Արայիկ Վլադիմիրի Հարությունյան

Արայիկ Վլադիմիրի Հարությունյանը (դեկտեմբերի 14, 1973, Ստեփանակերտ) Արցախի Հանրապետության գործող նախագահն է։  Խոշոր գործարար է, պետական-քաղաքական գործիչ Արցախի Հանրապետությունում, Արցախի նախկին պետական նախարարն է, Ազատ Հայրենիք կուսակցության նախագահը, տեխնիկական գիտությունների թեկնածու։

1990թ․ ավարտել է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցը եւ նույն թվականին ընդունվել Երեւանի ժողտնտեսության ինստիտուտը։ 1994թ․ տեղափոխվել եւ 1995թ․ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1996թ․ ընդունվել եւ 1998թ․ ավարտել է ԱրՊՀ ասպիրանտուրան՝ տնտեսագիտություն մասնագիտությամբ։ 2013-ին պաշտպանել է ատենախոսությունը եւ դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու։
 


1995-1997 թվականներին աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունում՝ որպես նախարարի օգնական։ 1997-1999 թվականներին աշխատել է Հայագրոբանկի Ասկերանի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։
1999-2004 թվականներին զբաղեցրել է Հայագրոբանկի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։
2005- թվականին ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, մոտ երկու տարի նախագահել խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, միաժամանակ եղել է Հայրենիք խմբակցության ղեկավարը։
2005- 2007 թթ․ եղել է Ազատ Հայրենիք կուսակցության համանախագահը, ապա նախագահը:
2007- 2009թթ -Պատգամավորական գործունեությունը դադարեցրել եւ կուսակցապետի պաշտոնը թողել է ԼՂՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ։
 
Արայիկ Հարությունյանը ԼՂՀ Նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել 2007 թվականի սեպտեմբերի 14-ին։ 2009 թ. հոկտեմբերից վերընտրվել է Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ։ ԱՀ Նախագահի հրամանագրով 2012 թվականին վերանշանակվել է ԱՀ վարչապետ։ 2017թ-ին որպես վարչապետ եւ իշխող կուսակցության ղեկավար աջակցել է Արցախում իրականացվող սահմանադրական փոփոխություններին, որի արդյունքում գործող նախագահը շարունակել է պաշտոնավարումը երրորդ ժամկետով առանց ընտրությունների անցկացման:

Նախագահի 2017թ․ սեպտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար: 2018թ․ հունիսի 6-ին ազատվել է ԱՀ պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, ապա նշանակվել Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդատու:

 2020 թվականից Արցախի Հանրապետության նախագահն է։
ԱԱԾ-ն մերժել է Սամվել Բաբայանի դեմ վարույթ հարուցել. քննիչի պնդմամբ՝ Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել գործընթացից
 |azatutyun.am|

ԱԱԾ-ն մերժել է Սամվել Բաբայանի դեմ վարույթ հարուցել. քննիչի պնդմամբ՝ Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել գործընթացից |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային անվտանգության ծառայությունը մերժել է «դավաճանության» հոդվածով քրեական վարույթ հարուցել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հայտարարությունների կապակցությամբ, պնդելով՝ Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացքում Բաբայանի գործողություններում հանցակազմ չկա։ Ավելին, ինչպես ավագ քննիչ, փոխգնդապետ Նորայր Այվազյանն է նշել, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել և՛ բանակցային գործընթացի, և՛ Բաքվին փաստաթղթեր փոխանցելու մասին։ Արցախից Հայաստան տեղափոխվելուց հետո Սամվել Բաբայանը մի շարք հարցազրույցներում ասել էր, որ մինչև սեպտեմբերի 19-ի հարձակումը Բաքվին 23 կետից բաղկացած փաստաթուղթ է փոխանցել, համաձայն որի՝ Ղարաբաղը պետք է ինքնավարություն ստանար։ Բաբայանը պնդել էր, որ Ադրբեջանը համաձայնել էր իր առաջարկին, բայց Արցախի իշխանությունները խոչընդոտել են այդ գործընթացին։ Բաբայանի այս հայտարարությունների հիման վրա էլ ՀՀ խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Գլխավոր դատախազին՝ նշելով, որ ըստ էության՝ Արցախի նախկին պաշտոնյայի հայտարարություններում պետական դավաճանության և ինքնիրավչության հատկանիշներ կան։ «Արցախից վերադառնալուց կամ բռնի տեղահանվելուց հետո անմիջապես հայտնվեց պարոն Բաբայանը մի շարք լրատվամիջոցներում, և էնտեղ իր հարցազրույցները և հրապարակային հաստատումները ավելի քան խնդրահարույց էին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գալստյանը՝ շարունակելով. - «Սամվել Բաբայանի արարքներում, իմ կարծիքով, տարբեր հանցակազմեր են ակնհայտորեն երևակվում, որոնք վերաբերում են ինքնիրավչությանը, պետական դավաճանությանը, պետական գաղտնիքի հրապարակմանը»: Իր հաղորդման մեջ պատգամավորը նշել է, որ քրեական վարույթի շրջանակներում պետք է պարզվի, թե ում լիազորմամբ է Բաբայանը բանակցություններ վարել Ադրբեջանի հետ, 23 կետից բաղկացած ինչ փաստաթուղթ է փոխանցել Բաքվին, արդյոք դրանցում պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ եղել են, թե՝ ոչ։ ԱԱԾ ավագ քննիչը, սակայն, մերժելով քրեական վարույթի հարուցումը, ի պատասխան գրել է, որ Սամվել Բաբայանն արել է ընդհանուր բնույթի և վերացական հայտարարություններ, որոնցում չկա կոնկրետ հանցագործություն մասին տեղեկություն։ «Ադրբեջանի ներկայացուցիչների հետ բանակցելու գործընթացում Սամվել Բաբայանի գործողությունները այլ անձի կամ պետության կողմից չեն վիճարկվել, որևէ կարգ չի խախտվել, ավելին՝ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել և՛ գործընթացի, և՛ փաստաթղթերի մասին»,- գրել է ավագ քննիչը։ Անհիմն համարելով քննիչի այս պնդումները՝ ընդդիմադիր պատգամավորը հարցնում է՝ այդ ինչպե՞ս առանց քննության ԱԱԾ փոխգնդապետ Նորայր Այվազյանը պարզեց, որ Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել Բաբայանի և Բաքվի միջև բանակցություններից։ «Նախ և առաջ՝ ինչպե՞ս դուք բացահայտեցիք, թե Արայիկ Հարությունյանը... Բաքվի բանտից ձեզ ցուցմո՞ւնք է արդյոք տվել Գլխավոր դատախազություն կամ Քննչական կոմիտե, դուք որտեղի՞ց ունեք այդ փաստերը», - ընդգծեց Լիլիթ Գալստյանը: ԱԱԾ քննիչը նաև նշել է, որ հարցազրույցներում Բաբայանի կողմից թշնամու կողմն անցնելու կամ դավաճանությանը բնորոշ հայտարարություններ չեն արվել, առկա են միայն Լեռնային Ղարաբաղի ինքնավար պետության կարգավիճակ ստեղծելու մասին տեղեկություններ պարունակող հայտարարություններ, որի առնչությամբ էլ տեղի է ունեցել փաստաթղթերի փոխանակում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ: «Այսինքն՝ Սամվել Բաբայանը չի կատարել Հայաստանի արտաքին քաղաքականության մասին այնպիսի տեղեկությունների վաղաժամ տարածում, որը վնաս է հասցրել Հայաստանի կենսական շահերին», - գրել է քննիչը: «Այդ պատասխանը բացարձակապես ոչ-հիմնավոր է: Որպեսզի մենք իմանայինք՝ դրանք վերաբերել են արտաքին քաղաքականությա՞նը, թե՞ դրանք վերաբերել են պետական գաղտնիությանը, պիտի որ քննություն իրականացվեր՝ այդ ամենը բացահայտելու: Որտեղի՞ց է վերցրել ավագ քննիչ, փոխգնդապետ Նորայր Այվազյանը, թե դրանք վերաբերում են արտաքին քաղաքականությանը, թե պետական այլ գաղտնիքներ են պարունակում, կամ Արցախի պաշտպանունակությանը, կամ դիրքերի դասավորվածությանը, և այլն, և այլն: Որտեղի՞ց են որոշել», - ասաց Լիլիթ Գալստյանը:
17:20 - 22 նոյեմբերի, 2023
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը քննարկում է ԱՀ առևանգված գործիչների վերադարձի հարցը

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը քննարկում է ԱՀ առևանգված գործիչների վերադարձի հարցը

Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն տիկին Էլիզա ֆոն Յոդեն-Ֆորգին արձագանքելով Ադրբեջանի բռնապետական վարչակազմի կողմից Արցախի մեր հայրենակիցների՝ ռազմաքաղաքական ղեկավարների և քաղաքացիական անձանց ապօրինի առևանգումների մասին ահազանգող նամակներիս՝ իր համերաշխությունն է հայտնել նրանց շուտափույթ վերադարձի առնչությամբ, հայտնում է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։  Ի պատասխան Թովմասյանի նամակների՝ Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրենը գրել է․ «Հարգելի՛ տիկին Թովմասյան, Շատ շնորհակալ եմ Ադրբեջանում պահվող հայ գերիների խիստ մտահոգիչ իրավիճակի վերաբերյալ Ձեր նամակագրության համար։ Մենք անչափ մտահոգված ենք և հանձնառու ենք ապահովելու, որ ներկայումս պատանդառության մեջ գտնվողները զերծ լինեն վնասներից և շուտափույթ ազատ արձակվեն 44-օրյա պատերազմում գերեվարվածների հետ: Ես հանդիպելու եմ մեր թիմի հետ՝ քննարկելու այն ուղիները, որոնցով Լեմկինի ինստիտուտը կարող է օգնել: Հուսով եմ՝ շատ շուտով Ձեզ համար ավելի շատ տեղեկություններ կունենամ»։
10:31 - 25 հոկտեմբերի, 2023
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին նախագահներին ու մյուս անձանց
 |1lurer.am|

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին նախագահներին ու մյուս անձանց |1lurer.am|

1lurer.am: Կարմիր խաչի ներկայացուցիչները հոկտեմբերի 20-ին այցելել են Ադրբեջանում պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, ՊԲ նախկին հրամանատար և հրամանատարի տեղակալ Լևոն Մնացականյանին և Դավիթ Մանուկյանին։ Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատել է Հայաստանում կազմակերպության ներկայացուցիչ Զառա Ամատունին: «Տեսակցությունները տեղի են ունեցել ըստ մեր ընթացակարգերի, ինչը նշանակում է՝ անցկացվել են առանձնազրույցներ, ինչպես նաև տեսակցությունների շրջանակներում տրվել է հնարավորություն յուրաքանչյուրին՝ կապ հաստատել իրենց հարազատների հետ: Ընդհանուր առմամբ, հոկտեմբեր ամսվա ընթացքում տեսակցություններ են եղել Ադրբեջանում պահվող մյուս հայերին, որոնց գերեվարման փաստը հաստատվել էր Ադրբեջանի իշխանությունների կողմից: Խոսքն այն անձանց մասին է, որոնք ձերբակալվել են 2020-2021 թվականների ռազմական գործողությունների առնչությամբ, և որոնց մենք շարունակաբար տեսակցել ենք վերջին տարիների ընթացքում»,- ասել է Ամատունին:
20:11 - 24 հոկտեմբերի, 2023
Արայիկ Հարությունյանին Բաքվում մեղադրանք է առաջադրվել 9 հոդվածներով․ Ադրբեջանի ԱԱԾ

Արայիկ Հարությունյանին Բաքվում մեղադրանք է առաջադրվել 9 հոդվածներով․ Ադրբեջանի ԱԱԾ

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը ձերբակալվել է հոկտեմբերի 3-ին Ստեփանակերտում։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը։ Նրան կեղծ մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 9 հոդվածներով։   Ադրբեջանի ԱԱԾ-ն հայտնում է, թե Ստեփանակերտում ծնված Արայիկ Հարությունյանի վերաբերյալ «ագրեսիվ պատերազմ վարելու, վարձկաններ հավաքագրելու, նրանց՝ ռազմական հակամարտության մեջ ներգրավելը կազմակերպելու, զինված հակամարտության ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը խախտելու, զինված հակամարտության ժամանակ ապօրինի հրամաններ տալու վերաբերյալ հիմնավոր կասկածներ են հաստատվել»։ Սրանից բացի՝ նշվում է, թե, իբր, «հիմնավոր կասկածներ են հաստատվել նաև այն մասին, որ Արայիկ Հարությունյանը մասնակցել է Ադրբեջանի տարածքում ապօրինի զինված միավորումների կազմավորմանն ու գործունեության կազմակերպմանը, դրանց զինմանը, ինչպես նաև զբաղվել է մաքսանենգությամբ և ահաբեկչության ֆինանսավորմամբ»։ «Ձեռնարկված քննչական և օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արայիկ Հարությունյանը ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար շարունակաբար ականապատել Ադրբեջանի տարածքները, բալիստիկ և այլ տեսակի հրթիռներով թիրախավորել է Գյանջա քաղաքի ու Բարդայի շրջանի քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները»,- նշվում է Ադրբեջանի ԱԱԾ հաղորդագրության մեջ։  Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ Արայիկ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել 2020 թվականի հոկտեմբերի 28-ին, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և նրա նկատմամաբ միջազգային հետախուզում է հայտարարվել։ «Նա ձերբակալվել է հոկտեմբերի 3-ին Ստեփանակերտում, վերջինիս մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 9 հոդվածներով։ Նախաքննությունը շարունակվում է»,- նշել են Ադրբեջանի ԱԱԾ-ից։ 
10:59 - 05 հոկտեմբերի, 2023
Ադրբեջանական աղբյուրների պնդմամբ՝ Արայիկ Հարությունյանը հարցաքննվել է Բաքվում
 |factor.am|

Ադրբեջանական աղբյուրների պնդմամբ՝ Արայիկ Հարությունյանը հարցաքննվել է Բաքվում |factor.am|

factor.am: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, որը նախօրեին առևանգվել ու տարվել է Բաքու, հարցաքննվել է։ Նշվում է, որ այս մասին հայտնել է Հարությունյանի փաստաբան նշանակված Ալով Սաֆարալիևը։ «Հարությունյանը հարցաքննվել է։ Միայն կարող եմ ասել, որ նրա տված ցուցմունքը կօգնի գտնել բազմաթիվ հարցերի պատասխաններ։ Ես կպաշտպանեմ նրան Ադրբեջանի օրենքների, միջազգային կոնվենցիաների և իրավական էթիկայի պահանջներին համապատասխան, մի խոսքով՝ բարեխղճորեն կկատարեմ իմ մասնագիտական ​​պարտքը»,- ասել է փաստաբանը։ Հիշեցնենք, որ նախօրեին Բաքուն ապօրինի ձերբակալել էր նաև Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին։
13:20 - 04 հոկտեմբերի, 2023
Իմ անվերապահ սատարումն եմ հայտնում Ձեզ. Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Արցախի նորընտիր նախագահին

Իմ անվերապահ սատարումն եմ հայտնում Ձեզ. Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Արցախի նորընտիր նախագահին

Արցախի պաշտոնաթող նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին՝ իր անվերապահ սատարումը հայնելով վերջինիս: Հարությունյանն այս մասին գրել է ֆեյսբուքյան էջում:«Հարգարժա՛ն պարոն Շահրամանյան,Ուրախ եմ, որ երեկ, ԱՀ Սահմանադրությանն ու օրենսդրությանն ամբողջապես համապատասխանող ընթացակարգերով, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել եք Հանրապետության նախագահի պաշտոնում, իսկ այսօր՝ երդմնակալությամբ ստանձնել լիազորությունները: Հաջողություն եմ մաղթում Ձեզ՝ Արցախի համար այս ճակատագրական փուլում ստանձնած դժվարագույն լիազորությունների իրականացման հարցում:Գնահատելի է Ձեր վճռականությունն ու պատրաստակամությունը այսպիսի պայմաններում վերցնելու ծանր պատասխանատվություն և առաջնորդելու Արցախի ժողովրդին դեպի մեր ազգային իղձերն ու սահմանադրական նպատակները:Մեծարգո՛ պարոն Նախագահ,Ես իմ անվերապահ սատարումն եմ հայտնում Ձեզ և պատրաստ եմ առավելագույնս նպաստելու Ձեր նախագահական լիազորությունների արդյունավետ իրագործմանը:Ընդունե՛ք հարգանացս հավաստիքը և լավագույն բարեմաղթանքներս՝ հանուն Արցախի ժողովրդի անվտանգ ու արժանապատիվ հարատևման և Արցախի Հանրապետության ամրացման», - գրել է Հարությունյանը:
12:52 - 10 սեպտեմբերի, 2023
Ես հիասթափված եմ մինչ այժմ ԵՄ-ի և ԱՄՆ-ի արձագանքներից․ Արայիկ Հարությունյանը հարցազրույց է տվել CNN-ին

Ես հիասթափված եմ մինչ այժմ ԵՄ-ի և ԱՄՆ-ի արձագանքներից․ Արայիկ Հարությունյանը հարցազրույց է տվել CNN-ին

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ հարցազրույց է տվել CNN-ին։  «Վերջին շրջանում միջազգային առաջատար գրեթե բոլոր լրատվամիջոցներն անդրադարձել են Արցախի շրջափակմանը: Այդ շարքում կարևոր տեղ ունի CNN-ի այսօրվա հրապարակումը, որի հեղինակի հարցերին պատասխանել եմ Հանրապետության նախագահի պաշտոնից իմ հրաժարականից առաջ: Պատասխաններիս մի մասը տեղ է գտել նյութի մեջ, որը բավականին համակողմանիորեն ներկայացնում է իրավիճակը՝ և՛ քաղաքական, և՛ հումանիտար տեսանկյուններից: Իմ հետևյալ շեշտադրումներն են ներկայացվել նյութում. • «Ադրբեջանը շրջափակել է Արցախի Հանրապետությունը՝ մեր ժողովրդի դեմ ցեղասպանություն իրականացնելու գլխավոր նպատակով». • «Հաշվի առնելով Ադրբեջանի ցեղասպանական մտադրությունները և երկարատև հակահայկական ատելության համակարգված պետական քաղաքականությունը՝ մեր ժողովուրդը հիմնավոր մտահոգություն ունի Ադրբեջանից ծագող ցանկացած ապրանքի անվտանգության վերաբերյալ». • «Ադրբեջանը մարդասիրական օգնություն տրամադրելու փորձեր ձևացնելու փոխարեն պետք է ապարգելափակի Լաչինի միջանցքը». • «Ես հիասթափված եմ մինչ այժմ ԵՄ-ի և ԱՄՆ-ի արձագանքներից: Եվրոպայի և Ամերիկայի անգործության և ձախողումների հիմքում ընկած պատճառները հիմնականում աշխարհաքաղաքական են, որոնք ներառում են նաև Ադրբեջանից էներգետիկ կախվածությունը»: Ամբողջական նյութին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ»,- գրել է նա։
22:02 - 06 սեպտեմբերի, 2023
Պատգամավորներին կոչ եմ անում նախագահի ընտրության հարցում առաջնորդվել իրենց խղճով և չտրվել տարաբնույթ նեղ խմբային ազդեցությունների․ Արայիկ Հարությունյան

Պատգամավորներին կոչ եմ անում նախագահի ընտրության հարցում առաջնորդվել իրենց խղճով և չտրվել տարաբնույթ նեղ խմբային ազդեցությունների․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում են ստորև․  «Հարգելի՛ հայրենակիցներ, Տեղյակ եք, որ սեպտեմբերի 1-ից ես վայր եմ դրել Արցախի Հանրապետության նախագահի լիազորությունները՝ Ազգային ժողովին հղած հրաժարականիս դիմումի հիման վրա: Կուզեի այդ և հարակից զարգացումների վերաբերյալ մի քանի հիմնական հարցի անդրադառնալ. 1. Ինչո՞ւ ավելի վաղ չեմ հրաժարական տվել, քանի որ գործող սահմանադրական կարգավորումները ենթադրում էին, որ իմ հրաժարականի դեպքում պետք է միաժամանակյա նախագահական ու ՝խորհրդարանական արտահերթ ընտրություններ կազմակերպվեին, իսկ դրա իրագործման հնարավորությունը խիստ մշուշոտ էր, հատկապես՝ շրջափակման պայմաններում: Ուստի, ես նախաձեռնեցի և Ազգային ժողովն ընդունեց Սահմանադրության փոփոխություն, որպեսզի հնարավոր լինի ռազմական դրության ժամանակ խորհրդարանի կողմից ընտրել անցումային Նախագահ՝ մինչև գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտը: Սահմանադրության 168.1 հոդվածն ուժի մեջ է մտել հուլիսին, որից հետո քանիցս մտածել եմ հարմար պահի մասին, սակայն կարևոր արտաքին քաղաքական զարգացումների վրա բացասաբար չազդելու համար որոշ ժամանակ սպասել եմ և որոշումս կայացրել օգոստոսի վերջին: 2. Ի՞նչ է տեղի ունենալու մինչև Հանրապետության նոր նախագահի ընտրությունը. ինչպես Սահմանադրությունն է կարգավորում, Ազգային ժողովի նախագահը ժամանակավորապես իրականացնում է Հանրապետության նախագահի լիազորությունները, որը պարզապես մի քանի օրվա հարց է: Բացի դրանից, ինչպես հայտարարել եմ, նախքան հրաժարականս նշանակել եմ նոր պետական նախարար՝ լայն լիազորություններով, որպեսզի նաև այդ միջոցով հնարավոր լինի պահել պետական համակարգի կայունությունը: 3. Ո՞վ է լինելու Հանրապետության հաջորդ նախագահը. այդ հարցի լուծումը Սահմանադրությամբ վերապահված է բացառապես Ազգային ժողովին՝ խմբակցությունների առաջարկությունների հիման վրա: Ուստի, պատգամավորներին կոչ եմ անում Հանրապետության նախագահի ընտրության հարցում առաջնորդվել իրենց խղճով և չտրվել տարաբնույթ նեղ խմբային ազդեցությունների: Հիշեցնեմ, որ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո ես դադարեցրել եմ իմ կուսակցական գործունեությունը և որևէ առնչություն չունեմ «Ազատ հայրենիք» կուսակցության հետ: Ուստի, որևէ կերպ չեմ կարող և չեմ ցանկանում ներգրավվել Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության դիրքորոշման ձևավորման գործում, և իրենք ամբողջովին ինքնուրույն կերպով կորոշեն իրենց մոտեցումները: Ո՛չ ես, ո՛չ էլ մեկ այլ կողմնակի անձ իրավունք չունենք միջամտելու այդ գործընթացին: Հորդորում եմ բոլոր քաղաքական ու հանրային գործիչներին զսպվածություն ցուցաբերել և առաջնորդվել Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և ժողովրդավարական բարձր քաղաքական մշակույթով: Սա մեր պետական ու քաղաքական համակարգերի կարևորագույն քննությունն է, որը պետք է անցնենք պատվով ու անցնցում: Եթե որևէ անձ կամ խումբ փորձի ցնցումներ հրահրել, դա կլինի լրջագույն հարված Արցախի Հանրապետության սահմանադրական կարգին ու ապագային: Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությունից վերջին օրերին հնչող տարաբնույթ հայտարարություններին, որոնք արվում են այս կամ այն հնարավոր թեկնածուի օգտին կամ դեմ, ապա այդ անձանց պարզապես խնդրում եմ չխառնվել ու չխաթարել Արցախի ներքին կյանքի փխրուն կայունությունը՝ այն էլ նման ծանրագույն ժամանակահատվածում: 4. Ի՞նչ եմ անելու այսուհետ. նախևառաջ, կանգնելու եմ Հանրապետության նորընտիր նախագահի կողքին՝ անկախ անձից, և իմ բոլոր հնարավորություններով աջակցելու եմ նրան առկա ներքին ու արտաքին մարտահրավերներն արժանապատիվ ու արդյունավետ կերպով հաղթահարելու հարցում: Բացի դրանից, ինչպես հայտարարել եմ, հիմնական ջանքերս ուղղելու եմ Արցախի անվտանգության ապահովման աշխատանքներին աջակցելուն՝ առանց հրապարակայնորեն փակագծեր բացելու: Իսկ ներքին քաղաքական գործունեությամբ ընդհանրապես չեմ զբաղվելու: Ամեն դեպքում, ընդհատակ չեմ անցնելու և պարբերաբար հանդես եմ գալու նաև հրապարակային խոսքով Արցախի համար կարևոր հարցերի վերաբերյալ»,- գրել է Հարությունյանը։ 
14:00 - 04 սեպտեմբերի, 2023
Արցախի Հանրապետության օրվա առթիվ Ստեփանակերտում Հանրապետական մաղթանք  է կատարվել
 |artsakhpress.am|

Արցախի Հանրապետության օրվա առթիվ Ստեփանակերտում Հանրապետական մաղթանք է կատարվել |artsakhpress.am|

artsakhpress.am: Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետություն) հռչակման օրվա առթիվ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում կատարվել է Հանրապետական մաղթանք: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Տեր Անդրեաս քահանա Թավադյանի հանդիսապետությամբ Հանրապետական մաղթանքի արարողությանը նաեւ միասնական աղոթք է հղվել առ Աստված` Արցախի Հանրապետության պետականությունն անսասան պահելու, խաղաղության ու բարօրության համար։  «Աղոթքի մեջ խնդրեցինք,որ Աստված անսասան պահի մեր պետությունը. սա մեր մեծագույն ցանկությունն ու խնդրանքն է առ Աստված։Թող, Աստված լսի բոլորիս աղոթքները,օրհնություն բերի մեր ժողովրդին՝ այս դժվարին պայմանները հաղթահարելու համար»,- նշել է Տեր Անդրեաս քահանա Թավադյանը։ Արարողությանը ներկա էին նաեւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, երեք նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, պետական նախարար Սամվել Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք։ Այնուհետեւ միջոցառման մասնակիցները քայլերթով այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակին։ Կատարվել է նաեւ հոգեհանգստյան կարգ։
14:48 - 02 սեպտեմբերի, 2023
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Արցախի նորանշանակ պետական նախարար Սամվել Շահրամանյանին

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Արցախի նորանշանակ պետական նախարար Սամվել Շահրամանյանին

Սեպտեմբերի 1-ին ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը կառավարության անդամներին և պետական կառավարման այլ մարմինների, դատական համակարգի ղեկավար կազմին է ներկայացրել ԼՂ նորանշանակ պետական նախարար Սամվել Շահրամանյանին: «Երկրի ղեկավարը, շնորհակալություն հատնելով գործընկերներին համատեղ աշխատանքի համար, ներկայացրել է իր հրաժարականի դրդապատճառները։ Նշելով, որ մինչև Ազգային ժողովի կողմից նոր նախագահի ընտրությունը շատ պատասխանատու ժամանակաշրջան է, Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ դրա հաղթահարումը և իրավական ճանապարհով իշխանափոխության իրականացումը պետականության պահպանման համար կարևոր նշանակություն ունեն:  Արայիկ Հարությունյանը գործընկերներին հորդորել է սթափորեն գնահատել իրավիճակը և սատար կանգնել նոր ձևավորվող իշխանությանը` երկրում ստեղծված հումանիտար աղետը հաղթահարելու, ներքին ու արտաքին հնարավոր մարտահրավերներին դիմակայելու հարցում: Նախագահը շնորհակալություն է հայտնել Գուրգեն Ներսիսյանին՝ երկրի համար բարդ ժամանակաընթացքում պետական կառավարման համակարգում պատասխանատվություն ստանձնելու համար և Սամվել Շահրամանյանին՝ պատմական ծանր ժամանակաշրջանում պետական նախարարի պաշտոնն ստանձնելու առաջարկն ընդունելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք՝ Արայիկ Հարությունյանը երեկ հայտնել էր, որ այսօր հրաժարականի դիմումը կներկայացնի Արցախի ԱԺ։ «Այս վերջնական որոշումը ես կայացրել եմ երկու օր առաջ՝ հաշվի առնելով վերջին շաբաթների իմ շփումները բոլոր ներքին ու արտաքին դերակատարների և լայն հանրության հետ: Սա իմ ունեցած տվյալների վերլուծության արդյունքների հիման վրա կշռադատված որոշում է՝ կայացված բացառապես իմ կողմից»,- նշել էր Հարությունյանը։  Արայիկ Հարությունյանը նաև հայտնել էր, որ Արցախի նախագահի հրամանագրով Գուրգեն Ներսիսյանն ազատվել է Արցախի պետական նախարարի պաշտոնից։ Պետական նախարար է նշանակվել Սամվել Շահրամանյանը՝ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը։
16:48 - 01 սեպտեմբերի, 2023
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում ներկայացրեց Ազգային ժողով

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում ներկայացրեց Ազգային ժողով

Արցախի Հանրապետության Սահմանադրության 98-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ս. թ. սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով: Այդ մասին հայտնում են ԼՂ ԱԺ-ից: Հիշեցնենք՝ Արայիկ Հարությունյանը երեկ հայտնել էր, որ այսօր հրաժարականի դիմումը կներկայացնի Արցախի ԱԺ։ «Այս վերջնական որոշումը ես կայացրել եմ երկու օր առաջ՝ հաշվի առնելով վերջին շաբաթների իմ շփումները բոլոր ներքին ու արտաքին դերակատարների և լայն հանրության հետ: Սա իմ ունեցած տվյալների վերլուծության արդյունքների հիման վրա կշռադատված որոշում է՝ կայացված բացառապես իմ կողմից»,- նշել էր Հարությունյանը։  Արայիկ Հարությունյանը նաև հայտնել էր, որ Արցախի նախագահի հրամանագրով Գուրգեն Ներսիսյանն ազատվել է Արցախի պետական նախարարի պաշտոնից։ Պետական նախարար է նշանակվել Սամվել Շահրամանյանը՝ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հրաժարականի դիմում է ներկայացրել նաև պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։ 
13:41 - 01 սեպտեմբերի, 2023
Արայիկ Հարությունյանը հրաժարական է տվել, իսկ պետնախարարն ազատվել է պաշտոնից

Արայիկ Հարությունյանը հրաժարական է տվել, իսկ պետնախարարն ազատվել է պաշտոնից

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական է տվել։ Իսկ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն ազատվել է պետնախարարի պաշտոնից։ Պետնախարար է նշանակվել Սամվել Շահրամանյանը՝ Արցախի ԱԽ քարտուղարը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հարությունյանը։ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը՝ ստորեւ. «Սիրելի՛ հայրենակիցներ,Արցախի ժողովրդի կողմից Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու արդյունքում 2020թ. մայիսի 21-ին ստանձնել եմ Նախագահի լիազորությունները: Հաջորդ իսկ օրվանից անցել եմ Արցախի պաշտպանունակությունն ամրապնդելու, Արցախի սահմանների անառիկությունն ապահովելու գործին: Ցավոք, ընդամենը չորս ամիս անց Ադրբեջանի կողմից սանձազերծվեց 44-օրյա պատերազմը, որն ավարտվեց մեր պարտությամբ: Իհարկե, կարելի է պարտության ողջ մեղավորությունը բարդել Արցախի չորսամսյա նախագահի վրա, և ես ամենևին չեմ հրաժարվում պատասխանատվությունից, բայց, հավատացեք, մեզանից յուրաքանչյուրն ուներ պատասխանատվության իր բաժինը՝ ամեն մեկն իր կարգավիճակի ու կարողությունների չափով: Բոլոր դեպքերում, ես մի քանի անգամ հայտարարել եմ, հիմա հրապարակայնորեն կրկին ներողություն եմ հայցում հայ ժողովրդից՝ մեղավորության իմ բաժնի համար, բայցև նորից հավաստիացնում եմ, որ 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում ես ձեռնարկել եմ բոլոր քայլերն իմ ուժերի ու փաստացի լիազորությունների սահմաններում, գուցեև ավելին:Հավատացնում եմ, որ իրավիճակը ոչ պակաս բարդ էր նաև 44-օրյա պատերազմից հետո, և ստեղծված իրավիճակը պակաս պատասխանատվություն չէր պահանջում: Արցախը կանգնած էր կործանման եզրին, և կրկին ներքին կայունությունն ու ամրությունն ապահովելու ծայրահեղ անհրաժեշտություն կար: Թվում էր, թե հետպատերազմյան հոգեճնշող վիճակը և հոգեֆիզիոլոգիական ծանրաբեռնվածությունը պետք է հաղթած լինեին ինձ, բայց ես ուժ գտա պատասխանատվություն ստանձնելու նաև այդ ժամանակ: Այդ ողջ ընթացքում ես իմ ամբողջ ներուժն ուղղել եմ Արցախում ներքին կայունությունն ամրապնդելուն, այդ պայմաններում ենթադրվող հանցավորության աճը կանխելուն, արցախցիների հայրենադարձությունն ապահովելուն, երկրի սահմանադրական կարգն ու պետականության սյուները կանգուն պահելուն: Այո, որոշ հարցերում հաջողություններ չենք ունեցել, բայց, ընդհանուր առմամբ, ամենակարճ ժամկետում ոչ միայն ուղղել ենք երկրի կորացած մեջքը, այլև կյանքը կրկին վերադարձրել որոշակի կայուն հուն:Գուցե հենց նաև դա էր պատճառը, որ ամեն գնով մեզ ոչնչացնելուն, ցեղասպանելուն պատրաստ Ադրբեջանը 2022թ. դեկտեմբերի 12-ից սկսեց Արցախի շրջափակումը, իսկ 2023թ. հունիսի 15-ից՝ նաև լիակատար պաշարումը: Դա տեղի ունեցավ նաև այն պատճառով, որ, չնայած Արցախի ժողովրդի հանդեպ իրականացվող ամենօրյա սադրանքներին ու բռնաճնշումներին, մեր ժողովուրդը շարունակում էր Արցախը շենացնելու իր սուրբ գործը:Արդեն գրեթե ինն ամիս է՝ Արցախը գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ, իսկ Արցախի պատանդառված ժողովուրդը ենթարկվում է անթաքույց ցեղասպանության: Այս ընթացքում մենք մեր կարողությունների սահմաններում ձեռնարկել ենք բոլոր հնարավոր միջոցները ստեղծված իրավիճակը աշխարհին ներկայացնելու և միջազգային հանրության աջակցությունը ստանալու համար, երկու անգամ հարցը քննարկման առարկա էր դարձել նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, երկուական անգամներ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել են Արցախն ապաշրջափակելու վերաբերյալ որոշումներ, բազմաթիվ հայտարարություններ ու կոչեր են հնչել հարյուրավոր միջազգային սուբյեկտների կողմից: Սակայն ադրբեջանական ագրեսիվ վարքագիծը որևէ կերպ չի կանխվել:Այսօր աշխարհում ձևավորված աշխարհաքաղաքական անկայուն վիճակը, տարածաշրջանային իրադարձություններն ու կանխատեսվող զարգացումները, Արցախում և դրա շուրջ տեղի ունեցող երևույթները, արցախյան ներքաղաքական ու ներհասարակական մթնոլորտն ուղղակիորեն հուշում են, որ առկա է մոտեցումների ու քայլերի փոփոխության, ճկունություն դրսևորելու անհրաժեշտություն: Նշվածին հասնելու համար Արցախում անհրաժեշտ է հիմնական դերակատարների փոփոխություն՝ սկսած ինձնից:Իմ կենսագրությունը և դրա հանդեպ Ադրբեջանի վերաբերմունքը արհեստականորեն ձևավորում են մի շարք պայմաններ, որոնք էական խնդիրներ են հարուցում մեր հետագա քայլերի կառուցման և ճկուն քաղաքականության վարման տեսանկյունից: Բացի դրանից, պատերազմում պարտությունը և դրանից հետո երկրում ստեղծված դժվարություններն էականորեն նվազեցրել են նաև իշխանությունների, հատկապես՝ Նախագահի նկատմամբ վստահությունը, ինչը լրջագույնս խոչընդոտել է պատշաճ կառավարման հետագա ընթացքին: Հետևաբար, պետք է փոփոխությունը սկսել հենց ինձնից: Վաղը ես Արցախի Հանրապետության ժողովրդին ու Ազգային ժողովին եմ ներկայացնելու Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնից հրաժարականի դիմումս: Այս վերջնական որոշումը ես կայացրել եմ երկու օր առաջ՝ հաշվի առնելով վերջին շաբաթների իմ շփումները բոլոր ներքին ու արտաքին դերակատարների և լայն հանրության հետ: Սա իմ ունեցած տվյալների վերլուծության արդյունքների հիման վրա կշռադատված որոշում է՝ կայացված բացառապես իմ կողմից:Նախքան այդ, այսօրվա իմ հրամանագրով Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը, ում տրվել են լայն լիազորություններ: Սամվել Շահրամանյանի ընտրությունը կատարելիս հաշվի եմ առել նրա սկզբունքայնությունը, ճկունությունը, տարբեր պատասխանատու դիրքերում նրա աշխատանքային փորձը և կուտակած գիտելիքները, որոնք անմիջականորեն առնչվում են թե՛ ազգային անվտանգությանը և թե՛ պետական կառավարմանը:Իմ երախտագիտությունն եմ հայտնում Գուրգեն Ներսիսյանին և ուզում եմ հատուկ շեշտել, որ անգնահատելի է 2020թ. 44-օրյա պատերազմի օրերին, դրան հաջորդող ժամանակահատվածում և շրջափակման ընթացքում նրա կատարած աշխատանքի նշանակությունը պետության համար: Նա պետական նախարարի պաշտոնը ստանձնել է Արցախի համար ծանրագույն ժամանակներում, տքնաջան ու թափանցիկ աշխատանք է կատարել այդ դժվարին պայմաններում Արցախի ժողովրդին պատուհասած ծանրությունը մեղմելու ուղղությամբ և պայքարելու, համառորեն ու խիզախորեն առաջ գնալու իր բնավորությամբ կարողացել է հաղթահարել բազմաթիվ խնդիրներ: Համոզված եմ, որ նրա գիտելիքները և սկզբունքային, արդարացի, անզիջում ու հաստատակամ տեսակը շարունակելու են ծառայել Արցախին ու մեր ժողովրդին:Սիրելի՛ հայրենակիցներ, ես շարունակելու եմ ընտանիքիս՝ Արցախում գտնվող անդամների հետ ապրել Արցախում, առավելապես ընդգրկվելու եմ Արցախի անվտանգության ապահովման գործում, շարունակելու եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը Արցախի ապագայի նկատմամբ և աջակցելու եմ երկրի գործող իշխանություններին: Իմ այս քայլն ուղղված է նաև Արցախում ներքին կայունությունն ու հասարակական ամուր կարգն ապահովելուն: Ի հեճուկս բոլոր դժվարությունների, մեր ներքին կայունությունն ու հանրային համերաշխությունը բոլոր հաջողությունների նախապայմանն է, որից ցանկացած շեղում կամ շեղման փորձ պետք է բացառվի:Խաղաղություն, բարօրություն ու հավերժականություն Արցախ աշխարհին ու հայ ազգին»։
12:54 - 31 օգոստոսի, 2023