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի մայրավանքից հայրապետական օրհնությամբ, քրիստոնեական ջերմ սիրով և ազգային վառ ապրումներով ողջունում ենք ձեզ։ Դարձյալ հավաքվել եք որպես ՀՅԴ աշխատած կառույցների ու միավորների ներկայացուցիչներ՝ համապարփակ կերպով վերաքննության ու վերարժևորումի ենթարկելու կուսակցության վերջին շրջանի գործունեությունը իր այլազան երեսներով և ապա ճշտելու առաջիկա շրջանի գործունեության ընդհանուր ուղեգիծը: ՀՅԴ-ն վերջին 134 տարիներին իր ծննդոցից մինչև ներկա ժամանակները Հայաստանից մինչև Արցախ և սփյուռքի տարածքին մեր ազգի հավաքական կյանքի բոլոր բնագավառներից ներս առանցքային ներկայություն է ունեցել ու ճշտորոշիչ դեր է ունեցել իր ողջ կյանքն ու գործունեությունը սերտորեն շաղախելով մեր գերագույն արժեքներին, իղձերին ու տեսնականների հետ։ ՀՅԴ-ն ինքն իրեն սովորական քաղաքական կուսակցություն չի ըմբռնած երբեք, այլ էապես ազգային առաքելություն, համազգային մասշտաբով ու ամբողջանվեր ծառայությամբ կենսագործվող: ՀՅԴ-ն կյանքի ամենից դաժան պայմանների մեջ, երբեք չի նահանջել իր գերագույն սկզբունքներից ու իդեալներից, նույնիսկ երբ հալածանքի է ենթարկվել Օսմանյան, թե սովետական կայսրությունների կողմից: Այսօր մեր պատմության ամենից ճակատագրական ժամանակներում այն կոչված է վերանելոք հանձնառությամբ մնալու հավատարիմ դաշնակցության ոգուն ու կամքին, հավատքին ու տեսլականին։ ՀՅԴ-ի ներկա 35-րդ ընդհանուր ժողովը կգումարվի մեր ազգի ու հայրենիքի պատմության ամենեն վճռաթոշում հանգրվանին։ Խորապես մտահոգիչ է Հայաստանին, Արցախին ու իր սփյուռքին պարզած ներկա վիճակը։ Աշխարհաքաղաքական ներկա պայմանները ի նպաստ չեն մեզ, ահավոր տագնապներով շրջապատված ենք, տագնապներ ներքին, թե արտաքին, որոնք կարող են ինքնորոշումի ու ինքնաքանդումի առաջնորդել Հայաստանն ու սփյուռքը: Փաստորեն գտնվում ենք անտունդի եզրին: Ժամանակի նշանները ճիշտ տեսնենք ու արժեվորենք և համապատասխան դիրքորոշումներ որդեգրենք՝ հեռու ամեն տեսակ անիրատես մոտեցումներից ու մակերեսային դատումներից: Մեծի տանը Կիլիկիո կաթողիկոսությունը և մենք անձնապես Հայաստանը, Արցախը և սփյուռքը հուզող խնդիրների նկատմամբ մեր տեսակետը հստակորեն և հետևողական կերպով պարզել ենք՝ միշտ ելնելով մեր հայրենիքին ու ազգին ընդհանրական ու գերագույն շահերից: Եկեղեցին չի կարող անտարբեր մնալ  կրավորական ու հետևողի դերի մեջ լինել, երբ մանավանդ մեր հոգևոր, բարոյական ու ազգային արժեքները են նահանջում, երբ ներքին ճեղքերը մեր ազգի միասնականությունն են խախտում, երբ ժամանակավոր ու խաբուսիկ խաղաղության դիմաց զիջումի քաղաքականությունը վտանգում է Հայաստանի հողային ամբողջականությունը, երբ մեր ազգի միության ու հավերժության, հավատքի ու իդեալների խորհրդանիշները խաթարվում են, եկեղեցու կողքին, մեր մտավորականությունը, մեր քաղաքական կուսակցական, մշակութային ու կրթական կառույցները, մեր ժողովուրդի զավակները իրավունք չունեն լուռ ու անտարբեր մնալու: Նրանք ասելիք ու անելիք ունեն: Մեզ շրջապատող ներկա տագնապների դիմաց, ինչպես հաճախ շեշտել ենք, ազգային ուժերու համախմբումը նկատում ենք հրամայական ու անհետաձգելի։ Հայրենիքի փրկությունը յուրաքանչյուր հայի ամբողջական հայության տագնապն է ու միաժամանակ հանձնարությունը: Այս խորը գիտակցությամբ ու պատասխանատվությամբ հարկ է գործել։ Մեր սպասումն է, որ կուսակցության ներկա ընդհանուր ժողովը սովորական ժողով չդառնա, այլ արաջատեսիլ ու նպատակասլած ոգով ՀՅԴ-ի համազգային առաքելության ու ծառայության մեջ նոր էջ բացող ռազմավարական ու մարտավարական նոր մոտեցումներ ճշտող մի անկյունադարձ՝ ի խնդիր Հայաստանի հողային ամբողջականության ամուր պահպանման, Արցախի ժողովրդի վերադարձի ու նրա ինքնիշխանության իրավունքի վերականգնման և մեր ազգի բռնաբարված իրավունքների հետապնդման: Արդարև սրբազան արժեքներ ու վեհ նպատակներ, որոնց ամուր պահպանման համար մեր ժողովրդի զավակները քրտինք  ու արյուն են թափել: Թող Աստված օրհնի ու պահպանի մեր հայրենիքը ու ազգը՝ հեռու պահելով ամեն տեսակ չարերից ու չարիքներից: Հայրական սիրով աղոթարար Արամ առաջին կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո»:
16:48 - 26 փետրվարի, 2025
ՀՀ վարչապետը իրականացնում է արդեն ոչ թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու, այլ ուրացման քաղաքականություն․ ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ

ՀՀ վարչապետը իրականացնում է արդեն ոչ թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու, այլ ուրացման քաղաքականություն․ ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Ցեղասպանության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։  «Օրեր առաջ շվեցարահայ համայնքի մի քանի անդամների հետ հանդիպման ընթացքում Հայաստանի կառավարության ղեկավարն իրեն թույլ է տվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ անընդունելի պնդումներ, որոնք իրենց էությամբ այլ բան չեն, քան թուրքական ժխտողականության այնպիսի անպիտան թեզեր, որոնք տասնամյակներ շարունակ մերժվել են ոչ միայն Հայաստանի և համայն հայության, այլև միջազգային առաջադեմ հանրության, տասնյակ պետությունների, ոլորտի առաջատար գիտնականների, մասնագիտական կազմակերպությունների, և նույնիսկ բազմաթիվ թուրք մտավորականների կողմից։ Հայոց ցեղասպանության էության նենգափոխումը, կատարված ոճրագործության մասշտաբների մեղմացումը, Հայոց ցեղասպանության խնդրի միջազգայնացման դեմ արշավը և տարատեսակ այլ շահարկումները նախ և առաջ անարգանք են անմեղ զոհերի հիշատակին։ Հայաստանի կառավարության ղեկավարի ցնորամիտ ելույթները անարգանք են նաև Հայոց ցեղասպանությունը տասնամյակներ շարունակ հետազոտող հայ և օտար գիտնականների, Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար պայքարած հարյուրավոր մարդասերների, այդ ոճրագործությունն ընդունած տասնյակ պետությունների համար։ Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետը իրականացնում է արդեն ոչ թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու, այլ Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականություն։ Եթե չլիներ մեր ժողովրդի, հասարակական-քաղաքական և ակադեմիական լայն շրջանակների ցասումն ու արհամարհանքը հիշյալ պնդումների նկատմամբ, գուցե անհրաժեշտ լիներ, իբրև հակազդում փաշինյանական տգիտության, անդրադառնալ 1939թ․ «ցեղասպանություն» տերմինի բացակայությանը, կամ ավելի ուշ, 1943-1944թթ․ Ռաֆայել Լեմկինի կողմից այդ տերմինի ստեղծմանը՝ ինչը Լեմկինի համար դարձել էր անհրաժեշտություն դեռ 1921 թվականից՝ էապես ազդված Սողոմոն Թեհլերյանի դատավարությունից և նկարագրելու հենց հայության դեմ կատարվածը։ Առավել, Լեմկինի իսկ վկայությամբ, հայկական մի շարք կազմակերպություններ և հայ անհատներ կարևոր ներդրում են ունեցել այդ ժամանակ նոր ձևավորված ՄԱԿ-ի կողմից Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 1948թ.-ին որդեգրման, և ապա՝ տարբեր պետությունների կողմից վավերացման գործում։ Եթե Փաշինյանի նկատմամբ լրջության որևէ նշույլ մնացած լիներ, գուցե անհրաժեշտություն լիներ ընդգծել Հայոց ցեղասպանության բացառիկ փաստագրվածությունը, անդրադառնալ նաև այն հսկայական գիտական, հանրային ու քաղաքական աշխատանքներին, որ մինչև երկրորդ աշխարհամարտի սկիզբն ու դրանից հետո կատարվել են հայկական ջարդերի ուսումնասիրության, խնդրի միջազգային հանրահռչակման ու կանխարգելման ուղղությամբ, սկսված 1890-ական թթ․ համիդյան ջարդերից, քանի որ արդեն 19-րդ դարավերջից ու 20-րդ դարասկզբից, նույնիսկ մինչև Հայոց ցեղասպանությունը, եվրոպական բազմաթիվ երկրներում հասարակական-քաղաքական լայն շրջանակներն ու տեղական մամուլը խոսում էին իր հայրենիքում հայության դեմ սկիզբ առած բնաջնջման քաղաքականության մասին։ Նաև հե՛նց այդ պայքարի արդյունքում էր, որ միջազգային հարաբերություններում հայությանն առնչվող հարցերը արծարծելու համար ՀՅ Դաշնակցությունը Ֆրանսիայում, Շվեյացարիայում, Միացյալ Թագավորությունում, ԱՄՆ-ում և այլուր ստեղծեց ու օժանդակեց մի շարք կազմակերպությունների աշխատանք, որոնք էլ հետագայում գաղափարաքաղաքական հիմք հանդիսացան Հայ դատի համակարգի ստեղծման համար։ Կիսագրագիտությամբ համեմված տգիտության հերթական դրսևորման ընթացքում, Փաշինյանը փորձում է կրկնել այն ինչ նախկինում ասել է, թե իբր մենք դրսից, «ինչ որ մեկի միջոցով ենք ընկալել» մեր պատմությունը։ Ավելին, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված միջազգային հարաբերությունների համակարգը խիստ տարբեր էր նախապատերազմյա ժամանակահատվածից և տրամաբանական է, որ հայ ժողովուրդը, օգտվելով ստեղծված իրավիճակից ավելի մեծ թափով սկսեց հետապնդել Հայոց ցեղասպանության միջազգայնացման խնդիրը՝ թե՛ հայրենիքում, թե՛սփյուռքում։ Եթե Հայաստանի առաջին Հանրապետության օրոք և առաջիկա տասնամյակներին, միջազգային իրավունքում ցեղասպանության հանցագործության որակման բացակայության պայմաններում հայության աշխատանքը կենտրոնացել էր Թուրքիայի կողմից գրավված և միջազգային պայմանագրերով Հայաստանին պատկանող տարածքների վերադարձի վրա, ապա հատկապես 1952թ.ից հետո, երբ արդեն ուժի մեջ էր մտել ՄԱԿ-ի կողմից Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան, երբ Թուրքիայի կողմից նոր թափ էր առել 1915-1923թթ. հայության նկատմամբ գործված մարդկության դեմ հանցագործությունները ժխտելու քաղաքականությունը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ևս դարձավ հայության օրակարգի հարց։    Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետը, ով իր իշխանության երկարաձգման գործում հիմնականում հենվում է տարբեր ուժային կենտրոնների վրա, վերջիններիս աջակցության կորստի մոտալուտ վտանգը զգալով, սկսել է դաշնակիցներ փնտրել թշնամական շրջանակներում և ներհայկական խոսույթ ներմուծել այնպիսի գաղափարներ, որոնք, ինչպես վերը նշվեցինք, տասնամյակներ շարունակ մերժված է քաղաքակիրթ աշխարհի կողմից։ Փաշինյանի անցած վեց և ավել տարիների վարքի տարբեր երեսներին կարելի է տալ իրավական և / կամ բժշկական տարբեր գնահատականներ, սակայն այս՝ հայության ու Հայաստանի դեմ թշնամական վարքագծով պետությունների նկատմամբ իր հավատարմությունը կարելի է բնորոշել նաև «ստոկհոլմյան համախտանիշով» (Երբ զոհն սկսում է համակրանք տածել ագրեսորի նկատմամբ, Stockholm syndrome)։ Այս հավանական բացատրությունը չի մեղմացնում Փաշինյանի հանցագործությունը հայոց պետականության ու պետության նկատմամբ, այլ հավելյալ անգամ ընդգծում է, որ վարչապետի աթոռին նստած՝ Փաշինյանը սխալ տեղում է։ Միջանկյալ նշենք, որ Հայաստանը տևական ժամանակահատված, սկսած 1990-ականների վերջից, բայց հատկապես ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում, միջազգային հարաբերություններում դիրքավորվել է որպես ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի առաջամարտիկ պետություն՝ էականորեն բարելավելով այդ հանցագործության վաղ ազդարարման ու կանխարգելման միջազգային իրավաքաղաքական մեխանիզմները։ Սակայն, Հայասատանի վարչապետի այս և նման հայտարարությունները նաև այդ աշխատանքին են հարվածում։ Հայաստանի իշխանությունների կողմից նման հայտարարությունների պայմաններում Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների միջազգային ցանցը պարբերաբար առերեսվում է հավելյալ խնդիրների, որոնց պայմաններում հայկական շահերի պաշտպանության ուղղությամբ աշխատանքներն էապես դժվարանում են։ Պետք է նկատել, որ նման հայտարարությունները Հայ դատի ցանցին խանգարում են ավելի շատ, քան ադրբեջանաթուրքական սադրանքները, վարձու լոբբիստներն ու ամենուր տարածվող հակաքարոզչությունը»,- նշված է հայտարարության մեջ։ 
17:09 - 27 հունվարի, 2025
Անպաշտպան խաղաղությունը թվացյալ անվտանգություն է՝ հանձնված թշնամու բարեհաճությանը․ ՀՅԴ բյուրո

Անպաշտպան խաղաղությունը թվացյալ անվտանգություն է՝ հանձնված թշնամու բարեհաճությանը․ ՀՅԴ բյուրո

Աշխարհաքաղաքական ներկա զարգացումների խորապատկերի վրա Հայաստանի շուրջ ձևավորվող անվտանգային սպառնալիքները օրեցօր դառնում են առավել անմիջական և խիստ վտանգավոր։ Այս մասին նշված է ՀՅԴ Բյուրոյի հայտարարության մեջ։  «Ադրբեջանի ղեկավարության հայատյաց, ռազմաշունչ և ծավալապաշտական հայտարարություններն ու քայլերը ավելի ու ավելի սանձարձակ բովանդակություն են ստանում և վերածվում վերջնագրերի: Ադրբեջանը, օգտվելով աշխարհաքաղաքական անկայունությունից և  ունենալով Թուրքիայի անվերապահ և ամբողջական աջակցությունը, բազմապատկելով իր ռազմական կարողությունները, փորձում է պարտադրել Հայաստանին գնալ կործանարար պահանջների բավարարմանը՝ լինի դա Հայաստանի գործող վարչախմբի համաձայնությամբ կամ նոր պատերազմ սանձազերծելու միջոցով: Հայաստանի իշխանություններն, իրենց հերթին ահաբեկելով սեփական ժողովրդին վերահաս պատերազմի հնարավորությամբ և այդ պատերազմում անխուսափելի պարտությամբ, լծվել են թուրք-ադրբեջանական տանդեմի անվերջանալի պահանջները հիմնավորելու և բավարարելու ազգակործան գործին: Ըստ այդմ, պատերազմից խուսափելու այս վարչախմբի առաջարկած իբրև թե լավագույն մարտավարության էությունը պարտվողականությունն ու զիջողականությունն է հանուն կարծեցյալ խաղաղության, որի «երաշխավորն» իրականում թուրք-ադրբեջանական տանդեմն է լինելու: Պատրանքներ պետք չէ ունենալ. անպաշտպան խաղաղությունը թվացյալ անվտանգություն է հանձնված թշնամու բարեհաճությանը: Խաղաղությունը անշրջելի և կայուն կարող է լինել միայն վիճելի հարցերի արդար կարգավորման և ռազմաքաղաքական հավասարակշռության պայմաններում: Հակառակ դեպքում դա կապիտուլյացիա է և նոր պատերազմի սաղմնավորում: Հայ ժողովրդի և  նրա ազգային ուժերի պատմական առաքելությունն է ազատվել կապիտուլյացիա, թե պատերազմ կործանարար երկընտրանքից և հաստատել իրական՝ անշրջելի և արդար խաղաղություն: Իսկ մեր անժամանցելի իրավունքներից և կենսական շահերից հրաժարումը բերելու է ոչ թե խաղաղություն, այլ հայկական ինքնության և հայոց պետականության կորուստ: Հետագա անդառնալի կորուստներից խուսափելու և  Հայաստանի դիմագրաված գոյութենական մարտահրավերները հաղթահարելու նպատակով անհրաժեշտ է բեկում մտցնել իրավիճակի մեջ, ձևավորելով նոր որակի իշխանություն և հաստատելով երկրի զարգացման ազգային պետական ուղեգիծ: Հրատապ անհրաժեշտություն է արմատապես փոխել կառավարության քաղաքականությունը՝ հետևյալ առաջնահերթ ուղղություններով. ա) Հայկական ինքնության և հայոց պետականության պահպանման օրակարգի շուրջ համահայկական զորաշարժի իրականացում:Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական ժխտողականությանը նպաստելը, Արցախի ժողովրդի էթնիկ զտումները ու հայրենազրկումը անհետևանք թողնելը՝ գոյութենական ապառնալիք է հայկական ինքնությանը, Հայաստանի ինքնիշխանությանը և վավերացնում է ուժի դիրքերից հարցեր լուծելու նախադեպը:բ) Պաշտպանության գործում համաժողովրդական մասնակցություն ապահովելու տրամաբանությամբ համահայկական առաջնահերթ օրակարգ դարձնել բանակի եւ պաշտպանության ու անվտանգության համակարգերի հրատապ վերակառուցումը՝ առկա մարտահրավերների հաշվառմամբ:գ) Որդեգրել անվտանգային նոր ճարտարապետության ձեւավորմանը եւ դիվանագիտական դիրքերի վերականգնմանը միտված որակապես այլ բովանդակություն ունեցող արտաքին քաղաքականություն, ինչը ենթադրում է ռազմավարական հարաբերությունների հաստատում ընդհանուր աշխարհաքաղաքական նպատակներ հետապնդող երկրների և դաշինքների հետ, որոնց անմիջական շահերից է բխում հայկական կենսունակ պետության գոյությունը: Այս մոտեցմամբ ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները, Իրանի հետ կնքել ռազմաքաղաքական դաշինք, զարգացնել տարածաշրջանից դուրս այլ ուժային կենտրոնների և Արևմուտքի հետ փոխլրացնող հարաբերությունները: Հակառակ ներքին ու արտաքին դավադիր ծրագրերի, հայության արժանապատվության և  լինելիության պայքարը պետք է շարունակվի: Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու իրենց ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու, հայ ժողովրդին ու մեր պետականությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, նոր որակի ազգային իշխանություն ձեւավորելու և համահայկական կարողականությամբ ՈՒժեղ Հայաստան կառուցելու գործում: Դաշնակցությունը պատրաստակամ է համագործակցել բոլորի հետ, ովքեր կիսում են այս մոտեցումները և պատրաստ են պայքարել հանուն արժանապատիվ և անվտանգ Հայաստանի ու Արցախի»,- նշված է ՀՅԴ Բյուրոյի հայտարարության մեջ։ 
11:34 - 18 հունվարի, 2025
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը նախաձեռնել է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին Boeing բեռնատար ինքնաթիռների վաճառքի ֆինանսավորման արգելափակումը |armenpress.am|

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը նախաձեռնել է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին Boeing բեռնատար ինքնաթիռների վաճառքի ֆինանսավորման արգելափակումը |armenpress.am|

armenpress.am: Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը սկսել է համագաղութային արշավ՝ կոչ անելով ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկին (EXIM) մերժել 100 միլիոն դոլարի ֆինանսական երաշխիքը ադրբեջանական Silk Way Airlines-ին՝ Boeing բեռնատար ինքնաթիռներ ձեռք բերելու համար։  «Ըստ հանձնախմբի՝ այս ֆինանսավորումը հնարավորություն կտա Ալիևի ռեժիմին ձեռք բերել երկակի նշանակության ինքնաթիռներ՝ հեշտացնելով զենքի անօրինական մատակարարումը դեպի Ադրբեջան․ մի երկիր, որը լայնորեն դատապարտված է Արցախի հայ բնակչության դեմ իր ցեղասպան քաղաքականության և Հայաստանի Հանրապետության դեմ շարունակվող ագրեսիայի համար։ 2025թ․ հունվարի 10-ին EXIM բանկը հայտարարել է, որ ստացել է Boeing-ի հայտը 100 միլիոն դոլարը գերազանցող վարկի վերջնական պարտավորության համար: Այս առաջարկի վերաբերյալ հանրային մեկնաբանությունները կարող են ներկայացվել մինչև 2025թ․ փետրվարի 7-ը, ինչից հետո EXIM-ի տնօրենների խորհուրդը կքննարկի հայտը բավարարելու դիմումը»,- նշված է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի էլեկտրոնային հարթակը www.anca.org/exim, հնարավորություն է՝ հանդես գալու այս գործարքի դեմ։ Ըստ Հայ դատի հանձնախմբի՝ նմանատիպ ինքնաթիռների տրամադրումն Ադրբեջանին խախտում է ամերիկյան օրենսդրությունը, այդ թվում երկակի նշանակության արտադրանքների արտահանման մասով, խաթարում է տարածաշրջանային խաղաղության ջանքերին և Ադրբեջանին հավելյալ ռազմական առավելության հնարավորություն է տալիս։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ Silk Way Airlines-ը, որը սերտորեն կապված է Ալիևի վարչակարգի հետ, ներգրավված է եղել բազմաթիվ միջազգային հետաքննություններում, այդ թվում՝ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հաղորդման նախագծի (OCCRP) կողմից՝ ապօրինի զենքեր տեղափոխելու համար, որոնք օգտագործվել են ԼՂ-ի վրա Ադրբեջանի հարձակումներում: Freedom House-ի և այլ վերահսկող կազմակերպությունների կողմից վավերագրված այս գործողությունները ցույց են տալիս Ադրբեջանի մտադրությունը՝ համակարգված կերպով ջնջելու հայկական ժառանգությունն ու ներկայությունը տարածաշրջանում:
17:23 - 14 հունվարի, 2025
Փաշինյանը ձեզ համար պետք է հերոս լինի, ոչ թե դավաճան. Հայկ Կոնջորյանը՝ ՀՅԴ-ին
 |news.am|

Փաշինյանը ձեզ համար պետք է հերոս լինի, ոչ թե դավաճան. Հայկ Կոնջորյանը՝ ՀՅԴ-ին |news.am|

news.am: Այս մի քանի օրերի քննարկումը շատ հետաքրքիր մի շերտ բացեց: Այս քննարկման՝ հարկերի, հերոսության հատվածը շատ մերկացնող է: Այն երկու հայեցակարգային պատկերացումների բախումն էր՝ մի կողմում ինքնիշխան քաղաքացին էր, մյուս կողմում՝ պետականազուրկ հպատակը: Այս երկու հայեցակարգային բախումները մերկացնում են ընդդիմության իրական պատկերացումները պետության մասին: Այս մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից իր ելույթում հայտարարեց  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Անդրադառնալով ընդդիմության մեղադրանքներին, թե հարկ վճարողը հերոս է, ասաց՝ հարցին պետք է նայել խորքային: «Մենք չենք ասում հարկ վճարելն ինքնին ավտոմատ հերոսություն է, մենք ասում ենք՝ հարկ վճարելով քաղաքացին պահում է պետությունը: Պետություն պահելն է հերոսություն: Հարկ վճարողը պահում է պետությունը, և դրանով պետություն պահելը հարկ վճարող քաղաքացու կողմից հերոսություն է: Հիմա որն է ընդդիմության պրոբլեմը»,- պարզաբանեց Կոնջորյանը: Նրա խոսքով՝ ընդդիմության խնդիրը սրա հետ ունի խոր պատմական արմատներ՝ ժամանակին մեր պապերը հարկ տվել են ուրիշ պետությանը, դրա համար «պետականազուրկ հայի համար իրեն ճնշող պետությանը հարկ տալը հերոսություն չի եղել»: Նա ընդդիմադիր գործընկերներին մեղադրեց պետականազուրկ հպատակի տրամաբանությամբ առաջնորդվելու համար: «Որովհետև մենք հիմա ունենք պետություն, բայց դուք նորից մտածում եք, որ հարկ տալը հերոսություն չէ, որովհետև դուք այս պետությունը ձերը  չեք համարում: Հենց դա է մերկացնողը»,- նշեց Հայկ Կոնջորյանը:  Նրա խոսքով՝ ի վերջո, հարկը պետություն ունենալու գինն է, և եթե ազատ քաղաքացին որոշում է հարկ չտա իր պետությանը, հարկ պետք է վճարի ուրիշ պետությանը:  «Դուք, օրինակ, շատ քամահրական վերաբերմունք ունեք ՀՀ 29 743 քառակուսի կմ սահմանների և տարածքի նկատմամբ: Ձեր շրջաբերականում դուք ընդհանրապես ասում եք՝ Հայաստանը երբևէ չպետք է ունենա սահման: Որովհետև դուք ուզում եք մեծ բաներ: Այն, ինչ ձեր պատկերացումների մեջ է, պետք է լինի մեծ և լինի անցյալում, որի համար դու պատասխանատվություն ստանձնելու կարիք չունենաս»,- հավելեց նա՝ ընդդիմությանը մեղադրելով քաղաքական դինոզավրեր դառնալու ճանապարհի համար: «Դուք ուզում եք, որ մենք՝ որպես հանրություն, դառնանք դինոզավր՝ դառնանք մեծ, ուժեղ, բայց գոյություն չունենանք»,- խոսքը եզրափակեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը:
12:35 - 14 նոյեմբերի, 2024