Ինֆոքոմ

Այն, ինչ մենք տեսնում ենք, միանշանակ աթոռակռիվ հիշեցնող և որևէ նոր բովանդակություն չառաջարկող գործընթաց է․ Էդուարդ Աղաջանյանը՝ ընդդիմության բողոքի ակցիաների մասին

Այն, ինչ մենք տեսնում ենք, միանշանակ աթոռակռիվ հիշեցնող և որևէ նոր բովանդակություն չառաջարկող գործընթաց է․ Էդուարդ Աղաջանյանը՝ ընդդիմության բողոքի ակցիաների մասին

Այն, ինչ այսօր տեսնում ենք, միանշանակ աթոռակռիվ հիշեցնող և որևէ նոր բովանդակություն չառաջարկող գործընթաց է, որում նաև ներգրավված են անձինք, ում հետագիծն այլ բան ենթադրելու տեղիք չի տալիս։ ՍիվիլՆեթի տաղավարում հայտարարեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։ «Այսօրվա, այսպես կոչված, անհնազանդության ակցիաները ոչ այլ ինչ են, քան կրկնօրինակում 2018-ի իրապես համաժողովրդական շարժման տակտիկական լուծումներով համեմված կամ ամբողջությամբ դրանցով պայմանավորված գործողություններ, որոնք ամբողջությամբ բովանդակազուրկ են։ 2018 թ․ կար օբյեկտիվ հանրային դժգոհություն, որը պայմանավորված էր օբյեկտիվ խնդիրներով, որոնք կուտակված էին 20 և ավելի տարիների ընթացքում, իսկ այն, ինչ մենք այսօր տեսնում ենք, միանշանակ աթոռակռիվ հիշեցնող և որևէ նոր բովանդակություն չառաջարկող գործընթաց է, որում նաև ներգրավված են անձինք, ում հետագիծն այլ բան ենթադրելու տեղիք չի տալիս»,- ասաց Աղաջանյանը։ Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ մինչ օրս որևէ ընդդիմադիր քաղաքական գործիչ չի պատասխանել հետևյալ հարցին՝․ «Եթե դուք լինեիք իշխանություն թե՛ նախքան պատերազմը, թե՛ պատերազմից հետո, որո՞նք կլինեին ձեր քայլերը։ Ես ընդամենը մեկ անգամ ԳԵղամ Մանուկյանի կողմից լսել եմ մոտավորապե հետևյալ պատասխանը, որ մենք չեն անի սա, չենք անի երկրորդը, չենք անի երրորդը։ Հաջորդ հարցը վերաբերում է հետևյալին՝ իսկ ի՞նչ կանեք դուք՝ գալով իշխանությանը։ Հարցի պատասխանը անփոփոխ է՝ մենք չեն անի սա, չենք անի երկրորդը, չենք անի երրորդը»։ Էդուարդ Աղաջանյանը նշեց․ «Հետևելով վերջին օրերին ընդդիմադիր շարժման հարթակից հնչող ելույթներին՝ ես կարող եմ մի քանի արձանագրում անել․ Առաջինը և կարևորագույնը ընդդիմադիրների մոտ որևէ նոր բովանդակության իսպառ բացակայությունն է։ Որևէ նոր օրակարգ, որևէ նոր առաջարկություն, որևէ նոր պատճառ, որի համար ժողովուրդը պետք է ատքի կանգնի՝ ընդդեմ մեր իշխանության, ոտքի կանգնի որպես ընդդիմադիրների կողմնակից և ընդհանրապես նոր քաղաքական պրոցեսների մեջ ներգրավվի, ուղղակի գործնականում չկա»։ Անդրադառնալով ակցիաների ընթացքում ոստիկանության կողմից բռնության դեպքերին՝ Էդուարդ Աղաջանյանը նշեց․ «Ես կարծում եմ և վստահ եմ, որ բոլոր նման դեպքերը օբյեկտիվ քննության կարժանանան։ Ինչ վերաբերում է Ոստիկանության գործունեության ընդհանուր գնահատականին, ես կիսում եմ իմ գործընկերների գնահատականը, որ ընդհանուր առմամբ, Ոստիկանությունը պրոֆեսիոնալ կերպով կարողացել է իր առաջ դրված խնդիրը լուծել՝ մասնավորապես ապահովելով ակցիայի մասնակիցների անվտանգությունը մի կողմից, զուգահեռաբար նաև այլ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը բավականին բարձր մակարդակով իրականացվել է Ոստիկանության կողմից։ Էդուարդ Աղաջանյանը անդրադարձավ նաև հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել նշանակում է ճանաչել Արցախն էլ Ադրբեջանի կազմում․  «Մենք ևս Արցախի հարցը տարանջատում ենք և մշտապես տարանջատել ենք ձեր կողմից նշված հարցից։ Հայաստանը մշտապես հանդես է եկել հետևյալ դիրքորոշումից, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը երբևէ տարածքային վեճ չի եղել Հայաստանի համար։ Հայաստանը իր դիրքոշումն այս հարցում չի փոխել։ Հետևաբար, Ղարաբաղյան հիմնախնդիրը շարունակում է լինել ՀՀ համար արցախցիների ինքնորոշման, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարց և ոչ երբեք տարածքային վեճ Ադրբեջանի հետ»,- ասաց Աղաջանյանը։ Անդրադառնալով Մարիա Զախարովայի հայտարարությանը, թե Բրյուսելը յուրացնում է Հայաստան-Ռուսաստան- Ադբեջան համաձայնությունները, Աղաջանյանը նշեց․ «Ես չեմ կարծում, որ Ռուսաստանն անհանգստացած է այդ գործընթացով։ Ես տեղյակ եմ, որ վարչապետը բավականին հաճախ հեռախոսազանգեր է ունենում Ռուսաստանի նախագահի հետ, ԵԽ նախագահն է նաև շփվել Ռուսաստանի նախագահի հետ հենց նույն թեմայի վերաբերյալ։ Եվ հետևաբար, որակել այդ հայտարարությունը որպես անհանգստություն կամ անհանգստության արտահայտում, կարծում եմ՝ այդքան էլ տեղին չէ։ Կարծում եմ՝ Ռուսաստանը ևս պետք է շահագրգռված լինի, որ այն հարցերը, որոնք ինչ-ինչ օբյեկտիվ պատճառներով վերջիններիս միջնոդությամբ չի ստացվում լուծել, կամ դրանց լուծումը դանդաղում է, եթե որևէ երրորդ կաղմի միջնորդությունն աջակցում է այդ խնդիրների լուծմանը, դա ձեռնտու է առաջին հերթին նաև Ռուսաստանին»։ Աղաջանյանը անդրադարձավ նաև Ադրբեջանում պահվող գերիների հարցին․ «Մենք չենք մոռացել գերիներին․ թե՛ ԱԺ-ում՝ բոլոր հանդիպումների ժամանակ, թե՛ միջազգային կառույցներում՝ բոլոր հանդիպումների ժամանակ, գերիների հարցն առաջնային կարևորության հարց է, որը մշտապես դրվում է մեր գործընկերների սեղանին»։
20:30 - 03 մայիսի, 2022
Քաղաքացին ուզում է իմանալ՝ դեռ ինչքա՞ն պետք է վճարի պարբերաբար բացակայող պատգամավորներին․ Լիլիթ Կիրակոսյանը դիմում-պահանջագիր հրապարակեց

Քաղաքացին ուզում է իմանալ՝ դեռ ինչքա՞ն պետք է վճարի պարբերաբար բացակայող պատգամավորներին․ Լիլիթ Կիրակոսյանը դիմում-պահանջագիր հրապարակեց

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ այսօր բազմաթիվ քաղաքացիներ իրենց են փոխանցել դիմում-պահանջագիր, որը խնդրել են նաեւ հրապարակել։ Կիրակոսյանի խոսքով, այդ դիմումի առաջին կետն այն է, որ ՀՀ քաղաքացին ցանկանում է իմանալ, թե դեռ ինչքա՞ն պետք է վճարի այն պատգամավորներին եւ խմբակցություններին, ովքեր կոչված են իրենց գործունեությունով ծառայել ժողովրդին եւ պետությանը, սակայն պարբերաբար բացակայում են, անգամ խուսափում են Կառավարության հետ հարց ու պատասխանից, որը առաջին հերթին հանրության տեղեկացված լինելու համար։ Ընթերցելով դիմումի երկրորդ կետը՝ պատգամավորն ասաց․ «Մեր երկրում տեղի է ունեցել «Հոկտեմբերի 27» ՝  մինչեւ վերջ չբացահայտված ահաբեկչություն, եւ այս պահին ԱԺ  երկու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները այդ ժամանակ եղել են ղեկավար պաշտոնում, հիմա նրանց ղեկավարած ուժի ներկայացուցիչներ Հայկ Մամիջանյանը եւ Տիգրան Աբրահամյանը խոսում են, որ ունեն մեկ կրակոցի հնարավորություն կոնկրետ ուղղությամբ, եւ այն  ուղղած է Նիկոլ Փաշինյանին։ Այս ամենը հաշվի առնելով՝ քաղաքացիները ունեն խիստ անհանգստություն՝ նոր «Հոկտեմբերի 27»-ի կրկնության հրահրման հետ կապված»,- հայտարարեց պատգամավորը։ Նրա խոսքով՝ քաղաքացիների հաջորդ պահանջը այն է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը պարզ մեկնաբանի, թե ինչ է նշանակում հետեւյալ արտահայտությունը․ «Հայաստանում շարունակվում է Արցախի դրոշի հաղթարշավը»․ «Ցանկանում ենք իմանալ՝ հայերենում ընդունված հաղթարշավ բառը նա ճի՞շտ է ընկալում, որովհետեւ ըստ մեզ՝ Հայաստանն ու Արցախը կարող են համատեղ իրականացնել հաղթարշավ, սակայն բոլորովին այլ ուղղությամբ, եւ երկրորդ, Հայաստանը Արցախն օկուպացնողը չէ, որ նման հաղթարշավեր իրականացնի»,- ընթեթրցեց Կիրակոսյանը։ Չորրորդ կետի համաձայն՝ քաղաքացիները նշել են, որ 2020 թ նոյեմբերի 9-ից հետո հայտնի պատճառներով սրվեց հայաստանյան ներքաղաքական իրավիճակը, որը ծանր անդրադարձ ունեցավ ՀՀ քաղաքացիների հարաբերությունների վրա․ «Այս երկու խմբակցությունների որոշ ներկայացուցիչների կողմից եւ ներկայությամբ հնչել են հայ հանրությանը վիրավորող արտահայտություններ՝ թուրք, ժեխ ինչպես նաեւ սեռական բնույթի հայհոյանքներ եւ կրքերը վերջնական հանդարտեցնելու համար առ այսօր հավաքույթների լիդերների կողմից որեւէ կոչ, հայտարարություն եւ ներողության հայցման խոսք չի հնչել, ինչն էլ իր հերթին ստեղծում է արհեստական բաժանարար գծեր, որը նույնպես սպառնալիք է հասարակության անվտանգությանը եւ որակվում է որպես պառակտիչ գործունեության»։ Վերջին կետով էլ, ըստ պատգամավորի, քաղաքացիները պահանջել են, որ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հստակ պատասխանի՝ շարունակո՞ւմ է արդյոք 2021 թ նախընտրական քարոզարշավի ժամանակ իր քաղաքական ղեկավար Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած «մաշեցնելու ենք մինչեւ քոքը» արտահայտության օրակարգը, որը բնութագրվում է որպես քայքայիչ գործունեություն, որն էլ իր հերթին ԱԱԾ տիրույթում պետք է որ լիներ։ Ամփոփելով Լիլիթ Կիրակոսյանը հայտնեց, որ քաղաքացիները խնդրել են իրենց գնահատականը ստեղծած իրավիճակի շուրջ․ «Ձեր բարձրացրած պահանջները լավագույնն են բնութագրում եւ ամբողջացնում եւ նաեւ կիսում մեր գնահատականը ձեր բոլորի կողմից հնչեցված եւ այս թղթում խմբագրված բոլոր կարծիքների հետ»,- ասաց նա։   Միլենա Խաչիկյան
18:00 - 03 մայիսի, 2022
Արցախի կարգավորման հարցում դուք չունեք տեսլական, ունեք բաժակաճառ․ Հ․ Գրիգորյանը՝ ընդդիմադիրներին

Արցախի կարգավորման հարցում դուք չունեք տեսլական, ունեք բաժակաճառ․ Հ․ Գրիգորյանը՝ ընդդիմադիրներին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի կարծիքով՝ ընդդիմությունը շարունակ ասում է՝ փրկենք Արցախը, սակայն այդպես էլ չի մանրամասնում, թե ինչպես։ Ազգային ժողովի այսօրվա նիստին պատգամավորը մանրամասն ելույթ ունեցավ՝ անդրադառնալով նաեւ ընդդիմադիրների՝ վերջին օրերին կազմակերպված բողոքի ակցիաներին։ Նա նախ արձանագրեց, որ ընդդիմադիր պատգամավորները, իր խոսքով՝ «Քոչարյան-Սարգսյան զույգի քաղաքական հենարան հանդիսացող խմբակցությունները» դահլիճում չեն, քանի որ բողոքի ցույցեր են անում՝ անունը դրած Արցախի փրկություն, սակայն ըստ պատգամավորի՝ ՀՀ քաղաքացիները հոյակապ տեսնում են, թե ովքեր են նրանք եւ ինչ նպատակով են դա անում․ «Ես հավատում եմ, որ կան մարդիկ, ովքեր մասնակցում են ցույցերին առանց ուղղորդման, իրենք իրենց սահմանադրական իրավունքն են իրացնում, եւ այստեղ խնդիր չկա, խնդիրները սկսվում են այն ժամանակ, երբ բովանդակության բացակայությունը համառորեն քողարկվում է չստացված գրագողությամբ»։ Պատգամավորը պարզաբանեց, թե ինչ նկատի ունի՝ բովանդակության բացակայություն ասելով․ «Ի՞նչ ենք լսում առավոտից իրիկուն․ փրկենք Արցախը, ձեր՝ Արցախը փրկելուն հավատացողներ դժվար լինեն, իսկ այ մարդիկ, ովքեր ապրել են Հայաստանում եւ Արցախում վերջին 20-30 տարիներին, եւ ճաշակել են ձեր կառավարման բարիքները, կազմում են մեր բնակչության մեծամասնությունը, հենց այս մարդիկ են ձեզ ասել՝ հեռացե՛ք, ավելին, մեզ էլ ասել են՝ եկե՛ք, կառավարե՛ք, պատերազմից հետո մենք իշխանությունը հետ ենք վերադարձրել ժողովրին եւ խնդրել, որ ժողովուրդը կրկին որոշի, թե ով պետք է իրեն առաջնորդի եւ դեպի ուր, եւ ժողովուրդը որոշել է, որ մեր քաղաքական թիմը իրեն պետք է առաջնորդի դեպի քաղաքականություն, դեպի զարգացում, եւ աշխարհում որեւէ մեկի մոտ կասկած չհարուցած ընտրությունների արդյունքներում ժողովուրդը ձեզ կրկին ասել է՝ ոչ»,- նշեց Գրիգորյանը՝ հավելելով․ «Ասում եք՝ փրկենք Արցախը, եւ ոչ մի բառ այն մասին, թե ինչպես։ Դուք քանի՞ երես ունենք, երբ պատերազմի ավարտից հետո ուրանում եք ձեր ոչմիթիզականությունը, մեզ՝ դավաճան ասում հողերը վերադարձրած չլինելու, պատերազմը չկանխելու համար»։ Ըստ Գրիգորյանի՝ ընդդիմադիրները հիմա հարթակից նորից դարձել եք ոչ միայն ոչմիթիզական, այլեւ վերբալ սպարապետներ․ «Հետ եք բերել Հադրութը, Շուշին, ծնկի եք բերել Ադրբեջանին, բայց Երեւանի կենտրոնում՝ հարթակից, եւ լավագույն օրինակը, թերեւս, թե ինչպես պետք է փրկեք Արցախը, Գեղամ Մանուկյանի՝ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հնչեցրած պատասխանն է, թե հիմա հո ռազմաքաղաքական դասախոսություն չե՞մ կարդալու, իսկ երբ Պետրոս Ղազարյանը պնդեց, Մանուկյանն ասաց՝ դե մի անգամ հետ ենք բերել, էլի կբերենք»,- հիշեցրեց նա՝ հավելելով․ «Արձանագրենք, որ Արցախի կարգավորման հարցում դուք չունեք տեսլական, ունեք բաժակաճառ»։ Անդրադառնալով «չստացված գրագողությանը»՝ պատգամավորն ասաց, որ ընդդիմադիրները որոշել են կրկնել 2018-ի մեծ ու փոքր տեխնոլոգիաները, բայց էլի թարս են հասկացել․ «Ե՞րբ եք տեսել ցույցի կազմակերպիչը ոստիկան հայհոյի, սպառնա կամ համախոհներ ավելացնելու փորձերը ձախողելով՝ ասի՝ ջհանդամ միանաք, այսինքն՝ Լաոն չի զարթնում, ջհանդամ զարթնի՞։ Կամ այսօր Մանուկյան Գեղամ անունով դաշնակ պատգամավորը ուսանողներին ասում էր՝ թե չմիանաք, թքեք ձեր երեսներին, չե՞ք մտածել, որ ձեր ասած գործողությունը մարդիկ վաղուց արել են եւ հասցեագրել են լրիվ ուրիշ ուղղությամբ»։ Հիշեցնելով Արթուր Վանեցյանի՝ մի քանի օր առաջ արած հայտարարությունը, թե «Միացե՛ք, հայե՛ր» կարգախոսը ինքնաբուխ է ծնվել շարժման արդյունքում՝ Հռիփսիմե Գրիգորյանն ասաց․ «Մի կարգախոս էլ կա․ «Հայաստանի փրկությունը կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես», բայց քանի դեռ ինքնաբուխ կերպով չեք օգտագործել սա, միշտ հիշեք, որ հենց դուք եք այն մարդը, ումից մարդիկ փրկվել են 4 տարի առաջ, իրենք իրենց փրկել են ձեզնից,որ այլեւս երբեք չթալանեք, չբռնանաք, չկործանեք»,- եզրափակեց պատգամավորը։   Միլենա Խաչիկյան
17:32 - 03 մայիսի, 2022
2021 թ․-ին աճել է ինչպես հանցագործությունների, այնպես էլ դրանց բացահայտման ցուցանիշը․ Արթուր Դավթյան

2021 թ․-ին աճել է ինչպես հանցագործությունների, այնպես էլ դրանց բացահայտման ցուցանիշը․ Արթուր Դավթյան

2021թ. արձանագրվել է ինչպես հանցագործությունների դեպքերի, այնպես էլ հանցագործությունների բացահայտման ցուցանիշի աճ: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյան։  Վերջինս ԱԺ է եկել՝ ներկայացնելու Դատախազության 2021 թվականի տարեկան հաղորդումը։ Հաշվի առնելով, որ հաղորդումը շատ ծավալուն է եւ հասանելի է նաեւ Դատախազության պաշտոնական կայքում՝ Դավթյանը խոսեց հատկապես հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաներից։ Նա նախ հայտնեց, որ 2021թ. ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 30.245 դեպք, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 3777-ով կամ 14.3%-ով․ «Ամենապարզ կրիմինալոգիական վերլուծությունը վկայում է վերջին տարիներին հանցավորության աճի երկու գլխավոր պատճառների մասին։ Առաջինն այն է, որ քրեականացվել են բազմաթիվ նոր, ոչ մեծ եւ միջին ծանրության արարքներ, իսկ երկրորդը՝ այն, որ բարելավվել են հանցագործությունների պաշտոնական գրանցման, բացահայտման աշխատանքները»,- ասաց Դավթյանը։ Ըստ նրա՝ հանցագործության 30․245 դեպքերի բացարձակ մեծամասնությունը՝ 84.1%-ը կազմում են ոչ մեծ (17.460 դեպք կամ 57.7%) եւ միջին ծանրության (7988 դեպք կամ 26.4%-ը), այսինքն՝ նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցագործությունները, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները կազմել են ամբողջի 1.2%-ը, ծանր հանցագործությունները՝ 14.7%-ը։ Արթուր Դավթյանի խոսքով՝ «Համաշխարհային բնակչության գնահատում» անկախ միջազգային կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն՝ հանցավորության մակարդակի 2022 թվականի ցուցիչով Հայաստանը զբաղեցնում է 10-րդ տեղը` 22.79 ինդեքսով՝ առաջ անցնելով ինչպես ԱՊՀ բոլոր երկրներից, այնպես էլ եվրոպական երկրների մեծ մասից․ «Համեմատության համար նշենք, որ Դանիան զբաղեցնում է 20-րդ տեղը, Ֆինլանդիան՝ 23-րդ տեղը, Գերմանիան՝ 42-րդ տեղը' 35.79 ինդեքսով, Ռուսաստանը' 51-րդ տեղը»: Անդրադառնալով հանցագործությունների բացահայտմանը՝ Գլխավոր դատախազը նշեց, որ 2021 թվականին բացահայտման ցուցանիշը կազմել է 57․7 տոկոս նախորդ տարվա 55․7 տոկոսի դիմաց։ Հաշվետու տարում բացահայտվել է 3830-ով ավելի հանցագործություն, քան նախորդ տարի։ Դավթյանը հայտնեց, որ որոշ հանցագործությունների դեպքում, այնուհանդերձ, առկա է մտահոգիչ պատկեր։ Խոսքը վերաբերում է հատկապես մարդու դեմ ուղղված ամենածանր հանցագործության՝ սպանության եւ սպանության փորձին, որոնց ցուցանիշները նախորդ տարվա համեմատ աճել են 20 եւ 17․9 տոկոսներով, ինչպես նաեւ թրաֆիքինգի, բռնաբարությունների, ապօրինի ծառահատումների, ճանապարհային անվտանգության եւ համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերին։ Ըստ Գլխավոր դատախազի՝ մտահոգիչ է հատկապես ՀՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի ծավալը։   Միլենա Խաչիկյան
16:50 - 03 մայիսի, 2022
Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքում մարտերը վերսկսվել են

Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքում մարտերը վերսկսվել են

Ռուսական զորքերը սկսել են ուկրաինական Մարիուպոլ քաղաքում գտնվող «Ազովստալ» գործարանի գրոհը, հայտնում է Liga.net ուկրաինական առցանց պարբերականը՝ վկայակոչելով «Ազով» գնդի հրամանատարի տեղակալ Սվյատոսլավ Պալամարի խոսքերը։ «Մարիուպոլի պաշտպանները գիտեն, որ նախագահին զեկուցում են Մարիուպոլում տիրող իրավիճակի մասին […] Այդ պատճառով էլ նրանից կտրուկ գործողությունների են սպասում, քանի որ իրավիճակը շատ բարդ է», - ասել է Պալամարը։ Ռազմական լրագրող Անդրեյ Ցապլիենկոյի պնդմամբ՝ գրոհից առաջ ռուսական կողմը ժամեր շարունակ ռմբակոծել է «Ազովստալը»․ «Հրդեհ է բռնկվել, ծխի քուլաները երևում են Մարիուպոլի բոլոր թաղամասերից»։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ «ռուսաստանցի զինծառայողները ԴԺՀ բանակի հետ միասին սկսել են ոչնչացնել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքում զինյալների կրակակետերը՝ հրետանու և ավիացիայի կիրառմամբ»։   Նորա Վանյան
16:44 - 03 մայիսի, 2022
Հակակոռուպցիոն կոմիտեն հետաձգել է Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը

Հակակոռուպցիոն կոմիտեն հետաձգել է Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հետաձգել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատերազմին առնչվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը, մինչեւ միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը։  Infocom-ի հարցին ի պատասխան՝ այս մասին տեղեկացրեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Նման հիմքով միջնորդության հետաձգումը նախատեսված է Քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ մասով։ Հիշեցնենք՝ օրեր առաջ Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ  ապրիլի 26-ին ստացել են պահանջ՝ 2020թ. արցախյան պատերազմի աղետալի հետևանքներին հանգեցրած պատճառների հանգամանքների վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով Փաշինյանին պետական դավաճանության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական լիազորությունները անցնելու հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավվելու մասին (ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մաս, 308-րդ հոդվածի 2-րդ մաս եւ 309-րդ հոդվածի 3-րդ մաս): Հսկող դատախազի կողմից միջնորդությունն ուղարկվել էր վարույթն իրականացնող քննիչին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ և 199-րդ հոդվածներով սահմանված կարգով քննարկելու նպատակով:
15:43 - 03 մայիսի, 2022
Ռուսաստանի ԱԳՆ-ն Իսրայելին մեղադրել է «Կիևի նեոնացիստական ռեժիմը» սատարելու համար

Ռուսաստանի ԱԳՆ-ն Իսրայելին մեղադրել է «Կիևի նեոնացիստական ռեժիմը» սատարելու համար

Ռուսաստանի ԱԳՆ-ն «հակապատմական» է անվանել Իսրայելի արտգործնախարար Յայիր Լապիդի հայտարարությունները։ Նախօրեին նախարարը Ռուսաստանից պահանջել էր ներողություն խնդրել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարության մասին, որ, հավանաբար, «Ադոլֆ Հիտլերը նույնպես հրեական արյուն է ունեցել», գրում է «Կոմերսանտը»։ «Ուշադրություն ենք դարձրել Իսրայելի ԱԳ նախարարի հակապատմական հայտարարություններին, որոնք մեծ մասամբ բացատրում են Կիևի նեոնացիստական ռեժիմը սատարելու Իսրայելի ներկայիս կառավարության քաղաքականությունը»,- ասված է Թվիթերում ՌԴ ԱԳՆ հրապարակած հաղորդագրությունում։ Գերատեսչությունը պնդում է, որ «պատմությունը, ցավոք, գիտի հրեաների և նացիստների համագործակցության ողբերգական օրինակներ»։ ՌԴ ԱԳՆ կարծիքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «շահարկում է իր արմատները» և «թաքնվում ծագման հետևում և ծածկում իսկական նեոնացիստներին»։ «Նախագահի հրեական ծագումը երկրում նեոնացիզմի տարածումից պաշտպանվելու երաշխիք չէ։ Ի դեպ, Ուկրաինան այս առումով միակը չէ։ Լատվիայի նախագահ Է․ Լևիտսը նույնպես հրեական արմատներ ունի։ Եվ նույնպես «հաջողությամբ» քողարկում է «Վաֆեն ՍՍ»-ի վերականգնումը», - նշել է ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսի կոչը՝ հարգելու լատվիական Waffen SS լեգիոնի՝ մարտի դաշտում ընկած մասնակիցների հիշատակը։ Նշենք, որ Սերգեյ Լավրովն իտալական Mediaset հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրեական ծագումը չի նշանակում, որ երկրում նացիստներ չկան։ Դրանից հետո՝ մայիսի 2-ին, ՌԴ դեսպանը կանչվել էր Իսրայելի ԱԳՆ՝ բացատրություններ տալու։ Իսրայելի արտգործնախարարը Լավրովի հայտարարությունն անվանել էր «աններելի», ինչպես նաև «սարսափելի պատմական սխալ»։ ԱՄՆ Պետդեպն ու Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին նույնպես քննադատել էին Լավրովին։   Նորա Վանյան  
15:27 - 03 մայիսի, 2022
Պուտինը պատասխան պատժամիջոցների մասին հրամանագիր է ստորագրել

Պուտինը պատասխան պատժամիջոցների մասին հրամանագիր է ստորագրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ պատասխան պատժամիջոցներ կսահմանվեն «ոչ բարեկամական գործողություններ» կատարած երկրների և իրավաբանական անձանց դեմ։ Կառավարությունը պետք է 10-օրյա ժամկետում որոշի այն անձանց ցանկը, որոնց վրա կտարածվեն այս պատժամիջոցները, գրում է «Կոմերսանտը»։ Հրամանագրի շրջանակում արգելվել է․ պատժամիջոցների տակ հայտնված օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձնանց հետ գործարքներ իրականացնելն ու նրանց նկատմամբ ունեցած պարտավորությունները կատարելը (այդ թվում՝ արդեն կնքված արտաքին առևտրային պայմանագրերով); Ռուսաստանից հումք և ապրանքներ արտահանել՝ հօգուտ սև ցուցակում հայտնված անձանց։ Փետրվարի վերջից արևմտյան երկրները պատժամիջոցներ են կիրառում Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինա ներխուժման պատճառով։ Ռուսաստանն այդ ֆոնին մարտին ընդլայնել է «ոչ բարեկամ» երկրների ցանկը։ Դրանում այժմ 48 սուբյեկտ կա։   Նորա Վանյան
14:52 - 03 մայիսի, 2022
Կառավարությունը ՀՀ քաղաքացիություն ստանալու, դադարեցնելու համար դիմումները քննարկելու կարգն ու ժամկետները հաստատելու հնարավորություն կունենա. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Կառավարությունը ՀՀ քաղաքացիություն ստանալու, դադարեցնելու համար դիմումները քննարկելու կարգն ու ժամկետները հաստատելու հնարավորություն կունենա. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Այսօր՝ Ազգային ժողովի հերթական քառօրյայի ընթացքում քննարկվեց «ՀՀ քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը։  Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը ասաց՝ ՀՀ կառավարության 2007 թ․-ի նոյեմբերի 23-ի որոշմամբ սահմանված են ՀՀ քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը  ներկայացնելու կարգը, դիմումների քննարկման կարգը և եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ։ «Սակայն դեռևս օրենքով ՀՀ կառավարությանը տրված չէ այդ լիազորությունը։ Նախագծի նպատակն է ՀՀ կառավարությանը լիազորություն վերապահել հաստատելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմումները քննարկելու կարգը, ժամկետները և եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ»։  Նախագծի քննարկման ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը ընդգծեց՝ ՀՀ Սահմանադրությամբ եկեղեցին անջատ է պետությունից, և ՀՀ-ն աշխարհիկ պետություն է․ «Ճի՞շտ եմ հասկանում, որ ՀՀ պատկան մարմինները կրոնական կազմակերպության կողմից տրված փաստաթղթի հիման վրա պետք է ճանաչեն մարդու ազգային պատկանելությունը, որի հետևանքով մարդը կարող է հավակնել ՀՀ քաղաքացի դառնալու։ Եթե չեմ սխալվում, մեր մոտ Սահմանադրությամբ ամրագրված է, որ եկեղեցին անջատ է պետությունից, և մենք աշխարհիկ պետություն ենք։ Եթե այդպես է, այդ դեպքում պետք է նաև ընդունենք, որ այլ փաստաթղթեր էլ կան, որոնք տալիս են եկեղեցու կողմից և այդ փաստաթղթերը պետք է հանդիսանան քաղաքացիաիրավական հարաբերությունների համար ապացույց՝ հետագայում ամուսնության կամ ամուսնալուծության պարագայում գույքային պահանջների քննարկման ժամանակ»։  Արա Ֆիդանյանը, արձագանքելով պատգամավորին, ասաց՝ եկեղեցիների կողմից տրված փաստաթղթերը հիմք են անձանց ազգությամբ հայ ճանաչելու և ՀՀ քաղաքացիություն տրամադրելու համար․  «Մնացյալը իրավահարաբերությունների հետ կապված, տվյալ նախագծի շրջանակներում որևէ տեղեկատվություն չեմ կարող տրամադրել»,-ասաց նա։  Արսենյանն էլ ասաց՝ ՀՀ քաղաքացիների՝ քաղաքացի դառնալու համար դավանաբանական պատկանելությունը ամենակարևոր կոմպոնենտը չի։  Արսենյանի այս դիտարկմանն արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը․  «Հաճախ  տարբեր երկրներում բնակվող մեր  հայրենակիցները եզակի հնարավորություն են ունենում ներկայացնել հենց այդ փաստաթուղթը և դա որևէ կապ չունի դավանաբանության հետ»։
10:58 - 03 մայիսի, 2022
Պետական շահն անտեսվում է, և ընդդիմադիրներն ավելի շատ քաղաքական շահի ընթացքի մեջ են․ Սերգեյ Բագրատյան

Պետական շահն անտեսվում է, և ընդդիմադիրներն ավելի շատ քաղաքական շահի ընթացքի մեջ են․ Սերգեյ Բագրատյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կարծում է, որ ընդդիմության արդեն երկու օր տևող ակցիաների պատճառը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթն է՝ նշաձողն իջեցնելու պահանջի մասին։ Ըստ պատգամավորի՝ ընդդիմությունը սպառել էր ներքաղաքական օրակարգը, չկար մի բան, որով հնարավոր էր հանրությանը գեներացնել,  դրա համար էլ փորձում է «ելույթի այդ մի հատվածով» գեներացնել հանրային դժգոհություն։ «Արտաքին դիվանագիտական ճակատում մեր կարևորագույն հանդիպումներից առաջ անպայման ձեռնարկվում են որոշակի ակցիաներ, ընդդիմության կողմից ճնշում է գործադրվում գործող իշխանության վրա։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխանության գերկենտրոնացումը արտաքին ճակատում կարող է թուլացրած լինել ներսը, իրենք [ընդդիմադիրները] փորձում են օգտվել հնարավորությունից և իրենց նպատակներին հասնելու համար միջոցների մեջ խտրություն չեն դնում»,- 1in.am-ին տված հարցազրույցում հայտարարեց Սերգեյ Բագրատյանը։ Խոսելով ակցիաների մասին՝ Բագրատյանը նշեց, որ պետական շահն անտեսվում է, և ընդդիմադիրներն ավելի շատ «քաղաքական շահի ընթացքի մեջ են»։ «Ենթադրվում է նաև, որ հնարավոր է, որ որոշակի կենտրոններից ուղերձներ են հղվում ընդդիմությանը, և փորձում են գեներացնել այնպիսի իրավիճակ, որ իշխանությունները սխալվեն այս դիվանագիտության հարաբերության ընթացքում, իսկ ներքին և արտաքին ճնշման տակ այդ սխալների արդյունքում իրենք կարողանան իշխանափոխություն իրականացնել»,- նշեց պատգամավորը։ Բագրատյանը նաև մտահոգությու հայտնեց, որ ընդդիմության մի թևը Հայաստանի ապագան տեսնում է «առնվազն Ռուսաստանի հետ համընթաց»։ «Այսինքն՝ այստեղ մենք անկախության լուրջ կորուստներ կարող ենք արձանագրել և մեր սուվերենությունը հանձնել որևէ երրորդ պետության։ Ոչ ոք չի հրաժարվում ռազմավարական դաշնակցի հետ համագործակցությունից, բայց ցանկացած համագործակցություն և ցանկացած հարաբերություն պետք է չլինի ի հաշիվ երկրի անկախության և սուվերենության»,- ասաց նա։ Պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է, որ ընդդիմությունն ու իշխանությունն ունեն կուլիսային պայմանավորվածություններ, Բագրատյանը նշեց․ «Ցանկացած ակցիա, որը կոնկրետ նշում է Արցախի հարցում իշխանության բացթողումները՝ նշաձողն իջեցնելու հետ կապված և այլն, դու կարող ես դա օգտագործել արտաքին հարթակներում, որ կա ընդդիմություն, որն Արցախի հարցում այլ դիրքորոշում ունի, և այդ դիրքորոշումը կարող է բերել արհավիրքների։ Եվ արտաքին խաղացողները, որոնք շահագրգռված են տարածաշրջային խաղաղությամբ, հաշվի են նստելու այդ իրողության հետ։ Եթե իշխանությունը ճիշտ է խաղարկում այս իրողությունը, կարող է որոշակի դիվիդենտներ շահել և այս դժգոհությունը վերածել արտաքին հաջողության որոշակի սեգմենտներում։ Բայց արդյո՞ք դա կուլիսային պայմանավորվածություն է․ չեմ կարծում, որ հնարավոր է կուլիսներում պայմանավորվել մի հարցի շուրջ, որը, ի  վերջո, իշխանւթյան խնդիր է լուծում։ Բագրատյանի խոսքով՝ սա սոցիալական հենք չունեցող շարժում է․ «Արցախի ղեկավարությունը հստակ հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները Արցախի ընտրված իշխանության հետ համատեղ իրականացնում են նույն քաղաքականությունը։ Այսինքն՝ եթե Արցախի իշխանությունը դժգոհություն հայտներ Հայաստանի իշխանության վարած քաղաքականությունից, բնականաբար, ընդդիմությունն ավելի լայն զանգվածներ կարող էր գեներացնել։ Արցախի արտգործնախարարը հստակ հայտարարեց, որ ներքաղաքական օրակարգում Արցախը մի՛ քննարկե։ Դա վերաբերում էր և՛ ընդդիմությանը, և՛ իշխանությանը։ ․․․ Ընդդիմությունը, եթե ասում էր՝ Արցախի հարցը լուծելու համար եմ ես իշխանություն ուզում, Արցախի հարցը վերացավ, մնաց «իշխանություն եմ ուզում» հատվածը, իսկ իշխանություն բոլորը ուզում են»։ Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը կառավարության ընդլայնված նիստին հայտարարել էր, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ այս փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում, և ՀՀ վարչապետի հետ կա հստակ պայմանավորվածություն, համաձայն որի՝ Արցախի հետագա կարգավիճակի հետ կապված միջազգային մակարդակում ցանկացած քննարկման պարագայում հայկական կողմի դիրքորոշումը պետք է համաձայնեցված լինի Արցախի Հանրապետության իշխանությունների և ժողովրդի կարծիքի հետ: Հիշեցնենք նաև, որ ընդդիմությունը, երկու օր է, բողոքի ակցիաներ է իրականացնում։ Այսօր առավոտվանից ևս ակցիաները շարունակվում են։
10:13 - 03 մայիսի, 2022
Իրանի միջուկային գործարքը մոտ է տապալման, բայց կողմերը չեն ուզում ընդունել դա․ Reuters

Իրանի միջուկային գործարքը մոտ է տապալման, բայց կողմերը չեն ուզում ընդունել դա․ Reuters

Արևմտյան պաշտոնյաները մեծապես հույսը կորցրել են, որ Իրանի հետ միջուկային գործարքը կվերականգնվի, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով այս հարցին լավատեղյակ իր աղբյուրները։ Հոդվածը ներկայացնում ենք կճատումներով․ «Թեև նրանք ամբողջությամբ չեն հրաժարվել համաձայնագրից, ըստ որի՝ Իրանը սահմանափակել էր իր միջուկային ծրագիրն՝ իր դեմ գործող տնտեսական պատժամիջոցների չեղարկման դիմաց, աճում է համոզմունքը, որ դա, գուցե, անհույս հարց է։ Արևմտյան չորս դիվանագետներ համակարծիք են, որ այն գործարքի վերականգնման հույսը, որն Իրանը կնքել է Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ 2015 թ-ին, և որից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է 2018 թ-ին, մարում է։ Գործարքը վերածնվելու եզրին էր մարտի սկզբին, երբ Եվրամիությունը, որը համակարգում է բանակցությունները, նախարարներին Վիեննա էր հրավիրել՝ համաձայանգիր կնքելու։ Սակայն բանակցությունները տապալվեցին վերջին պահին Ռուսաստանի կողմից առաջ քաշված պահանջների և այն հարցի պատճառով, թե արդյոք Վաշինգտոնը կարող է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հեռացնել օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների (FTO) իր ցանկից։ ԻՀՊԿ-ն վերահսկում է էլիտար զինված և հետախուզական ուժեր, որոնց Վաշինգտոնը մեղադրում է գլոբալ ահաբեկչական արշավի համար։ Կորպուսը ահաբեկչական կազմակերպությունների ցանկից հեռացնելու Թեհրանի պահանջին դեմ են ամերիկացի շատ օրենսդիրներ, որոնք այն ահաբեկչական կազմակերպություն են համարում՝ չնայած Իրանի հերքումներին։ Ռուսաստանի պահանջները, կարծես, մեղմացվել են, սակայն ԻՀՊԿ վերաբերյալ պահանջը՝ ոչ, իսկ նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում սպասվող միջանկյալ ընտրություններն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի համար դժվարացնում են ընդդիմության դեմ պայքարն այդ կազմակերպությունը ցանկից հեռացնելու համար։ Բայդենի օգնականները հասկացնել են տվել, որ ԻՀՊԿ-ն ցանկից հեռացնելու պլաններ չունեն, սակայն չեն բացառել դա՝ հայտարարելով, որ, եթե Թեհրանն ուզում է, որ ԱՄՆ-ն գործարքի վերականգնման խիստ շրջանակից դուրս այդպիսի քայլ անի, Իրանը նույնպես պետք է ԱՄՆ համար հարցեր լուծի այդ գործարքից դուրս։ «Արդյո՞ք գործարքը մեռած է։ Դեռ չգիտենք, անկեղծ ասած, չենք կարծում, թե Իրանն էլ գիտի», - ասել է ԱՄՆ բարձրաստիճան մի պաշտոնյա։ Կարծես թե, Իրանը դեռ չի ուզում զիջել ԻՀՊԿ-ն ԱՄՆ ցանկից հեռացնելու հարցում։ «Դա մեզ համար կարմիր գիծ է, և մենք չենք զիջելու այդ հարցում», - ասել է Իրանի անվտանգության հարցերով պաշտոնյաներից մեկը։ Մի քանի աղբյուրների պնդմամբ՝ կողմերից ոչ մեկը չի ուզում խոստովանել, որ անուղղակի բանակցությունները, որոնք շարունակվում էին գրեթե մեկ տարի, տապալվել են։ Որովհետև Վաշինգտոնը հույս ունի, որ Իրանը կհրաժարվի ԻՀՊԿ-ի վերաբերյալ իր պահանջից, իսկ Իրանը համոզված է, որ կարող է վերականգնել գործարքը, երբ ցանկանա։ Արդյունքում՝ իրավիճակը կարող է փոխվել, աշխարհը կենտրոնացած է Ուկրաինայի տարածք ռուսական ներխուժման և նավթի գների աճի վրա, ինչն Իրանին թույլ է տալիս ավելի շատ գումար աշխատել ԱՄՆ պատժամիջոցների շրջանցմամբ նավթի ապօրինի արտահանումից։ «Չեմ կարծում, թե որևէ մեկն ուզում է ասել՝ վերջ, բավական է։ Արդյո՞ք սա անվերջ շարունակվելու է, և կողմերից ոչ մեկը չի ընդունելու, որ ամեն ինչ վերջացած է․․․ Հավանաբար», - ասում է արևմտյան դիվանագետներից մեկը։ Սա կարող է Իրանին թույլ տալ շարունակել ընդլայնել իր միջուկային ծրագիրը, որն արագացել է այն բանից հետո, երբ Թրամփը հրաժարվել է գործարքից։ Չնայած Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ «Պլան Բ-ի» մասին ԱՄՆ խոսակցություններին՝ եթե գործարքը չվերականգնվի, [իրադարձությունների զարգացման] մի քանի տարբերակ կա։ Եթե բացառենք ԱՄՆ և Իսրայելի կողմից ռազմական գործողություններն՝ Իրանի միջուկային օբյեկտների ոչնչացման նպատակով, ապա գերտերությունների գլխավոր լծակն իրանական նավթի արտահանման սահմափակումն է։ Թեև 2015թ-ի գործարքին նախորդող տարիներին Վաշինգտոնը լռելյայն ուներ Մոսկվայի և Պեկինի աջակցությունն ամերիկյան պատժամիջոցների միջոցով իրանական նավթի արտահանման սահմանափակման հարցում, գերտերությունների շրջանում այդպիսի կոնսենսուս չկա։ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, չնայած ԱՄՆ և Եվրոպայի նախազգուշացումներին, ցույց է տալիս, որ Մոսկվայի համաձայնությունը չի կարելի որպես փաստ ընդունել։ Չինաստանն ապօրինի արտահանված իրանական նավթի հիմնական գնորդն է և, ըստ որոշ աղբյուրների, դրա սահմանափակմանը հասնելը դժվար կլինի այն պայմաններում, երբ նավթի մատակարարումները սուղ են, իսկ Թեհրանը Պեկինին զեղչ է տրամադրում։ Ավելի վաղ պատասխանելով ԱՄՆ պատժամիջոցների շրջանցմամբ իրանական նավթի գնման մասին հարցին՝ Չինաստանի արտգործնախարարությունը հրաժարվել էր մանրամասներ ներկայացնել, սակայն հաստատել էր, որ Չինաստանը համաձայն չէ ԱՄՆ արտատարածքային պատժամիջոցներին և կոչ է անում Միացյալ Նահանգներին չեղարկել միակողմանի պատժամիջոցները։ Իրանական նավթի արտահանումը, Kpler ընկերության տվյալներով, առաջին եռամսյակում աճել է՝ օրական 668 հազար բարելից հասնելով միջինում օրական մինչև 870 հազար բարելի։ Միացյալ Նահանգներն, ըստ էության, պետք է երկու ուղղությամբ գործի՝ սահմանափակի, մի կողմից, ռուսական նաթվի արտահանումը, մյուս կողմից՝ իրանական նավթինը։ «Դա հեշտ չէ, - ասում է աղբյուրներից մեկը։ - Իրանն այժմ վաճառում է նավթի այն ծավալի մոտավորապես կեսը, որը կարող էր վաճառել, եթե չլինեին ԱՄՆ պատժամիջոցները, սակայն, շնորհիվ գների աճի, նույն եկամուտն է ստանում»։ «[Ինչո՞ւ պետք է Թեհրանը] ցավոտ զիջման գնա, եթե, ըստ էության, ադեն ստանում է այդ նավթային շահույթը», - նշում է նա»։   Նորա Վանյան
21:32 - 02 մայիսի, 2022
Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է ընդդիմության հետագա անելիքները

Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է ընդդիմության հետագա անելիքները

Հանրահավաքին հաջորդած երթից հետո մասնակիցները կրկին վերադարձան Ֆրանսիայի հրապարակ, որտեղ խոսեց հետագա անելիքների մասին․ Սաղաթելյանն ասաց, որ շարունակելու են մնալ հրապարակում։  «Վաղը առավոտվանից՝ 8։15, կրկին սկսում ենք անհնազանդության բողոքի ակցիաները։ Տարբեր խմբեր կգտնվեն վաղը մայրաքաղաքի տարբեր հատվածներում և կպարալիզացնեն քաղաքը, մեր մնացած հայրենակիցները, ժամը 8։30-ից սկսած, սպասում ենք այս հրապարակում, այստեղից կձավորենք խմբեր, և ամեն մեկս կգնանք մի ուղղությամբ»,-ասաց Սաղաթելյանը։  Սաղաթելյանը քաղաքցիներին կոչ արեց միանալ պայքարին․ «Որտեղ մենք շատ էինք, Ոստիկանությունը որևէ կերպ չէր կարողանում խոչընդոտել այն, ինչ ուզում էինք անել, որտեղ մեր ուժերը չէին հերիքում, կարողանում էին ձերբակալել, բերման ենթարկել։ Հետևաբար, շատ կարևոր է ձեր բոլորի ներկայությունը։  Մեր բոլոր քաղաքացիները, առաջարկում եմ, վաղը Երևանում իրենք մեքենան վարել առավելագույնը 15 կմ/ժամ արագությամբ, խաչմերուկների տակ 3-5 վայրկյան սպասել, նոր շարժվել։ Մեխանիկորեն ունենալու ենք այն, ինչ բոլորս ուզում ենք»։ Սաղաթելյանը նշեց, որ վաղվանից պետք է փակեն նաև մարզային ճանապարհները։  «Վաղը առավոտվանից, կոչ եմ անում մարզերում գտնվող հայրենակիցներին, միաժամանակ փակել մարզային ճանապարհները, որպեսզի ոստիկանները չկարողանան կենտրոնանալ Երևանում»։ Իսկ ուսանողներին Սաղաթելյանը կոչ արեց շարունակել դասադուլը․ «Կոչ եմ անում մեր երիտասարդությանը վաղը շարունակել դասադուլը և միանալ պայքարին, ծնողներին կոչ եմ անում երեխաներին չուղարկել դպրոց, հայտարարել դասադուլ, միանալ մեզ, գործարաններին կոչ եմ անում, մի քանի օր դադարեցրե՛ք աշխատանքը և միացե՛ք մեզ»։ Սաղաթելյանը անդրադարձավ նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի վաղվա հանդիպմանը․ «Վաղը Հայաստանի բանագնացը՝ Ռուբեն Ռուբինյանը, ՀՀ կողմից հանդիպելու է իր թուրք գործընկերոջ հետ։ Ընդամենը ուզում եմ փոխանցել, որ դուք ժողովրդի կողմից մանդատ չունեք բանակցելու»,- նշեց Սաղաթելյանը։ 
21:11 - 02 մայիսի, 2022
Ժողովուրդն է ղեկավարելու երկիրը, ում որ ժողովուրդը հարմար գտնի, ում որ ժողովուրդը վստահի էս փոթորկոտ վիճակում մեր նավը. Հայկ Մամիջանյան

Ժողովուրդն է ղեկավարելու երկիրը, ում որ ժողովուրդը հարմար գտնի, ում որ ժողովուրդը վստահի էս փոթորկոտ վիճակում մեր նավը. Հայկ Մամիջանյան

«Ժողովուրդն է ղեկավարելու երկիրը, ում որ ժողովուրդը հարմար գտնի, ում որ ժողովուրդը վստահի էս փոթորկոտ վիճակում մեր նավը»,- այս մասին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով հարցին, թե ով է ղեկավարելու երկիրը ընդդիմության կողմից իշխանափոխությունից հետո։  Դիտարկմանը, որ իսկ եթե ժողովուրդը էլի գործող իշխանությանն ընտրի, պատասխանեց․  «Եթե չեմ սխալվում, պետական դավաճանության համար դատապարտված անձինք իրավունք չունեն առաջադրվելու ԱԺ պատգամավոր»։ Իսկ ի պատասխան հարցին, թե ինչու արտահերթ ընտրություններին ժողովուրդն իրենց չընտրեց, ասաց․ «Եթե ընդդիմությանը, մասնավորապես՝ ՀՀԿ-ին, այս կամ այն ակնկալված ձայնից քիչ են տալիս, նշանակում է՝ մենք մեր թեզերը լավ չենք բացատրել, նշանակում է մենք, պայմանական՝ ես, երբ հունիսի 20-ի ընտրությունների ժամանակ 10 թեզից 8-ը խոսում էի Արցախի և մեր երկրի անվտանգության մասին, 2-ը՝ անօրինությունների և սրանց կոռուպցիայի մասին, գուցե պետք էր անել հակառակը»։ Խոսելով 2018-ի ակցիաների ու այսօրվա ակցիաների տեխնոլոգիաների հետ նմանություն մասին՝ Մամիջանյանը նշեց, որ 2018-ին չկար ազգային գաղափարախոսություն․ «Տարբերությունը 2018-ի և այս պահին համաժողովրդական շարժման հետևյալում է․ իրենք ունեին միայն տեխնոլոգիաներ, չունեին ազգային գաղափարախոսություն, չունեին ազգային նպատակ, մենք ունենք ազգային նպատակ և ազգային գաղափարախոսություն, ունենք արժանապատիվ խաղաղության նպատակ։ Այս պարագայում տեխնոլոգիաները մեզ համար գործիքից էլ ստորադաս կարևորություն ունեն»։ Հայկ Մամիջանյանը խոսեց նաև ընդդիմության հետագա անելիքների մասին․ «Պատերազմից անմիջապես հետո երեք համանախագահ երկրները տարբեր մակարդակներով, իսկ ՌԴ պարագայում՝ նախագահ Պուտինի մակարդակով արվել է հետևյալ հայտարարությունը, որ Արցախի կարգավիճակի հարցին մենք անդրադառնալու ենք ավելի ուշ։  Հիմա մենք ունենք երկու տարբերակ․ կա՛մ էս իշխանություններն էնքան ապիկար են,  որ անմիջապես պատերազմից հետո և մեկուկես տարի հետո Հայաստանը բանակցային դիրքերում ավելի է թուլացել, կա՛մ էդ, այսպես կոչված, միջազգային հանրությունը, որ պահանջում է նշաձողն իջեցնել, գոյություն չունի։ Այսինքն՝ Փաշինյանն ինքն է գնում նշաձողն իջեցնելու։ Հետևաբար, միջազգային հանրությունն ասել է, ր Արցախի կարգավիճակին պիտի լինի անդրադարձ, մինչ այդ համանախագահ երկրները 5 հայտարարություն ունեն, երբ ասում են, որ Արցախյան հակամարտությունը չունի ուժային լուծում և լուծվելու է երեք հիմնարար սկզբունքների վրա։ Գերտերությունների ղեկավարները Փաշինյանը չեն, որ օրվա մեջ 16 բան փոխեն, ու ոչ մեկը, մեծ հաշվով, բանի տեղ չդնի իր ասածները։ Դրանք հստակ   քաղաքական հայտարարություններ են, որոնք վրա կառուցվում է քաղաքականություն։ Այ էս զինանոցը օգտագործելով՝ շատ մեծ դժվարությամբ հնարավոր է վերադարձնել բանակցային գործընթացը էդ ռելսերի վրա, վերադառնալ կարգավիճակի մասին բանակցությունները անշեղորին գործընթացիցի չզատելու փուլին»,- ասաց Մամիջանյանը։ Մամիջանյանը անդրադարձավ նրան, թե ինչու խորհրադարանում չեն ու փողոցում են պայքարում․ «Երբ ու Թուրքիան ու Ադրբեջանը կնքում են Շուշիի հռչակագիր, դրա ստորագրումից հետո լինում է ԱԳՆ հայտարարություն, որից հետո «Հայաստան» դաշինքը մշակում է ԱԺ հայտարարության տեքստ, որը գրեթե երկրորդում է ԱԳՆ հայտարարությունը, երբ մենք ստեղծեցինք փաստաթուղթ, որին որին ԱԺ ՔՊ երեսփոխանների խումբը հրաժարվեց միանալ, ամեն կերպ խոչընդոտեց դրա ընդունումը․․ Հասկանո՞ւմ եք, ընդդիմությունը միջազգային հարաբերություններում պառլամենտական երկրում ունի շատ կարևոր գործառույթ։ Նմանօրինակ հայտարարությունները ընդդիմության կողմից ուժեղացնում են բանակցողին, եթե բանակցողը մի քիչ սեղանին մոտ նստած լիներ, այլ ոչ թե սեղանի տակ կզած լիներ։ Ինքը կասեր՝ գիտե՞ք ինչ ես չեմ կարողանում բանակցել, ես ունակ չեմ, բայց նայեք՝ երկրում պառլամենտական ընդդիմությունն ինչ է անում։ Եվ սա որոշակիորեն խաղալու, խաղարկելու, մի փոքր ավելի ուժի դիրքից բանակցելու հանարովորություն է տալիս հիմնականում բանակցողին»։  
20:21 - 02 մայիսի, 2022