Բաբկեն Թունյան

8-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։

Ծնվել է 1980թ. սեպտեմբերի 6-ին Երեւանում։

2001թ. ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը: 2003թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Տնտեսագիտության մագիստրոս։ 2007թ.՝ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի (LSE) «Տնտեսագիտություն եւ հանրային կառավարում» երեքամսյա դասընթացը:

Մասնակցել է մի շարք վերապատրաստման դասընթացների՝ Կոնֆլիկտաբանություն եւ բանակցություններ (2006թ., Մարդկային զարգացման միջազգային կենտրոն, Երեւան), Թրեյնինգ՝ թրեյներների (դասախոսների) համար (2006թ., Լոնդոն), աշխատանքային պրակտիկա «BBC Parliament» հեռուստաալիքում (2007թ., Լոնդոն), Ընտրական պրոցեսներ, մամուլի ազատություն, Հայաստան-ԵՄ հարաբերություններ (2011թ., Փարիզ, Ստրասբուրգ), International Visitor Leadership ծրագիր (2011թ., ԱՄՆ)։

1998-1999թթ. եղել է Հայկական Կարմիր խաչի ընկերության փախստականների եւ միգրացիայի բաժին պետի օգնական: 2000-2002թթ.՝ Բնական ակտիվ նյութեր արտադրողների եւ արտահանողների հասարակական կազմակերպության նախագահի օգնական: 2005-2018թթ. աշխատել է «168 ժամ» թերթի եւ 168.am կայքի տնտեսական մեկնաբան, տնտեսական խմբագիր։ 2005-2006թթ.՝ «ԹիՎի 5» հեռուստաալիքի մարզական լուրերի թարգմանիչ եւ խմբագիր: 2007-2009թթ.՝ «3 Միլիոն» ամսագրի գլխավոր խմբագիր: 2009 -2012թթ.՝ «ԲԵ-ՎԻՏ» ընկերության հիմնադիր տնօրեն:

2015թ. հիմնադրել եւ մինչեւ 14.01.2019թ. ղեկավարել է B4B.am տեղեկատվական-վերլուծական հարթակը։

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2023 թ. տնտեսությունն աճել է 8,7 տոկոսով. Բաբկեն Թունյան
 |hetq.am|

2023 թ. տնտեսությունն աճել է 8,7 տոկոսով. Բաբկեն Թունյան |hetq.am|

hetq.am: 2023 թ․-ին տնտեսությունն աճել է 8,7 տոկոսով, ինչը բավականին բարձր ցուցանիշ է: Վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանի տնտեսության իրական աճը կազմել է 29,5 տոկոս, միջին տարեկան աճը եղել է 9,8 տոկոս, ինչը մեր առջեւ դրված թիրախից բարձր է: Այս մասին ասել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը` անդրադառնալով հաշվետու տարվա տնտեսական զարգացումներին եւ գրանցված ցուցանիշներին: «Ազգային ժողովն ապրիլի 11-ի նիստում շարունակվել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկումը: Բաբկեն Թունյանի ներկայացմամբ անցյալ տարվա տվյալներով տնտեսության աճ է գրանցվել գրեթե բոլոր ոլորտներում, բացառությամբ` գյուղատնտեսության, որտեղ արձանագրվել է թեթեւ անկում: Սակայն, ըստ զեկուցողի, ցուցանիշը որոշ չափով պայմանավորված է վիճակագրական տվյալների թերի լինելով: Մշտապես հնչող քննադատություններին ի պատասխան` Բաբկեն Թունյանը նշել է, որ 2023 թվականի դեկտեմբերին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, արձանագրվել է գնանկում` 0,6 տոկոսի չափով, իսկ տարեկան միջին գնաճը կազմել է 2 տոկոս: Նույն ժամանակահատվածում ՀՀ-ում միջին աշխատավարձն աճել է 14,6 տոկոսով. գրանցվել է աշխատավարձերի առաջանցիկ աճ գների նկատմամբ: Արտահանման առաջանցիկ աճ է գրանցվել նաեւ ներմուծման նկատմամբ: Զբոսաշրջության ոլորտում եւս գրանցվել է էական աճ: 2023 թվականին Հայաստան է այցելել ավելի քան 2,3 մլն զբոսաշրջիկ: Աշխատանքի արտադրողականությունը ՀՀ-ում վերջին երեք տարիների ընթացքում աճել է 1,5 անգամ: Գործազրկության մակարդակը կազմել է 12 տոկոս: Պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն անցյալ տարվա վերջին կազմել է 48 տոկոս: Անդրադառնալով կապիտալ ծախսերին` զեկուցողը նշել է, որ անցյալ տարի կապիտալ ծախսերի ճշտված պլանը եղել է 516 մլրդ դրամ, կատարողականը` շուրջ 96 տոկոս: «Այսինքն` մենք մի կողմից բարձրացրել ենք կապիտալ ծախսերի շեմը եւ ապահովել նաեւ ավելի բարձր կատարողական, ինչը նշանակում է, որ մեր տնտեսական աճի պոտենցիալը գալիք տարիների համար բավականին ավելացել է»,- մանրամասնել է Բաբկեն Թունյանը` հավելելով, որ անցյալ տարի եղել են ֆորս-մաժորային այնպիսի իրավիճակներ, ինչպիսին էր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 100 հազար մեր հայրենակիցների տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն: Այս գործընթացը, զեկուցողի ներկայացմամբ, բավականին ծավալուն աշխատանք է պահանջել թե' ֆինանսական եւ թե' ռեսուրսների առումով: Հանձնաժողովի նախագահի տեղակալի գնահատմամբ այս ամենով հանդերձ Հայաստանի տնտեսությունը ցուցադրել է բարձր դիմադրողականություն եւ կարողացել է պատշաճ արձագանքել առկա մարտահրավերներին։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը բավականին արդյունավետ է աշխատել Կառավարության հետ, ընդունվել են բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ, փոփոխություններ, լրացումներ` ուղղված տնտեսական միջավայրի բարելավմանը: Զգալիորեն բարելավվել է հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը: Ի պատասխան պատգամավոր Արթուր Խաչատրյանի դիտարկմանը, թե տնտեսական աճի տեմպերը մեկ երրորդով դանդաղել են` Բաբկեն Թունյանը պատասխանել է. «Մենք ունենք Կառավարության ծրագրով սահմանված թիրախ` առնվազն տարեկան 7 տոկոս տնտեսական աճ եւ մենք համեմատում ենք դրա հետ»: Հանձնաժողովի նախագահի տեղակալն անդրադարձել է նաեւ մասնավոր տրանսֆերտների նվազմանն ու ոսկերչական արտադրատեսակների աճին վերաբերող հարցերին: Նրա ներկայացմամբ անցյալ տարվա վերջից սկսած ՀՀ-ում էականորեն աճել է ոսկյա զարդերի արտադրությունն ու արտահանումը»,- ասված է ԱԺ հաղորդագրության մեջ:
13:34 - 11 ապրիլի, 2024
Սա կառավարության անկեղծ զեկույցը պետք է լիներ, այլ ոչ թե թիթեռնիկների և ոսկե զարդերի նկարներ. Արթուր Խաչատրյան
 |panorama.am|

Սա կառավարության անկեղծ զեկույցը պետք է լիներ, այլ ոչ թե թիթեռնիկների և ոսկե զարդերի նկարներ. Արթուր Խաչատրյան |panorama.am|

panorama.am: «Տնտեսական աճի տեմպերը 1/3-ով դանդաղել են, արդյո՞ք 2023 թվականի զեկույցի մեջ այդ հարցին չպետք է անդրադարձ լիներ»,-ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ-ական Բաբկեն Թունյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նա հայտնեց, որ ֆիզիկական անձանց անունով դեպի Հայաստան դրամային զուտ ներհոսքը 2022 թվականի համեմատ ընկել է և նախկին 50 %-ի փոխարեն նախորդ տարի կազմել է՝ 30%, ընթացիկ տարում՝ 20%։Ընդդիմադիր պատգամավորը նաև հարցրեց, թե արդյո՞ք զեկույցում չպետք է ներառվեր այն փաստը, որ 2023 թվականին մեկ ամսում ոսկերչական իրերի արտադրությունը Հայաստանում աճեց 14 անգամ։ ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց, որ տնտեսության ակտիվության անկումը պետք է դիտարկել բազիսային տվյալների վրա և կարելի է, ոչ թե 2022 թվականի բարձր ցուցանիշների հետ համեմատել,այլ՝ 2021 թվականի, իսկ կառավարությունը իր առաջ դրել է 7 % տնտեսական աճի թիրախը, որն էլ իրագործում է։ Թունյանի խոսքով, եթե Խաչատրյանի բոլոր հարցերը 2023 թվականի կառավարության կատարողականի զեկույցում ներառվեր, ապա այն ծավալուն կլիներ և ոչ մեկը չէր կարդա։ Արթուր Խաչատրյանն ասաց, որ տնտեսության մեջ կան լուրջ խնդիրներ և դրանք պետք է ներառվեին հաշվետվության մեջ։ «Դրամի զուտ ներհոսքը նավեզել է, փողը ժամանակին գալիս մնում էր Հայստանում, հիմա գալիս է՝ բարևում ու գնում է»,-ասաց Խաչատրյանը և, նշելով, որ կատավարությունը պետք է այդ խնդիրներին անդրադարձ կատարեր, ինչը չի արել՝ հավելեց, «Սա կառավարության անկեղծ զեկույցը պետք է լիներ, այլ ոչ թե թիթեռնիկների և ոսկե զարդերի նկարներ»։
12:35 - 11 ապրիլի, 2024
Ավտոմեքենաների տեխզննության ժամանակ կարող է պահանջվել վճարել միայն նախորդ տարիների պարտքը. ԱԺ պատգամավորները շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ

Ավտոմեքենաների տեխզննության ժամանակ կարող է պահանջվել վճարել միայն նախորդ տարիների պարտքը. ԱԺ պատգամավորները շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ

ՀՀ ԱԺ պատգամավորներ Բաբկեն Թունյանն ու Նարեկ Զեյնալյանը շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ: Ինչպես տեղեկանում ենք Բաբկեն Թունյանի «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառումից, նախագծի ընդունվելու դեպքում ավտոմեքենաների տեխզննության ժամանակ կպահանջվի վճարել միայն նախորդ տարիների պարտքը՝ հնարավորություն տալով գումարները տնօրինել ըստ հայեցողության՝ մինչև դեկտեմբերի 1-ը։ «Հարկային օրենսգրքով սահմանված է, որ յուրաքանչյուր տարվա գույքահարկը կարելի է վճարել մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։ Սակայն, միևնույն ժամանակ, օրենսգրքով սահմանված մեկ այլ դրույթ ֆիզիկական անձանց պարտավորեցնում է տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար փոխադրամիջոցների գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարել մինչև փոխադրամիջոցները տվյալ հարկային տարվա տեխնիկական զննության ներկայացնելը: Այսինքն, եթե դուք մեքենան տեխզննման եք տանում, օրինակ՝ հունվարին կամ փետրվարին, և գույքահարկի գծով նախորդ տարիներից պարտք չունեք, միևնույն է՝ ստիպված եք լինում վճարել այդ տարվա ամբողջ գույքահարկը»,- նշված է պատգամավորի գրառման մեջ:
12:09 - 07 մարտի, 2024
Խորհրդարանը շարունակել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկումը

Խորհրդարանը շարունակել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկումը

Ազգային ժողովը փետրվարի 29-ի նիստում շարունակել է քննարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Կառավարությունն այդ պաշտոնում առաջադրել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Արծվիկ Մինասյանը: Խմբակցության քարտուղարն անդրադարձել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցին, որը տեղի է ունեցել երեկ: Հիշեցնենք, որ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել էր Դավիթ Բալայանի թեկնածությունը: Արծվիկ Մինասյանը քննադատել է իշխող խմբակցությանը, որը չէր մասնակցել գաղտնի քվեարկությանը, ինչի արդյունքում Դավիթ Բալայանը չէր ընտրվել։ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ է ունեցել Բաբկեն Թունյանը: Արձագանքելով Արծվիկ Մինասյանի ելույթին՝ Բաբկեն Թունյանը նշել է, թե երեկ հավանաբար առաջին նախադեպն էր, որ ընդդիմությունն ամբողջ կազմով մասնակցել է ընտրության: Պատգամավորը հստակեցրել է՝ խմբակցությունն օգտվել է իրեն վերապահված իրավունքից, քանի որ համապատասխան օրենքի համաձայն պատգամավորը կարող է ընտրել, չընտրել կամ չմասնակցել ընտրության: «Շատ կարեւոր կառույցի նախագահի ընտրության հարցն է»,- վերադառնալով քննարկվող հարցին՝ ասել է Բաբկեն Թունյանը՝ նշելով, որ սա այն կառույցն է, որի հետ կապված խնդիրներն ու հարցերը բազմաթիվ են, քանի որ առնչվում են բոլոր քաղաքացիներին ամենօրյա գործունեության մեջ: Պատգամավորը տեղեկացրել է, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն արդյունավետ աշխատել է կառույցի հետ, ունեցել բազմաթիվ քննարկումներ: Եզրափակիչ ելույթում Գարեգին Բաղրամյանն անդրադարձել է պատգամավորների հարցադրումներին, տվել պարզաբանումներ:
12:46 - 29 փետրվարի, 2024
Վլադիմիր Զելենսկու այցը Հայաստան անհավանական չեմ համարում. Բաբկեն Թունյան |tert.am|

Վլադիմիր Զելենսկու այցը Հայաստան անհավանական չեմ համարում. Բաբկեն Թունյան |tert.am|

tert.am: Որպես պատգամավոր և խմբակցության անդամ տեղեկություն չունեմ, ենթադրում եմ, որ խմբակցության մյուս անդամները նույնպես, բայց անհավանական չեմ համարում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Հայաստան հնարավոր այցին։ Հարցին՝ այցը վտանգներ չի՞ պարունակի արդյոք, Թունյանը պատասխանեց․ «Ես ինձ դրա մասնագետը չեմ համարում, մտածելու տեղիք կարող է լինել և չլինել։ Դրական կամ բացասական գնահաական չեմ ուզում տալ, ի վերջո Ուկրաինայի նախագահը երկրի ընտրված ղեկավար է և ինչպես մյուս ղեկավարները, եթե հատուկ արգելք չա, կարող է այցելել Հայաստան։ Ամեն ինչի մեջ էլ եթե փնտրում եք, կարող եք հակառուսական երանգ տեսնել»,- ասաց նա։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է, Թունյանն ասաց․ «Այս պահին վարչապետը նկատի ունի, որ այդ կառույցում մեր ակտիվությունը գրեթե սառեցված է, ինչը գաղտնիք չէ։ Մենք հիմնականում գործողություններին չենք մասնակցում ու կարող ենք ասել, որ ոչ թե Հայաստանն է հեռացել ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է հեռացել Հայաստանից»։ Հարցին՝ առաջարկե՞լ են արդյոք իրեն զբաղեցնել Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, Թունյանը պատասխանեց, որ նման քննարկում եղել է։ «Ես արտահայտվել եմ, որ ԱԺ-ոմ մեր անելիքները պակաս չեն։ Բայցևայնպես, եթե որոշումն այնպես լիներ, որ ես աշխատեի գործադիրում, կքննարկվեր հարցը»,- ասաց Բաբկեն Թունյանը։
13:05 - 26 փետրվարի, 2024
Առաջարկվում է «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն հանել մասնավորեցման ցանկից. նախագիծ

Առաջարկվում է «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն հանել մասնավորեցման ցանկից. նախագիծ

Գործադիրը, փոփոխություն կատարելով Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրում, առաջարկում է մասնավորեցման ցանկից հանել «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 31-ի նիստում: Այն վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, հայտնում են ԱԺ-ից: Զեկուցողի տեղեկացմամբ վերոնշյալ կազմակերպությունը տասնյակ տարիներ փաստացի գործունեություն չի իրականացրել: Նշվել է, որ 2013 թվականին այն հանվել է մասնավորեցման ցանկից և փոխանցվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ որոշակի ծրագրեր իրականացնելու նպատակով: Առնակ Ավետիսյանի խոսքով՝ դրանք չեն իրականացվել, և կազմակերպությունը նորից ընդգրկվել է մասնավորեցման ծրագրում: «Մենք այս ընթացքում ինտենսիվ աշխատել ենք կազմակերպության համար ներդրումներ ներգրավելու ուղղությամբ, սակայն, արդյունքում, որևէ առաջարկ չենք ստացել»,- ընդգծել է Կառավարության ներկայացուցիչը և հավելել՝ պաշտպանության նախարարությունը դիմել է Պետական գույքի կառավարման կոմիտե՝ առաջարկելով զինված ուժերի կարիքների համար օգտագործելու նպատակով իրենց հատկացնել կազմակերպության գույքը: Զեկուցողը փաստել է, որ Կառավարության որոշումը կայացվել է, գույքը հանվել է կազմակերպության հաշվեկշռից և դարձել է պետական սեփականություն: Ըստ Առնակ Ավետիսյանի՝ մշակվում է «Պետական գույքի կառավարման մասին» նոր օրենքը, որը թույլ կտա վերացնել իրավական բացերն ու անհամապատասխանությունները. «Փորձում ենք իրականացնել  պետական գույքի կառավարման համակարգը և դրա նպատակադրումները փոխելու քաղաքականություն»: ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: 
17:09 - 31 հունվարի, 2024
Տաքսու վարորդներից 1 մլն դրամ չի գանձվի, նրանք 2-3 տոկոսի չափով տուրք են վճարելու․ Բաբկեն Թունյանը պարզաբանեց |aravot.am|

Տաքսու վարորդներից 1 մլն դրամ չի գանձվի, նրանք 2-3 տոկոսի չափով տուրք են վճարելու․ Բաբկեն Թունյանը պարզաբանեց |aravot.am|

aravot.am: Տաքսիների վարորդները 1 մլն դրամ տուրք չեն վճարի, այսօր Ազգային ժողովի նիստում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի ընդունմանը։ Դրանով որոշակի փոփոխություններ են սահմանված տաքսի ծառայությունների, մասնավորապես, օնլայն տաքսիների համար։ «Այս վերջին 2-3 օրվա ընթացքում ինձ զանգահարել ու գրել են մեր բազմաթիվ գործընկերներ՝ հարցեր ունենալով դրա հետ կապված։ Ինչ-որ թյուրընկալում է եղել, որ մենք յուրաքանչյուր տաքսի շահագործողի համար 1 մլն դրամ տուրք ենք սահմանում։ Ուզում եմ ասել, որ նման բան չկա, 1 մլն դրամ սահմանվում է միայն օպերատորների համար տարեկան մեկ անգամ, իսկ յուրաքանչյուր տաքսի շահագործող ընդամենն իր ամեն պատվերից 2-3 տոկոսի չափով տուրք է վճարելու, որն ավտոմատ գանձվելու է։ Այսինքն՝ այդ 1 մլն դրամ տուրքը մեր տաքսի վարող համաքաղաքացիներին չի վերաբերվում։ Խնդրում եմ այս ինֆորմացիան տեղ հասցնել, եւ իմացեք, որ նման խոսակցություններն իրականության հետ կապ չունեն»,- ասաց Թունյանը։  
10:48 - 11 դեկտեմբերի, 2023
Ազգային ժողովը մերժեց ավազն ապօրինի արդյունահանելու մասին փոփոխությունների փաթեթը
 |aravot.am|

Ազգային ժողովը մերժեց ավազն ապօրինի արդյունահանելու մասին փոփոխությունների փաթեթը |aravot.am|

aravot.am: Ազգային ժողովն այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ չընդունեց կառավարության կողմից ներկայացված «Ընդերքի մասին» օրենսգրքում լրացումներ կատարելու մասին եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց, որ խմբակցությունը ձեռնպահ կքվեարկի այս նախագծին, եւ քվեարկությունից անմիջապես հետո հիմնական զեկուցողը կարող է առաջարկներով հանդես գալ, որպեսզի նախագիծը վերադառնա քննարկումների փուլ՝ առաջին ընթերցում։ Հիմնական զեկուցող ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն ասաց, որ առաջարկում է նախագծերի քննարկումը վերադարձնել նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկների ներկայացման փուլ։ Բաբկեն Թունյանը մայիսի 23-ի ԱԺ նիստում ասել էր․ «Այս փուլում, երբ ՀՀ-ում ընթանում են ծավալուն շինարարական աշխատանքներ շինանյութերի, այդ թվում` ավազի նկատմամբ պահանջարկը զգալիորեն մեծացել է: Մեծացել է նաեւ ավազն ապօրինի կերպով արդյունահանելու գայթակղությունը, ինչի հետեւանքով ոչ միայն պետական բյուջեն է վնասվում, այլեւ շրջակա միջավայրին անդառնալի վնասներ են պատճառվում: Հուսով եմ` մենք միասին կկարողանանք ստեղծված իրավիճակը հնարավորինս արագ եւ արդյունավետ հաղթահարել»,- ասել է Բաբկեն Թունյանը: Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանային շերտում սահմանային գետի գետաողողատներից ավազի արդյունահանում իրականացվող ընդերքօգտագործողի կողմից տվյալ գետի հունից ավազի արդյունահանման դեպքում ընդերքօգտագործման իրավունքը լիազոր մարմնի որոշմամբ կասեցնել մինչեւ վարչական իրավախախտման վերաբերյալ գործով կայացված որոշումն ուժի մեջ մտնելը: Ընդ որում, ընդերքօգտագործման իրավունքը կասեցնելու վերաբերյալ լիազոր մարմնի որոշումը ենթակա է անհապաղ կատարման: Ըստ կառավարության՝ նախագծերի փաթեթի ընդունմամբ կկարգավորվեն ափապաշտպան արգելապատնեշների կառուցման համար գետի ավազն օգտագործելու նպատակով միանգամյա թույլտվության տրամադրման հետ կապված հարաբերությունները:
11:11 - 24 մայիսի, 2023
ԱԺ հանձնաժողովը հավանություն չտվեց արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզավորումը պարզեցնող նախագծին
 |armenpress.am|

ԱԺ հանձնաժողովը հավանություն չտվեց արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզավորումը պարզեցնող նախագծին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որն օրինակ, փոփոխություններ է առաջարկում արտադրական կանեփի հետ կապված գործունեության՝ արտադրության, ներմուծման, արտահանման լիցենզիա ստանալու կարգում: «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար հանձնաժողովին ներկայացրեց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը: «Գործող օրենսդրությամբ տնտեսավարողներից պահանջվում է անպայման լիցենզավորման փաստաթղթերի հետ մեկտեղ նաև բիզնես ծրագրի ներկայացնում: Մեր փորձառությունը ցույց է տվել, որ դրա կարիքը չկա»,-ասաց Նանուշյանը: Այսպիսով, արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզավորման համար բիզնես ծրագիր ներկայացնելու պահանջը նախատեսվում է հանել: Նախագծի առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում լրացվել են որոշակի սահմանումներ, օրինակ՝ արտադրական կանեփի չորացված զանգված հասկացությունը: Կառավարության համար սահմանվել են որոշակի լիազորություններ, օրինակ՝ ոչնչացման պահանջները սահմանելու համար: «Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում առաջարկվել է մեկ տարին դարձնել 2 տարի: Տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն ենք տալիս մինչև 2 տարվա ընթացքում պատրաստել արտադրությունը՝ կառույցները հիմնելով և մնացած պահանջները սահմանելով: Մտահոգություն էր հնչել, որ հնարավոր է՝ որոշ դեպքերում մեկ տարին բավարար չի լինում այդ ամենը նախապատրաստելու»,-ասաց Նանուշյանը: 2021-ին ընդունված օրենքով Հայաստանում թույլատրվելու են արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումը, մեծածախ առևտուրը: Արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումն ու մեծածախ առևտուրը հանդիսանում են լիցենզավորման գործունեության տեսակ:  Հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց, թե արդյոք 2 տարի առաջ օրենքի ընդունումից հետո առկա տնտեսական ակնկալիքները չեն արդարացե՞լ և հիմա ներկայացված նախագծով փորձում են այդ խոչընդոտները վերացնե՞լ, որ այդ բիզնեսը զարգանա: Նանուշյանը պատասխանեց, որ 1.5-2 տարիների ընթացքում, երբ օրենքը և ենթաօրենսդրական ակտերը սկսեցին գործել և լիցենզավորման գործընթացը սկսվեց, վերհանեցին որոշ խնդիրներ, խոչընդոտներ: «Եվ հիմա դրանք վերացնելով՝ նպատակ ենք հետապնդում, որ օրենքն ավելի արդյունավետ կիրարկվի»,-նշեց նա: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց՝ երբ 2 տարի առաջ քննարկել են արտադրական կանեփի զարգացումը, ցանկացել են այնպիսի կարգավորումներ ունենալ, որի արդյունքում կստեղծվի ոլորտ, որը զգալի կլինի տնտեսության մեջ: «Հիմա, 2 տարի անց, երբ մենք ունենք 1 ընկերություն, որը «ախորժակը կորցրել է» այս բիզնեսի նկատմամբ ու փակվելու մտադրություն էլ ունի, կարիք կա մոդելն ընդհանրապես վերանայելու»,-ասաց նախարարը: Ըստ նախարարի՝ դա նաև գյուղատնտեսության ճյուղ է, նաև հնարավորություն կա դեգրադացված հողերի վրա այդ արդյունաբերությունը զարգացնել, լավացնել հողերը, զարգացնել գյուղատնտեսությունը: Սակայն Բաբկեն Թունյանը կարծիք հայտնեց, որ նախագիծը էական խնդիր չի լուծելու, բացի այդ՝ վստահ չէ, որ այն լրացուցիչ խնդիրներ չի առաջացնելու: Պատգամավորը ցանկություն հայտնեց առանձին աշխատանքային քննարկման ձևաչափով խոսել դրանց մասին: «Կարծում եմ՝ եթե տնտեսվարողները 2 տարի դիմացել են, 1 ամիս էլ կդիմանան»,-ասաց նա՝ առաջարկելով հետաձգել նախագիծը: Փոխնախարարը, սակայն, դեմ արտահայտվեց հետաձգելուն՝ հավելելով, որ տնտեսվարողներն այդպիսով շարունակելու են խոչընդոտներ ունենալ: Թեև նախագիծը հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացավ, սակայն կքննարկվի լիագումար նիստում:
12:57 - 17 մայիսի, 2023
Եթե նախապայմաններ չլինեին, հայ-թուրքական սահմանը շուտվանից բացված կլիներ. Թունյան |armenpress.am|

Եթե նախապայմաններ չլինեին, հայ-թուրքական սահմանը շուտվանից բացված կլիներ. Թունյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համատեքստում հայկական կողմի թեզն այն է, որ Թուրքիան չպետք է կախվածության մեջ մտնի երրորդ երկրների հետ Հայաստանի հարաբերություններից: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Թուրքիան Ադրբեջանի գործոնը որպես նախապայման չի՞ դիտվում հայ-թուրքական հարաբերություններում: «Մենք խոսում ենք առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման մասին: Բնականաբար, եթե նախապայմաններ չլինեին, այդ սահմանը շուտվանից բացված կլիներ: Հիմա, եթե մեր առաջ նախապայմաններ են քաշում, մենք էլ ասում ենք, որ ունենք մեր կարմիր գծերը և տեսլականը: Իսկ դա այն է, որ երկրներն իրար հետ պետք է ունենան նորմալ հարաբերություններ: Երկու երկիր իրար հետ հարաբերությունները կարգավորելու ժամանակ չպետք է կախվածության մեջ մտնեն երրորդ երկրների հետ մեր հարաբերություններից»,-ասաց պատգամավորը: Սա է հայկական կողմի թեզը: Թունյանի կարծիքով՝ այդ թեզը հասկանալի է նաև միջազգային հանրության համար: Հայաստանը և Թուրքիան ավելի վաղպայմանավորվածություն էին ձեռք բերելհայ-թուրքական սահմանը ամռան սկզբին բացել՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։
13:44 - 10 մայիսի, 2023
Պատգամավորը հույս ունի, որ Ալեն Սիմոնյանի այցն Անկարա կնպաստի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը
 |armenpress.am|

Պատգամավորը հույս ունի, որ Ալեն Սիմոնյանի այցն Անկարա կնպաստի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը |armenpress.am|

armenpress.am: Երևանում տեղադրված «Նեմեսիս» հուշարձանի հետ կապված հարցը քննարկման առարկա է դարձել ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփի հանդիպմանը: Այս մասին հայտնեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Բաբկեն Թունյանն ասուլիսում՝ ամփոփելով մայիսի 4-5 Անկարայում տեղի ունեցած նիստի արդյունքները:  Նիստի օրակարգը հագեցած է եղել, քննարկվել են տարբեր հարցեր: Հայկական պատվիրակության անդամ Գևորգ Պապոյանը նշեց՝ կազմակերպությունը տնտեսական բնույթի է, բայց տարբեր երկրների միջև կան կոնֆլիկտներ, և նաև դրա պատճառով տնտեսական օրակարգը մղված է երկրորդ պլան, և երկրներն ավելի շատ քաղաքական հարցեր են քննարկում: Նիստին մասնակցել է նաև ԱԺ նախագահը՝ երկրների խորհրդարանների խոսնակների հանդիպմանը: Ըստ Բաբկեն Թունյանի՝ Ալեն Սիմոնյանի այցը Թուրքիա բավականին կարևոր փաստ է: «Եվ հույս ունենք, որ դա կնպաստի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ չնայած այն բոլոր բարդ խնդիրներին ու մարտահրավերներին, որ մեր առջև ծառացած են»,-ասաց Թունյանը: Պատգամավորը նաև անդրադարձավ հարցին, թե նիստի շրջանակում արդյոք քննարկվե՞լ է Երևանում «Նեմեսիս» հուշարձանի հարցը, որի տեղադրումը Թուրքիայում մեծ արձագանք էր ստացել, Թուրքիան դրանից հետո անգամ փակեց օդային տարածքը՝ Հայաստանից երրորդ երկրներ թռիչքների համար։ ««Նեմեսիս»-ի հուշարձանի հետ կապված հարցը քննարկման առարկա դարձել է Ալեն Սիմոնյանի և Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսաթաֆա Շենթոփի հետ հանդիպման ժամանակ, որին մասնակցում էինք նաև մենք: Թուրքական կողմը նշել է, որ իրենց համար հասկանալի չէ, թե ինչպես կարելի է հարաբերությունների կարգավորման ջանքերի ֆոնին այդ հուշարձանը բացել: Պարոն Սիմոնյանը պատասխանել է, որ, եթե կա հարաբերությունները կարգավորելու կամք, ապա չենք կարծում, որ նման իրադարձությունները կարող են խոչընդոտ հանդիսանալ հարաբերությունների կարգավորման համար, որովհետև շատ ավելի կարևոր խոչընդոտներ են եղել, կան ու, գուցե, դեռ լինեն»,-պատմեց Թունյանը: Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարել էր՝ եթե հուշարձանը չհեռացվի, դրան պատասխան քայլեր կհետևեն: Սակայն Թուրքիայում գտնվող հայկական պատվիրակությանը ուղիղ նման բան չի ասվել: Բաբկեն Թունյանը նշեց՝ հարց տվողները շատ լավ գիտեն հայկական պատվիրակության լիազորությունները և քննարկվող հարցերի շրջանակը: Նիստի ընթացում Բաբկեն Թունյանն ընտրվել է կազմակերպության նախագահի տեղակալի պաշտոնում:
12:07 - 10 մայիսի, 2023
Որ հաստատ կլինի, դեռ չի կարելի ասել. էկոնոմիկայի նախարարը` Գյումրիում չոր նավահանգիստ հիմնելու մասին |factor.am|

Որ հաստատ կլինի, դեռ չի կարելի ասել. էկոնոմիկայի նախարարը` Գյումրիում չոր նավահանգիստ հիմնելու մասին |factor.am|

factor.am: Այսօր Գյումրիում կառավարության մի քանի ներկայացուցիչների՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի, Պետական եկամուտների կոմիտեի նախարար Ռուստամ Բադասյանի, Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագիրը կրող բիզնես ֆորում։ Էկոնոմիկայի նախարարը մանրամասներ ներկայացրեց Գյումրիում «չոր նավահանգիստ» հիմնելու ծրագրի ընթացքի մասին։ «Չոր նավահանգիստ», ըստ էության, ինդուստրիալ պարկ է, որտեղ լինելու են արդյունաբերական ենթակառուցվածքներ, շենքեր, հոսանքի, ջրի, գազի աղբյուրներ, տարածքներ, որտեղ հնարավոր է հեշտ արդյունաբերական ընկերություն ստեղծել, բայց նաև կոնտեներային տերմինալ, որը թույլ է տալիս, որպեսզի այդտեղ հավաքվեն բեռներ նաև ուրիշ տեղերից, նաև լոգիստիկ կենտրոն դառնա։ Հիմա այս ծրագիրը, որը նախնական հավանության արժանացել է, գտնվում է խորը ուսունասիրության փուլում։ Մենք շփվում ենք այնպիսի ընկերությունների հետ, որոնք, հնարավոր է , հետաքրքրված լինեն, մի քանի ընկերություններ նախնական հետաքրքրություն հայտնել են «չոր նավահանգստի» օպերատորությունն անել, տեսնենք, պրոցեսի դեռ 10 տոկոսն ենք անցել և ասել դրա մասին, որ հաստատ կլինի, դեռ չի կարելի ասել։ Էսօրվա մեր թվերը ցույց են տալիս, որ դա խոստումնալից նախաձեռնություն է, մենք հավատով առաջ ենք գնում։ Ես կարծում եմ, եթե իրադարձությունները հաջող գնան, մենք տարվա վերջ կարող ենք մրցույթ հայտարարել էն ընկերությանը ընտրելու համար, որը պետք է ներդրումները և կառավարումն իրականացնի չոր նավահանգստի, դա պետք է լինի միջազգային առաջնակարգ ընկերություն, դա «չոր նավահանգստի» հաջողության առաջնային, գլխավոր պայմանն է»,-ասաց էկոնոմիկայի նախարարը։
20:06 - 11 մարտի, 2023
Գյումրիում մեկնարկեց «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագիրը կրող պանելային քննարկումը
 |armenpress.am|

Գյումրիում մեկնարկեց «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագիրը կրող պանելային քննարկումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համագործակցությամբ Գյումրու «Թումո» կենտրոնում մարտի 11-ին  մեկնարկեց «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագիրը կրող պանելային քննարկումը, որի նպատակը պետություն-մասնավոր երկխոսության հարթակի միջոցով Շիրակի մարզի տնտեսական զարգացման հեռանկարներն ու առկա խնդիրները բացահայտելը, ինչպես նաև՝ բիզնեսին ուղղված պետական աջակցության ծրագրի շրջանակն ու հնարավորությունները ներկայացնելն է։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը, ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, գործարարներ: Մեկ հարթակում քննարկվեցին  մարզի տնտեսական զարգացման հեռանկարներն ու առկա խնդիրները, ինչպես նաև ներկայացվեցին բիզնեսին ուղղված պետական աջակցության ծրագրի շրջանակն ու հնարավորությունները։ ««Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագրով միջոցառումը հնարավորություն է տալիս գործարարին հանդիպելու ոլորտի պատասխանատուների հետ։ Տնտեսական ակտիվության ապահովման կարևոր բաղադրիչը մարզում գործունեություն ծավալող, աշխատատեղ ստեղծող ու հարկ վճարող բիզնեսն է։ Փորձը ցույց է տվել, որ գործարարի առաջ քաշած խնդիրներն ու առաջարկները պատասխանատու անձանց հետ քննարկելն ու առաջնահերթությունները առանձնացնելը խիստ կարևոր են բիզնեսի զարգացման ու տնտեսական կայունության ապահովման տեսակետից: Ի դեպ, Հանրապետության 1000 խոշոր հարկատուներից մեր մարզում գրանցված 18-ը պետությանը վճարում են 10 մլրդ դրամից ավելի գումար»,-իր խոսքում նշեց ԱԺ-ի՝ Շիրակի մարզը ներկայացնող պատգամավոր Դավիթ Առուշանյանը: Միջոցառմանը ներկա ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոսելով պետության կողմից արտադրողականության ավելացմանը նպաստող բաղադրիչներից, առանձնացրեց սարքավորումների մոդեռնիզացիայի ծրագիրը, որի շրջանակներում, փետրվարի 1-ի դրությամբ, 1245 ընկերություն շուրջ 74  մլրդ. դրամի նոր սարքավորումներ է ձեռքբերել: «Կառավարությունն իրականացնում է ձեռքբերված սարքավորումների վարկերի սուբսիդավորումը: Այստեղ ուզում եմ շեշտել «նոր» բառը, որովհետև մենք ուզում ենք, որ ընկերությունները գնեն նոր, բարձր արտադրողականությամբ, էներգոարդյունավետ  սարքավորումներ, և բարձրացնեն իրենց արտադրողականությունը»,-նշեց նախարարը՝ խորհուրդ տալով բոլորին օգտվել այս ծրագրից: Քերոբյանը նաև խորհուրդ տվեց օգտվել օտարերկրյա բարձրագույն որակավորում ունեցող  մասնագետների ծառայություններից:  «Եթե ձեր բիզնեսի համար վարձում եք բարձր որակավորում ունեցող մասնագետ, ով սովորել է աշխարհի լավագույն  400 համալսարաններից մեկում, կամ աշխատել է առաջնակարգ ընկերություններում, ապա Կառավարությունը պատրաստ է նրա աշխատավարձի որոշակի տոկոս սուբսիդավորի»,-նշեց նախարարն՝ ընդգծելով, որ դա արվում է Հայաստանում բացակայող գիտելիքները Հայաստան բերելու նպատակով:  Որպես արտադրողականությունը բարձրացնող  բաղադրիչներ,  նախարարը նշեց նաև թվային տրանսֆորմացիան և նորարարությունների կիրառումը: Այն, որ նմանատիպ հանդիպում-քննարկումների կարիքը մեծ է, հաստատեց  Բաբկեն Թունյանը՝  վստահեցնելով՝ նման կազմով մարզ են եկել գործարարներին հուզող խնդիրներն ու առաջարկները լսելու, հնարավորության դեպքում՝ հարցերին անմիջապես պատասխանելու, կամ՝ դրանք Կառավարությանը փոխանցելու նպատակով: Նմանատիպ հանդիպումներ նախատեսվում են նաև մյուս մարզերում:
17:58 - 11 մարտի, 2023
Այսօր Ազգային ժողովում արտահերթ նիստ կգումարվի՝ ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ․ Բաբկեն Թունյան

Այսօր Ազգային ժողովում արտահերթ նիստ կգումարվի՝ ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ․ Բաբկեն Թունյան

Այսօր Ազգային ժողովում խորհրդարանական լսումներ են հրավիրված, որոնք վերաբերում են «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը։   Նախագծով, հիշեցնենք, նախատեսվում է Հայաստանում ներդնել ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրման համակարգ։ Օրեր առաջ խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել էր նախագիծը։ Խորհրդարանական լսումների սկզբում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը ասաց՝ լսումներն էքստրաօրդինալ իրավիճակում են անցկացում՝ ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու հետ կապված․ «Դրա հետ կապված մենք նաև այսօր Ազգային ժողովում արտահերթ նիստ ենք ունենալու՝ 1-ից 1 անց կեսի կողմերը։ Կխնդրեմ, որ ռեգլամենտը պահենք, այսինքն՝ հարցերին, ելույթներին հատկացված ժամանակի մեջ փորձենք տեղավորվել, որ բոլորը հասցնեն իրենց կարծիքները արտահայտել։ Նաև ուզում եմ այս առիթով նշել, որ կարող են լինել քննադատություններ կամ տեսակետներ, որ մենք այս իրավիճակում  եկամուտների հայտարարագրման հարց ենք քննարկում, բայց սա որոշվել էր դեռևս երկու շաբաթ առաջ՝ հանձնաժողովի նիստում, և օրենքով մենք այս լսումները պետք է անցկացնենք, այսինքն՝ սա մյուս հարցի հետ խառնել չի կարելի։ Մյուս հարցը նույնպես խորհրդարանի ուշադրության կենտրոնում է գտնվում և այդ հարցով, ինչպես նշեցի, կլինի համապատասխան հայտարարություն Ազգային ժողովի կողմից»։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը դադարեցրել է դեպի Արցախ գազամատակարարումը։ 
11:48 - 14 դեկտեմբերի, 2022