ԵԽ

Եվրոպայի խորհուրդը (այսուհետ՝ ԵԽ) եվրոպական ամենամեծ մարդու իրավունքների կազմակերպությունն է, որին անդամակցում են 47 պետություններ, որոնցից 28-ը ԵՄ անդամ պետություններ են: ԵԽ բոլոր անդամ պետությունները ստորագրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որը կոչված է պաշտպանելու մարդու իրավունքները, ժողովրդավարությունը եւ օրենքի գերակայությունը:

ԵԽ պաշտոնական լեզուներն են անգլերենը եւ ֆրանսերենը:

Եվրոպական խորհրդի կենտրոնական նստավայրը գտնվում է Եվրոպայի պալատ Ստրասբուրգում, Ֆրանսիա։

Խորհուրդը ֆինանսավորում են անդամ երկրները։ Ներդրումները կատարվում են բնակչության թվին եւ երկրի տնտեսական զարգացման մակարդակին համապատասխան:

Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ՄԻՊ-ի հետ հանդիպմանն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին վերադարձնելու անհրաժեշտությունը

Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ՄԻՊ-ի հետ հանդիպմանն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին վերադարձնելու անհրաժեշտությունը

Սեպտեմբերի 27-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ:   Հանդիպման ընթացքում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ից Հայաստանի վրա սկսված ադրբեջանական հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքներին, շրջակա միջավայրին հասցված վնասների, միջազգային մարդու իրավունքներով և հումանիտար իրավունքով արգելված այլ արարքների վերաբերյալ փաստարկված տեղեկատվությունը։   Գրիգորյանը խոսել է ադրբեջանական զինծառայողների կողմից հայ ռազմագերիների ու զոհված զինծառայողների նկատմամբ իրականացված հանցագործությունների ու դրանք ծնող պատճառների՝ ադրբեջանական պետության կողմից վարվող էթնիկ հայատյացության համակարգային քաղաքականության մասին։   Նշված բոլոր փաստերն ամփոփվել են սեպտեմբերի 16-ին հրապարակված Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որը անձամբ փոխանցել է Գլխավոր քարտուղարին:   Պաշտպանը, ի թիվս այլ հարցերի, ներկայացրել է իր գործունեության առաջնահերթությունները, որի շրջանակում բարձր է գնահատել համագործակցությունն ինչպես ԵԽ երևանյան գրասենյակի, այնպես էլ` ԵԽ մասնագիտացված կառույցների և Գլխավոր քարտուղարի գրասենյակի հետ: Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Պաշտպանի գործունեությունը, շնորհակալություն հայտնել արդյունավետ համագործակցության և զեկույցի համար: Գլխավոր քարտուղարը հստակ ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձնելու անհրաժեշտությունը և վերահաստատել իր հանձնառությունը՝ շարունակելու ջանքերն այս ուղղությամբ:   Գլխավոր քարտուղարն անդրադարձել է նաև Հայաստանի հետ իրականացվող ծրագրային ուղղություններին և ընդգծել շարունակական աջակցության տրամադրման ԵԽ պատրաստակամությունը, այդ թվում ԵԽ-Հայաստան ԳԾ-ի շրջանակներում:   Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ընդգծել է Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի իրականացմանն իր աջակցությունը:   Կողմերը պայմանավորվել են շարունակել արդյունավետ և վստահելի փոխգործակցությունը:   Լուսանկարները՝ ԵԽ գրասենյակի  
14:24 - 27 սեպտեմբերի, 2022
Եվրոպայի խորհուրդը պատրաստել է Հայաստանի մեդիադաշտի կարիքների գնահատման զեկույց. Մարտինա Շմիդտ

Եվրոպայի խորհուրդը պատրաստել է Հայաստանի մեդիադաշտի կարիքների գնահատման զեկույց. Մարտինա Շմիդտ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի գլխավորած պատվիրակությանը, որը Երևանում է գտնվում ԵԽ պատրաստած «Հայաստանի մեդիադաշտի կարիքների գնահատման զեկույցը» ներկայացնելու նպատակով: Ողջունելով հյուրերին՝ Ալֆրեդ Քոչարյանը նշել է, որ մեդիադաշտի բարեփոխումները և ԶԼՄ-ների ազատությունը ժողովրդավարական երկրի հիմնասյուներից են: Նրա խոսքով՝ Եվրոպայի խորհրդի բոլոր ծրագրերն օգտակար փորձառություն են ցանկացած երկրի համար, այդ թվում՝ մեդիագրագիտության ոլորտում: Մարտինա Շմիդտը տեղեկացրել է, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստել է Հայաստանի մեդիադաշտի կարիքների գնահատման զեկույց, որը վերլուծում է ներպետական օրենսդրական դաշտը՝ ներառյալ ԶԼՄ-ների ազատությունը, խոսքի ազատությունը, ապատեղեկատվության դեմ պայքարը, մեդիագրագիտության հետ կապված հարցերը և դրանց համապատասխանեցումը Եվրոպայի խորհրդի չափանիշներին: Նրա խոսքով՝ կարիքների գնահատման զեկույցի արդյունքներն ու առաջարկությունները, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի աջակցությունը համապատասխան ոլորտում կներկայացվի պանելային քննարկման ձևաչափով: ԵԽ պատվիրակության անդամներին մասնավորապես հետաքրքրել է մեդիագրագիտության բարձրացման ուղղությամբ ԿԳՄՍ նախարարության իրականացրած աշխատանքները: Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, կարևորելով մեդիագրագիտության ուղղությամբ իրականացվող ծրագրերը, տեղեկացրել է, որ հանրակրթության պետական չափորոշչում ներառված են ժողովրդավարության և քաղաքացիական կարողունակությունների զարգացման, ինչպես նաև մեդիագրագիտության վերաբերյալ ուսումնական նյութեր: Հանդիպմանը քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
11:34 - 27 սեպտեմբերի, 2022
Սիսակ Գաբրիելյանը Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի հետ քննարկել է մեդիաոլորտի օրենսդրության բարեփոխումներին վերաբերող հարցեր

Սիսակ Գաբրիելյանը Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի հետ քննարկել է մեդիաոլորտի օրենսդրության բարեփոխումներին վերաբերող հարցեր

Ամիսներ առաջ գործադիր և օրենսդիր իշխանությունների ու քաղհասարակության ներկայացուցիչների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ Հայաստանի Հանրապետությունում մեդիաոլորտի զարգացման քաղաքականության արդիականացման ու լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող օրենսդրության բարեփոխման վերաբերյալ: Համատեղ ջանքերով իրականացվելիք բարեփոխումները միտված են լինելու երկրում տեղեկատվական դաշտի բարելավմանը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի հետ հանդիպման ժամանակ: Հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին, որին մասնակցել են նաև խոսքի ազատության հարցերով համագործակցության բաժնի ղեկավար Արդիտա Աբդիուն և միջազգային փորձագետ Քրիստինա Ռոզգոնյին: Սիսակ Գաբրիելյանի ներկայացմամբ՝ Կառավարության հնգամյա ծրագրով, որը հաստատվել է խորհրդարանի կողմից, առանձին բաժին վերաբերում է մեդիադաշտի կարգավորումներին: Մարտինա Շմիդտը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի նախագահին հանդիպման հնարավորություն ընձեռելու համար: Նա կարևորել է հանձնաժողովի նախագահի հետ նմանատիպ հանդիպումներն ու քննարկումները՝ միտված մեդիաոլորտի օրենսդրության բարեփոխումներին: Արդիտա Աբդիուն Հայաստանի մեդիադաշտի կարիքների գնահատման շրջանակում Սիսակ Գաբրիելյանին ներկայացրել է «Մեդիաազատությունը, արտահայտվելու ազատությունը, հանրային լրատվամիջոցները կարգավորող ներպետական օրենսդրական դաշտի և Եվրոպայի խորհրդի չափանիշներին դրա համապատասխանության վերաբերյալ» թեմայով կատարված ուսումնասիրության արդյունքները: Սիսակ Գաբրիելյանի դիտարկմամբ՝ տարեցտարի մեծանում է օնլայն մեդիայի ազդեցությունը: Նա նշել է, որ, ցավոք, ՀՀ-ում այս առումով չկան հստակ կարգավորումներ: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ կարգավորումներն այնպիսին պետք է լինեն, որ ոչ թե վնասեն, այլ ծառայեն խոսքի ազատությանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել համատեղ քննարկումներ՝ միտված մեդիաոլորտի բարեփոխումներին:
18:58 - 26 սեպտեմբերի, 2022
Միշելն աջակցել է ռուսաստանցիներին մարդասիրական վիզաների տրամադրմանը |armenpress.am|

Միշելն աջակցել է ռուսաստանցիներին մարդասիրական վիզաների տրամադրմանը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ամերիկյան Politico հրատարակությանը տված հարցազրույցում իր աջակցությունն է հայտնել ռուսաստանցիների համար ԵՄ մարդասիրական մուտքի ապահովմանը մասնակի զորահավաքի հայտարարության ֆոնին։ «Համաձայն եմ, որ պետք է շատ արագ արձագանքել ու համակարգվել, քանի որ նոր գործոն է ի հայտ եկել՝ մասնակի զորահավաք»,- ասաց նա։ Վերջինիս խոսքով՝ Եվրամիությունը պետք է «բացություն ցուցաբերի» Ռուսաստանից հեռանալ ցանկացողների նկատմամբ։ Միշելը հավելել է, որ պատրաստ է խորհրդակցել ԵՄ-ի իր գործընկերների հետ այն հարցի շուրջ, թե ինչպես կարելի է կյանքի կոչել այս նախաձեռնությունը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահը մասնակի զորահավաք կազմակերպելու մասին հրամանագիր է ստորագրել։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ խոսքը շուրջ 300 հազար պահեստազորայինի մասին է։ Մոբիլիզացիայի մասին հայտարարությունից հետո ՌԴ մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ են սկսվել։
14:18 - 24 սեպտեմբերի, 2022
ՀՀ վարչապետը ԵԽ նախագահի հետ հանդիպմանն ընդգծել է Բաքվի ագրեսիայի վերաբերյալ հասցեական գնահատականների անհրաժեշտությունը

ՀՀ վարչապետը ԵԽ նախագահի հետ հանդիպմանն ընդգծել է Բաքվի ագրեսիայի վերաբերյալ հասցեական գնահատականների անհրաժեշտությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիային, ինչի հետևանքով օկուպացվել են ՀՀ սուվերեն տարածքներ: Կառավարության ղեկավարն ընդգծել է միջազգային հանրության, այդ թվում Եվրոպական միության հստակ ու հասցեական գնահատականների անհրաժեշտությունը` ադրբեջանական ագրեսիայի, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման վերաբերյալ: Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին և քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների թիրախավորման փաստերին: Շառլ Միշելն իր մտահոգություններն է արտահայտել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության պահպանման վերաբերյալ և կարևորել տարածաշրջանային խնդիրների` խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորումը: Եվրոպական խորհրդի նախագահը վերահաստատել է պատրաստակամությունը` նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը:
10:07 - 24 սեպտեմբերի, 2022
Միրզոյանը ԵԽ Գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը ընդգծել է ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման, իրենց նախնական դիրքեր ադրբեջանական զորքերի վերադարձի անհրաժեշտությունը

Միրզոյանը ԵԽ Գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը ընդգծել է ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման, իրենց նախնական դիրքեր ադրբեջանական զորքերի վերադարձի անհրաժեշտությունը

Սեպտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ։ Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի մանրամասները՝ անթույլատրելի համարելով ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորման, հայ զինծառայողների և ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի ու խոշտանգումների դեպքերը։ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Ադրբեջանի նմանատիպ գործողությունները բացահայտ արհամարհանք են միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և Եվրոպայի խորհրդի շրջանակներում անդամ երկրների կողմից ստանձնած պատավորությունների նկատմամբ և պետք է համապատասխան հետևանքներ ունենան։ Հայկական կողմն ընդգծել է ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման, իրենց նախնական դիրքեր ադրբեջանական զորքերի վերադարձի, հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման, ինչպես նաև տարածաշրջանում կայունության վերականգման և խաղաղության հաստատման անհրաժեշտությունը: Արարատ Միրզոյանը կարևորել է միջազգային կազմակերպությունների՝ Լեռնային Ղարաբաղ անխափան մուտքի ապահովումը։ Նախարարը նաև հույս է հայտնել, որ Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության հարցում Եվրոպայի խորհուրդն առավել հաստատակամ և հետևողական կլինի։ Երկուստեք կարևորվել է Հայաստան-ԵԽ համագործակցության շրջանակներում Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացի շարունակականությունը:  
09:26 - 22 սեպտեմբերի, 2022
Գլխավոր դատախազը ԵԽ գործընկերներին ներկայացրել է ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Գլխավոր դատախազը ԵԽ գործընկերներին ներկայացրել է ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին և ԵԽ իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Գլխավոր դատախազը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ մի շարք ուղղություններով ծրագրերը՝ միտված հատկապես կոռուպցիայի դեմ պայքարին, դատաիրավական բարեփոխումներին և քրեական արդարադատությանը: Նախքան հետագա համագործակցությանը վերաբերող հարցերին անդրադառնալը՝ գլխավոր դատախազ Վարդապետանը ԵԽ գործընկերներին ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ սանձազերծված ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և շեշտել, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից: Այս համատեքստում Աննա Վարդապետյանը կարևորել է միջազգային հանրության հստակ դիրքորոշումներն ու գործողությունները՝ ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքերը հետ քաշելու ուղղությամբ: Հանդիպման ընթացքում Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներ Մարտինա Շմիդտն ու Լիլիթ Դանեղյանն ընդգծել են գլխավոր դատախազության հետ համագործակցության կարևորությունը մի շարք առանցքային ուղղություններով և փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել:
15:58 - 21 սեպտեմբերի, 2022
ՍԴ նախագահը կարևորել է Եվրոպայի խորհրդի կողմից Ադրբեջանի ագրեսիայի հասցեական դատապարտումը

ՍԴ նախագահը կարևորել է Եվրոպայի խորհրդի կողմից Ադրբեջանի ագրեսիայի հասցեական դատապարտումը

2022 թվականի սեպտեմբերի 19-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին և Եվրոպայի խորհրդի իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի վարչության փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին: Այդ մասին հայտնում են ՍԴ-ից:   Ողջունելով հյուրերին՝ Արման Դիլանյանը կարևորել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022 թվականների «Գործողությունների ծրագիրը»՝ շնորհակալություն հայտնելով դրա շրջանակներում Հայաստանի արդարադատական համակարգին Եվրոպայի խորհրդի կողմից ցուցաբերված նշանակալի աջակցության համար: Իրենց հերթին Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները վերահաստատել են կազմակերպության պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը Բարձր դատարանի հետ իրավունքի գերակայության, ժողովրդավարական արժեքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտներում: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիային՝ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շեշտել է կողմերի միջև հավասարության նշան դնող հայտարարությունների անընդունելիությունը և կարևորել է միջազգային հանրության, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի ու դրա մասնագիտացված հաստատությունների կողմից Ադրբեջանի ագրեսիայի հստակ, միանշանակ ու հասցեական դատապարտումը:   Հանդիպման ընթացքում նաև երկուստեք կարևորվել է Սահմանադրական դատարանի և Եվրոպայի խորհրդի միջև ռազմավարական երկխոսության շարունակական զարգացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով:  
18:21 - 19 սեպտեմբերի, 2022
Երկու երկրների բարձրագույն իշխանությունների միջև վերջին անմիջական շփումները խոստումնալից էին և պետք է շարունակվեն. ԵԽ գլխավոր քարտուղար |azatutyun.am|

Երկու երկրների բարձրագույն իշխանությունների միջև վերջին անմիջական շփումները խոստումնալից էին և պետք է շարունակվեն. ԵԽ գլխավոր քարտուղար |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող ռազմական գործողություններով, տեղեկանում ենք նրա անունից տարածված հայտարարությունից։ Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը շեշտել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով։ «Երկու երկրների բարձրագույն իշխանությունների միջև վերջին անմիջական շփումները խոստումնալից էին և պետք է շարունակվեն։ Եվրախորհուրդ մտնելիս Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։ Պետք է հարգել այդ պարտավորությունը։ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է աջակցել հաշտեցման ջանքերին, որոնք նպաստում են խաղաղ կարգավորմանը»,- նշել է Պեյչինովիչ-Բուրիչը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ փոխանցմամբ հակառակորդը Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառում է հրետանային միջոցներ, ականանետներ, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ներկայացնելու ժամանակ հայտնեց, որ, նախնական տեղեկություններով, ունենք 49 զոհ, սակայն այս թիվը վերջնական չէ. վերջնականը կհայտարարվի ՊՆ-ի կողմից հստակեցումից հետո։
14:10 - 13 սեպտեմբերի, 2022
ՀՀ-ն չունի ուղղակի մահապատժի բացարձակ արգելք սահմանելու միջազգային- իրավական պարտավորություն. դատախազության պարզաբանումը |armenpress.am|

ՀՀ-ն չունի ուղղակի մահապատժի բացարձակ արգելք սահմանելու միջազգային- իրավական պարտավորություն. դատախազության պարզաբանումը |armenpress.am|

armenpress.am: Դատախազությունը անդրադարձել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու առաջարկի վերաբերյալ արված որոշ մեկնաբանություններին: Հարցին, թե արդյոք Հայաստանը, որպես ԵԽ անդամ, մահապատժի բացարձակ արգելք սահմանելու պարտավորություն չի ստանձնել, ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, մասնավորապես, նշեցին, որ հիշյալ ոլորտում Եվրոպայի խորհրդի առջև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները արտացոլված են երկու փաստաթղթերում՝ մահապատժի վերացման վերաբերյալ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային կից թիվ 6-րդ արձանագրությունում և ցանկացած հանգամանքներում մահապատժի վերացման վերաբերյալ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային կից թիվ 13-րդ արձանագրությունում: Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային կից թիվ 6-րդ արձանագրության 1-ին հոդվածով ԵԽ անդամ պետությունները պարտավորվում են մահապատժի չդատապարտել և մահապատիժ չկիրառել իրենց իրավազորության ներքո գտնվող անձանց նկատմամբ, սակայն նույն պայմանագրի 2-րդ հոդվածով սահմանված է բացառություն, որի համաձայն՝ պետությունները կարող են մահապատիժ սահմանել այն արարքների համար, որոնք կատարվել են պատերազմի կամ պատերազմի անխուսափելի սպառնալիքի պայմաններում: Սույն պայմանագիրը ստորագրել և վավերացրել են ԵԽ անդամ բոլոր պետությունները (բացառությամբ ԵԽ նախկին անդամ ՌԴ-ի, որը ստորագրել էր պայմանագիրը 16.04.1997թ.-ին, սակայն չէր վավերացրել այն): 2001 թվականի հունվարի 25-ին և վավերացրել 2003 թվականի սեպտեմբերի 29-ին: Սակայն հարկ է արձանագրել, որ սույն պայմանագրով ՀՀ ստանձնած պարտավորությունները ըստ էության խոչընդոտ չեն հանդիսանա պատերազմական իրավիճակներում կատարված որոշակի հանցագործությունների դեպքում մահապատիժ սահմանելու համար»,- նշեցին դատախազությունից: Ինչ վերաբերվում է ցանկացած հանգամանքներում մահապատժի վերացման վերաբերյալ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային կից թիվ 13-րդ արձանագրության (ընդունվել է Վիլնյուսում 03.05.2002թ.), ապա Դատախազությունից ասացին, որ սույն պայմանագրի 1-ին հոդվածով ԵԽ անդամ պետությունները պարտավորվում են ցանկացած պայմաններում մահապատժի չդատապարտել և մահապատիժ չկիրառել իրենց իրավազորության ներքո գտնվող անձանց նկատմամբ: «Սույն պայմանագիրը ստորագրել և վավերացրել են ԵԽ անդամ բոլոր պետությունները՝ բացառությամբ ՀՀ-ի, որը ստորագրել է 19.05.2006թ., սակայն չի վավերացրել և Ադրբեջանի, որը ընդհանրապես չի ստորագրել այս պայմանագիրը: Հետևաբար, նշված պայմանագրի ստորագրված, սակայն վավերացված չլինելու պայմաններում ՀՀ-ն չունի ուղղակի միջազգային-իրավական պարտավորություն՝ մահապատժի բացարձակ արգելք սահմանելու»,- նշեցին դատախազության հանրային կապերի բաժնից: Ավելի վաղ, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն առաջարկել էր պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծել: 
17:54 - 01 սեպտեմբերի, 2022
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթունի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթունի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթունի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հեռագրում ասված է. «Հարգելի պարոն վարչապետ, Խոր ցավով տեղեկացա Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած դժբախտ պատահարի մասին, ինչի հետևանքով շատերը զոհվեցին, վիրավորվեցին կամ դեռ համարվում են անհայտ կորած։ Եվրոպայի խորհրդի անունից ցանկանում եմ հայտնել մեր ցավակցությունը զոհվածների ընտանիքներին և Ձեր կառավարությանը։  Գովասանքի խոսքեր ենք ուղղում նրանց, ովքեր խիզախորեն աշխատում են հնարավոր ողջ մնացածներին փրկելու համար և շուտափույթ ապաքինման անկեղծ մաղթանքներ ենք հղում բոլոր տուժածներին»։
19:14 - 16 օգոստոսի, 2022
Փաշինյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությանը․ անդրադարձ է արվել ռազմագերիների խնդրին

Փաշինյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությանը․ անդրադարձ է արվել ռազմագերիների խնդրին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի (AFET) նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը:Վարչապետը կարևորել է Եվրոպական խորհրդարանի հետ սերտ համագործակցությունը  և նշել, որ Եվրոպական միությունը հանդիսանում է Հայաստանի ժողովրդավարական օրակարգի արդյունավետ իրականացման կարևորագույն գործընկերներից մեկը: Կառավարության ղեկավարն ընդգծել է Արևելյան գործընկերության շրջանակում փոխգործակցությունը և նշել, որ մեր երկիրը կոռուպցիայի դեմ պայքարի, խոսքի ազատության, ընտրական բարեփոխումների և այլ ուղղություներով ԱԼԳ շրջանակում զբաղեցնում է առաջատար դիրքեր: Դեյվիդ Մքալիսթերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել հայ խորհրդարանականների հետ արդյունավետ ու սերտ համագործակցության փաստը: Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահը ողջունել է Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները՝ հավելելով, որ Եվրոպական միությունը շարունակելու է օժանդակությունը ՀՀ կառավարությանը այդ ուղղությամբ: Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հնարավորություններին: Վարչապետ Փաշինյանը մանրամասն ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները վերոնշյալ ուղղությամբ և պատասխանել ԵԽ պատվիրակության հարցերին:   Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովումը, այդ ուղղությամբ երկխոսության շարունակականությունը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մինչ օրս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին, ինչի կապակցությամբ Դեյվիդ Մքալիսթերը նշել է, որ Եվրոպական խորհրդարանը ևս կարևորում է Ադրբեջանի կողմից նրանց վերադարձի ապահովումը և շարունակելու է ջանքերը այդ ուղղությամբ:   Քննարկվել են նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Դեյվիդ Մքալիսթերը շեշտել են ԼՂ հակամարտության գոտի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքի ապահովման անհրաժեշտությունն ու այդ նպատակով հետևողական աշխատանքի իրականացումը:
16:20 - 22 հուլիսի, 2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի նախագահի պատվիրակությանը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի նախագահի պատվիրակությանը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի (AFET) նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը: ԱԺ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ ԱԺ նախագահը նշել է՝ կարեւոր է AFET-ի գործունեությունը` ուղղված մեր տարածաշրջանի դիմակայունության ամրապնդմանը` հավելելով, որ 2020 թ. պատերազմից հետո ստեղծված հումանիտար իրավիճակի հարցում Եվրոպական խորհրդարանի ներգրավվածության եւ ըմբռնման աստիճանը մեծ է: Այս համատեքստում ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել Դեյվիդ Մքալիսթերին եւ Ժելյանա Զովկոյին անկողմնակալ դիրքորոշման եւ մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված շարունակական ջանքերի համար` հավելելով, որ գնահատելի են նաեւ Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցության կոմիտեում ԵՄ պատվիրակության ղեկավար տիկին Մարինա Կալյուրանդի եւ Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչեւի դիտարկումները։
13:05 - 22 հուլիսի, 2022
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է ԵԽ գլխավոր քարտուղարին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է ԵԽ գլխավոր քարտուղարին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանի:   Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծել է, որ ԵԽ գլխավոր քարտուղարի այցը Հայաստան տեղի է ունենում մեր ժողովրդի համար դժվարին իրավիճակում, երբ երկրի առջև ծառացած են հետպատերազմյան բազմաթիվ մարտահրավերներ՝ անվտանգային հարցեր, չլուծված սոցիալական, տնտեսական ու հումանիտար խնդիրներ։ Նորին Սրբությունը նկատել է, որ նման այցերը ամրապնդում ու զորացնում են համագործակցությունը ԵԽ և Հայաստանի միջև՝ նպաստելով նաև առկա մարտահրավերների հաղթահարմանը։   Անդրադառնալով 44-օրյա պատերազմին և դրա հետևանքներին, Ադրբեջանում միչև օրս պահվող ռազմագերիներին և հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին՝ Հայոց Հովվապետը կարևորել է միջազգային հանրության աջակցությունը։ Այս առիթով Նորին Սրբությունը խոսել է Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական կրոնամշակութային արժեքների ոչնչացման քաղաքականության մասին, որի հետևանքով դեռևս 1998-2005 թթ. Ադրբեջանում և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում քանդվեցին ու փոշիացվեցին հայկական քրիստոնեական հնագույն մշակույթի շուրջ յոթ հազար պատմական հուշարձաններ՝ խաչքարեր, եկեղեցիներ ու պաշտամունքային այլ շինություններ։   Խոսելով տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման կարևորության մասին՝ Վեհափառ Հայրապետը տարակուսանք է հայտնել հարևան երկրների կողմից շարունակ հնչող սպառնալիքների և ռազմատենչ հայտարարությունների մթնոլորտում պարտադրվող խաղաղության հնարավորության առնչությամբ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հույս է հատնել, որ բարեկամ երկրները, միջազգային հանրությունը և Եվրոպայի խորհուրդը հստակ կեցվածք կդրսևորեն մտահոգիչ այս խնդիրների վերաբերյալ և քայլեր կձեռնարկեն տարածաշրջանն ապակայունացնող նման երևույթների զսպման, Արցախի ժողովրդի ազատ, անկախ ու անվտանգ կյանքի ապահովման ուղղությամբ։   Վեհափառ Հայրապետը նաև անդրադարձ է կատարեց հակամարտության ընթացքում և հետպատերազմյան շրջանում Եկեղեցու գործադրած ջանքերին, ի մասնավորի՝ տարածաշրջանի հոգևոր առաջնորդների հանդիպումներին։   Իր հերթին, Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հաստատեց, որ Վեհափառ Հայրապետի մատնանշած խնդիրներն ԵԽ ուշադրության կենտրոնում են։ Վերջինս հատկապես կարևորեց սահմանների անվտանգության, գերիների վերադարձման, հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման և Արցախի ժողովրդի անվտանգության առաջնահերթությունները։ ԵԽ գլխավոր քարտուղարն ընդգծեց, որ իր հիմնական նպատակն է երկխոսության և փոխըմբռնման միջոցով ժողովուրդների ու պետությունների միջև հաստատել տևական խաղաղություն և վերացնել առկա հակամարտությունները։   Մարիա Պեյչինովիչ Բուրիչը կարևոր է համարել նաև մշակութային ու կրոնական երկխոսությունը՝ ողջունելով տարածաշրջանում խաղաղության և կայության հաստատմանն ուղղված Մայր Աթոռի ջանքերը։  
17:42 - 17 հունիսի, 2022
Անընդունելի է հայ ռազմագերիների և Արցախ մարդասիրական հասանելիության հարցերի քաղաքականացումը․ Միրզոյանը՝ Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ ասուլիսում

Անընդունելի է հայ ռազմագերիների և Արցախ մարդասիրական հասանելիության հարցերի քաղաքականացումը․ Միրզոյանը՝ Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ ասուլիսում

ԱԳՆ-ն տարածել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը՝ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ հանդիպման արդյունքներով․  «Հարգելի՛ Գլխավոր քարտուղար, Հարգելի՛ ներկաներ, Ուրախ եմ ողջունել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին Հայաստանում:   Եվրոպայի խորհուրդը Հայաստանի հիմնական գործընկերներից  է մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ոլորտներում բարեփոխումների իրականացման գործում։ Մենք բարձր ենք գնահատում Եվրոպայի խորհրդի ցուցաբերած աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը և վստահ ենք, որ կշարունակենք կազմակերպության հետ արդյունավետ փոխգործակցությունը։ Այս համատեքստում ցանկանում եմ նաև երախտագիտությունս հայտնել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունների կողմից ունեցած նպաստը Հայաստանում ազատ և մրցակցային ընտրությունների անցկացման գործում և ընդգծել, որ 2018թ. և 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում Եվրոպայի խորհրդի կողմից ճանաչվել են ժողովրդավարական ամենաբարձր չափանիշներին համապատասխանող:  Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության կարևոր գործիք է կազմակերպության կողմից Հայաստանի համար իրականացվող Գործողությունների ծրագիրը։ Ծրագրային համագործակցության այս ձևաչափը կարևոր նշանակություն ունի թե՛ Հայաստանի կառավարության մի շարք ռազմավարական ծրագրերի արդյունավետ իրականացման, թե՛, ընդհանուր առմամբ, ԵԽ շրջանակներում մեր ստանձնած պարտավորությունների կատարման համար։  Այսօր տիկին գլխավոր քարտուղարի հետ գոհունակություն ենք հայտնել ներկայումս իրականացվող 2019-2022թթ. ծրագրի շրջանակներում արձանագրված հաջողությունների կապակցությամբ, և ցանկանում եմ ուրախությամբ տեղեկացնել, որ երկուստեք պատրաստակամություն ենք հայտնել՝ շարունակելու այս ձևաչափով համագործակցությունը՝ ձևավորելով նոր՝ 2023-2026թթ. Գործողությունների ծրագիրը: Ուզում եմ ընդգծել, որ 2018թ.-ին Հայաստանի ժողովուրդը միակամորեն ընտրել և 2021թ. վերահաստատել է ժողովրդավարական զարգացման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերկայության ապահովամ և կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի ուղին և չի շեղվելու դրանից: Հայաստանը վճռականորեն առաջ է շարժվելու բարեփոխումների իր օրակարգով և այդ ճանապարհն անցնելու է՝ սերտորեն համագործակցելով իր միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի հետ: Հարգելի՛ ներկաներ, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի հետ այսօր անդրադարձել ենք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, 2020թ.-ին Արցախի դեմ ագրեսիայի հետևանքներին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերին:  Իմ կողմից առանձնահատուկ շեշտվել է այն փաստը, որ 2020թ․ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ուժի կիրառմամբ լուծելու փորձ կատարելով, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Եվրոպայի խորհրդին անդամակցությամբ իր իսկ ստանձնած պարտավորությունները, և այս հանգամանքը պետք է համարժեք արձագանքի արժանանա Եվրոպայի խորհրդի և անդամ երկրների կողմից: Ես վերահաստատել եմ ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ։ Այս համատեքստում հիմնարար է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հասցեագրումը, որը կներառի Արցախի ժողովրդի անվտանգության և բոլոր իրավունքների ապահովման ու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշման առանցքային կետերը։ Հարգելի՛ գործընկերներ, Արցախի ժողովուրդն ունի նույն իրավունքներն ինչ բոլորը և հակամարտության գոտում գտնվելու հանգամանքն Արցախի հայերին չի կարող զրկել իրենց համընդհանուր հիմնարար իրավունքներից։ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով մինչ օրս առկա են չլուծված հումանիտար խնդիրներ․ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի և Արցախ մարդասիրական հասանելիության հարցերը, որոնց քաղաքականացումն անընդունելի է։ Նույն կերպ անընդունելի են  նաև հայատյաց և ռազմատենչ հռետորաբանությունը, քաղաքացիական բնակչության ֆիզիկական և հոգեբանական ահաբեկումը: Կարծում ենք՝ հումանիտար և մարդու իրավունքներին վերաբերող այս հարցերում Եվրոպայի խորհուրդը, կազմակերպության համապատասխան մարմինները և ղեկավարները պետք է առավել հաստատակամ գտնվեն և հնարավոր բոլոր ջանքերը գործադրեն, որպեսզի հարգվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդունված միջանկյալ որոշումները, ԵԽԽՎ բանաձևերը և Մարդու իրավունքների հանձնակատարի՝ 2021թ. նոյեմբերի 8-ի հուշագրի դրույթները: Ամփոփելով խոսքս, կրկին ողջունում եմ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին և նրան ուղեկցող պատվիրակությանը և խոսքը սիրով փոխանցում եմ տիկին Մարիա Պեյչինովիչ Բուրիչին։ Շնորհակալություն»։
17:21 - 17 հունիսի, 2022