ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման ծրագրի ֆինանսավորումը կավելանա 9.6 մլրդ դրամով |armenpress.am|

300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման ծրագրի ֆինանսավորումը կավելանա 9.6 մլրդ դրամով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարության՝ մայիսի 29-ի նիստում գործադիրը հավանության է արժանացրել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին հատկացված պետական միջոցները 9,6 մլրդ դրամով ավելացնելու որոշումը: Ըստ հիմնավորման` ծրագրի ֆինանսավորումն ավելացվում է՝ հաշվի առնելով, որ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի հիմնական վերջնաժամկետը 2026 թվականն է, և 2025-2026 թթ.-ին աշխատանքներն իրականացվում են լայն ծավալով` ընդգրկելով ավելի շատ հաստատություններ: Միաժամանակ, կառուցվող, նորոգվող և հիմնանորոգվող հաստատությունների ցանկերը պարբերաբար համալրվում են, ինչպես նաև մեկնարկում են նոր օբյեկտների շինարարական աշխատանքներ։ Ծրագրի շրջանակում կառուցվող և հիմնանորոգվող բոլոր հաստատությունները շինարարության ավարտից հետո շահագործման են հանձնվում ամբողջությամբ նոր գույքով համալրվելուց հետո։  Ըստ այդմ` հաստատված որոշմամբ՝ 2025 թվականի պետական բյուջեի ազատ մնացորդի հաշվին ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը հատկացվող 9.6 մլրդ դրամը կբաշխվի հետևյալ ուղղություններով. Մանկապարտեզների հիմնանորոգում՝ 0.8 մլրդ դրամ Դպրոցների կառուցում՝ 0.5 մլրդ դրամ Դպրոցների նորոգում՝ 5.9 մլրդ դրամ Դպրոցների և մանկապարտեզների գույքով ապահովում՝ 2.4 մլրդ դրամ
18:00 - 29 մայիսի, 2025
ՄԻՊ-ը չի բացառում, որ կարող է ՍԴ դիմել՝ գումարի դիմաց կրճատ ծառայության օրինագծի հարցով

ՄԻՊ-ը չի բացառում, որ կարող է ՍԴ դիմել՝ գումարի դիմաց կրճատ ծառայության օրինագծի հարցով

Ես մտահոգություններ ունեմ, որ այս նախագիծը խտրականության արգելքի հետ կապված լուրջ խնդիրներ է պարունակում։Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով նախագծին, որով առաջարկվում է քաղաքացիությունից հրաժարվելու դիմաց 15 միլիոն դրամ վճարել, 24 միլիոնով ազատվել երկու տարվա ծառայությունից ու մեկ ամիս ծառայել, 18 միլիոնով էլ՝ չորս ամիս: «Պիտի հատուկ արձանագրեմ, որ անընդունելի և անթույլատրելի եմ համարում սոցիալական ցանկացած շերտավորում մեր երկրում, որը կարող է կապված լինել այդ թվում Սահմանադրությամբ սահմանված պարտավորությունների հետ։ Չի կարելի երկրում այնպիսի իրավակարգավորումներ նախատեսել, որոնք կարող են մարդկանց համար, առնվազն հանրային ընկալումների առումով տպավորություն ձևավորել, որ որևէ պարտականության հետ կապված արտոնությունը պայմանավորված լինել անձի գույքային դրությամբ՝ գումար ունենալու կամ չունենալու հանգամանքով։ Երկրորդ հանգամանքոը, որ կուզենամ շեշտադրել այն է, որ մենք բոլորս գիտենք, որ ԶՈՒ-ում բավականին լայն տարածում ունեն ոչ կանոնադրային հարաբերությունները, ենթամշակույթին բնորոշ հարաբերությունները, և այս տեսանկյունից իմ մտահոգությունն այն է, որ ռիսկերը բավարար չափով գնահատված չեն և հաշվարկված չեն այդ հարաբերությունների խորացում ստեղծելու տեսանկյունից»,- ասաց նա: ՄԻ պաշտպանի խոսքով՝ նախագիծը նախապես իր հետ չի քննակվել, նաև ընդհանուր առմամբ հաստատության չի ուղարկվել հավանաբար այն պատճառով, որ այն օրենսդրական կարգավորումները, որոնք վերաբերում են ՄԻՊ-ին նախագծեր ուղարկելուն, առաջին հերթին վերաբերում են Կառավարության նախաձեռնություններին: Մանասյանը նշեց՝ ԱԺ պատգամավորների պարագայում նման պարտականություն չկա: Նա վստահություն հայտնեց, որ առաջիկայում հարցի հետ կապված քննարկումներ կունենանք «Միանշանակ, եթե ես համարեմ, որ նախագծային կարգավորումներով չեն լուծվում այն խնդիրները, որոնք ես տեսնում եմ, միանշանակ դիմելու եմ Սահմանադրական դատարան։ Բայց այս պահին էլ հույս ունեմ, որ որ գործընկերները հաշվի կառնեն այն բոլոր դիտարկումները, որոնք ներկայացրել ենք, և ընտ էության չենք ունենա այդ կարգավորումները»,- ասաց Անահիտ Մանասյանը:
17:21 - 29 մայիսի, 2025
Թոքաբանության ազգային կենտրոնը կմիացվի Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին |armenpress.am|

Թոքաբանության ազգային կենտրոնը կմիացվի Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը որոշել է Թոքաբանության ազգային կենտրոնը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով այն Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին: Արդյունքում հնարավոր կլինի ունենալ՝ վարչական և լոգիստիկ գործընթացների կենտրոնացում, որը կնպաստի  բուժման արդյունավետություն բարձրացմանը: Ռեսուրսրները կօգտագործվեն ավելի խելամիտ` խուսափելով կրկնակի ծախսերից։ Ռեսուրսների արդյունավետ օգտագործումը կկրճատի գործառնական ծախսերը, համատեղելով վարչական գործառույթները, բժշկական սարքավորումների և մարդկային ռեսուրսների համատեղ օգտագործումը։  Միավորված կենտրոնը կարող է ապահովել համալիր խնամք մեկ վայրում, ինչը կհեշտացնի բուժման կազմակերպումը և կբարելավի արդյունքները։ Կբարելավվի ախտորոշման, բուժումն ու վերահսկումը՝ լաբորատորիաների, հետազոտությունների և կլինիկական փորձառությունների միավորումը կարող են նպաստել  վարակների վաղ հայտնաբերմանը և հետագա բուժման կազմակերպմանը: Բժշկական անձնակազմը կարող է անցնել վերապատրաստում և տուբերկուլոզի, և այլ վարակիչ հիվանդությունների գծով, ինչը կբարձրացնի անձնակազմի ճկունությունը տարբեր վարակներին և առողջապահական խնդիրներին արձագանքելու համար։ Հնարավորություն կստեղծվի լայնածավալ հետազոտություններ իրականացնելու համար` կապված շնչառական վարակների, համավարակների և հակամանրէային կայունության հետ։
17:00 - 29 մայիսի, 2025
Կառավարությունը փոխում է զինծառայողների արձակուրդի և բնակարանային ապահովման կարգը
 |civilnet.am|

Կառավարությունը փոխում է զինծառայողների արձակուրդի և բնակարանային ապահովման կարգը |civilnet.am|

civilnet.am: Կառավարությունը մայիսի 29-ին հաստատեց զինվորական ծառայությունից տրվող արձակուրդների և բնակարանային ապահովման նոր նախագիծը։ Այն ներկայացրեց պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը՝ նշելով, որ նախագիծն առաջարկում է միաժամանակ մի քանի ոլորտային փոփոխություններ՝ ուղղված զինվորական ծառայության գրավչության բարձրացմանը և ծառայության ընթացքում առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը։ Նախագիծը նաև համարվեց անհետաձգելի, այսինքն՝ այն ԱԺ-ն պետք է քննարկի արագացված ընթացակարգերով։ Արձակուրդներ՝ ավելի երկար և ավելի հավասարեցված Նախագծով առաջարկվում է երկարացնել պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող հիմնական արձակուրդի ժամկետները։ «Բոլոր ժամկետային զինծառայողները վեց ամիսը մեկ կգնան արձակուրդ, և դրա տևողությունը կախված կլինի նրանց ծառայության բնույթից»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև նշեց, որ երդման արարողությունից հետո զինծառայողը պարտադիր կստանա երկու օր լրացուցիչ արձակուրդ։ Ներկայիս օրենքով շարքայիններն ունեն 10 օր արձակուրդ, սերժանտները՝ 15 օր։ Նախագծով առաջարկվում է բոլոր ժամկետայիններին տրամադրել 21 օր արձակուրդ, իսկ մարտական հերթապահության մեջ ներգրավված ծառայողներին՝ 30 օր։ Այս արձակուրդը կտրամադրվի ծառայության ընթացքում երեք հավասար մասերով։ Հասնելու և վերադառնալու նպատակով տրվող երկու օրերը հանվելու են։ Փոփոխությունները կունենան հետադարձ ուժ՝ տարածվելով նաև այն զինծառայողների վրա, որոնք արդեն ստացել են նախկին օրենսդրությամբ նախատեսված արձակուրդ. նրանց կտրամադրվի նորի և հնի տարբերությունը։ Արձակուրդ՝ 12-ամսյա ծառայողների համար Նախագիծը կարգավորում է նաև այն անձանց արձակուրդի իրավունքը, որոնք զինվորական ծառայության են անցել 27 տարեկանից հետո՝ ՀՀ քաղաքացիություն ստանալով կամ զորակոչից խուսափելով և այժմ իրենց նախաձեռնությամբ ծառայության անցնելով։ Այս խմբի համար ևս առաջարկվում է արձակուրդի տրամադրում։ Բնակարանային ապահովում՝ հիփոթեքի նոր մեխանիզմով Նախագիծը ներառում է նաև սպայական կազմի բնակարանային ապահովման գործընթացի էական փոփոխություն։ Ներկայում սպային՝ 20 տարի պայմանագրային ծառայության պայմանով, պետությունը հատկացնում է անշարժ գույք՝ բնակարան Երևանում։ Ըստ նախարարության՝ գործնականում այս դրույթը արդյունք չի տվել՝ շուկայական գների, առաջարկի սահմանափակության և բաշխման խնդիրների պատճառով։ Նախագծով առաջարկվում է անցում կատարել ամբողջապես պետական աջակցությամբ հիփոթեքային վարկավորման մոդելին։ Այսինքն՝ սպային հնարավորություն կտրվի իր ընտրած բնակարանը ձեռք բերել հիփոթեքային վարկով, որի կանխավճարը, մայր գումարը և տոկոսները կփոխհատուցվեն պետության կողմից։ Եթե սպան պայմանագրային ժամկետից շուտ դադարեցնի ծառայությունը, ապա նա պարտավոր կլինի վերադարձնել պետության փոխհատուցած ամբողջ գումարը։ Բացի այդ, հիփոթեքային պայմանագրում նախատեսվելու է սահմանափակում՝ բնակարանի վաճառքի կամ օտարման իրավունքների մասով՝ մինչև պայմանագրի ավարտը։
13:46 - 29 մայիսի, 2025
Արձանագրվում է ակնհայտը, որ երեխան ծնողի սեփականությունը չէ. Փաշինյանը՝ երեխայի պաշտպանությանն ուղղված առաջարկների մասին |1lurer.am|

Արձանագրվում է ակնհայտը, որ երեխան ծնողի սեփականությունը չէ. Փաշինյանը՝ երեխայի պաշտպանությանն ուղղված առաջարկների մասին |1lurer.am|

1lurer.am: Համայնքի դերը երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում մեծացնելու համար մշակվել է նախագծերի փաթեթ: Ըստ կարգավորումների՝ երեխաների իրավունքների պաշտպանությունն իրականացվելու է երեխաների պաշտպանության ոլորտում հատուկ մասնագիտացված սոցիալական աշխատողի միջոցով: Համայնքներում երեխաների պաշտպանության հիմնական պատասխանատվությունն այս պահին կրում են խնամակալության, հոգաբարձության հանձնաժողովները, որոնց գործունեությունը տեղական և միջազգային տարբեր զեկույցներում որակվում է «ոչ մասնագիտական» և «ոչ արդյունավետ», որովհետև այնտեղ իրականում ներգրավված չեն մասնագիտական որակավորում ունեցող անձինք: Այդ մասին Կառավարության՝ մայիսի 29-ի նիստին ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը՝ նշելով, որ 2004 թվականից հետո առաջին անգամ ոլորտի մեծ, համապարակ վերանայում է կատարվում առաջարկվող փաթեթով: «Վերահաստատվում և ամրապնդվում է պետության դերը՝ որպես երկրում երեխայի իրավունքների ապահովման հիմնական պատասխանատու, ինչը կիրականացվի համայնքների պատվիրակմամբ պատվիրակված լիազորության վերահսկողության միջոցով: Ուժեղացվել են համայնքներում երեխայի պաշտպանության իրականացման հիմքերը համայնքներում վարձատրվող մասնագիտական գործառույթի, մոնիթորինգի և վերահսկողության համակարգի ներդրման միջոցով»,- ասաց նախարարը: Փաթեթով սահմանվել է «բուլինգ» հասկացությունը և ամրագրվել, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու կազմակերպությունները ձեռնարկելու են արձագանքող և կանխարգելիչ միջոցառումներ երեխայի բուլինգի կանխարգելման, բացահայտման, ինչպես նաև բուլինգի վտանգի տակ գտնվող կամ ենթարկված երեխաների պաշտպանության համար անրաժեշտ մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ: «Փոփոխություններ ենք իրականացնել խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի տարիքային պահանջներում, այժմ 55-ը դարձնում ենք 65: Սահմանվել է նաև ալիմենտի վճարման՝ անկանխիկ ձևով ընդունման կարգավորումը: Երեխայի մասնակցությունը որդեգրման դատավարությանը չի դառնալու պարտադիր պայման»,- ասաց նախարարը՝ թվարկելով առաջարկվող փոփոխություններից մի քանիսը: Նարեկ Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ փաթեթը քննարկվել է ինչպես միջազգային գործընկերների հետ, այնպես էլ Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող՝ ավելի քան 20 ՀԿ-ների հետ: Ապահովելու համար երեխաների լսված լինելու իրավունքը՝ ներգրավվել են նաև երեխաներ թիրախային խմբերից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց՝ այս փաթեթով ևս մեկ անգամ արձանագրվում է ակնհայտը, որ երեխան ծնողի սեփականությունը չէ. «Սա շատ կարևոր արձանագրում է: Սրա մասին պետք է ասել, որ երեխան ծնողի սեփականությունը չէ, և դա առանձնահատուկ հարաբերություն է, և այդ առանձնահատուկ հարաբերության մեջ կան բազմաթիվ առանձնահատկություններ, և երեխայի իրավունքներն այդ առանձնահատկություներից մեկն է»:
13:33 - 29 մայիսի, 2025
«Ինչքա՞ն կարելի է այդքան խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լինել». Փաշինյանը անդրադարձել է համալիրի հարսանիքին և եկեղեցիներին |news.am|

«Ինչքա՞ն կարելի է այդքան խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լինել». Փաշինյանը անդրադարձել է համալիրի հարսանիքին և եկեղեցիներին |news.am|

news.am: Աղմուկ բարձրացավ, որ Մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել հարսանիք. Այ, որ տարիներով մարզահամերգային համալիրը քանդվում-քայքայվում էր, և մենք այսքան միլիարդներ ենք դնում ու չենք կարողանում կանգնեցնել քայքայման պրոցեսը, բա պե՞տք է տնտեսվարությամբ զբաղվել: Բա մարզահամերգային համալիրում ի՞նչ պետք է տեղի ունենա: Այդ մասին, այսօր՝ մայիսի 29–ին, կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հանրության շրջանում քննարկման թեմա դարձած հարսանեկան միջոցառմանը, որը տեղի էր ունեցել մարզահամերգային համալիրում: «Ընդհակառակը՝ պետք է քաջալերել: Այսօր Հայաստանից 100-ավոր ընտանիքներ գնում են, Դուբայում հարսանիք են անում, հետ են գալիս, իսկ որ այստեղ կարող է սննդի համակարգն աշխատել, կարող են երաժիշտները հավելյալ գումար ստանալ, դիզայներները հավելյալ գումար ստանալ, ծառայություն մատուցողները հավելյալ գումար ստանալ, հավելյալ հարկ վճարել և հավելյալ ծասխեր անելու հնարավորություն ունենալ, չէ՛, եկեք ձեռք չտանք, չմոտենանք համալիրին... Մենք մեր եկեղեցիներին էլ ենք նման կերպ վերաբերվում: Վերջերս մի քանի եկեղեցիներ, տաճարներ, բառիս բուն իմաստով, «տաճար» մոմ վառելու այցելելուց հետո ԿԳՄՍ նախարարին հարց եմ տալիս՝ պատմամշակութային հուշարձան է, չէ՞, որն այսօր կառավարում է ո՛չ Կառավարությունը, ո՛չ ՊՈԱԿ-ը: Մենք խնդիր դնո՞ւմ ենք այդտեղի սանիտարական վիճակի համար: Ես ձեզ պաշտոնապես ասում եմ՝ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացվա՛ծ: Ով որտեղ ինչ ոչ պետքական ապրանք ունի, մեկ էլ գնում, տեսնում ես՝ ավելացված մետլախ, պարկով ցեմենտ, «աբալովկի» հին կտորներ, արմատուրայի հին, ժանգոտ կտորներ: Մտնում ես... Մարդն ինչի՞ համար է եկեղեցի մտնում, մտնում է հոգևոր հաղորդակցություն ունենալու, մեկ էլ մտնում-տեսնում ես՝ այնտեղ աղբ է լցված, այնտեղ ինչ-որ մեկի հին շորերն են, այնտեղ մեկը կոշիկներն է դրել, հին կռավաթը... Ո՞նց կարելի է նման կերպ: Ինչքա՞ն կարելի է այսքան կեղծ լինել, հարգելի՛ ներկաներ: Ինչքա՞ն կարելի է այդքան խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լինել: Ինչքա՞ն կարելի է ոտի տակ տալ սրբությունները: Մեկ էլ՝ վա՛յ, համալիրում բան է եղել...»,- ասաց Փաշինյանը և այս համատեքստում նկատեց, որ եթե հիմա մեկն առաջարկի համալիրի գլխին խաչ դնել, կողջունվի գաղափարը: Փաշինյանը նաև ԿԳՄՍ նախարարին հորդորեց՝ եկեղեցիների համար ստանդարտներ սահմանել:
12:24 - 29 մայիսի, 2025
Երևանի քաղաքապետը կա՛մ չի տիրապետում գործընթացներին, կա՛մ միտումնավոր մանիպուլացնում է բնակիչներին․ մինչև մայիսի 30-ը հստակ քայլեր չձեռնարկելու դեպքում վերսկսվելու են բողոքի ակցիաները․ Անաստաս Միկոյան 64-ի բնակիչներ

Երևանի քաղաքապետը կա՛մ չի տիրապետում գործընթացներին, կա՛մ միտումնավոր մանիպուլացնում է բնակիչներին․ մինչև մայիսի 30-ը հստակ քայլեր չձեռնարկելու դեպքում վերսկսվելու են բողոքի ակցիաները․ Անաստաս Միկոյան 64-ի բնակիչներ

Անաստաս Միկոյան 64-ի բնակիչները հայտարարություն են տարածել՝ նշելով, որ եթե մինչև մայիսի 30-ը առանձնացված հողի վերամիավորման ուղղությամբ առարկայական գործողություններ չիրականացվեն, վերջիններս վերսկսելու են բողոքի խաղաղ ակցիաները՝ կիրառելով ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիաներով սահմանված ողջ գործիքակազմը:  Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․  «2025 թվականի ապրիլի 16-ին Անաստաս Միկոյան 64 հասցեի բնակելի թաղամասի բնակիչների` կառուցապատող «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության ներկայացուցիչների և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ տեղի ունեցած հանդիպմանը բնակիչների ներկայացուցիչների կողմից Երևանի քաղաքապետին ներկայացվեցին Երևանի քաղաքապետարանի իրավասության ներքո գտնվող խնդիրները՝  Անաստաս Միկոյան 64 հասցեում կառուցված բնակելի թաղամասի՝ նախագծով և գնորդների գնման իրավունքներով ծանրաբեռնված 4000 քմ հողատարածքը ապօրինի  առանձնացնելու, առանձին Անաստաս Միկոյան 64/7 հասցե տրամադրելու և այդ հողամասը նախնական առուվաճառքի պայմանագրի համաձայն կառուցապատող ընկերության հետ փոխկապակցված <ԿԱԷՌ ԲԻԼԴ> ՍՊ ընկերությանը վաճառելու հետ կապված: Բնակիչները ներկայացրեցին նաև, որ Երևանի քաղաքապետի՝ 22.07.2024թ. թիվ 2737-Ա որոշմամբ Երևան քաղաքի իշխանություններն ուղղակի ոտնահարել են թաղամասի բնակիչների սեփականության իրավունքները՝ միաժամանակ անտեսելով իրենց իսկ կողմից համաձայնեցված և հաստատված բնակելի թաղամասի նախագիծը, որով տվյալ տարածքը նախատեսված է կանաչապատման և բարեկարգման համար: Միաժամանակ Երևանի քաղաքապետին ներկայացվեցին անբարեխիղճ կառուցապատողի պլանները տվյալ տարածքում նոր կառուցապատում իրականացնելու առնչությամբ: Դրան ի պատասխան Երևանի քաղաքապետը նախ ներկայացրեց, որ Անաստաս Միկոյան 64/7 հասցեով առանձնացված 4000 քմ հողամասում հնարավոր չէ տրամադրել որևէ կառուցապատման թույլտվություն, քանի որ տվյալ հողամասը 2024 թվականի սեպտեմբերին հաստատված Երևանի գլխավոր հատակագծով սահմանվել է որպես ընդհանուր օգտագործման տարածք, այնուհետև նշեց, որ առկա է նաև ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները: Այնուամենայնիվ, չպատասխանելով բնակիչների այն հարցադրմանը, թե քաղաքապետի կողմից հաստատված նախագծից առանձնացված հողամասին ինչու են տրամադրել նոր հասցե, Երևանի քաղաքապետը որպես նոր իրողություն տեղեկացրեց կառուցապատող ընկերության ներկայացուցիչներին, որ այդ տարածքում չի տրամադրվելու կառուցապատման որևէ թույլտվություն: Հանդիպումից հետո  «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչը, ինչպես նաև ընկերության ներկայացուցիչները հայտնել էին իրենց պատրաստակամությունը Անաստաս Միկոյան 64/7 հասցեով գրանցված  առանձնացված 4000քմ հողամասը Անաստաս Միկոյան 64 հասցեում առկա 2.97055 հա հողամասին միավորելու կապակցությամբ՝ դրանով ապահովելով թաղամասի բնակիչների՝ թաղամասի սպասարկման ընդհանուր հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության գնման իրավունքները: Թաղամասի բնակիչները, միամտաբար հավատալով Երևանի քաղաքապետի և կառուցապատող ընկերության ներկայացուցիչների խոստումներին, անհամբեր սպասում էին հարցի լուծմանը և իրենց խախտված իրավունքների վերականգնմանը: Սակայն առ այսօր որևէ դրական տեղաշարժ չկա, ավելին՝ կառուցապատող ընկերության ղեկավարությունը մի շարք բնակիչների հայտնել է, որ որևէ պարագայում իրենք չեն պատրաստվում առանձնացված 4000քմ հողը միավորել թաղամասի ընդհանուր սպասարկման և հաստատված նախագծով հողին: Անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի պնդրումներին՝ կապված Երևանի գլխավոր հատակագծի հետ, ցանկանում ենք նշել, որ կա՛մ Երևանի քաղաքապետը չի տիրապետում գործընթացներին և իր ենթակաները ուղղակի խաբում են իրեն, կամ միտումնավոր մանիպուլացնում է բնակիչներին՝ այդ կերպ փորձելով հանդարտեցնել բնակիչների ցասումը և մեղմել բողոքի ակցիաները։ Այս պնդման հիմնավորումը ներկայացնում ենք ստորև՝ Երևանի գլխավոր հատակագիծը հաստատվել է 2024 թվականի սեպտեմբերին, մինչդեռ կառուցապատող ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Անաստաս Միկոյան 64 հասցեում գտնվող հողամասը գրանցվել է շատ ավելի վաղ, իսկ հողամասի գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման է: 13.08.2024թ. պետական գրանցում ստացած Անաստաս Միկոյան 64/7 հասցեում գտնվող առանձնացված 4000 քմ հողամասի գործառնական նշանակությունը նույնպես բնակելի կառուցապատման է նշված: ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածը որևէ առնչություն չունի մասնավոր սեփականություն համարվող հողերի սահմանափակումների հետ: Որևէ կերպ պատասխան չի տրվել բնակիչների այն հարցին, թե ինչպես է թույլ տրվել հաստատված նախագծից 4000քմ հողամասի առանձնացումը և դրան նոր հասցեի տրամադրումը: Նշենք նաև, որ թաղամասի բնակիչների փաստաբանների կողմից «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության ներկայացուցիչներին մոտ մեկ ամիս առաջ ներկայացվել են այն իրավական քայլերը, որոնց միջոցով հնարավոր է իրականացնել առանձնացված հողի միավորման գործընթացը՝ Կառուցապատողի (կամ սնանկության կառավարչի կողմից կամ վերջինիս համաձայնությամբ Կառուցապատողի կողմից) և «ԿԱԷՌ ԲԻԼԴ» ՍՊԸ նախնական պայմանագրի լուծում (դադարեցում) և կադաստրում առկա նախնական նշման վերացում։ Կառուցապատողի կողմից Ա․ Միկոյան 64/7 հասցեի հողամասը Ա․ Միկոյան 64 հասցեի միավորման սխեմայի կազմում, չափագրման մուտքգրում կադաստրի կոմիտե և դիմում Երևանի քաղաքապետարան՝ Ա․ Միկոյան 64 հացեոով միավորման համար: Փոխանցման ակտերում գնորդների համաձայնության սահմանում նշված հողամասի միավորման արդյունքում բաժնային սեփականությունը ընդլայնված հողամասի նկատամբ գրանցելու վերաբերյալ, իսկ արդեն սեփականության վկայական ստացած գնորդների մասով առանձին համաձայնությունների ձեռքբերում։ «ԱՄԻՕ բանկ» ՓԲԸ համաձայնության ստացում՝ գրավի առարկա հողամասի միավորման պետական գրանցման համար։ Դիմում կադաստրի պետականա կոմիտե՝ միավորման գրանցման համար։ Արդեն գրանցված սեփականատերերի գույքերի վերագրանցում՝ ընդլայնված 3,37055 հա ընդհանուր բաժնային սեփականությամբ հողամասի փոփոխության նպատակով։ Հաջորդող փոխանցման ակտերում 3,37055 հա ընդհանուր բաժնային սեփականության հողամասի սեփականության փոխանցում գնորդներին։ Քանի որ ՀՀ կառավարության, ՀՀ իրավապահ մարմինների և քաղաքային իշխանության կողմից ցուցաբերվում է տոտալ անկարողություն կամ զրո ցանկություն ու կամք քաղաքացիների օրինական շահերի և իրավունքների պաշտպանության գործում, ինչպես նաև հաշվի առնելով, որ կառուցապատող ընկերության ղեկավարությունը, ընկերության սնանկության գործով կառավարիչը որևէ գործողություն չեն իրականացրել և չեն էլ պատրաստվում իրականացնել բնակիչների կողմից գնված և իրենց պատկանող հողի վերադարձման ուղղությամբ, Մենք՝ Անաստաս Միկոյան 64 հասցեի բնակելի թաղամասի բնակիչներս հայտնում ենք, որ մինչև 2025թ. մայիսի 30-ը առանձնացված հողի վերամիավորման ուղղությամբ առարկայական գործողություններ չիրականացնելու դեպքում վերսկսելու ենք բողոքի խաղաղ ակցիաները՝ կիրառելով ՀՀ Սահմանադրությամբ,  ՀՀ օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիաներով սահմանված ողջ գործիքակազմը: Քանի որ մենք սպառել ենք բողոքի ոչ ծայրահեղ միջոցներով արդարության հասնելու մեր բոլոր ջանքերը, ուստի վերոնշյալ ծայրահեղ քայլերի ողջ պատասխանատվությունը կրում են ՀՀ Կառավարությունը, Երևանի քաղաքապետարանը, իրավապահ և  պետական այլ մարմինները, ինչպես նաև ուղղակի մեղավոր «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության ղեկավարությունն ու սեփականատերերը»։
15:37 - 26 մայիսի, 2025
Չեղարկվեց ԱԺ հանձնաժողովի նիստը, որի օրակարգում էր զինվորական ծառայության մասին օրինագծի քննարկումը |aravot.am|

Չեղարկվեց ԱԺ հանձնաժողովի նիստը, որի օրակարգում էր զինվորական ծառայության մասին օրինագծի քննարկումը |aravot.am|

aravot.am: ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր պետք է քննարկվեր ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծերի փաթեթը։ Նիստը մեկնարկեց, բայց հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն ասաց, որ հանձնաժողովի արտահերթ նիստը չեղարկվում է։ «Պետք է հայտարարեմ, որ հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստը չեղարկվում է։ Պատճառն այն է, որ հրատապ քննարկման հարցեր կան, որոնք պետք է քննարկենք եւ հաշվի առնելով, որ դեռեւս ժամանակ ունենք այս նախագիծը հանձնաժողովի նիստում դնելու, լրացուցիչ քննարկումներից հետո կրկին կդնենք հանձնաժողովի նիստում»,- ասաց Արմեն Խաչատրյանը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց․ «Մի քիչ անհասկանալի է, որ երկու րոպե առաջ է չեղարկվում, հատկապես, որ պաշտպանության նախարարը ԱԺ շենքում է գտնվում։ Մեզ համար խիստ անհասկանալի է, նաեւ հասկանալի է, որովհետեւ իշխանության համար պարզ էր, որ այսօրվա քվեարկության արդյունքում հանձնաժողովում ձայները բաշխվելու են այնպես, որ հանձնաժողովը տալու է բացասական եզրակացություն։ Նաեւ հասկանալի է, որ հանրային մեծ ընդվզում կա, եւ տարբեր հասարակական, քաղաքական, հանրային գործիչներ, ընդհուպ մինչեւ Մարդու իրավունքների պաշտպանը տվել են իրենց բացասական եզրակացությունը։ Ամեն դեպքում մենք հետամուտ ենք լինելու այս հարցը ՀՀ օրակարգից ընդմիշտ դուրս բերելու համար։ ՀՀ զինված ուժերը բոլորինն են, բոլորը պարտավոր են ծառայել ՀՀ զինված ուժերում, պետական մարմինները պարտավոր են կոռուպցիան արմատախիլ անել, բայց բոլորը հայրենիքի նկատմամբ ունեն նույն պարտականությունները՝ անկախ սոցիալական, ռասայական եւ այլ կատեգորիաներից»։ Հայկ Սարգսյանը հակադարձելով ասաց, որ հանրային լայն շրջանակները ոչ միայն ընդունում են այս նախագիծը, այլ կա մեծ սպասում․ եւ Սփյուռքում, եւ ՀՀ-ում բնակվող հայերը սպասում են այս փաթեթի ընդունմանը, ինչն իր հետ բերելու է ներգաղթ, հետախուզման մեջ գտնվող հայրենակիցների վերադարձ, արտագաղթի կանխում։ «Ցավում եմ, որ որոշում է կայացվել նիստը հետաձգելու մասին, քանի որ օրենքի նախագծի մեկ օր շուտ ընդունումը կանխելու է ՀՀ-ից արտագաղթը եւ քաղաքացիությունից հրաժարվելու արատավոր երեւույթը, որը ՀՀ-ում ունենք։ Եվ այն խեղված վիճակը, որն առկա է զորակոչի համակարգում, շտկելու բացառիկ հնարավորություն ունենք, որը պետք է օր առաջ իրականացնենք։ Պետք է հետամուտ լինենք, որպեսզի մինչեւ առաջիկա զորակոչի օրը, այսինքն՝ մինչեւ հուլիսի մեկը օրենքն ընդունվի եւ մտնի օրինական ուժի մեջ՝ իր բերելով բոլոր այդ դրական հանգամանքները»,- ասաց Հայկ Սարգսյանը։ Հիշեցնենք, որ կառավարությունը հավանության է արժանացրել Հայկ Սարգսյանի նախագծերի փաթեթը, բայց զուգահեռ կառավարությունն արել է իր առաջարկությունները, որոնց հիման վրա այս նախագծերը պետք է լրամշակվեն։ Այս փաթեթով պատգամավորն առաջարկում էր սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 20 միլիոն դրամ, եւ 6 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 15 միլիոն դրամ պետական բյուջե վճարելու պայմանով։ Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանել 37 տարեկանը։ Մինչեւ 18 տարին լրանալը կամ զորակոչային տարիքում ՀՀ քաղաքացիություն ստացած եւ մինչեւ ՀՀ քաղաքացիություն ստանալն այլ պետությունում զինվորական ծառայություն չանցած կամ 1 տարուց պակաս ժամկետով ծառայություն անցած քաղաքացիների համար ՀՀ զինված ուժերում օրենքով սահմանված 24-ամսյա ծառայության ժամկետը փոխարինել 12-ամսյա ժամկետով ծառայությամբ, ինչպես նաև այդ ժամկետով ծառայության չզորակոչվելու դիմաց նախատեսել 2,5 միլիոն դրամ պետական բյուջե վճարելու պարտականություն։ Մինչեւ 16 տարին լրանալը (զինվորական հաշվառման տարիքը լրանալը) ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու համար արական սեռի քաղաքացիների կողմից դիմում ներկայացնելու պետական տուրքի գումարը սահմանել 15 միլիոն դրամ։ Նախատեսվում է նաեւ Քրեական օրենսգրքում պատասխանատվություն սահմանել զորակոչից կամ վարժական հավաքից խուսափելու հիմքով քրեական վարույթ հարուցված այն քաղաքացիների վերաբերյալ, ովքեր հրաժարվում են նշանակված փորձաքննություն անցնելուց կամ հետազոտման համար նմուշ տալուց: ՀՀ կառավարությունն առաջարկում է կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել 1 ամսվա դեպքում՝ 24 մլն դրամ եւ 4 ամսվա դեպքում՝ 18 մլն դրամ։ Յուրաքանչյուր զորակոչի հայտարարման մասին կառավարության որոշման մեջ սահմանել տվյալ զորակոչին համապատասխան կրճատ ժամկետով ծառայություն անցնելու դիմումների առավելագույն քանակը եւ դիմումների ներկայացման կարգը։ Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն սահմանային տարիքը նախատեսել 32 տարեկանը։ Պաշտպանության մասին օրենքում նախատեսել մինչեւ 16 տարին լրանալն արական սեռի քաղաքացիների կողմից օրենքի ուժով ՀՀ նկատմամբ 15 մլն դրամի չափով դրամական պարտավորություն։ ՀՀ կառավարությունն առաջարկում է կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել 1 ամսվա դեպքում՝ 24 մլն դրամ եւ 4 ամսվա դեպքում՝ 18 մլն դրամ։ Յուրաքանչյուր զորակոչի հայտարարման մասին կառավարության որոշման մեջ սահմանել տվյալ զորակոչին համապատասխան կրճատ ժամկետով ծառայություն անցնելու դիմումների առավելագույն քանակը եւ դիմումների ներկայացման կարգը։ Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն սահմանային տարիքը նախատեսել 32 տարեկանը։ Պաշտպանության մասին օրենքում նախատեսել մինչեւ 16 տարին լրանալն արական սեռի քաղաքացիների կողմից օրենքի ուժով ՀՀ նկատմամբ 15 մլն դրամի չափով դրամական պարտավորություն։
10:27 - 26 մայիսի, 2025
ԶՊՄԿ-ն դատի է տվել գործադուլին մասնակցած քաղաքացիների և պահանջում է 4,5 միլիարդ դրամից ավել փոխհատուցում

ԶՊՄԿ-ն դատի է տվել գործադուլին մասնակցած քաղաքացիների և պահանջում է 4,5 միլիարդ դրամից ավել փոխհատուցում

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժենտիրական ընկերության գործադուլին մասնակցած մի խումբ աշխատակիցների իրավունքներն ու շահերը ներկայացնող փաստաբան Հրայր Խաչատրյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ընկերությունը դիմել է դատարան՝ ընդդեմ գործադուլին մասնակցած ու աշխատանքից ազատված մի շարք աշխատակիցների։  ««Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժենտիրական ընկերությունը 4 758 480 000 ՀՀ դրամի պահանջով դիմել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ ԶԽՄԿ ՓԲԸ-ից աշխատանքից ազատված, 2025թ․ հունվարի 31-ից փետրվարի 11-ը գործադուլին մասնակցած և այդ պատճառով աշխատանքից ազատված Շավարշ Հովհաննեսի Մարգարյանի, Վահե Սամվելի Մխիթարյանի, Տիգրան Արշամի Աթայանի, Կարեն Մարութի Արշակյանի, Կարեն Արկադիի Անդրեասյանի, Գոռ Վրեժի Բաբաջանյանի, Վահե Վրեժի Բաբաջանյանի, Արթուր Վրեժի Բաբաջանյանի։ Հանրամատչելի ու հասանելի «ԴատաԼեքս դատական տեղեկատավական համակարգ» պաշտոնական կայքում հասանելի թիվ ՍԴ/0215/02/25 քաղաքացիական գործով Դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա ՀՀ արադարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնում (այսուհետ նաև՝ ՀԿԱԾ կամ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն) հարուցվել է թիվ 13488958 կատարողական վարույթը, որի շրջանակներում 4 758 480 000 ՀՀ դրամի չափով արգելանք է դրվել դատական գործով Պատասխանողներ Շավարշ Հովհաննեսի Մարգարյանին, Վահե Սամվելի Մխիթարյանին, Տիգրան Արշամի Աթայանին, Կարեն Մարութի Արշակյանին, Կարեն Արկադիի Անդրեասյանին, Գոռ Վրեժի Բաբաջանյանին, Վահե Վրեժի Բաբաջանյանին, Արթուր Վրեժի Բաբաջանյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի վրա, բացառությամբ դրամական միջոցների և բանկային հաշիվների վրա (․․․)։ Մինչդեռ, նշված իրողությանը նախորդել են գործողություններ, որոնք վկայում են, որ Շավարշ Հովհաննեսի Մարգարյանի, Վահե Սամվելի Մխիթարյանի, Տիգրան Արշամի Աթայանի, Կարեն Մարութի Արշակյանի, Կարեն Արկադիի Անդրեասյանի, Գոռ Վրեժի Բաբաջանյանի, Վահե Վրեժի Բաբաջանյանի, Արթուր Վրեժի Բաբաջանյանի որևէ գործողություն չէր կարող ԶՊՄԿ ՓԲԸ-ին վնասներ պատճառել: ԶՊՄԿ-ն ունեցել է նաև Գործադուլին չմասնակցած հազարավոր աշխատակիցներ, որոնք հնարավորություն են ունեցել ապահովել Ընկերության բնականոն աշխատանքը, մինչդեռ այդ ամենը կարծես թե դիտմամբ չի համակարգվել, և արդյունքում Ընկերությունը նշում է, թե Գործադուլի պատճառով է վնասներ կրել, այնինչ նշվածը չի համապատասխանում իրականությանը: Հետևաբար ստացվում է, որ ԶՊՄԿ-ի հազարավոր Աշխատողների խնդիրները բարձրաձայնած, հազարավոր Աշխատողների շահերն ու իրավունքները իրենց խաղաղ գործողություններով և/կամ ընդհանրապես՝ ընդամենը լռությամբ ու չաշխատելով Գործադուլին միացած Շավարշ Հովհաննեսի Մարգարյանի, Վահե Սամվելի Մխիթարյանի, Տիգրան Արշամի Աթայանի, Կարեն Մարութի Արշակյանի, Կարեն Արկադիի Անդրեասյանի, Գոռ Վրեժի Բաբաջանյանի, Վահե Վրեժի Բաբաջանյանի, Արթուր Վրեժի Բաբաջանյանի նկատմամբ շարունակվում է ոչ միայն անհիմն հետապնդումը, այլ նաև առկա է խտրական մոտեցում և ենթադրյալ վնասներ հատուցելու հարցում թիրախավորում, առկա է իրավիճակ, որ ԶՊՄԿ-ն փնտրում է մեղավոր անձանց այնտեղ, որտեղ մեղավորներ չկան (․․․)»,- նշված է ԶՊՄԿ ՓԲԸ գործադուլին մասնակցած մի խումբ աշխատակիցների իրավունքներն ու շահերը ներկայացնող փաստաբան Հրայր Խաչատրյանի գրառման մեջ: Խաչատրյանը նաև ներկայացրել է, թե ինչ զարգացումներ են տեղի ունեցել գործադուլի մեկնարկից ի վեր: 1. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժենտիրական ընկերությունում 2025թ․ հունվարի 31-ին Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված բոլոր պայմանների պահպանմամբ՝ Աշխատողների կողմից Գործադուլը սկսվել և ավարտվել է 2025թ․ փետրվարի 11-ին (․․․)։ Գործադուլը անօրինական չի ճանաչվել, Գործադուլի ընթացքում բարձրացված հարցերի լուծման խոստումներ և երաշխիքներ ստանալով անմիջապես Ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի կողմից տրված տեսաձայնագրառմամբ հարցազրույցով՝ Աշխատողները Գործադուլը կամավոր կերպով դադարեցրել ու չեն շարունակել։ Աշխատողների (այսուհետ նաև՝ Գործադուլավորներ) հիմնական պահանջները եղել են․ աշխատավարձերի բարձրացում, որպեսզի իրենց կատարած աշխատանքին համարժեք վարձատրություն ստանան և վարձատրության հարցում խտրականություն չլինի, մասնավորապես չլինի այն իրավիճակը, որ ղեկավար պաշտոններ զբաղեցնող և շատ չչարչարող անձինք ստանան մի քանի միլիոն ՀՀ դրամ, իսկ հասարակ բանվորները ստանան դրանից մի քանի անգամ ցածր աշխատավարձ, աշխատանքի պայմանների բարելավում , որպեսզի յուրաքանչյուր աշխատող ունենա անվտանգ ու մարդկային պայմաններով և արժանապատիվ ածխատանք ու աշխատանքի պայմաններ ապահովագրության պայմանների բարելավում, որպեսզի ապահովագրական ընկերությունը փոխվի և ապահովագրության հետ կապված պայմանները վերանայվի Օրեր շարունակ տևած Գործադուլը լուսաբանվել և թափանցիկ կերպով հանրայնացվել է Գործադուլին մասնակցած անձանց կողմից, որպեսզի թե՛ Ընկերության, թե՛ այլ անձանց, այդ թվում՝ մարզային ԶԼՄ-ների կողմից կողմնակալ կերպով Գործադուլը չներկայացվի որպես այլ նպատակով կազմակերպված գործողություն, հատկապես, որ Ընկերության Ղեկավարության կողմից տարբեր հայտարարությունն են արվել ու հրապարակվել Ընկերության ֆեյսբուկյան էջում՝ նշվելով, թե իբր Գործադուլը կազմակերպել են ինչ-որ արտաքին ուժեր, ինչ-որ քաղաքական նպատակներով, իբր Գործադուլը զուրկ է սոցիալական բնույթից (․․․), իբր դրա ետևում այլ՝ Ընկերության հետ կապ չունեցող անձինք են կանգնած (․․․), ինչը բնականաբար ամբողջությամբ հերքվեց ժամանակի ընթացքում (․․․)։ Գործադուլի նպատակների, պահանջների և բացառապես սոցիալական բնույթ կրելը ևս մեկ անգամ հաստատելու և դրանք հանրայնացնելու նպատակով Գործադուլավորների կողմից 02․02․2025թ․ սկսած նախաձեռնվել և կազմակերպվել է լրացուցիչ քվեարկություն , որին մասնակցած անձանցից 2448 (երկու հազար չորս հարյուր քառասունութ) անձ «Կողմ» է քվեարկել Գործադուլին ու Գործադուլով ներկայացված պահանջներին, հաստատել, որ Գործադուլը բացառապես սոցիալական բնույթ է կրում, ինչի արդյունքում Ընկերությունն ի դեմս Ղեկավարության, ինչպես նաև՝ մարզային ԶԼՄ-ները, այլևս զերծ մնացին Գործադուլին այլ՝ իբրև թե արտաքին ուժերի կողմից իրականացվելու, քաղաքական նպատակներ ունենալու, սոցիալական բնույթ չկրելու, իբրև թե սխալ լինելու մասին հրապարակային հայտարարություններից (․․․)։ 2025թ․ փետրվարի 4-ին Գործադուլավորները և Ընկերության ներկայացուցիչները հերթական հանդիպում-քննարկումը ունեցան, որի ընթացքում հնարավոր չեղավ ընդհանուր համաձայնության գալ (․․․)։ Գործադուլավորների կողմից մի քանի անգամ՝ տարբեր օրերի կազմակերպվել է խաղաղ քայլերթ, որն ուղեկցել են նաև Իրավապահ մարմինները (…)։ Առհասարակ, Գործադուլի ամբողջ ընթացքին հետևել են Իրավապահ մարմինները, Ոստիկանության և Պարեկային ծառայության բազմաթիվ Ծառայողներ, ԶՊՄԿ անվտանգության Աշխատակիցներ օրեր շարունակ ներկա են գտնվել Գործադուլի վայրում և որևէ արտառոց դեպքեր չեն արձանագրվել (…), ԶԼՄ-ների կողմից Գործադուլավորների մասնակցությամբ որևէ միջադեպի մասին հրապարակում չի արվել, ավելին, ԶՊՄԿ-ի կողմից հերքվել են նման հրապարակումները, ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Իրավապահ մարմինների կողմից որևէ առերևույթ իրավախախտման փաստով կամ դեպքով զեկույց, զեկուցագիր կամ հաղորդում չի ներկայացվել, հակառակ դեպքում տվյալ քրեական վարույթի մասին Ընկերությունը հրապարակում կաներ (․․․)։ Գործադուլավորների և Ընկերության ներկայացուցիչների համատեղ քննարկումներին միջամտել են նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ (Արմեն Խաչատրյան, Նարեկ Ղահրամանյան), Արհեստակցական միությունների տարածքային և հանրապետական կառույցների ներկայացուցիչներ, հատկապես Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը և տեղակալ Տիրուհի Նազարեթյանը, արդյունքում 11․02․2025թ․ կողմերը ընդհանուր հաշտության համաձայնության են եկել և ըստ Աշխատողների կողմից բանակցած անձանց ընկալածի՝ մոտավորապես որոշվել, խոստացվել ու երաշխավորվել է, որ Գործադուլը կազմակերպած Աշխատողների նկատմամբ հետապնդումներ, հաշվեհարդար, աշխատանքից ազատումներ, մեղադրանքներ ու քրեական վարույթներ չեն լինի, Աշխատողները կշարունակեն աշխատել, Աշխատողները սկսում են աշխատել և համաձայն են ԶՊՄԿ գլխավոր տնօրենի հրապարակային այն երաշխիքներին ու խոստումներին, որոնց համաձայն՝ շատ կարճ ժամանակում ամենը կարվի աշխատանքի պայմանների բարելավման, համահարթեցման եղանակով աշխատավարձերի բարձրացման, ապահովագրական ընկերության փոփոխման համար, Ընկերությունն ընդունել է, որ աշխատավարձերի համահարթեցման եղանակով բարձրացման, բազմաթիվ խնդիրներ ստեղծած ապահովագրական՝ Ինգո Արմենիա ապահովագրական ընկերության փոխարինման, աշխատանքի պայմանների բարելավման անհրաժեշտությունը կա, Կողմերը 11․02․2025թ․ հաշտության հասել են շատ բարդ ու երկարատև բանակցությունների արդյունքում, սակայն այդ ամենը ընդամենը մեկ ժամում կարող է փլուզվել ու կրկին անդառնալի հետևանքների հանգեցնել, եթե Կողմերից յուրաքանչյուրի ստանձնած խոստում կամ երաշխիք անտեսվի, Կողմերից մեկը չկատարի իր տված խոստումը կամ տեր չկանգնի իր տված երաշխիքներին (․․․) (․․․) Մեղմ ասած մեծ ջանքերի արդյունքում ձեռք բերված հաշտության համաձայնությունն այնքան խոցելի ու փխրուն է, որ Կողմերը ներկայումս էլ պետք է բոլոր ջանքները գործադրեն, որպեսզի կրկին քաոս չստեղծվի, որպեսզի վերջնական բանակցություններից ու 11․02․2025թ․ հաշտության համաձայնության կայացման գործընթացից դուրս մնացած որևէ անձ չկարողանա ոտնձգել Կողմերի համար ընդունլի հաշտության համաձայնությանը և փորձի արժեզրկել բոլոր այն խոստումներն ու երաշխիքները, որոնք տրվել են ամենաբարձր մակարդակով (․․․)։ Թերևս, օբյեկտիվ իրականությունը ակներև դարձնելու հարցում կարևոր է նշել Գործադուլին նախորդած, Գործադուլի ընթացքում տեղի ունեցած և Գործադուլին հաջորդած դեպքերն ու դրանց ժամանակագրությունը և հաջորդականությունը ըստ տարբեր անձանց հայտնած ու հրապարակած տեղեկությունների ԶՊՄԿ ՓԲԸ-ի Աշխատողները 2024թ․ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից սկսած բազմիցս բանավոր և գրավոր՝ անուն առ անուն, պահանջ առ պահանջ՝ ստորագրություններով հանդերձ, դիմել են ԶՊՄԿ ՓԲԸ-ի՝ իրենց ստորաբաժանումների արհմիությունների Ներկայացուցիչներին և Արհմիության նախագահին, որպեսզի Աշխատողների աշխատանքի պայմանները բարելավվեն, աշխատավարձերը բարձրացվեն, ապահովագրական ընկերության հետ կապված խնդիրները լուծվեն, վերացվի անհավասարությունը, խտրական մոտեցումը, արտոնյալներ ու շահագործվողներ չլինեն, Աշխատողների իրավունքնեը չխախտվեն ու չանտեսվեն, որպեսզի Աշխատողը ցանկանա աշխատել, իսկ Գործատուն կարողանա ավելի ու ավելի տեսանելի և շոշափելի դրական արդյունքների հասնել, հակառակ դեպքում Աշխատողները բողոքի ակցիաներ ու գործադուլ կանեն, ընդհուպ օրերով չեն աշխատի՝ մինչև իրենց ձայնը լսելի դառնա և իրենց կողմից բարձրացված խնդիները արդարացի լուծումներ ստանան, ԶՊՄԿ Արհմիությունը Աշխատողներին բազմիցս հայտնել է, թե իրենց բանավոր և գրավոր դիմում-առաջարկ-զգուշացումները փոխանցվել են ԶՊՄԿ-ի Ղեկավարությանը, բարձր մակարդակում այդ խնդիրները կքննարկվեն և կլուծվեն, ուղղակի ժամանակ է պետք, և այդպես ձգձգել ու արհեստականորեն Աշխատողների ու Ղեկավարության միջև քննարկումները ձգձվել են, և, փաստորեն, միայն ամիսներ հետո է պարզ դարձել, որ Արհմիության նախագահը ավելի շատ իրեն համարել է Գործատու Ընկերության Ղեկավարության ներկայացուցիչ, քան Աշխատողների իրավունքները և շահերը ներկայացնող մարմի ղեկավար (․․․) Հասկանալով, որ նախապես ներկայացված բանավոր և գրավոր դիմումները ամիսներ շարունակ Ղեկավարության կողմից անտեսվում են և Արհմիության նախագահը իրենց շահերից հանդես չի գալիս՝ Աշխատողները ստիպված են եղել նախապես որոշված օրը՝ 31․01․2025թ․ Գործադուլ սկսել, հատկապես այն իրավիճակից հետո, երբ 31․01․2025թ․ Աշխատողների և Ընկերության ղեկավար կազմի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած բանակցությունները արդյունք չտվեցին (․․․), Տարբեր շահագրգիռ անձանց միջամտությամբ, Ռոման Խուդոլիի 10․02․2025թ․ տեսաձայնագրությամբ հրապարակային խոստումներ և երաշխիքներ տալուց հետո Գործադուլի համակարգող խորհրդի անդամները 10․02․2025թ․ հայտարարեցին, որ Աշխատակիցները կվերսկսեն աշխատանքը կոմբինատի ղեկավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա (․․․)։ Կողմերի միջև ի վերջո հնարավոր եղավ 11․02․2025թ․ հասնել բարձր մակարդակի բանակցային գործընթացի կազմակերպման և հաշտության համաձայնության հասնել, ունենալ խոստումներ ու երաշխիքներ, որ Աշխատողները հետապնդումների չեն ենթարկվի, սպառնալիքներ, աշխատանքից ազատումներ, հաշվեհարդարներ չեն լինի, իսկ շատ կարճ ժամանակում աշխատավարձերը համահարթեցման եղանակով կվերանայվեն ու կբարձրացվեն, աշխատանքի պայմանները կբարելավվեն, ապահովագրական ընկերությունը կփոխվի։  2. Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան իր ֆեյսբուքյան էջում 10․02․2025թ․ հրապարակում կատարեց, որով նշեց հետևյալը «Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա յի նախագահ` Էլեն Մանասերյանը Elen Manaseryan և նախագահի տեղակալ` Տիրուհի Նազարեթյանը փետրվարի 10-ին հանդիպեցին ԶՊՄԿ աշխատողների բողոքի ակցիայի մասնակիցների, այնուհետև ԶՊՄԿ գլխավոր տնօրենի և գործատուի ներկայացուցիչների հետ։ 7 ժամ տևած բանակցությունների արդյունքում գործատուն վերահաստատեց, որ աշխատողների կողմից աշխատանքը վերսկսելու պահից մեկ ամսվա ընթացքում կիրականացվի աշխատավարձերի վերանայման գործընթացը, սոցիալական արդարության սկզբունքով։ Երաշխավորեց, որ ակցիայի մասնակիցների նկատմամբ չի լինի հետապնդում և խտրական վերաբերմունք, նաև չեն լինի նոր ազատումներ։ Քննարկումներին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանը և Նարեկ Ղահրամանյանը։ Աշխատողների կողմից որոշվեց վերականգնել բնականոն աշխատանքը։ ՀԱՄԿ-ը հետամուտ կլինի աշխատողներին խոստացված երաշխիքների իրականացման ընթացքին։ Շնորհակալություն ենք հայտնում կողմերին ցուցաբերած սթափության, համագործակցային մոտեցման համար ի շահ բոլորի բարեկեցության։ Աշխատողների միասնությունը կարևոր և անհրաժեշտ պայման է արժանապատիվ աշխատանքի միջավայր ունենալու ճանապարհին»: 3. Գործադուլավորների և Ընկերության Ղեկավարության միջև հաշտության համաձայնության վերաբերյալ 11․02․2025թ․ «ԶՊՄԿ բողոքի ակցիայի հանգուցալուծման մասին» խորագրով հրապարակում կատարվեց ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանի կողմից, որի բովանդակությամբ նշում էր հետևյալը «ԶՊՄԿ բողոքի ակցիայի հանգուցալուծման մասին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների կողմից 2025 թվականի հունվարի 31-ից սկսված բողոքի ակցիայով մասնավորապես ներկայացվել են հետևյալ պահանջները՝ աշխատավարձերի զգալի բարձրացում արդարացի համահարթեցման միջոցով, աշխատանքային պայմանների բարելավում, անհրաժեշտության դեպքում՝ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման միջոցով, մասնավորապես կարևորվել է որոշ արտադրամասերում օդափոխության հետ կապված խնդիրը, հայտարարվել է նաև, որ գրեթե չի գործում առողջության ապահովագրության համակարգը, և մրցույթը շահած ապահովագրական ընկերությունը պատշաճ ծառայություն չի մատուցում։ Բողոքի ակցիային են միացել մեծ թվով աշխատակիցներ, ինչի արդյունքում Կոմբինատի գործունեությունը գրեթե դադարեցվել է։ Փետրվարի 9-ին և 10-ին ԱԺ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հետ հանդիպումներ եմ ունեցել ակցիայի մասնակիցների, ինչպես նաև Կոմբինատի ղեկավարության հետ։ Բանակցություններին են միացել նաև Հայաստանի Հանրապետության արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը և տեղակալ Տիրուհի Նազարեթյանը։ Այդ ընթացքում Կոմբինատի տնօրեն Ռոման Խուդոլին պաշտոնական կայքով տարածել է երկու հայտարարություն, ըստ որոնց՝ աշխատավարձերի համահարթեցման, աշխատանքային պայմանների և ապահովագրական համակարգի բարելավման ուղղությամբ կձեռնարկվեն միջոցներ, որոնց արդյունքները տեսանելի կլինեն ողջամիտ ժամկետում։ Բանակցությունների ընթացքում, ինչպես նաև ԶՊՄԿ պաշտոնական հաղորդագրություններում, ըստ էության, Կոմբինատի ղեկավարությունը պաշտոնապես հանձն է առել աշխատավորների կողմից բարձրացված խնդիրների ուղղությամբ ձեռնարկել գործուն միջոցներ, ինչը մի քանի անգամ հավաստել է տնօրեն Ռ.Խուդոլին։ 2025 թվականի փետրվարի 10-ի երեկոյան, բողոքի ակցիայի մասնակիցների հետ քննարկելով վերը նշված հանգամանքները, մասնավորապես՝ Կոմբինատի ղեկավարության կողմից աշխատավորների բարձրացրած խնդիրները հնարավորինս սեղմ ժամկետում ուսումնասիրելու և լուծելու հանձնառությունը՝ մասնակիցները որոշում կայացրեցին դադարեցնել բողոքի ակցիան և անմիջապես անցնել իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը՝ վերագործարկելով չաշխատող արտադրամասերը։ Շնորհակալություն եմ հայտնում Կոմբինատի աշխատավորներին, ովքեր մասնակցելով բողոքի ակցիաներին՝ խստորեն պահպանել են հասարակական կարգը և համակեցության կանոնները։ Շնորհակալություն եմ հայտնում նաև Հայաստանի Հանրապետության արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանին և տեղակալ Տիրուհի Նազարեթյանին ներգրավվածության և ցուցաբերած աջակցության համար։ Շնորհակալություն ԶՊՄԿ ղեկավարությանը աշխատավորների բարձրաձայնած խնդիրներն արձանագրելու և դրանք լուծելու հանձնառություն ստանձնելու համար։ Հուսով եմ՝ այսուհետ աշխատավորների իրավունքների և շահերի պաշտպանության հետ կապված խնդիրների բարձրաձայնման համար բողոքի ակցիաների անհրաժեշտություն չի լինի, և հարցերը կլուծվեն ինստիտուցիոնալ եղանակով։ Այս համատեքստում խիստ կարևորում եմ Կոմբինատի արհիմիության պատշաճ գործունեության անհրաժեշտությունը։ Առաջարկում եմ վերադասության կամ դատական կարգով քննարկել ակցիայի 8 մասնակիցներին աշխատանքից ազատելու հրամանների իրավաչափությունը։ Միաժամանակ իմ մանդատի լիազորությունների շրջանակում հետևողական եմ լինելու Քաջարան քաղաքի բնակիչների, ինչպես նաև՝ ԶՊՄԿ աշխատավորների իրավունքների և շահերի պաշտպանության ապահովման հարցում»։ 4. Բացի այդ՝ աշխատողների պահանջների իրավաչափության, Աշխատողների աշխատավարձերի բարձրացման, աշխատանքի պայամների բարելավման, ապահովագրական ընկերության կողմից արհեստական խնդնիրների ստեղծման, իսկ հետո արդեն՝ Աշխատողների նկատմամբ հետապնդումների, քրեական վարույթի հետ կապված հարցերին իր առանձին ելույթներով, հրապարակումներով ու հարցազրույցներով հանդես եկավ նաև հանքարդյունաբերության ոլորտում վերահսկող մարմին հանդիսացող «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն»-ի ներկայացուցիչ, իրավապաշտպան, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը (1, 2, 3, 4, 5):  5. Մյուս կողմից ԶՊՄԿ Արհմիությունը, Աշխատողների շահերը պաշտպանելու, իր թերացումներն ընդունելու, իրեն ամիսներ շարունակ փոխանցված դիմումները Ընկերության Ղեկավարությանը ներկայացնելու և դրանց մասին հրապարակավ հանդես գալու փոխարեն՝ շտապեց 01․02․2025թ․ ժամը 10։06-ին «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի և «ԶՊՄԿ» ՓԲԸ արհմիության համատեղ հայտարարությունը խորագրով՝ Ընկերության ֆեյսբուքյան էջում կատարված հրապարակմամբ հրապարակավ քննադատել Աշխատողներին, Գործադուլը և Աշխատողների պահանջները հրապարակային ձևով համարել անօրինական, ինչը ոչ միայն չնպաստեց կառուցողական երկխոսություն սկսելուն, այլ ավելի սրեց իրավիճակը, թերևս պետք է պարզել, թե ինչու, ահա տեքստը. «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի և «ԶՊՄԿ» ՓԲԸ արհմիության համատեղ հայտարարությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքային պայմանագրերի խախտմամբ՝ 2025 թվականի հունվարի 31-ին «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի (այսուհետ նաև՝ Ընկերություն) մի շարք աշխատակիցներ չեն ներկայացել աշխատանքի, չեն սկսել կատարել իրենց աշխատանքային պարտականությունները կամ լքել են իրենց աշխատատեղերը` վերջնագրային կերպով պահանջելով աշխատավարձի անիրատեսական բարձրացում, ինչը սաբոտաժի է ենթարկել Ընկերությունում աշխատանքային գործընթացը: «ԶՊՄԿ» ՓԲԸ արհմիությունը վերոնշյալ գործողությունները գործադուլ չի համարում և չի աջակցում դրանց՝ համարելով ոչ իրավաչափ։ Աշխատակիցների անօրինական գործողությունների պատճառով Ընկերության արտադրական ցիկլը խաթարվել է, Ընկերությունը և մնացած աշխատակիցները կրում են զգալի նյութական վնաս։ Եթե վերոնշյալ անօրինական գործողությունները շարունակվեն, Ընկերությունը ստիպված կլինի իր աշխատակիցների զգալի թվին ուղարկել հարկադիր պարապուրդի: Հաշվի առնելով վերը նշվածը, ելնելով «ԶՊՄԿ» ՓԲԸ և Ընկերության աշխատակիցների ճնշող մեծամասնության շահերից, Ընկերությունը կիրացնի աշխատանքային պարտավորությունները խախտողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու իր իրավունքները՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 21-րդ գլխի: 01.02.2025թ․»։ 6. ԶՊՄԿ ֆեյսբուքյան էջում 05․02․2025թ․ ժամը՝ 23։53-ին կատարվել է ևս մեկ անհասկանալի հրապարակում,մասնավորապես հետևյալ բովանդակությամբ․ «ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Հայտնում ենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲ ընկերության տարածքում հրազենի կիրառմամբ որևէ միջադեպ տեղի չի ունեցել։ Ոստիկանության հայտնած տեղեկատվությունը՝ ԶՊՄԿ տարածքից դուրս տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, Ընկերությունը մեկնաբանել չի կարող։» 7. 2025թ․ փետրվարի 7-ին ժամը 16։45-ին ԶՊՄԿ ՓԲԸ-ի ֆեյսբուքյան էջով հրապարակում արվեց, որի համաձայն Գործադուլը կամակերպած թվով ութ աշխատակիցներ աշխատանքից ազատվում են, մասնավորապես հետևյալ տեքստով. «Ընկերությունը սկսել է անօրինական գործողությունների և արտադրության սաբոտաժը հրահրող և կազմակերպող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթաց՝ խստորեն պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջները։ Աշխատանքից ազատման հրամաններ են տրվել թվով ութ աշխատակիցների վերաբերյալ՝ Մարգարյան Շավարշ Հովհաննեսի Արշակյան Կարեն Մարութի Մխիթարյան Վահե Սամվելի Բաբաջանյան Գոռ Վրեժի Բաբաջանյան Վահե Վրեժի, Բաբաջանյան Արթուր Վրեժի Անդրեասյան Կարեն Արկադիի Աթայան Տիգրան Արշամի Վերոնշյալ անձինք այլևս չեն հանդիսանում Ընկերության աշխատակիցներ և այս պահից սկսած նրանք չունեն Ընկերության հետ որևէ աշխատանքային հարաբերություն, իսկ նրանց հայտարարությունները կրում են մասնավոր բնույթ։․․․»։ 8. Ընկերության ֆեյսբուքյան էջում 09․02․2025թ․ ժամը 13։40-ին հրապարակվել է հետևյալ հայտարարությունը․ «ԶՊՄԿ-ն հայտարարում է, որ Ընկերության հետ չառնչվող անձինք, հրապարակայնորեն և ուղղակի սպառնալիքներով կոչ են անում մեր աշխատակիցներին չգնալ աշխատանքի և խոչընդոտել ընկերության գործունեությունը։ Մենք սա համարում ենք անընդունելի և ակնկալում ենք իրավապահ մարմիններից այս փաստերի մանրամասն ու համապարփակ քննություն։ Արտաքին սադրիչների մասնակցությունը խանգարում է ընկերության ղեկավարության և կոլեկտիվի միջև կառուցողական աշխատանքային մթնոլորտին (․․․)» 9. Բանակցությունների դրական հանգուցալուծմանը մեծապես նպաստել է նաև ԶՊՄԿ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի «Սյունիք» հեռուստաընկերությանը 10․02․2025թ․ տված հարցազրույցը, որը 10․02․2025թ․ ժամը 00։57-ին հրապարակվել է Ընկերության ֆեյսբուկյան էջում և հասանելի է հետևյալ հղումով, այդ հարցազույցում Ռոման Խուդոլին ընդունել է, որ Ընկերությունում կան բազմաթիվ խնդիրներ և, որ, փաստորեն Աշխատողների կողմից բարձրացված խնդիրները կան (․․․) 10. Մյուս կողմից, Ընկերությունը 10․02․2025թ․ ժամը 11։17-ին ևս մեկ հայտարարություն է հրապարակել հետևյալ բովանդակությամբ․ «ԶՊՄԿ-ի պաշտոնական հայտարարությունը. ԶՊՄԿ-ի ղեկավարությունը, հանդես գալով որպես իր աշխատակիցների համար երաշխավոր, ստանձնում է համապատասխան պարտավորություններն ու հրապարակում է այս հայտարարությունը՝ հաստատելով, որ փոփոխությունները կիրականացվեն սահմանված ժամկետներում։ 1. Աշխատավարձի քաղաքականություն Աշխատավարձերի վերանայման համակարգի մշակման աշխատանքները սկսվել են դեռևս 2024 թվականի սեպտեմբերին։ Այս համակարգը ներառում է աշխատանքային ստաժի, որակավորման, դասակարգման ու սակագնային դրույքների բարձրացման հաշվառում։ Արդեն մեկնարկած գործընթացի արդյունքում ընդհանուր աշխատավարձային ֆոնդը կավելանա միջինը 20%-ով։ Ղեկավարությունը նոր աշխատավարձային համակարգը հիմնական արտադրամասերում կկիրառի արտադրության վերականգնումից մեկ ամսվա ընթացքում։ 2. Բժշկական ապահովագրություն Հաշվի առնելով բժշկական ապահովագրության վերաբերյալ ստացված բազմաթիվ գրավոր և բանավոր բողոքները՝ ԶՊՄԿ-ի ղեկավարությունը փետրվարի 17-ին կհայտարարի բաց մրցույթ և կընտրի նոր ապահովագրական ընկերություն, որը կապահովի աշխատակիցների պահանջներին համապատասխան որակյալ ծառայություններ։ 3. Աշխատանքային պայմանների բարելավում Վերջին տարիներին ԶՊՄԿ-ն իրականացնում է առկա համակարգերի ու նախագծերի տեխնիկական աուդիտ։ Աուդիտն ավարտվել է 2024 թվականի դեկտեմբերին, որից հետո մեկնարկել է նոր համակարգերի նախագծման և ձեռքբերման գործընթացը։ Ընկերությունը երաշխավորում է, որ ժամանակակից, բարձր արդյունավետությամբ օդափոխության և ասպիրացիայի համակարգերը կտեղակայվեն հիմնական արտադրամասերում ոչ ուշ, քան 2025 թվականի ավարտը։ Հարգելի աշխատակիցներ, կոչ ենք անում վերադառնալ ձեր աշխատավայրերը։ Այս նպատակներին և խնդիրների լուծմանը մենք կարող ենք հասնել միասին։ ԶՊՄԿ-ն միասնական կոլեկտիվ է, և մեր ընդհանուր նպատակն է կոմբինատի արդյունավետ աշխատանքը՝ ի շահ աշխատակիցների բարեկեցության, տարածաշրջանի զարգացման և Հայաստանի բարգավաճման»։ 11. Գլխավոր տնօրեն Խուդոլիի անունից 2025թ․ փետրվարի 11-ին ժամը 17։18-ին համացանցային հարթակում «ԶՊՄԿ գլխավոր տնօրենի ուղերձը` կոլեկտիվին» վերնագրով հրապարակում է կատարվել, որը ևս մեկ անգամ հաստատում է վերը նշված հաշտության համաձայնությունը։ Այդ հրապարակման մեջ նշված է նաև հետևյալը․ «Հանձնառու ենք մեր աշխատակիցների հետ քաղաքակիրթ աշխատանքային մթնոլորտում քննարկել և լուծել ընթացիկ բոլոր հարցերը։ Ընկերությունը, կատարելով ավելի վաղ ստանձնած պարտավորությունները և հանդես գալով որպես աշխատակիցների անվտանգ աշխատանքային միջավայրի երաշխավոր, հորդորում է բոլոր այն աշխատակիցներին, ովքեր Ընկերության արտադրական գործունեության վերսկսմամբ կամ իրենց աշխատանքային պարտականությունների կատարմամբ պայմանավորված ենթարկվել են կամ կենթարկվեն ցանկացած տեսակի սպառնալիքի, բռնության, ոտնձգության կամ հաշվեհարդարի, այդ մասին անհապաղ հաղորդել [email protected] էլ․ փոստի հասցեով կամ +37495364587 հեռախոսահամարով։ Ընկերությունը երաշխավորում է հաղորդումների գաղտնիությունը և բացառում ազդարարողների նկատմամբ վրեժխնդրության հանդուրժումը՝ համաձայն Ընկերության «Աշխատավայրում բռնության, ոտնձգությունների, խտրականության և հաշվեհարդարի դեմ պայքարի» քաղաքականության (հետևյալ hղումով): Ընկերությունը խստորեն դատապարտում է ցանկացած նման ճնշում իր աշխատակիցների նկատմամբ և ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ կձեռնարկվեն օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ նշված անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ՝ պաշտպանելով իր աշխատակիցների իրավունքները և անվտանգությունը»,- նշված է եղել գրառման մեջ։  (հասանելի է հետևյալ հղումով)։ 12. Այնուհետև, Ընկերության ֆեյսբուքյան էջում 18․02․2025թ․ ժամը 15։54-ին հրապարակվել է «Ընկերության կողմից 2024 թվականի սեպտեմբերից նախաձեռնված աշխատավարձերի համահարթեցման նոր համակարգի ներդրման անհրաժեշտության և դրույքաչափերի հնարավոր փոփոխությունների առանձնահատկությունները ներկայացնում է ԶՊՄԿ Վարչական դեպարտամենտի ղեկավար Զարա Սիանոզովան» խորագրով տեսանյութ, որը հասանելի է հետևյալ հղումով։ 13. Ընկերության ֆեյսբուքյան էջում 21․02․2025թ․ժամը 09։57-ին «ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռ.Ն.Խուդոլիի և ղեկավար անձնակազմի շրջայցը` Ընկերության արտադրական օղակներ» խորագրով տեսանյութն է հրապարակվել։  14. Ընկերության ֆեյսբուքյան էջում 01․03․2025թ․ հրապարակվել է « Հանրային ռադիոյի «Առանց տողատակի» հաղորդմանը ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արտյոմ Պետրոսյանն անդրադարձել է հանքարդյունաբերությանը, Հայաստանում ոլորտի հեռանկարներին, ընդերքի արդյունահանման ռիսկերին և կոմբինատի ձեռքբերումներին։» մեկնաբանությամբ տեսանյութ։  15. Ընկերության ֆեյսբուքյան էջում 18․03․2025թ․ ժամը 16։37-ին հրապարակվել է «Արդեն երրորդ տարին անընդմեջ գործարանը կայուն զարգացման տարեկան հաշվետվություն է հրապարակում՝ նկատի ունենալով լավագույն համաշխարհային չափանիշները, ինչպես նաև ձգտում է ապահովել, որ ընկերության սպառած ամբողջ էլեկտրաէներգիան արտադրվի «կանաչ» էներգիայի միջոցով․ ԶՊՄԿ տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյան» մեկնաբանությամբ նյութ ( հասանելի է հետևյալ հղումով)։  16. Ընկերության ֆեյսբուքյան էջում 25․03․2025թ․ ժամը 09։15-ին հրապարակված տեսանյութի ուսումնասիրությունից հետևում է, որ Ընկերությունն ունի 4500-ից ավելի աշխատակից, այսինքն, ստացվում է, որ Գործադուլին կողմ քվեարկողներից բացի եղել է նաև 2000-ից ավելի Աշխատակից ովքեր կարող էին շարունակել իրենց աշխատանքը, ինչը կարծես թե տեղի չի ունեցել (․․․)։ Ներկայումս աշխատանքից ազատված Աշխատողների՝ աշխատանքի վերականգնման նպատակով նախաձեռնված թիվ ՍԴ/0148/02/25, ՍԴ/0149/02/25, ՍԴ/0150/02/25, ՍԴ/0151/02/25, ՍԴ/0152/02/25, ՍԴ/0153/02/25, ՍԴ/0154/02/25, ՍԴ/0156/02/25 դատական գործերը գտնվում են ընթացիկ փուլում (․․․), ընդ որում, դրանց վերաբերյալ տեղեկությունները հասանելի են Դատական իշխանության հանրամատչելի պաշտոնական ԴատաԼեքս դատական տեղեկատվական համակարգ կայքում»:
10:11 - 26 մայիսի, 2025
ՄԻՊ-ը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

ՄԻՊ-ը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խնդրահարույց է համարում օրենքների նախագծերի այն կարգավորումները, որոնցով առաջարկվում է 18 կամ 24 միլիոն դրամ վճարելով՝ զինվորական ծառայություն անցնել համապատասխանաբար 4 կամ 1 ամիս ժամկետով։ Պաշտպանի աշխատակազմը վերջին օրերին ստացել է բազմաթիվ ահազանգեր քաղաքացիներից՝ վերոնշյալ առաջարկների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: «Նախագծային կարգավորումները կարող են լուրջ սոցիալական շերտավորում ձևավորել՝ անձանց գույքային դրությամբ պայմանավորված՝ փաստացի հանդիսանալով նաև խտրականության արգելքի սկզբունքի խախտում։ Ընդ որում, 1 կամ 4 ամիս ծառայություն կարող են անցնել այն քաղաքացիները, ովքեր ի վիճակի են վճարել համապատասխանաբար 24 կամ 18 միլիոն դրամ, իսկ այն քաղաքացիները, ովքեր չեն կարող վճարել այդ գումարը, սահմանադրական պարտականությունը պետք է կատարեն ավելի երկար ժամկետով՝ 24 ամիս: Արդյունքում, ստացվում է, որ նույն կարգավիճակում գտնվող անձանց ցուցաբերվում է տարբերակված մոտեցում, իսկ նախագծի հիմնավորումները որևէ կերպ չեն վկայում այն մասին, որ այդպիսի տարբերակումն ունի օբյեկտիվ հիմնավորում ու մարդու իրավունքների չափանիշներին համապատասխանող նպատակ: Առաջարկվող կարգավորմամբ, ստացվում է, որ որոշակի խումբ զինծառայողների նկատմամբ գումարի դիմաց դրսևորվում է ավելի բարենպաստ վերաբերմունք (ծառայության ժամկետը կրճատվում է), քան մյուս զինծառայողների, ովքեր գումարը չեն վճարել: Գումարի դիմաց պակաս ժամկետով ծառայելը հանգեցնելու է սահմանադրական և օրենսդրական պարտականության անարդարացի բաշխման. սոցիալապես ապահովված զինծառայողներին հնարավորություն է տրվելու ծառայություն անցնել ավելի կարճ ժամկետով, իսկ այն զինծառայողները, ովքեր սահմանված չափի գումար չունեն՝ ծառայելու են ավելի երկար ժամկետով: Սոցիալական արդարության տեսանկյունից նման մոտեցումը չի կարող ընդունելի համարվել: Զինծառայողները պետք է զերծ լինեն մարդու իրավունքների և ազատությունների հետ կապված ցանկացած հիմքով խտրականությունից: Ավելին, անթույլատրելի է անձանց որոշակի արտոնություններ տրամադրելը պայմանավորել միայն գույքային դրությամբ՝ կոնկրետ դեպքում 18 կամ 24 միլիոն դրամ վճարելու հնարավորություն ունենալու հանգամանքով: Նախագծով առաջարկվող կարգավորումները ռիսկեր են պարունակում նաև բանակում ամուր կարգապահության ապահովման տեսանկյունից: Աներկբա է, որ բանակում մարդու իրավունքների պաշտպանությունն ու խթանումը սկզբունքորեն դժվար է պատկերացնել առանց զինծառայողների շրջանում ամուր կարգապահության: Տվյալ պարագայում հարց է առաջանում՝ արդյո՞ք գնահատվել են ռիսկերը, թե ինչպես է ապահովվելու ամուր ու բարձր մակարդակի կարգապահություն այն զինծառայողների շրջանում, որոնց մի մասը մյուսների համեմատ միայն գումար վճարելու դիմաց արտոնություն է ստանալու և ծառայություն է անցնելու ավելի պակաս ժամկետով: Արդյո՞ք դա չի հանգեցնելու զինվորների շրջանում ներքին հակասությունների ու կոնֆլիկտների և ոչ կանոնադրային հարաբերությունների խորացման: Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկում է հարցը դիտարկել սահմանադրական և պետության ստանձնած միջազգային պարտավորությունների հաշվառմամբ, ինչպես նաև նախագծային առաջարկվող կարգավորումների շուրջ իրականացնել առավել լայն հանրային քննարկումներ։ Ավելին, Պաշտպանն առաջարկում է հիմնավորումներում ներկայացված խնդիրները պետության կողմից լուծել այլ՝ համաչափ միջոցներով՝ պետության անվտանգության և մարդու իրավունքների ճիշտ հարաբերակցությամբ»,- ասվում է հաղորդագրությունում: Նշվում է, որ պաշտպանը նախագծերի վերաբերյալ առկա բոլոր մտահոգություններն առավել մանրամասն կհասցեագրի իրավասու պետական մարմիններին։
09:15 - 26 մայիսի, 2025
Կառավարությունը աջակցության ծրագրեր է մշակում մեր կոնյակագործների համար. Պապոյան
 |1lurer.am|

Կառավարությունը աջակցության ծրագրեր է մշակում մեր կոնյակագործների համար. Պապոյան |1lurer.am|

1lurer.am: Շատ չեմ բացի փակագծերը, բայց ուզում եմ նշել, որ ՀՀ կառավարությունը հիմա մշակում է աջակցության ծրագրեր մեր կոնյակագործների համար, որոնք պետք է ապահովեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին խաղողի անխափան մթերումները: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Մենք մեր բոլոր կազմակերպություններին, որոնք ներգրավված են այդ գործընթացներում, կաջակցենք, բայց պայմանը պետք է լինի խաղողի՝ անխափան և պատշաճ որակի մթերման գործընթացի կազմակերպումը: Սա կօգնի խնդիրների լուծմանը»,- ասաց նա: Նախարարը նաև նշեց, որ առաջիկայում հանդիպում է նախատեսվում կոնյակագործների հետ, նաև տեղեկացրեց, որ հարցը քննարկվել է առանձին արտադրողների ու արտադրողների խմբի հետ: Առաջիկայում կամփոփվեն նաև քննարկումների արդյունքները վրացական կողմի հետ: «Կառավարությունը մեր խաղող արտադրողներին, մեր գյուղացիներին, մեր ֆերմերներին և մեր բրենդի կոնյակի սպիրտ պատրաստի արտահանողներին միայնակ չի թողել և չի թողնի, և մենք որոշակի աջակցության մեխանիզմներ կունենանք, և դուք ապագայում դա կտեսնեք»,- ասաց նա: Հիշեցնենք, որ ալկոհոլային խմիչքները ՀՀ-ից արտահանող տնտեսվարողները նախորդ շաբաթ բողոքի ակցիա էին կազմակերպել Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց՝ պահանջելով պարզաբանել, թե ԵԱՏՄ արտահանվող ալկոհոլային խմիչքներն ինչու են նմուշառման համար շաբաթներով պահվում տարանցիկ երկրում՝ Վրաստանում, այն դեպքում, երբ այդ խմիչքները Վրաստանում չեն վաճառվելու:
12:41 - 22 մայիսի, 2025
Կառավարության պահուստային ֆոնդից կմուծվի լուծարված «ԱՆԻՖ»-ի 84 մլն դրամից ավել շահութահարկը

Կառավարության պահուստային ֆոնդից կմուծվի լուծարված «ԱՆԻՖ»-ի 84 մլն դրամից ավել շահութահարկը

Պետական բյուջեից կփոխհատուցվի լուծարված «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) շահութահարկը՝ ավելի քան 84 մլն դրամ (84,473,633 ՀՀ դրամ)։ Համապատասխան որոշումը ՀՀ կառավարությունն ընդունեց մայիսի 22-ի նիստին չզեկուցվող հարցերի շրջանակում: Ըստ հիմնավորման՝ ընկերությանը 2024-ի մայիս-դեկտեմբեր ժամանակահատվածի համար տրամադրված 1.7 միլիարդ դրամի դրամաշնորհը չի ներառել 2024թ. շահութահարկի գումարը, քանի որ դրա վճարման ժամկետը 2025թ. ապրիլի 20-ն է, և նախատեսվում էր ընկերությունը լուծարել մինչև 2024թ. տարեվերջ, սակայն լուծարման հանձնաժողովը դեռ չի ստեղծվել, և չեն իրականացվել կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսված աշխատանքները: Հետևաբար, հիմնավորման համաձայն, ընկերությունը չունի նախատեսված միջոցներ շահութահարկ վճարելու համար։ Հիշեցնենք, որ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի (ANIF) լուծարման գործընթացը մեկնարկելու որոշումն ընդունվել է մեկ տարի առաջ՝ 2024թ. մայիսի 23-ին:  ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտնել է, որ  Քննչական կոմիտեում քննվում են ԱՆԻՖ-ի մի շարք աշխատակիցների կողմից բարձր աշխատավարձեր ու պարգևավճարներ ստանալու, նաև «Հայկական ավիաուղիներ», «Սերմից ֆերմա», «Տավրոս ԿՎՄ» «Մասդար», «Հարդ Ռոք», «Քեյ էնդ ջի», «Ապագա փրոջեքթ», «Գլոբալ քոննեքթ» ընկերությունների հետ համատեղ գործունեության ընթացքում առերևույթ չարաշահումներ կատարելու դրվագները:
12:13 - 22 մայիսի, 2025
Կառավարությունն ընդունեց կրճատ զինծառայության նախագիծը 
 |civilnet.am|

Կառավարությունն ընդունեց կրճատ զինծառայության նախագիծը |civilnet.am|

civilnet.am: Կառավարությունը մայիսի 22-ին հաստատեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագիծը՝ զինվորական ծառայության կարգավորման փոփոխությունների վերաբերյալ։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ նախագիծը պահանջում է տեխնիկական լրացումներ։ Նրա խոսքով, կան նաև բովանդակային փոփոխություններ։ «Կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել՝ մեկ ամսվա դեպքում՝ 24 մլն դրամ, չորս ամսվա դեպքում՝ 18 մլն դրամ։ Յուրաքանչյուր զորակոչի վերաբերյալ կառավարության որոշման մեջ սահմանել զորակոչին համապատասխան՝ կրճատ ժամկետով ծառայության դիմումների առավելագույն քանակը և կարգը։ Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն տարիքային շեմը սահմանել 32 տարեկանը»,- ասաց նախարարը։ Գերատեսչությունն առաջարկում է նաև «Պաշտպանության մասին» օրենքում սահմանել, որ մինչև 16 տարին լրանալը արական սեռի քաղաքացիները ՀՀ-ի նկատմամբ ունենան 15 մլն դրամի հանրային և իրավական պարտավորություն։ Այդ պարտավորությունը դադարում է՝ արական սեռի քաղաքացուն զինվորական հաշվառման վերցնելու փաստի ուժով կամ ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու դեպքում՝ հօգուտ պետական բյուջեի վճարման միջոցով։ Նախարարը նշեց, որ Հայկ Սարգսյանը համաձայն է առաջարկվող փոփոխություններին։ Նա հավելեց, որ նախագծի նպատակն է համալրել զինված ուժերը։ Պապիկյանի խոսքով՝ նույնիսկ մեկ ամիս ծառայած երիտասարդը տիրապետելու է զենքին և ընդգրկվելու է պահեստազորում։ Նախագիծը դեռ պետք է քննարկվի Ազգային ժողովում։ Դրա ամբողջական ընդունումը կախված է խորհրդարանի դիրքորոշումից։
11:54 - 22 մայիսի, 2025
Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման նախագծին
 |news.am|

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման նախագծին |news.am|

news.am: ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 22–ի նիստում բացասական եզրակացություն տվեց «Հայաստան» խմբակցության առաջարկած ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում էր քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը։ Նշենք, որ ապրիլի 22–ին Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության 110–րդ տարելիցին ընդառաջ իրենց խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Հայոց ցեղասպանության ուրացման դեպքում քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծ։ Այս հարցը բուռն քննարկման և վիճաբանությունների առիթ դարձավ ԱԺ նիստերի դահլիճում։ Օրենսդրական փոփոխություններով խմբակցությունն առաջարկում է սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100–պատիկից 300–պատիկի չափով կամ հանրային աշխատանքներով՝ 150–250 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկ ամսից մինչև 4 տարի ժամկետով: Կառավարությունից նշել են, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների նպատակահարմարությունը բացակայում է:
11:42 - 22 մայիսի, 2025
Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի և Օմանի քաղաքացիների համար վերացվեց ՀՀ մուտքի արտոնագրերի անհրաժեշտությունը
 |1lurer.am|

Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի և Օմանի քաղաքացիների համար վերացվեց ՀՀ մուտքի արտոնագրերի անհրաժեշտությունը |1lurer.am|

1lurer.am: Վերացնում ենք մուտքի արտոնագրերի անհրաժեշտությունը Սաուդյան Արաբիայի Թագավորության, Բահրեյնի Թագավորության և Օմանի Սուլթանության քաղաքացիների համար, ինչպես նաև այն անձանց համար, որոնք վերոնշյալ երեք երկրներում, ինչպես նաև Միացյալ Արաբական Էմիրություններում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում ունեն կացության իրավունք, կարգավիճակ: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ մայիսի 22-ի նիստին ներկայացրեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Այս փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորվում է տնտեսական նկատառումներով: Ակնհայտ է, որ այս փոփոխությամբ կհեշտացնենք և՛ մարդկանց այցելությունները մեր երկիր, և՛ մարդկանց միջև, մեր քաղաքացիների հետ շփումները, ինչպես նաև կմեծացնենք ներդրումային գրավչությունը: Ուզում եմ ավելացնել, որ մի շարք հարևան երկրներ, որոնք ունեն տնտեսական զարգացվածության որոշակի մակարդակ, արդեն իսկ նման ռեժիմ ունենք, այսինքն՝ արտոնագրային ռեժիմ չունենք»,- ասաց նախարարը: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը որոշման նախագիծը կարևորեց՝ ընդգծելով, որ այն ենթադրում է նաև զբոսաշրջային էական հոսքերի ավելացում: Սա կհեշտացնի նաև պոտենցիալ ներդրողների մուտքը ՀՀ: «Նաև գործարար միջավայրն է սա ողջունում և սրան պատրաստվում: Հուսով ենք, որ սրան կհաջորդի ուղիղ չվերթների ավելացման հնարավորությունը»,- ասաց Պապոյանը և այս համատեքստում հիշեցրեց, որ Մերձավոր Արևելքի շուկան ՀՀ-ի համար հիմնական ու առանցքային շուկաներից է դառնում:
11:35 - 22 մայիսի, 2025