ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

Պատգամավորը հեռավար կրթության մեջ ներառական կրթության իրականացման խոչընդոտ է տեսնում |armenpress.am|

Պատգամավորը հեռավար կրթության մեջ ներառական կրթության իրականացման խոչընդոտ է տեսնում |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը հեռավար կրթության հարցում ներառական կրթություն ստանալու խոչընդոտ է տեսնում։ Սյս մասին Հովսեփյանն ասաց ապրիլի 9–ին ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած «Հեռավար կրթության մարտահրավերներն ու հնարավորությունները արտակարգ իրավիճակի պայմաններում» թեմայով հեռավար քննարկման ընթացքում։ «Հեռավար կրության մեջ մենք ունենք մեկ բաց, դա ներառական կրթության առումով է։ Ուսուցիչները դժվարություն ունեն ներառված երեխաների և ներառական դասի ապահովման առումով։ Ներառված աշակերտներից շատերն ունեն սարքավորումներին միանալու, խոսքի դժվարություն։ Այս առումով դուրս են մնում կրթական գործընթացից»,– ասաց Հովսեփյանը։ Պատգամավորը նշեց, որ այսօր ներառական կրթություն ստացող աշակերտների 90%–ը չեն օգտվում հեռավար կրթության համակարգից։
17:43 - 09 ապրիլի, 2020
Տեսակոնֆերանս գիտական կազմակերպությունների հետ

Տեսակոնֆերանս գիտական կազմակերպությունների հետ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ և Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի մասնակցությամբ տեղի է ունեցել տեսակոնֆերանս Հայաստանի գիտական կազմակերպությունների տնօրենների հետ: Հանդիպմանը քննարկվել են արտակարգ իրավիճակի պայմաններում ստեղծված խնդիրների հաղթահարման աջակցության վերաբերյալ վերջիններիս առաջարկները: Տեսակոնֆերանսին մասնակցել են ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի, «Հայկենսատեխնոլոգիա» գիտա-արտադրական կենտրոնի, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի, ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի, ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի, Օրգանական և դեղագործական քիմիայի գիտա-տեխնոլոգիական կենտրոնի, ինչպես նաև Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրենները: Մի քանի ինստիտուտներ առաջարկել են տարածքների և իրերի ախտահանության համակարգերի մշակում և արտադրություն, ինչպիսիք են օզոնատորները և ՈւՄ խցիկները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ սարքերի համատեղ ուսումնասիրման և դրանց արդյունավետության բացահայտման ուղղությամբ: Մեկ այլ առաջարկի համաձայն՝ գամմա ճառագայթման միջոցով հնարավոր է ստեղծել ախտահանման շարժական համակարգ, որի արդյունավետությունը վիրուսային մասնիկների վրա ևս պետք է ուսումնասիրել:Ներկայացվել են առաջարկություններ ինքնամեկուսացմանն ռեժիմին առնչվող հասարակագիտական հետազոտությունների իրականացման վերաբերյալ ինչպես իրադրության սոցիալ-հոգեբանական, այնպես էլ հեռավար կրթության և կառավարման մոդելների մասով: Առաջարկների մյուս խումբը վերաբերել է համավարակի տարածման մոդելավորման խնդիրներին, որոնց լուծման համար առաջարվել է կիրառել հասանելի հաշվողական հնարավորությունները և տեխնոլոգիաները: Հնչել են նաև առաջարկներ իմունախթանիչներ հանդիսացող պրոբիոտիկներով հարուստ սննդանյութերի, ինչպես նաև բնական ծագման այլ կենսաակտիվ նյութերի արտադրության և դրանց կիրառման վերաբերյալ: Առաջարկների մյուս բաժինը վերաբերել է ախտածին հարուցիչների ուսումնասիրության ենթակառուցվածքների ստեղծմանը, որոնք հնարավորություն կընձեռեն ՀՀ տարածքում ունենալ ախտածինների ուսումնասիրությամբ զբաղվող հետազոտողների խմբեր, որոնց մասնագիտական կարողությունները կկիրառվեն ինչպես նոր դեղամիջոցների և հակահամաճարակային միջոցների մշակման, այնպես էլ առավել առաջադեմ հետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով:Նշվել է նաև միջազգային ստանդարտներին համապատասխանող ԴՆԹ/ՌՆԹ թեստերի մշակման և սինթեզի ենթակառուցվածքներ ունենալու անհրաժեշտությունը, որը ներկայացնում է ոչ միայն գիտական, այլ նաև կիրառական հետաքրքրություն: Հանդիպման վերջում մասնակիցները համաձայնության են եկել համագործակցել բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ, ինչպես նաև առաջարկել են ստեղծել արտակարգ իրավիճակներում գիտական ինստիտուտների ներուժի համախմբումն ապահովող հարթակ և համապատասխան ընթացակարգեր, որոնց միջոցով հնարավոր կլինի ավելի համակարգված և էֆեկտիվ կիրառել հանրապետության գիտական ներուժը՝ ճգնաժամային կառավարման մարմինների աշխատանքներում ներգրավելով համապատասխան ոլորտների գիտնականների:
15:12 - 09 ապրիլի, 2020
Հայկական դուդուկը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում գրանցվել է 2008 թվականին․ ԿԳՄՍՆ

Հայկական դուդուկը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում գրանցվել է 2008 թվականին․ ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Հայկական դուդուկի երաժշտությունը դեռ 2005 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակել է Մարդկության բանավոր և ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցներից մեկը, և 2008 թ. «Դուդուկն ու իր երաժշտությունը» վերնագրով հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության տարրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։  «Դուդուկ հայկական նվագարանը և դրա երաժշտությունը հայկական ժողովրդական երաժշտական մշակույթի բնութագրական դրսևորումներից է, այն տարածված ու կենսունակ է ոչ միայն նվագարանային կատարողական արվեստում, այլև հասարակության մեջ՝ ընտանիքներում, համայնքներում, մշակութային, կրթական տարբեր կազմակերպություններում։ Վերջին տարիներին բազում ծրագրեր են իրականացվում դուդուկի պահպանության, փոխանցման և հանրահռչակման ուղղությամբ, կազմակերպվում են տեղական և միջազգային փառատոներ, ֆլեշմոբեր և այլ միջոցառումներ։ Դրա վկայություններից է Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում մեկնարկած «Արի պարի քոչարի» ֆլեշմոբը, որն այս տարի նվիրվում է Դուդուկ (ծիրանափող) հայկական նվագարանին։ Նպատակը՝ բացահայտել տաղանդավոր դուդուկահարներին և հայկական դուդուկի նվագը ճանաչելի դարձնել համայն աշխարհին։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում 2021 թ. գրանցելու նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի անդամ երկու պետություններ՝ Ադրբեջանը և Թուքիան, համատեղ հայտ են ներկայացրել «Բալաբանի կատարողական արվեստը և արհեստագործությունը» վերնագրով։ Բալաբան անվանմամբ երաժշտական նվագարանի մասին հայտը դեռևս 2012 թվականից էր Ադրբեջանը ներկայացել ՅՈՒՆԵՍԿՕ գրանցմանը, և գործընթացը կասեցվել էր ու գտնվում էր սպասողական հայտերի ցանկում։ Այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման միջկառավարական կոմիտեի քննարկմանը կներկայացվի միայն 2021 թ., եթե արժանանա կոնվենցիայի գնահատման մարմնի անկախ փորձագետների դրական գնահատականին։ Նշենք նաև, որ, ըստ կոնվենցիայի, այս կամ այն երկրի՝ ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերում որևէ տարրի վերաբերյալ հայտի գրանցումը չի ենթադրում տարրի հանդեպ սեփականության իրավունք։ Ցանկում տարրը գրանցելիս ճանաչվում են տվյալ երկրում (կամ բազմազգ հայտերի դեպքում՝ տվյալ երկրներում) համայնքների, խմբերի կամ անհատ կրողների՝ տվյալ տարրի մշակութային դրսևորումները, առանձնահատկությունները և կենսունակությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
13:11 - 08 ապրիլի, 2020
Հեռավար կրթության հնարավորությունները և առաջացած խնդիրները. պատմում են աշակերտներն ու ուսուցիչները |armenpress.am|

Հեռավար կրթության հնարավորությունները և առաջացած խնդիրները. պատմում են աշակերտներն ու ուսուցիչները |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց ի վեր դասերը դասասենյակներից տեղափոխվեցին օնլայն տիրույթ: Եթե նախկինում սմարթֆոնները աշակերտներին խանգարում էին դասի վրա կենտրոնանալուց, ապա այսօր առանց դրանց պարզապես հնարավոր չէ: Ուսուցիչները ստեղծված իրավիճակում հեռավար դասերը համարում են փրկություն, այսպիսով թույլ չեն տալիս երեխաներին մոռանալ սովորածը, օգտվում են համացանցի ընձեռած այլ հնարավորություններից, սակայն միևնույն է նախընտրում են դասերի անցկացման «ավանդական տարբերակը»: Զրույցում աշակերտները կարծես թե ևս «ավանդական տարբերակի» կողմնակիցն էին: Արտաշատի համար 3 հիմնական դպրոցի պատմության ուսուցչուհի Հրանուշ Վարդանյանը ստեղծված պայմաններում կրթության այս տարերակը համարում է պարզապես փրկություն: Նա հիշում է՝ 1990-ականներին վառարնների մոտ դաս անցկացնելն երբեմն ավելի դժվար էր, դասերը երբեմն 15-20 րոպե էին տևում կամ ինչ-որ ժամանակով ընդհատվում:  Պատմության ուսուցչուհին դասերն անցկացնում է հայտնի Zօօm-ով և Viber-ով, հարմարվում է աշակերտների հնարավորություններին: «Չի կարելի պարտադրել մեկ ծրագիր, որ աշակերտը ներգրավվի: Պետք է այնպես անել, որ աշակերտը ներգրավված լինի՝ ըստ իր հնարավորության: Սակայն երեխաները մեծ պատասխանատվությամբ ու սիրով են ներգրավվում»,-նկատեց Վարդանյանը: Դասապրոցեսին երբեմն խանգարում են միայն տեխնիկական խնդիրները: Ուսուցչուհին նկատեց՝ որոշ ընտանիքներում կապ հաստատելու համար մեկ տեխնիկա կա, իսկ տանը աշակերտները մի քանիսն են, այսպիսով նրանցից մեկն ու մեկը տուժում է: Վարդանյանն ըմբռնումով է մոտենում, լրացուցիչ հանձնարարականներ այս ընթացքում շատ չի տալիս, սակայն երբեմն օգտվում է համացանցի ընձեռած հնարավորություններից, աշակերտներին ուղարկում է դասերի թեմաների վերաբերյալ տարբեր տեսանյութեր, որոնք հնարավորություն են տալիս ուսուցչից բացի լսել օրինակ մեկ այլ դասախոսի: Օնլայն դասերին «գլուխ պահող» աշակերտներ ևս լինում են, սակայն ուսուցչուհին նկատեց՝ այնպես, ինչպես սովորական դասերի ժամանակ է պատահում: Տեխնիկական խնդիրներից զատ, Վարդանյանը հեռավար կրթության տարբերակում գտել է նաև դրական կողմեր. «Հիմա ծնողներն էլ աշակերտների կողքին են, նրանք ավելի զգոն են: Ծնողներն ավելի շատ ուշադրություն են դարձնում»։ Աշակերտ-ուսուցիչ անմիջական շփումը, սակայն, ոչնչով չի փոխարինվի:  Նույն դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ Հայկ Սայադյանին տնից դաս անելն այնքան էլ դուր չի գալիս, բայց միևնույն ժամանակ հասկանում է՝ անհրաժեշտ է: «Օրինակ իմ հեռախոսի հետ խնդիր է առաջանում, երբեմն ձայները չեմ լսում»,-ասում է նա: Սակայն Հայկն այս ամենում դրական կողմ ևս գտել է. «Տնայիններս անում եմ, երբ ուզում եմ»,-կատակում է:  Առարկաների մի հատվածի առաջադրանքները Հայկը ստանում է Viber-ով, անում դրանք, նկարում և ուղարկում ուսուցչին: Ոգևորությամբ է նշում. «Դասատուն ասում է՝ եթե չեք հասկանում, զանգեք, կպատասխանեմ: Մենք էլ զանգում ենք»: Շարունակությունը՝ armenpress.am-ում
09:49 - 08 ապրիլի, 2020
56 համակարգչային տեխնիկա է հատկացվել Արմավիրի սոցիալապես խոցելի խմբերում գտնվող ընտանիքների երեխաներին

56 համակարգչային տեխնիկա է հատկացվել Արմավիրի սոցիալապես խոցելի խմբերում գտնվող ընտանիքների երեխաներին

ՀՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հավաքագրված համակարգչային տեխնիկայից 56-ը հատկացվել է Արմավիրի մարզպետարանին: Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի լրատվկական ծառայությունը: ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ` ստացված տեխնիկան ժամանակավոր շահագործման կտրամադրվի բազմազավակ և սոցիալապես խոցելի խմբերում գտնվող ընտանիքներին, մասնավորապես. -Քաղաքային համայնքների 5 և ավել երեխա ունեցող ընտանիքներին-Գյուղական համայնքների 4 և ավել երեխա ունեցող ընտանիքներին-Երկկողմանի ծնողազուրկ երեխաներին Ստեղծված իրավիճակում հեռավար դասընթացները նախաձեռնելու և դրանց ընդգրկվածությունն ու արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված գործուն քայլերի համար մարզպետարանը շնորհակալություն է հայտնում ԿԳՄՍ նախարարությանը և բոլոր այն անձանց, ովքեր արձագանքել են մարդասիրական այս ձեռնարկի իրագործմանը:
22:26 - 07 ապրիլի, 2020
 Աշխատում ենք, որ նախարարության պատրաստած բոլոր նախագծերն ունենան նաև հստակ կրթական  բաղադրիչ․ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյան

Աշխատում ենք, որ նախարարության պատրաստած բոլոր նախագծերն ունենան նաև հստակ կրթական բաղադրիչ․ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանն ասաց, որ նախարարությունը սկսել է Սկսել ենք «Առականի» շարքը՝ Համազգային թատրոնի արտիստների մասնակցությամբ,  արդեն առաջին հաղորդումը թողարկվել է։ «Աշխատում ենք, որ նախարարության պատրաստած բոլոր նախագծերն ունենան նաև հստակ կրթական ուղերձներ և կրթական բաղադրիչ։ Արտիստների կողմից այս առակների ընթերցումից հետո փոքրիկ քննարկում է կազմակերպվում հենց հաղորդման շրջանակներում, այնուհետև արտիստները կոչ են անում այս քննարկումը տեղափոխել տուն, ընտանիք։ Կա մի ակցիա, երբ առակի լավագույն մեկնաբանությունը ուղարկում են թատրոնի ֆեյսբուքյան էջին, և անակնկալներ են սպասվում լավագույն մեկնաբանությունն ուղարկողին»,-նշեց նա։ Արայիկ Խզմալյանը հայտնեց, որ նկարահանվել է և շուտով կմեկնարկի «Քո սերնդակիցը» նախագիծը, որը ցուցադրելու է երաժշտական ոլորտում տաղանդավոր պատանիների ձեռքբերումները, նվաճումները։ «Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայաստանի կինոմատոգրաֆիստների միության հետ համատեղ webtv.am կայքում մենք տեղադրել ենք արդեն 14  մուլտեր, անիմացիոն ֆիլմեր»,- ասաց նա։
14:19 - 07 ապրիլի, 2020
Ճգնաժամային իրավիճակում ոչ միայն  հանրային հետաքրքրությունը մշակույթի հանդեպ չի նվազել, այլև որոշ դեպքերում նկատվում է այդ հետաքրքրության շեշտակի աճ․ ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Ճգնաժամային իրավիճակում ոչ միայն  հանրային հետաքրքրությունը մշակույթի հանդեպ չի նվազել, այլև որոշ դեպքերում նկատվում է այդ հետաքրքրության շեշտակի աճ․ ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը նշեց, որ, ըստ իրենց ուսումնասիրությունների, այս ճգնաժամային իրավիճակում ոչ միայն  հանրային հետաքրքրությունը մշակույթի հանդեպ չի նվազել, այլև որոշ դեպքերում նկատվում է այդ հետաքրքրության շեշտակի աճ։ «Մեր պետական կառույցների ֆեյսբուքյան էջերի, կայքերի հետևորդների քանակը բազմապատկվում է, խնդիր ունենք անել այնպես, որ ճգնաժամի հաղթահարումից հետո այս տվյալները չնվազեն, և մենք ձևավորենք կայուն հետևորդների ինստիտուտը։ Այս շաբաթվանից մենք կսկսենք մեր պետական կառույցների PR մարքեթինգի պատասխանատուների հատվածի հետ համապատասխան վեբինարներ կազմակերպել, որ մշակենք այս տվյալները պահպանելու և զարգացնելու ձևաչափերը»,- նշեց նա։  Արայիկ Խզմալյանի խոսքով՝ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական  թատրոնը մարտի 17-ից մինչև ապրիլի 5-ն իր ֆեյսբուքյան էջում հեռարձակել է 6 ներկայացում։ Նշված ժամանակահատվածում ցուցադրված նյութերի ընդհանուր դիտումների քանակն արդեն անցնում է 840 հազարը։ Թատրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջի հետևորդների թիվը նշված ժամանակահատվածում ավելացել է 5000-ով։  «Սունդուկյանի անվան թատրոնում մեկնարկել է «Առցանց խաղացանկ» նախագիծը։ Երեկ ցուցադրվել է առաջին ներկայացումը, որ ունեցել է շուրջ 40 հազար դիտում։ Առցանց ցուցադրությունները շարունակվում են գրեթե բոլոր թատերահամերգային կազմակերպությունների սոցիալական ցանցերով և կայքէջերով։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներն անհատական կամ խմբակային մակարդակներում տեսագրում են համերգային կատարումներ, հեռարձակում են դրանք, ինչպես նաև կոչ են անում մնալ տանը և հետևել պարետատան ցուցումներին»,- նշեց նա։ Արայիկ Խզմալյանն ասաց, որ մեծ հետաքրքրություն է առաջացրել Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիայի հեռարձակումը։ Նրա խոսքով՝ սիմֆոնիան ձայնագրվել էր 2019 թ․ և երբևէ չէր հեռարձակվել, առաջին անգամ հեռարձակվեց այս պայմաններում։  « «Արմմոնո» մենաներկայացումների թատերական միջազգային փառատոնը ևս ընտրել է առցանց ձևաչատը։ Ստեղծվել է «Armmono Talking» խորագրով նախագիծ՝ զրույցներ ոլորտի տարբեր մասնագետների հետ։ Սա նաև կրթական ծրագիր է»,- նշեց նա։
13:51 - 07 ապրիլի, 2020
Ունենք հեռավար կրթության գործընթացում ավելի քան 80 տոկոսի մասնակցություն․ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյան

Ունենք հեռավար կրթության գործընթացում ավելի քան 80 տոկոսի մասնակցություն․ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԿԳՄՍ նախարարի տեղակալ  Ժաննա Անդրեասյանն ասաց, որ նախարարությունը մի շարք ուղղություններով քայլեր է ձեռնարկել կրթության շարունակականությության ապահովման համար։ Քայլերը հիմնականում ուղղված են եղել հեռավար ուսուցման հասանելիության բարձրացմանը, անհրաժեշտ բովանդակության պատրաստմանը և ուսուցիչներին աջակցությանը, ինչպես նաև մեթոդական կարգավորմանը։ «Շարունակել ենք մեր համագործակցությունը Հանրային հեռուստաընկերության հետ, որի շրջանակներում ամեն օր՝ առավոտյան 08։30-ից, եթերում են հանրային դասերը։ Այստեղ աշխատում ենք ներառել նաև մասնագիտական կողմնորոշման, ֆինանսական գործիքների օգտագործման և այլ թեմաներ, որոնք ոչ միայն ուսումնական նյութ են, այլ նաև պոտենցիալ կրթական բովանդակություն են ավելի լայն խմբերի համար։ Արձագանքները ցույց են տալիս, որ մենք ունենք շատ ավելի լայն լսարան, և այդ լսարանը այդ կրթական բովանդակությունը բավականին համարժեք է գնահատում։ Հանրային դասերը շարունակվում են նաև 11։30-ից 12։40։ Այս անգամ առանցքում բնագիտական առարկաներն ու մաթեմատիկան են՝ ավագ դասարանների համար»,- նշեց նա։ Ժաննա Անդրեասյանն ասաց, որ նախարարությունը պատրաստում է թեմատիկ պլաններին համապատասխան տեսադասեր։ «Արդեն իսկ ունենք ավելի քան 95 տեսադաս, որոնք հասանելի են ինչպես մեր յութուբյան էջում, այնպես էլ մենք դա տեղադրում ենք նախարարության ֆեյսբուքյան էջում և տարածում ենք հեռահաղորդակցության ընկերությունների հետ մեր համագործակցության շրջանակներում նրանց տրամադրծ տարածքներում․ խոսքը և՛ Ucom-ի, և՛ Rostelecom-ի, և Beeline-ի մասին է, որոնց հետ ձեռք բերած համաձայնությունների արդյունքում բոլոր դասերը անվճար հասանելի են դառնում այդ ընկերությունների բջջային հավելվածներում և թվային հեռուստատեսություններում։ YouTube-ում դրանց դիտելն ու բեռնելն անվճար է»,- նշեց նա։ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կա համագործակցություն մարզային հեռուստաընկերությունների հետ, և տեսադասերը նաև հասանելի են մարզային հեռուստաընկերությունների եթերում։ Նա նշեց, որ  սա հատկապես կարևոր է, քանի որ կան տեղեկություններ, թե աշակերտների և ուսուցիչների որոշ խմբեր չունեն հասանելիություն սարքերին և չեն կարողանում  միանալ հեռավար ուսուցմանը։   «Այս տարվա մարտի 29-ից Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում ընդունում ենք համակարգչային սարքավորումներ, արդեն իսկ հավաքագրել ենք շուրջ 600 սարքավորում, որոնց զգալի մասն ամբողջությամբ նոր է։ Սրանք տրամադրել ենք մարզերին, տրամադրել ենք նաև քարտեր։ Ունեցել ենք նվիրաբերություններ ինչպես կազմակերպությունների, այնպես էլ ֆիզիկական անձանց կողմից»,- ասաց նա։ Ժաննա Անդեասյանը նշեց, որ նախարարությունն այս ընթացքում մի շարք ուղեցույցներ է մշակել ծնողների, աշակերտների, ուսուցիչների համար։ Գործարկվել է էլեկտրոնային մատյան, որը հնարավորություն է տալիս արձանագրել, թե ինչպես են իրականացվում հեռավար դասերն առանձին դպրոցներում, ինչպիսի աշխատանք են կատարում ուսուցիչները։ Մատյանը գործարկվել է մարտի 26-ին, և այս պահին ուսուցիչների 80 տոկոսն այնտեղ գրանցված է։ «Մարզերից ստացված տեղեկությունների համաձայն՝ մենք ունենք հեռավար կրթության գործընթացում ավելի քան 80 տոկոսի մասնակցություն․ խոսքն աշակերտական համակազմի մասին է։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի միջոցով վերապատրաստման արագացված դասընթանցեր ենք կազմակերպել ուսուցիչների համար։ Դասընթացներն իրականացրել ենք թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի Հանրապետության ուսուցիչների համար»,- ասաց նա։
12:59 - 07 ապրիլի, 2020
Բարձր առաջադիմություն ունեցող ոչ մի ուսանող վարձի պատճառով դուրս չի մնալու բուհից. վարչապետ |armenpress.am|

Բարձր առաջադիմություն ունեցող ոչ մի ուսանող վարձի պատճառով դուրս չի մնալու բուհից. վարչապետ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում քաղաքացիներից մեկի հարցին ի պատասխան անդրադարձել է ուսման վարձավճարների խնդիրներին: Քաղաքացին հարցնում էր, թե ինչպես ուսանողները վճարեն վարձը, որոնց ծնողներն այս օրերին զրկվել են գումար վաստակելու հնարավորությունից: Միգուցե հնարավոր լինի որոշակի առումով փոխհատուցե՞լ այդպիսի ուսանողների ուսման վարձը: Հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի վերջերս արած հայտարարությունը: Նախարարն առաջարկել է, որ բուհերը մինչև արտակարգ դրության ավարտը և դրանից հետո ևս երկու շաբաթ ոչ մի ուսանողից վարձ չպահանջեն, որից հետո յուրաքանչյուր ուսանողի հետ կկազմվի ուսման վարձ վճարելու անհատական գրաֆիկ: Միևնույն ժամանակ, նախարարը կոչ է արել ուսանողներին, ովքեր գումարի վճարման խնդիր չունեն, վճարեն, որ դասախոսներն աշխատավարձ ստանան: «Բարձր առաջադիմություն ունեցող ոչ մի ուսանող վարձի պատճառով դուրս չի մնալու բուհերից:  Սիրելի ուսանողներ լավ սովորեք, լավ ցուցանիշներ ունեցեք, և մենք կապահովենք, որ վարձի պատճառով որևէ մեկը դուրս չմնա բուհից: Սա է իմ խորհուրդը և խնդրանքը»,-նշեց վարչապետը: 
20:22 - 06 ապրիլի, 2020
Արտակարգ դրությունից հետո ուսանողների համար կկազմվի գրաֆիկ վարձավճարների պարտքերը մարելու համար․ Արայիկ Հարությունյան

Արտակարգ դրությունից հետո ուսանողների համար կկազմվի գրաֆիկ վարձավճարների պարտքերը մարելու համար․ Արայիկ Հարությունյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կապված ուսանողների վարձավճարների հետ․ «Կրկին դիմում եմ ուսանողներին: Գիտեմ, որ այս օրերին ուսանողների մի մասը վարձավճարների խնդիրներ ունեն, և արդեն տեղեկացրել եմ, որ դիմել եմ ռեկտորներին արտակարգ դրության ժամանակահատվածում վարձավճարները չգանձելու բոլոր նրանցից, ովքեր ունեն ֆինանսական խնդիրներ: Իսկ Արտակարգ դրությունից հետո ուսանողների համար կկազմվի գրաֆիկ վարձավճարների պարտքերը մարելու համար: Բայց, կուզեմ դիմել բոլոր այն ուսանողներին, ովքեր այս պահին կարող են վարձավճարները մուծել: Շատ կարևոր է, որ դուք չհետաձգեք վճարումը և անեք դա հիմա, որպեսզի բուհերը չունենան ֆինանսական խնդիրներ: Չէ՞ որ դասախոսները հիմա էլ կատարում են իրենց պարտքը և դասավանդում են: Շնորհակալություն ռեկտորներին համագործակցության համար, ինչպես նաև ուսանողներին՝ կոչիս արձագանքելու և վճարումները չհետաձգելու համար»:
20:17 - 06 ապրիլի, 2020
Այս օրերին հարյուրավոր սարքեր ենք հավաքել և ուղարկել մարզեր, և այդ գործընթացը շարունակվում է․ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան

Այս օրերին հարյուրավոր սարքեր ենք հավաքել և ուղարկել մարզեր, և այդ գործընթացը շարունակվում է․ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է․ «Այսօր նախարարությունում զանգ ստացա: Մի երիտասարդ ասաց, որ տաքսու վարորդ է ծառայություններից մեկում ու հեռախոսը չի կարողանում տանը թողնել, քանի որ դրանով է գումար վաստակում: Հետևաբար, երեխան միայն երեկոյան է կարողանում ուսուցչից ստանալ հանձնարարությունները և ուղարկել պատասխաններն ու կատարված առաջադրանքները: Ծնողն ասաց, որ ուսուցչուհին ասել է, որ այսպես երեխան խնդիրներ կունենա ու սենց շարունակել հնարավոր չէ: Ընդ որում, երեխան 2-րդ դասարանում է: Բայց պարզվում է, որ սարքերի հետ կապված նմանատիպ խնդիրների դեպքում շատ ուսուցիչներ անհատական ծրագրով այդ երեխաների համար ապահովում են կրթության իրավունքը: Ու ինձ համար անհասկանալի է վերոգրյալ մեկ ուսուցչի պահվածքը և ծնողների համար ավելորդ խնդիրներ ստեղծելը: Ես հետևողական եմ լինելու, որ նման դեպքեր չկրկնվեն, որ մի քանի հոգի ջուրը չգցեն տասնյակ հազարավոր մյուս ուսուցիչների այս օրերի աշխատանքը և հսկայական ջանքերը: Մի՛ արեք այդպես և առավելագույնս աջակցեք կյանքի տարբեր հանգամանքների բերումով ծանր վիճակում հայտնված ձեր աշակերտներին: Տեղեկացնեմ նաև, այս օրերին հարյուրավոր սարքեր ենք հավաքել և ուղարկել մարզեր, և այդ գործընթացը շարունակվում է»:
19:01 - 05 ապրիլի, 2020