Հայաստան

ՀՀ-ում գտնվող արցախցիները Երևանի Մյասնիկյանի հրապարակում իրականացնելու են հավաք՝ ի պաշտպանություն Արցախի

ՀՀ-ում գտնվող արցախցիները Երևանի Մյասնիկյանի հրապարակում իրականացնելու են հավաք՝ ի պաշտպանություն Արցախի

2020թ. 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գտնվող արցախցիների կողմից հուլիսի 21-ին՝ ժամը 19:00-ին, Երևան քաղաքի Ա.Մյասնիկյանի անվան հրապարակում կազմակերպվելու է հավաք՝ ի պաշտպանություն Արցախի և մեր ժողովրդի իրավունքների: Այս մասին հայտնում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ կոչ անելով ակտիվորեն մասնակցել հավաքին: Գուրգեն Ներսիսյանը միևնույն ժամանակ նշել է․ «Բազմաթիվ զանգերից հետո ստիպված եմ Երևանյան ռեստորաններում ժամանակ սպառողներին, անտարբեր վարքագծով մեր հայրենակիցների արցախապաշտպան պայքարն արժեզրկող ու Արցախի հանրային միջոցներից տարիներ շարունակ սնված ու շարունակաբար օգտվող «գործարարներին» կոչ անել վերանայել սեփական վարքագիծը և մասնակցել տեղահանված մեր հայրենակիցների՝ Արցախի պաշտպանությանն ուղղված ջանքերին, նրանց մենակ թողնելը հավասարազոր է դավաճանության»։  Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ Երևանում՝ ՄԱԿ-ի, ԵՄ-ի հայաստանյան գրասենյակների, Հայաստանում ՌԴ դեսպանատան առւև իրակակացվում են տարբեր ակցիաներ՝ հաջակցություն Արցախի։ 
17:40 - 20 հուլիսի, 2023
Ադրբեջանը նամակ է ուղարկել Հայաստան՝ պահանջելով դադարեցնել Երասխում գործարանի կառուցումը
 |aysor.am|

Ադրբեջանը նամակ է ուղարկել Հայաստան՝ պահանջելով դադարեցնել Երասխում գործարանի կառուցումը |aysor.am|

aysor.am: Ադրբեջանի կառավարությունը Հայաստանից պահանջում է դադարեցնել Երասխում մետալուրգիական գործարանի կառուցումը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաևը համապատասխան նամակ է հղել Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին։ Նամակում ասվում է, որ գործարկվել է համապատասխան ընթացակարգ՝ նախատեսված անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կոնվենցիայով։ Ադրբեջանը պահանջում է Հայաստանից տեղեկատվություն փոխանակել՝ նախագծի բացասական անդրսահմանային ազդեցությունը քննարկելու համար, նաև պահանջում է դադարեցնել շինարարությունը։ Նշենք, որ գործարանը կառուցվում է ամերիկյան ներդրումներով։ Շինհրապարակը գրեթե ամեն օր գնդակոծվում է ադրբեջանական զինուժի կողմից։ 
14:04 - 20 հուլիսի, 2023
Զախարովան արձաքանգել է Էրդողանի՝ 2025-ին ԼՂ-ից խաղաղապահների հեռանալու հայտարարությանը
 |civilnet.am|

Զախարովան արձաքանգել է Էրդողանի՝ 2025-ին ԼՂ-ից խաղաղապահների հեռանալու հայտարարությանը |civilnet.am|

civilnet.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձանագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ 2025-ին Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների հեռանալու հայտարարությանը։ «Անկարան նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ չէ, որի հիման վրա ԼՂ-ի հակամարտության գոտում տեղակայվել էր ռուսական խաղաղապահ զորախումբ։ Հենց այդ փաստաթղթում հստակ նշված են ինչպես տարածաշրջանում զորախմբի գտնվելու ժամկետները, այնպես էլ հերթական հնգամյա ժամկետով հնարավոր երակարացման պարամետրերը»,- հուլիսի 20-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Զախարովան։ Նրա խոսքով՝ խաղաղապահները կարևոր կայունացնող դեր են խաղում Լեռնային Ղարաբաղում, նրանց հիմնական գործառույթը հրադադարի ռեժիմի պահպանումն է․ «Հաշվի առնելով տարածաշրջանում շարունակվող լարված իրավիճակը՝ նրանց գործունեությունն էլ ավելի պահանջված է։ Հարավային Կովկասում խաղաղության պահպանումը բխում է Երևանի և Բաքվի, ինչպես նաև տարածաշրջանային խաղացողների շահերից, որոնց թվում է նաև Անկարան»,- նշել է Մարիա Զախարովան։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծիք էր հայտնել, որ Ռուսաստանը կկատարի Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Նա հույս էր հայտնել, որ ռուս զինվորականները ԼՂ-ում կմնան մինչև 2025 թվականը, իսկ դրանից հետո կհեռանան։
13:52 - 20 հուլիսի, 2023
Բաքվից պնդում են՝ բրյուսելյան բանակցություններում քննարկվել է նաև Հայաստան ադրբեջանցիների վերադարձի հարցը
 |azatutyun.am|

Բաքվից պնդում են՝ բրյուսելյան բանակցություններում քննարկվել է նաև Հայաստան ադրբեջանցիների վերադարձի հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Բաքվից պնդում են՝ անցած շաբաթ Բրյուսելում հայ-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցությունների օրակարգում ընդգրկվել և քննարկվել է նաև Հայաստան ադրբեջանցիների վերադարձի հարցը։ Պաշտոնական Երևանը դեռ չի մեկնաբանել Ադրբեջանի պետական լրատվամիջոցներում օրեր շարունակ շրջանառվող այս տեղեկատվությունը, բանակցությունները հյուրընկալած Շառլ Միշելը ևս հարցին որևէ կերպ չի անդրադարձել։ Մինչ այդ՝ Հայաստան վերադառնալ ցանկացող ադրբեջանցիներին միավորող, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությունը շտապել է ողջունել «պատմական» այդ իրադարձությունը և ընդգծել՝ Միշելի, Փաշինյանի և Ալիևի մակարդակով իրենց նախկին բնակավայր վերադառնալու հարցի քննարկումը ոգշնչող է։ «Մեր վերադարձի հարցը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների օրակարգում ընդգրկելը պատմական իրադարձություն է այդ հարցի խաղաղ լուծման ուղղությամբ՝ միջազգային իրավունքին համապատասխան։ Սա ավելի է ոգեշնչում Արևմտյան Ադրբեջանի Համայնքին և Հայաստանից բռնի տեղահանված յուրաքանչյուր ադրբեջանցու՝ ձեռնարկելու իրենց վերադարձի իրավունքի իրագործմանն ուղղված քայլեր», - ասվում է «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության հայտարարությունում։ Ադրբեջանի կառավարության հովանավորչությունը վայելող այս կառույցը դեռևս մարտ ամսին էր հատուկ նամակ հղել Շառլ Միշելին՝ խնդրելով աջակցել Հայաստան ադրբեջանցիների անվտանգ վերադարձին։ Ընդառաջե՞լ է արդյոք Միշելը ադրբեջանցիների խնդրանքին, համապատասխանո՞ւմ է իրականությանը Ադրբեջանից հնչող այս հայտարարությունը և եթե, այո, ինչպիսի՞ն է պաշտոնական Երևանի դիրքորոշումը, «Ազատությունն» այս հարցերն ուղղել է վարչապետ Փաշինյանի գրասենյակին, արձագանք առայժմ չկա։ Պաշտոնական Բաքուն, որ «Արևմտյան Ադրբեջանի» և «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» մասին խոսույթը ակտիվորեն սկսել է շրջանառել վերջին ամիսներին, այսօր կրկին կապել է այս հարցը Ղարաբաղի հայերի հետ ու պնդել՝ հայկական կողմը Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության մասին խոսելիս պետք է հաշվի առնի նաև տեղահանված ադրբեջանցիների իրավունքներն ու անվտանգությունը։ Բաքվի քաղաքական այս նախաձեռնությունը, որը Հայաստանի տարածքում ադրբեջանցիների վերաբնակեցման պետական ծրագրի մաս է կազմում, մի քանի ամսվա պատմություն ունի։ Ամիսներ առաջ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում էլ Ադրբեջանից բռնագաղթածների մարդահամար է անցկացվելու։ Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։   
23:18 - 19 հուլիսի, 2023
Անհրաժեշտ է գտնել քաղաքական լուծում՝ երաշխավորելու ԼՂ բնակիչների իրավունքները և անվտանգությունը. Ֆրանսիայի դեսպան Անն Լույո |armenpress.am|

Անհրաժեշտ է գտնել քաղաքական լուծում՝ երաշխավորելու ԼՂ բնակիչների իրավունքները և անվտանգությունը. Ֆրանսիայի դեսպան Անն Լույո |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, որը մի քանի օրից ավարտում է դիվանագիտական առաքելությունը, հավատացնում է՝ երբեք չի մոռանա այս երկիրը, որի ժողովուրդն իրեն տպավորել է իր տոկոնությամբ, ապագայի ծրագրեր կազմելու ունակությամբ՝ ի հեճուկս 2020 թ. պատերազմի հետևանքով ստեղծված դժվարին իրավիճակի: Դեսպանը շեշտում է՝ անհրաժեշտ է գտնել քաղաքական լուծում՝ վերջ դնելու նոյեմբերի 9-ի հայտարարության խախտումներին և երաշխավորելու Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը, իսկ Ֆրանսիան՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ համաձայնեցված, կշարունակի անել հնարավորը՝ բանակցային գործընթացում առաջընթաց ապահովելու համար:  «Արմենպրես»-ի հետ զրույցում Անն Լույոն խոսել է ադրբեջանական ագրեսիայի, Լեռնային Ղարաբաղի հայերի կրած դժվարությունների, հայ-ֆրանսիական հարաբերություններում վերջին 2 տարում գրանցված առաջընթացի, ժամանակից շուտ իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելու և դրա պատճառների մասին: - Տիկին դեսպան, ո՞րը կամ որո՞նք եք համարում Հայաստանում այս երկու տարում Ձեր կատարած ամենամեծ աշխատանքը, ձեռքբերումը՝ հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման, զարգացման տեսանկյունից: - Ֆրանսիան, ինչպես գիտեք, լիովին հանձնառու է խաղաղության գործընթացին, և ես ակտիվորեն աջակցել եմ Հարավային Կովկասում մեր հատուկ հանձնակատար Բրիս Ռոքֆոյի կողմից կատարած աշխատանքին, որը նա իրականացրել է նախագահ Մակրոնի և այս տարվա ապրիլին Հայաստան այցելած արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի խնդրանքով։ Մեր երկկողմ հարաբերությունների մակարդակով վերջին երկու տարիների ընթացքում զգալի կարևոր առաջընթաց է գրանցվել՝ շնորհիվ երկու կառավարությունների հանձնառության։ Հատկապես ուրախ եմ դեսպանությունում պաշտպանական առաքելության ստեղծման կապակցությամբ, որը միտված է մեր պաշտպանական համագործակցության խորացմանը։ Տնտեսական ոլորտում 2021 թ. դեկտեմբերին նախարարներ Միրզոյանի և Լըմուանի ստորագրած ճանապարհային քարտեզը հնարավորություն է ընձեռել ֆրանսիական կողմին լրացուցիչ պարտավորություն ստանձնել՝ հատկապես Հայաստանում արտահանման և ներդրումների աջակցման միջոցով, մասնավորապես՝ արևային էներգիայի ոլորտում։ Զարգացման ֆրանսիական գործակալությունը հատկացրել է 100 միլիոն եվրոյի չափով պետական ​​քաղաքականության խոշոր վարկ և ներկայացուցչություն բացել Երևանում՝ դեսպանության հարկի տակ, ինչը հնարավորություն է տալիս դիվերսիֆիկացնել և ակտիվացնել իր գործունեությունը ոռոգման, էներգետիկայի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։ Եվրամիության հետ նաև աջակցել ենք օրենքի գերակայության ամրապնդմանը՝ Ներքին գործերի և Արդարադատության նախարարությունների հետ համագործակցության միջոցով։ Մշակութային և կրթական ոլորտներում ևս մեր համագործակցությունը զգալի առաջընթաց է արձանագրել։ Պաշտոնապես 2022 թ. ստեղծված Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտն արդեն պատրաստում է մշակութային խոշոր ծրագիր և ուսումնական տարվա սկզբին ֆրանսերենի դասընթացների համար իր դռները կբացի բոլոր լսարանների առջև։ «Ֆրանսիա-Հայաստան Ժառանգություն» հավակնոտ ծրագիրը, որը դեսպանությունն իրականացնում է Ժառանգության ազգային ինստիտուտի և Լուվրի թանգարանի հետ համատեղ, հնարավորություն է ընձեռել վերապատրաստել ժառանգության հայ մասնագետների և մեկնարկել թանգարանագիտության և վերականգնման ծրագրեր Էրեբունի թանգարանի և Տաթևի Մեծ Անապատի հետ։ Ի վերջո, ուսումնական տարվա սկզբին Հայաստանի կրթության նախարարության հետ ինտենսիվ շփումների արդյունքում մեկնարկելու ենք հավակնոտ նախագիծ՝ ուղղված Հայաստանում ֆրանսերենի ուսուցման ամրապնդմանը: Ողջունում եմ նոր մարզերի ներգրավվումն ապակենտրոնացված համագործակցության մեջ, մասնավորապես Օվերն Ռոն Ալպը Սյունիքի և Օ դը Ֆրանսը Վայոց ձորի հետ՝ ի լրումն արդեն իսկ ակտիվ 30 գործընկերության, որոնք հնարավորություն են տվել զարգացնել արդյունավետ գործակցություններ՝ մասնագիտական կրթության ​​ոլորտում՝ օրինակ CEPFA-ի /Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն հիմնադրամի/ հետ: Ի վերջո, նշեմ դեսպանատան աջակցությունը Հայաստանի քաղաքացիական հասարակությանը: ․․․ - Տիկին դեսպան, այս ընթացքում Դուք եղել եք նաև սահմանամերձ շրջաններում, Սյունիքում այցելել եք նաև Ադրբեջանի թիրախավորման հետևանքով տուժած ընտանիքներին, այսինքն՝ անձամբ եք ականատես եղել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքներին: Որպես միջազգային հանրության անդամ՝ ի՞նչ գնահատական ունեք Ադրբեջանի այս վարքագծի վերաբերյալ, ըստ Ձեզ՝ միջազգային հանրության արձագանքն ինչպիսի՞ն պետք է լինի այս պարագայում և արդյոք ներկայիս արձագանքը Ձեզ գոհացնո՞ւմ է: - Իրականում այցելել եմ 2022 թ. սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումներից տուժած գյուղեր՝ Գեղարքունիքում, Վայոց Ձորում և Սյունիքում և կարողացել եմ ականատես լինել խաղաղ բնակչությանը հասցված տառապանքին, որին ցանկանում էի հայտնել իմ համերաշխությունը։ Ֆրանսիան աջակցում է այս ուղղությամբ Եվրամիության և Միացյալ Նահանգների կողմից գործադրվող հետևողական ջանքերին։ 2023 թ. հունվարի 23-ին ձևավորված Եվրամիության քաղաքացիական առաքելությունը դիտորդական աշխատանքների միջոցով նպաստում է սահմանամերձ շրջաններում խաղաղ գործընթացին։ Այս դիտարկումների արդյունքը նպաստում է ԵՄ-ի միջնորդական ջանքերին, սակայն մենք պետք է էլ ավելի ուժեղացնենք ջանքերը, որպեսզի հարգվեն տարածքային ինքնիշխանությունը և մարդկանց իրավունքները: Մեր երկու կառավարությունների, նախագահ Մակրոնի և վարչապետ Փաշինյանի ամենաբարձր մակարդակով սերտ և մշտական ​​խորհրդակցությունն արտացոլում է մեր հանձնառությունը և ցանկությունը՝ ընդլայնելու միջազգային հանրության աջակցությունը հանուն արդար և տևական խաղաղության։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ - Ադրբեջանն ամբողջությամբ փակել է Լաչինի միջանցքը, արդեն տևական ժամանակ է, ինչ Արցախի հայությունը հումանիտար ճգնաժամի է բախվել: Թեև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը այսօր փաստացի չի գործում, սակայն, նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ Ֆրանսիան այդ խմբի համանախագահ է, ի՞նչ դերակատարում կարող է ունենալ խնդրի լուծման համար: Դուք անձամբ ինչպե՞ս եք պատկերացնում խնդրի լուծումը: - Դեկտեմբերից ի վեր դատապարտել ենք Լաչինի միջանցքի արգելափակումը, որը լրջագույնս վնասում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը և կոչ ենք արել կիրառել միջանցքով երթևեկության վերականգնման մասին Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Ողջունում ենք ԿԽՄԿ-ի ջանքերը՝ նվազեցնելու արգելափակման հետևանքով ստեղծված մարդասիրական ճգնաժամի հետևանքները, սակայն անհրաժեշտ է գտնել քաղաքական լուծում՝ վերջ դնելու 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության խախտումներին և երաշխավորելու Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում համաշխարհային անկայունության համատեքստը չի հեշտացնում աշխատանքը, սակայն մենք շարունակում ենք մոբիլիզացված մնալ։ Այդ նպատակով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ Ֆրանսիայի նախաձեռնությամբ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հարցով խորհրդի նիստեր են հրավիրվել 2022 թ. սեպտեմբերին և դեկտեմբերին: Ֆրանսիան, ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ համաձայնեցված,կշարունակի անել հնարավորինը՝ ապահովելու առաջընթաց բանակցային գործընթացում։ Շարունակությունը՝ armenpress.am-ում
12:18 - 19 հուլիսի, 2023
Պայքարի իմիտացիա, Արցախի իշխանությունները վախենում են քննադատել Փաշինյանին, կամ նրա ածանցյալներն են․ Դավիթ Գալստյանն՝ Արայիկ Հարությունյանի նստացույցի մասին
 |tert.am|

Պայքարի իմիտացիա, Արցախի իշխանությունները վախենում են քննադատել Փաշինյանին, կամ նրա ածանցյալներն են․ Դավիթ Գալստյանն՝ Արայիկ Հարությունյանի նստացույցի մասին |tert.am|

tert.am: Այնպես չէ, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նստացույց հայտարարելու քայլը միանշանակ է ընդունվել թե՛ արցախցիների, թե՛ քաղաքական ուժերի կողմից։ Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։ Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ ԱՀ նախագահի քայլը որպես պայքարի միջոց կասկածանքների տեղիք է տալիս, քանի որ նստացույց անելու նրա գործողությունը չի տալիս այն հարցի պատասխանը, թե ում անգործության շնորհիվ է Արցախը հայտնվել օրհասական իրավիճակում։ «Այստեղ է այդ կասկածների տեղիքը, որ այս ամենն այդքան էլ անկեղծ չէ։ Մնացած առումով նշեմ, որ 2018 թվականից սկսած պետք է պայքարեին չարիքի իշխանության դեմ, որովհետև Հայաստանի իշխանության գործողությունները քայլ առ քայլ Արցախը տանում էր Ադրբեջանի հետ բռնակեցման։ 2020 թվականի պատերազմից հետո ևս չշարունակեցին այդ իշխանության դեմ պայքարելը։ Այսօր արդեն Արցախի ղեկավարությունը հասկացել է, որ Հայաստանի իշխանությունն իր վարած քաղաքականությամբ Արցախը տանում է կործանման»,- նշեց Գալստյանը՝ շեշտելով, որ արցախցիներից շատերը կարծիքով Արցախի ղեկավարությունն իմիտացիա է անում, այլ ոչ իրական պայքար։ Դիտարկմանը, թե նստացույցը սեփական անկարողության ցուցադրությո՞ւն է, եթե դա արվում է երկրի ղեկավարի կողմից, «Արդարություն» խմբակցության ղեկավարն արձագանքեց․ «Մենք համոզված ենք, որ երկրի ղեկավարն ավելի լայն լիազորություններով է օժտված։ Նա այդ լիազորություններով շատ ավելի էֆեկտիվ պայքար կարող է տանել, քան այդ նստացույցն է»։ Դավիթ Գալստյանը չի պատկերացնում, թե Արայիկ Հարությունյանը պայքարի կոշտ գործողություններ ասելով ինչ նկատի ունի, բայց նկատում է․ «Ունեինք բեռնափոխադրումների հնարավորություններ, բայց իշխանությունները ճիշտ չօգտագործեցին այդ հնարավորություն, և չգիտենք, թե ինչու մայոնեզ, կետչուպ և ոչ առաջին անհրաժեշտության ապրանքներ բերելով չկարողացան պարենային համապատասխան պահեստավորումներ կատարել՝ մեզ հասցնելով այս իրավիճակին։ Եթե Արցախի բլոկադան հայաստանյան իշխանությունների պատճառով է, ապա պարենային դեֆիցիտը Արցախի իշխանության անգործության հետևանքն է»։ Ի դեպ, Դավիթ Գալստյանի կարծիքով, եթե Բրյուսելում քննարկված չլիներ Աղդամով Արցախին հումանիտար օգնություն տրամադրելու հարցը, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը նման հայտարարություն դժվար աներ։ «Առանց Նիկոլ Փաշինյանի հետ քննարկելու, չէր կարող նման բան ասել։ Իսկ Արցախից քննադատել Միշելին և գլխավոր մեղավորին շրջանցելը, դա խոսում է այն մասին, որ այս իշխանությունները վախենում են Փաշինյանից նրան քննադատելու համար կամ էլ սրանք Նիկոլ Փաշինյանի ածանցյալներն են, և սա ծրագիր է, որը համատեղ կյանքի են կոչում Արցախի և Հայաստանի իշխանությունները»,- շեշտեց նա։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
11:33 - 19 հուլիսի, 2023
Աբդոլահիանն ու Լավրովը քննարկել են Հարավային Կովկասում զարգացումները, «3+3» ձևաչափը |factor.am|

Աբդոլահիանն ու Լավրովը քննարկել են Հարավային Կովկասում զարգացումները, «3+3» ձևաչափը |factor.am|

factor.am: Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին տեղեկացնում է Mehr գործակալությունը։ Իրանի ԱԳՆ հաղորդմամբ նախարարները երկու երկրների հարաբերություններն անվանել են զարգացող և ընդգծել երկրների նախագահների կամքը՝ էլ ավելի զարգացնելու դրանք։ Անդրադառնալով Հարավային Կովկասի զարգացումներին՝ կողմերն ուշադրություն են հրավիրել Իրանի արտաքին գործերի նախարարի և Ադրբեջանի նախագահի վերջին զրույցի ուղղությամբ։ «Ինչ վերաբերում է Կովկասյան տարածաշրջանին, ապա ընդգծվել է տարածաշրջանային բանակցությունների շրջանակը, ներառյալ, այսպես կոչված, «3+3» ձևաչափը, որը ներառում է մի կողմից՝ Իրանը, Ռուսաստանը, Թուրքիան, մյուս կողմից՝ Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Երկու նախարարները քննարկել են նաև Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի արտգործնախարարների երկրորդ հանդիպման անցկացումը։ Աբդոլահիանն իր զարմանքն է արտահայտել Պարսից ծոցի երեք իրանական կղզիների մասին պարբերության բովանդակության վերաբերյալ, որը ներառված է Ռուսաստանի և Պարսից ծոցի երկրների միջև վերջերս Մոսկվայում կայացած համատեղ հայտարարության մեջ և ընդգծել այդ կղզիների նկատմամբ Իրանի պատմական և հավերժական սեփականությունը: Շարունակությունը՝ factor.am-ում
11:31 - 19 հուլիսի, 2023
Պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի չորրորդ հանդիպմանը չի հաջողվել համաձայնության գալ քարտեզի շուրջ. փոխվարչապետի գրասենյակ |pastinfo.am|

Պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի չորրորդ հանդիպմանը չի հաջողվել համաձայնության գալ քարտեզի շուրջ. փոխվարչապետի գրասենյակ |pastinfo.am|

pastinfo.am: Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման երկու երկրների հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը համաձայնության ձեռք չի բերվել, թե որ թվականի քարտեզը պետք է հիմք ընդունվի սահմանազատումն իրականացնելիս։ Ի պատասխան «Փաստինֆո»-ի հարցմանը` այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ կայացած հանդիպմանը կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել են կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի: «Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ փոխվարչապետի գրասենյակ՝ խնդրելով տեղեկացնել, թե արդյոք հանդիպմանը հաջողվել է համաձայնության գալ քարտեզի շուրջ։ «Որևէ քարտեզի մասով որևէ որոշում չի կայացվել: Քննարկված հարցերի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ կողմից հրապարակվել է պաշտոնական հաղորդագրություն»,- հայտնեցին կառույցից։ Ավելին, ինչպես հայտնեցին Մ.Գրիգորյանի գրասենյակից, հայտնի չէ նաեւ հաջորդ հանդիպման վայրն ու օրը։
20:40 - 18 հուլիսի, 2023
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Բայրամովը ՌԴ-ի նոր դեսպանի հետ հանդիպմանը կրկնել է Աղդամի ճանապարհի առաջարկը |azatutyun.am|

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Բայրամովը ՌԴ-ի նոր դեսպանի հետ հանդիպմանը կրկնել է Աղդամի ճանապարհի առաջարկը |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երեկ ընդունել է Բաքվում Ռուսաստանի նոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովին։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ հանդիպման մասնակիցները նշել են Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերությունների զարգացման կարևորությունը երկկողմ և բազմակողմ համաձայնագրերի շրջանակներում՝ բարեկամության և փոխըմբռնման պայմաններում, քննարկել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։ APA գործակալության փոխանցմամբ՝ Բայրամովը հայտարարել է, թե «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության մեկնաբանումը հայկական կողմի դիրքորոշման հիման վրա», ինչը, Բաքվի պնդմամբ, տեղ է գտել Ռուսաստանի արտգործնախարարության հուլիսի 15-ի հայտարարությունում, չի համապատասխանում Մոսկվայի և Բաքվի միջև Դաշնակցային փոխգործողության մասին հռչակագրում ամրագրված սկզբունքներին: Նա նաև պնդել է, որ «Լաչին» անցակետի տեղադրումը Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է և ուղղված է «հակաօրինական գործունեության կանխարգելմանն ու թափանցիկության ապահովմանը»: Բայրամովը կրկնել է «Ադրբեջանի հայ բնակիչների պահանջմունքների բավարարման համար Աղդամ-Խանքենդի ճանապարհի օգտագործման» առաջարկը, որ արել էր անցած շաբաթ:
10:14 - 18 հուլիսի, 2023
ՌԴ-ն հաստատել է մոտ ժամանակներս Մոսկվայում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպում կազմակերպելու պատրաստակամությունը |1lurer.am|

ՌԴ-ն հաստատել է մոտ ժամանակներս Մոսկվայում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպում կազմակերպելու պատրաստակամությունը |1lurer.am|

1lurer.am: Հուլիսի 17-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հանդիպել է ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ։ Այդ մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից: Զրույցի ընթացքում քննարկվել են իրավիճակը Հարավային Կովկասում, Բաքվի և Երևանի հաշտեցման գործընթացը։ «Ռուսական կողմը հաստատել է Լաչինի միջանցքի ամբողջական և անհապաղ ապաշրջափակման, դրա երկայնքով երկու ուղղություններով տրանսպորտային կապերի վերականգնման անհրաժեշտությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում բնականոն կենսապահովման պայմանների ստեղծման անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրությունում։ Հուլիսի 15-ին Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը ՌԴ ԱԳՆ-ն որակել է որպես «ոչ կոռեկտ» և ընդգծել, որ Ռուսաստանի Դաշնությունը մշտապես հարգանքով է վերաբերվել և վերաբերվում «Ադրբեջանական Հանրապետության տարածքային ամբողջականությանը, լիովին հավատարիմ է դաշնակցային փոխգործակցության մասին երկկողմ հռչակագրի ոգուն ու տառին»: Միևնույն ժամանակ, ըստ Դաշնության արտաքին գերատեսչության, դա չի չեղարկում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի համալիր առաջմղման խնդիրը, օրակարգում դրված բոլոր հարցերը, «ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովումը բացառապես խաղաղ քաղաքական-դիվանագիտական մեթոդներով լուծելու հարցը»: Ռուսական կողմը հաստատել է մոտ ժամանակներս Մոսկվայում ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում կազմակերպելու պատրաստակամությունը՝ քննարկելու բարձր մակարդակով պայմանավորվածությունների կատարման ուղիները, ներառյալ՝ խաղաղության պայմանագրի համաձայնեցման թեման, որին կհաջորդի Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների գագաթնաժողովը՝ նշված փաստաթղթի ստորագրման նպատակով: «Հանդիպումն անցել է փոխադարձ հարգալից և կառուցողական մթնոլորտում»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ մամուլի հաղորդագրությունը:
20:15 - 17 հուլիսի, 2023
Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և ԳԴՀ արտաքին գործերի նախարարությունների միջև

Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և ԳԴՀ արտաքին գործերի նախարարությունների միջև

Հուլիսի 17-ին Երևանում տեղի են ունեցել Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, գերմանական կողմից՝ ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Միջին Ասիայի հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգը։ Խորհրդակցությունների ընթացքում կողմերն ընդգծել են ընթացիկ տարում Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունների աննախադեպ ակտիվացումը՝ հաշվի առնելով երկկողմ բարձրաստիճան այցերը և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը: Քննարկվել է հարաբերությունների հետևողական զարգացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Հատուկ կարևորվել է քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, միջխորհրդարանական և ապակենտրոնացված ոլորտներում փոխգործակցությունը: Նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերին, ընդգծել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման և ուժի կիրառման սպառնալիքի բացառման անհրաժեշտությունը: Մաթիաս Լյութենբերգին ներկայացվել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ջանքերը։
19:34 - 17 հուլիսի, 2023
«Պահանջում ենք կյանքի կոչել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ՌԴ ստանձնած պարտավորությունները»․ բողոքի ցույց՝ ՌԴ դեսպանատան մոտ |aravot.am|

«Պահանջում ենք կյանքի կոչել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ՌԴ ստանձնած պարտավորությունները»․ բողոքի ցույց՝ ՌԴ դեսպանատան մոտ |aravot.am|

aravot.am: Բերձորի միջանցքի ապաշրջափակման պահանջով այսօր բողոքի ցույց տեղի ունեցավ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջեւ։ Ցույցի մասնակիցները Ռուսաստանի Դաշնությունից պահանջեցին կյանքի կոչել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ՌԴ ստանձնած պարտավորությունները։ «Արցախի ճգնաժամային իրավիճակի մասին ռուսական խաղաղապահ զորակազմը քաջատեղյակ է, որովհետեւ ինքն էլ արդեն կրում է շրջափակման բոլոր հետեւանքները։ Մեր հարազատները 2020 թվականի ավերիչ պատերազմից հետո վերադարձել են Արցախ՝ նաեւ հավատալով ռուս խաղաղապահի ներկայությանը։ Հիմա պահն օրհասական է, եւ որպեսզի ադրբեջանական լրատվական դաշտը հերթական անգամ չխեղաթյուրի բռնի տեղահանված եւ Երեւանում տունդարձին սպասող արցախցիների հավաքները, հայտարարում ենք, որ մեր հավաքները հակառուսական չեն։ Մեր հավաքների գաղափարական վեկտորն Արցախի համաժողովրդական ալիքն է։ Մենք կրկնում ենք պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սակարկման առարկա չէ, Արցախի ժողովրդի ճակատագրի տերը Արցախի ժողովուրդն է։ Արցախի ժողովրդի անունից ցանկացած զիջողական հայտարարություն, ցանկացած որոշում առոչինչ է։ Արցախի ժողովուրդը խաղաղություն է ուզում՝ արժանապատիվ ձեւով, սեփական ճակատագիրը տնօրինելու գնով, ոչ թե նշաձողն իջեցնելով կամ խաղաղություն մուրալով»,- հայտարարեցին ցույցի մասնակիցները։ Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանն էլ ընթերցեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված իր բաց նամակը՝ կոչ անելով Պուտինին կատարել իր խոստումը եւ ապահովել հայ ժողովրդի անվտանգությունը։ Ցույցի մասնակիցները ՌԴ դեսպանատանը փոխանցեցին իրենց գրավոր պահանջները։
16:06 - 17 հուլիսի, 2023
Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժումը այսօրվանից կծավալվի նաև ՀՀ-ում. Արցախի պետնախարար

Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժումը այսօրվանից կծավալվի նաև ՀՀ-ում. Արցախի պետնախարար

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտնում է, որ Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժումը այսօրվանից կծավալվի նաև Հայաստանի Հանրապետությունում։ «Առավոտյան ժամը 11։00-ից ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության և Արցախի կառավարության օպերատիվ շտաբի համակարգմամբ կկազմակերպվեն Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրազեկման ակցիաներ։ Կոչ եմ անում բոլորին միանալ շարժմանը և մասնակից դառնալ նախատեսված միջոցառումներին։ Հումանիտար աղետալի վիճակում գտնվող Արցախի ժողովուրդը ելել է ոտքի ու դիմում է բոլոր հայերին՝ Սփյուռքում և Հայաստանում, այնինչ անգամ այս իրավիճակում կան մարդիկ, որոնք, առաջնայինը թողած, ընկած են պատճառաբանությունների հետևից․ մեկն ասում է՝ եթե ակցիան ուղղված չէ ռուսների դեմ, չեմ մասնակցում, մյուսը Արևմուտքին է դեմ, երրորդը պահանջում  է դեսպանատների փոխարեն ՀՀ կառավարության առաջ հավաքվել, մեկ ուրիշը այլ պատվերներ ունի։ Որպես Արցախում ստեղծված օրհասական վիճակին ամենախորը տիրապետող մարդ, խնդրում եմ վերջ տալ այդ պատճառաբանություններին, համախմբվել  ու գործել, բոլոր ուղղություններում էլ ասելիք ու անելիք կա։ Իսկ եթե անհրաժեշտ են սեփական անգործությունը հիմնավորող պատճառաբանություններ, գոնե կողքից մի խանգարեք»,- գրել է Ներսիսյանը։ Լուսանկարը՝ Ստեփանակերտի համաժողովրդական շարժման հանրահավաքից/ Արցախպրեսս
09:53 - 17 հուլիսի, 2023
Հանուն ինչի՞ են զիջումները, եթե Արցախի ժողովուրդը ամեն օր տուժում է․ Գուրգեն Ներսիսյանը՝ հանրահավաքի ժամանակ

Հանուն ինչի՞ են զիջումները, եթե Արցախի ժողովուրդը ամեն օր տուժում է․ Գուրգեն Ներսիսյանը՝ հանրահավաքի ժամանակ

Արցախի Հանրապետությունում շարունակվում է Համաժողովրդական հանրահավաքը։ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը իր ելույթի ժամանակ անդրադարձավ ՌԴ ԱԳՆ հայտարարությանը՝ նշելով, որ ռուսական կողմի արձագանքը համաժողովրդական շարժմանն ի պատասխան ու ի ընդառաջում էր․ «Համոզված եմ՝ ամենակարճ ժամկետում մենք ստանալու ենք բազմաթիվ արձագանքներ, ի վերջո կոչերը և միջնորդությունները վերածվելու են գործնական քայլերի»։ Ներսիսյանի խոսքով միաժամանակ ականատես են լինում, որ տարբեր հարթակներում արվում են հայտարարություններ, որ մենք ունենք ամենատարբեր բացթողումներ բանակցային այս կամ այն գործընթացներում, որոնց ներգրավված է Հայաստանի Հանրապետությունը։  «Ուզում եմ հայտարարել՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սակարկման առարկա չէ։ Արցախի ժողովուրդը ինքնորոշման իրավունքը վաստակել ու այն իրացրել է։ Արցախի ժողովրդի ճակատագրի տերը Արցախի ժողովուրդն է, և Արցախի ժողովրդի անունից արվող ցանկացած զիջողական հայտարարություն, ցանկացած զիջողական որոշում առ ոչինչ է»,- նշեց Ներսիսյանը։ Արցախի պետնախարարը անդրադարձավ նաև հետպատերազմյան շրջանում այն հայտարարություններին, որ կան քննարկումներ ՀՀ իշխանությունների կողմից նշաձող իջեցնելու, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին։ Ներսիսյանի խոսքով այդ ամենից հետո Արցախում այդպես էլ խաղաղություն, բարիդրացիական հարաբերություն, բարի վերաբերմունք և խաղաղասեր վերաբերմունք Արցախի-ժողովրդի նկատմամբ որևէ տեղից չտեսան։  «Այս դեպքում Արցախի ժողովուրդն իրավունք ունի հրապարակայնորեն հարցնելու՝ հանուն ինչի՞ են կատարվում այդ զիջումները, եթե դրա հետևանքով Արցախի ժողովուրդը ոչ միայն ամեն օր տուժում է, այլև ամեն օր խորանում է Արցախի ժողովրդի վիճակը, ծանրանում է ուսերին թողնված բեռը, զրկանքների ու տառապանքների մեջ են գտնվում Արցախում գտնվող երեխաները։ Եթե մենք խաղաղություն ենք ուզում այսպիսի գնով, ուրեմն՝ խաղաղություն պետք չէ։ Մեզ խաղաղություն պետք է արժանապատիվ տեսքով, մեր ժողովրդին խաղաղություն պետք է սեփական իրավունքները և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը հարգելու գնով»,- հայտարարեց Գուրգեն Ներսիսյանը։ Նա նաև կոչ արեց ՀՀ-ում գտնվող արցախցիներին միանալու «Հայաքվե» նախաձեռնությանը։ 
21:03 - 15 հուլիսի, 2023
Ինչ է քննարկվել եռակողմ հանդիպմանը․ ՀՀ կառավարությունը հաղորդագրություն է տարածել

Ինչ է քննարկվել եռակողմ հանդիպմանը․ ՀՀ կառավարությունը հաղորդագրություն է տարածել

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված խորացող հումանիտար ճգնաժամին, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրմանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր: «Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել աշխատանքները քննարկված հարցերի կարգավորման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
18:57 - 15 հուլիսի, 2023