Գիտությունների ազգային ակադեմիա

Բարձրագույն պետական ինքնակառավարվող ոչ առեւտրային հաստատություն է, որի նախագահությունը գտնվում է Երեւանում։ Ակադեմիան նաեւ մասնաճյուղեր ունի Գյումրիում, Սեւանում, Գորիսում, Վանաձորում եւ Կապանում։

Այն կազմակերպում եւ իրականացնում է հիմնարար  եւ կիրառական  գիտական հետազոտություններ,  եւ համակարգում է հանրապետությունում կատարվող հիմնարար հետազոտությունները։ ԳԱԱ-ն նաեւ ծառայում է որպես ՀՀ իշխանության բարձրագույն մարմինների պաշտոնական գիտական խորհրդական։

ՀՀ ԳԱԱ-ն 1943 թվականին հիմնադրված Հայաստանի գիտությունների ակադեմիայի իրավահաջորդն է դարձել 1993 թվականից։

2005 թ. ակադեմիան վերանվանվել է «Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիա» պետական ոչ առեւտրային կազմակերպություն։

Գիտական կազմակերպությունների ու բուհերի միավորման դրույթը կմնա անփոփոխ․ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը վերջնական լրամշակման փուլում է

Գիտական կազմակերպությունների ու բուհերի միավորման դրույթը կմնա անփոփոխ․ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը վերջնական լրամշակման փուլում է

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում վերջին լրամշակումներն են կատարվում, և այն շուտով կուղարկվի կառավարություն։ Օրենքի ընդունմամբ բարձրագույն կրթության և գիտության ոլորտում մի շարք առանցքային փոփոխություններ են սպասվում, այդ թվում՝ բուհերի խոշորացումը, գիտական կազմակերպությունների ու բուհերի միավորումը։ Օրերս Ազգային ժողովում (ԱԺ) օրենքի վերաբերյալ աշխատանքային քննարկում էր, որին մասնակցում էին գործադիրի և օրենսդիրի, ակադեմիական համայնքի ներկայացուցիչներն ու շահագրգիռ այլ կողմեր։ Օրենքի նախագիծը, հիշեցնենք, տևական լրամշակման փուլից հետո շրջանառության մեջ դրվեց անցած տարվա սեպտեմբերին։ Այս ընթացքում տարբեր կողմերից նախագծի վերաբերյալ առաջարկներ են հնչել։ ԱԺ-ում քննարկման ընթացքում պարզ դարձավ, որ առաջարկների հիման վրա նախագծում որոշ փոփոխություններ են կատարվել,  սակայն անփոփոխ է մնացել բուհերի խոշորացման և գիտական կազմակերպությունների ու բուհերի միավորման դրույթը, որն, ըստ գործադիրի ներկայացուցիչների, սկզբունքային է։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Ժաննա Անդրեասյանի կարծիքով Հայաստանում գոյություն ունեցող համակարգի փորձառությունից է հենց բխում միավորման առաջարկը։  «Մեզ անընդհատ թվացել է, որ գլոբալ որակական արդյունքի կարող ենք հասնել կոսմետիկ փոփոխություններով կամ կիսատ լուծումներով։ Դրանք կարող են կարճ ժամանակով բարելավել իրավիճակը, որոշ ցուցանիշներ գուցե կարող են 1-2 կետով ավելի լավը դառնալ, բայց դա որակական, համակարգային փոփոխության ճանապարհ չԷ»,- հայտարարեց ԿԳՄՍ նախարարն ԱԺ-ում:  Ժաննա Անդրեասյանը Ժաննա Անդրեասյանը չհիմնավորված համարեց այն պնդումը, թե սպասվող փոփոխություններով գիտությունը դիտարկվելու է որպես բարձրագույն կրթությանը սպասարկող ոլորտ (օրենքի նախագծի  կարգավորումներով նախատեսվում է, որ գիտական կազմակերպությունները գործելու են որպես համալսարանների մաս կազմող և ինքնուրույնության որոշակի մակարդակ ունեցող միավորներ)։ ԿԳՄՍ նախարարը հիշեցրեց գիտության ոլորտի ֆինանսավորման ավելացումն ու կառավարության իրականացրած ծրագրերը՝ շեշտելով, որ դա ցույց է տալիս իրենց վերաբումունքը ոլորտի հանդեպ։  ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (ԲԿԳԿ) նախագահ Սարգիս Հայոցյանն էլ ասաց՝ իրենք որոշումներ կայացնելիս առանորդվում են եղած տվյալներով ու թիրախավորում ոլորտի խնդիրները։ Նա, մասնավորապես, շեշտեց, որ Հայաստանի գիտաշխատողների 70%-ը Գիտությունների ազգային ակադեմիայից (ԳԱԱ) է, գիտության բազային ֆինանսավորման 75%-ը տրվում է ԳԱԱ ինստիտուտներին, մինչդեռ ԳԱԱ-ն ապահովում է միջազգային տպագրությունների 25-30%-ը։ Սարգիս Հայոցյանն անդրադարձավ նաև այն հարցին, որ ԳԱԱ ինստիտուտներում, ըստ կառավարության տվյալների, ամեն մոտ երկու գիտնականի բաժին է  ընկնում մեկ վարչական աշխատող։ «Սա խոսում է նրա մասին, որ համակարգում այսօրվա կազմակերպման ձևով, այսինքն` գիտությունը գիտական կազմակերպություններում իրականացնելու պայմաններում մենք ունենք ծախսի հանդեպ վերադարձի էական խնդիրներ։ Սրան զուգահեռ մենք ունենք գիտական կազմակերպություններ, որտեղ աշխատում են 50-ից ոչ ավելի գիտաշխատողներ։ Այս ամեն ինչը բերում է գիտության գետտոյացման, ու խնդիր է  առաջանում նաև մրցունակության վերաբերյալ ընդհանուր խոսույթի ձևավորման հարցում․ շատ բարդ է լինում գաղափարը հասցնել կատարողներին»,- ասաց ԲԿԳԿ նախագահը։ Սարգիս Հայոցյանն անդրադարձավ նաև գիտության սերնդափոխության ու միջազգային տպագրությունների հարցերին։ Նա նշեց՝ վերջին տարիներին և՛ գիտնականների թվի աճ կա, և՛ միջազգային տպագրությունների, սակայն երկու դեպքում էլ աճի տեմպերից դեռևս գոհ չեն։ Գիտության սերնդափոխության խնդրին և կառավարության կողմից սպասվող փոփոխությունների համատեքստում առաջարկվող լուծումներին մանրամասն կարող եք ծանոթանալ «Ինֆոքոմի» հոդվածում։ Սարգիս Հայոցյանը ԲԿԳԿ նախագահը նշեց, որ օրենքի՝ ԳԱԱ-ին վերաբերող սկզբունքային կետերի շուրջ աշխատել են ԳԱԱ-ի հետ։ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանն էլ նշեց, որ կառուցողական քննարկում է տեղի ունեցել։ ԳԱԱ նախագահը հիշեցրեց, որ իրենք գործընթացի վերաբերյալ ի սկզբանե այլ դիրքորոշում ունեին և առաջարկում էին կատարել ինստիտուտների ու բուհերի մասնակի միավորում՝ ԳԱԱ համակարգում պահելով որոշ ինստիտուտներ և իրականացնելով բարեփոխումներ։  «Բայց քանի որ կառավարության դիրքորոշումը այլ է, օրենքը շրջանառության մեջ դնելուց հետո մենք երկու անգամ հանդիպել ենք պարոն Հայոցյանի հետ, քննարկել ենք Ակադեմիայի մասով գործառույթները, որը արդեն բավականին պատասխանատու, կարևոր դերակատարություն կունենա ապագայում գիտության, կրթության, ընդհանրապես մեր պետության գիտական մտքի զարգացման համար։ Փորձագիտական և գիտամեթոդական գործունեությունը վերադառնում է ԳԱԱ-ին»,- ասաց Աշոտ Սաղյանը։ Օրենքի՝ այս պահին հանրային քննարկման դրված նախագծում որպես ԳԱԱ գործառույթներ են նշվում քննարկումների և համաժողովների կազմակերպումը, գիտության հանրայնացումը, ոլորտային քաղաքականությունների խորհրդատվության տրամադրումը և այլն։ Թե ինչպիսին կլինի նոր ձևակերպումը, պարզ կդառնա նախագծի լրամշակված տարբերակի հրապարակումից հետո։ Սակայն ԱԺ-ում հստակեցվեց, որ ԳԱԱ-ն իր կազմում ինստիտուտներ չի ունենալու։ Դիմելով գործադիրի ներկայացուցիչներին՝ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար Արթուր Իշխանյանը նշեց՝ աշխարհում կան հրաշալի աշխատող տարբեր համակարգեր, և կառավարությունը պիտի հիմնավորի, թե ինչպես է սպասվող փոփոխություններով համակարգը որակապես ավելի լավը դառնալու։ Նրա խոսքով այդ հիմնավորումը բացակայում է։ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարը նաև հարց բարձրացրեց, թե ինչու գիտական գործունեության տեսակների դիվերսիֆիկացում չի ապահովվում սպասվող փոփոխությունների համատեքստում։  Նշենք, որ Բարձարգույն կրթության և գիտության օրենքի՝ այս պահին շրջանառության մեջ դրված նախագծից պարզ է դառնում, որ օրենքի ընդունումից հետո ԳԱԱ համակարգում գործող գիտական բոլոր կազմակերպություններն անցնելու են ԿԳՄՍՆ գերատեսչական պատկանելիության, իսկ բուհերի խոշորացումից հետո ներառվելու են խոշոր համալսարանների կազմում։ Համալսարանների մաս են դառնալու նաև գիտական անկախ կազմակերպությունները՝ եզակի բացառություններով։ Բացի համալսարանական գիտությունից՝ օրենքի նախագիծը հնարավորություն է տալիս ունենալու նաև գերատեսչական գիտական կառույցներ, որոնք կզբաղվեն գերատեսչությունների խնդիրներով, ինչպես նաև թանգարանների, առողջապահական հաստատությունների, արտադրական կազմակերպությունների կազմում գործող հետազոտական հիմնարկներ։ Իսկ որևէ համալսարաննի կառուցվածքում չգործող հանրային գիտական կազմակերպություն հիմնադրվել կարող է միան այն դեպքերում, եթե այն իրականացնելու է կիրառական բնույթի թիրախային հետազոտություններ կամ փորձարարական մշակումներ գերազանցապես պետական որևէ գերատեսչության խնդիրների շրջանակում:  «Ընդ որում՝ դրա հիմնադրման որոշման կայացման հիմքում պետք է դրվեն տվյալ բնույթի հետազոտությունները համալսարանների գիտական կազմակերպություններում իրականացնելու անհնարինության հիմնավորումները, տվյալ գերատեսչության կողմից պատշաճ մակարդակի և պատշաճ ծանրաբեռնվածությամբ հետազոտական խնդիրներ առաջադրելու կարողունակության վերլուծությունը և լիազոր մարմնի կողմից ստեղծված մասնագիտական փորձագիտական խորհրդի դրական եզրակացությունը»,- ասվում է նախագծում: ԱԺ քննարկման ընթացքում գործադիրի ներկայացուցիչներից հնչած մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ այս դրույթները լրամշակված տարբերակում նույնն են մնալու։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, մասնավորապես, նշեց՝ աշխատել, իհարկե, կարող են տարբեր մոդելներ, ապա հարցրեց՝ ո՞ր մոդելը կարող ենք մեզ թույլ տալ։ «Ամեն ինչը գին ունի․ արդյո՞ք մենք պատրաստ ենք առանձին ռեսուրս ունենալ որակյալ ակադեմիական կրթության և ակադեմիական գիտության համար, մի հատ էլ միջազգայնորեն մրցունակ լրիվ առանձին գիտության համար։ Որտե՞ղ դա իմաստ ունի անել և որտե՞ղ իմաստ չունի։ Որտեղ դրանք համադրվում են, պիտի լինեն միասին, որտեղ չեն համադրվում, պետք է ձևակերպենք ու պահենք առանձին՝ բայց հասկանալով մեր ակնկալիքը ու արդյունքը։ Եվ սա բացառող համակարգ չէ, սա հենց դիվերսիֆիկացիա է, որովհետև դիվերսիֆիկացիան գնում է ըստ նպատակի։ ․․․․ Մենք վստահ ենք, որ Ակադեմիայի ներգրավվածությունը մեր գիտական կյանքում շատ ավելի մեծ է լինելու այն համակարգում, որը մենք նկարագրում ենք, որովհետև այդտեղ մարդիկ զբաղվելու են իրենց էքսպերտային կարծիքի մշակմամբ, ներկայացմամբ և նաև գնահատմամբ»,- ասաց նախարարը։ ԲԿԳԿ նախագահ Սարգիս Հայոցյանը հիշեցրեց, որ գիտնականների ատեստավորման նոր կարգում կան պատվավոր գիտաշխատողների տարակարգեր․ ինչ-որ առաջադեմ տարիքից հետո ձեռքբերումների արդյունքում մարդիկ կարող են ստանալ այդ աստիճանը,  և «այդ ամբողջ մարդկային ներուժը կդառնա  Ակադեմիայի հենքը»։  Արթուր Իշխանյանը նշեց, որ խոսքը կենսաթոշակային տարիքի մարդկանց մասին է, և դա նշանակում է ԳԱԱ-ն դարձնել «ծերակույտ»։ Սարգիս Հայոցյանն էլ պատասխանեց․ «Ամենայն հարգանքով, այսօր ԳԱԱ ակադեմիկոսների ամենափոքր անդամը 62 տարեկան է»։ Նշենք, սակայն, որ ԳԱԱ ղեկավարությունն ինքն է արդեն մի քանի տարի խոսում ԳԱԱ անդամ դառնալու նոր չափանիշներ սահմանելու և անդամների ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին։ Մանրամասները կարող եք կարդալ այստեղ։  «Գիտուժ» նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանը նշեց՝ իրենց նախաձեռնության՝ օրենքի նախագծի հետ անհամաձայնությունները պայմանավորված չեն այն հանգամանքով, որ իրենք դեմ են միավորմանը։ Նախաձեռնությանը հետաքրքիր է այն հարցի պատասխանը, թե ինչպես է հիմնավորվում, որ այս փոփոխությունների իրականացմամբ հնարավորություն կստեղծվի պետության կարիքներից բխող հետազոտությունների իրականացման համար։ Տիգրան Շահվերդյանը նաև հստակեցրեց՝ իրենց մտահոգությունը ոչ թե այն է, որ գիտությունը ստորադասվելու է բարձագույն կրթությանը, այլ որ սպասվող փոփոխություններով շեշտն առաջնային կերպով դրվում է ակադեմիական գիտության բնագավառում մրցունակության բարձրացման վրա։ Տիգրան Շահվերդյանը «Գիտուժ» նախաձեռնության անդամը շեշտեց՝ հարկավոր է ձևավորել պետական կարիքներից բխող գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (ԳՀՓՄ) ծրագրերի պատվերի ամբողջական համակարգը, որից պարզ կլինի, թե ինչպիսի պետական կամ մասնավոր ԳՀՓՄ կատարողներ են Հայաստանին հարկավոր։ Նա առանձնացրեց ԳՀՓՄ երեք ուղղություններ՝ ակադեմիական հետազոտություններ, որտեղ շեշտը դրվում է մտավոր ներուժի, գիտական սարքավորումների, կարողությունների և բարձրորակ հրապարակումների քանակի վրա, արդյունաբերական նորարարություն, որտեղ շեշտը դրվում է մասնավոր հատվածում ԳՀՓՄ-ի ֆինանսավորման կամ խթանման, ավելացված արժեքը բարձրացնելու, ՀՆԱ-ն մեծացնելու և, ի վերջո, պետական բյուջեն ավելացնելու վրա, անվտանգային հարցեր, որտեղ վճռորոշ չափանիշ է հասանելիությունը արտադրանքին, տեխնոլոգիաներին և կարողություններին։ «Հայաստանը ժառանգել է ԳՀՓՄ կատարողների համակարգ, սակայն չի ժառանգել պատվերի մեխանիզմները, որի պատճառով էլ կորցրել է կատարողների մեծ մասին։ Որպես անկախ, ինքնիշխան պետություն ԳՀՓՄ պատվերի ինստիտուցիոնալ մեխանիզմների ձևավորման հարցում մենք շատ դանդաղ ենք շարժվում։ Մինչև այսօր էլ համակարգը դեռ մասնակի է ձևավորված՝ չնայած այն բոլոր անվտանգային մարտահրավերներին, որոնց մենք առերեսվում ենք։ Որպեսզի ԳՀՓՄ-ն իրապես օգտագործվեն որպես մրցունակության գործիք,  անհրաժեշտ է, որ վերոնշյալ 3 գործունեության տեսակները իրականացվեն ներդաշնակ կերպով, սակայն այս օրենքի նախագծի օրինակով էլ մենք տեսնում ենք, որ սայլերը դնում ենք ձիերց առաջ․ փոխանակ ջանքերն ուղղենք նպատակները հստակեցնելու, կարիքներից բխող ԳՀՓՄ պատվերի մեխանիզմները ամբողջական ձևավորելու մեջ, դրանց հիման վրա հայաստանյան ակադեմիական գիտության ռազմավարության հստակեցման մեջ, մասնավորապես, թե ակադեմիական գիտության մեջ ինչ բնագավառների պետք է առաջնահերթություն տրվի, մենք ահռելի ռեսուրսներ ենք դնում ակադեմիական գիտության համակարգի կտրուկ փոփոխությունների մեջ՝ չունենալով հստակություն, թե ինչպես է դա ծառայելու մեզ»,- ասաց Տիգրան Շահվերդյանը։  Ժաննա Անդրեասյանը դեռ իր խոսքի սկզբում էր նշել, որ պատվերի մեխանիզմների ձևավորման հարցը դուրս է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի քննարկման շրջանակից, ապա հիշեցրել՝ վարչապետին կից ձևավորվել է գիտատեխնոլոգիական խորհուրդ, որտեղ կառավարությունից ու մասնավոր հատվածից ներկայացուիչներ կան, և աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում առաջարկվել է Նորարարությունների հայկական հիմնադրամ ստեղծել։ Սարգիս Հայոցյան էլ հիշեցրեց, որ գիտության ֆինանսավորման կարգում փոփոխություններ են տեղի ունեցել․ փոփոխվել է, մասնավորապես, նպատակային ֆինանսավորման ծրագրերի տրամաբանությունը։ Այս ծրագրերը միտված են պետության կարիքներից բխող հետազոտական ծրագրերի ֆինանսավորմանը, սակայն մինչև այս պահը հետազոտություններն իրականացվում էին հենց գիտնականների նախաձեռնությամբ։ Այժմ արդեն մեխանիզմներ են դրվել, որոնցով կբացահայտվեն պետության կարիքները, ապա գիտնականների հետ քննարկումից հետո կսհտակեցվի հետազոտական ծրագրերի ցանկը։ ԲԿԳԿ նախագահը նշեց՝ ֆինանսավորման ծրագրերում այս և նմանատիպ ծրագրերի ծավալն ավելի փոքր է, սակայն համադրելի է կարողունակության հետ։ «Երբեք որևէ միջոցառման որակը չենք զիջում՝ քանակ ապահովելով»,- շեշտեց նա։ Սարգիս Հայոցյանի խոսքով, չնայած կառավարությանը մեղադրում են միջազգային հրապարակումների վրա կենտրոնանալու համար, բայց իրենց պատկերացմամբ հրապարակումները գիտնականի աշխատանքի առաջնային ցուցիչներն են։ «Եթե գիտնականն իր հիմնական գործը չի կարող անել, հիմք չկա կարծելու, որ մնացած աշխատանքներն ավելի լավ է անելու։ ․․․․ Ըստ էության, մեզ պետք է ապահովել համակարգի կարողունակությունը, հետո անցնել այդ համակարգից այլ կողմնակի արդյունքներ քաղելուն»,- ասաց նա։ Սարգիս Հայոցյանը շեշտեց՝ համալսարանների կազմում գիտական կազմակերպություններն անկախ են լինելու իրանց գործունեության ոլորտները որոշելու հարցում ու նաև կարողնալու են «ազատորեն որոշակի պատվերներ իրականացնել»։  «Մի շարք արևմտյան երկրներում համալսարանական հետազոտական ինստիտուտները կարևորագույն հետազոտություններ են անում, այդ թվում՝ նաև պաշտպանական ոլորտում, ինդուստրիայի հետ համագործակցության հարցում»,- ասաց ԲԿԳԿ նախագահը։ Տիգրան Շահվերդյանը նշեց՝ «Գիտուժ» նախաձեռնությանն այս օրենքի քննարկման համատեքստում հետաքրքրում է, թե արդյո՞ք հնարավոր է համակարգի բարեփոխումն իրականացնել այնպես, որ մի կողմից ապահովվի Հայաստանի կարիքներից բխող հետազոտական կարողությունների զարգացում, մյուս կողմից «իրավիճակն էլ ավելի չբարդանա»։ «Այս հարցում ժամանակը մեր դեմ է աշխատում ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանի արտաքին մարտահրավերներն աճում են, այլ նաև այն պատճառով, որ ԳՀՓՄ մեջ ներդրվում են հարկատուների գումարները, և պետք է օր առաջ պատասխանել, թե ինչքանով են այդ ներդրումները իրական խնդիրներ լուծում կամ խնդիրների լուծման համար կարողություններ ձևավորում»,- ասաց նախաձեռնության անդամը։ Նա հիշեցրեց իր թված ԳՀՓՄ երեք ուղղությունների մասին՝ ակադեմիական, նորարարական և անվտանգային՝ շեշտելով, որ եթե ակադեմիականին զուգահեռ նորարարական հետազոտությունների մասով այս պահին քայլեր արվում են, ապա անվտանգային ԳՀՓՄ-ի պատվերի մեխանիզմը կայացած չէ։ «Գիտուժ» նախաձեռնության անդամը շեշտեց՝ գիտնականի աշխատանքի արդյունավետության միակ չափանիշն ակադեմիական արդյունքը չէ, պետության խնդիրների լուծումն է, որն իրենց տեսակետից ավելի կարևոր է։  «Ակադեմիական արդյունքը ոչ ոք չի ստորադասում, բայց կարևոր է, որ ակադեմիական արդյունքը լինի այն ուղղություններում, որոնք առաջնային են մեզ համար, և դա մենք, ցավոք սրտի․ դեռ չենք տեսնում։ Մենք շատ լավ գիտենք, որ դուք իրականացնում եք կարիքներից բխող որոշ ծրագրերի ֆինանսավորում, բայց դա շատ փոքր տոկոս է կազմում»,- նկատեց նա։ Տիգրան Շահվերդյանը նշեց՝ եթե անգամ պետական պատվերի մեխանիզմների ձևավորումը ԿԳՄՍՆ տիրույթում չէ, կառավարության տիրույթում է, և փոփոխությունները պետք է համակարգված, ներդաշնակ իրականացվեն։  «Եթե մեր ամբողջ նպատակն է միայն ակադեմիական արդյունքը, ապա խնդիր չկա ձեր նախատեսած կտրուկ միավորումների հետ, բայց քանի որ մենք գործ ունենք պետական միջոցների ներդրման հետ, ամբողջ աշխարհում արդեն հասկացել են, որ կատարողների երկու տեսակ կա։ [Կան] համալսարաններ, բայց նաև կան համալսարաններից դուրս գիտական ինստիտուտներ, որոնք տարբեր ձևաչափի են լինում, գերատեսչական են լինում, լինում են հատուկ խմբավորումների մեջ, նաև՝ Ակադեմիայի մեջ, լինում են ուղիղ կառավարության [ենթակայութամբ]։ Դրանց նպատակն է պետության կարիքներից ելնող ԳՀՓՄ աշխատանքներ իրականացնել ու նաև ավելի արդյունավետ լինելու պատճառով ակադեմիական գիտությամբ զբաղվել, բայց կարող ենք և չզբաղվել։ Հիմա մենք խոսում ենք այս ձևաչափի մասին, որն օրենքի նախագծում սահմանափակվում է միայն գերատեսչական ֆորմատով, և անհասկանալի է` ինչու։ Եկեք զարգացնենք մեր բարձրագույն կրթությունը` համատեղելով գիտության հետ, բայց շատ կարևոր է նաև զարգացնել կարողություններ մեր խնդիրը լուծելու»,- ասաց «Գիտուժ» նախաձեռնության անդամը։ Տիգրան Շահվերդյանը հիշեցրեց, որ իրենք առաջարկել են ընտրել ինստիտուտների առաջին խմբերը, միավորել դրանք ու նախ համոզվել, որ այդ ֆորմատով հնարավոր է պետության կարիքներից բխող հետազոտություններ իրականացնել։  Ժաննա Անդրեասյանը կրկին պնդեց, որ կառավարության ներկայացված համակարգը բացառող չէ՝ նշելով՝ եթե կա ինչ-որ առաջարկ, որը կոնկրետ ցույց է տալիս, թե այդ համակարգի տրամաբանությունից ինչ տեսակի հետազոտություններն են դուրս մնում, ապա այդ առաջարկը կարող է ներկայացվել կառավարությանը։  «Գիտուժ» նախաձեռնության անդամ, իրավաբան, ճարտարագետ Խաչատուր Փափանյանը նկատեց՝ բարեփոխումները սովորաբար տեղի են ունենում աստիճանաբար, մինչդեռ ինքը նկատել է, որ Հայաստանում դրանք արվում են կտրուկ։ «Եթե դուք ուզենայիք աստիճանաբար անել բարեփոխումները, ի՞նչ փուլեր կներառեիք այդ բարեփոխումների մեջ»,- հարցրեց նա ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։  Ժաննա Անդրեասյանը նշեց՝ քննարկման ենթակա ամենակարևոր հարցերից և բարեփոխումների հաջողման/չհաջողման ամենաառանցքային նախապայմաններից մեկն իրականացման ճանապարհային քարտեզն է։ Նա շեշտեց, որ նախարարությունը դեռ 2023 թվականի ամռանն է հայտարարել խոշորացման ու միավորման մասին՝ բուհերին ու գիտական կազմակերպություններին հրավիրելով առաջարկներ ներկայացնել։   «Ութ ամիս տրվել է առաջարկների համար։ Նախորդ տարի մարտից բոլոր ինստիտուտների, բուհերի և հետաքրքրված կողմերի ներկայացուցիչներից աշխատանքային խմբեր են ձևավորել, որոնց կցվել են համապատասխան միջազգային գործընկերները, և այդ խմբերն աշխատում են արդեն մի տարուց ավելի։ Մենք նպատակ ունենք այս տարվա վերջին ամփոփել հայեցակարգային փուլը և դրանից հետո գնալ իրականացման պլանի ուղղությամբ։ Մեզ ավելի շատ մեղադրանքներ են ուղղվում դանդաղության համար, քան արագության, բայց մենք բոլոր արձագանքներում ասում ենք, որ պատրաստ չենք շտապել որակի հաշվին»,- ասաց նախարարը։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Գայանե Շագոյանը նկատեց, որ նախարարի նշած աշխատանքային խմբերում ներառականության խնդիր կա։ «Բացեք և նայեք՝ ովքեր են ներառված այդ աշխատանքային խմբերում։ Որոշ ինստիտուտների աշխատակիցներ իմանում են, թե իրենց ինստիտուտից ովքեր են ներառված, Ձեզ հետ հանդիպման ժամանակ։ Սա նշանակում է, որ այն մարդիկ, որոնք ներկայացնում են ինստիտուտները, ներառված չեն ներինստիտուտային քննարկումների մեջ»,- ասաց Գայանե Շագոյանը։  Գիտնականը կարևորեց նաև, որ երկրի համար ռազմավարական կարևորություն ունեցող այս նախագիծն ունենա քաղաքական և քաղաքացիական կոնսենսուս․ «2015 թվականից քննարկում ենք [այս հարցերը] և անընդհատ ունենք այս խնդիրը, որովհետև չունենք մեծ հայեցակարգային մոտեցումը, թե մենք մեր երկրում ինչ տիպի գիտություն ենք զարգացնում, որովհետև չգիտենք, թե ինչ տիպի պետություն ենք զարգացնում»։ Ժաննա Անդրեասյանը աշխատանքային խմբերի ներգրավվածության հարցը ԿԳՄՍՆ տիրույթից դուրս համարեց և խորհուրդ տվեց խնդիրը բարձրաձայնել ինտիտուտների ներսում։   «Եթե մենք խոսում ենք ժողովրդավարության, մշակութային փոփոխության մասին ու սպասում ենք, որ վերևից պետք է մեկը գա և ձևավորի աշխատանքային պատշաճ մթնոլորտ, նշանակում է` մշակութային փոփոխության մասին չենք խոսում։ Այդ փոփոխությունը տեղի է ունենում, երբ ներսում աշխատանքային թիմերը այդ պահանջներն իրենց ղեկավարների առաջ դնում են, մենք էլ խրախուսում ու աջակցում ենք։ Այդ տնօրեններն ընտրվում են, և այդ բոլոր գործընթացները կարող են կառավարվել ու ի սկզբանե ճիշտ պլանավորվել։ Ես վստահ եմ, որ մեր նախագծած համակարգում այդ տրամաբանությամբ աշխատող ինստիտուտներ չենք ունենալու, որոնք անձի շուրջ ձևավորված կառույցներ են, և որտեղ մարդիկ մասնակից չեն պրոցեսներին»,- ասաց նախարարը։ Ժաննա Անդրեասյանը նկատեց՝ շատ մտահոգություններ բխում են նրանից, որ ստեղծվելիք համակարգը անծանոթ է, և ռիսկայնություն կա։ «Մեր կառավարման հիմնական գործիքը պետք է լինի անցումային ժամանակահատվածի և ճանապարհային քարտեզի ճիշտ պլանավորումը։ ․․․․ Եթե մենք նույնիսկ լավագույն գաղափարները միասին համաձայնեցված ձևակերպենք, սակայն սխալ պլանավորենք դրա իրականացումը, ոչ մի արդյունք չենք ստանալու»,- ասաց նախարարը։ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, հիշեցնենք, վերջնական լրամշակման փուլում է և շուտով կուղարկվի կառավարություն, ապա՝ ԱԺ։ Մինչ այդ կարող եք դիտել «Ինֆոքոմի» ֆիլմը, որը պատմում է, թե ինչպես օրակարգ բերվեցին բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումները, «Ակադեմիական քաղաք» ծրագիրը, ինչ դիրքորոշումներ ու մտահոգություններ են տարբեր կողմերից հնչել այս համատեքստում, և որոնք են կառավարության հիմնավորումները։    Լուսանկարները՝ ԱԺ-ի Աննա Սահակյան
14:46 - 16 ապրիլի, 2025
Գենոմի խմբագրում և գենետիկական հիվանդությունների բուժում․ Հայաստանում կանցկացվի CRISPR-2025 համաժողովը

Գենոմի խմբագրում և գենետիկական հիվանդությունների բուժում․ Հայաստանում կանցկացվի CRISPR-2025 համաժողովը

Գենոմի խմբագրման ոլորտի գիտական նվաճումներ, մարտահրավերներ, բժշկական կիրառության էթիկական հարցեր. այս և այլ թեմաների շուրջ CRISPR-2025 միջազգային համաժողովն այս տարվա հոկտեմբերի 5-10-ը կհամախմբի հայ և օտարազգի գիտնականների, բժիշկների, ինչպես նաև տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների։ CRISPR համաժողովն առաջին անգամ անցկացվել է 2018-ին, ապա՝ 2023-ին Նովոսիբիրսկում (Ռուսաստան)։ Այս տարի այն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում։ Կազմակերպիչներն են Հայ-ռուսական համալսարանը, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի սիբիրյան մասնաճյուղի Բջջաբանության և գենետիկայի ինստիտուտը  և Սուրգուտի պետական ​​համալսարանը։   CRISPR-Cas տեխնոլոգիաներն ու դրանց բժշկական կիրառությունը Համաժողովի կազմակերպիչներից կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Զաքյանը, որը ղեկավարում է Նովոսիբիրսկի Բջջաբանության և գենետիկայի ինստիտուտի Զարգացման էպիգենետիկայի լաբորատորիան, նշում է՝ վերջին 25 տարիներին մոլեկուլային կենսաբանության ոլորտում տեղի են ունեցել հեղափոխական իրադարձություններ, որոնց թվում՝ CRISPR-Cas տեխնոլոգիաների զարգացումը։ CRISPR-Cas տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս գիտնականներին գենոմի խմբագրում իրականացնել՝ փոխել օրգանիզմի ԴՆԹ-ն¹ և գենոմի որոշ հատվածներում գենետիկական նյութ ավելացնել, հեռացնել կամ փոփոխել։  Գենոմի խմբագրման տեխնոլոգիաներից առավել հայտնի է CRISPR-Cas9-ը, որը վերցված է բակտերիաների իմունային պաշտպանական համակարգից։ Երբ բակտերիաները վարակվում են որևէ վիրուսով, դրանք վերցնում են վիրուսի ԴՆԹ-ի փոքր հատվածներ և դրանք ներմուծում իրենց ԴՆԹ-ի մեջ՝ որոշակի օրինաչափությամբ ստեղծելով հատվածներ, որոնք հայտնի են որպես CRISPR (clustered regularly interspaced short palindromic repeats՝ կանոնավոր դասավորված կարճ պալինդրոմային կրկնություններ)։ Այս կրկնող հատվածներն օգնում են բակտերիաներին «հիշել» վիրուսը։ Հենց վիրուսը նորից է փորձում վարակել բակտերիաներին, վերջիններս ճանաչում են այն և Cas9 սպիտակուցի օգնությամբ դրա ԴՆԹ-ի որոշակի հատված «կտրում» են՝ փոփոխելով այնպես, որ վիրուսն անվնաս դառնա։  CRISPR/Cas9 տեխնոլոգիան բացահայտել են գիտնականներ Էմանուել Շարպենտիեն և Ջենիֆեր Դուդնան բակտերիաներից մեկի իմունային համակարգն ուսումնասիրելիս։ Այս տեխնոլոգիայի բացահայտման համար նրանք արժանացել են Նոբելյան մրցանակի։ Պրոֆեսոր Զաքյանը նշում է՝ նեյրոդեգեներատիվ և սրտանոթային բազմաթիվ հիվանդությունների դեմ հայտնի դեղերը ոչ թե մոլեկուլային մակարդակում անմիջապես ազդում են հիվանդության պատճառ հանդիսացող թիրախների վրա՝ բուժելով դրանք, այլ վերացնում կամ մեղմում են ախտանիշները։ CRISPR-Cas տեխնոլոգիաները պրոֆեսորը համեմատում է վիրաբուժական դանակների հետ․ ինչպես վիրաբույժն է վիրահատական դանակով հեռացնում, օրինակ, կույր աղիքի բորբոքված ելուստը՝ բուժելով հիվանդին, այնպես էլ այս «մոլեկուլային մկրատն» է օգնում հեռացնել կամ փոխարինել հիվանդությունների պատճառ հանդիսացող գեները։ Հենց գենոմի խմբագրման տեխնոլոգիաների զարգացմանը, բժշկական կիրառությանն ու  գենետիկական հիվանդությունների բուժմանն է նվիրված CRISPR համաժողովը, որն անցկացվելու է արդեն երրորդ անգամ։ Պրոֆեսոր Զաքյանը նշում է՝ կարևոր է այս հարթակն օգտագործել ոչ միայն կարծիքների, գիտական արդյունքների փոխանակման ու քննարկումների, այլ նաև ուսանողներին ներգրավելու, ոլորտին ծանոթացնելու, նրանց հարցերին պատասխանելու համար։  «Հույս ունեմ՝ մենք կկարողանանք ներգրավել շատ երիտասարդների՝ Երևանի պետական բժշկական համալսարանից, տարբեր բուհերի կենսաբանական ֆակուլտետներից։ Պատկերացրեք, որ մի սեղանի շուրջ կլինեն և՛ ակադեմիկոսներ, և՛ ճանաչված գիտնականներ, և՛ լաբորանտներ, և՛ ուսանողներ»,- ասում է նա։ Գիտությունների ազգային ակադեմիայի Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) կենսաբանության ֆակուլտետի՝ Գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտություննեի դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հարությունյանը, որը համաժողովի կազմակերպիչներից մեկն է, նշում է՝ իր համար ևս ամենակարևորն այն է, որ կարողանան ներգրավել տաղանդավոր երիտասարդների, որոնք կծանոթանան մոլեկուլային կենսաբանության, գենետիկայի նվաճումներին ու կիրառության հեռանկարներին։    Գենետիկական հիվանդություններին վերաբերող հետազոտությունները Հայաստանում  Խոսելով Հայաստանում գենետիկական հիվանդությունների և դրանց բուժման ուղղությամբ հետազոտությունների և դրանց հեռանկարներից՝ Հայ-ռուսական համալսարանի Կենսաբժշկության և դեղագիտություն ինստիտուտի տնօրեն, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի (ՄԿԻ) տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, համաժողովի համակազմակերպիչ Արսեն Առաքելյանը նշում է՝ իրենց ինստիտուտներում այս ոլորտի հիմնական ուղղությունը գենոմային տեղեկությունների վերծանումն է։  Արսեն Առաքելյանի խոսքով ՄԿԻ-ում կենսաինֆորմատիկական գործիքների կիրառմամբ բացահայտում են գեների տարբերակներ,² որոնք նպաստում այս կամ այն հիվանդության առաջացմանը։ Այս պահին ՄԿԻ-ն Հայաստանի ողջ պոպուլյացիայի մակարդակով հավաքագրում է ԴՆԹ շղթայում գեներ կոդավորող բոլոր հատվածների մասին ինֆորմացիա՝ հասկանալու համար, թե տարբեր գեների տարբերակներն ինչպես են բաշխված մեր երկրի բնակչության շրջանում։ Գիտնականը նշում է՝ ՄԿԻ-ում գենետիկական հիվանդությունների հետազոտությանը միտված մյուս կարևոր ուղղությունը միջերկրածովյան ընտանեկան տենդի (այսպես կոչված՝ «երևանյան հիվանդություն») ուղղությամբ հետազոտություններն են։ Ինստիտուտն արդեն հասցրել է նորագույն տեխնոլոգիայի հիման վրա այս հիվանդության գենետիկական ախտորոշիչ թեստ մշակել և այն արտոնագրել։ Անցած տարի էլ ՄԿԻ-ն չինացի գիտնականների հետ համագործակցություն է սկսել, որի շրջանակում, բացի  միջերկրածովյան ընտանեկան տենդի ախտորոշումից և բուժումից, նաև քաղցկեղի դեմ բջջային թերապիայի ուղղությամբ հետազոտական ծրագրեր է իրականացնում։ Գենետիկական հիվանդությունների բուժման ուղղությամբ հետազոտությունների շրջանակում ՄԿԻ-ին համագործակցում է նաև պրոֆեսոր Սուրեն Զաքյանի ղեկավարած լաբորատորիայի հետ՝ իրականացնելով նրանց հետազոտություններին վերաբերող կենսաբանական տվյալների կենսաինֆորմատիկական վերլուծությունը։  Միաժամանակ, Հայ-ռուսական համալսարանի հետ ինստիտուտն իրականացնում է  գենոմային խմբագրման կիրառությունների հիման վրա հիվանդությունների մոդելների ստեղծում։ Այս հետազոտություններն իրականացվում են բջիջների մակարդակում։ Երբ գիտնականները կասկածում են, որ որևէ գենի այս կամ այն տարբերակը կարող է ինչ-որ հիվանդության պատճառ դառնալ, բջիջների այդ գենում փոփոխություն են կատարում՝ ստանալով գենի նշված տարբերակը, ապա հետևում, թե ինչպես է  փոխվում բջջի ֆունկցիոնալ վիճակը, և արդյո՞ք փոփոխությունները բնորոշ են տվյալ հիվանդությանը։ Այս հետազոտություններն օգնում են մոդելավորել հիվանդությունները` բացահայտելով դրանց առաջացմանը պոտենցիալ նպաստող գեների տարբերակներ։ ԵՊՀ Գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Հարությունյանը նշում է՝ Ընդհանուր և մոլեկուլային գենետիկայի լաբորատորիայում իրենք ևս իրականացնում են գենետիկական հիվանդություններին վերաբերող հետազոտություններ, որոնց շրջանակում բջջային մակարդակում գենոմի խմբագրման մեթոդներ են կիրառում։ Այս հետազոտությունների շրջանակում համագործակցում են ՄԿԻ-ի հետ։ Հայ-ռուսական համալսարանի Կենսաինժեներիայի և կենսաինֆորմատիկայի ամբիոնի վարիչ, Գենոմի խմբագրման և երրորդ սերնդի սեքվենավորման կենտրոնի ղեկավար և ՄԿԻ ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Ռոքսանա Զախարյանը պատմում է՝ 2021-ին Հայ-ռուսական համալսարանում ստեղծվեց նորարարական կենտրոն։ Կենտրոնի ստեղծման նպատակն էր համալսարանում ունենալ գիտաուսումնական կառույց, որը ուսանողներին հնարավորություն կտա, գենոմի խմբագրման տեխնոլոգիաների մասին տեսական գիտելիքներից բացի, ձեռք բերել նաև գործնական գիտելիքներ և հմտություններ։  Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող այս ծրագրի շրջանակում ձեռք են բերվել անհրաժեշտ սարքեր ու նյութեր, որոնց միջոցով ուսանողները կարողանում են բջիջների վրա գենոմի խմբագրման տեխնոլոգիաներ կիրառել։ Ռոքսանա Զախարյանը նշում է՝ բացի կրթական բաղադրիչից՝ Հայ-ռուսական համալսարանում այդ ուղղությամբ նաև հետազոտություններ են իրականացնում ու գիտական հոդվածներ տպագրում։ Վերջերս էլ համալսարանի ասպիրանտներն ու ուսանողներն իրենց նոր հետազոտությունների համար երիտասարդական դրամաշնորհ են ստացել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից։ Ռոքսանա Զախարյանը կարևորում է այն փաստը, որ գենետիկական հիվանդություններին ու գենոմի խմբագրմանն առնչվող հետազոտությունների մասով համագործակցում են բժիշկների ու կլինիկաների հետ։  Գիտնականները նշում են՝ Հայաստանում գենետիկական հիվանդությունների բուժման ուղղությամբ կլինիկական հետազոտությունների մասին խոսել դեռ վաղ է․ մեր երկրում դեռևս իրականացվում են բջիջների վրա փորձեր կամ գենետիկական տվյալների կենսաինֆորմատիկական վերլուծություններ։ Արսեն Առաքելյանի խոսքով ոչ մոտ ապագայում, սակայն ի վերջո գենոմի խմբագրումը՝ որպես թերապևտիկ միջամտություն, լայն տարածում է գտնելու։ Այդ պատճառով էլ կարևոր է հետազոտական, ինչպես նաև կրթական ծրագրերի իրականացմամբ Հայաստանում այնպիսի մասնագետների պատրաստումը, որոնք ապագայում կկարողանան գենոմի խմբագրման ուղղությամբ հետազոտություններ իրականացնել։   *** CRISPR-2025 համաժողովը կանցկացվի հոկտեմբերի 5-10-ը։ Համաժողովի մասնակից գիտնականները հանդես կգան զեկույցներով, կլինեն պանելային քննարկումներ։ Մասնակիցները նաև հնարավորություն կունենան թեզիսներ ներկայացնելու, որոնց հիման վրա կանցկացվի երիտասարդ գիտնականների մրցույթ։ Ամենաշատ միավորներ հավաքած թեզիսի հեղինակին հնարավորություն կտրվի ելույթ ունենալու և ներկայացնելու իր աշխատանքը։   ¹ԴՆԹ-ն (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) մեծ մոլեկուլ է, որում կոդավորված է օրգանիզմի բոլոր գեների մասին ինֆորմացիան։  ⇑  ²Երբ գենի որոշակի հատված այս կամ այն պատճառով փոփոխվում է կամ մուտացիայի է ենթարկվում, առաջանում է այդ գենի նոր տարբերակ։ Միևնույն գենը կարող է ունենալ մի քանի տարբերակներ։ Գեների որոշ տարբերկաներ կարող են այս կամ այն հիվանդության առաջացման պատճառ դառնալ։  ⇑    Գլխավոր լուսանկարում՝ Գենոմի խմբագրման և երրորդ սերնդի սեքվենավորման կենտրոնը   Աննա Սահակյան
18:48 - 10 ապրիլի, 2025
Հայաստանի գիտության սերնդափոխության մարտահրավերը․ տարվող քաղաքականությունն ու իրավիճակը թվերով

Հայաստանի գիտության սերնդափոխության մարտահրավերը․ տարվող քաղաքականությունն ու իրավիճակը թվերով

2021-ին քիմիկոս Մարինա Աղայանը, որ 2000-ականներին մեկնել էր արտասահման՝ գիտական գործունեություն ծավալելու, ապա թողել էր գիտությունն ու բիզնեսով էր զբաղվում, վերադարձավ Հայաստան՝ Գիտությունների ազգային ակադեմիայի Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում հիմնադրելով գիտական նոր թիմ։ Մարինա Աղայանի՝ Հայաստան վերադարձով մեր երկրում երիտասարդ գիտնականների թիվն ավելացավ ևս մեկով։  2023-ին Հայաստանում եղել է 4312 գիտնական։ Այս գիտնականների շուրջ 31%-ը մինչև 35 տարեկան է, 27%-ը՝  35-49, 17%-ը՝ 50-64, 25%-ը՝ 65 տարեկան և բարձր։* Գիտնականների տարիքային բաշխվածությունը, սակայն, միշտ չէ, որ այս տեսքն է ունեցել։ 2016 թվականին, օրինակ, 35 տարեկանից ցածր գիտնականներն ընդամենը 25% են կազմել, մինչդեռ 65 և ավելի տարեկան գիտնականները՝ 29%: Հետագա տարիներին այս համամասնությունն աստիճանաբար փոխվել է, իսկ էական փոփոխություն արձանագրվել է 2022 թվականին։ Կառավարությունն այս փոփոխությունը պայմանավորում է գիտության ֆինանսավորման աճով, երիտասարդներին գիտական գործունեության մեջ ներգրավելուն և ասպիրանտներին աջակցելուն միտված ծրագրերի ներդրմամբ։ Գործադիրը, սակայն, դեռ գոհ չէ աճի տեմպից։ Կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթույթան և գիտության կոմիտեի (ԲԿԳԿ) նախագահն ասում է՝ գիտություն եկած մեկ երիտասարդ գիտնականը համարժեք չէ գիտությունից հեռացած 50 տարեկանից բարձր մեկ գիտնականի։ Կառավարությունը ցանկանում է իրականացնել «արդյունավետ սերնդափոխություն»՝ ստեղծելով երիտասարդներին գիտության մեջ ներգրավելու ինստիտուցիոնալ համակարգ։  Կառավարությունը սերնդափոխության և գիտության ու կրթության մեջ առկա այլ խնդիրները լուծելու նպատակով նախատեսում է խոշորացնել պետական բոլոր բուհերն ու գիտական կազմակերպությունները և դրանց միավորմամբ ստեղծել 6 մեծ համալսարաններ, որտեղ գիտական կազմակերպությունները կգործեն որպես համալսարանների մաս կազմող և ինքնուրույնության որոշակի մակարդակ ունեցող ստորաբաժանումներ։ Բարձրագույն կրթության և գիտության՝ միավորման միջոցով ինտեգրումն, ըստ կառավարության, կլուծի գիտության արդյունավետ սերնդափոխության խնդիրը։  Բուհերից ու գիտական կազմակերպություններից «Ինֆոքոմի» հավաքագրած տվյալները ցույց են տալիս, որ 2024-ին երիտասարդ և միջին տարիքի (մինչև 50 տարեկան) գիտնականների համամասնությամբ առաջատար են բուհերը, նրանցից մի փոքր հետ են մնում գիտական անկախ կառույցները, ապա Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) ինստիտուտներն են, իսկ ամենավերջում՝ գերատեսչական գիտական կառույցները։   Ինչպիսին է պատկերը բուհերում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ), Հայ-ռուսական համալսարանը (ՀՌՀ), Շիրակի պետական համալսարանը (ՇՊՀ) և Հայկական պետական մանկավարժական համալսարանը (ՀՊՄՀ) առաջատարներն են երիտասարդ և միջին տարիքի գիտնականների համամասնությամբ։ Նրանց հաջորդում են Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ), Երևանի պետական բժշկական համալսարանը (ԵՊԲՀ), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ) և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ)։¹ Վերջին տարիներին երիտասարդ՝ մինչև 35 տարեկան գիտնականների թվի կտրուկ աճ է գրանցել Երևանի պետական համալսարանը, նվազում՝ Շիրակի պետական համալսարանը։ Բոլոր բուհերի տվյալները կարող եք տեսնել՝ թերթելով նկարները։*   Ինչպիսին է պատկերը Գիտությունների ազգային ակադեմիայում Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) 5 գիտական կառույցներ նույնքան երիտասարդ են, որքան ամենաերիտասարդ բուհերը։ Մասնավորապես, Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում (Էկոկենտրոն) երիտասարդ և միջին տարիքի գիտնականները միասին 2024-ին կազմել են մոտ 87%, ԻԿՐԱՆԵՏ կենտրոնում՝ 80%, Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում (ՔՖԻ)՝ մոտ 74,6%, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում (ՄԿԻ)՝ 71,4%, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում (ԻԱՊԻ)՝ 65,2%։ ԳԱԱ 31 գիտական կազմակերպություններից² 17-ում մինչև 50 տարեկան գիտնականների համամասնությունը 50%-ից բարձր է, սակայն մնացած 14 կազմակերպություններում իրավիճակը կտրուկ տարբեր է վերոնշյալից․ մինչև 50 տարեկան գիտնականների ներգրավվածությունը ցածր է 50%-ից։ ԳԱԱ բոլոր 33 կառույցներում վերջին տարիներին որոշակիորեն աճել է երիտասարդ գիտնականների ներգրավվածությունը։ Կտրուկ աճ է գրանցել Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը՝ 2024 թվականին գրեթե կրկնապատկելով մինչև 35 տարեկան գիտնականների թիվը։ Առանձին ինստիտուտներում գիտնականների՝ ըստ տարիների տարիքային բաշխվածությունը կարող եք ուսումնասիրել՝ թերթելով նկարները։   Ինչպիսին է պատկերը գիտական անկախ կառույցներում Մեր ուսումնասիրած գիտական անկախ կառույցներից միայն Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան (ԱԱԳԼ) է հետ մնում բուհերից։ Առաջատարը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն (ՀՑԹԻ) է, որտեղ երիտասարդ և միջին տարիքի գիտնականները 2024-ին կազմել են մոտ 94%, հաջորդում է Մատենադարանը՝ մոտ 66,7%-ով, ապա ԱԱԳԼ-ն է՝ մոտ 52%-ով։  Ստորև կարող եք տեսնել նաև, թե այս կառույցներում ինչպես է փոփոխվել տարբեր տարիքային խմբերում ներգրավված գիտնականների թիվը  2016-2024 թվականներին։ Կարևոր է նշել, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինտիտուտն ու Մատենադարանը այն եզակի կառույցներից են, որոնք խոշորացումից ու միավորումից հետո գործելու են առանձին։   Ինչպիսին է պատկերը գերատեսչական կառույցներում Բացի ԳԱԱ ինստիտուտներից ու անկախ կառույցներից՝ Հայաստանում գործում են նաև գերատեսչական կառույցներ։ Մենք հավաքագրել ենք Առողջապահության և Էկոնոմիայի նախարարության, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող գիտական հաստատությունների տվյալները։  Ստորև կարող եք տեսնել, թե գերատեսչական կառույցներում ինչպես է փոփոխվել տարիքային տարբեր խմբերում ներգրավված գիտնականների թիվը  2016-2024 թվականներին։   *** Այսպիսով, ԳԱԱ կազմում և դրանից դուրս կան գիտական կազմակերպություններ, որոնք այս պահի դրությամբ, չգործելով որևէ համալսարանի կազմում, ավելի երիտասարդ են, քան բուհերից շատերը։  Մենք զրուցել ենք այդ գիտական կազմակերպություններից մի քանիսի տնօրենների հետ՝ խնդրելով ներկայացնել, թե նրանք երիտասարդներին ներգրավելու և գիտության մեջ պահելու ինչ քաղաքականություն են վարում։   Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ  Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը (ՄԿԻ) մեկն է ԳԱԱ ամենաերիտասարդ ինստիտուտներից։ Ստորև ներկայացված տվյալները ցույց են տալիս, որ այս կառույցում երիտասարդացումը նոր երևույթ չէ․ դեռ 2016-ին ինտիտուտում մինչև 50 տարեկան գիտնականները կազմում էին 57,3%, և այդ թիվը գնալով աճել է՝ 2024-ին հասնելով 71,4%-ի։ ՄԿԻ տնօրեն Արսեն Առաքելյանն ինստիտուտում աշխատում է 1998-ից։ Նա հիշում է, որ դեռ նախկին տնօրենի՝ Աննա Բոյաջյանի օրոք էր երիտասարդներին ներգրավելը ինստիտուտի կարևոր առաջնահերթություններից մեկը, և երբ 2015-ին ինքը ստանձնեց տնօրենի պաշտոնը, «բավական լավ բազա կար»։ Ինչպե՞ս էր ստացվում երիտասարդներին գրավել ու պահել գիտության մեջ 2000-ականներին, երբ գիտության ֆինանսավորումն այսօրվա համեմատ շատ քիչ էր։ Պատասխանելով այս հարցին՝ Արսեն Առաքելյանը մի քանի քայլ է առանձնացնում՝ ՄԿԻ-ն դեռ 2000-ականներից ուներ հետաքրքիր ու ժամանակակից հետազոտական ուղղություններ, երիտասարդներն առաջին իսկ օրվանից ընդգրկվում էին հետազոտական աշխատանքներում, նրանց հնարավորություն էր տրվում լաբորատորիայում աշխատելու և սխալվելու, երբ հետազոտական որևէ ծրագիր էր իրականացվում, չէր ստեղծվում այնպիսի իրավիճակ, որ միայն լաբորատորիայի ղեկավարը կամ ավագ գիտաշխատողները վարձատրվեին․ վարձատրվում էին բոլորը, Հայաստանում ֆինանսական սուղ պայամանների պարագայում ՄԿԻ-ն դիմում էր միջազգային ֆոնդերի և ֆինանսավորում ներգրավում, երիտասարդ գիտաշխատողներին որոշ ժամանակով ուղարկում էին արտասահմանում հետազոտություններ իրականացնելու։ Արսեն Առաքելյանի խոսքով այս ամենի շնորհիվ երիտասարդները զգում էին, որ իրենք թիմի մաս են։ Խոսելով այն մասին, որ Հայաստանում շատ հաճախ խնդիր կա նաև միջին տարիքի գիտնականների, որոնք պետք է ղեկավարեն երիտասարդներին, Արսեն Առաքելյանն առանձնացնում է երկու պատճառ։ Նախ՝ շատերը, որոնք հիմա պիտի միջին տարիքային խմբում լինեին, ժամանակին հեռացել են Հայաստանից կամ առհասարակ թողել են գիտությունը, բացի այդ՝ հաճախ է եղել, որ լաբորատորիաների վարիչները բավարար ջանք չեն գործադրել նոր պոտեցնիալ ղեկավարներ կրթելու և պատրաստելու ուղղությամբ: Նա նշում է, որ ՄԿԻ-ում այդ խնդիրը չկա․ իհարկե, ունեցել են լաբորատորիաներ, որոնք փակվել են, սակայն հիմնական ուղղությունների դեպքում ղեկավարումը հնարավոր է եղել փոխանցել ավելի երիտասարդ գիտնականի, որը շարունակել ու զարգացրել է այդ ուղղությունը՝ ըստ անհրաժեշտության ձևափոխելով և արդիականացնելով։ Իսկ երիտասարդ գիտնականների՝ ղեկավարելու կարողությունները զարգացնելու համար ՄԿԻ-ն հնարավորություն է ստեղծում երիտասարդական գիտական խմբերի ձևավորման համար։ Արսեն Առաքելյանի խոսքով, եթե լինում են այնպիսի երիտասարդ գիտնականներ, որոնք ցանկանում են գործել որպես առանձին գիտական միավոր, նրանց այդ հնարավորությունը տրվում է։ ՄԿԻ տնօրենը նշում է՝ արդեն ունեցել են նախադեպեր, երբ նման խմբերի հիման վրա նոր լաբորատորիաներ են ստեղծվել ինստիտուտում։ Խոսելով այն մասին, թե ինչպիսին է կապը բուհերի և ուսանողների հետ, Արսեն Առաքելյանն ասում է՝ չնայած նախկինում այդ կապը ոչ ֆորմալ էր, երիտասարդների ներհոսք տեղի էր ունենում, քանի որ «Հայաստանը փոքր է, և անձնական կապերն աշխատում են»։  Այժմ այդ կապը ֆորմալացված է․ ՄԿԻ-ին Հայ-ռուսական համալսարանում բազային ամբիոն ունի։ Արսեն Առաքելյանը բազային ամբիոնները համագործակցության լավ տարբերակ է համարում, ասում է՝ թղթաբանությունը շատ է, բայց արդյունքը երևում է այն ուսանողների տեսքով, որոնք հետո գալիս են գիտություն, կամ եթե անգամ այլ ոլորտ են ընտրում, ունենում են գիտելիքի բավարար մակարդակ այդ ոլորտում կայանալու համար։ Հարցին, թե արդյո՞ք բուհերի հետ միավորումը և ուսանողներին ուղիղ հասանելիությոնը կնպաստի արդյունավետ սերնդափոխությանը, ՄԿԻ տնօրենը պատասխանում է՝ սերնդափոխության խնդիրները կարելի է լուծել շատ տարբեր եղանակներով։ «Մեր բոլոր խնդիրները գալիս են նրանից, որ չափելի նախնական տվյալներ չունենք․ տրամաբանության տեսակետից հնչում է շատ լավ, բայց խնդիրը միայն ուղղակի հասանելիությունը չէ։ ․․․․ Միավորումն ամենակարևոր բանը չէ սերնդափոխության հարցում․ ավելի շատ մտածելակերպի փոփոխություն է պետք։ Անգամ եթե մեր ինստիտուտը միավորվի ինչ-որ մի բուհի հետ, եթե մեր լաբորատորիայի ղեկավարը չփոխի իր մոտեցումը նոր կադրերի վերաբերյալ, համալսարանի ներսում լինի, թե դրսում, լաբորատորիան չի զարգանա։ Իսկ եթե ուզի, երբևիցե չի խանգարի այն փաստը, որ ինչ-որ համալսարան գտնվում է 10 կմ հեռավորության վրա»,- ասում է Արսեն Առաքելյանը ՄԿԻ տնօրենը նշում է՝ սերնդափոխության մասին խոսակցություններն, արդեն տարիներ է, ինչ կան, և այդ տարիների ընթացքում կարելի էր պիլոտային ծրագիր իրականացնել, որը միտված կլիներ բարձրագույն կրթության և գիտության մերձեցմանը․ «Օրինակ, լիներ բազային ամբիոնների, համատեղ հետազոտական ծրագրերի մրցույթ կամ համատեղ մշակվող կրթական ծրագրերի նախաձեռնություն։ Դժվար բան չէ»։   Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ ԳԱԱ մեկ այլ կառույցի՝ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտին (ՔՖԻ), միայն վերջին տարիներին է հաջողվել երիտասարդ գիտնականների թվի զգալի աճ ապահովել։ Ստորև կարող եք տեսնել, թե ինչպես է ՔՖԻ-ում փոխվել տարիքային խմբերի համամասնությունը 2016-ից մինչև հիմա։ ՔՖԻ տնօրեն Սեյրան Մինասյանը վերջին տարիների երիտասարդացումը պայմանավորում է նախ այն հանգամանքով, որ ինտիտուտում փակվել են անարդյունավետ գործող լաբորատորիաները, ստեղծվել են 5 նոր լաբորատորիաներ ու գիտական նոր խմբեր, երիտասարդ կադրեր են ընդունվել աշխատանքի։ ՔՖԻ-ն առաջիկայում նոր երիտասարդ թիմեր էլ է ստեղծելու։ ՔՖԻ տնօրենը երիտասարդացման հարցում կարևորում է նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (ԲԿԳԿ)՝ վերջին տարիների քաղաքականությունը։ Խոսքը, մասնավորապես, հետազոտական դրամաշնորհային ծրագրերում երիտասարդ կադրերի պարտադիր ներգրավման և որոշ ծրագրերի դեպքում՝ այդ երիտասարդներին բազային աշխատակիցներ դարձնելու պահանջի, ինչպես նաև երիտասարդներին արտասահմանյան գիտական կենտրոններում վերապատրաստման ուղարկելու ծրագրի մասին է։ «ԲԿԳԿ թե՛ պահանջները, թե՛ վարած քաղաքականությունը խիստ համահունչ են եղել մեր ուզածին, և դա ինչ-որ պահի սիներգիկ էֆեկտ է տվել, որ կտրուկ է եղել աճը»,- ասում է ՔՖԻ տնօրենը։ Հաշվի առնելով, որ երիտասարդներն անփորձ են ու կարող են գիտական կարիերան չշարունակել՝ Սեյրան Մինասյանը կարևորում է ոչ միայն երիտասարդների ներգրավումը, այլ նաև ինստիտուտում տարիքային խմբերի այնպիսի համամասնության ապահովումը, որ համակարգը հավասարակշռված և ինքնավերարտադրվող լինի։ Սա ենթադրում է, որ ինտիտուտում պիտի լինեն նաև բավարար քանակի ավագ, առաջատար, գլխավոր գիտաշխատողներ, այսինքն՝ փորձառու գիտնականներ, որոնք կղեկավարեն երիտասարդ կադրերին։ ՔՖԻ տնօրենը նշում է՝ խոսքը հիմնականում 40-60 տարեկան գիտնականների մասին է․ ժամանակին միայն իրենց ինստիտուտից 20 գիտնական է հեռացել, որոնք հիմա տարիքային այս խմբում պիտի լինեին։ Ավելի փորձառու գիտնականների ներգրավելու ուղղությամբ քայլերից խոսելով՝ Սեյրան Մինասյանը նշում է․ «Դուք չունեք այն կախարդական փայտիկը, որով հարվածեք սեղանին, և միանգամից ութ 45 տարեկան լիդեր հայտնվի ինստիտուտում․ դա անհնար բան է։ Այսինքն` մի մասը բնական ճանապարհով պետք է ձևավորվեն»։ ՔՖԻ տնօրենի խոսքով այդ տարիքի գիտնականներ ներգրավելու այլ ճանապարհներ էլ կան։ ՔՖԻ-ում, օրինակ, վեջին տարիներին երկու լաբորատորիա է ստեղծվել, որոնց ղեկավարները 40 տարեկան տարիքային խմբում են, նախկինում հետազոտություններ էին իրականացնում արտասահմանում և ինչ-ինչ պատճառներով վերադարձել են Հայաստան։ ԲԿԳԿ արտերկրի գիտնականների` Հայաստանի գիտական համակարգին ինտեգրման ծրագրով ինստիտուտ եկած գիտնականներից մեկը ևս տարիքյաին այդ խմբում է։  Սեյրան Մինասյանը կարևորում է, որ 65 տարեկան և բարձր տարիքային խմբի սփյուռքահայ գիտնականների ներուժը ևս օգտագործվի, նրանց ղեկավարությամբ էլ երիտասարդ թիմեր ձևավորվեն Հայաստանում։ Վերջերս, օրինակ, ՔՖԻ-ում նոր լաբորատորիա է ստեղծվել, որի ղեկավարումը ստանձնել է սփյուռքահայ գիտնական Գագիկ Գուրզադյանը։ Վերջինս նախկինում հետազոտություններ է իրականացրել Դալիանի տեխնոլոգիական համալսարանում և այժմ տեղափոխվել է Հայաստան։ Սեյրան Մինասյանի խոսքով կարևոր է ուշադրության կենտրոնում պահել արտասահմանում գիտական կարիերան ավարտող կամ թոշակի անցնող հայազգի գիտնականներին ու նրանց հրավիրել Հայաստան՝ երիտասարդ թիմեր ձևավորելու։ ՔՖԻ տնօրենը նշում է՝ որոշ ժամանակ կպահանջվի, մինչև իրենց ինստիտուտում կձևավորվի տարիքային խմբերի ցանկալի համամասնություն։ Խոսելով բուհերի հետ կապի մասին՝ Սեյրան Մինասյանն ասում է՝ իրենց խմբերի ու լաբորատորիաների վարիչների առնվազն 30%–ը դասավանդում է։ Մյուս կողմից նա նշում է մի կարևոր խնդիր․ որքան էլ դասավանդեն ու համալսարանների հետ կապ ունենան, քիմիա մանսագիտությամբ դիմորդների թիվը շատ փոքր է՝ ի տարբերություն ֆիզիկայի, որտեղ վերջին տարում դիմորդների թիվն ավելացել է։  Հարցին, թե արդյո՞ք բուհերի ու գիտական կազմակերպությունների միավորումը կնպաստի սերնդափոխությանը, ՔՖԻ տնօրենը պատասխանում է՝ կախված է միավորման մեխանիզմներից։ «Կարելի է և՛ միավորված աշխատել, և՛ առանձին․ ամեն ինչ կախված է մեխանիզմից։ Եթե գործողությունները բալանսավորված լինեն, այն մակարդակի հարաբերություններ, ինքնուրույնության աստիճան լինեն, որ ոչ թե մեկը մյուսի հաշվին լինի, այլ հակառակը, մեխանիզմն այնպես դրված լինի, որ դրդի իրար հետ աշխատելու, այդ դեպքում կարելի է մեծ բանի հասնել»,- ասում է նա։   Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Հայաստանի՝ հետազոտություններ իրականացնող այն եզակի կառույցներից է, որոնցում երիտասարդ և միջին տարիքի գիտնականները միշտ գերակշիռ մեծամասնություն են կազմել։ Ստորև կարող եք տեսնել, թե ինչպես է փոխվել տարիքային տարբեր խմբերի համամասնությունը թանգարան-ինտսիտուտում 2016-2024 թթ․ ընթացքում։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը հիշում է՝ այստեղ աշխատանքի ընդունվեց 2013-ին, և արդեն այդ ժամանակ անձնակազմը երիտասարդ էր։ Թագարան-ինստիտուտի տնօրենը սա պայմանավորում է երկու հանգամանքով՝ ցեղասպանագիտությունը Հայաստանի համար բավականին երիտասարդ գիտակարգ է,  Հայաստանի համար այս ուղղությունը շատ կարևոր է, և երիտասարդներին ներգրավելը միշտ ավելի հեշտ է եղել։ Նա նշում է, որ անգամ այն ժամանակներում, երբ գիտության ֆինանսավորումը ցածր էր, մարդիկ մնում էին ոլորտում, քանի որ դա իրենց առաքելությունն էին համարում։  Էդիտա Գզոյանի խոսքով հիմա կադրեր ներգրավելն անհամեմատ հեշտ է դարձել՝ հաշվի առնելով, որ ԲԿԳԿ բոլոր ծրագրերում հստակ պահանջ կա երիտասարդ գիտաշխատողներ ներգրավելու։ Նա նշում է՝ 2025-ին արդեն հասցրել են 5 երիտասարդի ընդունել աշխատանքի, նաև թեմատիկ նոր ուղղություններ են ուզում ավելացնել, որոնց համար մասնագետներ կպահանջվեն։ Տնօրենի խոսքով դեպի թանգարան-ինտսիտուտ երիտասարդների հոսքն ապահովվում է ասպիրանտուրայի ու բուհերում դասավանդման միջոցով։ Այս տարի ԵՊՀ-ում վերաբացվելու է «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագիրը, և թանգարան-ինտիտուտի գիտնականները ԵՊՀ-ից ծրագրում դասավանդելու հրավեր են ստացել։ Էդիտա Գզոյանը նշում է՝ եթե ԵՊՀ-ից այդ առաջարկը չլիներ, ինքն էր համագործակցության քայլ անելու։ Այժմ թանգարան-ինտիտուտը նախատեսում է կապեր հաստատել նաև այլ բուհերի հետ՝ համագործակցելու և՛ դասավանդման, և՛ ուսանողների համար այցեր կազմակերպելու ձևաչափերով։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պարագայում խնդիր է մեծահասակ գիտնականների պակասը։ էդիտա Գզոյանը նշում է՝ ժամանակ է պետք, մինչև միջին տարիքի գիտնականները կտեղափոխվեն ավելի բարձր տարիքային խմբեր, և ինստիտուտում կլինեն բոլոր սերունդների գիտնականներ։   Գիտնականների թիվն աճում է, բայց ոչ սպասվածի պես Վերջին տարիներին Հայաստանում նկատվում է գիտնականների ընդհանուր թվի աճ։ Այս մասին վկայում է պաշտոնական վիճակագրությունը։ Ստորև ներկայացված են ԲԿԳԿ ֆինանսավորման ծրագրերում (և՛ բազային, և՛ դրամաշնորհային) ներգրավված բոլոր գիտնականների տվյալները: Ինչպես երևում է,  գիտնականների թվի աճ նկատվել է և՛ 2022-ին, և՛ 2023-ին, և՛ 2024-ին (պատկերն ինտերակտիվ է)։ 2024-ի դեկտեմբերին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ԲԿԳԿ նախագահ Սարգիս Հայոցյանը նշել էր, որ վերջին տարիներին հնարավոր է դարձել ավելացնել գիտնականների առավել արդյունավետ և պրոդուկտիվ՝ 35-39 տարեկանների հատվածը՝ հնարավորինս կանխելով ուղեղների արտահոսքը գիտությունից։ Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ տարիքային այս խմբում իրոք աճ կա․ ստորև ներկայացված է ԲԿԳԿ ֆինանսավորման ծրագրերում ներգրավված 35-39 տարեկան գիտնականների թիվը։ «Դեպի գիտության տարբեր ճյուղեր երիտասարդների զգալի ներհոսք ապահովել» ներկայիս կառավարող ուժը խոստանում էր դեռ 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ։ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության նախընտրական ծրագրում նշվում էր, որ տեղի կունենա գիտնականների աշխատավարձերի բարձրացում, կիրականացվեն երիտասարդ գիտնականներին թիրախավորող և սփյուռքահայ գիտնականների ինտեգրմանն ու վերադարձին ուղղված ծրագրեր։   Արդյունքում ակնկալվում էր, որ մինչև 2026-ը արտերկրի գիտական կենտրոններում կվերապատրաստվի 400 գիտնական, իրականացվելիք ծրագրերի շահառու կդառնա 400 ասպիրանտ, 200 հետդոկտորական հետազոտող, Հայաստան վերադարձած կլինի 60 գիտնական, և կստեղծվի 60 հեռավար ղեկավարվող լաբորատորիա։ Ընտրություննեից հետո կառավարության հնգամյա ծրագրում ևս վերահաստատվում էր, որ նախատեսվում է մինչև 2026 թ․ Հայաստան վերադարձնել 60 գիտնականի և 60 հեռավար ղեկավարվող գիտական խումբ ստեղծել։ Խոսելով գիտնականների թվի աճի և այս տարիների ընթացքում իրականացված ծրագրերի մասին՝ ԲԿԳԿ նախագահ Սարգիս Հայոցյանը նշում է՝ ավելացել են հետազոտական դրամաշնորհային մրցույթները, այդ մրցույթներում առնվազն երկու երիտասարդ ունենալու պահանջ կա, դրամաշնորհներում երիտասարդների միջին աշխատավարձն էլ կրկնապատկվել է՝ 70 հազար դրամից դառնալով 150 հազար դրամ։ Բացի այդ՝ բարձրացել են գիտնականների բազային աշխատավարձերը։ «Մեծ խթաններ կան երիտասարդներին դրամաշնորհային ծրագրեր բերելու։ Բացի դրանից՝ բարձր տարիքի [գիտնականների] արտահոսքն է բերում նրան, որ ինստիտուտները և բուհերը փորձում են նոր կադրեր բերել, իսկ նոր կադրերը հիմնականում երիտասարդ են․ տարիքով մեծ նոր կադրեր այդքան չկան»,- ասում է նա։  ԲԿԳԿ  նախագահը, սակայն, նշում է, որ գիտնականների թվի աճից դեռևս գոհ չեն, քանի որ գիտություն մուտք գործած մեկ երիտասարդ գիտնականը համարժեք չէ գիտությունից հեռացած 50 տարեկանից բարձր մեկ գիտնականի՝ հաշվի առնելով, որ երիտասարդները կարող են լքել գիտությունը, այլ կարիերա ընտրել, բացի այդ՝ ղեկավարելու փորձառություն չունեն։  Կառավարությունը նախընտրական և հնգամյա ծրագրերում նշված թվերից հետ է մնում․ մինչև 2026 ասպիրանտների աջակցության ծրագրի 400 խոստացված շահառուի փոխարեն այս պահի դրությամբ նրանց թիվը դեռևս 139 է, Հայաստանի գիտնականների հետդոկտորական ծրագիր չի իրականացվել, իրականացվել է միայն մասնագիտական վերապատրաստման ծրագիր, և եթե կառավարությունը խոսում էր 400 գիտնականի մասին, 2024-ի տարեվերջի դրությամբ վերապատրաստման ծրագրի շահառու դարձած գիտնականների թիվը 47 է, իսկ Հայաստան գիտնականների վերադարձին միտված՝ ինտեգրման ծրագրի շահառու է դարձել 14 գիտնական, որոնցից ոչ բոլորն են վերադարձել, մինչդեռ կառավարությունը խոստանում է մինչև 2026 թվականը Հայաստան վերադարձնել 60 գիտնականի։ Վերջին ծրագի՝ սպասվածի պես չընթանալը ԲԿԳԿ նախագահը պայմանավորում է նրանով, որ ծրագրի մասնակիցներից ի սկզբանե պահանջվում է ֆունդամենտալ որոշումներ կայացնել, ինչի համար քիչ ժամանակ է տրվում։ «Մարդը պետք է որոշի, որ իր այնտեղի ապրուստը թողնում է, գալիս է Հայաստան։ ․․․․ Ի սկզբանե շատ-շատ բան է պահանջվում այդ մարդուց, և գալիս է, առերեսվում է մեր իրականության հետ, ու շատ ժամանակ նաև չի հաջողվում»,- ասում է նա։ Սարգիս Հայոցյանը խոսքով այս ծրագրի թիրախը հիմնականում այն մարդիկ են, որոնք Հայաստանից մեկնել են արտասահման ասպիրանտական կրթություն ստանալու, գուցե արդեն մեկ հետդոկտորական աշխատանք են իրականացրել և այժմ պիտի որոշեն՝ վերադառնալ Հայաստա՞ն, թե՞ գիտական կարիերան շարունակել արտասահմանում։ Ինտեգրման ծրագիրն առավել արդյունավետ դարձնելու նպատակով կառավարությունը նախատեսում է այն բաժանել երկու մասի․ նախ մասնակիցներին մի տարով հրավիրել Հայաստան և հնարավորություն տալ իրենց հետազոտությունների համար թիմ հավաքելու։ Նախատեսվում է թիմ հավաքելու դեպքում միայն նրանց առաջարկել Հայաստան վերադառնալու որոշում կայացնել։ Իսկ հարցին, թե ինչու է կառավարությունը հետ մնում նախընտրական ծրագրի խոստումներից, և արդյո՞ք այս բոլոր ռիսկեր հաշվի չեն առնվել, Սարգիս Հայոցյանը պատասխանում է՝ թվերի հետևից աշխատում են չվազել․ «Մենք, ըստ էության, խնդիր չունենք թիվ ապահովելու․ այդ պարագայում որակի առումով ենք տուժելու, իսկ դա գիտության մեջ նշանակում է սխալ խթաններ ներարկել հասարակության մեջ»։ Հարցին, թե ինչու էր այդ դեպքում կառավարությունը հավակնոտ թվեր գրում նախընտրական ծրագրում, ԲԿԳԿ նախագահը պատասխանում է՝ ծրագիրը նաև ուղերձ է, թե ինչ է ուզում կառավարությունը․ «Կարող էինք գրել 10 գիտնական, անեինք, ուրախ լինեինք, ու ոչինչ չփոխվեր։ Կարող էինք նաև 600 գրել ու չանել։ Կարող էինք նշաձողն իջեցնել, [Սփյուռքից] չկայացած գիտնականների բերել, 60 թիվը նկարել, ասել՝ 60 ասել ենք, 60 էլ արել ենք։ ․․․․ Կարևորը, որ մենք ունենք մեխանիզմ, որը փորձարկված է ու անընդհատ բարելավում է իր առաջարկը»։ Իսկ ի՞նչ է անում կառավարությունը գիտություն մուտք գործած երիտասարդներին պահելու ուղղությամբ։ Սարգիս Հայոցյանը նշում է՝ նախ ղեկավարման պոտեցնիալ ունեցողների համար երիտասարդ գիտաշխատողների հետազոտություների աջակցության մրցույթ են անցկացնում։ Բացի դրանից՝ իրականացնում են հեռավար լաբորատորիաների ստեղծման ծրագիրը, որի շրջանակում արտասահմանցի գիտնականները Հայաստանում երիտասարդ թիմով լաբորատորիա են ստեղծում ու հեռավար ղեկավարում այն։ Սարգիս Հայոցյանը նշում է, որ մինչ այս պահը մոտ 45 հեռավար լաբորատորիա է ստեղծվել (կառավարության ծրագրով մինչև 2026 թ․ նախատեսվում է ունենալ 60-ը), և ի զարմանս իրենց՝ հետաքրքրություն կա ոչ միայն սյփուռքահայ, այլև օտարազգի գիտնականներից․ ձախողված օրինակներ կան, բայց այս ծրագրից մեծամասամբ գոհ են։   «Այս պարագայում և՛ մրցունակ միջազգային թեմա է, և՛ երիտասարդ խումբը փորձառու ղեկավարի առաջնորդությամբ է աշխատում»,- ասում է նա։   Ասպիրանտուրայում սովորողների ու գիտական աստիճան ստացողների թիվը նվազում է Գիտական կառույցների՝ երիտասարդ գիտնականներով համալրման հիմնական ուղիներից մեկը ասպիրանտների ներգրավումն է։ Մինչև 2022 թվականը, սակայն, ասպիրանտների թիվը կայուն նվազել է՝ 2016 թվականի 1202-ի փոխարեն 2022-ին հասնելով 737-ի։  Ազգային ժողովի կողմից 2022-ի ավարտին վավերացրած «Կրթության մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագրով» նախատեսվում է ասպիրանտների թվի կտրուկ աճ։ Արդեն 2023 թվականին նկատվում է աննշան աճ․ 2022-ի համեմատ ասպիրանտների ընդհանուր թիվն աճում է 8-ով։ Ընդ որում՝ եթե գիտական կազմակերպությունների ասպիրանտների թիվը նվազում է, ապա բուհերինն աճում է։ Ստորև ներկայացված է, թե բուհերում և գիտական կազմակերպություններում ինչպես է փոխվել ասպիրանտների թիվը 2016-2023 թթ․ ընթացքում։ Եթե ուզում եք տեսնել միայն գիտական կազմակերպությունների ասպիրանտների թիվը, սեղմեք «Բուհերի ասպիրանտներ» կատեգորիայի վրա՝ փակելով այն, և հակառակը։   Վերջին տարիներին միայն ասպիրանտների թիվը չէ, որ նվազում է․ կառավարության կողմից բուհերին ու գիտական կազմակերպություններին հատկացվող ասպիրանտական տեղերը ևս 2020-2023 թթ․ նախորդ տարիների համեմատ քիչ էին։ Արդեն 2024-2025 ուսումնական տարում հատկացված ասպիրանտական տեղերը կտրուկ՝ 45%-անոց աճ են գրանցել։ Ասպիրանտական տեղերը կառավարությունը հատկացնում է բուհերի ու գիտական կազմակերպությունների հայտերի հիման վրա։ Ամեն կառույց կառավարությանը հայտ է ներկայացնում, թե քանի ասպիրանտի կարիք ունի տվյալ տարի, կառավարությունն էլ հայտերը հաստատում է՝ հաշվի առնելով մի քանի գործոններ, ինչպիսիք են առաջարկվող ասպիրանտական հետազոտության թեման, ղեկավարներին, գերատեսչությունների պահանջները և այլն։ ԲԿԳԿ նախագահի խոսքով պահանջված մասնագիտություններով դիմորդների ու մինչև ասպիրանտուրա հասնողներ թիվը մեծ չէ, բացի այդ՝ իրենք տեղեր հատկացնելիս կարևորում են, որ ասպիրանտական հետազոտությունների թեմաները մրցունակ լինեն։  ՄԿԻ տնօրեն Արսեն Առաքելյանը և ՔՖԻ տնօրեն Սեյրան Մինասյանն, օրինակ, նշում են, որ ավելի մեծ թվով ասպիրանտների ղեկավարելու հնարավորություն և ցանկություն ունեն, քան իրենց տեղեր են տրվում։  Դիտարկմանը, թե ոչ բոլոր կառույցներն են գոհ իրենց հատկացված ասպիրանտական տեղերից, Սարգիս Հայոցյանը պատասխանում է՝ պոտենցիալ ղեկավարներին ու մրցունակ թեմաներին ծանոթանալու նպատակով այս տարի ԲԿԳԿ-ն, բուհերից ու գիտական կազմակերպություններից հայտեր ստանալուն զուգահեռ, հայտերը հավաքագրելու է նաև անմիջապես ղեկավարներից։ Կոմիտեն նոր համակարգ է գործարկել, որտեղ ասպիրանտներ ղեկավարելու ցանկություն ունեցող գիտնականները կարող են մուտքագրել իրենց թեմաները։ Այս տարի ԲԿԳԿ-ն բուհերին ու գիտական կազմակերպություններին խնդրելու է ասպիրանտական տեղերի հայտերը ներկայացնելիս առաջնորդվել հենց այն թեմաներով, որոնք նոր համակարգի միջոցով ներկայացրել են այդ կառույցների պոտենցիալ ղեկավարները։ Սա, ԲԿԳԿ նախագահի խոսքով, հնարավորություն է տալու ավելի լավ ծանոթանալու մրցունակ թեմաներին և ղեկավարելու պոտենցիալ ունեցող գիտնականներին։ «Տեսականորեն հնարավոր է սցենար, որ որևէ կառույց 10 շատ լավ հայտով դիմի, հետո այդ 10 տեղը հատկացնի վատ հայտերին։ Դրա համար [ասպիրանտական տեղերը հատկացնելուց հետո] հսկելու ենք, և եթե շեղում եղավ, հաջորդ տարի անդրադառնալու է նրանց հատկացված տեղերի վերաբերյալ կայացրած որոշման վրա»,- ասում է նա։ ՔՖԻ տնօրեն Սեյրան Մինասյանը հայտերի ընդունման սկզբունքի նման փոփոխությունը դրական է գնահատում և հույս ունի, որ հայտերը ներկայացնելուց հետո իրենց այս տարի ասպիրանտական ավելի շատ տեղեր կհատկացվեն։ Սարգիս Հայոցյանը հիշում է, որ վերջերս ԲԿԳԿ-ն վերլուծություն էր իրականացրել, որը ցույց էր տվել՝ գիտությամբ զբաղվողների ու ասպիրանտների ղեկավարների վերածածկը Հայաստանում ընդամենը 10-20% է։ Մինչդեռ, ԲԿԳԿ նախագահի խոսքով, կարևոր է, որ ասպիրանտներին ղեկավարեն հենց այն մարդիկ, որոնք ակտիվ գիտական գործունեություն են ծավալում։ Սարգիս Հայոցյանն ասում է՝ հաշվի առնելով, որ ԲԿԳԿ-ն հետազոտական 400 թեմա է ֆինանսավորում, դա ասպիրանտական տեղերի պոտենցիալն է, այսինքն՝ ամեն մի թեմայով ասպիրանտական մեկ տեղ։ ԲԿԳԿ նախագահը չի բացառում, որ այս նոր սկզբունքով հայտերը հավաքագրելու հետևանքով գուցե ասպիրանտական տեղերի թիվը կրկին նվազի․ նա նշում է՝ այնպես չէ, որ ասպիրանտներին ղեկավարելու ցանկություն ունեցող գիտնականները շատ են։ Մյուս կողմից՝ հնարավոր է համարում, որ ղեկավարելու պոտենցիալ ունեցող երիտասարդ գիտնականներ կան, որոնք այդ հնավորությունը չեն ունեցել և հիմա կունենան, եթե հայտեր ներկայացնեն։ Սարգիս Հայոցյանը նշում է՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի ընդունումից հետո ասպիրանտական տեղերի հատկացման նոր կարգ է ընդունվելու, բացի այդ՝ օրենքը հնարավորություն է տալու, որ ասպիրանտներն արտասահմանից համաղեկավար ունենան։ Ասպիրանտների՝ գիտական կարիերա սկսելու և գիտության մեջ մնալու կարևոր նախապայմաններից է գիտական աստիճանի ստացումը։ Կարևոր է, իհարկե, շեշտել, որ որոշ դեպքերում մարդիկ նախընտրում են ասպիրանտուրա չդիմել, դառնալ հայցորդներ, թեկնածուական թեզի ուղղությամբ աշխատել և միանգամից գնալ պաշտպանության՝ ստանալով գիտական աստիճան։  Վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին նկատվում էր նաև գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ստացած անձանց թվի անկում, և միայն 2024-ին է էական աճ գրանցվել։ ԲԿԳԿ նախագահը նշում է, որ աստիճանաշնորհման նոր կարգով դրվելու է միջազգային տպագրության պահանջ։ Նա չի բացառում, որ այս պահանջի ներդրման հետևանքով կարող է թեկնածուի գիտական աստիճան ստացողների թիվը կրկին նվազել, չի բացառում նաև, որ թիվը կարող է նույնը մնալ, սակայն որակական փոփոխություն տեղի ունենա, հնարավոր է՝ նույնիսկ աճ գրանցվի։   Միավորումը՝ միակ և ամենաարդյունավետ լուծո՞ւմ Վերը նշված խնդիրները լուծելու և գիտության արդյունավետ սերնդափոխության նպատակով կառավարությունը նախատեսում է միավորել բուհերն ու գիտական կազմակերպությունները։ ԲԿԳԿ նախագահ Սարգիս Հայոցյանը նշում է՝ երիտասարդներին ներգրավելու առումով հաջողած գիտական կազմակերպությունները «բացառություններ են, որոնք գալիս են ապացուցելու օրինաչափությունները», և այդ «բացառիկ օրինակները» պայմանավորում է անհատական գործոններով։ Կառավարությունը, նրա խոսքով, խնդրին ցանկանում է ինստիտուցիոնալ լուծում տալ։  «Գիտությունը մեռնում է։ Կան որոշ բացառիկ ինստիտուտներ, որտեղ, այո՛, երիտասարդները շատ են կամ միայն երիտասարդներ են։ Բայց կա 35 հետազոտական ինստիտուտ։ Գիտական ինստիտուտներում 65 տարեկանից բարձր [գիտնականների թվի] մասին կանխատեսումը մտահոգիչ է․ 2028 թվականին մենք այդ սերնդում շատ ուժեղ անկում ենք ունենալու»,- ասում է ԲԿԳԿ նախագահը։ Ինչպե՞ս է կառավարությունը պնդում, որ բուհերի ու գիտական կազմակերպությունների միավորումը սերնդափոխության ամենաարդյունավետ գործիքն է, եթե բուհերի գիտական թիմերը, ամենամոտը լինելով ուսանողներին, միշտ չէ, որ կարողանում են երիտասարդացում ապահովել։ Այս հարցին ի պատասխան՝ Սարգիս Հայոցյանը նշում է՝ պետք է նայել պաշտոնական տվյալները՝ բուհերում իրական պատկերը տեսնելու համար։  ԲԿԳԿ պաշտոնական տվյալները՝ բուհերում 2023 թ․ բազային ֆինասնավորման ծրագրերում ներգրավված գինականների մասին (2024-ի տվյալներն ամփոփված չեն), ցույց են տալիս, որ առաջատարը Հայ-ռուսական համալսարանն (ՀՌՀ)* ու Մանկավարժական համալսարանն (ՀՊՄՀ) են, որտեղ մինչև 49 տարեկան գիտնականները 2023-ին կազմել են համապատասխանաբար 77% և մոտ 71%,  իսկ ամենավերջին տեղում Հայաստանի ազգային ագրարային համալսարանն է (ՀԱԱՀ)՝ մոտ 39%-ով։  Կրկին ԲԿԳԿ տվյալներից, սակայն, պարզ է դառնում, որ մի շարք գիտական կազմակերպությունների բազային ֆինասնավորման ծրագրերում ներգրավված մինչև 49 տարեկան գիտնականների համամասնությունն ավելին է, քան բուհերի մեծ մասում։ ԲԿԳԿ 2023-ի բազային ծրագրերում ներառված չէ ԻԿՐԱՆԵՏ  կենտրոնը, փոխարենը ներկայացված է ՔԵՆԴԼ սինքրոտրոնային հետազոտությունների կենտրոնը, որը մեր հավաքագրած տվյալներում ներկայացված չէ։ Շարունակելով բուհերի գիտական թիմերում երիտասարդներին ներգրավելու թեման՝ Սարգիս Հայոցյանը նշում է՝ բուհերը նոր են սկսել կառավարել իրենց գիտությունը, բուհերում կան գիտական լավ ստորաբաժանումներ, բայց այնտեղ էլ կրթությունն ու գիտությունն առանձնացած են։ «Այնպես չէ, որ ինչ-որ մեկից հիացած ենք, ինչ-որ մեկից դժգոհ ենք, այդ տպավորությունն էլ կա, ցավոք սրտի։ Բուհերում էլ մենք ունենք գիտությունն ու կրթությունն իրար մոտեցնելու խնդիր»,- ասում է նա։ ԲԿԳԿ նախագահն ապա շեշտում է, որ գիտական կազմակերպությունները չեն ներառվելու ներկայումս գործող բուհերի կազմում․ և՛ բուհերը, և՛ գիտական կազմակերպությունները խոշորանալու են, երկուսի միավորմամբ ձևավորվելու են խոշոր համալսարաններ, որոնք կառավարման բարեփոխված համակարգ են ունենալու։  «Ես երբեք չեմ պնդում, որ բուհերում գիտությունը շատ ավելի լավ է կառավարվում, քան ինստիտուտներում։ Պնդումը հետևյալն է․ բուհն ունի ուսանողների անընդհատ աղբյուր, որից, շատ լավ կլինի, որ գիտական ինստիտուտը ունենա որոշակի ինստիտուցիոնալ երակ սնվելու։ Այսօր ինստիտուտները երիտասարդացման հարցերը լուծում են ոչ ինստիտուցիոնալ ձևերով․ որոշ մարդիկ կան, որոնք դասավանդում են բուհերում կամ մագիստրոսական ծրագիր են անցկացնում, այսինքն՝ էլի «դիպչելով» բուհական համակարգին են բերում երիտասարդներին։ Այսօրվա բարեփոխման իմաստն այն է, որ դա լինի ինստիտուցիոնալ»,- ասում է նա։ Իսկ այդ ինստիտուցիոնալ համագործակցությունն, ըստ ԲԿԳԿ նախագահի, ունենալու է հետևյալ տեսքը․ նախ, ոչ բոլոր գիտնականներն են ունենալու դասավանդելու պարտավորություն․ դասավանդելու են նրանք, ովքեր ցանկանալու են, իսկ գիտական ինստիտուտներն իրենց լաբորատոր աշխատանքներսւմ ուսանողներին ներգրավելու պարտավորություն են ունենալու։ Ուսանողներն էլ կրթության պրոցեսում գիտությունից կտրված չլինելու հնարավորություն են ունենալու։  Հարցին՝ ուսումնասիրե՞լ են հաջողած գիտական ինստիտուտների փորձը՝ այդ փորձի հնարավոր ներդրման նպատակով, Սարգիս Հայոցյանը  պատասխանում է՝ իրենք «անգիր գիտեն բոլոր ինստիտուտները, և Կոմիտեի անձնակազմն էլ այդ ինստիտուտներից է գալիս»։  Իսկ ի՞նչ տվյալների ու փաստերի հիման վրա է կառավարությունը պնդում, որ սերնդափոխության ամենաարդյունավետ տարբերակը ոչ թե բարեփոխված գիտական կազմակերպություններ ու բուհեր ունենալն է, որոնք կգործեն առանձին ու կհամագործակցեն, այլ միավորումը։ Այս հարցին ի պատասասխան՝ ԲԿԳԿ նախագահը նշում է՝ Հայաստանում գիտությունը ծերանում ու մահանում է, և միայն ֆինանսավորումն ավելացնելը կամ երիտասարդներին ներգրավելը խթանելը բավարար չէ։ Սարգիս Հայոցյանի խոսքով պետք է ինստիտուցիոնալ խողովակ լինի, լաբորատորիաները պարտավորություն ունենան առնվազն մեկ ուսանողի իրենց հետազոտություններում ներգրավելու, որ կարողանան ընտրել այդ ուսանողներից լավագույններին։ Միևնույն ժամանակ, նա կարևորում է, որ կրթության մեջ հետազոտական բաղադրիչ լինի, և անգամ գիտական կարիերա չսկսելու դեպքում ուսանողները մրցունակ մասնագետներ դառնան։ Սարգիս Հայոցյանի խոսքով, բացի սերնդափոխությունից, կառավարությունը փորձում է միավորմամբ լուծել ծախսարդյունավետության խնդիրը։ Նրա խոսքով գիտական ինստիտուտները շատ են, և ամեն մեկն ունի առանձին վարչական անձնակազմ։  «Բուհերում ծախսարդյունավետությունը գիտության առումով շատ ավելի բարձր է, որովհետև բուհերը չեն կրկնօրինակում առնվազն վարչական անձնակազմն ամեն 20 հոգու համար»,- ասում է ԲԿԳԿ նախագահը։ Հարցին, թե ինչն է խանգարում խոշորացնել գիտական կազմակերպությունները և ունենալ մի քանի ուժեղ գիտական կազմակերպություն, նա պատասխանում է՝ բարեփոխումը պիտի ունենա առավելագույն արդյունավետություն։  «Կարող ես, այո՛, խտացնել բոլորին, ստանալ մի պետական ոչ առևտրային կազմակերպություն, վերադառնալ, դիցուք, այդ ինստիտուտի 1950 թ․ կարգավիճակին, երբ բոլոր աշխատակցիները երիտասարդ էին, էնտուզիաստիկ էին, հետո ծերանան էլի 50 տարով, ունենաս նույն խնդիրը։ Խնդիրը պետք է լուծես նաև պատմական հեռանկարի չափման մեջ։ Եթե օրենքով ստեղծում ես մի իրավիճակ, որտեղ գիտություն անելը հնարավոր է ու ավելի ձեռնտու է, բերում ես, դնում ես «հենց իր մատակարարման աղբյուրի կողքին», նա առաջնային ու ինստիտուցիոնալ հասանելիություն ունի այդ ուսանողներին, միակ մարտահրավերն է այդ լուսավոր ուսանողներին համոզել, որ գիտությամբ զբաղվելը լավ բան է։ Այնինչ, երբ բաժանված ես, ունես հեռավորությունը հաղթահարելու խնդիր, պատնեշ է այդ ամեն ինչի արանքում դրած, որտեղ գիտնականը պետք է ինքնուրույն այդ քայլերն քայլի, հասնի բուհ»,- ասում է Սարգիս Հայոցյանը։ ԲԿԳԿ նախագահը հիշեցնում է, որ մի քանի տարի առաջ կառավարությունը փորձեց նաև գնալ գիտական կազմակերպությունների խոշորացման ճանապարհով, սակայն «համակարգից դիմադրություն եղավ, ու չստացվեց»։  «Համակարգն ինքնուրույն առողջանալու կարողություն չունի․ վաղուց անդառնալիության կետը անցած է»,- ասում է նա՝ նշելով, որ չմիավորելը կնշանակի ժամանակավոր բժշկել ինստիտուտներն ու վաղ թե ուշ կրկին կանգնել ծերացման խնդրի առաջ։ Հիշեցնենք, սակայն, որ 2021-ին առնվազն ԳԱԱ նախագահությունը կողմ էր ինստիտուտների օպտիմալացմանը։ Հարցին, թե ինչու այսպիսի մեծ ու հավակնոտ փոփոխություններից առաջ կառավարությունը նախ պիլոտային ծրագիր չիրականացրեց, որի ժամանակ ի հայտ կգային ռիսկերը, կհիմնավորվեր, որ միավորումն իսկապես արդյունավետ լուծում է, Սարգիս Հայոցյանը պատասխանում է՝ հատվածական լուծումը չէր ունենա այն արդյունքը, ինչ ամբողջ համակարգի փոփոխությունը։ ԲԿԳԿ նախագահը շեշտում է, որ պիլոտ իրականացնելու ու մեծածավալ բարեփոխումները հետաձգելու ժամանակ չկա։ Նա նշում է՝ ինստիտուտների տարիքային խմբերի վերաբերյալ տվյալների ուսումնասիրություն են իրականացրել 2018, 2023 թվականների համար, ապա կանխատեսել՝ ինչպիսին կլինի պատկերը 2028-ին, և 65-ից բարձր տարիքային խմբի համար կանխատեսումը մտահոգիչ է։  «2028 թվականին անկում է լինլու 65 տարեկանից բարձրների մոտ»,- ասում է Սարգիս Հայոցյանը։  Դիտարկմանը, թե միավորմամբ այդ տարիքային խմբի անկման խնդիրը չի լուծվի, ԲԿԳԿ նախագահը պատասխանում է՝ տասը տարի հետո սկսելը կնշանակեր տասը տարով ուշացնել բարեփոխումը։  «Այս իրավիճակը բերում է այդ հետևանքներին, հետևաբար, երբ դու այդ իրավիճակի 10%-ում ես բարեփոխում անում, մնացածը շարունակելու է նույն տրամաբանությամբ, որովհետև ոչինչ չի արգելում նրանց գնալ այդ ուղղությամբ։ Երբ դու անում ես էպիզոդիկ, չես կարող ունենալ մասնակցայնության այն էֆեկտը, ինչը որ կունենայիր բոլորով անելու դեպքում։ Եթե բոլորով լծվենք այս գործին, հաջողությունը շատ ավելի բարձր է, քան եթե մենք մի փոքրիկ օազիս փորձեինք ստեղծել։ Չանելու ռիսկերը շատ ավելի մեծ են, քան անելու ռիսկերը»,- ասում է նա։ Հիշեցնենք, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նույն՝ «Ինչո՞ւ պիլոտային ծրագիր չեք իրականացնում» հարցին պատասխանել էր մի փոքր այլ կերպ։ Նախարարն անցած տարի մեզ հետ զրույցում պնդում էր, որ 2012-ին գերատեսչական երկու կենտրոններ Ագրարային համալսարանին միացնելը պիլոտային ծրագիր է եղել։ Այս միավորումը, սակայն, իրականացվել է 12 տարի առաջ և դուրս է ներկայումս կառավարության ձեռնարկած բարեփոխումների համատեքստից։ Սարգիս Հայոցյանի խոսքով միավորման մյուս նպատակն էլ տպագրությունների աճի պոտենցիալն է։ Նա նշում է, որ տպագրությունների աճը բուհերում «շատ ավելի դրամատիկ է», քան գիտական ինստիտուտներում։ «Բուհերում արդյունավետությունը շատ ավելի բարձր է, քան գիտական կազմակերպություններում, որովհետև շատ ավելի ճկուն են ու շատ ավելի մեծ հասանելիություն ունեն ուսանողներին։ ․․․․ Ես չեմ պնդում, որ այսօր մեր բուհերում գիտությունը կազմակերպվում է չքնաղ եղանակով, և հետևաբար՝ պետք է բոլոր ինստիտուտները գնան ու սովորեն բուհերից։ Բայց բուհերն այսօր, ծախսելով շատ ավելի քիչ վարչական ռեսուրս գիտության վրա, ստանում են շատ ավելի մեծ գիտական արդյունք, քան գիտական ինստիտուտները»,- ասում է նա։   *** Այսպիսով, չնայած վերջին տարիների որոշ դրական տեղաշարժերին, Հայաստանի գիտական համայնքի մարտահրավերներից է շարունակում մնալ արդյունավետ սերնդափոխության իրականացումը։ Որպես խնդրի լուծման ճանապարհ կառավարությունն առաջ է բերել պետական բուհերի և գիտական կազմակերպությունների՝ համալսարանական կլաստերներում միավորելու նախագիծը՝ պնդելով, որ այս ինտեգրումը կնպաստի առավել արդյունավետ սերնդափոխությանը՝ ապահովելով ուսանողների ուղիղ հոսք դեպի գիտություն։ Չնայած դրան՝ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի, Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի և մի շարք այլ գիտական կազմակերպությունների փորձը ցույց է տալիս, որ երիտասարդ հետազոտողների ներգրավման ռազմավարություն ունենալու դեպքում կարելի է արդյունավետ սերնդափոխություն իրականացնել նաև բուհերից առանձին գործելու պարագայում։  Գործադիրի համոզմամբ, սակայն, այս հաջողված օրինակները բացառություններ են, այլ ոչ թե օրինաչափություն, և միակ արդյունավետ ճանապարհը միավորումն է։ Սա այն դեպքում, որ այս ճանապարհի արդյունավետությունը հիմնավորող որևէ պիլոտային ծրագիր չի իրականացվել, իսկ վերոնշյալ գիտական ինստիտուտներում այսօր էլ սերնդափոխությունն առավել արդյունավետ է իրականացվում, քան շատ բուհերում։   *Տվյալների հավաքագրման մեթոդաբանությանը ծանոթանալու, հնարավոր շեղումները հասկանալու համար անցիր այս հղումով։  ⇑   ⇑   ⇑  ¹Կառավարությունը նախատեսում է ստեղծել 6 համալսարաններ կամ, այսպես կոչված, կլաստերներ՝ Դասական, Բժշկական, Տեխնոլոգիական, Արվեստների, Կրթական, Սպայական։ ԵՊՀ-ն և ՀՊՏՀ-ն մաս են կազմելու Դասական համալսարանի, ԵՊԲՀ-ն՝ Բժշկական, ՀԱՊՀ-ն և ՃՇՀԱՀ-ը՝ Տեխնոլոգիական, ՀՊՄՀ-ն՝ Կրթական, իսկ ՇՊՀ-ի և ՀՌՀ-ի՝ որևէ համալսարանում ներառվելու մասին տեղեկություններ չկան։ Այս պահին տեղեկություններ կան միայն Դասական, Բժշկական, Տեխնոլոգիական և Արվեստների համալսարաններում գիտական կազմակերպություններ ներառելու մասին։ Կրթականն, ըստ առկա տվյալների, ներառելու է միայն համալսարաններ, իսկ Սպայական համալսարանի կազմի մասին ոչ մի տեղեկություն դեռևս չկա։ Մանրամասները կարդա այստեղ։  ⇑  ²Գիտությունների ազգային ակադեմիան ունի 33 կառույց, որոնցից ամենաերիտասարդները առանձնացնելիս չենք ներառել երկուսը՝ Գիտակրթական միջազգային կենտրոնը և Փորձաքննությունների ազգային բյուրոն։ Առաջինը կրթական գործունեություն ծավալող կառույց է, որը 2024-ի դրությամբ չունի բազային ֆինանսավորում, և միայն մի քանի երիտասարդ գիտնականներ ներգրավված են դրամաշնորհային ծրագրերում, երկրորդը փորձաքննություններ իրականացնող կառույց է։  ⇑    Հեղինակ՝ Աննա ՍահակյանԳլխավոր նկարը՝ Սուսինա Խաչատրյանի
20:44 - 08 ապրիլի, 2025
Գալակտիկական տիեզերական ճառագայթները սրտանոթային համակարգի վրա երկարատև և սեռից կախված ազդեցություն ունեն | Հանրագիտ

Գալակտիկական տիեզերական ճառագայթները սրտանոթային համակարգի վրա երկարատև և սեռից կախված ազդեցություն ունեն | Հանրագիտ

Տիեզերական երկարատև առաքելություններին նախապատրաստվելիս կարևոր է հաշվի առնել, թե առողջական ինչ ռիսկեր կան տիեզերագնացների համար։ Այդպիսի ռիսկերից են գալակտիկական տիեզերական ճառագայթները, որոնք առաջանում են մեր գալակտիկայի ներսում տեղի ունեցող գործընթացների արդյունքում և պոտենցիալ վնաս են ներկայացնում կենդանի օրգանիզմների համար: Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտնականների և նրանց արտասահմանցի գործընկերների նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ գալակտիկական տիեզերական խառը տեսակի ճառագայթները կարող են օրգանիզմի վրա երկարատև ազդեցություն ունենալ՝ պոտենցիալ վնաս հասցնելով սրտանոթային համակարգի աշխատանքին, ինչպես նաև ունեն սեռային յուրատիպություն։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում։    Գիտնականների վարկածը Հետազության հեղինակները նշում են, որ գիտական գրականության մեջ տիեզերական ճառագայթման ազդեցությամբ պայմանավորված՝ քաղցկեղի և նեյրոդեգեներատիվ հիվանդությունների ռիսկերի առաջացման գործընթացները համեմատաբար լավ են նկարագրված: Սակայն սահմանափակ են կենդանիների և մարդկանց մասնակցությամբ հետազոտությունները՝ ճառագայթման հետևանքով սրտանոթային և այլ հիվանդությունների զարգացման ռիսկերի վերաբերյալ։ Գիտական գրականության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բարձր չափաբաժնով ճառագայթման և սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկի միջև նշանակալի կապ գոյություն ունի, սակայն ցածր չափաբաժնով ճառագայթումների մասին տվյալները հստակ չեն։   Այդ է պատճառը, որ գիտնականները հետազոտության համար ընտրեցին գամմա և գալակտիկական տիեզերական խառը տեսակի ճառագայթներ,¹ և մկներին ցածր չափաբաժնով ճառագայթման ենթարկելով՝ ուսումնասիրեցին վերջիններիս օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունները՝ հասկանալու համար առողջության վրա ունեցած հնարավոր ազդեցությունները։ Նրանք վարկածն այն էր, որ այս ճառագայթումները կարող են ունենալ քրոնիկ ազդեցություն և տիեզերական երկարատև առաքելությունների ժամանակ բարձրացնել սրտանոթային հիվանդությունների զարգացման հարաբերական ռիսկը։ Գիտնակակնները ենթադրում էին, որ կախված մկների սեռից, ճառագայթման տեսակից և ճառագայթումից հետո անցած ժամանակից՝ կարող են ազդեցության որոշ փոփոխություններ նկատվել։    Թեմայի ընտրությունն ու հետազոտության ընթացքը Հոդվածի առաջին հեղինակ, կենսաբանական գիտությունների թեկնածու Ռոքսանա Զախարյանը Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Մարդու գենոմիկայի լաբորատորիայի ավագ գիտաշխատող է, Հայ-Ռուսական համալսարանի Գենոմի խմբագրման և երրորդ սերնդի սեքվենավորման կենտրոնի ղեկավար։ Մարդու գենոմիկայի լաբորատորիան ուսումնասիրում է հոգեկան առողջության, միջերկրածովյան ընտանեկան տենդի (հայտնի է որպես երևանյան հիվանդություն) և այլ հիվանդությունների վրա ազդող գենետիկական ռիսկերը։  Ռոքսանա Զախարյանը Ռոքսանա Զախարյանը նշում է՝ այս հետազոտության թեմայի ընտրության առիթ հանդիսացավ Սրտանոթային հետազոտությունների ինստիտուտի (Մաունթ Սինայի համալսարան, Նյու Յորք) պրոֆեսոր Դավիթ Ղուկասյանի հետ համագործակցությունը։ Գիտնականի խոսքով Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը պրոֆեսոր Ղուկասյանի հետ կենսաինֆորմատիկայի ոլորտում համատեղ աշխատելու առիթներ նախկինում ունեցել էր, սակայն համագործակցությունը ֆորմալ հիմքերի վրա դրվեց ADVANCE հետազոտական ծրագրի մեկնարկով, որը ենթադրում է Հայաստանում հետազոտական թիմերի ձևավորում՝ արտասահմանից գիտական համաղեկավարի ներգրավմամբ։ Ռոքսանա Զախարյանը նշում է, որ պրոֆեսոր Ղուկասյանը ճառագայթումների ազդեցության ուսումնասիրման երկար տարիների փորձ ունի և համագործակցում է Օդագնացության և տիեզերական խառը տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) հետ։ Այսպիսով, համատեղ հետազոտության առաջին փուլում Մաունթ Սինայի համալսարանում նախ իրականացվեցին մկների մասնակցությամբ փորձերը․ երեք ամսական արու և էգ մկները ենթարկվեցին գամմա և գալակտիկական տիեզերական խառը տեսակի ճառագայթման։ Ե՛վ արու, և՛ էգ մկներից նմուշառում իրականացվեց ճառագայթումից 16 ամիս հետո։ Հաջորդ նմուշառումը նախատեսված էր իրականացնել 22 շաբաթ հետո, ինչը և արվեց արու մկների դեպքում։ Սակայն հաշվի առնելով այն փաստը, որ էգ մգների մոտ սկսել էին վաղաժամ մահվան դեպքեր արձանագրվել, նրանցից երկրորդ նմուշառումն իրականացվեց ճառագայթումից 18,5 ամիս հետո։  Նմուշառումից հետո ճառագայթման ենթարկված մկների մասնակցությամբ իրականացված գենետիկական հետազոտությունների տվյալներն ուղարկվեցին Հայաստան՝ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ, որտեղ իրականացվեց տվյալների մշակումը և վերլուծությունը։ Գենոմի խմբագրման և երրորդ սերնդի սեքվենավորման կենտրոնում Գիտնականները սկսեցին սրտի աջ և ձախ փորոքներից՝ փորձելով հասկանալ, թե այս հյուսվածքներում գեների էքսպրեսիայի ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել ճառագայթումից հետո, և արդյո՞ք այդ փոփոխությունները սրտանոթային համակարգի այս կամ այն հիվանդության զարգացման գործում որևէ դեր ունեն։ Մինչ կանցնենք հետազոտության արդյունքներին, հասկանանք, թե ինչ գործառույթներ ունեն սրտի փորոքները, և ինչ է գեների էքսպրեսիան։ Աջ և ձախ փորոքները սրտի բաղկացուցիչ մասերից են, որոնց միջոցով իրականացվում է արյան շրջանառության գործընթացը․ արյունը սրտից գնում է թոքեր, հարստանում թթվածնով, վերադառնում սիրտ ու տարածվում արյունատար համակարգով։ Իսկ գեների էքսպրեսիան ցույց է տալիս, թե որ գեներն ինչպես են արտահայտված օրգանիզմում։ Մեր օրգանիզմի բոլոր բջիջները պարունակում են գենետիկական միևնույն հիշողությունը, սակայն կախված բջիջների տեսակից՝ դրանցում արտահայտվում են կոնկրետ գեներ, որոնց միջոցով էլ իրականացվում են կենսական նշանակության ամենատարբեր գործընթանցեր՝ սկսած արյան շրջանառությունից մինչև նյութափոխանակություն։ Այս կամ այն տեսակի բջիջներում հենց ակտիվ գեներն են պայմանավորում բջիջների տվյալ տեսակի ֆունկցիան։  Սրտի հյուսվածքի բջիջներում, օրինակ, արտահայտված են լինում այնպիսի գեներ, որոնք պատասխանատու են սրտի աշխատանքի և արյան շրջանառության համար։ Սակայն երբ ինչ-ինչ պատճառներով (օրինակ՝ ճառագայթման ազդեցությամբ) կոնկրետ հյուսվածքի բջիջներում գեների էքսպրեսիան փոխվում է (այս կամ այն գենը արտահայտված է լինում չափից ավելի շատ կամ քիչ), օրգանիզմի բնականոն գործընթացները կարող են խաթարվել՝ առաջացնելով տարբեր բարդություններ ու հիվանդություններ։ Այսպիսով, գամմա և գալակտիկական տիեզերական խառը տեսակի ճառագայթների հնարավոր ազդեցությունը սրտանոթային համակարգի վրա հասկանալու համար գիտնականները վերլուծեցին, թե գեների էքսպրեսիան ինչպես է փոփոխվել սրտի հյուսվածքներում, մասնավորապես՝ աջ և ձախ փորոքներում։ Այս հետազոտության շրջանակում ներկայացված են ձախ փորոքում դիտված փոփոխությունները։ Ռոքսանա Զախարյանը նշում է՝ աջ փորոքի վերաբերյալ տվյալները վերլուծվել են, և առաջիկայում նախատեսում են դրա վերաբերյալ ևս հրապարակում ունենալ։   Հետազոտության արդյունքները Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ճառագայթման հետևանքով սրտի ձախ փորոքում գեների էքսպրեսիայի տարբերություններ են նկատվում։ Գալակտիկական տիեզերական խառը տեսակի ճառագայթման դեպքում այդ տարբերությունները նկատվում էին անգամ 18,5 (էգ մկների մոտ) և 22 (արու մկների մոտ) ամիս անց, ինչը նշանակում է, որ ճառագայթման այդ տեսակը երկարատև ազդեցություն ունի օրգանիզմի վրա։ Գամմա ճառագայթման դեպքում ազդեցությունն այդքան երկար չէր։  Բացի այդ՝ գալակտիկական տիեզերական խառը տեսակի ճառագայթումն ավելի շատ գեների էքսպրեսիայի փոփոխության էր հանգեցրել, քան գամմա ճառագայթումը։   Ընդհանուր առմամբ, գիտնականները հետազոտության մասնակից էգ մկների մոտ հայտնաբերեցին փոփոխված էքսպրեսիայով 174 գեն, արուների մոտ՝ 70։ Չնայած էգերի մոտ փոփոխված էքսպրեսիայով գեներն ավելի շատ էին, Ռոքսանա Զախարյանը նշում է՝ արուների մոտ երկարաժամկետ ազդեցությունն ավելի զգալի էր։ Համակարգչի էկրանի պատկերում երևում է, որ փոփոխված էքսպրեսիայով բոլոր գեներից միայն 6-ն էր համընկնում Փոփոխված էքսպրեսիայով այս բոլոր գեներից ընդամենը 6-ն էր արուների և էգերի մոտ համընկնում: Եվ հետաքրքիր է, որ գրեթե բոլոր համընկնող գեները ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված էին կենսառիթմի հետ:  Կենսառիթմը օրգանիզմում 24-ժամյա ռեժիմով տեղի ունեցող փոփոխությունների  ցիկլն է, որն ազդում է ֆիզիոլոգիական գործընթացների վրա՝ քնել-արթնանալ, հորմոնների արտազատում, ախորժակ և մարսողություն, մարմնի ջերմաստիճան։ Կենսառիթմի խանգարումները կարող են ազդել առողջության վրա։ Հոդվածի հեղինակներն, օրինակ, հղում են կատարում նախկինում իրականացված հետազոտություններից մեկին, ըստ որի՝ կենսառիթմի խանգարումներն ազդում են սրտանոթային համակարգի աշխատանքի վրա։  Հետազոտության արդյունքներն, այսպիսով, ցույց են տալիս, որ գալակտիկական տիեզերական խառը տեսակի ճառագայթման ազդեցությունը երկարատև է թե՛ արական, թե՛ իգական մկների մոտ, և այդ ազդեցությունը հատկապես նկատվում է արու մկների մոտ 16 շաբաթ հետո։    Ի՞նչ են նշանակում այս արդյունքները Հետազոտության հեղինակները նշում են, որ ճառագայթման ազդեցությունների երկարաժամկետ պահպանումը ձախ փորոքի հյուսվածքներում կարող է առողջական ռիսկեր ներկայացնել, և ընդգծում են տիեզերական առաքելություններից առաջ մեղմացնող ռազմավարությունների մշակման անհրաժեշտությունը: Կարևոր է, սակայն, շեշտել, որ գեների էքսպրեսիայի վրա ազդեցությունը, ինչպես նաև փոփոխված էքսպրեսիայով գեների ու սրտանոթային համակարգի հիվանդությունների միջև կապը անպայմանորեն չի նշանակում հիվանդության զարգացում։ Ավելի պարզ ասած՝ պարտադիր չէ, որ տիեզերական առաքելությունների մասնակցած և գալակտիկական տիեզերական խառը տեսակի ճառագայթման ենթարկված աստղագնացների օրգանիզմների վրա անպայման երկարատև ազդեցություն լինի, և սրտանոթային համակարգի աշխատանքի որևէ խնդիր առաջանա։  «Կենսաբժշկության մեջ ամեն ինչ հավանականային բնույթ է կրում․ խոսքն ընդամենը բարձր կամ ցածր ռիսկի մասին է։ Բայց անգամ այդ ռիսկի մասին տվյալները շատ կարևոր են։ Եթե տիեզերական առաքելություններին անդրադառնանք, ապա կարևոր է ունենալ տեղեկություն, թե ինչ կարող է լինել մարդու հետ, որն ունի, ենթադրենք, որոշակի առողջական խնդիրներ կամ չունի առողջական խնդիրներ, բայց ճառագայթման ազդեցությամբ տիեզերքում դրանք կարող են առաջանալ։ Այդ տեղեկությունը թույլ կտա կանխատեսումներ անել կամ հնարավորինս պատկերացնել՝ տիեզեքրում այդ խնդիրն ինչպես պետք է լուծվի։ Մեր թիմային աշխատանքը հենց դրան էր ուղղված»,- ասում է հետազոտության համահեղինակ Ռոքսանա Զախարյանը։ Կարևոր է նաև շեշտել, որ սա կենդանիների մասնակցությամբ հետազոտություն է, և տիեզերագնացներից վերցված նմուշների ուսումնասիրությունը կարող է հավելյալ տեղեկություններ հաղորդել ճառագայթումների ազդեցության մասին։ Հետևաբար՝ այս հետազոտությունը տիեզերական առաքելությունների կազմակերպիչներին տեղեկացնում է հնարավոր ռիսկերի մասին, ինչը կօգնի վերջիններիս հատկապես երկարաժամկետ առաքելություններ պլանավորելիս։ Ռոքսանա Զախարյանի ուսանողները Ռոքսանա Զախարյանը նշում է՝ հետազոտության ընթացքին մասնակցել են նաև ուսանողներ Հայ-Ռուսական համալսարանից։ Ուսանողներից մեկին էլ թեման այնքան է հետաքրքրել, որ վերջինս իր ասպիրանտական թեզն իրականացնում է հենց օրգանիզմի վրա ճառագայթումների ազդեցության վերաբերյալ։   ¹Գալակտիկական տիեզերական խառը տեսակի ճառագայթումը բաղկացած է մի քանի տեսակի ճառագայթներից և տարբեր տարրերի միջուկներից։ Գամմա ճառագայթումը Տիեզերքում առաջանում է բարձր ջերմաստիճան և մեծ էներգիա ունեցող օբյեկտներից, ինչպիսիք են նեյտրոնային աստղերը կամ սև խոռոչների շրջակայքում գտնվող տարածքները: Գլխավոր լուսանկարը՝ ՆԱՍԱ-ի Հեղինակ՝ Աննա ՍահակյանԼուսանկարները՝ Ռոման Աբովյանի Կարդացեք նաև «Հանրագիտ» շարքի նախորդ հոդվածը՝ «Հեյդար Ալիևի հռետորաբանության փոփոխությունները․ համագործակցությունից մինչև պատերազմական նարատիվ | Հանրագիտ»   «Հանրագիտ» շարքն իրականացվում է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ֆինանսավորմամբ։      
21:16 - 09 մարտի, 2025
Հումանիտար և հասարակական գիտությունների միջազգայնացումը․ միջազգային ու հայկական ամսագրեր և պետական կարիքներ

Հումանիտար և հասարակական գիտությունների միջազգայնացումը․ միջազգային ու հայկական ամսագրեր և պետական կարիքներ

Ի՞նչ խնդիրներ են Հայաստանում դրված հումանիտար ու հասարակական գիտությունների առջև, ինչպե՞ս կարող են դրանք ծառայել պետության կարիքներին, ի՞նչ է նշանակում միջազգայնացնել գիտությունն, ու ի՞նչ դեր ունեն վերլուծական կենտրոնները։ Փետրվարի 14-15-ին անցկացվեց «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած «Գիտություն և տեխնոլոգիա․ դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» խորագրով համաժողովը։ Համաժողովի առաջին օրը նվիրված էր հումանիտար ու հասարակական գիտություններին։ Հաջորդիվ գիտության միջազգայնացման հարցերն էին քննարկում Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Հնագիտության ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը, Հայաստանում Ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) դասախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Արշակ Բալայանը և Քաղաքակրթական մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, ՀԱՀ դասախոս Նարեկ Սուքիասյանը քննարկում էին գիտության միջազգայնացմանը, հայերեն տպագրություններին ու պետական կարիքին վերաբերող հարցեր։  Քննարկումը վարում էր Հնագիտության Ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, ՀԱՀ դասախոս Լիլիթ Ղազարյանը։ Առաջինը քննարկման մասնակիցները պատասխանում էին այն հարցին, թե ինչ է նշանակում գիտության միջազգայնացում, և հումանիտար, հասարակագիտական ուղղություններում ինչ չափորոշիչներ կան, որոնցով գիտությունը համարվում է միջազգային։  Էդիտա Գզոյանը նկատեց՝ գիտության միջազգայնացումն արհեստական տերմին է, և «գիտությունն ինքնին պետք է միջազգային լինի»։ Էդիտա Գզոյանը Արշակ  Բալայանը համաձայնեց, որ գիտությունը համամարդկային է, սակայն նաև շեշտեց՝ տարբեր հետազոտական խմբեր ունեն մոտեցումների նուրբ տարբերություններ, և հանուն արտասահմանում հրատարակվելու պետք չէ խուսափել յուրովի մոտեցումից․ «Լինում է, երբ գիտնականները, կռահելով տվյալ ամսագրի առաջնահերթությունները, փորձում են իրենց դրույթները, թեզերը, պնդումները համաձայնեցնել խմբագիրների քիմքին և ոչ թե արտահայտել այն մտքերը, այն եզրահանգումները, որոնց իրենք հանգել են, որոնց օգտին ունեն բավարար հիմքեր»։  Գիտնականը նաև նշեց՝ պետության վերջին տարիների քաղաքականությունն օգնում է միջազգայնացմանը, տպագրությունների թիվն ավելացել է։  Արսեն Բոբոխյանը նշեց՝ գիտելիքը գոյություն ունի մեզնից անկախ, և երբ գիտելիքին մոտենալու մեթոդները նմանվում են, ուրեմն գործ ունենք միջազգային գիտության հետ։ Նա նաև շեշտեց, որ թե՛ հումանիտար ու հասարակագիտական, թե՛ բնագիտամաթեմատիկական ուղղությունների դեպքում այդ մեթոդաբանությունը նույնն է։  «Երբ մենք խոսում ենք հայկական գիտության մասին, մենք պիտի հաշվի առնենք այն հանգամանքը, որ այդ գիտությունը որոշակի լանդշաֆտում է ստեղծվել, որոշակի տարածության մեջ, և այդ տարածությունը ուղղակիորեն ազդել է այն մարդկանց վրա, որոնք վարում են այդ գիտությունը, որոնք այդ գիտությունը մտցնում են շրջանառության մեջ։ Եվ այդ սուբյեկտիվությունից, հատկապես հումանիտար գիտություններում, դժվար է խուսափել։ Եվ այնտեղ, որտեղ մենք հեռանում ենք սուբյեկտիվությունից, մոտենում ենք միջազգային գիտությանը»,- ասաց Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենը։ Նարեկ Սուքիասյանը միջազգայնացման համատեքստում մի խնդրի անդրադաձրավ․ հումանիտար և հասարակագիտական ուղղություններում ուսանողներին համապատասխան մեթոդաբանություն չի դասավանդվում, և այն գիտնականները, որոքն միջազգային տպագրություններ ունեն, կա՛մ արտասահմանում են կրթվել, կա՛մ էլ ինքնուրույն են գտել այդ ճանապարհները։  Նարեկ Սուքիասյանը Էդիտա Գյոզյանը նշեց՝ միջազգայնացում նշանակում է ոչ միայն տպագրվել միջազգային պարբերականներում, այլ նաև միջազգային շտեմարաններում ինդեքսավորել հայկական ամսագրեր։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը հիշում է՝ իրենց ոլորտի ամենահեղինակավոր ամսագրերից մեկը հոդվածներից մեկում չէր թողնում գործածել Կոնստանդնուպոլիս բառը և առաջարկում էր այն դարձնել Ստամբուլ։ Բովանդակային նման սահմանափակումները որոշ դեպքում շրջանցելու ճանապարհներ, ըստ գիտնականի, գտնվում են, սակայն նման դեպքերից խուսափելու համար կարևոր է առաջխաղացնել նաև հայկական ամսագրերը։ «Մեր ինստիտուտում երկու ամսագիր ենք տպագրում, մեկը՝ հայերեն, մյուսը՝ անգլերեն, և բացի այն, որ մեր գիտաշխատողները խրախուսվում են արտասահմանում տպագրվել, մենք նաև փորձում ենք մեր ամսագիրը ինտեքսավորել WOS և Scopus հարթակներում այն նպատակով, որ կարողանանք և՛, օրինակ, Կոստանդնուպոլիս բառը, և՛ մեր տեղանունները հանգիստ օգտագործել ու նաև այդ ձևով մեր օրակարգը թելադրել ու առաջ տանել»,- ասաց նա։ Գիտնականը կարևորեց նաև ինդեքսավորված ամսագրերում տպագրվելու հանգամանքն այն պատճառով, որ այդպես հնարավոր է հասնել միջազգային գիտական հանրությանը։ Նա նշեց՝ համաժողովից առաջ գործընկերների հետ ստուգել է, թե վերջին 30 տարիների ընթացքում հայաստանյան ամսագրերում տպագրված հոդվածներին քանի հղում է կատարվել։ Պարզվել է, որ հղումների թիվն ընդամենը հազար է, ու հղումները կատարվել են մեծամասամբ անգլերեն ու ռուսերեն հոդվածներին։ «Հայերեն գրելու պարագայում շանսերը, որ մեզ կկարդան, ու մեր խոսքը լսելի կլինի արտասահմանում, բավական քիչ են։ ․․․․ Երբ գիտնականները սկսում են ինչ-որ նյութ փնտրել, որպեսզի օգտագործեն, նայում են, թե ինչ ամսագրերում են դրանք տպված, և WOS-ն ու Scopus-ը, կարծեք, ֆիլտր են, որոնք տարանջատում են մտցնում ամսագրերի մեջ։ Շատ հավանական է, որ մի գիտնական, որն, օրինակ, չի ճանաչում՝ այս անուն-ազգանունով մարդը ով է, նայում է, թե որ ամսագրում է տպված նրա հոդվածը, և եթե հեղինակավոր ամսագրում է, դա արդեն ավելի շատ հնարավորություն է տալիս, որ մեր խոսքը լսելի լինի»,- ասաց Էդիտա Գզոյանը։ Հայկական գիտական ամսագրերի խնդիրների համատեքստում Նարեկ Սուքիասյանն առաջակեց խրախուսել դրանց խմբագրական կազմերում արտերկրից խմբագրական գրախոսներ ներառելու պրակտիկան։ Էդիտա Գզոյանն էլ հավելեց՝ ամսագրերի որակի բարձրացման ուղղությամբ միայն պետությունը չէ, որ պիտի քայլեր անի․ «Պետության կողմից պարբերաբար առաջարկներ եղել են խմբագիրներին անել փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան օգնելու այդ ամսագրերին ինդեքսավորվելու։ Ասեմ, որ արձագանքը խմբագրական տներից, մեղմ ասած, գոհացուցիչ չի եղել, ինչի արդյունքը այն է, որ մեր ամսագրերը, որոնք որ 4-5-ն էին, հիմա 3-ն են դարձել միջազգային շտեմարաններում»։ Նա նշեց՝ ի տարբերություն Հայաստանի՝ հարևան երկրներն ինդեքսավորման ուղղությամբ ավելի ակտիվ են․ միջազգային շտեմարաններում Վրաստանը 6 ամսագիր ունի, Ադրբեջանն՝ 9, Թուրքիան՝ 375։ Պանելիստներին ուղղված հաջորդ հարցը գիտաժողովներին մասնակցությունն էր, որոնք, ի տարբերություն միջազգային տպագրությունների, ատեստավորման նոր կարգով գիտական արդյունք չեն համարվում։ Լիլիթ Ղազարյանը Նարեկ Սուքիասյանը նշեց՝ եթե միջազգայնացում ասելով՝ նկատի են առնվում նաև միջազգային համագործակցությունները, ապա պետք է հաշվի առնել, որ այդպիսի  համագործակցությունները ձևավորվում են կոնֆերանսների ժամանակ, ծանոթությունների հիման վրա։ Էդիտա Գզոյանը նշեց՝ ատեստավորման ներկայիս պահանջները մինիմալ պահանջներ են, և ոչ մեկը չի արգելում դրանցից դուրս մասնակցել գիտաժողովների կամ հայերեն հոդվածներ կամ մենագրություններ գրել․ «Ավագ գիտաշխատողից, բաժնի վարիչից հինգ տարվա համար միակ պահանջը մեկ հոդվածի տպագրումն է միջազգային ամսագրերում։ Եկեք ընդունենք, որ ծիծաղալի է։ Այսինքն՝ գիտնականը հինգ տարի աշխատի և ընդամենը մի հոդված տպի, և դա համարենք մի այնպիսի բան, որ չենք կարող հասնել, ճիշտ չէ։ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հետ շփումների ժամանակ մշտապես նշում էին, որ դրանք մինիմալ պահանջներն են, և յուրաքանչյուր ինստիտուտ, ելնելով իր առանձնահատկություններից, պետք է ավելացնի այդ ատեստացիայի փաստաթղթի վրա, ինչը մեր ինստիտուտի պարագայում արել ենք։ Օրինակ, հայերենի հուշագրությունները մեզ համար կարևոր են, ավելացրել ենք հուշագրությունների խմբագրություն կետը․ եթե ինչ-որ գիտնական պիտի մասնակցի ատեստացիայի, պետք է ունենա, օրինակ, խմբագրված հուշագրություն, որպեսզի կարողանա հավակնել որևէ պաշտոնի։ Նաև ներառել ենք միջազգային գիտաժողովների մասնակցությունը, ու անկեղծ ասած՝ չեմ պատկերացնում գիտնականի, որը չի մասնակցում միջազգային գիտաժողովի․ կապ չունի՝ դրա համար միավոր ստանում է, թե չի ստանում»։ Արշակ Բալայանն էլ հավելեց, որ գիտաժողովներն, իհարկե, կարևոր են, սակայն հոդվածների տպագրումը շատ ավելի մեծ ջանք ու աշխատանք է պահանջում, և բնական է, որ Կոմիտեն գիտաժողովներին այնքան մեծ տեղ չի հատկացնում, որքան հոդվածներին․ «Բայց միգուցե պիտի լինեն մեխանիզմներ, հատկապես հաշվի առնելով մեր տնտեսական վիճակը, գիտնականների սոցիալական վիճակը և այլն, որ եթե կան լավ գիտաժողովներ, ապա դրանց մասնակցության հնարավորությունը պետությունը պիտի վերցնի իր վրա։ Միգուցե ունենանք տարբերակված մոտեցում․ գիտաժողովին մասնակցությունը նույնպես խրախուսենք, բայց ոչ այնքան շատ, ինչքան հոդվածը»։ Գիտության միջազգայնացման ու համագործակցությունների առումով Նարեկ Սուքիասյանը կարևորեց Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հեռավար լաբորատորիաների ստեղծման ծրագիրը։ Այս ծրագրով, հիշեցնենք, արտասահմանից գիտնականի համաղեկավարությամբ Հայաստանում լաբորատորիաներ են հիմնադրվում։ Գիտկանանն առաջարկեց՝ որպեսզի խուսափենք երբեմն հանդիպող այն պրակտիկայից, որ արտերկրից համաղեկավարը սիմվոլիկ դեր է խաղում, և ամբողջ աշխատանքն արվում է այստեղ, այդ համագործացկությունները դառնան կազմակերպությունների ու ոչ թե անհատների միջև։  Արսեն Բոբոխյանը միջազգայնացման համատեքստում կարևորեց նաև սերնդափոխությունը։ Նա նշեց՝ տարեց գիտնականներին հնարավոր չի լինում ուղարկել թոշակի երկրում ցածր թոշակների պատճառով, իսկ նոր մտածելակերպի ներդրաման համար պիտի սերնդափոխություն տեղի ունենա․ «Եվ այսպիսի փոքր խնդիրներից է կախված նաև միջազգայնացման խնդիրը։ Ի վերջո, տեսակետներ պիտի փոխվեն, զարգացման նոր միտումներ պիտի լինեն, և այդ միտումները պիտի իրականացնի նոր սերունդը։ Ու փոփոխությունները շատ արագ պիտի տեղի ունենան»։ Նարեկ Սուքասյանը նկատեց՝ գուցե գիտության միջազգայնացմամբ պետությունը մի քանի այլ նպատակներ էլ ունի։ Առաջինն այն է, որ միջազգայնացումն օգտագործվում է որպես միջոց չափանիշներին չհամապատասխանող գիտնականներին ու դասավանդողներին ոլորտից դուրս թղնելու համար։ Մյուս նպատակն, ըստ գիտնականի, կարող է լինել հետևյալը․ քանի որ պետությունն ինքը չի կարողանում լուծել տեղական ամսագրերի խնդիրը, գիտական աշխատանքները ֆիլտրելու գործը «արտապատվիրակում է» արտասահմանյան ամսագրերին։ «Այստեղ քաղաքականության անկեղծության հարց էլ կա․ արդյո՞ք մենք գիտության միջազգայնացում ենք ուզում, թե՞ դրա տակ պարզապես փորձում ենք վատորակ բաներից ազատվել, որոնք ինքներս չենք կարողանում մեր միջոցներով կարգավորել»,- ասաց Նարեկ Սուքիասյանը։ Խոսելով միջազգայացմանը զուգահեռ Հայաստանի համար կարևոր խնդիրներով զբաղվելու հարցից՝ էդիտա Գզոյանը նշեց, որ պատվերի ձևավորման հարցում դեր ունեն նաև գիտական կազմակերպությունների տնօրենները, ու հենց նրանք կարող են հասկանալ պետության առաջնահերթություններն ու ըստ դրանց՝ խնդիրներ սահմանել։  Նարեկ Սուքիասյանն էլ պետական պատվերի փոխարեն ավելի մինիմալիստական ձևակերպում արեց՝ պետական կարիք՝ նշելով, որ եթե անգամ պատվերը չկա, պետությունը կարող է գիտնականներին տեղեկացնել իր կարիքնեի մասին․ «Ինչքանո՞վ են, օրինակ, մեր սոցիոլոգիական դպրոցներն օգտագործվում քաղաքականություն մշակելուց առաջ տվյալներ հավաքելու և հասկանալու համար այն հասարակությանը, խմբերին, որոնց այդ քաղաքականությունները վերաբերելու են։ Օրինակ՝ Էստոնիայում արտգործնախարարությունը համալսարաններին, որոնք միջազգային հարաբերությունների մասնագետներ են պատրաստում, առաջարկում է թեմաների ցանկ՝ դիպլոմային, մագիստրոսական թեզերի համար։ Ու սա թե՛ կարող է աշխատաշուկայի համար լավ լինել, երբ պետությունը քեզ ասում է՝ այսինչ միջազգային խնդրով մենք կարիք ունենք ավելի լավ գիտելիքների, թե՛ դրա մասնագետը դառնալով՝ դու կարող ես քո տեղը գտնել այդ կառույցում, բայց նաև սա ինչ-որ ազդակներ է ուղարկում ինստիտուտների տնօրեններին, որոնք իրենց առաջնահերթությունները մշակելիս նաև հաշվի կառնեն պետական կարիքները»։ Արշակ Բալայանն էլ հավելեց՝  կառավարություններն, իհարկե կարող են իմանալ իրենց որոշ խնդիրներ, բայց միշտ չի, որ այդ խնդիրները լավ են հասկանում․ «Իմ շատ սահմանափակ փորձը ուշում է, որ կառավարիչները շատ հաճախ տեսնում են ծառերը, չեն տեսնում անտառը։ Գիտնականները շատ հաճախ անտառն են տեսնում, մանրամասները չգիտեն։ Այստեղ համագործակցության մեծ խնդիր կա, որ մենք հասկանանք՝ հատկապես ինչն է, որի կարիքը կա և հնարավոր է իրականացնել Հայաստանի տնտեսական, քաղաքական, իրականության պայմաններում» Գիտնականը կարևորեց նաև ուսումնասիրել հաջողված օրինակները։ Նա նկատեց՝ հումանիտար, հասարակագիտական ուղղություններով գիտական կառույցներ կան, որոնք միջազգայնացման և այլ առումներով հաջողել են․ «Այդ ի՞նչ եղավ, որ այս մի ինստիտուտի մոտ ամեն ինչ ստացվում է, այն մյուս ինստիտուտի մոտ չի ստացվում, ո՞րն է գաղտնիքը։ Ունեցել են պարզապես լավ ղեկավա՞ր, պարզապես պետությունը մի քիչ ավելի մեծ ֆինանսավորո՞ւմ է հատկացրել, թե՞ ունեցել են, օրինակ, տարիներ առաջվանից լավ գործընկերներ, որոնց հետ սերտորեն աշխատել են։ Սա պետք է լրջորեն ուսումնասիրել, և արդյունքը կլինի ուսանելի բոլորի համար, որովհետև այդ դեպքում կլինեն ոչ միայն ներսից մարդկանց անեգդոտիկ դիտարկումներ, այլև համակարգված հիմնավոր կարծիք, որը կփորձենք կրկնօրինակել այլ ոլորտներում»։  Արսեն Բոբոխյան էլ առաջարկեց տեղափոխվել հինգերորդ դար, երբ Վռամշապուհ արքան Մեսրոպ Մաշտոցին ու Սահակ Պարթևին գործուղեց արտասահման, նրանք էլ այնտեղ ուսումնասիրեցին միջազգային փորձը, բերեցին, ներդրեցին Հայաստանում՝ ստեղծելով հայոց այբուբենը․ «Մենք պիտի նաև մեր նախնիներից սովորենք մեծ նշանակություն տալ մշակույթին, լեզվին և երբեք չդնել որևիցե խոչընդոտ ազգային, միջազգային հասկացությունների միջև։ Դրանք շաղկապված են իրար, և առանց ազգայինի չի կարող լինել միջազգայինը»։  Կարդացեք նաև համաժողովի նախորդ քննարկումը՝  գիտության քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաև հաջորդ քննարկումը՝ մտքի կենտրոնների վերաբերյալ։   Լուսանկարները՝ «Գիտուժի» Աննա Սահակյան  
19:14 - 23 փետրվարի, 2025
Ո՞վ է Հայաստանում գիտության քաղաքականության «տերը»․ խնդիրները հումանիտար և հասարակագիտական ուղղություններում

Ո՞վ է Հայաստանում գիտության քաղաքականության «տերը»․ խնդիրները հումանիտար և հասարակագիտական ուղղություններում

Ի՞նչ խնդիրներ են Հայաստանում դրված հումանիտար ու հասարակական գիտությունների առջև, ինչպե՞ս կարող են դրանք ծառայել պետության կարիքներին, ի՞նչ է նշանակում միջազգայնացնել գիտությունն, ու ի՞նչ դեր ունեն վերլուծական կենտրոնները։ Փետրվարի 14-15-ին անցկացվեց «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած «Գիտություն և տեխնոլոգիա․ դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» խորագրով համաժողովը։ Համաժողովի առաջին օրը նվիրված էր հումանիտար ու հասարակական գիտություններին։ Համաժողովի պանելային քննարկումներից մեկի թեման պետության վարած գիտական քաղաքականությունն էր։ Մասնակիցներն էին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (ԲԿԳԿ)՝ տվյալների հավաքագրման վերլուծությունների բաժնի պետ Սմբատ Հակոբյանը,  Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի վարիչ Հարություն Վերմիշյանը, հոգեբանական գիտությունների թեկնածու (ԵՊՀ) Սոնա Մանուսյանը, մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը (ԳԱԱ Հնագիտության ազգագրության ինստիտուտ)։  Պանելը վարում էր «Բուն» TV-ի հիմնադիր Գեմաֆին Գասպարյանը, որը քննարկումը սկսեց հետևյալ հարցից՝ ո՞վ է Հայաստանում գիտության քաղաքականության «տերը»։  Մի քանի պանելիստներ նշեցին՝ տերը մեկը չէ․ և՛ կառավարությունն է, և՛ գիտնականներն իրենք են, և՛ հանրությունն է։  Աղասի Թադևոսյանն, ինչպես նախորդ քննարկման մասնակիցները, կարևորեց ինքնության վերաբերյալ հարցերին պատասխանելը։  «Կարող է ինչ-որ մի մարդ (կապ չունի՝ այդ մարդը երկրի ղեկավարն է, թե ով) վեր կենա, որոշի, որ ինքը այնքան կոմպետենտություն ունի, որ կարող է ամբողջ ազգին կանգնել ու ասել, թե որն է ճիշտ, որը՝ սխալ։ Օրինակ՝ ինքնության հարցում իրակա՞ն Հայաստանն է ճիշտ, թե՞ պատմականը այն դեպքում, երբ որ պատմական Հայաստանն էլ է իրական։ Եթե խոսում ես այդպիսի բաներ, գոնե պետք է խոսես միֆական Հայաստանի ու իրական Հայաստանի հակադրության մասին։ ․․․․ Քաղաքական ոլորտների մարդիկ կոմպետենտ չեն գիտական դիսկուրս ու մտավոր դիսկուրսի հարցում, դա գիտությունն է ստեղծում, նրանք սպառողներն են, նրանք պետք է օգտվեն մեր ստեղծածից»։  Աղասի Թադևոսյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ներկայացուցիչ Սմբատ Հակոբյանն ասաց՝ գիտության արտադրանքը կիրառության մեջ դնելն իսկապես խոչընդոտների է բախվում․ «Բարի ցանկությամբ շատ դժվար է վեր կենալ և ասել՝ մենք ուզում ենք Հայաստանում այս գիտությունը զարգանա, այս թեմայով զբաղվեն գիտնականները, մենք էլ վերջում ստանանք այս արդյունքը, որը կլինի շատ չափելի։ Կա շատ մեծ ճեղքվածք այն պետական քաղաքականության, որ պիտի վարի, օրինակ, Ֆինանսների նախարարությունը կամ Առողջապահության նախարարությունը, և գիտության միջև։ Այդ կոմունիկացիան բացակայում է»։  ԲԿԳԿ ներկայացուցիչը, սակայն շեշտեց, որ Հայաստանում փոխարենն ակադեմիական ազատությունն է բարձր մակարդաի վրա՝ գիտնականներն ունեն ազատություն որոշում կայացնելու, թե ինչ թեմա հետազոտեն և ինչպես հետազոտեն․ «Ըստ իս, եթե նրանք գիտակցում են խնդիրներ, որոնցով ուզում են զբաղվել, և դա կիրառական նշանակություն ստանա, կա ազատ դաշտը դա անելու։ Այլ հարց է, որ համակարգվածություն չկա դրա մեջ»։  Սմբատ Հակոբյանը Հարություն Վերմիշյանն արձագանքեց՝ շատ մեծ ռիսկ կա շփոթելու ազատություն և ինքնագլխություն եզրույթները․ «Գայթակղությունը բավական մեծ է լինել ինքնագլուխ թեմայի ընտրության, մեթոդի, տեսության ընտրության գործունեության և արդյունք սահմանելու հարցում, բայց սա ինքնագլխություն կարող է չկոչվել, դառնալ ազատություն այն դեպքում, երբ մենք ունենք գիտական համարժեք հանրույթ։ Գիտնականը զուտ դիպլոմավորված մասնագետը չէ, գիտությամբ զբաղվելը սոցիալականացում է ենթադրում, և եթե մենք ունենք այդ բարեվարքության  առումով սոցիալականացված հանրույթ, ազատությունը այն ճոխությունն է, այն արժեքն է, որը որ պետք է շրջանառվի։ Օրինակ, նույն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, համալսարանները և մնացած պատասխանատու կառույցները ինչքանո՞վ են տիրապետում իրավիճակին, ինչքանո՞վ է այդ արժեքային դաշտը ստեղծված»։  Նա որպես օրինակ նշեց հայկական գիտական ամսագրերը, որոնք այսօր գրեթե անկում են ապրում, և որոնք գրախոսության, օբյեկտիվության ու այլ խնդիրներ ունեն։ Հարություն Վերմիշյանը Աղասի Թադևոսյանը նկատեց՝ պետությունը չպիտի մտնի բովանդակային ոլորտ ու գիտնականներին թելադրի՝ ինչ թեմաներով զբաղվել, փոխարենը՝ կառավարող վերնախավերը, իրենց առաջ դրված խնդիրներից ելնելով, կարող են որոշակի հարցադրումներ ձևակերպել և խրախուսման տարբեր մեխանիզմներ մտածել, օրինակ՝ դրամաշնորհային ծրագրերով խրախուսել գիտնականներին զբաղվել պետության համար կարևոր թեմաներով։  Սոնա Մանուսյանը կարևորեց կիրառական հարցերից առաջ նախևառաջ տեսական հարցերի պատասխաններ տալը՝ հաշվի առնելով իր ոլորտի՝ հոգեբանության առանձնահատկությունները․ «Հոգեբանությունը ներմուծված գիտություն է Հայաստանում, նա չի կայացել որպես գիտակարգ, առաջին հերթին ներմուծվել է որպես պրակտիկա։ Ինձ համար մի քիչ ավելի մեծ խնդիր է, որ մենք դեռ տեսական հարցերին պատասխանենք, նոր խոսենք կիրառականի մասին։ Մենք նույնիսկ չենք հասկացել՝ մեր քաղաքացին ինչպիսին է հոգեբանական մակարդակում և այլ մակարդակներում։ Իսկ դրա համար պետք է մեզ տան ժամանակ, պետք է լինի վստահություն»։  Սոնա Մանուսյանը Աղասի Թադևոսյանը մտահոգություն հայտնեց գիտնականների ատեստավորման նոր կարգի մասով։ Նա նշեց՝ միջազգային տպագրություններին դեմ չէ, բայց թեմաներ կան, որոնց շուրջ շատ ավելի լավ է, օրինակ, հայերեն մեկ գիրք ունենալը, քան միջազգային ամսագրերում երեք հոդված։  Կառավարությունը, հիշեցնենք, ընդունել է գիտնականների ատեստավորման նոր կարգ, համաձայն որի՝ գիտական պաշտոններին (կրտսեր գիտաշխատողից մինչև պատվավոր գիտաշխատող) համապատասխանելու համար գիտնականները պետք է պարտադիր տպագրություններ ունենան միջազգային շտեմարաններում ինդեքսավորված ամսագրերում։  Հարություն Վերմիշյանը համաձայնեց, որ հայերենով գիտական աշխատանքները կարևոր են, սակայն նաև նշեց, որ  մրցակցությունը զարգացման հիմք է։ Նա նշեց՝ արժեքավոր գրքերի կողքին երբեմն հրապարակվում են առանց գրախոսման աշխատանքներ․ «Քննական արժեքներ ունեցող գիտնականը շատ կարևոր հայերեն պրոդուկտ է տալիս, բայց երբ հայերենը դառնում է չափման հիմքը, սկսում են այլ պրակտիկաներ՝ խտրական դիրքում դնելով նույն այդ բարեվարք գիտնականին»։  Սմբատ Հակոբյանը նշեց՝ խնդիր կա հասնելու միջազգային չափանիշներին․ «Եթե դու շարունակում ես անել այն գիտությունը, որը Խորհրդային Միությունից ես ժառանգել և, օրինակ, տպել 600, 700, 1500 էջանոց մենագրություններ՝ ասելով, որ սա արժեք է․․․Գուցե ինչ-որ արժեք ներկայացնում է, բայց դրա չափելիությունը ոչ մի տեղ չկա»։ Աղասի Թադևոսյանն ասաց՝ ինքը կողմ է, որ հայ գիտնականները արտասահմանյան ամսագրերում հոդվածներ տպեն, բայց կողմ չէ այն իմաստին, որ դրվում է այդ նպատակի տակ։ Գիտնականի խոսքով պետք է հաշվի առնել միջազգային ամսագրերում մտքի գաղութացումը․ «Շատ ամսագրեր քեզ ստիպում են գրել և մտածել հենց այն չափանիշների համապատասխան, որոնցով, իրենք գտնում են, որ պետք է մտածել։ Երբ որ դու ինքդ փորձում ես մտածել, կարող են կտրել քո այդ մտքերը, խմբագրել կամ վերջին հաշվով հոդվածը չվերցնել։ Հիմա շատ լուրջ հարց է․ ինչպե՞ս ապահովենք մեր մտքի ինքնուրույնությունը՝ միևնույն ժամանակ նաև մասնակից դառնալով միջազգային գիտական տեսությունների և մտքի ձևավորման գործին։ Սա է, որ քեզ գաղութացումից փրկելու է, այսինքն՝ դու՝ որպես գիտնական, պետք է աճես և կայանաս և ունենաս այնքան ուժեղ ասելիք, որ հետո նաև այդ քո ասելիքը միջազգային լեզվով միջազգային հարթակներում ներկայացնես»։ Սոնա Մանուսյանն էլ որպես օրինակ բերեց հոգեբանությունը։ Նա նշեց՝ Հայաստանը միջազգային հետազոտողների համար հետազոտություններում շատ փոքր դեր ունի․ «Օրինակ, այս ինչ միջմշակութային տեսության շրջանակներում Հայաստանի տվյալները ինչ են ասում։ Արդյունքում ամբողջական տեսական հավակնությունները շատ դժվար է իրացնել տպագրվելու մակարդակում։ Դու կարծես, որոշակիորեն աղճատելով քո հիմնական ասելիքը, տեղավորվում ես կամ հրաժարվում ես տեղավորվել ինչ-որ իմաստով գաղութացնող դիսկուրսների կամ հրապարակումների մեջ»։ Աղասի Թադևոսյանն էլ նշեց՝ կարևոր է միջազգային լեզվի կիրառումը, հոդվածներ կարդալը, տեսությանը ծանոթանալը․ «Գիտությունը համաշխարհային երևույթ է, ազգային երևույթ չի, բայց միևնույն ժամանակ նաև գիտությունը ազգային երևույթ է, և այս հարցը պետք է լուծել այդ միջազգայինի և ազգայինի շատ ներդաշնակ հատման կետերը գտնելով։ ․․․․ Մենք պետք է գտնենք լուծումներ, որոնք որ ապահովում են միջազգային ստանդարտներով գիտություն անելը Հայաստանում, բայց դա չպետք է բացառի նաև հայերենով գիտություն անելու հնարավորությունը»։  Դահլիճում ներկա էր ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը, որը նկատեց՝ քննարկումը լսելով հասկացավ, թե որքան մոտ են իրար հումանիտար, հասարակակագիտական և բնագիտամաթեմատիկական ուղղությունների խնդիրները՝ առաջնահերթությունների բացակայություն, անորոշություն, երկխոսության իմիտացիա, գիտնականների անհաղորդություն միջազգային ստանդարտներին, հայաստանյան հետազոտությունների պատվերի ձևակերպման բացակայություն և այլն։  ԲԿԳԿ ներկայացուցիչ Սմբատ Հակոբյանն իր խոսքում նշել էր մարդկային ռեսուրսի պակասի խնդրի մասին՝ ասելով, որ հաճախ շատ խնդիրներ լուծելու համար թիմեր հավաքելիս մասնագետների պակաս կա, և իրենք, օրինակ, խրախուսում են հետազոտություններում ուսանողների ներգրավումը տարբեր ծրագրերով։  Դահլիճից հարց հնչեց, թե կառավարությունն արդյո՞ք տարբեր ոլորտների համար մարդկային ռեսուրսների հաշվարկ ունի։  Սմբատ Հակոբյանն ասաց՝ տվյալներ, թե քանի գիտնական կա, նրանք ինչ տարիքի են, որքան հոդված են տպագրում, որտեղ են աշխատում, Կոմիտեն ունի, մշակում է, և դրանց հիման վրա որոշումներ կայացվում են։ Որոշումներ էլ կան, որ միջազգային մշակված ստանտարդների հիման վրա են կայացնում։ Սակայն ճշտող հարցին, թե արդյո՞ք կոնկրետ ոլորտներում ռեսուրսները գնահատվում են, երբ այս կամ այն գիտական խնդիրը լուծելու հարցը կա, ԲԿԳԿ ներկայացուցիչը պատասխանեց՝ նման քաղաքականություն չի վարվում։  Կարդացեք նաև համաժողովի պանելային նախորդ քննարկումը՝ պետության խնդիրների լուծման հարցում գիտության դերի մասին։   Լուսնակարները՝ «Գիտուժի» Աննա Սահակյան
21:24 - 22 փետրվարի, 2025
Ինչ խնդիրներ է հնարավոր լուծել հումանիտար ու հասարակական գիտությունների միջոցով

Ինչ խնդիրներ է հնարավոր լուծել հումանիտար ու հասարակական գիտությունների միջոցով

Ի՞նչ խնդիրներ են Հայաստանում դրված հումանիտար ու հասարակական գիտությունների առջև, ինչպե՞ս կարող են դրանք ծառայել պետության կարիքներին, ի՞նչ է նշանակում միջազգայնացնել գիտությունն, ու ի՞նչ դեր ունեն վերլուծական կենտրոնները։ Փետրվարի 14-15-ին անցկացվեց «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած «Գիտություն և տեխնոլոգիա․ դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» խորագրով համաժողովը։ Համաժողովի առաջին օրը նվիրված էր հումանիտար ու հասարակական գիտություններին։ Պանելային առաջին քննարկմանն թեման գիտության քաղաքականության մշակումն ու գիտության առջև դրված կիրառական խնդիրներն էին։ Քննարկման մասնակիցներն էին Մյունստերի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Զարեհ Ասատրյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Հնագիտության ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, հայրենագետ Հրաչ Մարտիրոսյանը (Լեյդենի համալսարան), պատմաբան-ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը, Հայաստանում ամերիկյան համալսարանի (ՀԱՀ)՝ Հայ մատենագիտութեան թուանշային գրադարանի գիտական ղեկավար Մերուժան Կարապետյանը։  Քննարկմանը հրավիրված էր նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Ժաննա Անդրեասյանը, որը վերջին պահին հայտնել էր, որ տեխնիկական պատճառներով չի կարող ներկա գնտվել։ Ի դեպ, տարբեր պատճառաբանություններով հաջորդ օրը համաժողովին չէին եկել նաև էկոնոմիակայի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարները։Քննարկումը վարում էր «Գիտուժ» նախաձեռնության՝ հանրայնացման և հասարակության հետ կապերի ղեկավար Լիլիթ Մարգարյանը։ Պանելիստներն ուղղված առաջին հարցը հետևյալն էր․ արդյո՞ք գիտության քաղաքականություն մշակողների համար պարզ է, թե որ թեմաներն են Հայաստանի համար կարևոր, և ի՞նչ խնդիրներ կան, որոնք հնարավոր է լուծել հումանիտար ու հասարակական գիտությունների միջոցով։  Պանելիստների մոտ, կարծես, կոնսենսուս կար այն մասով, որ կառավարության վարած քաղաքականության մեջ դրական փոփոխություններ կան, ինչպիսին է, օրինակ, գիտության ֆինանսավորման աճը։ Գիտնականները, սակայն, բարձրաձայնեցին մի շարք խնդիրներ։ Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն, օրինակ, նշեց․ «Մենք հստակ ձևակերպում, կարծեք թե, չունենք, թե որոնք են մեր իրական առաջնահերթությունները, հենց թեկուզ հայագիտության մեջ, որն այսօր, հայտարարվում է, որ ռազմավարական է երկրի համար։ ․․․․ Մեր գիտնականները և խմբերն իրենք են որոշում առաջնահերթությունները, իսկ դրանք այսօր հաճախ դառնում են քաղաքական կյանքի թելադրանքով ստեղծված իրավիճակների վերլուծություններ»։ Հրանուշ Խառատյանը Սուրեն Մանուկյանն էլ հավելեց՝ վերջին չորս-հինգ տարին պարզ էր, թե պետությունն ինչ խնդիր պետք է դներ հասարակագիտության առջև․ «Պատերազմում պարտությունից հետո միգուցե կարելի էր առաջարկել, որ մենք ռեֆլեքսիա անցկացնեինք և հասկանայինք՝ ինչ է մեզ հետ կատարվել։ Բայց չգիտես ինչու հիմա քաղաքական դաշտը մեզ առաջարկում է վերադառնալ 100 տարի առաջ, ռեֆլեքսիայի ենթարկել թեմաներ, որոնց շուրջ, թվում է, թե մենք ունենք արդեն կոնսենսուս, բայց երբևիցե չի ընդգծում այսօրվա գոյություն ունեցող խնդիրը։ Մենք բոլորս ապրում ենք տրավմայի պայմաններում, և մինչև այս տրավման չարժևորենք, չհասկանանք՝ ինչ է մեզ հետ կատարվել նաև հասարակական մակարդակով, մեր պետության զարգացումը շատ կդանդաղի և խոչընդոտներ կունենա»։  Պատմագետ-ցեղասպանագետի դիտարկմամբ իշխանությունը հասարակագիտական համայնքին դիտարկում է ավելի շատ որպես ընդդիմախոս և չի գնում նրա հետ համագործակցության․ «Երբ մի օրում մի մարդու ցանկությամբ (կապ չունի՝ ինչ պաշտոն է զբաղեցնում) գիտակարգի, որով դու զբաղվում ես՝ հայոց պատմության անվանումը փոխվում է և դառնում է այլ անվանում, դու զարմանում ես՝ մեկ, երկրորդը՝ վիրավորվում ես, որ քեզ չեն հարցրել, թեև դու այդ ոլորտով ես զբաղվում։ Սա այն պարզ օրինակն է, որ մեզ հետ պետությունը ուղղակիորեն չի ուզում խոսել, չի ուզում մեր փորձառությունը, մեր գիտելիքը օգտագործել այդ դաշտը զարգացնելու համար»։ Սուրեն Մանուկյանը Նշենք, որ գիտնականը նկատի ունի կառավարության՝ «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» դարձնելու մասին որոշումը։ Հայրենագետ Հրաչ Մարտիրոսյանն էլ նշեց՝ կարևոր է, որ հայրենագիտության՝ հայոց լեզվի ու մշակույթի նվաճումները տեսանելի լինեն միջազգային գիտական շրջանակներում, քանի որ թշնամի երկրներն օգտագործում են միջազգային հարթակները կեղծիքներ տարածելու համար։ «Բազում միջազգային քննարկումներ են եղել, օրինակ, «Ղափան» կամ «Զանգեզուր» և այլ տեղանունների վերաբերյալ, ու մեր գիտնականները մնացել են իներտ․ «Բա մեզ սազո՞ւմ է, որ մենք այդ ցածրամակարդակ քննարկումներին մասնակցենք կամ Ադրբեջանի կամ Թուրքիայի մեջբերած դիսկուրսներին մասնակցենք»։ ․․․․ Հայրենագիտության կարևորագույն խնդիրներից մեկը այս պատմական ամբողջ դիսկուրսները, այս ամբողջ համատեքստում հայոց լեզվի և մշակույթի ակադեմիական ուսումնասիրության արտադրանքները արտահանելն է միջազգային ասպարեզ»,- ասաց նա։ Այդ համատեքստում գիտնականը ողջունելի համարեց ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի՝ գիտության միջազգայնացմանն ուղղված քաղաքականությունը, սակայն նաև շեշտեց՝ հավասարակշռություն պիտի լինի, և հայերենի՝ որպես գիտական լեզվի վարկը չպիտի իջնի դրա հաշվին։  Կառավարությունը, հիշեցնենք, ընդունել է գիտնականների ատեստավորման նոր կարգ, համաձայն որի՝ գիտական պաշտոններին (կրտսեր գիտաշխատողից մինչև պատվավոր գիտաշխատող) համապատասխանելու համար գիտնականները պետք է պարտադիր տպագրություններ ունենան միջազգային շտեմարաններում ինդեքսավորված ամսագրերում։  Զարեհ Ասատրյանը տնտեսագրության մեջ առանձնացրեց մի քանի կարևոր մեխանիզմ, որոնց միջոցով հետազոտությունները բերում են պետական ու հասարակական մարտահրավերների լուծմանը։ Առաջինը նա կարևորեց մարդկային կարողությունների ձևավորվումը, այսինքն՝ լավ տնտեսագետների ձևավորումը, որոնք հետո կգնան մասնավոր ու պետական հատված։ Գիտնականն ապա նշեց պետության տնտեսական փաստահեն քաղաքականության ձևավորմանն ուղղված հետազոտությունները։ Եվ երրորդը՝ կարողությունների զարգացման և հետազոտությունների միջոցով տնտեսական քաղաքականության շուրջ հանրային քննարկումների մակարդակի բարձրացումը։ Անդրադառնալով այն հարցին, թե հումանիտար ու հասարակագիտական ուղղությունները կոնկրետ ինչ խնդիրներ կարող են լուծել Հայաստանի համար, գիտնականը նշեց՝ նախ գիտությունն է պետք զարգացնել ու հասցնել որոշ մակարդակի․ «Ֆունդամենտալ խնդիրն այն է, թե ինչպես դուրս բերենք մեր գիտությունը լճացած վիճակից, դարձնենք միջազգայնորեն մրցակցային։ Դրանից հետո, երբ որ մենք ունենանք լավ գիտնականներ, որոնք հոդվածներ են հրապարակում միջազգային ամսագրերում և այլն, նրանք շատ ավելի հեշտ կարող են անել իրենց հետազոտություններն այն խնդիրների մասին, որ հայկական են, որ կոնկրետ մեզ են վերաբերում»։ Նշենք, որ սա ներկայումս Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (ԲԿԳԿ) վարած քաղաքականությունն է․ գիտությունը դարձնել միջազգայնորեն մրցունակ, ապա խոսել խնդիրների լուծման մասին։ Այս մասին Ազգային ժողովում անցած տարվա վերջին հայտարել էր ԲԿԳԿ նախագահ Սարգիս Հայոցյանը։  Մերուժան Կարապետյանը խոսեց այն մասին, որ ԳԱԱ-ն Հայաստանում հիմնվել է 1943-ին, և նրա կառավարման ձևը մինչև օրս չի փոխվել․ «Գիտության կառուցակարգերը և կանոնակարգերը Հայաստանում շարունակում են մնալ 1943 թվականի վիճակին։ Սա գիտնականների գործն է, գիտնականները պիտի վերակառուցեն այդ կառույցները։ Ավելի ժամանակակից խնդիրներ լուծելու ուղղությամբ չնչին տեղաշարժեր նկատվում են Հնագիտության և ազգագրության ինստիտուտում, ինչ-որ տեղ գուցե Արևելագիտության ինստիտուտում, մյուսները (նկատի ունի հումանիտար և հասարակագիտական ուղղվածության մյուս ինստիտուտները,- խմբ․) շատ ծանր կացության մեջ են»։ Մերուժան Կարապետյանը Հաջորդիվ պանելային քննարկման մասնակիցներն անդրադարձան այն հարցին, թե հումանիտար և հասարակական գիտությունները կիրառական կոնկրետ ինչ խնդիրներ հիմա կարող են լուծել պետության, հասարակության ու անհատի համար։ Հրանուշ Խառատյանը նշեց՝ երբ Կառավարությունը, Ազգային ժողովը օրենքներ են մշակում, երբեմն ուղարկում են փորձագիտական քննարկման, երբեմն գիտնականների կարծքիները նաև հաշվի են առնվում․ «Բայց ինձ թվում է՝ հաշվի են առնում այն դեպքերում, երբ որ մեր պատասխանները իրենց քիմքին և իրենց պատկերացումներին համապատասխանում են։ Երբ որ մենք փորձագիտական կարծիք ենք գրում և ուղարկում ենք, և այն ստիպում է փոխել որոշ ընթացք, որպես կանոն, լուռ են մնում»։ Ինչ վերաբերում է պետության կողմից, այսպես կոչված, հետազոտական պատվերներին, գիտնականը նկատեց՝ վերջին տարիներին հայտարարվող նպատակային ծրագրերում որոշակի պատվերներ երևում են․ «Բայց նաև, օրինակ, պետությունը մեզ երբեք չի պատվիրի գիտական ժամանակակից վերլուծություններ մեզ համար չափազանց կարևոր այնպիսի երկրների մասին, ինչպիսիք են Թուրքիան, Իրանը, ընդհանրապես, Կովկասը։ Մենք գտնում ենք գումարներ, գնում ենք Թուրքիայում ենք անում հետազոտություններ, Իրանում ենք անում հետազոտություններ, բերում ենք, տեքստ ենք գրում։ Անձամբ ես շատ հաճախ պետական կառույցներին ուղարկում եմ, նույնիսկ ԱԱԾ-ին եմ ուղարկում»։ Հրանուշ Խառատյանն առանձնացրեց մի հրատապ խնդիր, որի լուծումը կառավարությունը կարող էր պատվիրակել գիտնականներին՝ Արցախից տեղահանված փախստականների խնդիրը․ «Որտե՞ղ պիտի ապրեն Արցախի փախստականները, միասի՞ն պիտի ապրեն և իրենց ինքնությունը պահեն, մինչև կվերադառնան կամ ցավոք չեն վերադառնա, թե՞ պետք է դիֆուզվեն, և անհետանան Արցախի առանձնահատուկ մշակույթը, բարբառը, Արցախի անվան և Արցախի պատմության առարկայական ներկայացումը։ Սա կիրառական հարց է, քաղաքականության հարց է, և ես կարծում եմ՝ մեզնից յուրաքանչյուրը որոշ պատասխանատվություն ունի այս հարցի լուծման համար»։ Սուրեն Մանուկյանի խոսքով առաջին կարևոր բանը, որ հասարակագիտությունը, հայագիտությունը տալիս են պետությանն ու հասարակությանը, քննադատ մտածողությունն է․ «Կառավարման ճգնաժամը, որ մենք ունենք հիմա և ունեցել ենք երկար ժամանակ, երբ որ գերատեսչությունները շատ դեպքերում չեն հասկանում նույնիսկ՝ ինչ են անում, կամ գերատեսչություններում բացակայում է ճկուն լինելը, քաղաքականությունը փոխելը, երբ որ պետք է, այդ քննադատական մոտենալը նույնիսկ փաստաթղթերին և հաստատված կանոնակարգերին, հասարակական գիտությունների բարձիթողի վիճակի ուղղակի արտահայտությունն է և հետևանք է»։ Որպես մեկ այլ կարևոր նշանակություն ցեղասպանագետն առանձնացրեց ինքնության ձևավորումը՝ շեշտելով, որ պետք չէ այս ձևակերպումն ընկալել որպես պաթոս․ «Դա այն հարցի պատասխանն է, թե ինչու ապրել Հայաստանում։ Ինչո՞ւ դու պետք է քեզ ընկալես այս հանրույթի մի մաս, ինչո՞ւ դու պետք է գերադասես ավելի ապահով կյանքը ինչ-որ մի այլ տեղ և մնաս այստեղ։ ․․․․ Պատմագրությունը, հայագիտությունը կապում են մեզ բոլորիս՝ որպես հանրության, այս հողի հետ և այս պետության հետ»։  Եվ վերջում գիտնականն առանձնացրեց այս գիտակարգերի ևս մի կարևոր գործառույթ՝ պատմության ուսումնասիրությամբ ճանաչել նախ մեր հասարակությունը, ապա այն ազգերին, որոնք շրջապատում են մեզ, որպեսզի կարողանանք ինքներս մեզ և նրանց հետ ճիշտ հարաբերվել։  Գիտության միջոցով ինքնության վերաբերյալ հարցերին պատասխանելու համատեքստում Հրաչ Մարիտրոսյանն առանձնակի շեշտեց հայրենագիտության և մասնավորապես՝ լեզվի ուսումնասիրության դերը․ «Մշակութային ոլորտի մասնագետները կարողանում են աշխատել փաստագրված նյութական իրողությունների հետ։ Հայը կա 5-6 հազար տարի, և նրա լեզուն ու մշակույթը արտացոլված են լեզվի պատմության գիտակարգում։ Լեզուն, փաստորեն միակ համակարգային ամբողջական գիտակարգն է, որը ծածկում է այդ 5-6 հազար տարվա պատմությունը։ Բացարձակապես ոչ մի այլ գիտակարգ չկա, որ կարողանա ընդգրկել այդ ամբողջ ընթացքը»։ Զարեհ Ասատրյանը մի քանի օրինակներ բերեց, թե ինչպես կարող են տնտեսագիտությունն ու հասարակական գիտությունները Հայաստանում կիրառություն ունենալ՝ հարկային քաղաքականության մշակում, առողջապահական ապահովագրության ներդրում, Արևմուտքի ու Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններ։ Գիտնականը նշեց՝ սրանք հարցեր են, որոնց ուղղությամբ որոշումների կայացման համար քանակական վերլուծություններ պետք է իրականացվեն։ «Ովքե՞ր պիտի դա անեն։ Հեծանիվ պետք չի հնարել։ Արտասահմանում ովքե՞ր են անում։ Նախ անում են պետական մարմինների հետազոտողները։ Դրա էլեմենտներն, ի դեպ, Հայաստանում կան․ հենց այդ մասն է, որ զարգացած է։ Կենտրոնական բանկը, Ֆինանսների նախարարությունը, որոշ այլ նախարարություններ ու մարմիններ որոշակի կարողություններ ունեն։ Մյուսը՝ կարող են պատվիրակել գիտնականներին, որ աշխատում են գիահետազոտական հիմնարկներում և նաև համալսարաններում»,- ասաց նա։ Գիտնականը որպես օրինակ բերեց Մաննհայմի եվրոպական տնտեսական հետազոտությունների կենտրոնը որտեղ ինքն է աշխատում։ Նա նշեց՝ կենտրոնը զբաղվում է նման կիրառական հարցերով և կապված է քաղաքականություն մշակողների հետ։  Իսկ որպեսզի պետական մարմինները կիրառեն գիտության արդյունքները քաղաքականություն մշակելիս, Զարեհ Ասատրյանի խոսքով պետք է գիտնականներն ու գիտական կազմակերպությունները մեծ հեղինակություն ձեռք բերեն, որպեսզի նրանց կարծիքի հետ հաշվի չնստելը դժվարանա։ Սուրեն Մանուկյանը հավելեց՝ գիտնականների հեղինակությունը հանրության աչքում ցածր է։  Զարեհ Ասատրյանն էլ ասաց՝ անկախ կառավարության քայլերից ու վերջին տարիներին տարվող քաղաքականությունից՝ գիտական հանրույթն էլ պիտի քայլեր ձեռնարկի «լճացած վիճակից դուրս գալու համար», և միայն պետության կողմից չէ, որ քայլեր պիտի արվեն։ Կարդացեք նաև համաժողովի պանելային հաջորդ քննարկումը՝ գիտության քաղաքականության վերաբերյալ։   Լուսանկարները՝ «Գիտուժի» Աննա Սահակյան
21:23 - 22 փետրվարի, 2025
Գենետիկական տվյալները՝ ժամանակի մեքենա․ Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայից ներս

Գենետիկական տվյալները՝ ժամանակի մեքենա․ Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայից ներս

Ինչպիսի՞ն էր կյանքը Հայկական լեռնաշխարհում հազարավոր տարիներ առաջ, արդյո՞ք մարդիկ ընտանի կենդանիներ պահում էին, դրանց ոսկորներից զարդեր կամ գործիքներ պատրաստում էին․․․ Գտածո կենդանական կամ մարդկային ոսկորի մի փոքրիկ կտոր կարող է պատասխանել այս ու շատ այլ հարցերի։ 17 տարի առաջ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում ստեղծվեց Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիան, որի գիտնականները, համագործակցելով հնագետների, մարդաբանների ու այլ մասնագետների հետ, սկսեցին գտածո ոսկորների ու մարդու գենոմի ուսումնասիրությամբ պատասխանել անցյալի հարցերին։ Առաջարկում ենք մեզ հետ տեղափոխվել Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայից ներս ու բացահայտել, թե ինչ մեթոդներով են հետազոտություններ իրականցնում լաբորատորիայի գիտնականներն ու ինչ են պարզել Հայկական լեռնաշխարհի պատմության մասին։ Հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝   Հեղինակ՝ Անի ԽաչատրյանՏեսանյութերը և լուսանկարները՝ Սարգիս ԽարազյանիՄոնտաժը՝ Ռոման Աբովյանի
20:37 - 26 դեկտեմբերի, 2024
ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է Ժաննա Հովակիմյանը

ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է Ժաննա Հովակիմյանը

Սույն թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է կենսաբանական գիտությունների թեկնածու Ժաննա Հովակիմյանը։  «Ներկայացնելով ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի զարգացման ծրագիրը՝ նա նշեց, որ Երևանի բուսաբանական այգում ներկայում իրականացվում է «Կյանքի պուրակ» խոշոր նախագիծը՝ նվիրված Արցախյան ազատամարտի ընթացքում զոհված հերոսների հիշատակին։ Ինստիտուտն ակտիվորեն համագործակցում է ներպետական և միջազգային կառույցների հետ։ Առկա խնդիրներից է ինստիտուտի և բուսաբանական այգիների ենթակառուցվածքների տեխնիկական վերազինումը։ Ժաննա Հովակիմյանը թվեց այն ուղղությունները, որոնք առաջնահերթ են ինստիտուտի զարգացման համար։ «Մենք պետք է պահպանենք և զարգացնենք ինստիտուտի ավանդական առաջատար մասնագիտական ուղղությունները, իրականացնենք ՀՀ ֆլորայի և էկոհամակարգերի in situ և ex situ պահպանության հարցերի հետազոտում, զարգացնենք համագործակցությունը հանրապետական և միջազգային գիտակրթական հաստատությունների հետ, ստեղծենք նոր կապեր, մշակենք ներգրավման մեխանիզմներ երիտասարդ կադրերին ներգրավելու համար, ավելացնենք միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում տպագրությունների քանակը։ Մեր նպատակներից է «Թախտաջանիա» գիտական ամսագրի համապատասխանեցումը միջազգային չափանիշներին»,- ասաց Ժաննա Հովակիմյանը։   Ժաննա Հովակիմյանը 1999թ․ ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի կենսաբանության ֆակուլտետը։ 1999-2009թթ․ դասավանդել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի բուսաբանության ամբիոնում։ 2003թ․ ստացել է կենսաբանական գիտությունների թեկնածուի աստիճան։ 2009թ․ ՀՀ ԲՈՀ-ի կողմից նրան շնորհվել է դոցենտի կոչում։ 2009-2010 թթ. աշխատել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի էկոլոգիայի ամբիոնում։ 2009թ-ից մինչ այժմ աշխատում է ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի «Երկրաբուսաբանության և էկոլոգիական ֆիզիոլոգիայի» բաժնում՝ որպես ավագ գիտաշխատող։ 2023թ-ից դասախոսում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում։ 2022թ․ հունվարից ինստիտուտի գիտական խորհրդի և 035 մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարն է։   Ժաննա Հովակիմյանի աշխատանքների գիտական ուղղվածությունը բույսերի էկոֆիզիոլոգիան է։ Նա զբաղվել է Հայաստանում տարածված արժեքավոր ուտելի և համեմունքային բույսերի, ինչպես նաև անտառահատումների հետևանքով խոշորառէջ կաղնու էկոֆիզիոլոգիական և կենսամորֆոլոգիական առանձնահատկությունների ուսումնասիրությամբ: Ներկայիս գիտական հետազոտությունները նվիրված են Հայաստանի կենսաբազմազանության թեժ կետերում և բուսաբանական այգիներում աճող հազվագյուտ և վտանգված կարմիր գրքային բուսատեսակների մոնիթորինգի և հարմարվողականության էկոֆիզիոլոգիական հատկանիշների գնահատման հարցերին։ Ժաննա Հովակիմյանը 51 գիտական հրապարակումների հեղինակ է, որից 4-ը՝ մենագրություն: Նա 3 գյուտի արտոնագիր ունի։ 2023թ․ պարգևատրվել է ՀՀ ԳԱԱ-ի հոբելյանական 80-ամյակի ոսկե հուշամեդալով»,- ասված է ԳԱԱ հաղորդագրության մեջ։
17:04 - 24 դեկտեմբերի, 2024
ԳԱԱ-ում մեկնարկել է «Շիրվանի, Գարդմանի և Նախիջևանի հայությունը. տեղաբնիկությունից մինչև փախստականություն» խորագրով գիտաժողովը |armenpress.am|

ԳԱԱ-ում մեկնարկել է «Շիրվանի, Գարդմանի և Նախիջևանի հայությունը. տեղաբնիկությունից մինչև փախստականություն» խորագրով գիտաժողովը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Շիրվանի, Գարդմանի և Նախիջևանի հայությունը. տեղաբնիկությունից մինչև փախստականություն» խորագիրը կրող գիտաժողովը, որի նպատակն է քննարկել Շիրվանի, Գարդմանի և Նախիջևանի հայության խնդիրները՝ վեր հանելով պատմական արդարության վերականգնման, բռնագաղթած հայերի իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր։ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի և «Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության կողմից կազմակերպված գիտաժողովի հիմնական թեմաներն են՝ փախստականների իրավունքների պաշտպանությունը, բռնագաղթերը և իրավական հիմնախնդիրներն, ինչպես նաև էթնոժողովրդագրական փոփոխությունների ու տարածաշրջանի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծությունը։ Գիտաժողովի բացմանը «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը նշեց, որ այն հիմնականում նվիրված է ներկայիս Ադրբեջանի տարածքում ապրող հայության պատմությանը և նրան, թե ինչպես է տեղաբնիկ ժողովուրդը ստիպված եղել լքել հայրենի տարածքները, որտեղ բնակվել է հազարամյակների ընթացքում:  «Ցավոք սրտի, այդ տարածքները՝ Շիրվանը, Գարդմանը, Նախիջևանը ոչ միայն հայկական բնակչությունից է զրկվել, այլ նաև այսօրվա ադրբեջանական իշխանությունների ջանքերի շնորհիվ՝ հայկական հետքից է առհասարակ զրկվում: Ադրբեջան պետությունը ստեղծման առաջին իսկ օրվանից իր առջև խնդիր էր դրել դուրս մղել հայությանն իր վերահսկողության տակ գտնվող տարածքներից: 1918-20 թվականների ընթացքում և′ Շիրվանի, և′ Գարդմանի, և′ Նախիջևանի տարածաշրջաններում իրականացվեցին տեղի հայ բնակչության կոտորածներ, շատ հայեր ստիպված եղան լքել իրենց բնակության վայրերը և փախստական դառնալ»,-նկատեց Ռոբերտ Ղազարյանը՝ հիշեցնելով, որ նույնը կրկնվել է նաև 1988, 1988-1990 թվականների ընթացքում, երբ արդեն Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները կազմակերպեցին Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի և այլ վայրերի հայության կոտորածները:  Ղազարյանի դիտարկմամբ՝ հարյուր հազարավոր հայեր ստիպված են եղել լքել այդ տարածքները և տեղափոխվել Խորհրդային Հայաստան ու այլ վայրեր։  ‹‹Փաստորեն, էթնիկ զտումների և ցեղասպանության հետևանքով այսօր Ադրբեջանի տարածքում ոչ մի հայ չի մնացել, սակայն այդ պետությունը, նրա իշխանությունները, այդ հանցանքները կազմակերպած անձինք մինչ օրս դեռ պատասխանատվության չեն ենթարկվել մարդկության դեմ իրենց իրագործած հանցանքների համար։ Կարծում եմ, որ մենք այսօր կարող ենք անդրադառնալ նաև այնպիսի հարցերի, որոնք են, օրինակ՝ հայության վերադարձը միջազգային երաշխիքների ներքո իրենց պապենական հողերը, բացի այդ, իմ կարծիքով, փախստական դարձած հայերը և նրանց ժառանգները իրավունք ունեն ստանալ փոխհատուցում իրենց կորցրած գույքի և ունեցվածքի համար: Էական նշանակություն ունի մեզ համար նաև ուսումնասիրել և քննարկել փախստականների իրավական, տնտեսական, սոցիալական և ժառանգության պահպանման հիմնախնդիրները։ Այս և նման այլ հարցերի քննարկումը կլինի առանցքային մեր այսօրվա գիտաժողովում››,-ասաց Ռոբերտ Ղազարյանը՝ հավելելով, որ ‹‹Գեղարդ›› գիտավերլուծական հիմնադրամի կողմից պատրաստվել և պատրաստվում են նյութեր այս հարցերի վերաբերյալ, կազմակերպվում են միջոցառումներ:  Նա նաև տեղեկացրեց, որ ‹‹Գեղարդ›› գիտավերլուծական հիմնադրամի կայքում ստեղծված է հատուկ բաժին՝ նվիրված Արևելյան Այսրկովկասի՝ մասնավորապես Շիրվանի տարածաշրջանի հայկական բնակավայրերին, որտեղ համառոտ տեղեկատվություն է տրվում նաև տեղի հայկական հուշարձանների մասին, որոնք, ցավոք սրտի, այսօր ոչնչացվել են ադրբեջանական իշխանությունների կողմից։  ‹‹Նախատեսում ենք նաև սկսել շարք՝ Նախիջևանի տարածաշրջանի հայկական բնակավայրերի մասին››,-եզրափակեց ‹‹Գեղարդ›› գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը՝ հաջող ընթացք մաղթելով գիտաժողովին: Գիտաժողովում ողջույնի խոսք ասաց նաև Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր, ‹‹Գարդման-Շիրվան-Նախիջևան›› համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանը՝ մասնակիցներին հիշեցնելով պատմական իրադարձությունների ընթացքը: ‹‹1988-1992 թվականներից Գարդմանում, Շիրվանում և Նախիջևանում բնակվող հայությունը ենթարկվեց պատմության ամենասոսկալի իրադարձություններից մեկին՝ էթնիկ զտման և բռնի տեղահանման: Հայության հանդեպ ադրբեջանական ռասիզմն ամենևին նորություն չէր տարածաշրջանի պատմության մեջ։ Խորհրդային տարիներին ժողովուրդների եղբայրությունը միայն նոսր լավատեսությամբ էր ծածկում առկա խնդիրները։ 1988 թվականին Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների պաշտպանությունը և դրան հասցեագրված բազմաշերտ բռնությունները ցրեցին եղբայրության մասին պատկերացումները: Ադրբեջանական իշխանությունների կողմից ուղղահայաց կերպով կազմակերպվեցին և իրականացվեցին Սումգայիթի, Բաքվի, Գանձակի ջարդերը և կոտորածները, Գարդմանի հայկական բնակավայրերի նկատմամբ բռնությունները, սպառնալիքները, տեղահանումը։ Սակայն հայության ամբողջական տեղահանումից հետո ադրբեջանական իշխանությունները շարունակեցին պայքարը հայության հոգևոր, ազգային կենսագործունեության նյութական վկայությունների, հայկական մշակութային լանդշաֆտի դեմ՝ ուղղակի ոչնչացնելով այն, մինչդեռ պատմական Նախիջևանը իրավամբ հանդիսանում է հայկականության բնօրրաններից մեկը, որի վկայությունն էր այստեղ առկա հայկական պատմամշակութային հզոր շերտը դեռևս 1905-1906 թվականներին, իսկ ավելի արմատական կերպով 1918-1920 թվականներին Նախիջևանի հայությունը ենթարկվեց բռնագաղթի, համատարած կոտորածների, թալանի, բռնությունների››,-նշեց Վիլեն Գաբրիելյանը՝ շեշտելով, որ հենց այս շրջանից է, որ Նախիջևանի ժողովրդագրությունը սկսեց էական փոփոխություններ կրել՝ հանգեցնելով քաղաքական արդյունքների։  Նրա խոսքով՝ այդուհանդերձ, ավելի քան 1 դար անհրաժեշտ եղավ ադրբեջանական կառավարություններից՝ վերացնելու հայկական ներկայությունը Նախիջևանում։ Գաբրիելյանի դիտարկմամբ՝ գարդմանահայությունը ևս անմասն չի մնացել ադրբեջանական ռասիզմի քաղաքականությունից նաև խորհրդային տարիներին: Նա նկատեց, որ բազմաթիվ են վկայությունները այն մասին, թե ինչպես էին ադրբեջանական իշխանությունները թե′ տեղական, թե′ կենտրոնական իշխանության մարմինների մակարդակով՝ ճնշում հայկականության բոլոր դրսևորումները։  ‹‹Մեծ էր հայերի ավանդը հատկապես Բաքվի նավթաարդյունաբերության ոլորտում, որում ներգրավված հայ արդյունաբերողները դեռևս 19-րդ դարի վերջից հաջողությամբ մրցակցում էին համաշխարհային նավթաշուկայում, սակայն հայության ներդրումը Բաքվի՝ որպես կայսերականության կենտրոնի կայացման գործում բնավ չի սահմանափակվում միայն նավթաարդյունաբերության մեջ խոշոր ներգրավվածությամբ, այլ տարածվում է Բաքվի քաղաքային կյանքի այլ ոլորտներում՝ կրթությունից մինչև արվեստ և մշակույթ››,-ասաց Վիլեն Գաբրիելյանը՝ մատնանշելով, որ մինչ օրս Բաքվում կանգուն են հայ ճարտարապետների ձեռամբ կառուցած շինությունները, որոնք վերածվել են ժամանակակից Ադրբեջանի պետական և հասարակական կարևոր կառույցների, թեև դրանց հայկականության մասին համառորեն լռում են նույն այդ պետական և հասարակական մարմինները: ԱԺ պատգամավորի դիտարկմամբ՝ հայության կենսագործունեությունն ինչպես Բաքվում, այնպես էլ պատմական Շիրվանի մնացյալ հատվածում անհնար էր բնորոշել կայուն և բնականոն զարգացմամբ, մասնավորապես վերջին հարյուրամյակում, երբ մի քանի անգամ Շիրվանի հայությունն, իրապես, կանգնել է գոյութենական սպառնալիքի առաջ:  ‹‹Պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայաթափումը ոչ միայն հանցագործություն է տվյալ երկրամասերի հայության բնական իրավունքների դեմ, ոչ միայն մշակութային ցեղասպանություն է, այլև հանգեցրել է հայության այդ հատվածների կենցաղի ու ավանդական սովորույթային հավաքական միջավայրի կորստին։ Նման իրողությունների ֆոնին պատմական անցյալի բազմաշերտ ուսումնասիրությունը, նորովի մեկնաբանությունը և դրանց թիրախային գնահատականները մերօրյա տարածաշրջանային պատմաքաղաքական իրողությունների հոլովույթում մեծ կարևորություն և գիտագործական արժեք ունեն››,- նշեց Վիլեն Գաբրիելյանը՝ նկատելով, որ միջազգային հանրության առաջ այսօր ծառացած ամենասուր խնդիրներից մեկը փախստականության խնդիրն է, որը, ցավոք, 21-րդ դարում դեռևս հնարավոր չի եղել հասնել միջազգային իրավական այնպիսի համակարգի ստեղծման, որն անհնար կդարձներ փախստական երևույթի առաջացումն առհասարակ, թեև միջազգային բազմաթիվ կոնվենցիաներ ամրագրում են մարդու իրավունքների անխախտելիությունն ու բարձրագույն արժեք լինելը:  Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
16:12 - 09 դեկտեմբերի, 2024
Գենետիկան պատասխանում է պատմության հարցերին․ գիտնականները հերքում են հայերի բալկանյան ծագման տեսությունը

Գենետիկան պատասխանում է պատմության հարցերին․ գիտնականները հերքում են հայերի բալկանյան ծագման տեսությունը

Հայերը՝ որպես էթնիկ խումբ, հազարամյակներ շարունակ բնակվել են Հայկական բարձրավանդակում։ Բայց մեր ծագման մասին գոյություն ունեն բազմաթիվ վարկածներ։ Դրանցից մեկն, այսպես կոչված, բալկանյան տեսությունն է, որի համաձայն հայերը ունեն բալկանյան ծագում։ Եթե պատմական փաստերը սուղ են, ապա գենետիկական տվյալներն այս հարցին ստույգ պատասխան են տալիս և հերքում նշված տեսությունը։ Այս մասին է վկայում օրերս American Journal of Human Genetics հեղինակավոր ամսագրում հրապարակված հետազոտությունը, որի  համահեղինակներն են Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի գիտնականները և նրանց արտասահմանյան գործընկերները։   Պատմիչի գրած 3 տողը մեր՝ փռյուգիացիներից սերելու վարկածի հիմք Փռյուգիան երկիր էր Փոքր Ասիայի արևմտյան մասում (ներկայիս Թուրքիայի տարածքում)։ Միակ գրավոր աղբյուրը, որը խոսում է հայերի՝ փռյուգիացիներից ծագելու մասին, պատմիչ Հերոդոտոսի «Պատմություն ինը գրքից» աշխատությունից մի պարբերություն է․ «Հայերը, որոնք փռյուգիական գաղութարարներ են, զինված էին փռյուգիական ոճով։ Երկու ազգերն էլ (նկատի ունի հայերին ու փռյուգիացիներին,- խմբ․) գտնվում էին Արտոխմեսի հրամանատարության տակ, որը ամուսնացած էր Դարեհի դուստրերից մեկի հետ»։ Հետագայում այս պնդման հիման վրա սկիզբ դրվեց հայերի բալկանյան ծագման մասին տեսությանը։   Մեր ԴՆԹ-ն մեզ պատմում է հազարամյակներ առաջ ապրած մարդկանց մասին Մոտ 10 տարի առաջ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիան արտասահմանյան գործընկերների հետ սկսեց մի ուսումնասիրություն, որը պիտի գար հերքելու հայերի փռյուգիական ծագման մասին վարկածը։ Մինչև հետազոտության մանրամասներին անդրադառնալը՝ կարևոր է իմանալ, թե որոնք են գենետիկայի հիմնական հասկացություններն, ու ինչ են դրանք նշանակում։ ԴՆԹ-ն մոլեկուլ է, որը կրում է գենետիկական ինֆորմացիա։ ԴՆԹ-ի առանձին հատվածները կոչվում են գեներ, որոնցից յուրաքանչյուրը կոնկրետ տեղեկություններ է պարունակում օրգանիզմի կառուցվածքի ու ֆունկցիաների մասին։ Գեներից բացի՝ ԴՆԹ-ն պարունակում է նաև չեզոք հատված, որը կազմում է ԴՆԹ-ի մեծ մասը։ ԴՆԹ-ի չեզոք հատվածն ու գեները միասին կազմում են  գենոմը։ Գենոմը անփոփոխ չէ․ ինչ-ինչ պատճառներով նրա որոշ մասերում կարող են փոփոխություններ տեղի ունենալ, որոնք անվանում են մուտացիաներ։ Մուտացիաները  փոխանցվում են ժառանգաբար՝ անցնելով հաջորդ սերունդներին։ Պարզվում է, որ  ժամանակակից մարդու ԴՆԹ-ն կարող է պատմել հազարավոր տարիներ առաջ ապրած ժողովուրդների  մասին։ Բանն այն է, որ ԴՆԹ-ի փոփոխությունների՝ մուտացիաների առումով էթնոսները տարբերվում են միմյանցից։ Ճիշտ է, մարդկությունը գենետիկական կառուցվածքով շատ նման է, սակայն կախված միջավայրից, խմբերի մեկուսացումից, միգրացիայից՝ որոշակի տարբերություններ կամ նմանություններ են առաջանում տարբեր խմբերի միջև, այսինքն՝ ամեն ազգ ունի իրեն բնորոշ մուտացիաներ, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ։  Հետևաբար, ունենալով ժամանակակից մարդու ԴՆԹ-ն, այսինքն՝ նրա գենոմի մասին ինֆորմացիան, գիտնականները, հիմնվելով  ժառանգած մուտացիաների վրա, կարող են վերականգնել նրա անգամ հեռավոր նախնիների ԴՆԹ-ն։    Մենք փռյուգացիների՞ց ենք սերում․ գենետիկական պատասխանը Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիան հայկական գենոֆոնդը ուսումնասիրելու նպատակով մի քանի տարի առաջ սկսեց ուսումնասիրել ծագումով Արևելյան և Արևմտյան Հայաստաններից հայերի գենետիկական տվյալներ։ Սկզբում գիտնականները կենտրոնացան հայրական գծով ժառանգվող գենետիկական հատկանիշների վրա։ Ստացված արդյունքները ցույց տվեցին հայրական տոհմագծերի կառուցվածքի կայունությունը առնվազն վերջին մի քանի հազարամյակներում։ Բալկանյան տեսության համաձայն` փռյուգիացիների միգրացիան Հայկական բարձրավանդակ մոտ 3000 տարի առաջ է տեղի ունեցել։ Սա  կասկածներ առաջացրեց Հերոդոտոսի վկայության իսկության վերաբերյալ։ Գիտնականների մոտ միտք ծագեց․ եթե փռյուգացիները զանգվածաբար եկել էին այստեղ և Հայկական բարձրավանդակում հիմք դրել նոր ազգի, ապա նրանք պիտի ճանապարհին հետքեր թողած լինեին, և այդ հետքերը պիտի երևային մեր՝ հայերիս գենոմում։ Այս ենթադրության  իսկությունը ստուգելու համար գիտնականները վերցրին Բալկանյան թերակղզու երկրներում և այնտեղից Հայկական բարձրավանդակ տանող տարածքում՝ ներկայիս Թուրքիայում, ապրած մարդկանց հնագույն ԴՆԹ-ի մասին տվյալներ (այս նյութը ստացվել էր գտածո աճյունների  ոսկրանյութից)։ Քարտեզում կետերով նշված են այն տարածքները, որտեղի բնակիչներից վերցվել են  հնագույն կամ ժամանակակից ԴՆԹ-ի նմուշներ (աղբյուրը՝ Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիա) Ապա գիտնականները հայկական ամբողջական գենոմը, որը ստացել էին 34 հայերից, համեմատեցին այս տարածաշրջաններում ապրած մարդկանց գենոմների հետ։ Նրանց  հետազոտությունը գենետիկական որևէ նմանություն չգտավ հայերի ու Բալկանյան տարածքում ապրող և ապրած խմբերի միջև։  Եթե հայերն ու Բալկանյան թերակղզում ներկայում ապրող ժողովուրդները նույն խմբից սերեին, ապա պիտի երկուսի մոտ էլ նույն մուտացիաները արտահայտված լինեին։ Սակայն գիտնականները հայերի ու նշված  ժողովուրդների միջև մուտացիաների նմանություններ չեն գտել։ «Նմանություններ չկան, գուցե այստեղ եկել են Բալկանյան թերակղզուց, բայց ոչ զանգվածային։ Ալեքսանդրի (Մակեդոնացու,- խմբ․) ժամանակ եկել են, բայց չեն հասել Հայաստան»,- ասում է հոդվածի համահեղինակ, էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի վարիչ Լևոն Եպիսկոպոսյանը։   Սասունցիներն ասորական ծագում չունեն Սա գիտնականների գրանցած միակ արդյունքը չէ։ Հայերի ամբողջական գենոմը ուսումնասիրելիս նրանք նաև նկատեցին որոշակի առանձնահատկություն Սասունի բնակիչների մոտ։ Նախ՝ հերքվեց նրանց ասորական ծագումը։ Այս միֆը տարածողները հիմնվում են Աստվածաշնչում հանդիպող մի ձևակերպման վրա, ըստ որի՝ ասորեստանցի արքա Սենեքերիմի որդիները եկել են Արարատի երկիր։ Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի գիտնականները սասունցիների ժառանգների ԴՆԹ-ն համեմատեցին այլ հայերի ու ներկայում ապրող ասորիների հետ։  Նրանք, մասնավորապես, համեմատեցին այն մուտացիաները, որոնք բնորոշ են կոնկրետ խմբերի և այլ խմբերի մոտ չեն հանդիպում։ Արդյունքում գիտնականները հայտնաբերեցին, որ սասունցիներն ու այլ տարածաշրջանների հայեր այդ մուտացիաների առումով նման են միմյանց, իսկ  ասորիների  հետ նմանություն չհայտնաբերվեց։ Սասունցիների սերունդներից վերցրած նմուշները հետազոտելիս պարզվեց նաև, որ մոտ 10 հազար տարի առաջ նրանց քանակի կտրուկ նվազում է գրանցվել։ Լևոն Եպիսկոպոսյանի խոսքով դրա պատճառները միայն ենթադրել կարելի է՝ ներխուժումներ, միջավայրի կտրուկ փոփոխություն կամ մի այլ պատճառ, որի մասին պատմական որևէ տեղեկություն չկա։ Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի ու գործընկերների  հետազոտությունը հայկական գենոֆոնդի ուսումնասիրության մի մասն է միայն։ Լաբորատորիան նպատակ ունի Պատմական Հայաստանի գենետիկական ատլաս ստեղծելու, որը կներառի Հայաստանի Հանրապետության, Արցախի, Արևմտյան Հայաստանի հայերի ու նրանց հաջորդների, ծպտյալ հայերի, հայկական ծագում ունեցող այլ խմբերի գենետիկական տվյալները։ Սա միջգիտակարգային համագործակցության ու երկարաժամկետ ծրագիր է, որն արդեն մեկնարկել է։ «Գիտությունը երբեք չի ավարտվում, այն ունի սկիզբ, բայց չունի վերջ»,- ամփոփում է Լևոն Եպիսկոպոսյանը։   Անի Խաչատրյան Գլխավոր լուսանկարը՝ Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայից (հեղինակ՝ Սարգիս Խարազյան)  
18:33 - 05 դեկտեմբերի, 2024
Հայաստանի կարիքներից բխող գիտություն․ ԱԺ-ում քննարկվեց անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում գիտության և տեխնոլոգիաների դերը

Հայաստանի կարիքներից բխող գիտություն․ ԱԺ-ում քննարկվեց անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում գիտության և տեխնոլոգիաների դերը

Ինչո՞ւ Հայաստանում գերատեսչությունները չունեն պետության կարիքներից բխող գիտական խնդիրներ սահմանելու կարողություններ, արդյո՞ք գիտական արդյունքը չափելու միակ միջոցը պիտի լինեն միջազգային հեղինակավոր ամսագրերում տպագրությունները, ինչո՞ւ չի հրապարակվում գիտության ռազմավարությունը․ Ազգային ժողովում (ԱԺ) կառավարության և գիտական համայնքի ներկայացուցիչները նոյեմբերի 19-ին փորձում էին ստանալ այս հարցերի պատասխանները։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հակոբ Արշակյանը և Սիսակ Գաբրիելյանը «Գիտուժ» նախաձեռնության հետ կազմակերպել էին «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով աշխատանքային քննարկում։ Լուսանկարում՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հակոբ Արշակյանը Քննարկման կազմակերպման առիթներից էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր նախագիծը, որը լրամշակումների տևական փուլից հետո շրջանառության մեջ է դրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ)։ Այս նախագծով, հիշեցնենք, առաջարկվում են բարձրագույն կրթության և գիտության համակարգերի մի շարք արմատական փոփոխություններ, այդ թվում՝ բուհերի խոշորացում, գիտական կազմակերպությունների ինտեգրում բուհերի կազմում, Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) դերի փոփոխություն։ Նախագծում առանձին կետով կարգավորվում են նաև ստեղծվելիք ակադեմիական քաղաքին վերաբերող հարցերը (նախագծի մանրամասները կարող եք կարդալ այստեղ)։   Պետությունը՝ խնդիրներ սահմանող ԱԺ-ում կազմակերպված քննարման մի զգալի հատված նվիրված էր, այսպես կոչված, պետական պատվերին․ քննարկման մասնակիցները փորձում էին հասկանալ, թե ինչպես կարող է կառավարությունը վերհանել պետության կարիքներից բխող գիտական խնդիրներ և դրանք պատվիրակել գիտնականներին։ «Գիտուժ» նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդանը նշեց, որ 2021-ին իրենց նախաձեռնության առաջ քաշած գլխավոր պահանջներից էր գիտության ֆինանսավորման ավելացումը, ինչը տեղի ունեցավ։ Նա շեշտեց՝ իրականացվել են ու շարունակում են իրականացվել դրական այլ փոփոխություններ ևս, ինչպիսին է, օրինակ, վարչապետին կից Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի ստեղծումը, որի աշխատանքային խմբերը հավաքագրում ու կառավարությանն են ներկայացնում Հայաստանի համար կարևոր գիտական խնդիրներ։ «Գիտուժ» նախաձեռնության անդամի խոսքով, սակայն, այս փոփոխությունները տեղի են ունենում պետական կարիքներց բխող գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (ԳՀՓՄ) ռազմավարությունների բացակայության պայմաններում։ Տիգրան Շահվերդյանը «Անտեսվում է պետության՝ գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների պատվիրատուի դերը՝ ելնելով պետության մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտությունից։ Բազմաթիվ երկրների փորձի մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այստեղ լուրջ բաց կա։ Հայաստանի պետական համակարգում չկա այն մարմինը, որը պետք է լինի պետական կարիքներից բխող կիրառական գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների պատվիրատու պետական համակարգում։ Այս բացերն են բերում նաև նրան, որ չարդարացված սպասումներ են ձևավորում գոյություն ունեցող գերատեսչություններից, հատկապես ԿԳՄՍ նախարարությունից։ Սակայն գոյություն ունեցող գերատեսչությունները, առանձին վերցրած, չունեն բավարար լիազորություններ պետական ԳՀՓՄ պատվերի ֆունկցիան ամբողջապես իրականացնելու համար»,- նշեց նա։  Տիգրան Շահվերդյանը շեշտեց նաև այն հանգամանքը, որ Հայաստանում գիտությանը հատկացվող ֆինանսավորման մեծ մասն ուղղվում է հիմնարար հետազոտություններին, և կիրառական հետազոտությունների ու փորձարարական մշակումների բյուջեն դրա փոքր մասն է կազմում (կատարվել է ուղղում 27․11․2024-ին)։ Ի հակադություն՝ նա բերեց Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության երկրների օրինակը, որտեղ կիրառական հետազոտություններն ու  փորձարարական մշակումները կազմում են ծախսերի կեսից ավելին։  Տիգրան Շահվերդյանը ներկայացրեց, թե այս խնդիրների լուծմանն ուղղված ինչ առաջարկներ ունի «Գիտուժ» նախաձեռնությունը․ անհապաղ ձևավորել պետական ԳՀՓՄ պատվիրատու մարմին հստակ լիազորություններով, մշակել պետական ԳՀՓՄ և նորարության համապարփակ ռազմավարություն՝ ուղղված երկրի անվտանգային և տնտեսական մարտահրավերների լուծմանը, հաշվի առնելով, որ պետական ԳՀՓՄ պատվերի համակարգը դեռ ձևավորման փուլում է, պետական ԳՀՓՄ կատարողների համակարգի փոփոխություններն իրականացնել ավելի կշռադատված ձևով։  ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն արձագանքեց՝ խոսակցությունը պետք է սկսել ոչ թե նոր մարմին ստեղծելուց, այլ նրանից, թե ինչ խնդիրներ պետք է լուծել և ինչպես։ Նա հիշեցրեց, որ գոյություն ունի միջգերատեսչական հանձնաժողով, որի շրջանակում տարբեր նախարարություններ հավաքագրում են  իրենց խնդիրներն ու փոխանցում ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին՝ դրանք որպես հետազոտական թեմաներ ձևակերպելու նպատակով։ Ժաննա Անդրեասյանը «Մենք սովորաբար կարծում ենք, որ մեր խնդիրները կլուծվեն եթե ունենանք հերթական մարմինը, որն ունի այսինչ գործառույթները։ Ցավոք, փորձը ցույց է տալիս, որ մարմինները կարող են ստեղծվել, բայց խնդիրները կշարունակեն չլուծվել։ Երբ պետական գերատեսչությունները պետք է ներկայացնեն այն հարցերը, որոնց ուսումնասիրությունը կարևոր է, որ իրենք առաջ գնան, օրինակ, ջրային ոլորտում, հողերի օգտագործման կամ ցանկացած այլ բնագավառում, մենք կարող ենք տեսնել այդ խնդիրները ձևակերպելու տարրական կարողության խնդիր։ Ես տեսնում եմ լրջագույն խնդիր, որ մենք ունենանք ավելի համալիր մոտեցում կարողությունների զարգացման տեսանկյունից, որպեսզի նախևառաջ կարողանանք հարցերն ու խնդիրները ճիշտ ձևակերպել, իսկ այնուհետև ընտրել՝ այս խնդիրներից որոնք պետք է դառնան առաջնահերթ և ընդգրկվեն պետության ֆինանսավորման ծրագրերի շրջանակներում»,- ասաց նախարարը։ Տիգրան Շահվերդյանը նշեց` կարևոր է ունենալ մարմին, որը կգործի նախարարություններից դուրս, և որը կունենա առանձին բյուջե ու լիազորություններ։ «Մեծ երկրների փորձը ցույց է տալիս, որ նրանք կարողանում են ամեն մի գերատեսչության մեջ ձևավորել խնդիրները ամբողջական ձևակերպելու, նաև պատվիրելու կարողությունները։ Սակայն ավելի փոքր երկրներում, որոնք հնարավորություն չունեն բոլոր գերատեսչություններում այդպիսի կարողություն ձևավորվելու, սովորաբար ստեղծվում են մեկ կամ ավելի մարմիններ, որոնք, քանի որ պետք է ամբողջական նայեն պետական խնդիրներին, գտնվում են գերատեսչություններից դուրս։ ․․․․ Մենք անիրատեսական ենք համարել [Հայաստանի] բոլոր գերատեսչություններում ձևավորել այդպիսի կարողություններ, հետևաբար պետք է լինի մասնագիտական որևէ կառույց, որն ունենա համապատասխան պրոֆեսիոնալ կարողություններ և հզորություններ»,- ասաց «Գիտուժ» նախաձեռնության անդամը։ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Սեյրան Մինասյանն էլ հիշեցրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (ԲՏԱ) կազմում գործող Ռազմարդյունաբերության կոմիտեի մասին՝ հարցնելով, թե ինչու Կոմիտեն չի կարողանում ձևակերպել ոլորտի կարիքները, որոնք գիտնականները կարող են լուծել, և ինչու են հետազոտությունների նախաձեռնությունները գալիս ներքևից՝ գիտնականներից։ Սեյրան Մինասյանը նաև խոսեց հետազոտությունների ֆինանսավորման նպատակային ծրագրերի մասին, որոնք ժամանակին Էկոնոմիկայի նախարարությունն էր իրականացնում, իսկ այժմ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի տիրույթում են։  Սեյրան Մինասյանը «Ինչո՞ւ Էկոնոմիկայի նախարարությունը չէր ձևակերպում այդ նպատակները, արդյո՞ք Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հիմա ձևակերպելու է հստակ նպատակներ, թե ինչ է պետք մեր երկրին, որ մենք էլ դրանով զբաղվենք։ Բացի դրանից՝ Գիտությունների ազգային ակադեմիան էլ, կարծում եմ, մեծ պոտենցիալ ունի անվտանգության և տնտեսության զարգացման հարցում մեր երկրին անհրաժեշտ խնդիրները ձևակերպելու և նպատակային ծրագրեր, թեմաներ հայտարարելու։ Կարծում եմ՝ այս չորս կառույցները արդեն կան և պետք է աշխատեն։ Հիմա այդ կառույցները կան, ինչ-որ մասով թերի է արվում, ասում են՝ եկեք նոր կառույց ստեղծենք։ Այդ դեպքում ավելանալո՞ւ է այն մարդկանց ու մասնագետների թիվը, որոնք ի վիճակի են ձևակերպել պետական պատվերը, այդ վերլուծությունն անել»,- հարցրեց Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրենը։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանն ի պատասխան նշեց՝ Ռազմարդյունաբերության կոմիտեն այժմ նոր ղեկավար ունի, վերջերս էլ ոլորտը կարգավորող նոր օրենք է ընդունվել՝ հույս հայտնելով, որ այդ ամենը հնարավորություն կտա ավելի արդյունավետ կերպով խնդիրներ ձևակերպելու։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Արշակյանն էլ կարծիք հայտնեց, որ աշխարհում բարդ խնդիրներ ձևակերպում են ոչ միայն պետությունները, այլև մասնավոր հատվածում գործող մեծ ընկերությունները։ Նա նշեց, որ խնդիրներ ձևակերպելու կարողությունները մեծապես կապված են տեխնոլոգիական առաջընթացի հետ։ Սիսակ Գաբրիելյանը և Հակոբ Արշակյանը Հակոբ Արշակյանը խնդրին անդրադարձավ նաև պատմական համատեքստի տեսանկյունից՝ նշելով՝ Հայաստանի անկախ պատմության ընթացքում գիտության համար խնդիրներ չեն ձևակերպվել այն պատճառով, որ անկախությունից առաջ այդ խնդիրները ձևակերպվել են ոչ թե Հայաստանում, այլ Խորհրդային Միությունում։  «Այն, որ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պետություն, գիտության համար խնդիրներ սահմանելու կարողություններ չի ձևավորել, նրանից չէ, որ ունեցել է, կորսվել է. նա չի էլ ունեցել դա իր ֆունկցիաների մեջ։ Խնդիր դնել, խնդիրը իրագործել, տանել դեպի տնտեսության զարգացում․․․ Այս ամբողջը Խորհրդային Միության պետական համակարգում է արվել։ Եղել են գիտական կառույցներ, գիտաարտադրական, արտադրական միավորումներ։ Այդ ամբողջ համակարգը ժառանգելով՝ մենք երևի թե, բացի գիտության և մի փոքր էլ գիտաարտադրական կտորից, ոչնչացրել ենք»,- ասաց պատգամավորը։ Հակոբ Արշակյանը, որ վարչապետին կից Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի անդամ է, խոսեց նաև 2023-ին ստեղծված այս խորհրդի աշխատանքների մասին՝ նշելով, թե իրենք ինչ մարտահրավերների են բախվել։ Պատգամավորի խոսքով խորհրդի աշխատանքային խմբերում գիտնականներն ու ձեռներեցներն արդեն մի քանի ուղղություններ են առանձնացրել, որոնց ուղղությամբ առաջարկել են աշխատանքներ իրականացնել, սակայն ընթացքում պարզ է դարձել, որ կարիք կա այդ ամենը «թարգմանելու և ձևակերպելու պետական կառավարչական ու բյուջետավորման ծրագրերի լեզվով»։ Նա նշեց` այդ հարցում կարողությունների խնդիր կա, որն էլ փորձում են լուծել։ Էկոնոմիկայի նախարարության Գիտելիքահենք տնտեսության վարչության պետ Նուշիկ Պերոսյանն էլ հայտնեց, որ իրենց նախարարությունն այս պահին աշխատանքներ է իրականացնում տեխնոլոգիաների առևտրայնացմանը և մտավոր սեփականությանը վերաբերող խնդիրները լուծելու ուղղությամբ։ Նրա խոսքով կան և՛ ֆինանսական, և՛ ենթակառուցվածքային բացեր, ու նախարարությունը ռազմավարություն է մշակում, ինչպես նաև նախատեսում է նոր կառույց ստեղծել, որը կզբաղվի այդ թվում վերը նշված հարցերով։ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտություների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը խոսեց այն խնդրի մասին, որ հանրությունն ու կառավարությունն այնքան էլ բաց չեն գիտնականների առաջարկած լուծումներն ընդունելու հարցում։  «Երբ տնտեսվարողին ասում ես՝ կարող ենք սխեմա մշակել, որն, օրինակ, կբարձրացնի կովի կաթնատվությունը, պատասխանը լինում է՝ մեր կովերը էդպես էլ են կթվում։ Գիտության պրոդուկտը նաև այն գիտելիքն է, որը կարող ես ներդնել պետական հարցերում, և երբ պատկան մարմիններին առաջարկում ես, ասում են՝ շատ լավ է, բայց չեն պատվիրում գիտությանը, ստեղծում են մի ՀՈԱԿ կամ ՊՈԱԿ, որը փորձում է գիտական գործառույթներ վերցնել իր վրա։ ․․․․ Գիտնականների լեզուն էլ շատ հաճախ անհասկանալի է բոլորի համար։ Մենք չունենք այդ օղակը, որը կմարսի գիտության արդյունքները, կտա հասարակության տարբեր խմբերին, և հակառակը՝ կմարսի եղած խնդիրները և կտա պետությանը»,- ասաց Լիլիթ Սահակյանը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ նշեց՝ գիտության հանդեպ վերաբերմունքի և քննարկված շատ խնդիրների պատճառների հարցում կարևոր անելիք ունեն հասարակագիտական հետազոտութոյունները։ «Մենք հասարակագիտական բավարար վերլուծություն չունենք հանրային զարգացման խնդիրների և դրանցում գիտության մասնակցության մասին։ Եթե ասում եք, որ մեր ընկերությունները գիտելիքը չեն ընդունում և գերադասում են այլ եղանակներով աշխատել, եթե բազմաթիվ խնդիրներ ենք առաջ քաշում, որոնք հանրության ու գիտության հարաբերության հարցեր են, այստեղ է հենց կարևոր հասարակագիտական վերլուծությունը, որը, ցավոք սրտի, չկա»,- ասաց նախարարը։   Ինչպե՞ս չափել գիտության արդյունքները Ազգային ժողովում քննարկվող թեմաներից մեկն էլ Հայաստանի համար գիտական առաջնահերթ ուղղությունների սահմանումն ու գիտական արդյունքների գնահատումն էր։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի՝ գիտության գծով պրոռեկտոր Աշոտ Խաչատրյանը մտահոգություն հայտնեց, որ այժմ գիտնականի արդյունավետ լինելը գնահատվում է հիմնականում միջազգային հեղինակավոր ամսագրերում հրապարակումներով։ Նա հորդորեց, որ գնահատումը նաև այլ բաղադրիչներ ունենա։ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն էլ բացատրեց, թե ինչու են տպագրությունները գնահատման հիմնական չափանիշը։ «[Միջազգային հեղինակավոր ամսագրերում տպագրությունը] նշանակում է, որ գիտնականն ի վիճակի է ուսումնասիրել առկա ժամանակակից գրականությունը, միջազգային գիտելիքի մեջ վեր անել գիտական խնդիրներ, ձևակերպել այդ խնդիրը, գտնել լուծումներ, ձևակերպել իր լուծումները, կատարել փորձը, ստանալ արդյունքները, ձևակերպել իր եզրակացությունները, ուղարկել համապատասխան պարբերականներ, ստանալ գրախոսություն, այսինքն՝ քննադատություն, քննադատության համապատասխան՝ շտկել, արձագանքել այդ քննադատությանը, ըստ այդմ վերադարձնել շտկումներն ու տպագրել [գիտական հոդված]»,- ասաց նա։ Սարգիս Հայոցյանը Սարգիս Հայոցյանի կարծիքով գիտությունից դեպի կիրառելի հետազոտություններ ու մշակումներ թռիչքը սովորաբար շատ բացառիկ դեպքերում է տեղի ունենում։ Նրա խոսքով մինչև տնտեսությանն օգուտ տալը գիտությունը ճանապարհի ունի անցնելու, և այդ ճանապարհին կարևոր է միջազգայնորեն մրցունակ գիտությամբ զբաղվելը։ «Եթե դու չունես այդ «մեդալը», որ ի վիճակի ես այդ ամենն անելու, մեծ հարց է առաջանում, թե արդյո՞ք ի վիճակի ես մշակումներ անելու, արդյո՞ք այն, ինչը ներկայացնում ես որպես մշակում, մշակումներ են, թե՞ ուղղակի հայտնի տեխնոլոգիաների կիրառում կամ հայտնի ինչ-որ բանի անալոգ, որը սովորաբար պետք է ավելի վատը լինի, քանի որ գիտելիք դրված չէ այնտեղ»,- ասաց նա։ «Գիտուժ» նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանն էլ հակադարձեց, որ միջազգային հեղինակավոր ամսագրերում տպագրությունների թվի ավելացումը չպիտի լինի ինքնանպատակ։ «Մենք տպագրությունները համարում ենք անհրաժեշտ գործիք որակի չափման համար, բայց ինչի՞ որակ, ի՞նչ համակարգ, ի՞նչ կարողություններ ենք ուզում ստանալ։ Մենք ուզում ենք ունենալ համակարգ, որը կարող է մեր երկրի խնդիրները լուծել, և համակարգ, որտեղից կարող են դուրս գալ ավելացված արժեքով պրոդուկտներ, որոնք կարող ենք և՛ ներսում օգտագործել, և՛ արտահանել, բայց առաջին  հերթին մեր երկրի խնդիրները լուծել։ Եթե մենք ի սկզբանե չենք գալիս այդ գլխավոր նպատակից, սկսում ենք կենտրոնանալ երկրորդական ենթանպատակների վրա։ Ոչ մի երկիր, եթե պատմությունը ուսումնասիրեք, այդպես հարցին չի մոտեցել։ Նրանք երկար փորձել են ինչ-որ լուծումներ ստանալ իրենց խնդիրներին, հետո ինչ-որ մի պահի հասկացել են, որ եթե համակարգի մեջ ձևավորեն այսպիսի կոմպոնենտ, որտեղ մարդիկ ազատ են հետազոտելու և նոր գիտելիք ստեղծելու, հետո դա ինչ-որ ձևով կիրառելու, կարող են հաճախ շատ ավելի արդյունավետ լուծումներ ստանալ։ Բայց հակառակը չի՛ եղել, որ ասեն՝ եկեք սկսենք մեր բյուջեի 90%–ը  ծախսել ֆունդամենտալ հետզոտությունների վրա, շատ տպագրություններ ունենալ, հետո մի օր կտեսնենք, թե այս մարդիկ ինչ խնդիր կարող են լուծել»,- ասաց նա։ Տիգրան Շահվերդյանը շեշտեց, որ պետք է հասկանալ, թե որ ուղղություններով հետազոտություններն են կարևոր Հայաստանի համար, և դրանց  առաջնահերթություն տալ, այդ ուղղություններում կարողություններ ու ենթակառուցվածքներ ձևավորել։  «Մենք հենց առաջինն էինք, որ ասեցինք՝ այս պահին պետք է ավելացնել ֆինանսավորումը, որովհետև կան ծրագրեր, որոնք հարկավոր է հենց այս պահին իրագործել։ Բայց արդեն 3 տարի է անցել, և մենք շարունակում ենք խոսել միայն դրա մասին։ Ինչ-որ մի պահի հարց է առաջանալու շատ մարդկանց, մասնավորապես՝ քաղաքացիների մոտ, թե ինչու ենք այսպես շարունակում։ Եթե այս պահից մենք սկսենք մտածել, թե որ խնդիրներն ենք ուզում լուծել, ինչ ուղղություններ ենք ուզում զարգացնել, ռեսուրսները գնահատենք, ռազմավարություններ կազմենք, պետական համակարգում բացերը լրացնենք, գոնե ասենք` սպասեք, մենք այդ գործը անում ենք․․․ Բայց ախր չենք էլ անում․ շարունակում ենք խոսել այն մասին, որ մի օր, երբ ունենանք լավ զարգացած կարողություններ, 12 հազար գիտնականներ, որոնք շատ լավ տպագրվում են, այդ ժամանակ նոր կկարողանանք խնդիր լուծել»,- նշեց նա։ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար Արթուր Իշխանյանն էլ շեշտեց անվտանգային ուղղություններում սեփական տեխնոլոգիաների մշակման կարևորությունը։  «Հակառակ պարագայում մենք ընկնում ենք էլ ավելի մեծ կախվածության մեջ արտաքին ուժերից։ Անվտանգություն ասելով՝ մենք պետք է հասկանանք լայն սպեկտր․ դա միայն ֆիզիկական անվտանգությունը չէ, սննդային անվտանգությունն է, գաղափարական պայքարի, էներգետիկ անվտանգությունը։ ․․․․ Կան ոլորտներ, որտեղ առաջնայնությունը պետք է տրվի սեփական տեխնոլոգիաների գեներացիային, և այդ ոլորտների նշումը, այդ ոլորտների առաջնահերթ ֆինանսավորումը, դրանց զարգացման համար մեխանիզմների ստեղծումը պետք է հանդիսանա ընդհանուր մտահոգության առարկա»,- ասաց ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարը։   Ինչո՞ւ է ուշանում գիտության ռազմավարությունը ԱԺ-ում քննարկման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձավ գիտության զարգացման ռազմավարությանը, որը դեռևս չի հրապարակվել։ Նա հիշեցրեց, որ ռազմավարությունը պատրաստ էր դեռ 2021-ին և այն ժամանակ չհրապարակվեց լիազորող նորմի բացակայության պատճառով, իսկ այժմ վերանայման փուլում է։ «Ինչ-որ առումով լավ է, որ մինչև այս պահը դեռևս ռազմավարությունը ներկայացված չէ քննարկման, որովհետև այն բոլոր աշխատանքները, որ արվել են, բերում են մեզ հաջորդ փուլի իմաստավորման իրավիճակի, երբ որ մենք պետք է հասկանանք, թե այս ամենից հետո որոնք են մեր հաջորդ փուլի թիրախները։ Վարձատրությունը բարձրացրինք, պետական ֆինանսավորումն ավելացրինք, կիրառական հետազոտությունների, այլ ուղղություններով դրամաշնորհային նոր ծրագրեր ներդրեցինք, և պետք է հասկանալ՝ ինչպես ենք առաջ շարժվում, որ թիրախներն են դառնում մեզ համար կարևոր»,- ասաց նախաարը։ Ժաննա Անդրեասյանը նշեց՝ գիտության ռազմավարությոնը կլինի 2025-30 թթ․ համար՝ այդպիսով համահունչ դառնալով «Կրթության մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագրին» ու ակադեմիական քաղաքի կառուցմանը։ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը հարցրեց, թե ինչու են առաջինը հրապարակվել «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը և «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, իսկ գիտության ռազմավարությունը հաջորդելու է  այդ փաստաթղթերին։  «Եթե չեմ սխալվում, ընդունված պրակտիկան հակառակն է․ լինում է հայեցակարգ՝ ընդհանուր փոփոխությունների վերաբերյալ, դրանից հետո ռազմավարություն, օրենք, հետո  ենթակառուցվածքների վերաբերյալ աշխատանքներ»,- նշեց Արսեն Առաքելյանը։ Ժաննա Անդրեասյանն էլ պատասխանեց՝ ռազմավարություն եղել է՝ «Կրթության մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագիրը», որով սահմանվել են բուհերի խոշորացումն ու  գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորումը։ Նախարարը նաև նշեց՝ չնայած գիտության զարգացման ռազմավարությունը չի հրապարակվել, գոյություն ունի Կառավարության ծրագիրը, որտեղ ներկայացված են գիտությանը վերաբերող անելիքները։ Նշենք, սակայն, որ կառավարության ծրագիրն ընդունվել է դեռևս 2021-ի ամռանը, և այնտեղ սահմանված թիրախներում նախատեսվում էր ոչ թե գիտական կազմակերպությունների միավորումը բուհերին, այլ կազմակերպությունների խոշորացմամբ գիտական նոր կենտրոնների ստեղծումը։ Իսկ ակադեմիական քաղաքի ստեղծումը, գիտական կազմակերպությունների՝ բուհերին միավորումը նախատեսված են «Կրթության մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագրով»՝ բարձրագույն կրթության համար սահմանված թիրախների համատեքստում (գործընթացի մանրամասներին կարող եք ծանոթանալ մեր ֆիլմում)։  Ազգային ժողովում կազմակերպված քննարկումն, այսպիսով, ավելի շատ հարցեր առաջացրեց, քան հարցերի պատասխանեց։ Այս պահին ԿԳՄՍ նախարարությունը առաջարկների հավաքման ու «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերջնական լրամշակման փուլում է, որից հետո նախագիծը կքննարկվի կառավարությունում։   Աննա ՍահակյանԼուսանկարները՝ Սարգիս Խարազյանի
19:39 - 21 նոյեմբերի, 2024
Գիտություն անտեսանելիի մասին. լաբորատորիայից ներս Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի և հեռազննման բաժինն է

Գիտություն անտեսանելիի մասին. լաբորատորիայից ներս Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի և հեռազննման բաժինն է

- Հասեք Արենի ու զանգեք, տեղը կբացատրենք,- լսվում է հեռախոսից։ Մեքենան ընթանում է Վայոց ձորի ճանապարհներով։ Գործընկերս՝ Սարգիս Խարազյանը, երաժշտության ընտրությունն այս անգամ ինձ է վստահել։ Սովորության համաձայն՝ երկար ճանապարհը մեր սիրելի երգերը լսելով ու երգելով ենք անցնում։ - Հասանք Արենի։ - Ուղիղ գնացեք, հետո թեքվեք ձախ ու մեզ կտեսնեք։ Մի քանի րոպե անց մեր մեքենան միանում է մյուսներին, և բոլորս միասին ձախակողմյան նեղ ճանապարհով ընթանում ենք վեր։ Ամայի ճանապարհի վերջում մեր առջև ձգվում է խաղողի այգին։ Մեքենաները կանգնում են․ ծանր սարքավորումները բեռնախցիկներից դուրս են բերվում, բոլորս «զինվում ենք» գլխարկներով։ Եվ չնայած հուլիսի կիզիչ արևը հեշտ օր չի խոստանում, ամենքն անցնում են գործի։   Գետնի վրա և օդում Զգուշորեն քայլում եմ խաղողի վազերի շարքերով ու մոտենում Շուշանիկ Ասմարյանին։ Շուշանիկը ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հեազոտությունների կենտրոնի (Էկոկենտրոն)՝ գիտության գծով փոխտնօրենն է, ինչպես նաև Կենտրոնի Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (ԱՏՀ) և հեռազննման բաժնի ղեկավարը:  Շուշանիկ Ասմարյանը Նրա կողքին կանգնած է Անահիտ Խլղաթյանը։ Անահիտն ԱՏՀ և հեռազննման բաժնին միացել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) աշխարհագրության ֆակուլտետի մագիստրատուրայում սովորելու տարիներին։ Այժմ նա արդեն ասպիրանտ է և այստեղ` խաղողի այգիներում, փորձում է գործընկերների հետ ստանալ իր ասպիրանտական թեզի գլխավոր հարցի պատասխանը․ հնարավո՞ր է մի օր միայն անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) պատկերների վերլուծությամբ կանխատեսել խաղողի այգիներում բերքատվության մակարդակը։ Անահիտ Խլղաթյանը ԱՏՀ և հեռազննման բաժինը Էկոկենտրոնում ստեղծվել է տարիներ առաջ։ Շուշանիկ Ասմարյանը, որը Կենտրոնում է դեռ ուսանողական տարիներից, հիշում է՝ մի օր արտասահմանից ուղարկված գիտահանրամատչելի ամսագրերից մեկը ձեռքին իր աշխատասենյակ մտավ Էկոկենտրոնի հիմնադիր Արմեն Սաղաթելյանը։ Ամսագրում գրված էր աշխարհագրական տեղեկատվական համակարգերի ու հեռազննման մասին, որոնք 2000-ականների սկզբին նորարարական ուղղություններ էին։ Արմեն Սաղաթելյանը հարցրեց, թե արդյո՞ք Շուշանիկը չէր ցանկանա սկսել Հայաստանում այդ հեռանկարային ուղղություններով հետազոտություններ իրականացնել։ Գաղափարը Շուշանիկին հետաքրքրեց։ Այդ ժամանակ Էկոկենտրոնում գործում էր Թեմատիկ քարտեզագրման լաբորատորիա, որի հիման վրա էլ 2011-ին ստեղծվեց ԱՏՀ և հեռազննման բաժինը։ Բաժինը միավորում է ոչ միայն աշխարհագրագետների ու երկրաբանների, այլ նաև ինֆորմատիկների ու տվյալագետների։ ԱՏՀ և հեռազննման բաժնի թիմը - 235 ու 9,- հայտարարում է Անահիտը խաղողի տերևներում քլորոֆիլի քանակությունը հատուկ սարքով չափելուց հետո։ Շուշանիկը նրա փոխանցած տվյալներն անցկացնում է դաշտային գրանցամատյանում։ Ապա միասին քայլում են առաջ՝ հաշվելով վազերը։ Մի քանի վազ անցնելուց հետո նորից են կանգնում, չափում ու այդպես հերթով անցնում շարքերով։ Հեռվում՝ Շուշանիկն ու Անահիտը Մինչ Շուշանիկն ու Անահիտը տերևների քլորոֆիլն են չափում, Անդրեյ Մեդվեդևը հետևում է անօդաչու թռչող սարքի թռիչքին։  «Հայաստանն աշխարհագրագետների համար դրախտ է։ Դուք կարող եք կիսաանապատային գոտուց դեպի ալպյան մարգագետիններ տեղափոխվել 30 րոպեում»,- ասում է Անդրեյը, որը երկար տարիներ համագործակցել է Էկոկենտրոնի գիտնականների հետ, իսկ ԱՏՀ և հեռազննման բաժնին միացել է 2022-ին և ղեկավարում է բաժնի «Գերբարձր լուծաչափի հեռազննման» գիտական խումբը։ Անդրեյ Մեդվեդևը Մինչ գիտնականները զբաղված են դաշտային աշխատանքներով, ժամանակն է ավելի մանրամասն խոսելու այն մասին, թե ինչ են հեռազննումն ու աշխարհագրական տեղեկատվական համակարգերը։  Իսկ հետո կվերադառնանք խաղողի այգիներ՝ իմանալու, թե ինչ հետազոտություններ են իրականացվում այստեղ, և որոնք են ակնկալվող արդյունքները։   Ի՞նչ կարող են պատմել գույները, որոնք մենք չենք տեսնում Աշխարհագրության ուսումնասիրության օբյեկտը մեր շուրջը տարածվող աշխարհն է՝ լճերը, այգիները, օդը, հողը, անտառները․․․ Աշխարհագրագետները դիտարկում են այդ աշխարհը, չափումներ են անում, նմուշներ վերցնում ու դրանք լաբորատորիայում հետազոտում։ Բայց սրանք դասական, ավանդական մեթոդներ են։ Օբյեկտների մասին կարևոր տեղեկություններ հնարավոր է ստանալ նաև հեռազննման միջոցով։ «Հեռազննումը շրջակա միջավայրի, մեզ շրջապատող իրականության մեջ առկա օբյեկտների, երևույթների ուսումնասիրությունն է առանց դրանց հետ անմիջական ֆիզիկական կոնտակտի մեջ մտնելու»,- ասում է Շուշանիկը։ Գիտնականները դաշտային աշխատանք են կատարում Հեռազննումն իրականացվում է տիեզերքից՝ արբանյակային պատկերներով, օդից՝ ԱԹՍ-ներով արված գերբարձր լուծաչափի պատկերներով, ինչպես նաև օբյեկտներից շատ փոքր հեռավորության վրա՝ շարժական սպեկտրոռադիոմետրերով։ Ե՛վ արբանյակները, և՛ ԱԹՍ-ները, և՛ սպեկտրոռադիոմետրերը այս կամ այն կերպ գրանցում են, թե ինչպես են տարբեր օբյեկտներ՝ ջուրը, հողը կամ բույսերը, անդրադարձնում արեգակնային ճառագայթումը։  Արեգակնային ճառագայթումը տարբեր երկարության և հաճախականության էլեկտրամագնիսական ալիքների փունջ է՝ կարճ, բայց բարձր հաճախականության ալիքներից մինչև երկար և ցածր հաճախականության ռադիոալիքներ։ Մեզ շրջապատող օբյեկտները` քարերը, հողը կամ բույսերը, կլանում են արեգակնային ճառագայթումն ու անդրադարձնում ալիքի միայն որոշակի տիրույթներում, որոնք էլ պայմանավորում են այդ օբյեկտների գույնը։ Տերևն, օրինակ, կանաչ ենք տեսնում, քանի որ այն ճառագայթումն անդրադարձնում է էլեկտրամագնիսական սպեկտրի կանաչ տիրույթում։ Էլեկտրամագնիսական սպեկտրի հաճախությունների միայն մի փոքր մասն է տեսանելի մեր աչքին՝ մանուշակագույնից մինչև կապույտ․ այնպիսի գույները, ինչպիսիք են ինֆրակարմիրը կամ ուլտրամանուշակագույնը, մեզ համար անտեսանելի են։ Սակայն դա չի նշանակում, որ մեզ շրջապատող օբյեկտներն արեգակնային ճառագայթումը չեն անդրադարձնում գունային այդ տիրույթներում։ Այսպիսով, հեռազննում իրականացնող սարքերի առանձնահատկությունն այն է, որ դրանց միջոցով ստացվում են ինչպես օպտիկական պատկերներ, որոնք մարդու աչքին տեսանելի տիրույթներում են, այնպես էլ բազմասպեկտրալ կամ հիպերսպեկտրալ պատկերներ, որոնք տեղեկություններ են տալիս այն մասին, թե ինչպես են օբյեկտներն անդրադարձնում արեգակնային ճառագայթումը էլեկտրամագնիսական սպեկտրի՝ մարդու աչքին անտեսանելի տիրույթներում (օրինակ՝ ուլտրամանուշակագույն, մոտ կամ հեռու ինֆրակարմիր և այլն)։ Խաղողի այգին՝ նկարված ԱԹՍ-ով Շուշանիկը բացատրում է՝ այն, թե ինչպես են տարբեր օբյեկտներ կլանում ու անդրադարձնում արեգակնային ճառագայթումը, խիստ կապված է դրանց վիճակի հետ՝ խոնավություն, քիմիական կազմ և այլն։ Առողջ բույսն ու հիվանդ բույսն, օրինակ, տարբեր կերպ են անդրադարձնում ճառագայթումը, հետևաբար, ունենալով նրանց անդրադարձման սպեկտրալ պատկերը, կարելի է պատկերացում կազմել այդ օբյեկտների վիճակի մասին։ Գոյություն ունեն սպեկտրալ հայտանիշների բանկեր, որոնք պարունակում են տվյալներ, թե տարբեր օբյեկտներ անդրադարձման ինչպիսի վարք են դրսևորում։ ԱՏՀ և հեռազննման բաժնի «Տվյալագիտության և մեքենայական ուսուցման» խմբի գիտնականները վերլուծում են հեռազննմամբ ստացված տվյալները՝ դրանք համեմատելով սպեկտրալ հայտանիշների բանկերի տվյալների հետ և արձանագրելով այդ տվյալներից շեղումները։ Շարժական սպեկտրոռադիոմետրից ստացված սպեկտրալ հայտանիշների կորը (նկարը՝ Էկոկենտրոնի) Հեռազննումն, այսպիսով, մեթոդ է, որը հնարավորություն է տալիս տիեզերքից, օդից կամ ոչ մեծ հեռավորությունից ուսումնասիրելու օբյեկտները և դրանց վիճակի մասին պատկերացում կազմելու՝ հիմնվելով այն տվյալների վրա, թե ինչպես են դրանք անդրադարձնում արեգակնային ճառագայթումը։ Իսկ Աշխարհագրական տեղեկատվական համակարգերը կամ ԱՏՀ-ն (Geographic Information System/GIS) այն գործիքակազմի (սարքեր, ծրագրեր) ամբողջությունն է, որը հնարավորություն է տալիս հավաքագրելու, վերլուծելու և վիզուալացնելու տարածական տեղեկությունները։ ԱԹՍ-ն պատրաստվում է թռիչքի Հեռազննումը՝ որպես շրջակա միջավայրի ուսումնասիրության տեխնոլոգիա, և ԱՏՀ-ն՝ որպես վիզուալիզացման գործիքակազմ, օգնում են աշխարհագրագետներին, շրջակա միջավայրի հետազոտողներին ավելի մանրամասն հետազոտություններ իրականացնելու։ Շուշանիկը, սակայն, շեշտում է, որ ԱՏՀ-ն ու հեռազննումը չեն փոխարինում դասական, ավանդական հետազոտական մեթոդներին․ նա դրանք բնութագրում է որպես «հետախուզական» մեթոդներ, որոնք գալիս են լրացնելու հետազոտությանը՝ խնայելով ռեսուրսներ։ «Եթե հեռազննման արդյունքում ստացված և վերծանված տվյալները չեն ստուգաչափվում դաշտային պայմաններում իրականացված հետազոտություններով, այսինքն՝ դաշտում հավաքագրված և լաբորատոր փորձաքննություն անցած տվյալներով, անիմաստ է խոսել արդյունքների մասին։ Հեռազննումը չի գալիս փոխարինելու ավանդական մեթոդներին, դրանք գալիս են միասին աշխատելու»,- ասում է նա։ ԱԹՍ թռիչքը կառավարվում է վահանակից Սա հրաշալի երևում է Սևանա լճի կանաչելու խնդրի ուսումնասիրության օրինակով։ Շուշանիկը նշում է՝ իրենք հետազոտություն են իրականացրել և մշակել են Սևանի ուսումնասիրության  մեթոդ, որն առաջարկում է ավանդական մեթոդներով մոնիտորինգ և նմուշառում կատարելուց առաջ նախ հեռազննում իրականացնել։ Գիտնականի խոսքով այս մեթոդը հնարավորություն է տալիս հասկանալու՝ լճի որ հատվածների վրա կենտրոնանալ ավադական մեթոդներով ուսումնասիրության փուլում, ինչն էլ  իր հերթին ժամանակ ու ֆինանսական միջոցներ է խնայում։ Հետազոտության արդյունքներն արդեն տպագրվել են Remote Sensing գիտական ամսագրում։   Դեպի խաղողի այգիներ Երկու տարի առաջ ԱՏՀ և հեռազննման բաժնի գիտնականները հետազոտական նոր ծրագիր սկսեցին։ Ինչպե՞ս տնտեսվարողների հետ խոսակցությունը նրանց բերեց խաղողի այգիներ, ինչպե՞ս են իրականացվում օդային լուսանկարահանումն ու սպեկտրոռադիոմետրիան, ինչո՞ւ է քլորոֆիլը բույսերի համար այդքան կարևոր, և ինչպե՞ս մեքենայական ուսուցման մոդելները կարող են միայն ԱԹՍ լուսանկարների հիման վրա խաղողի տերևներում քլորոֆիլի պարունակությունը կանխատեսել․ այս մասին մեզ կպատմեն հենց իրենք՝ գիտնականները։ Գիտնականները պատմում եմ խաղողի այգիներում իրականացվող աշխատանքների մասին Թեմայի վերաբերյալ գիտական առաջին հոդվածը, որտեղ ներկայացված են 2022-ի դաշտային աշխատանքների հիման վրա ստացված մեքենայական ուսուցման մոդելները, արդեն ուղարկվել է միջազգային տպագրության և գրախոսության փուլում է։ Քլորոֆիլի պարունակության կանխատեսումը առաջին քայլն է․ հետագա տարիներին դրան հաջորդելու են խաղողի այգիների բերքատվությունը կանխատեսող մոդելների ստացման աշխատանքները։ ԱՏՀ և հեռազննման բաժինն այնուհետև նախատեսում է այս մեթոդն ադապտացնել լանդշաֆտային այլ գոտիների խաղողի այգիներում։ ԱՏՀ և հեռազննման բաժինը ևս մի ծրագիր ունի, որն իրականացնում է Անդրեյի ղեկավարած «Գերբարձր լուծաչափի հեռազննման» գիտական խումբը։ Ծրագրի նպատակն է Հայաստանի համար սպեկտրալ հայտանիշների բանկ ստեղծել։ Շուշանիկը բացատրում է, որ սպեկտրալ հայտանիշների բանկերը ստեղծված են կոնկրետ տարածաշրջանների՝ օրինակ՝ ԱՄՆ-ի կամ Եվրոպայի համար, մինչդեռ օբյեկտներն աշխարհագրական տարբեր լայնություններում սպեկտրալ անդրադարձման իրենց առանձնահատկություններն ունեն, ինչը պայմանավորված է Արեգակի դիրքով և այլ գործոններով։ Հենց այդ պատճառով էլ անհրաժեշտություն կա տվյալներ հավաքելու և նման բանկ ստեղծելու նաև Հայաստանի համար։ Այս ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են։ ***  Արդեն երեկո է․ ԱԹՍ-ների թռիչքի աղմուկը դադարում է, սարքավորումները հավաքվում են ու տեղավորվում բեռնախցիկներում։ Չնայած հոգնածությանը, գիտնականները գոհ են․ և՛ քլորոֆիլի չափումները, և՛ հեռազննումը հաջող են ընթացել, բավարար քանակի տվյալներ են հավաքվել, և այժմ նրանք վերադառնում են Էկոկենտրոն՝ նոր ստացված տվյալները վերլուծելու։ Հեղինակ՝ Աննա ՍահակյանԼուսանկարները և տեսանյութը՝ Սարգիս ԽարազյանիՄոնտաժը՝ Ռոման Աբովյանի   «Լաբորատորիայից ներս» շարքն իրականացվում է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ֆինանսավորմամբ։      
17:11 - 14 նոյեմբերի, 2024
Գիտությունը՝ Ազատության հրապարակում և ամենուրեք

Գիտությունը՝ Ազատության հրապարակում և ամենուրեք

Արդեն երկու օր է, ինչ գիտությունն այցելել է Հայաստանի դպրոցներ ու մանկապարտեզներ, համալսարաններ, ինչպես նաև Ազատության հրապարակ։ Ասել է թե՝ գիտությունն ամենուրեք է։ Այս շաբաթ Հայաստանում մեկնարկել է Համազգային գիտության շաբաթը, որն իրականացնում է «Գիտուժ» նախաձեռնությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) և Երևանի քաղաքապետարանի  հետ համագործակցությամբ։   Բեկվող լույսից մինչև 3000 տարեկան գտածոներ․ ինչ կգտնեք Ազատության հրապարակում Չնայած անձրևոտ եղանակին՝ քայլում եմ Ազատության հրապարակ, որտեղ այս օրերին գիտական են անգամ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ներկայացումների պաստառները։ Օպերային և բալետային ներկայացումների գիտական պաստառներն Ազատության հրապարակում Համազգային գիտության շաբաթվա շրջանակում անցկացվող ամենակարևոր միջոցառումներից մեկը՝ Գիտության փառատոնը, Ազատության հրապարակում միավորել է Հայաստանի գիտնականներին, դպրոցականներին ու գիտության սիրահարներին։ Քայլում եմ Ազատության հրապարակով, ու առաջինն ուշադրությունս գրավում է ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տաղավարը, որտեղ գիտնականների օգնությամբ դպրոցականները սովորում են, թե ինչպես պեղումներ իրականացնել։ Ոմանց բախտը բերում է, և նրանք հողից 3000 տարվա հնության նմուշներ են գտնում։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տաղավարի պեղումները Այս տաղավարում ծանոթանում եմ 9-ամյա Նատալիի հետ, որը մատիտներով իր պատկերացրած գույներն է հաղորդում ինստիտուտի գիտնականների հայտնաբերած գտածոների նկարկներին։ Նատալին ներկում է գտածոների նկարները Մի փոքր այն կողմ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տաղավարն է, որտեղ ներկայացված սարքերի կողքով անտարբեր անցնել չեմ կարողանում։ Գիտաշխատողներից մեկը վերցնում է լապտերը, որը սովորական լույս է արձակում, ապա՝ դիֆրակցիոն ցանցը։ Նա բացատրում է, որ երբ լույսն անցնում է դիֆրակցիոն ցանցի միջով, բեկվում է ու բաժանվում տարբեր սպետկորների, ինչպես արևի լույսը, անցնելով ջրի կաթիլների միջով, բեկվում է՝ առաջացնելով ծիածան։ Նայում եմ լապտերի՝ դիֆրակցիոն ցանցի միջով անցնող լույսին ու տեսնում ծիածանի գույները։ Իսկ երբ քիչ հետո անձրևը դադարում է, և դուրս է գալիս արևը, Ազատության հրապարակի վերևում երևում է իրական ծիածանը։ Շարժվում եմ առաջ ու հանդիպում Արարատի մարզի Ազատաշեն գյուղի դպրոցի աշակարտներին ու ուսուցիչներին։ Դպրոցականների հետ զրույցի եմ բռնվում։ 9-րդ դասարանցի Մարիային հարցնում եմ՝ գիտության որ ուղղություններով է հետաքրքրված, ասում է՝ մաթեմատիկայով ու կենսաբանությամբ։ Մարիան պատմում է, որ այսօր հասցրել է մանրադիտակի տակ ուսումնասիրել կենդանիների ենթաստամոքսային գեղձի հյուսվածքներ, սնկեր և այլ նմուշներ։ 8-րդ դասարանցի Սիլվարդն էլ ասում է՝  ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի տաղավարում Վիկտոր Համբարձումյանի մասին նոր տեղեկություններ է իմացել, որ մինչ այդ չգիտեր։  Ազատաշենի դպրոցի աշակերտները Ազատաշենի դպրոցի աշակերտներին հրաժեշտ տալուց հետո մոտենում եմ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տաղավարին․ այստեղ կենսաբանությունը ներկայացված է շա՜տ գունավոր ու շա՜տ հանրամատչելի։ Դպրոցականներն ու մյուս այցելուները տաղավարում կարող են սովորել, թե ինչպիսի կառուցվածք ունեն ԴՆԹ-ն, սպիտակուցները, բջիջներն ու գեները, ինչպես կարելի է գենետիկայի միջոցով բռնել հանցագործներին՝ ունենալով նրանց մազի, մատնահետքի կամ արյան նմուշը։ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տաղավարը Իսկ տաղավարի մյուս հատվածում մարդու, ձիու, արջի, այծի և այլ կենդանիների ոսկորների գտածոներ են, որոնք հայտնաբերել և ուսումնասիրում են ինստիտուտի Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի գիտաշխատողները։ Շարունակում եմ տաղավարներով պտույտս ու հանդիպում Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի աշակերտներին, որոնք ևս պատմում են իրենց տպավորությունների մասին։  8-րդ դասարանցի Մարին, օրինակ, ամենաշատը հավանել է Բյուրականի աստղադիտարանի տաղավարը, որտեղ 3D ակնոցով հայտնվել է բաց տիեզերքում։ Նրա համադասարանցի Օֆելյայի մոտ էլ տպավորվել է այն, թե ինչպես են AIP Scientific ընկերության հետազոտողները պատմել, որ եռաչափ տպագրությամբ հնարավոր է ոսկորներին փոխարինող իմպլանտներ ստանալ։   Նոր գիտելիքը՝ կիրառության մեջ․ դեպի մեծ տաղավար Գիտական կազմակերպությունների տաղավարներով շրջելուց և դպրոցականների, գիտնականների հետ զրուցելուց հետո մոտենում եմ մեծ տաղավարին, որտեղ գիտնականներն ամեն օր բանախոսություններ են ունենում և պատասխանում ներկաների հարցերին։ Այսօրվա բանախոսության թեմաներից մեկը գիտության դերն է նորարարական ընկերությունների ձևավորման գործում, իսկ բանախոսն է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Denovo Sciences ընկերության համահիմնադիր Հովակիմ Զաքարյանը։  Խոսելով այն մասին, թե ինչպես է գիտելիքը դառնում արտադրանք, ապա կիրառություն գտնում առօրյա կյանքում՝ Հովակիմ Զաքարյանը նշում է․ «Ես անձամբ գիտելիքը համարում եմ ինքնին արդեն պրոդուկտ և ամենաթանկարժեք, ամենաբարձր գին ունեցող պրոդուկտը, որովհետև նոր գիտելիքի ստեղծումը շատ թանկ գործընթաց է»։ Գիտնականի խոսքով ժամանակակից աշխարհում գիտելիք ստեղծելու համար անհրաժեշտ են թանկարժեք սարքավորումներ, մեծ և պրոֆեսիոնալ  թիմեր, ժամանակ, և այս ամենը թանկացնում է ստեղծվող նոր գիտելիքը։ Սակայն այս կամ այն լաբորատորիաում գիտնականների կողմից նոր գիտելիքի ստեղծումն, ըստ նրա, միայն առաջին քայլն է․ դրան հաջորդում է ստացված գիտելիքի վալիդացումն այլ միջավայրերում, շուկայի ուսումնասիրությունը, նախատիպի ստեղծումը, շուկա մուտք գործելը և այլն։ «Սրանք բազմաթիվ քայլեր են, որոնց մեջ գիտնականն, իհարկե, ունի իր մասնակցությունը, բայց առաջնային չէ այլևս, որովհետև այլ երկրներում, որպես կանոն, այդ քայլերի զգալի մասը անում են արդեն մասնագիտացված այլ կառույցներ։ Խորհրդային Միության ժամանակ մասնագիտացված կառույցները կիրառական ինստիտուտներն էին, որոնք վերցնում էին գիտելիքը և փորձում էին մշակել, հասցնել այն աստիճանի, որ տնտեսության մեջ ուղիղ մտնում և կիրառվում էր։ Արևմտյան աշխարհում դրանք հիմնականում տեխնոլոգիաների տրանսֆերային գործակալություններն են, որոնք համալսարանին կամ ինստիտուտին կից աշխատում են գիտնականների հետ»,- ասում է Հովակիմ Զաքարյանը։ Հովակիմ Զաքարյանը Գիտնականն անդրադառնում է նաև այն հարցին, թե ինչու Հայաստանում այնքան էլ լավ չի աշխատում գիտնականների ստեղծած գիտելիքի առևտրայնացման և շուկա հասնելու գործընթացը։ Այս մասով նա առանձնացնում է մի քանի պատճառ՝ Հայաստանում ստեղծվող գիտելիքի զգալի մասը նորարարություն չի պարունակում․ շատ լաորատորիաներում իրականացվում են աշխատանքներ, որոնք աշխարհում վաղուց արդեն բացահայտված են ու հայտնի։ Չկան այնպիսի կառույցներ, որոնք կարող են իրականացնել գիտելիքի փոխանցումը լաբորատորիայից դեպի շուկա։ Օրենսդրությամբ հստակ ձևակերպված չէ, թե ում է պատկանում որևէ լաբորատորիայում ստեղծված և առևտրայնացման պոտենցիալ ունեցող գիտելիքի մտավոր սեփականությունը՝ համալսարանին կամ գիտական կազմակերպությա՞նը, թե՞ գիտնականին։ Հայաստանի ներքին շուկայի մոդելը այնպիսին չէ, որը ենթադրում է անընդհատ նոր գիտելիք վերցնել և կիրառել իր արտադրանքում։  «Պարզ օրինակ բերեմ․ բոլորդ էլ օգտվում եք 5-6 տարբեր ընկերություններից, որոնք կաթնամթերք են ստեղծում Հայաստանում։ Այդ ընկերություններից քանի՞սն ունի իր սեփական հետազոտական միավորները, որպեսզի իրենց լաբորատորիաներում փորձեն գտնել, օրինակ, նոր կաթնաթթվային բակտերիաներ, որոնք շատ ավելի էֆեկտիվ կդարձնեն իրենց արտադրանքը»,- ասում է Հովակիմ Զաքարյանը։ Գիտնականն անդրադառնում է նաև նոր ստեղծվող գիտելիքով պետության խնդիրները լուծելու հարցին։ Նա որպես օրինակ է բերում կառավարության կողմից ֆինանսավորվող նպատակային ծրագրերը, որոնց շրջանակում ոչ թե կառավարությունն է հետազոտական պատվերներ իջեցնում, այլ գիտնականներն են նախաձեռնում ու դիմում։ «Օրինակ, մենք գիտենք, որ Արարատյան դաշտը աղակալում է։ Աղակալման դեմ պայքարի տարբեր մեթոդներ կան՝ և՛ ֆիզիկաքիմիական, և՛ կենսաբանական։ Եթե դու խնդիր ունես պայքարելու Արարատյան դաշտի աղակալման հետ, կարող ես խնդիրը ձևակերպել և փորձել այդ խնդիրը գիտնականների առջև դնել և լուծում սպասել նրանցից։ Սա պիտի պետությունը անի, պետք է համապատասխան մարմիններ անեն: Բայց մեզ մոտ պատմությունը շրջված է․ նպատակային ծրագրեր պետությունը սպասում է գիտնականներից։ Գիտնականները, պատկերացրեք, նստում են, մտածում են, թե պետությունը ինչ խնդիրներ ունի, գնում, համապատասխան մարմիններին համոզում են, որ այդ խնդիրը երևի կա ձեզ մոտ, միասին դիմենք կառավարություն»,- ասում է նա։ Գիտնականի խոսքով նման խնդիրների դեպքում կառավարությոնը կարող է ձևակերպել պատվեր, սահմանել բյուջե և հրավիրել նաև արտասահանից գիտնականների․ «Այդ խնդրի շրջանակներում թող ստեղծվի լաբորատորիա Հայաստանում, պայմանական Իսրայելից թող գան գիտնականներ, հայ գիտնականների հետ միասին այդ խնդրի շուրջ աշխատեն, և դա կլինի նաև հիանալի օրինակ, թե ինչպես նոր գիտական միավորներ են ստեղծվում, որոնք կիրառելի գիտելիք են ստեղծում»։   Ապակենտրոն գիտություն Մեծ տաղավարում բանախոսությունները շարունակվում են, իսկ ես Գիտության շաբաթվա բովանդակության պատասխանատու Արման Գասպարյանին խնդրում եմ պատմել, թե ապակենտրոն ինչ միջոցառումներ են անցկացվում այս օրերին։ Արման Գասպարյանը նշում է՝ մանկապարտեզներում, դպրոցներում ու համալսարաններում անցկացվող միջոցառումները երկարաժամկետ են ու չեն սահմանափակվում միայն Գիտության շաբաթով։ Մանկապարտեզների ու դպրոցների համար մշակված են միջոցառումների փաթեթներ։ Միջոցառումների թվում են գիտափորձեր, աշակերտների կողմից կատարվող խմբային, նախագծային աշխատանքներ կամ մրցույթներ։ Արման Գասպարյանի խոսքով միջոցառումների իրականացման համար հատուկ լաբորատոր սարքավորումների կամ նյութերի կարիք չկա․ ձեռքի տակ եղածով էլ աշակերտները կարող են գիտափորձ անցկացնել կամ որևէ բան նախագծել ու պատրաստել։ «Օրինակ՝ ուսուցիչը կարող է երեխաներին ինչ-որ գիտափորձ ցույց տալ, պատմել որ սա բնության այսինչ երևույթն է, տեսությունը ներկայացնել, հետո քայլ առ քայլ անցկացնել։ Կամ կան մրցութային, խմբային, նախագծային աշխատանքներ։ Օրինակ՝ երեխաները կամուրջներ են կառուցում ձեռքի տակ եղած նյութերից, հետո փորձում են դրանց ամրությունը»,- ասում է նա։ Արման Գասպարյանը նշում է, որ ուսուցիչները կարող են ներբեռնել իրենց մշակած փաթեթներն ու անցկացնել միջոցառումներն ամբողջ տարվա ընթացքում, իսկ փաթեթներում ներկայացված են միջոցառումների բոլոր մանրամասները՝ բարդության աստիճանից միչև անհրաժեշտ նյութեր և ակնկալվող արդյունքներ։ «Նպատակն այն է, որ կրթությունն ավելի ակնհայտ դառնա, երեխաների համար ավելի հետաքրքիր լինի։ Մի բան է, երբ ուսուցիչը գալիս է, դասագրքով դասն է պատմում, աշակերտը գնում է, տանը սովորում, լրիվ այլ բան է, երբ հետաքրքիր գիտափորձերով կամ ցուցադրությունով, մրցույթներով երեխաներին շահագրգռում է, ավելի հետաքրքրում»- նշում է նա։ Մասնակից դպրոցների համար Համազգային գիտության շաբաթվա շրջանակում նաև մրցույթ է հայտարարված․ այն դպրոցը, որը լավագույնս կիրականացնի միջոցառումներն ու տեսանյութով կներկայացնի դրանք, մրցանակ կշահի։  Իսկ համալսարանների ակապենտրոնացված միջոցառումների դեպքում շեշտը դրվել է միջառարկայականության վրա․ Համազգային գիտութան շաբաթվա կազմակերպիչներն ընտրել են միջառարկայական 30 ուղղություններ, ինչպիսին է, օրինակ աստղակենսաբանությունը, և դրանց հիման վրա 150 թեմա առաջարկել, որոնց վերաբերյալ համալսարաններն ու գիտական կազմակերպություններն ուսանողների համար կարող են դասախոսություններ, սեմինարներ ու քննարկումներ կազմակերպել։ Արման Գասպարյանը պատմում է, որ երբ այս օրերին զրուցում են փառատոնին մասնակից երեխաների հետ, տեսնում են, որ նրանք ոգևորված են․ «Երբ ցանկացած հայտնի գիտնականի հարցնում են՝ ինչո՞ւ որոշեցիր գիտնական դառնալ, նա, որպես կանոն, գնում է իր վաղ մանկություն, երբ, օրինակ , ծնողների հետ գնացել է ինչ-որ թանգարան կամ այսպիսի գիտության փառատոնի կամ միջոցառման, և դա նրան ոգևորել է, որոշել է գիտնական դառնալ։ Մենք ուզում ենք այդպես ոգևորել շատ երեխաների, որ նրանք ապագայում գիտությունը ընտրեն»։ Համազգային գիտության շաբաթն ու գիտության փառատոնը շարունակվում են․ առաջիկա օրերին սպասվում են նոր ձևաչափեր, մրցույթներ ու բանախոսություններ։   Հեղինակ՝ Աննա ՍահակյանԼուսանկարները՝ Մարգարիտա Հովհաննիսյանի
23:27 - 02 հոկտեմբերի, 2024
Այսօր Հայաստանում մեկնարկում է առաջին համազգային Գիտության շաբաթը

Այսօր Հայաստանում մեկնարկում է առաջին համազգային Գիտության շաբաթը

Այսօր մեկնարկում է Հայաստանի առաջին համազգային «Գիտության շաբաթը»։ Հոկտեմբերի 1-ից 6-ը Ազատության հրապարակում կանցկացվի Գիտության փառատոն, իսկ մարզերում՝ ապակենտրոնացված միջոցառումներ։ Այս մասին հայտնում է «Գիտուժ» նախաձեռնությունը։  ««Գիտության շաբաթը» ներառում է բազմաբնույթ միջոցառումներ, որոնք ուղղված են գիտության հանրահռչակմանը և տարբեր հասարակական խմբերի ներգրավմանը։ Այս տարվա միջոցառումների հիմնական թեման՝ «Մոտեցնելով գիտությունը հասարակությանը», ընդգծում է մեր միասնական ջանքերը՝ գիտությունը և տեխնոլոգիաները Հայաստանում դարձնելու առաջնահերթություն և զարգացման հիմնական գործիք։ Միջոցառումների ծրագիրը մշակվել է ոլորտի լավագույն մասնագետների և կազմակերպությունների ներգրավմամբ՝ ապահովելով հարուստ և բազմազան բովանդակություն։ Գիտության փառատոնը, որը կանցկացվի հոկտեմբերի 1-ից 6-ը, ժամը 15:00-ից 21:00-ը, համախմբելու է գիտական ինստիտուտներ, համալսարաններ, կրթական և տեխնոլոգիական համայնքներ և ընկերություններ։ Փառատոնն ունենալու է երեք թեմատիկ բաժին: Հոկտեմբերի 1-2՝ «Գիտությունն ամենուրեք»Այցելուները հնարավորություն կունենան գիտափորձերի, գիտնականների հետ հանդիպումների, ցուցադրությունների ու քննարկումների միջոցով բացահայտելու գիտության տարբեր ոլորտները՝ տիեզերագիտությունից և մարդաբանությունից մինչև մոլեկուլային կենսաբանություն: Նրանց կներկայացվեն նաև գիտության զարգացման ուղիները՝ պարզ մտահաղացումներից մինչև ժամանակակից գիտական սարքավորումներ և տեխնոլոգիաներ, ինչպես նաև Հայաստանում իրականացվող գիտական հետազոտությունները։ Հոկտեմբերի 3-4՝ «Ապագա գիտնականները»Մասնագիտական կողմնորոշում։ Այստեղ երեխաներն ու երիտասարդները կկարողանան իմանալ, թե ինչու դառնալ ֆիզիկոս, քիմիկոս, կենսաբան, մաթեմատիկոս կամ մարդաբան, ինչպես նաև կծանոթանան այլ գիտակարգերի հետ: Մասնակիցները կհանդիպեն գիտնականների հետ, որոնք կպատմեն իրենց ոլորտների առանձնահատկությունների մասին և կօգնեն կողմնորոշվել ապագա մասնագիտական ընտրության հարցում։ Հոկտեմբերի 5-6՝ «Գիտական ֆանտաստիկա. երևակայի՛ր»Գիտական ֆանտաստիկան միշտ էլ ոգեշնչման աղբյուր է եղել գիտնականների համար՝ թույլ տալով երևակայականը դարձնել իրականություն: Այս օրերին փառատոնը նվիրված կլինի գիտական ֆանտաստիկայի աշխարհի ուսումնասիրությանը՝ գրականությունից մինչև կինո, կոմիքսներից մինչև գեղանկարչություն։ Այցելուները կտեսնեն իրենց սիրելի հերոսներին, կլսեն հետաքրքիր պատմություններ և կմասնակցեն տարբեր մրցույթների։ Ազատության հրապարակում անցկացվող միջոցառումների հետ միասին, բոլոր վեց օրերի ընթացքում Գիտության շաբաթվա կենտրոնական տաղավարում տեղի կունենան վարպետաց դասեր, քննարկումներ, դասախոսություններ և սեմինարներ։ Օրակարգին կարելի է ծանոթանալ Գիտության շաբաթվա պաշտոնական կայքում՝ https://www.armsciweek.am/։ Ավելին՝ Գիտության շաբաթը լինելու է նաև ապակենտրոնացված. միջոցառումներ կանցկացվեն Հայաստանի մարզերում՝ մանկապարտեզներում, դպրոցներում և բուհերում՝ նպատակ ունենալով գիտությունը հասանելի դարձնել ավելի լայն լսարանին։ Մանկապարտեզների և դպրոցների համար նախատեսված միջոցառումների փաթեթը ներառում է հետաքրքիր գիտափորձեր, ինժեներական նախագծեր և այլ միջոցառումներ, որոնք կզարգացնեն երեխաների հմտությունները և կխթանեն նրանց հետաքրքրությունը գիտության հանդեպ։ Բուհերի համար մշակված ծրագրերում առանցքային դեր է տրվում միջգիտակարգային համագործակցությանը, որը հնարավորություն կտա ուսանողներին ծանոթանալ գիտության նորագույն ուղղություններին։ Գիտության շաբաթը նախաձեռնել և իրագործում է «Գիտուժ» նախաձեռնությունը։Միջոցառումն իրականացվում է ՀՀ Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարության, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։ 
11:31 - 01 հոկտեմբերի, 2024
Կյանքից հեռացել է ԳԱԱ ակադեմիկոս, Պոլիտեխնիկի նախկին ռեկտոր Յուրի Սարգսյանը

Կյանքից հեռացել է ԳԱԱ ակադեմիկոս, Պոլիտեխնիկի նախկին ռեկտոր Յուրի Սարգսյանը

Կյանքից հեռացել է ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ԳԱԱ ակադեմիկոս, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի նախկին ռեկտոր, պատվավոր պրոֆեսոր Յուրի Սարգսյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ «Յուրի Սարգսյանն իր անգնահատելի ներդրումն ունի ՀՀ-ում ճարտարագիտական կրթության և գիտական մտքի զարգացման գործում՝ գիտամանկավարժական բազմամյա գործունեություն ծավալելով մեքենաների և մեխանիզմների տեսության, ռոբոտատեխնիկայի և համակարգչային նախագծման ոլորտներում։  Նա բազմաթիվ միջազգայնորեն ճանաչված գիտական աշխատությունների հեղինակ է,  բարձրագույն կրթության ու գիտության ոլորտի արդյունավետ կառավարիչ, որն իր գիտական ձեռքբերումների և անձնային բարձր հատկանիշների շնորհիվ վայելում էր թե՛ հայաստանյան, թե՛ միջազգային ճարտարագիտական համայնքների հարգանքը:  Գիտության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար Յուրի Սարգսյանը 2016 թվականին պարգևատրվել է ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի ոսկե մեդալով։ ԿԳՄՍ նախարարությունն իր ցավակցությունն է հայտնում Յուրի Սարգսյանի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին և գործընկերներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ակադեմիկոս Յուրի Սարգսյանի մահվան կապակցությամբ կստեղծվի հանձնաժողով՝ նրա հուղարկավորության կազմակերպման նպատակով։  
19:11 - 25 սեպտեմբերի, 2024