Սահման

Եվրոպացի առաջնորդները պետք է ճնշում գործադրեն Ալիևի վրա․ Ռասմուսենի հոդվածը Project Syndicate-ում |civilnet.am|

Եվրոպացի առաջնորդները պետք է ճնշում գործադրեն Ալիևի վրա․ Ռասմուսենի հոդվածը Project Syndicate-ում |civilnet.am|

civilnet.am: Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը (2009-14 թթ.) և Դանիայի նախկին վարչապետը, հոդված է հրապարակել հեղինակավոր Project Syndicate կայքում՝ եվրոպական առաջնորդներին ու միջազգային հանրությանը կոչ անելով մեծացնել ճնշումը Ադրբեջանի վրա։ «Եվրամիությունը պետք է ավելի մեծ դեր խաղա Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման համար»,- գրում է Ռասմուսենը։ «Եվրոպայի դռան շեմին՝ ուրիշ հակամարտություն» վերնագրված հոդվածը թարգմանաբար՝ ստորև։ Ակնհայտորեն խախտելով 2020-ի հրադադարի համաձայնագիրը՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է հրահրում և հերթական անգամ սպառնում հարևան Հայաստանին ռազմական ագրեսիայով։ Քանի որ Ռուսաստանը չի կարող կամ չի ցանկանում օգնել, Եվրամիությունը պետք է ավելի մեծ դեր խաղա Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման համար: Բոլորի հայացքներն արդարացիորեն ուղղված են Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմին։ Բայց դա արդարացում չէ մեկ այլ ճգնաժամի անտեսման համար, որը հասունանում է Եվրոպայի դռան շեմին: Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը կրկին աճում է՝ մեծացնելով հերթական պատերազմի հեռանկարը։ Անցյալ շաբաթ ես այցելեցի Լաչինի միջանցք՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչությանը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերից միջանցքի մուտքն ադրբեջանցիներն արգելափակել են բնապահպանական բողոքի պատրվակով։ Դա ակնհայտորեն տեղի է ունենում Բաքվի ռեժիմի աջակցությամբ։ Քանի որ «ցուցարարները» արգելափակում են քաղաքացիական կամ առևտրային երթևեկությունը Լեռնային Ղարաբաղ, Amnesty International-ը նախազգուշացնում է, որ մոտ 120 000 էթնիկ հայ բնակիչներ զրկված են առաջին անհրաժեշտության ապրանքներից և ծառայություններից, ներառյալ կենսական դեղամիջոցներից և առողջապահությունից: Ադրբեջանի և Հայաստանի միջև 2020-ի Ղարաբաղյան պատերազմի ավարտին ստորագրված հրադադարի համաձայնագրով Ադրբեջանը պարտավորվել է ապահովել ազատ տեղաշարժը ճանապարհի երկայնքով երկու ուղղություններով։ Արդարադատության միջազգային դատարանը, ընդունելով, որ Ադրբեջանը խախտում է պարտավորությունը՝ հրաժարվելով վերացնել շրջափակումը, փետրվարի 22-ին վճիռ է կայացրել՝ նրանից պահանջելով ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը դրա համար։ Բայց անցել է մեկ ամիս, և ոչինչ չի փոխվել։ Թեև միջանցքի երկայնքով տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերը պետք է պաշտպանեն երթուղին, նրանք չեն կարողացել դա անել։ Եթե Եվրոպան և ավելի լայն միջազգային հանրությունը չճնշեն Ադրբեջանին շրջափակումը վերացնելու համար, ներկայիս հումանիտար ճգնաժամը կարող է հումանիտար աղետ դառնալ: Ադրբեջանը օգտագործում է շրջափակումը և այլ միջոցներ Լեռնային Ղարաբաղին խեղդելու համար։ Բնակիչներին հաճախ արգելում են վերադառնալ իրենց տները, իսկ գազն ու էլեկտրականությունը պարբերաբար անջատվում են առանց նախազգուշացման կամ բացատրության: Ակնհայտ է, որ նպատակը հայ բնակչության կյանքը հնարավորինս դժվարացնելն է, և մոտալուտ էթնիկ զտումների լուրջ վտանգ կա: Մենք չպետք է մեր հայացքը շեղենք այն ամենից, ինչ կատարվում է։ Իր հերթին, ադրբեջանական ռեժիմը (և նրա առցանց տրոլները) շարունակում են նսեմացնել շրջափակման հետևանքները կամ անգամ դրա գոյությունը: Ավելին, նրանք հրաժարվում են նաև միջազգային դիտորդներին հնարավորություն տալ գնահատելու իրավիճակը: Այսպիսով, միջազգային հանրության համար առաջնահերթությունը ՄԱԿ-ի կամ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության հովանու ներքո միջանցք փաստահավաք առաքելություն ուղարկելն է: Մենք պետք է հստակ դարձնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կկանգնի հետևանքների առաջ, եթե շարունակի անտեսել Արդարադատության միջազգային դատարանի պարտավորեցնող հրամանը։ 2020-ի Ղարաբաղյան պատերազմի արդյունքում պարզ դարձավ, որ Ադրբեջանը ռազմական զգալի առավելություն ունի Հայաստանի նկատմամբ՝ շնորհիվ այն զենքի, որ նա գնել է Ռուսաստանից, Թուրքիայից և Իսրայելից։ Այս փաստը կրկնվեց անցյալ տարվա սեպտեմբերին, երբ Ադրբեջանը գրավեց Հայաստանի տարածքը, այդ թվում՝ ռազմավարական դիրքեր Ջերմուկ քաղաքի վերևում՝ ընդամենը երկու օր տևած մարտերի արդյունքում: Թեև Հայաստանը դեռ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է՝ տարածաշրջանային դաշինք, որը նախկին խորհրդային հինգ երկրներին կապում է Ռուսաստանի հետ, որևէ աջակցություն չեղավ, երբ նա օգնություն խնդրեց իր ինքնիշխան տարածքի վրա կատարված հարձակումից հետո: Երկիրը մնաց խոցելի ու միայնակ։ Իրավիճակն ավելի վատթարացնելով՝ Ադրբեջանը զորքերը պահում է Հայաստանի տարածքում և հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին։ Քանի որ խաղաղության բանակցությունները արգելակված են, հստակ նախանշաններ կան, որ Ադրբեջանը խորհում է ավելիին հասնել ռազմական ճանապարհով, քան խաղաղ բանակցությունների միջոցով: Չի կարելի բացառել առաջիկա ամիսներին Հայաստանի դեմ նոր հարձակումը։ Քանի որ Ռուսաստանը՝ Հայաստանի անվտանգությունն ավանդաբար ապահովողը, չի կարող կամ չի ցանկանում օգնել, Եվրամիությունը պետք է ավելի մեծ դեր խաղա տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար։ Ե՛վ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, և՛ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գիտակցել են դա և զգալի քաղաքական կապիտալ են ներդրել այդ գործում։ Սեպտեմբերին ռազմական գործողությունների վերսկսումից հետո ԵՄ-ն քաղաքացիական առաքելություն է ուղարկել Հայաստան՝ դիտարկելու Ադրբեջանի հետ սահմանը։ Բայց դեռ շատ ավելին է պետք անել։ ԵՄ առաքելությունը, որը ներկայում տեղակայված է միայն Հայաստանի տարածքում, պետք է արագ ընդլայնվի՝ վերահսկելու հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքը։ Եվրոպացի առաջնորդները պետք է ճնշում գործադրեն Ալիևի կառավարության վրա, որպեսզի նա թույլ տա ԵՄ անձնակազմին մուտք գործել ադրբեջանական տարածք: Իհարկե, ԵՄ անզեն առաքելությունը չի կարող կանխել ռազմական գործողությունները, բայց նրա ներկայության ընդլայնումը կբերի Ադրբեջանի վրա հետագա ճնշման՝ ռազմական առճակատման փոխարեն ընտրելու բանակցությունները: Շարունակությունը՝ civilnet.am-ում։
23:27 - 25 մարտի, 2023
Հարավային Կովկասում պատերազմի վտանգը իրական է և չի բխում Եվրոպայի շահերից․ Ռասմուսեն |armenpress.am|

Հարավային Կովկասում պատերազմի վտանգը իրական է և չի բխում Եվրոպայի շահերից․ Ռասմուսեն |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վտանգ է տեսնում առաջիկա ամիսներին։ Անդերս Ֆոգ Ռասմուսենը նման կարծիք է հայտնել Le Figaro-ին տված հարցազրույցում։ «Առաջիկա ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև բաց պատերազմի վտանգը իրական է և թերագնահատված։ Կա Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միայն մեկ ճանապարհ և այդ ճանապարհը փակ է դեկտեմբերի 12-ից։ Սկսած առաջին անհրաժեշտության ապրանքներից մինչև դեղամիջոցներ՝ ոչինչ չի անցնում։ Մարդիկ մնացել են հայկական կողմում և չեն կարողանում վերադառնալ իրենց տներ։ Այս իրավիճակը կարող է հումանիտար աղետի հանգեցնել։ Վերջնական նպատակը կարող է լինել էթնիկ զտումը, ինչն այնքան կբարդացնի տեղացիների կյանքը, որ շատերը ուղղակի կարող են լքել տարածքը։ Ես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղերձ եմ հղել արգելափակումը դադարեցնելու կոչով։ Նա ինձ չի պատասխանել, ինչպես որ երբեք չի արձագանքել միջազգային հանրության տարբեր հայտարարություններին։ Միջազգային դատարանն էլ է Ադրբեջանին պարտավորեցրել դադարեցնել շրջափակումը, սակայն շրջափակումը շարունակվում է։ Ես գնահատում եմ այս հարցում Էմանուել Մակրոնի հանձնառությունը և հույս ունեմ, որ նախագահ Ալիևի վրա ճնշում գործադրելու հարցում  Ֆրանսիային կմիանան նաև Եվրոպական Միության հիմնական պետությունները»,- ասել է Ռասմուսենը։ Հարցին, թե ինչպիսի ճնշման մասին է խոսքը, Ռասմուսենը պատասխանել է․ «Եվրոպական հանձնաժողովը և Ադրբեջանը կապված են միմյանց էներգետիկ ոլորտի համաձայնագրերով։ Ակնհայտ է, որ ռուսական գազի մատակարարումների դադարեցումից հետո մեզ այլընտրանքներ են հարկավոր։ Բայց հենց այս համաձայնագիրը կարող է դառնալ հրաշալի հիմք Ադրբեջանի նախագահի վրա ճնշումներ գործադրելու համար։ Կարևոր է Բաքվին ասելը, որ մեր էներգետիկ շահը մեզ չի ստիպելու հայացքը մի կողմ թեքել պոտենցիալ հումանիտար աղետից։ Հնարավոր է, որ Իլհամ Ալիևն ավտոկրատ է, ինչպես և Վլադիմիր Պուտինը, սակայն ես հաստատակամորեն հավատում եմ, որ նա գիտակցում է , որ շահեկան չի լինի, եթե իրեն միջազգայնորեն մեկուսացնեն, ինչպես իր ռուս գործընկերոջը։ Ես կարծում եմ, որ Ալիևը մանրամասնորեն հաշվարկում է սահմանները, որոնք չի կարելի անցնել՝ խախտելով միջազգային իրավունքը։ Որովհետև Լեռնային Ղարաբաղի շրջափակումն օրենքի խախտում է, ինչպես և ահաբեկչությունները, որոնք իրականացվել են անցած տարա սեպտեմբերին Հայաստանի տարածքում, որոնց հաջորդել է Հայաստանի որոշ տարածքների օկուպացիան։ Եվրոպական Միությունը պետք է հասկացնի Ալիևի ռեժիմին, որ այս խախտումները չեն կարող անպատիժ մնալ»։  Ռասմուսենը հավելել է, որ Լաչինի միջանցքը ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն։ «Ես իմ աչքերով եմ տեսել զինվորների, որոնք վերահսկում են ճանապարհը։ Նրանք շատ մոտ են գտնվում արգելափակման վայրին, սակայն ոչինչ չեն անում։ Մոսկվան ոչինչ չի արել այս իրավիճակը կանխելու համար, ինչպես որ ոչինչ չի ասել սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակվել էր Հայաստանի վրա։ Հնարավոր է, որ Մոսկվան բացի այն, որ ցանկություն չունի օգնելու իր պատմական դաշնակցին, նաև հնարավորություն չունի դրա համար, քանի որ ամբողջությամբ կենտրոնացած է ուկրաինական ճակատի վրա»,- ասել է նա՝ հավելելով, որ Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը թուլանում է։  Նա կարծիք է հայտնել, որ Եվրոպայի դարպասների մոտ նոր հակամարտությունը չի կարող իրենց համար ձեռնտու լինել։ Ռասմուսենի խոսքով՝  առաջին հերթին դա կարող է սպառնալիքի  տակ դնել էներգամատակարարումները դեպի Եվրոպա։ Միևնույն ժամանակ, Ռասմուսենը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի պասիվությունը կարող է նշանակել ոչ ֆորմալ դաշինք Ռուսաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Ռուսաստանի ու Թուրքիայի միջև։ «Ահա թե ինչու եվրոպական պետությունները պետք է զբաղվեն Հարավային Կովկասով։ Կարծում եմ, որ Եվրոպական Միությունը հասկացել է, թե ինչ է դրված խաղասեղանին՝ Հայաստան ուղարկելով դիտորդական առաքելություն։ Այս պահին դիտորդների խումբը շատ փոքր է, միջոցները չափազանց սահմանափակ են, իսկ փորձագետները հասանելիություն չունեն սահմանի ադրբեջանական հատվածին։ Սակայն սա լավ բազա է»,- ասել է Ռասմուսենը՝ նշելով, որ դիտորդների նպատակն է միջնաժամկետ հեռանկարում կանխել սպառնալիքը, որովհետև Ադրբեջանը չի համարձակվի հարձակվել, քանի դեռ կան եվրոպական դիտորդները։ Նա Եվրոպական Միությանը կոչ է արել ավելի երկարաժամկետ հեռանկարում իրական փաստահավաք առաքելություն ուղարկել, որպեսզի ներկայացվեն Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ փաստագրված և հաստատված փաստեր։ Ռասմուսենը նշել է, որ նաև պետք է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին խաղաղ բանակցություններին մասնակցելու կոչ հղեն։ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը նշել է, որ այս առումով Հայաստանի վարչապետը մեծ ճկունություն է դրսևորել՝ հայտարարելով Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության առաջնահերթ լինելու մասին։  Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման համար անհրաժեշտ է միջազգային մեխանիզմի ներդրում, որը կհետևի այդ երաշխիքների իրականացմանը։  Ռասմուսենի խոսքով՝ դա անիրականանալի է առանց խաղաղապահ առաքելության, որն ունակ կլինի նախազգուշացնել էթնիկ զտումենրի սպառնալիքի մասին։ Այս առումով նա կոչ է արել ՄԱԿ-ի մանդատով օժտված միջազգային զինված առաքելություն ուղարկել Լեռնային Ղարանբաղ։
23:18 - 25 մարտի, 2023
Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո Շառլ Միշելը զրուցել է նաև Ալիևի հետ

Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո Շառլ Միշելը զրուցել է նաև Ալիևի հետ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ՀՀ վարչապետի հետ հեռախոսազրույցից հետո հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ Միշելն ասել է, որ Եվրամիությունը կշարունակի ջանքերը տարածաշրջանում կայուն խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար։ Նա անդրադարձել է Լաչինի ճանապարհի հետ կապված խնդիրներին և իր մտահոգությունը հայտնել վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ։ Զրույցի ընթացքում Ալիևն ընդգծել է՝ աջակցում են բրյուսելյան գործընթացին։ Նա շարունակել է պնդել, որ միջանցքի փակման վերաբերյալ Հայաստանի հնչեցրած պնդումները «լիովին սուտ են», կրկնել զենքի և անձնակազմի տեղափոխման գործընթացի մասին իր հայտարարությունները։  «Ադրբեջանի նախագահն ուշադրություն է հրավիրել ՀՀ ղեկավարության վտանգավոր և սրացող պաշտոնական հայտարարությունների վրա։ Նա նշել է, որ 2023 թվականի մարտի 20-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի ուղղությամբ, որտեղ գտնվում է Եվրամիության առաքելությունը, Հայաստանի հերթական սադրանքի ժամանակ վիրավորվել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության զինծառայող, իսկ մարտի 5-ին՝ Լեռնային Ղարաբաղի շրջանում՝ 2 զինծառայող», - ասվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։ Ալիևը նաև ընդգծել է՝ այս ամենը «Հայաստանի կողմից իրականացվող վտանգավոր քաղաքականության արդյունք է»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Շառլ Միշելը հեռախոսազրույց էր ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Վարչապետը մտահոգություն էր հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի առնչությամբ, ինչը խոչընդոտում է կայունությանն ու խաղաղությանը միտված ջանքերին։ 
18:27 - 25 մարտի, 2023
Գեղարքունիքի մարզից 45 զինվորականի հետմահու պետական պարգևներ են շնորհվել

Գեղարքունիքի մարզից 45 զինվորականի հետմահու պետական պարգևներ են շնորհվել

Հետմահու պետական պարգևներ հանձնվեցին 2022թ սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով մարտական գործողությունների ժամանակ Գեղարքունիքի մարզից զոհված ժամկետային և պայմանագրային զինծառայողներին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ «ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ 2023 թվականի մարտի 18-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մշակույթի տանը տեղի ունեցավ 2022 թվականի սեպտեմբերի 13-15-ն ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների հետմահու պարգևատրման արարողությունը։ Արարողությանը ներկա էր Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ, հոգեշնորհ Տ. Պարթև վարդապետ Բարսեղյանը, ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Գարեգին Պողոսյանը, ՀՀ Պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի բարձրաստիճան զինվորականներ, ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի զինվորականներ, մարզի համայնքների և վարչական տարածքների ղեկավարներ, զոհվածների հարազատներ: Ողջունելով ներկաներին՝ իմ, ընտանիքիս և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի անունից երախտագիտությունս հայտնեցի հերոսածին ծնողներին՝ հայրենասեր զավակներ դաստիարակելու համար, ուժ և համբերություն մաղթելով նրանց ընտանիքներին։ Ցավ և ափսոսանք եմ զգում, որ այսօր, այս պարգևները չենք փակցնում մեր հերոսների կրծքերին, այլ դրանք շնորհում ենք հետմահու։ Տղաները հերոսացել են հայրենիքի պաշտպանության գործում անձնուրաց ծառայություն մատուցելով։ Հանուն մեր հերոսների չապրած կյանքերի՝ այսօր շատ անելիքներ ունենք մեր երկիրը պահպանելու, շենացնելու, հզորացնելու համար, և շարունակելով նրանց գործը՝ սերունդների համար կերտելու իրենց երազած հզոր ու անառիկ հայրենիքը։ Հայոց բանակն օր օրի զարգացում է ապրում, և ես վստահ եմ, որ, որքան էլ նենգ է թշնամին, այդուհանդերձ, մեր բանակն իր առջև դրված խնդիրները կատարում է հերոսաբար և պատասխանատվության բարձր զգացումով։ Եվս մեկ անգամ գլուխ եմ խոնարհում մեր քաջ տղաների անմար հիշատակի առջև։ Փառք ու պատիվ Հայոց բանակի հերոսներին։ Հայրենիքին մատուցած ծառայության համար Գեղարքունիքի մարզից տարբեր աստիճանի մեդալներով հետմահու պարգևատրված հերոս զինծառայողներն են․ Ավագ լեյտենանտ Գնել Գասպարյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Ախպրաձոր Ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․ Լճավան Ենթասպա Արման Գրիգորյան- «Մարտական ծառայություն» մեդալ, ք․ Մարտունի Շարքային Գարիկ Թադևոսյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Ծովինար Շարքային Ալիսա Մելքոնյան – «Հայրենիքին մատուցած ծառայության համար առաջին աստիճան» մեդալ, գ․ Զոլաքար Շարքային Գևորգ Ստամբուլցյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Սոթք Շարքային Սահակ Գաբրիելյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Սոթք Ավագ լեյտենանտ Վեմիր Հարությունյան - Մարտական 2-րդ աստճանի շքանշան, գ․ Ակունք Լեյտենանտ Լյովա Սահակյան - «Հայրենիքին մատուցած ծառայության համար առաջին աստիճան» մեդալ, գ․Ծովակ Լեյտենանտ Գարիկ Բադեյան – Արիության մեդալ, ք․Վարդենիս Շարքային Տիգրան Հովակիմյան - «Մարտական ծառայություն» մեդալ, ք․Վարդենիս Սերժանտ Շահեն Գասպարյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Ակունք Շարքային Սաղաթել Սարգսյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Կարճաղբյուր Սերժանտ Հայկ Մուրադյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Ծովակ Սերժանտ Իրինա Գասպարյան - «Հայրենիքին մատուցած ծառայության համար առաջին աստիճան» մեդալ, ք․Վարդենիս Սերժանտ Արայիկ Հովհաննիսյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Ակունք Շարքային Վարազդատ Վարդանյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Ակունք Սերժանտ Արմեն Հարությունյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Ծովակ Շարքային Արմեն Մխեյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Լուսակունք Սերժանտ Լևոն Հարությունյան - «Հայրենիքին մատուցած ծառայության համար երկրորդ աստիճան» մեդալ, գ․ Փոքր Մասրիկ Կրտսեր սերժանտ Վարդան Զիրոյան - «Մարտական ծառայություն» մեդալ, ք․Վարդենիս Շարքային Վաղարշակ Սարմոսյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Շատջրեք Կրտսեր սերժանտ Արա Հովհաննիսյան - «Հայրենիքին մատուցած ծառայության համար առաջին աստիճան» մեդալ, գ․Ծովակ Շարքային Վահան Հակոբյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Արեգունի Կրտսեր սերժանտ Կամո Պողոսյան - «Հայրենիքին մատուցած ծառայության համար առաջին աստիճան» մեդալ, ք․ Վարդենիս Սերժանտ Լևոն Նավասարդով - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Սոթք Սերժանտ Արմեն Աբրահամյան - «Մարտական ծառայություն» մեդալ, ք․Մարտունի Շարքային Արսեն Սարգսյան - «Մարտական ծառայություն» մեդալ, ք․Վարդենիս Շարքային Մխիթար Ավագյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Արծվանիստ Շարքային Արմեն Գասպարյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Այգուտ Շարքային Մխիթար Մարտիրոսյան - «Մարտական ծառայություն» մեդալ, ք․Վարդենիս Շարքային Գրիգոր Գևորգյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Խաչաղբյուր Շարքային Արամ Մնացականյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Վաղաշեն Կրտսեր սերժանտ Գուրգեն Զաքարյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Վարդենիկ Շարքային Արթուր Մարգարյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Լիճք Շարքային Կարեն Գրեյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Գեղհովիտ Կրտսեր սերժանտ Ազատ Զոհրաբյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Ձորագյուղ Ավագ լեյտենանտ Հայկ Գասպարյան - «Մարտական ծառայություն» մեդալ, ք․Վարդենիս Կրտսեր սերժանտ Ադամ Կիրակոսյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Աղբերք Կրտսեր սերժանտ Հենրիկ Հարությունյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Զոլաքար Շարքային Արտյոմ Մինասյան - «Մարտական ծառայություն» մեդալ, ք․Վարդենիս Սերժանտ Մանուկ Կարապետյան - «Մարտական ծառայություն» մեդալ, ք․Վարդենիս Ավագ սերժանտ Վիլգեն Ավագյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Փոքր Մասրիկ Աշխարհազորային Արմեն Ասլանյան - «Մարտական ծառայություն» մեդալ, գ․Արփունք Աշխարհազորային Քաջիկ Բարեյան - «Հայրենիքին մատուցած ծառայության համար առաջին աստիճան» մեդալ, գ․Ծովակ»,- գրել է նա։
20:47 - 18 մարտի, 2023
ՀՀ վարչապետն ու ԵՄ քաղաքացիական գործողությունների հրամանատարն անդրադարձել են Հայաստանում իրականացվելիք աշխատանքներին

ՀՀ վարչապետն ու ԵՄ քաղաքացիական գործողությունների հրամանատարն անդրադարձել են Հայաստանում իրականացվելիք աշխատանքներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 21-ին ընդունել է Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատին և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Հայաստանում ԵՄ նոր մշտադիտարկման առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարությանից, վարչապետը ողջունել է Հայաստանում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայման մասին որոշումը և ընդգծել, որ այն նպաստ կբերի տարածաշրջանային կայունության ու խաղաղության ապահովմանը: ԵՄ քաղաքացիական գործողությունների հրամանատարը երախտագիտություն է հայտնել հայկական կողմին՝ առաքելությանը ցուցաբերած օժանդակության համար և անդրադարձել Հայաստանում իրականացվելիք աշխատանքներին: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելությանը վերաբերող հարցերի և համագործակցության օրակարգի շուրջ:
17:44 - 21 փետրվարի, 2023
Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիային առնչվող քրգործերով 11 հայ զինծառայող է մեղադրվում, մեծ մասը կալանավորված է

Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիային առնչվող քրգործերով 11 հայ զինծառայող է մեղադրվում, մեծ մասը կալանավորված է

Ադրբեջանական սեպտեմբերյան ագրեսիայի դեպքով, որքանով հիշում եմ, 22 վարույթ է նախաձեռնվել, որոնք հետագայում միացվել են մեկ վարույթում․ այս պահին քրեական հետապնդում որևէ անձի նկատմամբ չի իրականացվում։ Այս մասին Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը։ Նա հայտնել է, որ այս պահին սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմից կա շուրջ 600 տուժած անձ, որոնց մեծ մասն այս պահին ունեն տուժողի դատավարական կարգավիճակ։ Հարցին, թե արդյո՞ք քննության առարկա են ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների գործողությունները, ու արդյո՞ք կան վարույթներ, Քյարամյանը դրական է պատասխանել ու հավելել․ «Եթե ճիշտ եմ հիշում, 17 քրեական վարույթ է նախաձեռնվել, որոնց մեծ մասը հետագայում միավորվել է մեկ վարույթում։ Այստեղ ևս ըստ ուղղությունների ենք քննությունն իրականացնում, այս անգամ բաժանումն ըստ մարզերի է` Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի ուղղություններ։ 11 մեղադրյալ ունենք այս գործերով, որոնց մեծ մասն արդեն կալանավորված է, և չորս դրվագով արդեն ավարտել ենք նախաքննությունն ու ուղարկել ենք դատարան»։ Քյարամյանը հայտնել է, որ վերոնշյալ վարույթով մեղադրյաները միջին օղակի սպաներ և զինծառայողներ են, բարձրաստիճան սպաներ չկան։ ՔԿ նախագահը նպատակահարմար չի համարել այլ մանրամասներ հայտնելու այս գործերի վերաբերյալ։
10:10 - 05 հունվարի, 2023
Վերին ու Ներքին Շորժա գյուղերում քաղաքացիական բնակչություն չկա առհասարակ, դարձել են լքված գյուղեր․ Արման Թաթոյան

Վերին ու Ներքին Շորժա գյուղերում քաղաքացիական բնակչություն չկա առհասարակ, դարձել են լքված գյուղեր․ Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնում է, որ դեկտեմբերի 29-ին Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ներկայացուցիչներն այցելել են Գեղարքունիքի մարզ` փաստագրելու համար ՀՀ-ի նկատմամբ 2022 թ. սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական զինված հարձակումների ու առաջխաղացումների հետևանքով խաղաղ բնակիչներին պատճառված վնասները: Արման Թաթոյանն իր գրառման մեջ նշում է․ «Գեղարքունիքում ադրբեջանական հանցավոր արաքների հետևանքով առաջացել են լքված գյուղեր, խմելու ջրի հասանելիության լրջագույն խնդիրներ, կամ չկա առհասարակ, խաթարված է մարդկանց անվտանգությունը: Կուտական, Վերին Շորժա, Փոքր Մասրիկ, Արփունք, Արեգունի, Սոթք և մյուս գյուղերի հետ կապված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2020 թ. մայիսյան ներխուժումներից հետո ստեղծված իրավիճակն էլ ավելի է խորացել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի` պայմանավորված ադրբեջանական զինված առաջխաղացումներով։ Տասնյակ գյուղեր, բազմաթիվ բնակելի տներ, հայտնվել են ադրբեջանական ուղիղ դիտարկման ներքո, հազարավոր հեկտարների արոտավայրեր, խոտհարքներ, վարելահողեր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության կամ դիտարկման նեքո են: Դրանք պարզապես չի լինում օգտագործել: Ընդ որում, այս հողատարածքների նկատմամբ մարդիկ ունեն սեփականության օրինական իրավունք: Օրինակ՝ Վերին ու Ներքին Շորժա գյուղերում քաղաքացիական բնակչություն չկա առհասարակ, դարձել են լքված գյուղեր: Գեղամաբակ, Ջաղացաձոր, Այրք, Վերին Շորժա, Ներքին Շորժա և այլ գյուղերի համար ջրային ավազաններն ու ջրի բնական աղբյուրները հայտնվել են ադրբեջանական վերահսկողության կամ դիտարկման ներքո 2021թ. մայիսից ու առավել խորացել 2022թ. սեպտեմբերի պատերազմից հետո. գյուղերում ջրի հասանելիության լուրջ խնդիներ են առաջ եկել, կամ չկա հասանելիություն առհասարակ: Բնակիչների, համայնքային մարմինների ներկայացուցիչների հետ քննարկումները ցույց են տալիս, որ գյուղերից լսվում են ադրբեջանական կրակոցների ձայները, որոնք մարդկանց ահաբեկելու նպատակ ունեն: Սոցիալական առկա խնդիրները խորացել են, ավելացել են կյանքի ու անվտանգության սպառնալիքները: Նորից եմ կրկնում, որ մեր առաջնային նպատակը պետք է լինի ադրբեջանական զինված ծառայողներին հեռացնելը ոչ միայն մեր օկուպացված տարաքներից, այլ նաև 2020 թվականի պատերազմից հետո մեր գյուղերի ու ճանապարհների մոտ նրանց հանցավոր տեղայակումներից։  Արձանագրած փաստերը` կապված ՀՀ ինքինշխան տարածք ադրբեջանական հանցավոր ներխուժումներով,  ՀՀ գյուղերի հարևանությամբ և համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական անօրինական զինված տեղակայումներով երկրի անվտանգության, բնակչության կյանքի համար առաջացրած խորքային խնդիրների հետ, կվերլուծվեն և կներկայացվեն համապատասխան կառույցներին: Ներկայում կազմվում է անգլերենով զեկույց այս հարցերի առնչությամբ` հատուկ մեթոդաբանությամբ»:
11:49 - 31 դեկտեմբերի, 2022
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 21:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։ «Հայկական կողմը կորուստներ չունի: Նոյեմբերի 26-ի ժամը 22:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է», - նշված է հաղորդագրության մեջ: Նշենք, որ նմանատիպ հաղորդագրություն ՀՀ ՊՆ-ն տարածել էր նաև առավոտյան՝ նշելով, որ նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Մեկ այլ հաղորդագրությամբ էլ ՀՀ ՊՆ-ն հերքել էր Ադրբեջանի ՊՆ այն պնդումը, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն են կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության նախարարությունն էլ էր այսօր հերքել տեղեկությունը, թե կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իսկ ՌԴ ՊՆ-ն Արցախում խաղաղապահ զորախմբի գործունեության մասին տեղեկագրում արձանագրել էր հրադադարի պահպանման ռեժիմի խախտման 3 դեպք։  Արցախյան գերատեսչությունը հերքել էր նաև Ադրբեջանի ՊՆ մեկ այլ հաղորդագրություն՝ հայկական զինված ուժերի քվադրոկոպտեր որսալու մասին: Հավելենք, որ և՛ Հայաստանի, և՛ Արցախի պաշտպանական գերատեսչությունների նմանատիպ հաղորդագրությունները պարբերական են դարձել։
22:44 - 26 նոյեմբերի, 2022
Արմեն Գրիգորյանն ու ԵՄ ներկայացուցիչը քննարկել են դիտորդական առաքելության գործունեությունը

Արմեն Գրիգորյանն ու ԵՄ ներկայացուցիչը քննարկել են դիտորդական առաքելության գործունեությունը

Նոյեմբերի 2-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության դիտորդական կարողությունների առաքելության ղեկավար, Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարեկ Շչիգիելին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը: Այս մասին հաղորդում է ԱԽ գրասենյակը։ «ԱԽ քարտուղարը ողջունել է առաքելության ղեկավարի այցը Հայաստան և գոհունակություն հայտնել երկկողմ համագործակցության արդյունքների վերաբերյալ: Քարտուղարը վստահությամբ ընդգծել է, որ երկկողմ համագործակցությունն ունի ներուժ նպաստելու տարածաշրջանում անվտանգային միջավայր ամրապնդմանը: Հայաստանում ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ղեկավար Մարեկ Շչիգիելը շնորհակալություն է հայտնել թե՛ պետական, թե՛ տեղական մակարդակներում ցուցաբերված աջակցության համար, մասնավորապես՝ ընդգծել երկկողմ համագործակցությանը նպաստելու բարձր պատրաստակամությունը: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձ են կատարել ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության ընթացքին»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում: 
13:32 - 02 նոյեմբերի, 2022
Գեղարքունիքի մարզպետը ԵՄ դիտորդական թիմին մանրամասներ է ներկայացրել հրետակոծությունից տուժած բնակավայրերի վիճակի մասին

Գեղարքունիքի մարզպետը ԵՄ դիտորդական թիմին մանրամասներ է ներկայացրել հրետակոծությունից տուժած բնակավայրերի վիճակի մասին

Նոյեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանում ընդունել է ԵՄ առաքելության դիտորդական թիմի անդամներին՝ գլխավորությամբ աշխատանքային թիմի ղեկավար Լինն Նետտելվիկի։   «Ի շարունակություն նախորդ օրը՝ հոկտեմբեր 31-ին Վարդենիսում և հրետակոծությունից տուժած մի շարք բնակավայրերում տեղի ունեցած աշխատանքային քննարկումների և շրջայցի ընթացքում տրամադրած տեղեկատվության, մանրամասներ ներկայացրի 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի թշնամու ռազմական ագրեսիայի, վայրագությունների, հրետակոծությունից տուժած բնակավայրերում ստեղծված վիճակի և այլնի մասին, դրանք առավել առարկայական դարձնելով լուսանկարների ցուցադրմամբ։   Խոսելով հրետակոծված բնակավայրերում վնասված շենք- շինությունների մասին՝ տեղեկացրի, որ ՀՀ կառավարության աջակցությամբ այս պահին ընթանում են մասնակի վնասված բնակարանների վերանորոգման աշխատանքներ, իսկ ամբողջովին տուժած ութ բնակարանների խնդիրները կառավարությունը կլուծի նորի կառուցմամբ։   Այնուհետև խոսեցինք մարզում առկա ռիսկերի, հրետակոծությունից տուժած բնակավայերին մատակարարվող ջրային ռեսուրսների սանիտարական վիճակի պահպանության, տեղահանվածներին և դպրոցականներին հոգեբանական աջակցության ցուցաբերման և այլ թեմաների մասին։ Պայմանավորվածություն ենք ձեռք բերել՝ պարբերաբար հանդիպել, քանզի նման քննարկումները նպաստում են աշխատանքների ճիշտ և արդյունավետ կազմակերպմանը», - գրել է ֆեյբուքյան իր էջում տեղեկացրել է մարզպետը։
16:23 - 01 նոյեմբերի, 2022