Բայդենը, Թրյուդոն, Մակրոնը, Շոլցը, Մելոնին և Սունակը համատեղ հայտարարություն են արել Մերձավոր Արևելքում իրավիճակի վերաբերյալ |tert.am|
tert.am: Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի և Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակի համատեղ հայտարարությունը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բախման վերաբերյալ:Հայտնի է, որ նախօրեին Բայդենը զրույցել է այս առաջնորդների հետ:Առաջնորդները վերահաստատել են իրենց աջակցությունն Իսրայելին և ահաբեկչությունից պաշտպանվելու նրա իրավունքին և կոչ են արել պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը, ներառյալ խաղաղ բնակչության պաշտպանությունը: Նրանք ողջունել են ՀԱՄԱՍ-ի կողմից երկու պատանդի ազատ արձակումը և կոչ են արել անհապաղ ազատ արձակել մնացած բոլոր պատանդներին:Նրանք պարտավորվել են սերտ համակարգել գործողությունները՝ աջակցելու տարածաշրջանում իրենց քաղաքացիներին, մասնավորապես նրանց, ովքեր ցանկանում են լքել Գազայի հատվածը:Ղեկավարները ողջունել են Գազայի հատվածում պաղեստինցիներին առաջին մարդասիրական շարասյունների հասնելու հայտարարությունը և պարտավորվել են շարունակել համակարգումը տարածաշրջանի գործընկերների հետ՝ ապահովելու սննդի, ջրի, բժշկական օգնության և մարդասիրական կարիքները բավարարելու համար անհրաժեշտ այլ օգնության կայուն և անվտանգ հասանելիություն:Ղեկավարները պարտավորվել են շարունակել սերտ դիվանագիտական համակարգումը, այդ թվում՝ տարածաշրջանի առանցքային գործընկերների հետ՝ կանխելու հակամարտության տարածումը, ապահովելու կայունությունը Մերձավոր Արևելքում և աշխատելու դեպի հակամարտության քաղաքական լուծում և կայուն խաղաղություն:
13:57 - 23 հոկտեմբերի, 2023