Ինֆոքոմ

Նիկոլը Հայաստանում ունի մեկ հենարան․ դա Ոստիկանությունն է, էսօր Ոստիկանությունն իր սահմանն անցել է․ Իշխան Սաղաթելյան

Նիկոլը Հայաստանում ունի մեկ հենարան․ դա Ոստիկանությունն է, էսօր Ոստիկանությունն իր սահմանն անցել է․ Իշխան Սաղաթելյան

Նիկոլը Հայաստանում ունի մեկ հենարան․ դա Ոստիկանությունն է։ Էսօր Ոստիկանությունն իր սահմանն անցել է՝ Ոստիկանության որոշ ներկայացուցիչներ։ Այս մասին ընդդիմության կազմակերպած հանրահավաքին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը: Իշխան Սաղաթելյանը դիմեց ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին․  «Եթե դու գերազանցում ես քո լիազորությունները, դիմում ես ապօրինի և բռնի միջոցների, ուրեմն ես քեզ այս հրապարակից այս ժողովրդի անունից խոստանում եմ՝ ուսադիրներդ պոկելու եմ, ու դու պատժվելու ես դրա համար։ Սաղաթելյանի խոսքով՝ իրենք ֆիքսել են ոստիկանների, ովքեր բացահայտ բռնության են ենթարկել քաղաքացուն։  «Մենք Ոստիկանության հետ հարց չունենք, բայց Ոստիկանության մեջ, ակնհայտ է, կան մարդիկ, էսօր մենք ֆիքսել ենք նաև երկու հոգի, ովքեր բացահայտ բռնության են ենթարկել քաղաքացուն։ Մեկ անգամ ևս զգուշացնում ենք․ ո՞վ է պատասխանատվություն կրում այդ անձանց լկտի պայվածի համար։ Մենք տեղեկություն ունենք՝ որոշ օլիգարխներ, քանի որ Ոստիկանության ուժերը չեն բավարարում ճնշել մեր հայրենակիցների ցասումը և բողոքը, որոշ օլիգարխներ համազգեստով Ոստիկանության իրենց  ախրաննիկներին ուղարկում են ժողովրդին ճնշելու»,- նշեց Սաղաթելյանը։  ԱԺ փոխխոսնակը կոչով դիմեց նաև միջազգային հանրությանը․  «Դիմում եմ միջազգային հանրությանը․ այս դեպքերին պետք է դեսպանատները, իրավապաշտպան կազմակերպությունները արձագանքեն և գնահատական տան։ Իրենք իրենց լռությամբ նպաստում են, որ կառավարության ղեկին հայտնված խելագարը [Նիկոլ Փաշինյանը] շարունակի իր բռնությունները։ Հետևաբար, պահանջում ենք, որ շատ հստակ գնահատական տան միջազգային մեր գործընկերները ստեղծված իրավիճակին»։ Սաղաթելյանը դիմեց նաև մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանին և ՄԻՊ աշխատակազմին․ «Երբ որ ընտրվում էր ՄԻՊ-ը, խորրդարանական երկու խմբակցությունները հայտարարեցին, որ ինքն, ըստ էության, Նիկոլի պաշտպանն է և ոչ թե մարդու իրավունքների։ Էս օրերին ակնհայտ դա ապացուցվում է։ Դեռ շանս և հնարավորություն ունի ՄԻՊ-ը, ասի, որ նման ինստիտուտ կա Հայաստանում»,- ասաց Սաղաթելյանը։ Նշենք, որ ՄԻՊ-ը հաղորդագրություն էր տարածել՝ արագ արձագանքման խմբերի աշխատանքի նախնական ամփոփմամբ։  Իսկ վերջում Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հավաքվածներին առաջարկեց երթ անցկացնել, կրկին փակել ճանապարհները և վերադառնալ հրապարակ։  
19:01 - 02 մայիսի, 2022
ԿԿՀ-ն պատգամավոր Դավիթ Դանիելյանին բանավոր նկատողություն է հայտարարել

ԿԿՀ-ն պատգամավոր Դավիթ Դանիելյանին բանավոր նկատողություն է հայտարարել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բանավոր նկատողություն է հայտարարել 8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանին։ Վերջինս մեկ տարուց ավելի չէր ներկայացնում դեռ նախորդ տարի՝ 2021 թվականի հունվարի 27-ին Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնականի լիազորությունները ստանձնելու օրվա դրությամբ իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը։   Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, հայտարարագրի այդ տեսակը ներկայացնելու համար օրենքով նախատեսված է մեկամսյա ժամկետ, եւ Դանիելյանը այն պետք է ներկայացներ մինչ 2021 թվականի փետրվարի 27-ը։ Չնայած նրան, որ դրանից մի քանի ամիս անց Հանձնաժողովը նրա անունը ներառել էր հայտարարագրեր չներկայացրած անձանց ցուցակում, ավելի ուշ՝ մեր գրավոր հարցումից հետո, նրան նաեւ գրավոր ծանուցում ուղարկել՝ լրացուցիչ ժամանակ տալով, հայտարարագիրը, մեկ է, չէր ներկայացվել։ 2022 թվականի մարտի 17-ին արդեն պատգամավորը հրավիրվել էր Հանձնաժողով՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հատկանիշներով արձանագրություն կազմելու։ Հիշյալ հոդվածը պատասխանատվություն է սահմանում հայտարարատու անձի կողմից օրենքով նախատեսված հայտարարագրերը սահմանված ժամկետները լրանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գրավոր ծանուցման հիման վրա չներկայացնելու համար (պատժվում է 200․000 ՀՀ դրամ տուգանքով)։ Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել էր Հանձնաժողովին՝ հետաքրքրվելով՝ Դանիելյանը հրավիրված օրը ներկայացե՞լ է արդյոք, եթե այո, ապա ինչպե՞ս է պատճառաբանել իր հայտարարագրի բացակայությունը։ Խնդրել էինք հայտնել նաեւ՝ հարուցվե՞լ է արդյոք վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ, եւ ի՞նչ որոշում է կայացվել դրա արդյունքում։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են, որ Դավիթ Դանիելյանը, պատշաճ ծանուցված լինելով, մարտի 17-ին չի ներկայացել եւ դրա  վերաբերյալ որեւէ պարզաբանում չի տվել։ Արդյունքում, նրա բացակայությամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, եւ նույն օրը հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ։ Գործի քննությունը նշանակվել է ապրիլի 5-ին։ Արձանագրությունը, վարույթ հարուցելու մասին որոշումը, ինչպես նաեւ վարչական իրավախախտման գործի քննության տեղի եւ ժամանակի մասին տեղեկությունը համապատասխան ուղեկցող գրությամբ փոստային առաքմամբ ուղարկվել են Դավիթ Դանիելյանին: Պատշաճ ծանուցված լինելով՝ պատգամավորը ապրիլի 5-ի նիստին եւս չի ներկայացել եւ չի ներկայացրել որեւէ տեսակի միջնորդություն։ Սակայն նիստի նախորդ օրը՝ ապրիլի 4-ին, նա ներկայացրել է համապատասխան հայտարարագիրը, որն արդեն հասանելի է ԿԿՀ հայտարարագրերի ռեեստրի համապատասխան բաժնում․ «Ուստի ընդունված պրակտիկայի համաձայն եւ հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 21-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հանձնաժողովը որոշեց Դավիթ Դանիելյանին ազատել վարչական պատասխանատվությունից եւ հայտարարել բանավոր նկատողություն՝ կարճելով գործի վարույթը»,- ասված է մեր հարցման պատասխանում։  Հիշյալ 21-րդ հոդվածը սահմանում է, որ եթե կատարված վարչական իրավախախտումը նվազ նշանակություն ունի, գործը վճռելու համար լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) կարող է խախտողին ազատել վարչական պատասխանատվությունից եւ բավարարվել բանավոր դիտողությամբ: Գործի վարույթը կարճելու որոշման մեջ Հանձնաժողովը նշել է, որ արարքի նվազ նշանակությունը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ թեեւ ձեւականորեն արարքը կարող է պարունակել իրավախախտման հատկանիշներ, սակայն ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակությանը, պետությանը այնպիսի էական վնաս չի պատճառվել, որի հիմքով սահմանված պատախանատվությունը դիտարկվի համաչափ: Հանձնաժողովը նշել է նաեւ, որ նվազ նշանակությունը կիրառելիս անհրաժեշտ է հաշվի առնել խախտման բնույթը, դրա որակական կողմը, ինչպես նաեւ խախտում թույլ տված անձի վերաբերմունքը խախտման նկատմամբ․ «Հանձնաժողովն արձանագրում է, որ 169.28-րդ հոդվածը նպատակ է հետապնդում ապահովել պետական պաշտոն զբաղեցնող անձի (ինչպես նաեւ վերջինիս ընտանիքի անդամի) հանրային հաշվետվողականությունը, հանրային գործունեության նկատմամբ վստահությունը, կոռուպցիոն ռիսկերից զերծ գործունեությունը: Խախտման հիմքով պատասխանատվություն սահմանելու հարցը որոշելու համար Հանձնաժողովը գտել է, որ անհրաժեշտ է յուրաքանչյուր գործով գնահատել, թե արդյոք այդ խախտումը հանգեցրել է նորմով պաշտպանվող իրավահարաբերությունների բուն էության խաթարմանը: Այս առնչությամբ էական է խախտման որակական կողմը»,- նշել է ԿԿՀ-ն՝ եզրահանգելով, որ տվյալ դեպքում Դավիթ Դանիելյանի կողմից մինչև գործի քննության օրը հայտարարագրերը ներկայացնելու արդյունքում այդ նորմով պաշտպանվող իրավահարաբերությունների էությունը չի խաթարվել։ Հայտարարագրերի ռեեստրում արդեն հասանելի է նաեւ Դավիթ Դանիելյանի կնոջ հայտարարագիրը, որը եւս նախորդ ամիս՝ սահմանված ժամկետը լրանալուց մեկ տարի անց, դեռ բացակայում էր։ Տվյալներն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ այն ներկայացվել է Հանձնաժողովի ծանուցումից հետո սահմանված ժամկետում, ուստի այս դեպքում վարչական իրավախախտման արձանագրություն չի կազմվել։   Միլենա Խաչիկյան
18:48 - 02 մայիսի, 2022
Ֆիննական Fennovoima ընկերությունը խզել է պայմանագիրը «Ռոսատոմի» հետ, «Ռոսատոմը» հիասթափված է

Ֆիննական Fennovoima ընկերությունը խզել է պայմանագիրը «Ռոսատոմի» հետ, «Ռոսատոմը» հիասթափված է

Ֆիննական Fennovoima ընկերությունն այսօր հայտնել է, որ խզել է պայմանագիրը «Ռոսատոմ» ռուսական պետական կորպորացիայի հետ, որի համաձայն՝ պետք է կառուցվեր «Հանհիկիվի-1» ատոմակայանը։ Ընկերությունը հայտնել է, որ այդ քայլին է դիմել RAOS Project-ի կողմից զգալի ուշացումների և «նախագիծն իրականացնելու նրա անընդունակության» պատճառով։ Ֆիննական ընկերությունը նշել է, որ իրավիճակը վատթացրել է պատերազմն Ուկրաինայում, որը սկսվել է այս տարվա փետրվարի 24-ին։ «Ռոսատոմը» հայտարարել է, որ հիասթափված է Fennovoima-ի որոշումից։ Նա կարծում է, որ այդ որոշման համար հիմքեր չեն եղել, կորպորացիան խոստացել է նաև «պաշտպանել իր իրավունքներն»՝ օրենսդրության համաձայն, գրում է «Կոմերսանտը»։ «Ռոսատոմն» ու ֆիննական Fennovoima-ն «Հանհիկիվի-1»-ի շինարարության պայմանագիր էին ստորագրել 2013 թ-ի վերջին։ Ռուսական պետական կորպորացիային է պատկանում նախագծի 34%-ը, մյուս 66%-ը ֆինն բաժնետերերինն է։ Նախագծի արժեքը գնահատվում է €7-7,5 մլրդ։ «Ռոսատոմի» հայտարարությունում ասվում է, որ Fennovoima-ի ղեկավարության գործողություններն «անկեղծ հիասթափություն» են առաջացրել։ «Ռոսատոմը» նշում է, որ պայմանագրի խզման մասին որոշումն ընդունվել է «առանց նախագծի բաժնետերերի մակարդակով մանրամասն քննարկումների», որոնցից ամենախոշորը (34%) RAOS Voima-ն է («Ռոսատոմի» դուստր ընկերությունը)։   Նորա Վանյան
16:18 - 02 մայիսի, 2022
ԵՄ երկրների էներգետիկայի նախարարները կքննարկեն գազի մատակարարման հետ կապված խնդիրները

ԵՄ երկրների էներգետիկայի նախարարները կքննարկեն գազի մատակարարման հետ կապված խնդիրները

Բրյուսելում այսօր կկայանա Եվրամիության երկրների էներգետիկայի նախարարների հանդիպումը։ Նրանք պետք է միասնական դիրքորոշում մշակեն՝ քննարկելով ընթացիկ իրավիճակը, որն առաջացել է Լեհաստանին և Բուլղարիային ռուսական գազի մատակարարումների դադարեցման առնչությամբ։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ այս երկրները հրաժարվել են գազի դիմաց ռուբլով վճարել, ինչպես Ռուսաստանն է պահանջում, գրում է Euronews-ը։ Կապույտ վառելիքի մատակարարման դիմաց վճարումների ընթացակարգի փոփոխման վերաբերյալ «Գազպրոմ» ընկերության պահանջները կապված են Մոսկվայի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների ազդեցությունը նվազեցնելու ձգտման հետ։ Նախկին սխեմայով վճարումներն իրականացնելուց Ռուսաստանի հրաժարումը ԵՄ-ն «շանտաժ» է անվանել։ Իսկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր վերջերս տված հարցազրույցում հայտարարել է, որ, գազի վաճառքից ստացված միջոցներն արգելափակելով, արևմտյան երկրները Ռուսաստանից «գողացել են» ավելի քան 300 մլրդ դոլար։ Գազի գների կտրուկ աճը Եվրամիությանը սպառնում է էներգետիկ ճգնաժամով։ Ռուսական գազի մատակարարման դադարեցման հեռանկարը կարող է լրջորեն ազդել Գերմանիայի տնտեսության վրա, որի գազի պահանջարկի 55%-ն ապահովում են մատակարարումները Ռուսաստանից։ ԵՄ մի շարք այլ երկրներ գազի առումով նույնպես մեծապես կախված են Մոսկվայից։   Նորա Վանյան  
15:34 - 02 մայիսի, 2022
ՌԴ Բելգորոդի մարզպետը հերքում է, որ ուկրաինական կողմից հրետակոծություն է եղել

ՌԴ Բելգորոդի մարզպետը հերքում է, որ ուկրաինական կողմից հրետակոծություն է եղել

Ռուսաստանի Բելգորոդի շրջանի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը պնդում է, որ գիշերը տեղի ունեցած պայթյունները կապված են ռուսական ռազմական ավիացիայի գործողությունների հետ, հայտնում է «Կոմերսանտը»։ Նա նշել է, որ խաղաղ բնակիչներին «ոչինչ չէր սպառնում»։ «Ուզում եմ փարատել շրջանի բնակիչների մտահոգություններն այն մասին, որ  մեզ մոտ ինչ-որ բան է հասել Ուկրաինայի տարածքից։ Դա այդպես չէ։ Հատուկ ռազմական գործողության շրջանակում մեր ռազմական ավիացիան մարտական խնդիրներ էր կատարում», - գրել է Գլադկովը Տելեգրամում։ Մայիսի լույս 2-ի գիշերը մարզպետը հաղորդել էր, որ Բելգորոդում երկու «ուժեղ պայթյուն» է տեղի ունեցել, ոչ ոք չի տուժել։ Տեղի բնակիչները սոցցանցերում տեսանյութեր էին  հրապարակում, որոնցում երևում էին պայթյուններ երկնքում։ Ռուսաստանի Բելգորոդի շրջանը սահմանակից է Ուկրաինային։   Նորա Վանյան
15:17 - 02 մայիսի, 2022
Մարիուպոլում սկսվել է տարհանման երկրորդ ալիքը

Մարիուպոլում սկսվել է տարհանման երկրորդ ալիքը

Մարիուպոլի քաղաքապետի խորհրդական Պյոտր Անդրյուշչենկոն հաղորդել է, որ քաղաքից մարդկանց տարհանման երկրորդ փուլը շարունակվում է։ Այս մասին նա ասել է համաուկրաինական տեղեկատվական հեռուստամարաթոնի ժամանակ, գրում է ՈւՆԻԱՆ-ը։ «Նախնական պայմանավորվածություն կա Մանգուշից և Բերդյանսկից մարդկանց ներգրավման, սեփական տրանսպորտային միջոցներով շարասյուների ներգրավման շուրջ․․․ սա միակ մեկնաբանությունն է, որ այս պահին կարող ենք անել», - ասել է Անդրյուշչենկոն։ Նա նշել է, որ տարհանումն իրականացվում է հարաբերական անդորրի պայմաններում, քանի որ ցանկացած պահի կարող է նոր գնդակոծություն սկսվել։ «Իհարկե անդորրը բավականին պայմանական է՝ հաշվի առնելով, որ երեկ հենց տարհանվածներով ավտոբուսները շարժվել են «Ազովստալի» տարածքից, միանգամից նոր հրաձգություն է սկսվել․․․ եթե չկան քարոզչական ալիքներ, ապա ամեն ինչ մի փոքր այլ կերպ է ընթանում, քան ցույց են տալիս հեռուստցույցով», - ասել է Անդրյուշչենկոն։   Նորա Վանյան
14:38 - 02 մայիսի, 2022
ՌԴ դեմ պատժամիջոցները կարող են չեղարկվել Ուկրաինայից նրա զորքերը դուրս բերելուց հետո․ Գերմանիայի ԱԳ նախարար

ՌԴ դեմ պատժամիջոցները կարող են չեղարկվել Ուկրաինայից նրա զորքերը դուրս բերելուց հետո․ Գերմանիայի ԱԳ նախարար

Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկն ասել է, որ հակառուսական պատժամիջոցները կարող են չեղարկվել Ուկրաինայում պատերազմի ավարտից և ռուսական զորքերի դուրսբերումից հետո։ Սակայն Ռուսաստանի թելադրած պայմաններով խաղաղությունն անվտանգություն չի բերի ոչ Ուկրաինային, ոչ Եվրոպային, կարծում է նախարարը։ «Հրադադարը միայն առաջին քայլն է լինելու։ Մեզ համար պարզ է, որ պատժամիջոցները կարող են չեղարկվել միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը դուրս բերի իր զորքերը»,— «Կոմերսանտի» փոխանցմամբ՝ ասել է Բերբոկը գերմանական Bild-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ խաղաղ կարգերը, որ գոյություն ունեին եվրոպայում, «անդառնալիորեն խախտվել են» Վլադիմիր Պուտինի քաղաքականության պատճառով։ Աննալենա Բերբոկը հայտարարել է, որ Եվրամիությունը չի կարող Ռուսաստանի հետ հարաբերությունները կառուցել այնպես, ինչպես նախկինում։ «Մենք այլևս երբեք չենք կարող հույս դնել միայն Պուտինի խոստումների վրա», - ասել է նա։   Նորա Վանյան
17:17 - 01 մայիսի, 2022
Նենսի Փելոսին և Վլադիմիր Զելենսկին հանդիպել են Կիևում

Նենսի Փելոսին և Վլադիմիր Զելենսկին հանդիպել են Կիևում

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Կիև է այցելել և հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, գրում է ՈւՆԻԱՆ-ը։ Ինչպես հաղորդվում է Ուկրաինայի նախագահի Տելեգրամ-ալիքում, սա ԱՄՆ պաշտոնական պատվիրակության առաջին այցն է Ուկրաինա՝ լայնամասշտաբ ռուսական ներխուժումից ի վեր։ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու համար․ «Շնորհակալ եմ ԱՄՆ, ժողովրդի, Կոնգրեսի [․․․] կողմից այս հզոր աջակցության ազդակի համար։ Այս ազդակը բարձր եմ գնահատում ես՝ որպես նախագահ, մեր թիմը և Ուկրաինայի ժողովուրդը։ Դա վկայում է այն մասին որ ԱՄՆ-ն այսօր Ուկրաինային ցուցաբերվող հզոր աջակցության առաջատարն է՝ Ռուսաստանի ագրեսիայի դեմ պատերազմը ժամանակ»։ Իր հերթին, Նենսի Փելոսին շնորհակալություն է հայտնել Ուկրաինային պայքարի համար և ընդգծել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի «կողքին է լինելու», քանի դեռ այդ պայքարը չի ավարտվել։   Նորա Վանյան
14:22 - 01 մայիսի, 2022
Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ ուկրաինական եգիպտացորենով բեռնված նավը դուրս է գալիս Ռումինիայի նավահանգիստից

Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ ուկրաինական եգիպտացորենով բեռնված նավը դուրս է գալիս Ռումինիայի նավահանգիստից

Ռումինիայի Կոնստանցա սևծովյան նավահանգստում երեկ ավարտվել է 71  հազար տոննա ուկրաինական եգիպտացորեն տեղափոխող նավի բեռնումն Ուկրաինայում փետրվարի 24-ին մեկնարկած պատերազմից ի վեր առաջին անգամ, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել է Comvex նավահանգստային օպերատորի ղեկավար Վիորել Փանայթը։ Քանի որ Ուկրաինայի նավահանգիստներն արգելափակվել են պատերազմի մեկնարկից հետո, աշխարհում հացահատիկային կուլտուրա արտահանող մեծությամբ չորրորդ երկիրը ստիպված էր բեռները գնացքով տեղափոխել Ռումինիա իր արևմտյան սահմանով կամ Դանուբի փոքր նավահանգիստներով։ «Սա ուկրաինական եգիպտացորենով բեռնված «պանամաքս» տիպի առաջին նավն է, որը դուրս է գալու նավահանգստից», - ասել է Փանայթը։ «Ուկրաինական հացահատիկի արտահանմանն աջակցելը նշանակում է կանխարգելել համաշխարհային սովի հսկայական ալիքը, որը հրահրել է ուկրաինական նավահանգիստների արգելափակումը», - հավելել է Փանայթը։ Ներկա պահին Կոնստանցա է ուղարկվել շուրջ 80 հազար տոննա ուկրաինական հացահատիկ, ևս 80 հազար տոննան ճանապարհին է։   Նորա Վանյան
18:33 - 29 ապրիլի, 2022
Մարիուպոլից դուրս են բերվել Այվազովսկու և Կուինջիի նկարները

Մարիուպոլից դուրս են բերվել Այվազովսկու և Կուինջիի նկարները

Հովհաննես Այվազովսկու և Արխիպ Կուինջիի մի քանի նկարներ ժամանակավորապես դուրս են բերվել Մարիուպոլի գեղարվեստի  պատկերասրահից՝ ապահովելու համար դրանց պահպանությունը։ Դրանք տեղափոխվել են Դոնեցկի գավառագիտական թանգարան։ Այս մասին այսօր ՏԱՍՍ-ին հայտնել է Դոնեցկի գավառագիտական թանգարանի գլխավոր տնօրեն Մարինա Մաքսիմչուկը՝ նշելով, որ Մարիուպոլի գավառագիտական թանգարանից դուրս է բերվել նաև 820 նախահեղափոխական գիրք։ «Նկարները դուրս ենք բերել [Մարիուպոլի] գեղարվեստի թանգարանից։ Այնտեղ Կուինջիի և Այվազովսկու մի քանի նկարներ կան՝ Կուինջիի «Աշուն։ Ղրիմ», «Կարմիր մայրամուտ» նկարները, վերջինիս արժեքը կարող է հասնել մինչև մեկ ու կես միլիոն դոլարի, նաև նրա «Էլբրուս կամ Կովկասյան լեռներ»։ Բացի դրանից՝ Այվազովսկու մեկ նկար, որի անվանումը նշված չէ», - ասել է Մաքսիմչուկը։   Նորա Վանյան
17:24 - 29 ապրիլի, 2022
Ռուսաստանը պատրաստվելու է G20-ի գագաթնաժողովին․ Պեսկով

Ռուսաստանը պատրաստվելու է G20-ի գագաթնաժողովին․ Պեսկով

Ռուսաստանը պատրաստվելու է G20-ի գագաթնաժողովին, սակայն մանրամասների մասին խոսելը դեռ վաղ է, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պեսկովը հիշեցրել է, որ նախօրեին հեռախոսազրույց է կայացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և G20-ում նախագահող Ինդոնեզիայի առաջնորդ Ջոկո Վիդոդոյի միջև։ «Պուտինը հաջողություններ է մաղթել [Մեծ] քսանյակի խմբում ինդոնեզական նախագահությանն ու հավաստիացրել, որ Ռուսաստանը կանի հնարավոր և անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի նպաստի այդ հաջող նախագահությանը։ Ռուսաստանը նաև պատրաստվելու է այդ գագաթնաժողովին։ Դեռևս վաղ է խոսել մեր մասնակցության մյուս մանրամասների մասին։ Ժամանակին ձեզ կտեղեկացնենք», - ասել է Պեսկովը։ Լրագրողները հետաքրքրվել են, թե արդյոք Պուտինն Ինդոնեզիա կմեկնի G20-ի՝ գագաթնաժողովին մասնակցելու, թե տեսակապով կմիանա։ Պեսկովը պատասխանել է, որ այդ հարցով դեռ որոշում չի կայացվել։   Նորա Վանյան
16:54 - 29 ապրիլի, 2022