Թագուհի Թովմասյան

ՀՀ 8-րդ գումարման ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր է, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 

ՀՀ 7-րդ գումարման Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր։ Խմբակցությունից դուրս է եկել 2020թ․ նոյեմբերի 9-ի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարության հրապարակումից հետո։

Գիդ-թարգմանիչ (անգլերեն), լրագրող, քաղաքագետ։

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

«Պատիվ ունեմ» խմբակցությունը վերադառնում է խորհրդարան

«Պատիվ ունեմ» խմբակցությունը վերադառնում է խորհրդարան

«Պատիվ ունեմ» խմբակցությունը վերադառնում է խորհրդարան։ Այս մասին հայտնել է խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Եկող շաբաթվա ԱԺ նիստերին մենք մասնակցելու ենք: Բայց դա չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ պայքարը չի շարունակվելու: Փողոցում, այլ ձևաչափի պայքարի միջոցները կիրառվելու են Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ, նրա շարունակականությունը կասեցնելու դեմ, բայց այս պահին կլինենք նաև խորհրդարանում:   Մենք խորհրդարանական լծակները մինչ այս ծառայեցրել ենք որպես բացառապես պայքարի գործիք և մենք այդ գործիքը պատրաստվում ենք ամբողջապես օգտագործել: Մեր դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել։ Ես ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ մեր ձեռքի տակ եղած ամբողջ գործիքակազմն օգտագործելու ենք այս իշխանությունների հեռացման համար:  Ազգային ժողովում լինելը և փողոցային պայքարը միմյանց չբացառող գործընթացներ են»,- գրել է պատգամավորը։
13:44 - 11 նոյեմբերի, 2022
Չինաստանը հայ ժողովրդի կողքին է. Չինաստանի դեսպանը՝ ՀՀ պատգամավորի հետ հանդիպմանը

Չինաստանը հայ ժողովրդի կողքին է. Չինաստանի դեսպանը՝ ՀՀ պատգամավորի հետ հանդիպմանը

Հայաստանի Հանրապետության ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը Ազգային ժողովում հյուրընկալել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանդեսպան Յոնգ Ֆանին։ «Քննարկման առանցքում մարդու իրավունքների բնագավառում հայ-չինական համագործակցության զարգացման հարցերն էին՝ ի նպաստ Հայաստանում առկա ոլորտային խնդիրների կարգավորման գործում առաջընթացի ձեռքբերման։ Դեսպանին շնորհավորեցի Սի Ծինփինի՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Միաժամանակ շնորհակալություն հայտնեցի հայ ժողովրդին աջակցելու համար։ Ընդգծեցի համագործակցության ոչ միայն տնտեսական, այլև քաղաքակրթական բաղադրիչի առկայությունը, հումանիտար հարցերում շփումների պատրաստակամությունս: Առաջարկեցի կազմակերպել չինարենի ուսուցում հատկապես մարզերում, որոնք մեր ուշադրության կարիքն ունեն առավել, քան երբևէ»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Թագուհի Թովմասյանը: Գրառման մեջ նշև նշվում է, որ դեսպանն իր խոսքում անդրադարձել է Չինաստանում աղքատության հաղթահարման ուղղությամբ իրականացված քայլերին, որոնց արդյունքում հասել են շոշափելի առաջընթացի մարդու իրավունքների պաշտպանության հարցերում. տեղի է ունեցել արդիականացում, այն է՝ հաշվի են առել տարբեր երկրների փորձը, բայց գնացել չինական ճանապարհով։ Դեսպանը նաև ընդգծել է, որ պատրաստ են Հայաստանի հետ կիսվել չինական փորձով։ «Այս տարի Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակն է։ Չինաստանը հայ ժողովրդի կողքին է, միշտ պատրաստակամությամբ է արձագանքել հայ ժողովրդի կարիքներին և ուրախ կլինի ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն», - շեշտել է դեսպանը։
11:14 - 04 նոյեմբերի, 2022
«Պատիվ ունեմ»-ը ՍԴ-ում կվիճարկի ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի ընտրությունը

«Պատիվ ունեմ»-ը ՍԴ-ում կվիճարկի ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի ընտրությունը

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը պատրաստվում է Սահմանադրական դատարանում վիճարկել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորանշանակ նախագահ Վահագն Հովակիմյանի ընտրությունը։ Ինչպես ավելի վաղ գրել ենք, Հովակիմյանը, որպես պատգամավոր եւ ԿԸՀ անդամի թեկնածու, մասնակցելով իր իսկ քվեարկությանը, խախտել է «ՀՀ ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի պահանջները, ըստ որի՝ պատգամավորական էթիկայի խախտում է, ի թիվս այլնի, պատգամավորի կողմից իր լիազորություններն իրականացնելիս իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով առաջնորդվելը, իսկ անձնական շահերով առաջնորդվել է նաեւ քվեարկությանը մասնակցելը, որը կարող է հանգեցնել կամ նպաստել պաշտոնում իր ընտրությանը կամ նշանակմանը։ Հովակիմյանի նշանակումից հետո Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել էր ԱԺ երեք խմբակցություններին՝ խնդրելով հայտնել, թե ինչ դիրքորոշում ունեն Հովակիմյանի սեփական քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ եւ արդյոք պատրաստվում են իրավական գործընթաց սկսել։ Հաշվի առնելով, որ նշանակումից հետո մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարությամբ էին հանդես եկել՝ ի թիվս այլնի, խմբակցություններին հորդորելով ԱԺ պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծ ներկայացնել՝ հարցրել էինք նաեւ՝ արդյո՞ք պատրաստվում են նման նախագիծ ներկայացնել։ «Պատիվ ունեմ»-ի մասնագետները կազմում եմ ՍԴ դիմումը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրել է, որ խմբակցության կարծիքով՝ ՀՀ ԿԸՀ նախագահի պաշտոնը անկյունաքարային է ժողովրդավարության եւ դրա շարունակականությունն ապահովելու տեսանկյունից, ուստի ԿԸՀ-ի նախագահի ընտրության օրինականության հարցը պետք է վիճարկվի ՀՀ բարձր Սահմանադրական դատարանում։ Թովմասյանի փոխանցմամբ՝ այս պահին մասնագետները կազմում եմ դիմումը․ «ԿԸՀ-ը անկախ պետական մարմին է: ՀՀ Սահմանադրության 195-րդ հոդվածը սահմանում է, որ ԿԸՀ անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ որեւէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Վահագն Հովակիմյանի նշանակումը ԿԸՀ-ի նախագահի պաշտոնում իշխող կուսակցության նեղ խմբային, քաղաքական շահի սպասարկման դրսեւորում է, քանի որ նա, լինելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ, երկար տարիներ զբաղվում է ակտիվ քաղաքական գործունեությամբ»,- նշել է պատգամավորը։ Մեջբերելով հիշյալ օրենքի դրույթները՝ նա ընդգծել է, որ Վահագն Հովակիմյանը քվեարկությունից առաջ պարտավոր էր հանդես գալ շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ, եւ այդ դեպքում հարցի քվեարկությունից նրա բացակայությունը համարվեր հարգելի․ «Ընդ որում, մեր կարծիքով նրա քվեն վճռորոշ է եղել ընտրության արդյունքների հարցում, քանի որ համաձայն ՀՀ Սահմանադրության 195-րդ հոդվածի պահանջերի՝ ԿԸՀ նախագահին եւ մյուս անդամներին ԱԺ իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, ուստի մեզ համար ակնհայտ է դառնում, որ Վահագն Հովակիմյանի ընտրության համար անհրաժեշտ էր առնվազն 65 կողմ ձայն, իսկ նա հենց այդ քանակությամբ ձայն էլ ստացել է,- ասված է «Պատիվ ունեմ»-ի պատասխանում։ «Հայաստան» խմբակցությունը քննարկում է իրավական գործընթաց նախաձեռնելու հարցը «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը մեր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ իրավական գործընթաց նախաձեռնելու եւ համանման հարցերը գտնվում են քննարկման փուլում, արդյունավետ լուծման հանգելու պարագայում լրացուցիչ կտեղեկացնեն։ Ըստ Մինասյանի՝ Վահագն Հովակիմյանի կողմից իր իսկ քվեարկությանը մասնակցելը, ինչպես նաեւ առհասարակ նրա թեկնածության առաջադրումն ու ԿԸՀ նախագահի պաշտոնում «ընտրությունը» Հայաստանի օրվա քաղաքական իշխանություն իրականացնող վարչախմբի հերթական ապօրինությունն է՝ հակաժողովրդավարական, հակաիրավական եւ հակաքաղաքական դրսևորման ակհայտ ցուցադրմամբ․ «Հանրային իշխանության՝ սահմանադրական ինստիտուտները զավթելու անթաքույց վարքագիծ դրսեւորող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, չբավարարվելով գործադիր եւ օրենսդիր իշխանության լծակները իրենով անելու հակաժողվրդավարական մեթոդներով, տեւական ժամանակ ոտնահարելով ՀՀ գործող Սահմանադրությունն ու պառլամենտարիզմի միջազգային սկզբունքները, զավթում է դատական իշխանության եւ անկախ պետական մարմինների առանցքային պաշտոնները, յուրացնում տեղական ինքնակառավարման մարմինների ու իրավապահ համակարգի գործառույթները: Ցավոք, այս ամենը, ինչպես նաեւ իշխանությունների տարանջատման եւ հավասարակշոման հիմնարար սկզբունքը ոտնահարվում է նաեւ քաղաքացիական հասարակության աչքի առաջ, օրը ցերեկով՝ վերջինիս լուռ համաձայնությամբ»,- գրել է խմբակցության քարտուղարը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը անտեսում է լրատվամիջոցի գրավոր հարցումը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, չնայած օրենքով սահմանված ժամկետի ավարտին, մեր գրավոր հարցմանը չի պատասխանել։ Նշենք, որ տեղեկություն ստանալու իրավունքը ամրագրված է Սահմանադրությամբ, իսկ դրա կարգը սահմանված է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ  օրենքով։  Օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ գրավոր հարցման պատասխանը տրվում է այն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, իսկ եթե տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այն դիմողին է տրվում դիմումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին դիմողին գրավոր տեղեկացնում են նույն 5-օրյա ժամկետում՝ նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։ Գրավոր հարցումը ՔՊ-ին մենք ուղարկել ենք հոկտեմբերի 14-ին՝ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի անվամբ, եւ ուղարկելուց հետո նրա օգնական Նատալի Սինորյանից հավաստիացել ենք, որ այն ստացել են։ 5-օրյա ժամկետը լրանալուց հետո հարցման պատասխանը չենք ստացել եւ կապ ենք հաստատել Սինորյանի հետ պատճառները հասկանալու համար։ Վերջինս տեղեկացրել է, որ Հայկ Կոնջորյանից հարցման վերաբերյալ որեւէ հանձնարարական չի ստացել։ Խնդրել ենք ճշտել՝ հիշեցնելով օրենքով նախատեսված ժամկետի ավարտի մասին։ Սինորյանը խոստացել է ճշտել եւ տեղեկացնել, ինչն այդպես էլ չի արվել։ Օրեր անց դարձյալ զանգահարել ենք նրան եւ ստացել նույն պատասխանը, թե Կոնջորյանը հարցման հետ կապված դարձյալ որեւէ հանձնարարական չի տվել։ Հայտնել ենք, որ այդ պատասխանը մեզ չի բավարարում, քանի որ օրենքով սահմանված ժամկետը լրացել է, եւ մենք արդեն իսկ մի քանի օր ավելի սպասել ենք, որպեսզի ինքը ճշտի, ուստի խնդրել ենք հայտնել, թե ինչ է ճշտել։ Ի պատասխան՝ Սինորյանն ասել է, որ հասկանում է, սակայն Կոնջորյանը հանդիպումների մեջ է եղել, եւ ինքն ավելացնելու ոչինչ չունի։ Օգնականը հավելել է, որ նորություն ունենալու դեպքում կզանգահարի, եւ անջատել է հեռախոսը։ Մենք փորձել ենք կապ հաստատել նաեւ պատգամավոր Հայկ Կոնջորյանի հետ, սակայն նա հեռախոսազանգերին չի պատասխանել։     Միլենա Խաչիկյան  
14:23 - 03 նոյեմբերի, 2022
Ադրբեջանը մտադիր է նոր ագրեսիա անել. Թագուհի Թովմասյանը դիմել է միջազգային գործընկերներին՝ կանխարգելելու այն

Ադրբեջանը մտադիր է նոր ագրեսիա անել. Թագուհի Թովմասյանը դիմել է միջազգային գործընկերներին՝ կանխարգելելու այն

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հրատապ դիմել է միջազգային գործընկերներին՝ իրականացնելու Ադրբեջանի հնարավոր հարձակումը կանխարգելող գործնական քայլեր: «Հրատապ դիմել եմ միջազգային գործընկերներիս՝ իրականացնելու Ադրբեջանի հնարավոր հարձակումը կանխարգելող գործնական քայլեր: Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին՝ մասնավորապես, Վարդենիսի ուղղությամբ, Ադրբեջանի կողմից իրադրության լարումը վկայում է Ադրբեջանի հնարավոր նոր հարձակման վտանգների մասին։ ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածեց հաղորդագրություն, որ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից իրականացվել է լրացուցիչ ուժերի և միջոցների տեղաշարժ ու բացազատումում, որն առաջացրել է որոշակի լարվածություն: Ադրբեջանական կողմը շարունակաբար տարածում է նաև ապատեղեկատվություն հայկական կողմի կրակ բացելու վերաբերյալ՝ հնարավոր է, փորձելով հիմքեր ստեղծել իրենց առաջիկա հնարավոր հարձակման համար։ Գնահատելով իրավիճակի լրջությունը և իրադրության ապակայունացման հնարավոր նոր ռիսկերը՝ հրատապ նամակներ եմ ուղարկել միջազգային գործընկերներիս՝ ներկայացնելով իրավիճակի լրջությունը, ռիսկերը և խնդրել ձեռնարկել գործնական քայլեր՝ կանխելու Հայաստանի դեմ Ադրբեջանի նոր ռազմական ագրեսիան։ Երեկ ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ կիսվեցի այս ահազանգի, ինչպես նաև մի շարք այլ հրատապ հարցերի վերաբերյալ և նրանց հետ ունեցած զրույցում հնչեցրի «SOS» այն կապակցությամբ, որ Ադրբեջանը մտադիր է իրականացնել նոր ագրեսիա»։
10:39 - 19 հոկտեմբերի, 2022
Հայաստանում զորակոչի գործընթացն իրականացվում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներով.Թագուհի Թովմասյանն ահազանգում է
 |pastinfo.am|

Հայաստանում զորակոչի գործընթացն իրականացվում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներով.Թագուհի Թովմասյանն ահազանգում է |pastinfo.am|

pastinfo.am: Հայաստանի սահմանները շարունակում են կահավորման խնդիրներ ունենալ, որոնք օր առաջ պետք է լուծվեն: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը: «Մենք չենք կարող հավերժ բողոքել բոլորից, բայց ինքներս չհասկանալ, որ ՀՀ իշխանությունը չի անում անհրաժեշտ քայլեր՝ կահավորված առաջնագիծ ապահովելու համար: Մենք խնդիր ունենք մեր սահմաններն ամրացնելու, մեր դարպասները փակելու, քանի որ մշտապես գտնվում ենք մեր հարևան, բայց՝ ոչ բարեկամ երկրի ծավալապաշտական նկրտումների տիրույթում, որը անընդհատ ցանկանում է իր տարածքներն ավելացնել՝ մեր հայրենիքի հաշվին, պետք է բոլոր ռեսուրսները մեկտեղենք, և թույլ չտանք սա»,-ասաց նա: Թագուհի Թովմասյանը նաև ահազանգեց, որ Հայաստանում զորակոչի գործընթացն իրականացվում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներով: Նա մանրամասնեց, որ ծանուցումներն ուղարկվում են քաղաքացիներին և անմիջապես հաջորդ օրը նրանցից պահանջում են ներկայանալ, սակայն մինչ այդ հնարավորություն չի լինում, որ քաղաքացին բուժզննում անցնի. «Այս գործընթացը պետք է կազմակերպվի մարդկանց իրավունքները չխախտելով, այլ ոչ թե՝ սպոնտան, ինչպես եղել է և շարունակվում է մինչ օրս»,-ասաց Թովմասյանը:
11:41 - 10 հոկտեմբերի, 2022
Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը պիտի լուծվի Եռակողմ հայտարարության 6-րդ կետով․ ՌԴ դեսպանատուն

Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը պիտի լուծվի Եռակողմ հայտարարության 6-րդ կետով․ ՌԴ դեսպանատուն

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը տեղեկացնում է, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն արձագանքել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի մասով իր գրություններին։ «Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը պետք է լուծվի Եռակողմ հայտարարության 6-րդ կետի հիման վրա․ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն արձագանքել է իմ գրություններին Ադրբեջանի հանցավոր վարքագծի շարունակական դրսեւորումների վերաբերյալ հետեւողականորեն ծանուցում եմ միջազգային գործընկերներիս, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին։ Հերթական նամակով ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի ուշադրությունն էի հրավիրել Արցախի վրա Ադրբեջանի հարձակման փաստի վրա, որը տեղի ունեցավ օգոստոսի 1-ին, երբ ադրբեջանական կողմը փորձեց հատել շփման գիծը՝ հաջորդող օրերին բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաեւ ականանետեր, նռնականետեր եւ հարվածային ԱԹՍ-ներ։ Քանի որ Ադրբեջանը հերթական անգամ խախտեց 2020թ․ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը, որի արդյունքում ունեցանք զոհեր եւ վիրավորներ, ռուս գործընկերոջս խնդրել էի դատապարտել Ադրբեջանի այս հանցավոր վարքագիծը, քայլեր ձեռնարկել տարածաշրջանում իրավիճակի կայունացման ուղղությամբ։ ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից ստացել եմ գրություն, համաձայն որի՝ իրավիճակը ռուսական խաղաղապահ զորակազմը պատասխանատվության գոտում եւ հայ-ադրբեջանական սահմանին Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար կարեւոր հարց է։ «Կցանկանայինք Ձեր ուշադրությունը հրավիրել Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ օգոստոսի 4-ի հայտարարությանը՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում սրման կապակցությամբ։ Նախարարությունը կոչ արեց 2 կողմերին դրսեւորել զսպվածություն, պահպանել կրակի դադարեցման ռեժիմը եւ հաստատեց կարգավորման անհրաժեշտությունը՝ համապատասխան Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների՝ 2020թ․ նոյեմբերի 10-ի, 2021թ. հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի հայտարարությունների։ (…) Ռուս խաղաղապահները ձեռնարկում են բոլոր հնարավոր ջանքերը «ցամաքում» իրավիճակի կայունացման նպատակով։ Ե՛վ Բաքվում եւ՛ Երեւանում բազմիցս ընդգծվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի կարեւոր դերը: Համոզված են, որ այդ վստահությանը լիարժեքորեն արժանի են։ Պատրաստ ենք հետայսու եւս ցուցաբերել ցանկացած անհրաժեշտ աջակցություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կապերի կարգավորմանը»,- նշվում է դեսպանատան արձագանքում։ Մեկ այլ գրությամբ Ռուսաստանի Դաշնության գործընկերներիս ուշադրությունն էի հրավիրել Բերձոր, Աղավնո եւ Ներքին Սուս բնակավայրերի հանձնման գործընթացի վրա։ Հաշված օրեր են մնացել, որ հայկական բնակավայրերը հանձնվեն Ադրբեջանին։ Եվ որքան մոտենում ենք Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից համայն հայությանը պարտադրված այս ամոթալի իրականությանը, ապագայի տեսլականն էլ ավելի անորոշ է դառնում։ Իմ նամակով ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին ներկայացրել էի առկա դժվարությունները, ինչպես նաեւ Արցախի ԱԺ պատգամավոր գործընկերներիս մտահոգությունները, որ մարդկային, տեխնիկական եւ տրանսպորտային ռեսուրսները բավարար չեն տարհանման գործընթացի՝ ժամանակին իրականացման համար։ Խնդրել էի օժանդակել նշված բնակավայրերի հանձնման ժամկետի երկարաձգման հարցում։ ՌԴ դեսպանատունը պատասխան գրությամբ հայտնում է, որ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը պիտի լուծվի Եռակողմ հայտարարության 6-րդ կետի հիման վրա։ Հիշեցնեմ՝ ՌԴ դեսպանատան մատնանշած 6-րդ կետի համաձայն՝ Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար։ Դատելով նաեւ օրերս Երեւանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական- դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովի հայտարարությունից, որ «Ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել, կարելի է ենթադրել, որ այս մասով եւս դեռ ամեն ինչ հստակ չէ․ ի վերջո նշված 3 տարվա ժամկետի ավարտին դեռ ավելի քան 1 տարի էլ մնացել է։ ՌԴ դեսպանատնից հավելում են, որ իրենց գրությամբ նշված բոլոր թեմաների շուրջ անցկացվում են շահագրգիռ կողմերի քննարկումներ։ Դրանց նպատակն է հասնել բոլորին բավարարող համաձայնության, որպեսզի կյանքի կոչել Եռակողմ հայտարարությունը։ «Այդ նպատակով մենք մշտական երկխոսության մեջ ենք հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ ինչպես ամենաբարձր, այնպես էլ՝ Ռուսաստանի ՊՆ, ԱԳՆ եւ այլ գերատեսչությունների մակարդակով։ Օգոստոսի 2-ին եւ 8-ին կայացել են ՌԴ նախագահ Վ․ Վ․ Պուտինի եւ ՀՀ վարչապետ Ն․ Վ․ Փաշինյանի հեռախոսազրույցները։ Հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ շփումներ են անցկացրել Ս․Վ․ Լավրովը եւ Ս․Կ․ Շոյգուն։ Պրոբլեմատիկայի զգայունությունը հաշվի առնելով՝ քննարկումների մանրամասները վեր չհանվեցին, այդուհանդերձ նման զրույցները համարվում են կարգավորման կարեւոր եւ գործուն գործիք»»,- գրել է Թովմասյանը։
10:31 - 22 օգոստոսի, 2022
Մենք գնահատում ենք ձեր ջանքերը ժողովրդավարության ուղղությամբ. ԱՄՆ դեսպանի պատասխանը Թագուհի Թովմասյանին

Մենք գնահատում ենք ձեր ջանքերը ժողովրդավարության ուղղությամբ. ԱՄՆ դեսպանի պատասխանը Թագուհի Թովմասյանին

Քաղաքական խմբակցություններից ակնկալում ենք աշխատել խորհրդարանում իրենց հասանելի ժողովրդավարական գործընթացների շրջանակներում: Այս մասին ասվում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանի հրատապ նամակին ի արձագանք ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի պատասխանում: «ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից Իշխան Սաղաթելյանին հետ կանչելու, Վահե Հակոբյանի՝ որպես ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ իշխող խմբակցության կողմից ներկայացված՝ Ազգային ժողովի որոշման նախագծերի շրջանառումից հետո հրատապ կերպով գրություններ էի պատրաստել և ուղարկել միջազգային կառույցներին, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին։ Գրություններով իմ գործընկերների հրատապ ուշադրությունն էի հրավիրել նշված նախագծերին և նշել, որ, ինչպես դրանց հիմնավորումներից է պարզ դառնում, իշխող խմբակցությունը նման նախաձեռնություններով է հանդես գալիս ընդդիմադիր պատգամավորների կողմից խորհրդարանական աշխատանքի բոյկոտի (քվեարկություններին չմասնակցելու, ԱԺ խորհրդի, մշտական հանձնաժողովի նիստերից բացակայությունների), ցույցերի, երթերի ժամանակ արտահայտած կարծիքների պատճառով։ Բոյկոտի առնչությամբ նշել էի, որ համաձայն Եվրոպական դատարանի դիրքորոշման` բոյկոտը հակառակ կարծիք արտահայտելու ձև է և պաշտպանված է Կոնվենցիայի 10-րդ հոդվածով, և որ հատկապես խորհրդարանական բոյկոտը լայն տարածում ունի բոլոր ժողովրդավարական պետություններում: Ինչ վերաբերում է ցույցերի, երթերի ընթացքում ընդդիմադիրների արտահայտած կարծիքներին և հնչեցրած կոչերին, ապա այս դեպքում նույնպես դրանք պաշտպանված են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով (արտահայտվելու ազատություն): Եթե իշխանական պատգամավորների կարծիքով դրանք պարունակում են քրեական օրենքի խախտումներ, ապա դրանց պետք է տրվի քրեաիրավական գնահատական, իսկ եթե ոչ, դրանք հատկապես պատգամավորների համար ամբողջովին պաշտպանված են արտահայտվելու ազատությանը վերաբերող ներպետական և միջազգային նորմերով և, հետևաբար, դրանց համար նույնպես պատգամավորը չի կարող պատժվել: Այս հարցում գործընկերներիս խնդրել էի հրապարակային խոսքով հանդես գալ իշխանական խմբակցության այս վարքագծի վերաբերյալ, որը դեմ է ժողովրդավարական սկզբունքներին։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ի պատասխան հայտնում է. «Միացյալ Նահանգները հակված է Հայաստանի հետ գործընկերությանը՝ ամրապնդելու ժողովրդավարական ինստիտուտները, որոնք արտացոլում են մեր ընդհանուր արժեքները։ Մենք քաղաքական խմբակցություններից ակնկալում ենք աշխատել խորհրդարանում իրենց հասանելի ժողովրդավարական գործընթացների շրջանակներում, ինչպես հաստատված է Հայաստանի օրենսդրությամբ։ Մենք Հայաստանի համապատասխան մարմիններին ենք թողնում ընդդիմադիրներին իրենց պաշտոններից հեռացնելու՝ խորհրդարանում հուլիսի 1-ին ընդունված որոշումների օրինականությունը։ Մենք նաև շեշտում ենք, որ կառուցողական ընդդիմությունը կարևոր դեր է խաղում յուրաքանչյուր ժողովրդավարությունում։ Միացյալ Նահանգները հակված է աջակցել հայ ժողովրդին, քանզի նրանք շարունակում են հետապնդել ժողովրդավարական օրակարգ․ Ես գնահատում եմ Ձեր կառուցողական ջանքերն այս ուղղությամբ»,- ասվում է Թրեյսիի պատասխանում»։
12:52 - 09 հուլիսի, 2022
ՊՆ-ից գրավոր պարզաբանում եմ պահանջել՝ ինչու են թիրախավորվում ընդդիմադիրները. Թովմասյան

ՊՆ-ից գրավոր պարզաբանում եմ պահանջել՝ ինչու են թիրախավորվում ընդդիմադիրները. Թովմասյան

Եռամսյա վարժական հավաքները՝ մահակ ընդդիմադիր գործիչների նկատմամբ. Ռազմական կառույցի քաղաքականացման կարմիր գծերի հատման ահազանգերի հետքերով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը: Նա նաեւ նշել է. «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքը պաշտպանության կազմակերպման և իրականացման գործընթացի հիմքում դնում է նաև մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը։ Սակայն «հայաստանյան ժողովրդավարության» պայմաններում կարծես մարդու իրավունքներն իրենց տեղն են զիջում քաղաքական հրահանգներին՝ հասարակության ստվար զանգվածի մոտ առաջացնելով անարդարության վտանգավոր զգացում։ Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ այս օրերին ստանում եմ ահազանգեր, որ առաջիկա եռամսյա հավաքներին մասնակցելու համար հետևողականորեն ծանուցվում են ընդդիմության` վերջին ամիսների խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակիցներ: Ծանուցում է ուղարկվել օրինակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի՝ կալանքի տակ գտնվող որդուն, ցույցերին ակտիվ մասնակցող դաշնակցական Գևորգ Մուրադյանին, որը նույնպես բանտում է, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախագահ Տարոն Ղազարյանի բնակարանի հասցեով և այսպես շարունակ: Ի՞նչ է ստացվում. քաղաքական ակցիաներին ի պատասխան՝ իշխանությունը «պատժում է» ընդդիմադիրներին՝ նրանց ներգրավելով վարժական հավաքներում: Մինչդեռ զինված ուժերի քաղաքականացումն առաջացնում է անարդարության մթնոլորտ․ ժողովրդավարական երկրում պետք է երաշխավորված լինի խոսքի, հավաքների ու քաղաքական ազատությունները: Ի դեպ, իշխանությունն այս հարցում գործում է բավականին բացահայտ. hիշենք ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ իշխող խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ընդդիմության խաղաղ ակցիայի օրերին կոչ արեց ՀՀ պաշտպանության նախարարությանը բողոքի խաղաղ ակցիայի մասնակիցների ցանկը վերցնել ոստիկանությունից և եռամսյա վարժական հավաքներից ու պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին ընդգրկել եռամսյա վարժական հավաքներում։ Եվ հիմա շատ քաղաքացիների մոտ օբյեկտիվ հարց է առաջանում՝ արդյո՞ք օրինակ Նիկոլ Փաշինյանի, Կառավարության անդամների կամ իշխանական պատգամավորների որդիները ներգրավվում են հավաքներում, այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրությունը հստակ սահմանում է օրենքի առջև ընդհանուր հավասարությունը։ Բացի այդ, շատ են քաղաքացիների դժգոհությունները, որ հեռախոսազանգի միջոցով զինկոմիսարիատի աշխատակից ներկայացած անձը քաղաքացուն կանչում է ինչ-որ տվյալներ հայտնելու, քաղաքացին հետաքրքրվում է, թե արդյոք գաղտնի տեղեկություն է տրամադրելու, թե ոչ, որպեսզի օպերատիվ կերպով՝ հեռախոսազանգի միջոցով պատասխանելու հնարավորությունը հստակեցնի։ Ի պատասխան՝ զինկոմիսարիատից հայտնում են, որ ընթացիկ թարմացումներ են, ոչինչ ավելի։ Քաղաքացիների մի մասը ինձ տեղեկացրեց, որ ամեն դեպքում գնացել են զինկոմիսարիատ, սակայն այնտեղ ոչ թե ընթացիկ ստուգումներ են եղել, այլ իրենց ծանուցել են, որ ներգրավվում են վարժական հավաքներում։ Քաղաքացիների մյուս մասն էլ, տեղյակ լինելով օրենքի կարգավորումներին, որ հեռախոսազանգի միջոցով զորահավաքի մասնակցին զինկոմիսարիատ կանչելը միանշանակ չի կարող համարվել պատշաճ ծանուցում, քանի որ օրենքով ծանուցման նման կարգ սահմանված չէ, հրաժարվել է գնալ զինկոմիսարիատ, ինչը որոշ դեպքերում լարում է առաջացրել: Մարդու իրավունքների ենթադրյալ խախտման դրվագները բազմաթիվ են, ուստի՝ պաշտոնապես հայտնում եմ մեր քաղաքացիներին՝ 1. Վարժական հավաքների կազմակերպման այս ընթացքում մարդու իրավունքներին առնչվող խնդիրների համար ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը իմ նախագահությամբ ծառայելու է որպես հարթակ՝ յուրաքանչյուր անհատական դեպքի հետևից օրենքով սահմանված կարգով գնալու համար, 2. Հանձնաժողովի փորձագետներին հանձնարարել եմ զբաղվել յուրաքանչյուր ահազանգով և ներկայացնել առաջարկներ մեր առաջիկա քայլերի վերաբերյալ՝ ի պաշտպանություն մարդու իրավունքների, 3. ՀՀ ՊՆ-ից գրավոր պարզաբանում եմ պահանջել եռամսյա հավաքների գործընթացի վերաբերյալ՝ հստակեցնելու, թե ինչու են թիրախավորվում ընդդիմադիրները, 4. Եռամսյա հավաքների, զորակոչի գործընթացում և, առհասարակ, մարդու իրավունքների խախտմանն առնչվող բոլոր հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ 011 513 230 հեռախոսահամարով։ Չմոռանանք՝ հայրենիքին ծառայելը առաքելություն է, պարտք բոլորի համար, բայց ոչ երբեք պատիժ, սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այդ նվիրումը ևս ձևախեղել է ու հայրենիքի պաշտպանությունը դարձրել քաղաքական պատժի ձև: Անթուլատրելի է... ոչ թե ոմանք, այլ ԲՈԼՈՐԸ պետք է հավասար լինեն օրենքի առջև»:
10:52 - 04 հուլիսի, 2022
Շարունակելու եմ գործունեությունս՝ որպես մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ․ Թագուհի Թովմասյան

Շարունակելու եմ գործունեությունս՝ որպես մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ․ Թագուհի Թովմասյան

Չնայած ընդդիմադիր մի շարք պատգամավորների՝ ԱԺ վարչական պաշտոններից հրաժարվելուն, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարում է, որ շարունակելու իր գործունեությունը՝ որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Պատգամավորի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Այսօր քաղաքական իշխանությունը կայացրեց որոշում՝ ընդդիմադիրներին ԱԺ վարչական պաշտոններից զրկելու վերաբերյալ։ Ինչպես երեկ հայտարարել էի, սա Նիկոլ Փաշինյանի կողմից քաղաքական հաշվեհարդար էր ընդդիմադիր գործիչների նկատմամբ, որի առնչությամբ շարունակաբար միջազգային աղմուկ եմ բարձրացնելու: Ի համերաշխություն Իշխան Սաղաթելյանի և Վահե Հակոբյանի՝ մյուս մեր գործընկերները ևս հրաժարվեցին իրենց վարչական պաշտոններից: Ես երկար ծանրութեթև արեցի որոշումս կայացնելուց առաջ: Եւ պետք է մի քանի արձանագրում անեմ. – Եթե գործընկերային համերաշխության մասին էր խոսքը, ապա պետք է բոլորս գործընկերաբար Արթուր Վանեցյանից հետո հրաժարվեինք մեր պատգամավորական մանդատներից: – Դեռ նախորդ տարի հայտարարել էի, որ բոլոր ընդդիմադիրներով պետք է վայր դնենք մանդատները՝ պայմանով, որ հաջորդներից էլ որևէ մեկը չի վերցնելու իրեն տրված մանդատը: Այսինքն՝ մանդատից երբեք կառչած չեմ եղել: – ԱԺ պատգամավորի մանդատը, ինչպես հանձնաժողովի նախագահի կարգավիճակը, ընտրությունների միջոցով ժողովրդի կողմից տրված ժամանակավոր պատգամ է՝ ծառայելու քաղաքացուն: – ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը վարչական պաշտոն չէ, այլ առաքելություն, ընդդիմադիր պատգամավորի համար պայքարի լծակ: – Կարծում եմ, որ այս փուլում, հատկապես երբ որոշվում է Արցախի մեր հայրենակիցների ճակատագիրը, երբ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների խախտումների լրջագույն խնդիրներ են արձանագրվում, գործ անելու կարիք կա: – Ստեղծված իրավիճակում, երբ մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել եմ այն ահազանգերի մասին, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը առնչվող բոլոր ոլորտները ըստ էության գտնվում են իշխող կուսակցության ամբողջական վերահսկողության տակ (դատարաններ, քննչական մարմիններ, դատախազություն և այլն), ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը՝ որպես առաքելություն, մնացել է այն առանցքային օղակներից մեկը, որը զբաղվում է նաև իշխանության տեսակետները բազմաթիվ հարցերում չկիսող մեր հասարակության մի ստվար զանգվածի իրավունքների խախտման հարցերով: Եվ ճիշտ չէ հասարակության այդ ստվար զանգվածին զրկել այս կարևոր օղակից, որը հնարավորություն է տալիս այս ծանր իրավիճակում շարունակաբար և հետևողականորեն զբաղվել մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությամբ։ Ուստի ստեղծված իրավիճակում համաձայն լինելով ընդդիմադիր գործընկերներիս բարձրաձայնումներին՝ առկա վտանգների, սպառնալիքների և մարտահրավերների վերաբերյալ, որոնց առջև կանգնած է մեր երկիրը, այդ թվում նաև դրանց դիմակայելու անհրաժեշտությունից ելնելով՝ Որոշել եմ շարունակել իմ գործունեությունը՝ որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անկուսակցական, անկախ նախագահ: Մարդու իրավունքների պաշտպանությունը ապակուսակցական առաքելություն է»,- գրել է Թագուհի Թովմասյանը։
18:12 - 01 հուլիսի, 2022
Թագուհի Թովմասյանը լրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույց է ուղարկել միջազգային կազմակերպություններին

Թագուհի Թովմասյանը լրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույց է ուղարկել միջազգային կազմակերպություններին

Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը լրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ ամփոփ զեկույց է ուղարկել լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին։ «Ընդդիմության խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ բազմաթիվ ահազանգեր էի ստանում լրագրողների իրավունքների խախտումների, նրանց մասնագիտական ազատ գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ»,-«Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Թովմասյանը՝ հավելելով, որ զեկույցում համապատասխան հղումներով անդրադարձ է արվում լրագրողների նկատմամբ իրականացված բռնություններին, չորրորդ իշխանության ներկայացուցիչների իրավունքների խախտումներին։ Թագուհի Թովմասյանն իր զեկույցին կցել է յոթ դեպքի նկարագրություն, որոնց ժամանակ ուժ է կիրառվել, մասնավորապես, լրագրող Նարե Գևորգյանի եւ օպերատոր Արման Ղարաջյանի, «AntiFake.am» լրատվական կայքի թղթակից Դավիթ Ֆիդանյանի և նույն կայքի օպերատոր Իշխան Խոսրովյանի, «Yerkir.am»-ի լրագրող Լիա Սարգսյանի, «Yerevan Today»-ի թղթակից Սյուզի Բադոյանի, «Aravot.am»-ի լրագրող Աշոտ Հակոբյանի, «Yerkir.am»-ի խմբագիր Վահե Սարգսյանի, «Իրավունք թերթ»-ի լրագրող Հրանտ Սարաֆյանի նկատմամբ։ Միջազգային գործընկերներին ուղարկված զեկույցներում Թովմասյանը բացարձակ անընդունելի է համարել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ուժի գործադրումը, նրանց գործունեությանը խոչընդոտելը։ «Միաժամանակ նշել եմ, որ հասարակական կարգի պահպանման իր պարտականությունների իրականացման ժամանակ ոստիկանությունը պիտի ապահովի այնպիսի պայմաններ, որոնցում լրագրողն ունակ կլինի զբաղվել ազատ մասնագիտական գործունեությամբ։ Լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող, ինչպես նաև այլ միջազգային կազմակերպությունների ղեկավարներին խնդրել եմ ձեռնարկել բոլոր հնարավոր համապատասխան միջոցառումները՝ ի պաշտպանություն լրագրողների իրավունքների»,-գրել է Թովմասյանը։
12:11 - 27 հունիսի, 2022
Տպավորություն է՝ Փաշինյանը և իր թիմը մերժել են ՀՀ-ԵՄ համաձայնագիրը՝ համարելով այն նախկինների ժառանգություն. Թովմասյան

Տպավորություն է՝ Փաշինյանը և իր թիմը մերժել են ՀՀ-ԵՄ համաձայնագիրը՝ համարելով այն նախկինների ժառանգություն. Թովմասյան

Տպավորություն է, որ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը և իր թիմը մերժել են նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ դիտարկելով այն որպես նախկինների ժառանգություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը: Նա նաեւ նշել է. «Օրերս Ազգային ժողովում հանդիպել եմ «Աջակցություն ՀՀ արդարադատության նախարարությանը` ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող օրենսդրության մոտարկման գործընթացում» ծրագրի ղեկավար Միկելե Դինելիի և ծրագրի փորձագետների հետ: Ողջունել եմ, որ ԵՄ-ն ակտիվորեն քննարկում է համաձայնագրի իրականացման հարցը, քայլեր է ձեռնարկում այն կյանքի կոչելու համար, քանի որ դրա իրականացումը շատ կարևոր է Հայաստանի համար: Համաձայնագիրը կնքվել է դեռ 2017 թվականի նոյեմբերին  և տարիներ է, ինչ փոշոտվում է դարակներում: Տպավորություն է, որ ներկա իշխանությունը, նախկիններին մերժելով, մերժել է նաև մինչ հեղափոխությունը կնքված միջազգային այս համաձայնագիրը: Այս համաձայնագրով նոր օրենքները պետք է մշակվեն համաձայնագրի պահանջներին համապատասխան, մինչդեռ, ինչպես նշել եմ հանդիպման ընթացքում, այսօր ընդունվում են այնպիսի օրենքներ, որոնք չեն բխում համաձայնագրի սկզբունքներից: Այդպիսիններից է օրինակ հենց ծանր վիրավորանքը քրեականացնող օրինագիծը: Այս համաձայնագրում հստակ նշված է նաև, որ կողմերն ընդունում են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի կանոնադրությունում և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների և սկզբունքների վրա, մասնավորապես՝ ուժի սպառնալիքից կամ գործադրումից զերծ մնալու, պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքների վրա՝ հաշվի առնելով նաև կարգավորման գործընթացին աջակցելու Եվրամիության հանձնառությանը: Իսկ այս ուղուց մենք ինքներս վաղուց շեղվել ենք: Հավելել եմ, որ անհրաժեշտ է ոչ թե ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը համաձայնեցնել Հայաստանի իրավիճակին, այլ Հայաստանում առկա իրավիճակը փորձել համաձայնեցնել ժողովրդավարության սկզբունքներին. պետք է ոչ թե փորձել հարմարվել հայաստանյան իրականությանը, այլ՝ Հայաստանը տանել ժողովրդավարացման ճանապարհով»։
10:42 - 15 հունիսի, 2022
Բռնի միջադեպերը, ներառյալ հատուկ միջոցների կիրառումը հունիսի 3-ին հետաքննության կարիք ունեն. Եվրոպական միության դեսպան

Բռնի միջադեպերը, ներառյալ հատուկ միջոցների կիրառումը հունիսի 3-ին հետաքննության կարիք ունեն. Եվրոպական միության դեսպան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան գրառմամմբ հայտնել է, որ Հայաստանում Եվրոպական միության դեսպանը և Եվրոպական միության անդամ պետությունների դեսպանները արձագանքում են  ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատտգամավոր Թագուհի Թովմասյանի հրատապ նամակին եւ հայտնել, որ բռնի միջադեպերը, ներառյալ հունիսի 3-ին հատուկ միջոցների կիրառումը հետաքննության կարիք ունեն:  «Բռնի միջադեպերը, ներառյալ հունիսի 3-ին հատուկ միջոցների կիրառումը հետաքննության կարիք ունեն. Հայաստանում Եվրոպական միության դեսպանը և Եվրոպական միության անդամ պետությունների դեսպանները արձագանքում են իմ հրատապ նամակին։ Հունիսի 3-ին ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից հատուկ միջոցների կիրառման կապակցությամբ դիմել էի ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։ Դեսպանին ներկայացրել էի մասնագետների ահազանգերն առ այն, որ օգտագործված հատուկ միջոցների պիտանելիության ժամկետը սպառվել է, և մասնագետների վկայությունների համաձայն՝ ժամկետանց զինամթերքը պատճառ է դարձել, որ ցուցարարներն ու ոստիկաններն ավելի ուժեղ վնասվածքներ ստանան։ Դեսպանին նաև հայտնել էի բողոքի ակցիա իրականացնող ընդդիմադիրների պնդումները, որ ոստիկանությունը նախապես չի տեղեկացրել ցուցարարներին հատուկ միջոցների կիրառման մասին։ Խնդրել էի հրապարակային մեկնաբանություն, քանզի դա կարող է ազդել ոստիկանական անթույլատրելի օպերացիաների կանխարգելմանը։ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ա․ Վիկտորինի և ԵՄ անդամ պետությունների դեսպանների անունից (Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Հունաստան, Շվեդիա, Հոլանդիա, Չեխիա, Լիտվա, Իտալիա, Սլովակիա, Ռումինիա, Բուլղարիա) ստացել եմ պատասխան, համաձայն որի կարևոր է, որ մարդիկ ազատորեն արտահայտեն իրենց կարծիքը կամ անհամաձայնությունը, և իրավապահ մարմիններն ու ոստիկանությունը պետք է զերծ մնան ծայրահեղ ուժի գործադրումից։ Անընդունելի է ինչպես ոստիկանության կողմից անհամաչափ ուժի գործադրումը, այնպես էլ ոստիկանության ծառայողների նկատմամբ ցուցարարների կողմից ուժի գործադրումը։ Բռնի միջադեպերը, ներառյալ հատուկ միջոցների կիրառումը հունիսի 3-ին հետաքննության կարիք ունեն։ Որոշ դեպքերում դա արդեն արվում է։ Դեսպանը բարձրացրել է իր մտահոգությունները ՀՀ արդարադատության նախարարին, մշտական կապի մեջ է ՄԻՊ-ի հետ, ով ոստիկանությունից բացատրություններ է պահանջել կիրառված հատուկ միջոցների տեսակների, կիրառման համար թույլատրելի չափանիշներին համապատասխանության, ինչպես նաև տվյալ իրավիճակում դրանց կիրառման անհրաժեշտության, համամասնության և համապատասխանության մասին։ Դեսպան Վիկտորինը շեշտում է նաև ատելության խոսքից և սադրանքներից զերծ մնալու չափազանց մեծ կարևորությունը, և որ հարկ է՝ բոլոր կողմերը բացառեն բռնության ցանկացած ձև յուրաքանչյուր կողմից։ ԵՄ դեսպանը հավաստիացնում է, որ ԵՄ պատվիրակությունը կշարունակի ուշադրությամբ դիտարկել զարգացումները»,- գրել է Թովմասյանը։
11:18 - 11 հունիսի, 2022
ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը հանդիպել է ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների հետ

ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը հանդիպել է ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների հետ

«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արամ Վարդևանյանը, Աննա Գրիգորյանը, Գեղամ Մանուկյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն այսօր ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հանդիպել են Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառ ՄաքԴոնալդի հետ։ Այս մասին հայտնում են «Հայաստան» դաշինքից։  Զրույցի ընթացքում պատգամավորները ներկայացրել են Հայաստանում տիրող ներքաղաքական, ինչպես նաեւ դատական և իրավապահ, մամուլի և խոսքի ազատության ոլորտներում տիրող իրավիճակը:  Հատուկ ուշադրություն է դարձվել խաղաղ ցույցերի ընթացքում իրավապահ մարմինների կողմից գործադրված բռնությունների և վայրագությունների վրա, առանձին մատնանշվել են այն բոլոր իրավախախտումները, որոնք վերջին տարիներին արձանագրվել են դատական համակարգում, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոլորտում: Անդրադարձ է կատարվել նաև լրատվամիջոցների նկատմամբ ճնշումներին, օրենսդրական բազմաթիվ փոփոխություններով լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու՝ իշխանության քայլերին:  Առանձին ուշադրություն է հրավիրվել կալանավորման ինստիտուտի նման ծավալի և երկակի ստանդարտների կիրառմանը։
22:31 - 09 հունիսի, 2022
Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ տեղի ունեցածով հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել դատախազին. Թովմասյան

Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ տեղի ունեցածով հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել դատախազին. Թովմասյան

Կառավարության 3-րդ մասնաշենքի մուտքի մոտ հավաքված քաղաքացիների, պատգամավորների, ինչպես նաև անչափահասների նկատմամբ անկնհայտ անհամաչափ ֆիզիկական ուժի գործադրման դեպքերը արձանագրել և տեսանյութերի և լուսանկարների տեսքով որպես հանցագործության մասին հաղորդում ներկայացրել եմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Նա նաեւ նշել է. «Գրության մեջ մասնավորապես նշել եմ, որ ոստիկանության աշխատակիցները հարվածել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանին, Գեղամ Մանուկյանին, Արամ Վարդևանյանին, Աղվան Վարդանյանին, Տիգրան Աբրահամյանին, Աշոտ Սիմոնյանին, ինչպես նաև խաղաղ ակցիային մասնակցող բազմաթիվ քաղաքացիների, ինչի արդյունքում ունենք տուժած քաղաքացիներ: Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից ոստիկանության ծառայողները, բռնի ուժ գործադրելով, բերման են ենթարկել 16 և 17 տարեկան անչափահասների։ Վերջիններս նշել են նաև, որ ոստիկանական մեքենայի մեջ իրենց հասցեին անձնական բնույթի հայհոյանքներ են հնչեցվել: Բացի այս, նշված մասնաշենքի դիմաց ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած գործողությունների ժամանակ ոստիկանները բիրտ ուժ են կիրառել «Իրավունք»-ի լրագրող Հրանտ Սաֆարյանի նկատմամբ, որով խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական աշխատանքը: Ծեծել, այնուհետև փորձել են բերման ենթարկել նաև YerkirMedia.am կայքի խմբագիր՝ Վահե Սարգսյանին: Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը անթույլատրելի է և հակաօրինական, ինչին արդեն բազմիցս անդրադարձել և դատապարտել են մի շարք միջազգային կառույցներ: Եւս մեկ անգամ կարևոր եմ համարում նշել, որ ոստիկանության գործունեությունը հիմնվում է օրինականության, անձի իրավունքների և ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների վրա: Ոստիկանությունն իր իրավունքներն իրականացնելիս պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, մինչդեռ նախորդ օրերի և վերոնշյալ բոլոր դեպքերը վկայում են հակառակի մասին: Գլխավոր դատախազից պահանջել եմ ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ նկարագրված արարքների կատարման հանգամանքները բացահայտելու և իրավական գնահատական տալու համար:
11:53 - 01 հունիսի, 2022