Ալավերդի

Ալավերդի, հանքարդյունաբերական քաղաք Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի համայնքում՝ Դեբեդ գետի նեղ կիրճի զառիթափ լանջերին և Սանահինի սարահարթում։Որոշ պատմական աղբյուրներ պնդում են, որ քաղաքը, որպես ավան, ձևավորվել է 19-րդ դարի վերջերին, երբ 1899 թվականին մի ձուլարան կառուցվեց այսօրվա վայրում, որտեղ մինչ այդ գիհիների խիտ անտառ և Սանահին գյուղի մրգատու այգիներ էին։

Սանահինը՝ որպես առանձին բնակավայր, կներառվի Ալավերդի համայնքում. նախագիծ

Սանահինը՝ որպես առանձին բնակավայր, կներառվի Ալավերդի համայնքում. նախագիծ

Օրենսդրական առաջարկով Սանահին թաղամասը կառանձնացվի Ալավերդի բնակավայրից եւ կներառվի Ալավերդի համայնքում՝ որպես առանձին բնակավայր: Գործադիրը նման լրացում է առաջարկում «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում: Հարցը քննարկվել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Ըստ ԱԺ հաղորդագրության ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ Սանահինը պատմամշակութային, զբոսաշրջային զարգացող ուղղություններից է, եւ որպես առանձին բնակավայր հատկորոշումը կարեւորվում է բոլոր զբոսաշրջային ուղեցույցներում եւս: Նշվել է, որ նախաձեռնությունը նաեւ համայնքի ավագանունն է: Փոխնախարարի խոսքով օրենսդրական առաջարկը ծախսերի, ինչպես նաեւ համահարթեցման դոտացիայի բաշխման առումով էական ազեցություն չի ունենա: «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Արմեն Ղազարյանի խոսքով նմանատիպ շատ համայնքներ կան, հետեւաբար՝ այս մոտեցումը ինչո՞ւ չի կիրառվում նաեւ դրանց մասով: Ի լրումն այս տեսակետի՝ Վաչե Տերտերյանը մի շարք համայնքների մասով իր դիտարկումներն է ներկայացրել: Սանահին գյուղն ունի հազարամյա պատմություն: Գյուղը 1967 թվականից Ալավերդի քաղաքի մաս է: Գյուղն առաջին հերթին հայտնի է Սանահինի վանքով, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս է: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արեն Մկրտչյանը նշել է, որ նախկինում եւս նման օրենսդրական առաջարկ ներկայացրել է: Նրա համոզմամբ Սանահինը տնտեսության կառուցվածքով, կենսակերպով ու մարդկանց զբաղվածությամբ դասական գյուղական բնակավայր է: Պատգամավորը նշել է, որ Սանահինը, ինչպես նաեւ դրան հաջորդող Ակներ գյուղական բնակավայրը, դարձել էր Ալավերդու թաղամաս: 2016 թվականին օրենսդրական փոփոխությամբ Ակները դարձավ առանձին գյուղական բնակավայր, իսկ Սանահինը մնաց թաղամասի կարգավիճակում: Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
18:12 - 03 սեպտեմբերի, 2024
Ախթալայի կամրջի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ փակ կլինի Ալավերդի համայնքի որոշ բնակավայրեր տանող ավտոճանապարհը

Ախթալայի կամրջի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ փակ կլինի Ալավերդի համայնքի որոշ բնակավայրեր տանող ավտոճանապարհը

Ախթալայի նոր (ժամանակավոր) կամրջի կառուցման աշխատանքներով պայմանավորված օգոստոսի 19-ին` առավոտյան ժամը 08։00-ից մինչև օգոստոսի 23-ը` ժամը 08:00-ն փակ է լինելու դեպի Ախթալա, Շամլուղ, Քարկոփ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան, Բենդիկ բնակավայրեր տանող ավտոճանապարհը։ Այս մասին տեղեկանում ենք Ալավերդու համայնքապետարանից։«Ալավերդի համայնքի Ախթալա, Շամլուղ, Քարկոփ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան, Բենդիկ բնակավայրերի հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք, որ Ախթալայի նոր (ժամանակավոր) կամրջի կառուցման աշխատանքներով պայմանավորված օգոստոսի 19-ին` առավոտյան ժամը 08։00-ից մինչև օգոստոսի 23-ը` ժամը 08:00-ն , փակ է լինելու դեպի նշված բնակավայրեր տանող ավտոճանապարհը։ Հետիոտնային անցման համար նախատեսված կամուրջը փակ կլինի միայն օգոստոսի 19-ին: Հրատապ առաջացած կարիքների դեպքում խնդրում ենք կապ հաստատել բնակավայրերի վարչական ղեկավարների հետ կամ զանգահարել Ալավերդու համայնքապետարան։ Տրամադրվում է նշված բնակավայրերի վարչական ղեկավարների հեռախոսահամարները` Ախթալա բնակավայր, Սևակ Սարգսյան՝ 098-53-54-49 Քարկոփ, Հերմինե Պետրոսյան՝ 077-81-86-47 Շամլուղ, Գագիկ Սարուխանյան՝ 091-50-30-60 Մեծ Այրում, Լևոն Զաքարյան՝ 077-81-88-37 Ճոճկան, Արա Սիրադեղյան՝ 093-05-09-94 Հայցում ենք բնակիչնեի ներողամտությունը և խնդրում լինել համբերատար», - նշված է համայնքապետարանի հայտարարությունում։
14:34 - 17 օգոստոսի, 2024
Մարզային համայնքների յուրաքանչյուր 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր

Մարզային համայնքների յուրաքանչյուր 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր

2021-2024 թվականներին Հայաստանի մարզային համայնքների հայտարարատու պաշտոնյաները չեն ներկայացրել 509 հայտարարագիր՝ խախտելով օրենքը։ 327 պաշտոնյա կամ յուրաքանչյուր 4-րդը չի ներկայացրել առնվազն մեկ հայտարարագիր, իսկ 70-ը կամ յուրաքանչյուր 20-րդը պաշտոնավարման ընթացքում առհասարակ որևէ հայտարարագիր չի ներկայացրել: «Ինֆոքոմը» սկսում է մարզային համայնքներում առկա կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրություն և առաջիկա ամիսներին ձեզ պատմելու է պաշտոնյաների հայտարարագրերում, համայնքային գնումներում առկա խնդիրների մասին։ Իսկ մինչ այդ ստուգել ենք համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, աշխատակազմի քարտուղարների, ավագանու անդամների հայտարարագրերի ներկայացման փաստը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ համայնքային պաշտոնյաներին առնչվող վարույթները: Հայտարարագրերի ուսումնասիրությունը մտահոգիչ պատկեր է բացահայտում։ Ստորև կպատմենք, թե որ համայնքների, խմբակցությունների և կուսակցությունների պաշտոնյաներն են աչքի ընկնում հայտարարագրեր չներկայացնելով:   Ի՞նչ կարող են մեզ պատմել հայտարարագրերը   Ձեր համայնքի ղեկավարը, ավագանու անդամները և մյուս պաշտոնյաները իրենց ստացած եկամուտներով կարո՞ղ էին արդյոք իրականացրել այն ծախսերը, որոնք արել են, կարո՞ղ էին ձեռք բերել այն ամենը, ինչը, դուք գիտեք, որ պատկանում է նրանց, հայտարարագրո՞ւմ են իրենց ամբողջ գույքը, դրամական միջոցները, բիզնեսները։ Սա ստուգելու միակ հնարավորությունը պաշտոնյաների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (Հանձնաժողով) ներկայացվող գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրերն են։  Հայաստանի խոշոր համայնքներից մեկի՝ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի օրինակով հասկանանք, թե ինչու են հայտարարագրերը կարևոր։ Դիանա Գասպարյանի 2021 թվականի տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ տարեվերջին նա ունեցել է ստացած վարկի մայր գումարի 5 մլն դրամի մնացորդ, նույնքան էլ ստացված փոխառության մայր գումարի մնացորդ։ 2022 թվականի հայտարարագրում այդ մնացորդները չեն երևում։ Ստացվում է, որ Դիանա Գասպարյանը 2022 թվականի ընթացքում առնվազն 10 մլն դրամի վարկ է մարել։ Սա այն դեպքում, որ նա 2022-ին ստացել է ընդամենը 5 միլիոն դրամ եկամուտ աշխատավարձից։ Մեր զրույցում Գասպարյանն ասաց, որ 2021 թվականին վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է ոչ թե 10, այլ 5 մլն դրամ։ Գասպարյանի պնդմամբ՝ ինքը սխալմամբ վարկի մայր գումարի մնացորդը լրացրել է նաև փոխառության մնացորդի բաժնում։ Նա նաև նշեց, որ այդ վարկը մինչև այժմ էլ մարված չէ։ «Տեղեկացրել եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ուղղման դիմում եմ ուղարկելու։ 2022 և 2023 թվականներին այդ մնացորդի տարբերությունը չի երևում, որովհետև չեմ իմացել, որ հաջորդող տարիներին ևս պետք է լրացնեի։ Կարծում էի, թե միայն վարկը ստանալու փաստը պետք է արձանագրեմ տվյալ տարում։ Այդ մնացորդը մինչև հիմա էլ կա, քիչ քանակի մարումներ են տեղի ունեցել, նախատեսում եմ այս տարի մարել»,- ասաց Գասպարյանը։   Ի՞նչ ենք իմանում հայտարարագրերից պաշտոնյաների ընտանիքի անդամների մասին   Դիանա Գասպարյանը մեր ուսումնասիրության սկզբում չէր ներկայացրել 2023 թվականի տարեկան հայտարարագիրը։ Գասպարյանը մեզ փոխանցել էր, որ հայտարարագիրը չի ներկայացրել, քանի որ գտնվել է հղիության և ծննդաբերության արձակուրդում, և դրա ավարտից հետո կլրացնի այն: Հայտարարագիրը ներկայացվեց հուլիսի 19-ին։ Ուշացմամբ ներկայացված հայտարարագիրը, այնուամենայնիվ, մեզ ցույց տվեց, որ Գասպարյանի հետ համատեղ բնակվողների ցանկում փոփոխություն է եղել, և արդեն որպես համատեղ բնակվող անձ նշված է ամուսինը՝ նույն համայնքի ավագանու անդամ Արամայիս Միրզոյանը։ Նրա հայտարարագրերի վերլուծությունը ևս  հարցեր է առաջացնում։  2023 թվականին Միրզոյանի դրամական միջոցներն աճել են 2․1 միլիոն դրամով և 11 200 ԱՄՆ դոլարով, հանգստի համար էլ ծախսել է 2․2 միլիոն դրամ՝ տարվա ընթացքում ունենալով ընդամենը 280 հազար դրամ եկամուտ։ Այսինքն՝ այս հայտարարագրում առկա է եկամուտներով չհիմնավորվող ավելի քան 8․3 միլիոն դրամ գումար։ 2021 թվականին Միրզոյանի ստացած եկամտի միակ աղբյուրը եղել են նվիրատվությունները։ Նա մոտ 53 հազար դոլար նվեր է ստացել հայաստանյան գրանցում չունեցող և ԱՄՆ-ում բնակվող Իսկուհի Թալաշյանից, 21.5 մլն դրամ էլ՝ հորից՝ Աշոտ Միրզոյանից։ 2022 թվականի տարեսկզբին էլ Միրզոյանը հայտարարագրել է 3 անշարժ գույք (1 առանձնատուն, 2 շինություն)։ Տարվա ընթացքում Ծաղկաձորում միանձնյա սեփականությամբ գնել է բնակարան։ Քանի որ տարվա ընթացքում որևէ գույք չի օտարել, տարեվերջին պետք է ունենար 4 անշարժ գույք, սակայն հայտարարագրել է միայն 1-ը՝ ձեռք բերված բնակարանը։ Արձանագրված խնդիրների վերաբերյալ արձագանք ստանալու համար գրություն էինք ուղարկել Միրզոյանին, սակայն այն անպատասխան է մնացել։ Դիանա Գասպարյանի և Արամայիս Միրզոյանի հայտարարագրերի օրինակով տեսնում ենք, թե ինչու է կարևոր հայտարարագրերը ճիշտ, ամբողջական և ժամանակին ներկայացնելը։   Ամեն 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր   Ի տարբերություն Դիանա Գասպարյանի և ամուսնու՝ համայնքային հարյուրավոր պաշտոնյանների ունեցվածքի, ծախսերի ու եկամուտների ճշգրտությունն ու համապատասխանությունը ստուգելն անհնարին է դառնում հայտարարագրեր չներկայացնելու պատճառով։ Ընդհանուր առմամբ, խոշորացումից հետո գործող 69 մարզային համայնքներում 2021-2024 թվականներին պաշտոնավարել է 1368 հայտարարատու անձ, որոնք այդ ժամանակահատվածում պետք է ներկայացնեին 4803 հայտարարագիր։ Այս պաշտոնյաներից 327-ը կամ նրանց 24%-ը չի ներկայացրել առնվազն մեկ հայտարարագիր։ Ընդհանուր չի ներկայացվել 509 հայտարարագիր կամ ներկայացման ենթակա հայտարարագրերի 11%-ը։ Ամենից շատ չեն ներկայացվում պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագրերը։ Դրանց թիվը 186 է։ Չի ներկայացվել նաև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու 62 հայտարարագիր։ Քիչ չեն նաև չներկայացված տարեկան հայտարարագրերը։ Եթե 2021 թվականի տարեկան հայտարարագրերից չի ներկայացվել 5%-ը, ապա 2023 թվականի հայտարարագրերի դեպքում այդ ցուցանիշը հասնում է 9%-ի։ Չներկայացված հայտարարագրերի կեսից ավելին՝ 55%-ը, բաժին է ընկնում պաշտոնեական պարտականությունները դադարեցրած անձանց։   Որ համայնքների պաշտոնյաներն ունեն ամենաշատ չներկայացված հայտարարագրերը   Հայտարարագրերի չներկայացման ցուցանիշով առաջատարը Բաղրամյան համայնքն է․ բացակայում են ներկայացման ենթակա 117 հայտարարագրերից 41-ը։ Այս ցուցանիշով Բաղրամյանին հաջորդում են Վեդի, Ֆերիկ, Շամիրամ, Ակունք, Արաքս համայնքները։   Որ համայնքապետերը հայտարարագիր չեն ներկայացրել   Հուլիսի 20-ի դրությամբ 14 համայնքի ղեկավար 2021-2024 թվականների առնվազն մեկ հայտարարագիր չէր ներկայացրել:  Վաղարշապատի համայնքապետից բացի, տարեկան հայտարարագիր չէր ներկայացրել նաև Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը։ Մեր զրույցում Արսեն Աղաբաբյանը նշեց, որ ներկայացրել է հայտարարագրերը և չգիտի, թե դրանք ինչու արտացոլված չեն հայտարարագրերի ռեեստրում։ Զրույցից օրեր անց 2022 և 2023 թվականների տարեկան հայտարարագրերը հրապարակվեցին ռեեստրում։ Հատկանշական է, որ Հանձնաժողովը 2024 թվականի մայիսին Արսեն Աղաբաբյանի նկատմամբ վարույթ էր հարուցել 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիր (որպես Կողբ համայնքի ղեկավար) չներկայացնելու դեպքով։ Աղաբաբյանը ներկայացրել էր այդ հայտարարագիրը, որից հետո՝ 2024 թվականի մայիսին, Հանձնաժողովը կարճել էր գործը և հայտարարել բանավոր նկատողություն։ Դադարեցման հայտարարագրի չներկայացման վերաբերյալ Արսեն Աղաբաբյանին ծանուցելու պահին՝ 2024 թվականի մարտի 13-ին, վերջինս պետք է ներկայացրած լիներ նաև 2022 թվականի տարեկան հայտարարագիրը։ Այս հայտարարագրի բացակայության փաստին, սակայն, Հանձնաժողովը չի անդրադարձել։ Մնացյալ 12 համայնքապետերը չեն ներկայացրել պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագրերը։  «Ինֆոքոմին» հաջողվել է արձագանք ստանալ այս համայնքապետերից 8-ից։ Նրանք մեզ հետ զրույցներում հիմնականում նշում էին, որ տեղյակ չեն եղել պաշտոնի ստանձնելու հայտարարագիր ներկայացնելու պարտավորության մասին, այս ընթացքում այդ մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ծանուցում չեն ստացել կամ Հանձնաժողովից ճշտել են, որ նման հայտարարագիր ներկայացնելու կարիք չկա։ Արզնիի համայնքապետ Ալեքսանդր Միրզոևից, Արմավիրի համայնքապետ Վարշամ Սարգսյանից և Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանից այդպես էլ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ պաշտոնի ստանձման հայտարարագրերը չներկայացնելու վերաբերյալ։   Որ խմբակցություններից են ամենից շատ հայտարարագրեր չներկայացրած ավագանու անդամները   4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների նորընտիր ավագանու առաջին նիստին կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի առաջադրմամբ ընտրված ավագանու անդամներն ընդգրկվում են նույնանուն խմբակցություններում:  «Ինֆոքոմը» ուսումնասիրել է 15 000 և ավելի բնակիչ ունեցող 39 համայնքների ավագանու անդամների հայտարարագրերի ներկայացվածությունը։ Այս համայնքների բոլոր խմբակցությունները ներկայացնում են 46 կուսակցություն և դաշինք։  Առնվազն 1 հայտարարագիր չներկայացրած ավագանու անդամներից 131-ը կամ 45%-ը «Քաղաքացիական պայմանագիր» անունով խմբակցություններից են: Նրանք չեն ներկայացրել, ընդհանուր առմամբ, 208 հայտարարագիր կամ ներկայացման ենթակա հայտարագրերի 10%-ը։   Որ կուսակցությունների անդամներն են ամենից հաճախ հայտարարագրեր չներկայացնողները   Հայտարարագրի չներկայացման խնդիր ունեցող պաշտոնյաների կուսակցական պատկանելիությամբ առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է. կուսակցական 132 պաշտոնյա առնվազն 1 հայտարարագիր չի ներկայացրել:  Հայտարարագիր չներկայացրած համայնքային պաշտոնյաներից 83-ը կամ մոտ 24 %-ն անկուսակցական են։ Հայտարարագրերի չներկայացվածությամբ աչքի են ընկել նաև «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 25 պաշտոնյայով։   Ավագանու մի շարք անդամներ շարունակել են հայտարարագիր չներկայացնել Հանձնաժողովի հարուցած վարույթներից հետո   Պաշտոնյաներն իրենց հայտարարագրերը ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Հանձնաժողովը ստուգում և վերլուծում է դրանք: Հայտարարագրի բացակայության, թերությունների, այլ խախտումների դեպքում հարուցում է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթներ:  2021-2024 թվականներին Հանձնաժողովը մարզային համայնքների պաշտոնյաների հայտարարագրերի չներկայացմանն առնչվող 160 որոշում է կայացրել, որոնցից միայն 88-ն է վերաբերում ներկայումս գործող համայնքների վերջին տեղական ինքնակառավարման մարմինների կազմում 2021-2024 թվականներին պաշտոնավարած անձանց։ Այս վարույթների ուսումնասիրությունից պարզվում է, որ եթե պաշտոնյան հայտարարագիրը ներկայացրած չի լինում, հանձնաժողովն ուղարկում է գրավոր ծանուցում՝ 30 օրվա ընթացքում հայտարարագիրը ներկայացնելու վերաբերյալ: Եթե պաշտոնյան այս դեպքում էլ չի ներկայացնում հայտարարագիրը, տուգանվում է։ Ներկայացնելու դեպքում ստանում է բանավոր նկատողություն, և վարույթը կարճվում է:  Սակայն, տուգանքներն ու բանավոր նկատողությունները որոշ պաշտոնյանների ավելի հաշվետու չեն դարձրել, և նրանք հաջորդող տարիներին էլ շարունակել են չներկայացրել որոշ հայտարարագրեր: Հանձնաժողովը վարույթներ է հարուցել Ապարան համայնքի ավագանու անդամներ Խաչիկ Գեղամյանի և Կարեն Կարապետյանի, Մասիսի ավագանու անդամ Նաիրա Վանյանի, Սպիտակից Հայկ Սիսակյանի, Ախուրյանից Լադիկ Ղազարյանի, Հրազդանից Խաչիկ Մուրադյանի և Արմավիրից Ստեփան Նազարյանի նկատմամբ՝ 2021 թվականի տարեկան հայտարարագիրը չներկայացնելու համար։ Հանձնաժողովը հայտարարագրերը ստանալուց հետո վարույթները կարճել է և տվել բանավոր նկատողություններ։ Ավելի ուշ այս պաշտոնյաները չեն ներկայացրել նաև 2022 կամ 2023 թվականների տարեկան հայտարարագրերը։ Հանձնաժողովի հարուցած վարույթից հետո Վեդի համայնքի ավագանու անդամ Ռաֆայել Հակոբյանը ներկայացրել է իր 2022 թվականի՝ պաշտոնի ստանձման հայտարարագիրը։ Մինչ այսօր, սակայն, նա չի ներկայացրել 2023 թվականի տարեկան հայտարարագիրը։  Նոր Հաճըն համայնքի ավագանու անդամ Նարեկ Ստեփանյանն էլ Հանձնաժողովի որոշմամբ տուգանվել է 200 հազար դրամով՝ 2021 թվականի տարեկան հայտարարագիրը չներկայացնելու հիմքով։ Տուգանքից հետո Նարեկ Ստեփանյանը չի ներկայացրել 2023 թվականի տարեկան հայտարարագիրը, իսկ ավագանու անդամի մանդատից հրաժարվելուց հետո՝ նաև պաշտոնի դադարեցման հայտարարագիրը։  Հանձնաժողովը 200 հազար դրամով տուգանել է նաև Անի համայնքի ավագանու անդամ Անահիտ Խաչատրյանին՝ 2024 թվականի ստանձման հայտարարագիր չներկայացնելու հիմքով։ Նա դեռ չի ներկայացրել հայտարարագիրը։ Հասկանալու համար, թե ինչու է այդքան բարձր համայնքային պաշտոնյաների կողմից հայտարարագրերի չներկայացման ցուցանիշը, ինչպես է ստացվում, որ համայնքային պաշտոնյաների չներկայացրած հարյուրավոր հայտարարագրերի համատեքստում Հանձնաժողովը հայտարարագրերի չներկայացման վերաբերյալ ունի ընդամենը 88 որոշում, հայտարարատու անձինք ծանուցվել են արդյոք հայտարարագրի ներկայացման պարտավորության մասին, Հանձնաժողովը ստուգել է արդյոք ներկայացման ենթակա հայտարարագրերի առկայության փաստը, հարցեր էինք ուղղել Հանձնաժողովին։ Հանձնաժողովից հայտնել են, որ հարցմանը պատասխանելու համար անհրաժեշտություն է առաջացել կատարելու լրացուցիչ աշխատանք, մասնավորապես՝ ամփոփելու համապատասխան գրանցամատյաններում առկա տեղեկություններ, ուստի հարցմանը գրավոր պատասխանը կտրամադրվի 30-օրյա ժամկետում: Այսպիսով, Հայաստանի մարզային համայնքների բնակիչները զրկված են համայնքային պաշտոնյաների 25 տոկոսի ունեցվածքի, բիզնեսների, ծախսերի մասին ամբողջական տեղեկություն ստանալու, օրինական եկամուտներին դրանց համապատասխանության մեջ հավաստիանալու հնարավորությունից։ Իսկ հայտարարագրման գործընթացը համակարգող, չներկայացնողներին պատասխանատվության կանչող առաջնային օղակը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ընդամենը 88 որոշում է կայացրել այն պարագայում, երբ առկա է 500-ից ավելի չներկայացված հայտարարագիր։   Հեղինակներ՝ Սուսինա Խաչատրյան, Լիլիթ Գրիգորյան Տվյալների լրագրող՝ Կատյա Մամյան Խմբագիր՝ Սևակ Մամյան Հոդվածում ուսումնասիրված պաշտոնյաների ցանկում ներառված են համայնքների խոշորացման գործընթացի ավարտից հետո գործող 69 մարզային համայնքների վերջին տեղեկան ինքնակառավարման մարմինների կազմում 2021-2024 թվականներին պաշտոնավարող/պաշտոնավարած անձինք։ Հոդվածի պատրաստման ընթացքում տվյալների հավաքագրման և վերլուծության վերաբերյալ կայացվել են մի շարք մեթոդաբանական որոշումներ, որոնց արդյունքում ներկայացվելիք հայտարարագրերի ցանկում չի հաշվարկվել 163 հայտարարագիր, որոնց մի մասի դեպքում հայտարարագրման պարտավորություն կարող է առկա լինել, իսկ հայտարարագրեր չներկայացրած պաշտոնատար անձանց ցանկից դուրս է եկել գործող կամ լիազորությունները դադարեցրած 50 համայնքային պաշտոնատար անձ, որոնց մի մասը կարող է դեռևս ունենալ հայտարարագրերի ներկայացման պարտավորություն։ Թե ինչպես ենք իրականացրել այս հոդվածի պատրաստման համար անհրաժեշտ տվյալների հավաքագրում և մշակումը, ինչ աղբյուրներից ենք հավաքագրել դրանք, մեթոդաբանական ինչ առանձնահատկություններ են առկա և հավանական ինչ շեղումներ կարող են լինել, կարող եք կարդալ հետևյալ հղմամբ։ Թե երբ և ինչպես համայնքային պաշտոնյաները դարձան հայտարարատու անձինք, կարող եք կարդալ այս հղմամբ։
21:04 - 06 օգոստոսի, 2024
Ալավերդին՝ աղետից 2 օր անց

Ալավերդին՝ աղետից 2 օր անց

Այնպես չէ, թե բնական աղետներն անկանխատեսելի են, բայց դրանց առաջանալու համար բարկանալն անիմաստ է՝ ո՞ւմ վրա ջղայնանաս։ Այդպես Լոռու մարզի բնակիչները, իրենց բնորոշ հանդարտությամբ, բայց եւ ընկճված, քանի օր է՝ փորձում են վերացնել Դեբետի բերած աղետի հետեւանքները․ մայիսի 25-ի լույս 26-ի գիշերվանից փրկարարներն ու տեղացիները վտանգավոր հատվածներից մարդկանց տարհանումն են կազմակերպել, հետո անցել մաքրման աշխատանքների։ Դեբետի վարարման պատճառով գետի ջուրը լցվել է Լոռու մարզի Ալավերդի համայնքի մի շարք թաղամասերի բնակելի տներ, փլուզել կամուրջներ, երկաթգծեր ու ճանապարհներ։ Մարդիկ քնած են եղել, երբ հոսանքը դուռ-պատուհան բացելով լցվել է ներս։ Առաջին հարկում ապրողները բարձրացել են վերեւի հարկեր, մինչեւ փրկարարները կժամանեն։ Տները հիմա լցված են ցեխով։ Երեկ, երբ մենք Ալավերդիում էինք, որոշ թաղամասերի բակերում դեռ ջրի շերտ էլ կար․ տեխնիկաները մաքրման աշխատանքներ էին իրականացնում։ Ալավերդցի Վլադիմիր Բաղդասարյանն ասում է՝ քաղաքն այսպիսի աղետ չէր տեսել, մեկ էլ տասնյակ տարիներ առաջ էր գետն այսպես վարարել։ Վլադիմիրի տնկած ազնվամորու թփերը գետը լրիվ պոկել-տարել է։ Նա մեկ իր բաժին դարդից է խոսում, մեկ համաքաղաքացիների՝ ձեռքը պարզելով ներքեւի թաղամասի ուղղությամբ, որտեղ ջուրն այնքան է բարձրացել, որ մոտենալ չի եղել, ու շենքերի բնակիչներին պարաններով են դուրս բերել։  Ալավերդու Սանահին կայարան թաղամասի շենքերից մեկի առաջին հարկում բնակվող Գոհարիկ Բաղդասարյանի համար, ինչպես եւ մյուսների, գետի տուն հոսելն անսպասելի է եղել։ Ցեխի հաստ շերտի պատճառով նա տանը նույնիսկ մոտ գնալ չի կարողանում, բայց ոչ էլ հեռանում է՝ սրտնեղած սպասելով, որ ճամփա կբացվի, ու կկարողանա գոնե փաստաթղթերի հետեւից գնալ։ Թեպետ հույս չունի, թե դրանք կարգի բերել կհաջողվի․ «Հազիվ դուրս ենք եկել, ոչ մի բան չենք վերցրել, ոչ մի բան։ Էս առաջին հարկերը սաղ ցեխ վիճակում են»,- պատմում է նա՝ ցույց տալով իր բնակարանը․ «Ամբողջությամբ կործանված ա, երեւի չգտնենք էլ ոչ մի բան»։ Նույն թաղամասի բնակիչ Սեյրան Խեչիկյանը, տեսնելով մի փոքրիկ տղայի, որը կոշիկներին տոպրակներ է հագցրել, որպեսզի գնա մեծերին օգնելու, նրան զգույշ լինելու կոչ է անում ու հորդորում անվտանգ տեղ գնալ՝ մեծերը իրար կօգնեն։ Հետո քթի տակ ասում է, թե՝ շուտ է մեծանում էս սերունդը, շատ բան է տեսնում․ «Բնական աղետ ա, չես կարա բնական աղետի առաջ ոչ մի բան անես, բայց, բայց․․․ ԱԻՆ-ը (այժմ Փրկարար ծառայություն,-խմբ․) չկարաց ժամանակին օգնի ժողովրդին։ Բոլորը արել են մեր կայարանի ուժերով, լոդկա են բերել, ժողովրդին հանել են, րեխանցը հանել, տարել են, ու մինչեւ վերջ էլ մեր Սանահինի ջահել րեխեքը։ Նկարնի էլ ունենք, մենք կարանք նկարներով էլ ապացուցենք, որ ամենավերջում են եկել [փրկարարաները], գիշերը ես երկու հետ զանգել եմ Փրկարար ծառայություն, ինձ ասել են, որ մոտիկանալու հնարավորություն չկա։ Լավ, չկա՝ չկա, ասի՝ դուք մոտիկացեք, ես կասեմ՝ դուք որտեղ եկեք, մենք կգանք, կօգնենք ձեզ, չեկան, լավ, բարի, չեկան՝ չեկան»։ Սեյրան Խեչիկյանը Խեչիկյանի խոսքով՝ ամենավտանգավորը հենց իրենց թաղամասում է եղել․ «Ջուրը հա վարարում էր, րեխեքը ամեն ինչ անում էին, որ ժողովրդին հանեն, ոչ զոհ ենք ունեցել, ոչ վիրավոր»,-ասում է ալավերդցի տղամարդը։ Սանահին կայարան թաղամասի բնակիչ Գառնիկ Թաթոյանը դիմացի տան տանիքից նայում է շենքի առաջին հարկի իր բնակարանին․ «Տուն գոյություն չունի,- ասում է նա,- բարեկամների, ծնողների մոտ ենք մնում հիմա»։ Համաքաղաքացի երիտասարդները բակի ցեխերի մեջ բնակիչների իրերն են փնտրում։ Մի տղա գտնում է Գառնիկի փաստաթղթերը՝ ցեխի մեջ կորած, ձեռքը երկարացնում, տալիս տիրոջը․ «Էս ա, ինչ մնացել ա»,- թղթերն աջ ու ձախ տանելով՝ ասում է Գառնիկը։ Մեկ ուրիշ երիտասարդ էլ փորձում է նրա մեքենայի մեջ մնացած առարկաները հանել, նույնիսկ կատակում են, թե՝ էս ինչքան ակնոց ունես, Գառնիկ ձյա։  Քիչ այն կողմ՝ թաղամասի շենքերից մեկի բակի ցեխաշերտի մեջ բնակիչները մի ոտաչափ արահետ են բացել, որ ջուրը հոսի՝ դուրս գա։ Շենքերի հիմքը ցածր է, ջուրը միանգամից ներս է լցվել։ «Սոթ չտաք մենակ»,- տուն մտնելիս ասում է Սիրուշ Խաչատրյանը։ Ջուրը, որ լցվել է մուտք, նա ու որդին պատուհանով են կարողացել դուրս գալ, բարձրանալ վերեւի հարկ։ Նրա հարեւանը՝ Էլմիրա Գեւորգյանը, հազիվ է փրկվել վնասվածք ստանալուց․ ջուրը լցվել է տուն ու պոկել նկուղի վրայի տախտակը։ Ջրի բարձրության պատճառով նա չի նկատել անցնքն ու ոտքն ընկել է մեջը։ Բազմոցից բռնվելով է կարողացել սենյակից դուրս գալ․ «Գիշերը 2-րդ-3-րդ հարկերում լուսացրինք, հետո փրկարարներն ասացին, որ գիշերը նորից վարարում կարող ա լինի, խորհուրդ չտվեցին մնալ էստեղ»,- պատմում է նա։ Նույն շենքի առաջին հարկի բնակիչ Անժելա Մոսինյանն աղետի գիշերը պատուհանագոգին է լուսացրել։ Նրա բնակարանը մնացածից մի քիչ ավելի բարձր է։ Մինչեւ ջրի բարձրանալը հասցրել է որոշ իրեր ու փաստաթղթեր ապահով տեղ դնել, ինքն էլ մնացել է տանը․ «Ես չէի սպասում, որ ջուրն էդքան կբարձրանա, հետո էլ ո՞ւր գնայի, գնալու տեղ չկար, ասեցի՝ հնարավորին չափով իմ եղածը կարողանամ մի կերպ փրկել։ Քիչ-քիչ բարձրացնելով, բարձրացնելով․․․ Ես սաղ գիշեր անց եմ կացրել լուսամուտի վրա նստած, որովհետեւ հնարավոր չէր․․․ Դիվանս լողում էր էս սենյակից-էն սենյակ, էն սենյակից-էս սենյակ։ Սկզբից, որ ջուրը լցվեց, ասեցի բերեմ, շորով կհավաքեմ, մեկ էլ արդեն տենամ խալիները մի 10սմ ջրի երես լողում էին»։  Անժելա Մոսինյանը Ինչպես այստեղ, այնպես էլ Ալավերդու մեկ այլ թաղամասում՝ նախկին շուկայի տարածքում, մարդիկ լուռ մաքրում են փողոցներն ու խանութները։ Գետը այս հատվածում փլուզել է ճանապարհը, քշել տարել մի տնակ, լցվել ափամերձ խանութներ ու սուպերմարկետ։ Աշխատակիցները սուպերմարկետից պարկերով հանում են փչացած մթերքները, ջրի շիթով փորձում մաքրել դարակներ լցված ցեխը։  Այդ ընթացքում Դեբետի հովտի տարբեր հատվածներում տեխնիկա է աշխատում՝ ճանապարհները որոշակիորեն կարգի բերելու ու գոնե թե անցանելի դարձնելու համար։ Մայիսի 27-ի դրությամբ Մ6 միջպետական ավտոճանապարհի Այրում-Ալավերդի հատվածը, որի երթեւեկելի գոտու մի քանի մասեր լրջորեն վնասվել էին, թեթեւ մեքենաների համար մեկ գծով անցանելի էր դարձել։  Դեբետի հովտում փլուզված ենթակառուցվածքների լուսանկարներն՝ այստեղ 27 մայիսի, 2024թ․ Հայարփի Բաղդասարյան
21:49 - 28 մայիսի, 2024
Օրենքի ուժով կասեցվել է Ալավերդի համայնքի ղեկավարի պաշտոնը բռնազավթած Դավիթ Ղումաշյանի լիազորությունները․ Մեսրոպ Առաքելյան

Օրենքի ուժով կասեցվել է Ալավերդի համայնքի ղեկավարի պաշտոնը բռնազավթած Դավիթ Ղումաշյանի լիազորությունները․ Մեսրոպ Առաքելյան

Օրենքի ուժով կասեցվել է Ալավերդի համայնքի ղեկավարի պաշտոնը բռնազավթած Դավիթ Ղումաշյանի լիազորությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։  «Ալավերդի համայնքի ղեկավարի պաշտոնը ապօրինի բռնազավթման կապակցությամբ մեր թիմը դիմել էր վարչական դատարան՝ 05.12.2023թ. կայացված ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու նիստի արդյունքում ընդունված հայցվոր Արկադի Սամվելի Թամազյանին՝ որպես Ալավերդի համայնքի ղեկավարին, անվստահության հայտնելու և նոր համայնքի ղեկավար ընտրելու որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։ Վարչական դատարանի կողմից հայցը վարույթ է ընդունել և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության մասին օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ Հետևաբար, այս պահից սկսած կասեցված է Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու և նոր համայնքի ղեկավար ընտրելու մասին ավագանու որոշումը՝ մինչև դատարանի որոշում կայացնելը և ուժի մեջ մտնելը։ Կոչ եմ անում իշխանություններին դադարեցնել զոռբայությունը և Դավիթ Ղումաշյանի կողմից անհապաղ դադարեցնել համայնքի ղեկավարի լիազորությունների իրականացումը, հակառակ պարագայում նրա գործողությունները համարվելու են քրեորեն պատժելի արարք` իր իրավական հետևանքներով»,- նշված է գրառման մեջ։  Հիշեցնենք, որ 2022թ․ սեպտեմբերի 25-ին Ալավերդիում կայացած ՏԻՄ համամասնական ընտրությունների արդյունքներով Ալավերդիում ՔՊ-ն և «Ապրելու երկիր» կուսակցություններին տրվել էր հավասար թվով՝ 13-ական մանդատ, ևս մեկ մանդատ տրվել էր «Հայ ազգային կոնգրես»-ին։ Կոալիցիա էին կազմել «Ապրելու երկիր»-ը և ՀԱԿ-ը՝ համայնքապետ ընտրելով Թամազյանին։ 2023 թվականի դեկտեմբերին ՔՊ խմբակցությունը նախաձեռնեց «Ապրելու երկիր» կուսակցությունից համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթաց։ Համայնքի ավագանու 27 անդամից 14-ը քվեարկությամբ անվստահություն հայտնեց համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին և նոր համայնքապետ ընտրվեց ՔՊ խմբակցության ղեկավար, Շնողի նախկին համայնքապետ Դավիթ Ղումաշյանը։
15:38 - 04 հունվարի, 2024
Ալավերդիում միջադեպ եղել է, ՔՊ պատգամավորի անունը չկա մասնակիցների մեջ. ՆԳՆ. |tert.am|

Ալավերդիում միջադեպ եղել է, ՔՊ պատգամավորի անունը չկա մասնակիցների մեջ. ՆԳՆ. |tert.am|

tert.am: Ըստ լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունների՝ Ալավերդիի «գողականները» ծեծել են ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանին: Դեպքից ժամեր հետո Ալավերդիում կրակել են Արեն Մկրտչյանին ծեծի ենթարկած տղաներից մեկի մեքենայի վրա: Տեղեկության իսկությունը պարզելու նպատակով Tert.am-ը կապ հաստատեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հետ: Վերջինս տեղեկացրեց, որ Թումանյանի և Լոռու մարզի վարչության ոստիկանության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ են ստացել Ալավերդիում հնչած կրակոցների վերաբերյալ: Նարեկ Սարգսյանի փոխանցմամբ՝ կրակոցներ են հնչել, միջադեպի մասնակից անձանց շրջանակներն էլ բացահայտված է: «Անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում կրակոցներ են արձակվել, նախաձեռնվել է քրեական վարույթ: Անձանց շրջանակը ճշտված է և ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերման ուղղությամբ»,- մանրամասնեց խոսնակը՝ պնդելով, որ միջադեպի մասնակից անձանց շրջանում ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանի անունը չկա: Միջադեպի վերաբերյալ Tert.am-ը փորձեց  կապ հաստատել  նաև Արեն Մկրտչյանի հետ: Նա, սակայն, մեր հեռախոսազանգերն չպատասխանեց: Ի  դեպ, պատգամավորը իր ֆեյսբուքի էջում գրել է, որ Ալավերդիում տեղի ունեցած իմպիչմենթից հետո հայտնի ուժերը չեն կարողանում «մարսել» կատարվածը` փորձելով մամուլով մրոտել, արատավորել իր բարի համբավը։
11:40 - 30 դեկտեմբերի, 2023
Մենք շարունակելու ենք պայքարը քաղաքական բոլոր միջոցներով՝ վերականգնելու արդարությունը. Արկադի Թամազյան

Մենք շարունակելու ենք պայքարը քաղաքական բոլոր միջոցներով՝ վերականգնելու արդարությունը. Արկադի Թամազյան

Օրեր առաջ Ալավերդու ավագանիների 14 ձայներով անվստահություն էր հայտնվել Ալավերդիի գործող Արկադի Թամազյանին։  Համայնքի ղեկավար է ընտրել ավագանու ՔՊ-ական անդամ Դավիթ Ղումաշյանին։  Արկադի Թամազյանը դիմել է Ալավերդու բնակիչներին.  «Ալավերդի համայնքի սիրելի՛ բնակիչներ, Օրեր առաջ բոլորիս աչքի առջև տեղի ունեցավ ՏԻՄ ինստիտուտի բացահայտ ոտնահարման հերթական փորձն արդեն մեր համայնքում։ Շուրջ 1000 ոստիկանի հովանավորչությամբ մի խումբ պատեհապաշտներ, կոպտագույնս արհամարհելով օրենքները, տեսանելի խախտումներով տիրացան համայնքի կառավարմանը։Ակնհայտ է, որ այդ մարդկանց նպատակը ոչ թե համայնքին ծառայելն է, այլ սեփական խղճուկ ամբիցիաներն ու շահերն ամեն գնով բավարարելը։ Այս մեկ տարվա ընթացքում ես և իմ թիմն ապացուցեցինք, որ համայնքը կառավարվում է բնակիչների ակտիվ մասնակցությամբ, և չնայած երկրի կենտրոնական իշխանությունների հաճախակի ստեղծած արհեստական խոչընդոտներին՝ իրականացված աշխատանքները տեսանելի են և ծանրակշիռ։Սիրելինե՛րս, այս օրերին ձեր կողմից ուղարկված նամակները, հեռախոսազանգերը, համացանցային հրապարակումներն իրապես ոգևորիչ են, որի համար շնորհակալ եմ։ Համոզված եմ, որ ձևավորված կայուն փոխվստահության մթնոլորտում մենք միասին վերադառնալու ենք Ալավերդին զարգացնելու մեր ընդհանուր գործին։ Հավելեմ նաև, որ մեր թիմը դիմել է դատարան՝ համայնքի ղեկավարի պաշտոնը հակաօրինական, բռնի զավթելու հայցով։ Մենք շարունակելու ենք պայքարը քաղաքական բոլոր միջոցներով՝ վերականգնելու արդարությունը։Իսկ այդ պայքարում անգնահատելի է ձեզնից յուրաքանչյուրի դերը։Ես ձեզ հետ կշարունակեմ լինել ամենօրյա կապի մեջ՝ քննարկելու համար մեր հետագա ծրագրերը և անելիքները։ Վաղը համայնքային իշխանությունը զավթածները նախատեսել են համայնքի ղեկավարի երդմնակալության արարողություն, որը ևս համարում եմ հերթական հակաօրինական քայլը։Շնորհակալ եմ»։ 
09:46 - 08 դեկտեմբերի, 2023
Հայտարարություն Ալավերդու ավագանու ապալեգիտիմացման մասին

Հայտարարություն Ալավերդու ավագանու ապալեգիտիմացման մասին

Հասարակական կազմակերպությունները հայտարարություն են տարածել Ալավերդու ավագանու ապալեգիտիմացման մասին։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «2023թ․ դեկտեմբերի 5-ին Ալավերդի համայնքում գումարվել է համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու օրակարգով ավագանու նիստ: Նիստին մասնակցել են ավագանու Քաղաքացիական պայմանագիր (ՔՊ) խմբակցությունը, Ապրելու երկիր խմբակցությունը լքած ավագանու անդամ Սիմոն Զախարովը, ներկա է եղել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը, որը 2022թ․ սեպտեմբերին ՔՊ կուսակցության կողմից համայնքի ղեկավարի թեկնածուն էր: Ի պատասխան՝ Արկադի Թամազյանի աջակիցները նիստի օրը՝ դեկտեմբերի 5-ին, ժամը 8-ին հրավիրել են քաղաքացիական խաղաղ հավաք համայնքապետարանի շենքի մոտ՝ անվստահության գործընթացը թույլ չտալու նպատակով: Սա վերջին երկու ամիսների ընթացքում Ալավերդիում արդեն երկրորդ ավագանու նիստն է՝ համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու օրակարգով: 2023թ․ հոկտեմբերին համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու հարցով ավագանու նիստ  էր հրավիրել Ապրելու երկիր խմբակցությունը, որին բավարար քվորում չէր ապահովվել: Այս նիստին ներկա էին ԱԵ խմբակցության 12 անդամներից 11-ը և Հայ Ազգային Կոնգրեսը ներկայացնող ավագանու մեկ անդամը: Վերջին ամիսներին պարբերաբար շրջանառվում էին տեղեկություններ, որ փորձ է արվում տարբեր ճնշումների միջոցով հեռացնել Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին։ Այս մասին նաև հայտարարել են ԱԵ կուսակցության նախագահ Մեսրոպ Առաքելյանը և ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը համատեղ ասուլիսի ընթացքում: Ավագանու կողմից համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելն ինքնին իրավական, թեև ծայրահեղ միջոց է, սակայն այն չի կարող ընթանալ ճնշումների, շանտաժի,  իրավունքների իրացման խոչընդոտման միջոցով: Ալավերդու համայնքապետին անվստահություն հայտնելու գործողությունների ուսումնասիրությունը և այդ մասին եղած հրապարակային աղբյուրները մեզ հիմք են տալիս հայտարարելու, որ ՀՀ պետական իշխանությունը և իշխող ՔՊ կուսակցությունը համառ ջանքեր են ներդրել ճնշումների և ահաբեկումների միջոցով իրականացնելու այդ պաշտոնանկությունը: Մասնավորապես.  Գործադրվել է ճնշում ավագանու ՔՊ խմբակցության անդամ Մարիաննա Պեպանյանի նկատմամբ, որը համաձայն չէր խմբակցության կողմից Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու օրակարգին, հայտնելով, որ չի տեսնում դրա համար հիմնավոր որևէ պատճառ։ Կան տեղեկություններ նաև այլ անդամների նկատմամբ ճնշումների վերաբերյալ, սակայն նրանք հրաժարվել են հանդիպել կամ տեղեկություն տրամադրել քաղաքացիական հասարակության անդամներին կամ հրապարակային հանդես գալ այդ մասին։ Բռնությունների գործադրմամբ արգելափակվել է ավագանու անդամների մի մասի, այդ թվում գործող համայնքապետի մուտքը ավագանու 2023 թ. դեկտեմբերի 5-ի նիստին:Ոստիկանությունը փորձել է արդարացնել այդ սահմանափակումը նրանով, որ գործողություններ են իրականացնում ՔՊ ավագանու անդամների անվտանգությունն ապահովելու համար։ Իրավապահներն արգելափակել են  համայնքի բնակիչների մուտքը ավագանու նիստերի դահլիճ և ներկայությունը այդ նիստին, որով խախտվել է ՏԻՄ օրենքի՝ նիստի հրապարակայնության պահանջը: (Տեսեք վերոհիշյալ աղբյուրը:) ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ԱԺ լիագումար նիստին մասնակցելու և իր բուն պարտականությունները կատարելու փոխարեն մասնակցել ու միջամտել է Ալավերդի համայնքի հիշյալ նիստին՝ նաև անձնական վիրավորանքներ է հասցրել գործող համայնքապետին։ ԱԵ խմբակցությունը լքած ավագանու անդամ Սիմոն Զախարովին մասնակցության և քվեարկության համար, ըստ տարածվող տեղեկությունների, ՔՊ կուսակցության անդամները խոստացել են Ալավերդու ԲԿ-ի տնօրենի պաշտոնը: Անվստահություն հայտնելուն աջակցող ավագանու անդամները նիստերի դահլիճում հայտնվել են ուստիկանության աջակցությամբ։ ՆԳՆ փրկարար ծառայության ներկայացուցիչներն այդ նպատակով կոտրել են դահլիճի փակ դուռը։ Օրենքի խախտմամբ ընթացած նիստում համայնքի ղեկավար է ընտրվել ՔՊ խմբակցության ղեկավար` Շնող համայնքի նախկին ղեկավար, Դավիթ Ղումաշյանը։ Մենք ներքոնշյալ կազմակերպություններս.  համարում ենք, որ ավագանու անդամների և հետաքրքրված քաղաքացիների մասնակցության խոչընդոտմամբ նիստը ինքնին ապօրինի է և դրա արդյունքում ընդունված որոշումները չեն կարող օրինական համարվել։ դատապարտում ենք օրենսդիր և գործադիր իշխանությունների միջամտությամբ հակաժողորդավարական միջամտությունը Ալավերդի համայնքի տեղական ինքնակառավարմանը, ավագանու անդամների և քաղաքացիների օրինական շահերի և իրավունքների խախտումները, ինչպիսիք քանիցս դրսևորվել են նաև այլ համայնքներում, խստորեն դատապարտում ենք ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանի, իրավապահ մարմինների և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի միջամտութամբ Ալավերդի համայնքում ավագանու ապալեգիտիմացումը, իրավապահ մարմիններից պահանջում ենք քննություն իրականացնել ոստիկանության գործողությունների իրավաչափության և արձանագրված ճնշումների փաստերի գնահատման համար, իրավապահ մարմիններից պահանջում եք քննության ենթարկել առերևույթ քրեական հանցակազմ պարունակող վերոհիշյալ գործողությունները, Հայտարարում ենք, որ Տեղական ինքնակառավարման համակարգի նկատմամբ այսպիսի ոտնձգությունները և ճնշումները պետական օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից ոտնահարում են քաղաքացիների կամքը, հակոտնյա են ուղիղ և ներկայացուցչական ժողովրդավարության ոգուն ու հետզհետե ոչնչացնում են այն խորհրդանշական առաջընթացը, որ արձանագրվել էր ընտրական գործընթացներում: Պետական իշխանությունը պարտավոր է իրեն ու հանրությանը հաշիվ տալ նշված հետադիմական զարգացումները նախաձեռնելու և խթանելու համար: «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» «Ուղղակի Ժողովրդավարություն» «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ «Երևանի մամուլի ակումբ» ՀԿ Հանրային լրագրության ակումբ ՀԿ  Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ»։
21:05 - 05 դեկտեմբերի, 2023
Դատապարտում ենք Նիկոլ Փաշինյանի կողմից Ալավերդիում իշխանազավթումը. «Մայր Հայաստան»

Դատապարտում ենք Նիկոլ Փաշինյանի կողմից Ալավերդիում իշխանազավթումը. «Մայր Հայաստան»

Ժողովրդավարությունից, մարդու իրավունքների պաշտպանությունից, օրինականությունից խոսող Նիկոլ Փաշինյանն իր գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ ՔՊԿ-ի միջոցով Ալավերդի համայնքում հակաքաղաքացիական գործողությունների է գնացել: Այս մասին հայտարություն է տարածել «Մայր Հայաստան» դաշինքը։  «ՔՊԿ-ն ապօրինաբար և քստմնելի տեխնոլոգիաներ կիրառելով գողացել է համայնքի բնակիչների քվեն, զրկել «Ապրելու երկիր» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների կոալիցիոն համայնքապետին իշխանությունից ու համայնքի ղեկավար նշանակել սեփական թեկնածուին: Այդպիսով հակաժողովրդավարական տրամաբանությամբ վերանայվել են 2022թ. սեպտեմբերի 25-ին Ալավերդիում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները: ՔՊԿ-ական թեկնածուի նշանակման գործընթացին նախորդել և հաջորդել են ՔՊԿ-ական պատգամավորի անմիջական ղեկավարմամբ իրականացվող՝ օրենքի աղաղակող խախտումներն ու բարոյական նորմերի ոտնահարումը: Իշխանազավթման նիստը տեղի է ունեցել ընթացակարգային կոպիտ խախտումներով: Այդ ամենին գործուն մասնակցություն են ցուցաբերել Ոստիկանությունն ու Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Ալավերդիում տեղի ունեցածը «թավշյա», ուժային կառույցների միջոցով իրականացված իշխանազավթում է: Փաշինյանական ընտրակեղծիքների առանձնահատկությունն այն է, որ ընտրակեղծիքների իրականացումը տեղի է ունենում ոչ միայն նախընտրական, այլ նաև հետընտրական փուլերում: Նման մեթոդի Նիկոլ Փաշինյանը դիմել է Վանաձորում, Երևանում և այլ համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո: Այնտեղ, որտեղ ՔՊԿ-ն պարտվել է ՏԻՄ ընտրություններում, հետևել են հետընտրական ապօրինությունները, կուլիսային ճնշում-գործարքները և անգամ կալանավորումները՝ զրկելով համայնքին ոչ ՔՊԿ-ական ղեկավար ունենալու իրավունքից:Իր այս գործելաոճով ՔՊԿ-ն վերածվել է ռազմաքրեական հանցախմբի: Հաշվի առնելով այս իրողությունները, ինչպես նաև ՔՊԿ ներքին ու արտաքին կործանարար քաղաքականությունը՝ այդ ուժին իշխանությունից հեռացնելը մեր երկրի անվտանգության ու գոյության, ինչպես նաև ժողովրդավարական կարգի ապահովման թիվ մեկ նախապայմանն է» ,- ասված է հայտարարության մեջ։ 
17:11 - 05 դեկտեմբերի, 2023
Սա վերջը չի, սա սկիզբն է ամեն ինչի. Արկադի Թամազյանը պատրաստվում է դատարանում բողոքարկել իր իմպիչմենտը
 |news.am|

Սա վերջը չի, սա սկիզբն է ամեն ինչի. Արկադի Թամազյանը պատրաստվում է դատարանում բողոքարկել իր իմպիչմենտը |news.am|

news.am: Ալավերդու ավագանու նիստն անօրինական էր: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ալավերդու համայնքապետարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է Ալավերդու արդեն նախկին համայնքապետ Արկադի Թամազյանը: «Սա վերջը չի, սա սկիզբն է ամեն ինչի: Պայքարը հենց այսօրվանից սկսվելու է: Կփորձեն  նաև իրավական, իրավապահ մարմինների միջոցով տարբեր խաղեր՝ կեղտոտ փորձեն անել, դա ոչինչ չի փոխելու, համոզված եղեք: Այս ընթացքում մեր փաստաբանները կդիմեն դատարան, և լրացուցիչ  տեղեկություն կտրամադրենք գործի հետ կապված»,- հայտարարեց Թամազյանը: Հիշեցնենք, որ առավոտյան Ալավերդու ավագանու 27 անդամներից 14-ն անվստահություն հայտնեցին Արկադի Թամազյանին և համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրեցին ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանին։ Ամբողջ խնդիրն այն է, որ «Ապրելու երկիր» խմբակցությունից Սիմոն Զախորվը դուրս է եկել խմբակցությունից եւ դարձել «անկախ» անդամ՝ աճակցելով ՔՊ-ին: Դա թույլ է տվել ՔՊ-ին ունենալ 14 քվե, համայնքապետին անվստահություն հայտնելու համար։ 
13:09 - 05 դեկտեմբերի, 2023
Ալավերդու համայնքապետ ընտրվեց ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը

Ալավերդու համայնքապետ ընտրվեց ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը

Ալավերդի խոշորացված համայնքի ավագանու 27 անդամից 14-ը քվեարկությամբ անվստահություն հայտնեցին համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին։ Գաղտնի քվեարկությամբ համայնքապետ ընտրվեց ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, Շնողի նախկին համայնքապետ Դավիթ Ղումաշյանը։ Ինչպես արդեն հայտնել ենք, Ալավերդի խոշորացված համայնքի ավագանու ՔՊ խմբակցությունը նախաձեռնել է «Ապրելու երկիր» կուսակցությունից համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթաց։ Հիշեցնենք, որ 2022թ․ սեպտեմբերի 25-ին Ալավերդիում կայացած ՏԻՄ համամասնական ընտրությունների արդյունքներով Ալավերդիում ՔՊ-ն և «Ապրելու երկիր» կուսակցություններին տրվել էր հավասար թվով՝ 13-ական մանդատ, ևս մեկ մանդատ տրվել էր «Հայ ազգային կոնգրես»-ին։ Կոալիցիա էին կազմել «Ապրելու երկիր»-ը և ՀԱԿ-ը՝ համայնքապետ ընտրելով Թամազյանին։
11:05 - 05 դեկտեմբերի, 2023
Ալավերդու համայնքապետին անվստահություն հայտնելու առաջին քվեարկությունը անվավեր համարվեց․ ընթանում է նոր քվեարկություն

Ալավերդու համայնքապետին անվստահություն հայտնելու առաջին քվեարկությունը անվավեր համարվեց․ ընթանում է նոր քվեարկություն

Ինչպես արդեն հայտնել ենք, Ալավերդի խոշորացված համայնքի ավագանու ՔՊ խմբակցությունը նախաձեռնել է «Ապրելու երկիր» կուսակցությունից համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթաց։ Ավագանու արտահերթ նիստին մասնակցում է 14 անդամ՝ 13-ը ՔՊ խմբակցության անդամներն են, 1-ը՝ «Ապրելու երկիր» խմբակցությունից դուրս եկած և ավագանու անկախ անդամ։ Գաղտնի քվեարկության ավարտից հետո նիստերի սենյակ մտավ գործող համայնքապետ Արկադի Թամազյանը, ներս մտավ նաև Մեսրոպ Առաքելյանը։ Թամազյանը նշեց, որ նիստը սկսել են օրենքի խախտմամբ, քանի որ պետք է 30 րոպե սպասեին, մինչ համայնքապետը կամ տեղակալը գային, և հետո միայն նրանց չգալու դեպքում նիստը կվարեր ավագ անդամը։ Հետո Մեսրոպ Առաքելյանը վերցրեց քվեատուփը՝ լրագրողներին ցույց տալու, որ արդեն քվեարկությունը տեղի է ունեցել, ինչից հետո լեզվակռիվ ու քաշքշուկ սկսվեց։ Ոստիկանները դուրս տարան Առաքելյանին։ Նշենք, որ սենյակում է նաև ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը։ Վերջինիս և Թամազյանի միջև ևս լեզվակռիվ սկսվեց, վիրավորանքներ հնչեցին։ Ոստիկանները դուրս տարան նաև Թամազյանին։ Քվեատուփի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով առաջարկվեց նախկին քվեարկությունը համարել անվավեր։ Այժմ ավագանու անդամները նորից են քվեարկում։ Քաղաքացիները համայնքապետարանի բակում բողոքի ակցիա են իրականացնում՝ նշելով, որ դեմ են համայնքապետին անվստահություն հայտնելու գործըթնացին։ Ըստ ՔՊ-ի՝ բնակիչները հավաքվել են վարչական ռեսուրսի գործադրմամբ։ Հիշեցնենք, որ 2022թ․ սեպտեմբերի 25-ին Ալավերդիում կայացած ՏԻՄ համամասնական ընտրությունների արդյունքներով Ալավերդիում ՔՊ-ն և «Ապրելու երկիր» կուսակցություններին տրվել էր հավասար թվով՝ 13-ական մանդատ, ևս մեկ մանդատ տրվել էր «Հայ ազգային կոնգրես»-ին։ Կոալիցիա էին կազմել «Ապրելու երկիր»-ը և ՀԱԿ-ը՝ համայնքապետ ընտրելով Թամազյանին։ Լուսանկարում՝ Արկադի Թամազյանը
10:51 - 05 դեկտեմբերի, 2023
Ալավերդիում իրավիճակը լարված է․ քաղաքացիները դեմ են համայնքապետին անվստահություն հայտնելու ՔՊ նախաձեռնությանը

Ալավերդիում իրավիճակը լարված է․ քաղաքացիները դեմ են համայնքապետին անվստահություն հայտնելու ՔՊ նախաձեռնությանը

Ալավերդու ավագանու ՔՊ խմբակցությունը նախաձեռնել է «Ապրելու երկիր» կուսակցությունից համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթաց։ Ալավերդու բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում ավագանու այս նախաձեռնության դեմ։ Այս պահին մեծ թվով ոստիկաններ թույլ չեն տալիս համայնքապետարանի աշխատակիցներին մուտք գործել շենք։ ՔՊ-ն համայնքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ ավագանու որոշում է ներկայացրել, որը պետք է քննարկվի նիստի օրակարգում։ Համայնքապետ Արկադի Թամազյանը հայտարարել է, որ ՔՊ-ն օրենքի խախտմամբ է փորձում իրեն պաշտոնազրկել։ Ավելի վաղ Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել էր․ «Մեզ անդադար հասնում են տեղեկություններ վարչական ռեսուրսի գործադրմամբ վաղը նախատեսած հանրահավաքի մարդաշատություն ապահովելու նպատակով։ Մասնավորապես, համայնքապետարանի պաշտոնյաներ, բաժնի պետեր զանգահարում են մանկապարտեզների, բուժամբուլատորիաների, երաժշտական դպրոցների, մշակույթի տների տնօրենների և հրահանգում վաղը՝ ժամը 09:30-ին, ներկայանալ համայնքապետարան՝ իբր բյուջեի քննարկման այն պարագայում, երբ ժամը 08:00-ին համայնքապետարանի դիմաց հրավիրել են հանրահավաք։ Հրահանգվել է նաև հանրահավաքին մասնակցել համայնքապետարանի աշխատակազմին, ՀՈԱԿ-ների աշխատակազմերի»։ Հիշեցնենք, որ 2022թ․ սեպտեմբերի 25-ին Ալավերդիում կայացած ՏԻՄ համամասնական ընտրությունների արդյունքներով Ալավերդիում ՔՊ-ն և «Ապրելու երկիր» կուսակցություններին տրվել էր հավասար թվով՝ 13-ական մանդատ, ևս մեկ մանդատ տրվել էր «Հայ ազգային կոնգրես»-ին։ Կոալիցիա էին կազմել «Ապրելու երկիր»-ը և ՀԱԿ-ը՝ համայնքապետ ընտրելով Թամազյանին։ Ավելի ուշ ավագանու անդամ Սիմոն Զախարովը լքել էր «Ապրելու երկիր» խմբակցությունը և դարձել «անկախ» անդամ: Ավագանու արտահերթ նիստը այս պահին մեկնարկել է, մասնակցում է 14 անդամ։ Առաջարկվում է անվստահություն հայտնել գործող համայնքապետ Արկադի Թամրազյանին և համայնքապետ ընտրել ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանին։ Արտահերթ նիստը վարում է հենց Սիմոն Զախարովը, քանի որ համայնքապետի բացակայության պայմաններում նիստը պետք է վարի ավագ անդամը։
09:53 - 05 դեկտեմբերի, 2023
Ալավերդու ավագանու 27 անդամներից 14-ը համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթաց են սկսել

Ալավերդու ավագանու 27 անդամներից 14-ը համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթաց են սկսել

Ալավերդու ավագանու 27 անդամներից 14-ը «Ապրելու երկիր» կուսակցությունից համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթաց են սկսել։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը։ «Շաբաթներ առաջ էլ ավագանու բոլորովին այլ 9 անդամներ էին, այս անգամ արդեն՝ «Ապրելու երկիր» խմբակցությունից, նախաձեռնել անվստահության հարցը, սակայն նիստը չկայացավ։ Այսպիսով ստացվում է, որ Արկադի Թամազյանին պաշտոնանկ անելու նախագծի տակ ստորագրել են ավագանու 27 անդամներից 23-ը, այսինքն՝ Թամազյանին վստահում է ավագանու միայն 4 անդամ, այդ թվում հենց ինքը՝ Թամազյանը։ Այս պայմաններում Թամազյանի կողմից զոռբայությամբ աթոռը պահելու գործողությունները բարդացնում են իր վիճակը, իսկ հնարավոր հակաօրինական գործողությունները, այն է՝ խաթարել ավագանու և համայնքապետարանի բնականոն աշխատանքը, պետք է արժանանան իրավական համապատասխան գնահատականի»,- նշված է գրառման մեջ։
19:50 - 04 դեկտեմբերի, 2023
Ալավերդի միավորված համայնքի ավագանու 5 նիստերից 3-ը ՔՊ-ն բոյկոտել է․ ինչո՞ւ |civilnet.am|

Ալավերդի միավորված համայնքի ավագանու 5 նիստերից 3-ը ՔՊ-ն բոյկոտել է․ ինչո՞ւ |civilnet.am|

civilnet.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ալավերդի միավորված համայնքի ավագանու 5 նիստերից 3-ը բոյկոտել է։ Խմբակցության քարտուղար Հարություն Ձավարյանի խոսքով՝ իրենց բոյկոտը ոչ թե քաղաքական, այլ մարդկային բովանդակություն է ունեցել: ՔՊ խմբակցությունը բոյկոտել է հոկտեմբերի 12-ի ավագանու առաջին նիստը, որի ընթացքում Ալավերդի միավորված համայնքի ղեկավար է ընտրվել «Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացնող Արկադի Թամազյանը: Նույն պատճառով ՔՊ խմբակցությունը բոյկոտել է նաև ավագանու երկրորդ՝ հոկտեմբերի 15-ի նիստի՝ համայնքապետի երդման արարողությունը: Ավագանու առաջին երկու նիստերի բոյկոտից հետո իշխանական թևի խմբակցությունը հոկտեմբերի 31-ի հերթական նիստին օրակարգային 14 հարցերի որոշումներին միաձայն կողմ է քվեարկել: Այս նիստին նրանք համայնքապետին խնդրել են նոյեմբերի11-ին ավագանու հերթական նիստ չնշանակել՝ խմբակցության որոշ անդամների զբաղվածության պատճառով: Համայնքապետը հերթական նիստը նշանակել է նոյեմբերի 22-ին, սակայն նոյեմբերի 8-ին նախաձեռնել, իսկ նոյեմբերի11-ի հրավիրել է ավագանու արտահերթ նիստ, որին ՔՊ խմբակցությունից ներկայացել են ավագանու 7 անդամներ, սակայն նիստին մասնակցելու համար չեն գրանցվել: Նոյեմբերի 11-ի արտահերթ նիստը ՔՊ խմբակցության երրորդ բոյկոտն էր: Նիստում քննարկվել է համայնքապետի վարձատրության չափը, համայնքի կազմում ընդգրկված 500-ից պակաս հաշվառված բնակիչներ ունեցող բնակավայրերում վարչական ղեկավարներ ունենալու, համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքն ու աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնյաների դրույքաչափերը, ՀԱԿ-ի անդամ Տիգրան Պապոյանին համայնքի ղեկավարի 1-ին տեղակալ նշանակելու և հողամասերի նպատակային ու գործառնական նշանակությունների փոփոխություն կատարելու հարցերը: Ավագանու կանոնակարգի խախտում՝ արտահերթ նիստ հրավիրելիս Արտահերթ նիստն սկսելուց առաջ ՔՊ խմբակցությունը Հարություն Ձավարյանի բերանով դժգոհել է համայնքապետի կողմից արտահերթ նիստ նախաձեռնելիս իրենց հետ գործընկերային պայմանավորվածության խախտումից։ Խմբակցության անդամները նաև նկատել են, որ արտահերթ նիստը հրավիրվել է ավագանու կանոնակարգի 133 և 134 կետերի խախտումներով: Դրա հետևանքով համայնքապետարանից արտահերթ նիստի օրակարգը, որոշման նախագծերը և մյուս փաստաթղթերը ավագանու անդամներին ուղարկվել են ոչ թե հոկտեմբերի 8-ին՝ արտահերթ նիստը նախաձեռնելու հաջորդ 24 ժամվա ընթացքում, այլ արտահերթ նիստից 24 ժամ առաջ: «Հնարավոր է, որ արտահերթ նիստը «Ապրելու երկիր» խմբակցությունը և համայնքապետ Արկադի Թամազյանը ցանկացել են առանց մեր խմբակցության անցկացնել: Թեմաներ են եղել դրանց հետ կապված: Մեզ այդ նիստից հետաքրքրել են համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքն ու աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնյաների դրույքաչափերի մասին օրակարգային հարցերը: Մենք այստեղ միտում ենք տեսել»,- ասում է Ձավարյանը: Վերջինը նոյեմբերի 11-ին Արկադի Թամազյանին առաջարկել է չեղարկել արտահերթ նիստը, այն նշանակել այլ օր և նախապես համաձայնեցնել ՔՊ խմբակցության հետ, այլապես նրանց կողմից արտահերթ նիստին կայացված բոլոր որոշումները կբողոքարկվեն և կկասեցվեն դատական կարգով: Առաջարկը չի ընդունվել: Հայտարարությունից հետո ավագանու ՔՊ խմբակցության յոթ անդամները բոյկոտել են արտահերթ նիստը: Մեկնաբանում է համայնքի ղեկավարը Արկադի Թամազյանը Սիվիլնեթին պարզաբանեց, թե արտահերթ նիստը երբ էլ հրավիրվեր՝ ավագանու մի քանի անդամների հարմար չէր լինելու: Թամազյանը նշեց, որ խմբակցության՝ նոյեմբերի 11-ին նիստ չնշանակելու առաջարկը վերաբերել է ավագանու հերթական նիստին, որին ինքը համաձայնել է: Նոյեմբերի 14-ին նիստ հրավիրելու իր առաջարկին դեմ է կանգնել ՔՊ խմբակցության ավագանու մեկ այլ անդամ: Արկադի Թամազյանը պնդում է, որ հերթական նիստի օրվա համաձայնությունից հետո ավագանու բոլոր անդամներին հայտարարել է, որ մոտակա օրերին արտահերթ նիստ է հրավիրվելու: «Ի վերջո, մենք պարտավոր չենք ավագանու նիստերի հերթական օրերը համաձայնեցնել ավագանու անդամների հետ»,- ասում է նա: Շարունակությունը՝ civilnet.am- ում
15:18 - 30 նոյեմբերի, 2022
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է երկաթգծի ուղիների վրա

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է երկաթգծի ուղիների վրա

Նոյեմբերի 18-ին, ժամը 23:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Փամբակ-Վահագնի ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել շրջանցիկ կամրջի երթևեկելի հատվածից և ընկել երկաթգծի ուղիների վրա, այնուհետև բեռնատար գնացքը բախվել է ավտոմեքենային․ կա զոհ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի մոտ 15-րդ կմ-ին «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ․ Հ․, ծնված 1947 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և կամրջից ընկնելով երկաթգծի վրա՝ բախվել բեռնատար գնացքին: Դեպքի վայրում հայտնաբերվել են վարորդի և երեք կնոջ դիերը (ինքնությունը չի հաջողվել պարզել)։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, կատարել ավտոմեքենայի մասնատման աշխատանքներ, դուրս բերել դիերը և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։
10:53 - 19 նոյեմբերի, 2022