Իսրայել

Իսրայելի պետությունը ստեղծվել է 1948 թվականի մայիսի 14-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ, ըստ որի Մեծ Բրիտանիայի ենթամանդատային Պաղեստինը հռչակվում էր անկախ եւ նրա տարածքում ստեղծվում էին երկու ինքնուրույն՝ արաբական եւ հրեական պետություններ։

Հրեական պետությանը՝ Իսրայելին, հատկացվում էր 14 հզ. կմ2 (Պաղեստինի տարածքի 56%) տարածություն՝ խառը բնակչությամբ։ Երուսաղեմը հանձնվում էր ՄԱԿ-ի կառավարմանը։ 1948 թվականի մայիսին Իսրայելում ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, որը կազմված էր բացառապես սիոնիստական կուսակցությունների ներկայացուցիչներից։ Կառավարության առաջին իսկ՝ «Անկախության դեկլարացիայով» սիոնիզմը հռչակվեց Իսրայելի պաշտոնական գաղափարախոսություն եւ քաղաքականություն։

Արաբա-իսրայելական պատերազմներից հետո` 1974 թվականի հունվարին եւ 1975 թվականի սեպտեմբերին Եգիպտոսի, իսկ 1974 թվականի մայիսին Սիրիայի հետ Իսրայելը կնքեց զորքերի տարանջատման եւ նրանց միջեւ բուֆերային գոտիներ ստեղծելու համաձայնագրեր։ 1979 թվականին Եգիպտոսը՝ առաջին արաբական երկիրն էր, որը խաղաղության դաշինք կնքեց Իսրայելի հետ։ Արդյունքում, Իսրայելը Սինայի թերակղզին Եգիպտոսին հետ վերադարձրեց։ Հորդանանը եւ Իսրայելը խաղաղության դաշինք կննքեցին 1994 թվականին։ Իսկ 2005 թվականին Իսրայելը իր բանակը դուրս բերեց Գազայի շրջանից։

Իրանը հակամարտության մեջ չի մտնի, եթե Իսրայելը չ​​հարձակվի իր վրա․ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչություն |armenpress.am|

Իրանը հակամարտության մեջ չի մտնի, եթե Իսրայելը չ​​հարձակվի իր վրա․ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչություն |armenpress.am|

armenpress.am: Իրանը ռազմական հակամարտության մեջ չի մտնի Իսրայելի հետ Մերձավոր Արևելքում էսկալացիայի պատճառով, եթե հրեական պետությունը չհարձակվի Իսլամական Հանրապետության վրա։ Այդ մասին Reuters-ին հայտնել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչությունը։ «Իրանի զինված ուժերը չեն մտնի մարտի մեջ՝ պայմանով, որ իսրայելական ապարտեիդի ռեժիմը չհամարձակվի հարձակվել Իրանի, նրա շահերի և քաղաքացիների վրա: Դիմադրության ճակատը կկարողանա պաշտպանել իրեն», - նշել են դիվանագետները։ Հոկտեմբերի 15-ին Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Դոհայում Կատարի էմիր Շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ եթե Իսրայելը շարունակի հարվածներ հասցնել Գազայի հատվածում քաղաքացիական բնակչությանը, ապա հակամարտության մասշտաբները կարող են ընդլայնվել: Ավելի ուշ Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում նա հայտնել է, որ Իսլամական Հանրապետությունը միջնորդների միջոցով հրեական պետությանը նախազգուշացրել է զերծ մնալ պաղեստինյան անկլավի հետագա գնդակոծումներից:
11:22 - 16 հոկտեմբերի, 2023
Բայդենը վստահ է, որ ԱՄՆ-ն կարող է միաժամանակ աջակցել Իսրայելին և Ուկրաինային |news.am|

Բայդենը վստահ է, որ ԱՄՆ-ն կարող է միաժամանակ աջակցել Իսրայելին և Ուկրաինային |news.am|

news.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նոր հարցազրույցում մերժել է այն միտքը, որ Միացյալ Նահանգները չի կարող միաժամանակ աջակցել Իսրայելին Համասի դեմ պատերազմում, իսկ Ուկրաինային՝ Ռուսաստանի դեմ պատերազմում։ «Մենք Ամերիկայի Միացյալ Նահանգներն ենք, ի սեր Աստծո, պատմության մեջ ամենահզոր ազգը, ոչ թե աշխարհում, այլ աշխարհի պատմության մեջ»,- ասել է Բայդենը CBS-ին տված հարցազրույցում։ «Մենք կարող ենք հոգ տանել այս երկու խնդիրների մասին և դեռ աջակցել մեր ընդհանուր միջազգային պաշտպանությանը»: Բայդենը պնդել է, որ երկու հակամարտությունները «ճնշող մեծամասնությամբ» վերաբերում են ամերիկացի ժողովրդի անվտանգությանը: «Ուկրաինայում իմ նպատակներից մեկն է թույլ չտալ [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին] գրավել անկախ երկիրը, որը սահմանակից է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին և գտնվում է Ռուսաստանի հետ սահմանին»,- ասել է Բայդենը։ «Պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե նա կարողանար հաջողության հասնել։ Երբևէ լսե՞լ եք Եվրոպայում մեծ պատերազմի մասին, որին մենք ներգրավված չլինենք: Մենք չենք ցանկանում, որ դա տեղի ունենա»: «Մենք ցանկանում ենք համոզվել, որ այս ժողովրդավարությունները կայուն են: Եվ Ուկրաինան շատ կարևոր է, որպեսզի դա տեղի ունենա»,- հավելել է Բայդենը: Սպասվում է, որ առաջիկա օրերին Սպիտակ տունը կդիմի Կոնգրեսին ավելի շատ օգնություն Իսրայելին հատկացնելու խնդրանքով, իսկ պաշտոնյաները, հավանաբար, կփորձեն համատեղել դա Ուկրաինային ավելի շատ օգնություն տրամադրելու խնդրանքի հետ: Այնուամենայնիվ, Ներկայացուցիչների պալատը, որը ներկայումս առանց խոսնակի է, չի կարող ընդունել որևէ օրենք, քանի դեռ որևէ մեկը պաշտոնապես չի ընտրվել այդ պաշտոնում:
09:30 - 16 հոկտեմբերի, 2023
ԱՄՆ-ն անհանգստացած է Իսրայելի և «Համաս»-ի միջև բախմանը Իրանի անմիջական միջամտության սպառնալիքով |amerikayidzayn.com|

ԱՄՆ-ն անհանգստացած է Իսրայելի և «Համաս»-ի միջև բախմանը Իրանի անմիջական միջամտության սպառնալիքով |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com։ Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Միջերկրական ծովի արևելյան հատված երկրորդ ավիակիր ուղարկելու մասին։ «Էյզենհաուերը» և նրան ուղեկցող նավերը կմիանան «Ջերալդ Ֆորդ» ավիակիրին, որը տարածաշրջան է ուղարկվել հոկտեմբերի 7-ին: ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել Իսրայելի և «Համասի» միջև հակամարտության սրման վտանգի և, մասնավորապես, ընդհարմանը Իրանի անմիջական միջամտության սպառնալիքի կապակցությամբ։ Ելույթ ունենալով CBS հեռուստաալիքի եթերում՝ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նշել է Իսրայելի և Լիբանանի սահմանին ռազմական գործողությունների նոր ճակատի առաջացման հավանականությունը։ «Մենք չենք կարող բացառել, որ Իրանը կնախընտրի այս կամ այն կերպ ուղիղ (ռազմական) հակադրման մեջ մտնել։ Մենք պետք է պատրաստվենք»,- բացատրել է Սալիվանը: Հիշենք, որ Թեհրանը երկար ժամանակ է, ինչ աջակցում է Լիբանանում «Համասին» և «Հեզբոլլահին»՝ նրանց տրամադրելով միջոցներ և զենք։ «Սա վտանգ է, և դա վտանգ է, որի մասին մենք տեղյակ ենք եղել ի սկզբանե»,- ասել է Սալիվանը՝ նկատի ունենալով պատերազմին Իրանի միջամտության հեռանկարը, որն առաջ է եկել Գազայի հատվածից Իսրայելի հարավային շրջանների վրա «Համասի» հարձակման հետևանքով։ «Այդ իսկ պատճառով նախագահը գործում է այդքան արագ և վճռական՝ ավիակիր ուղարկելով Միջերկրական ծովի արևելյան հատված, ինքնաթիռներ ուղարկելով Պարսից ծոց, քանի որ նա շատ հստակ ուղերձ հղեց ցանկացած ազգի կամ ցանկացած խաղացողի, որը կփորձի շահարկել այս իրավիճակը»,- ասել է Սալիվանը: Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը շաբաթ օրը հայտարարեց երկրորդ ավիակիրի տեղակայման մասին՝ զսպելու «Իսրայելի դեմ թշնամական գործողությունները կամ «Համասի» հարձակումից հետո այդ պատերազմն ընդլայնելու ցանկացած ջանքերը»: Միջերկրական ծովի արևելքում «Էյզենհաուեր» ավիակիրը և նրան ուղեկցող նավերը կմիանան «Ջերալդ Ֆորդ» ավիակիրին, որը տեղակայվել էր հոկտեմբերի 7-ին «Համասի» հարձակումից հետո:
20:42 - 15 հոկտեմբերի, 2023
Հորդանանը ԵՄ երկրների հետ կքննարկի Իսրայելում ռազմական գործողությունները դադարեցնելու հարցը |armenpress.am|

Հորդանանը ԵՄ երկրների հետ կքննարկի Իսրայելում ռազմական գործողությունները դադարեցնելու հարցը |armenpress.am|

armenpress.am: Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը մեկնելու է եվրոպական շրջագայության՝ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները դադարեցնելու համար ԵՄ առաջնորդների աջակցությունը ստանալու։ Այդ մասին հայտնել է թագավորության արտաքին գործերի նախարար Այման աս-Սաֆադին: Միապետը դեէսկալացիայի մասին բանակցություններ է վարել ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ տարածաշրջանային և արևմտյան առաջնորդների հետ ինտենսիվ շփումներից հետո՝ տարածաշրջանն ավելի լայն պատերազմի մեջ չներքաշելու ակնկալիքով: Աս-Սաֆադին ընդգծել է, որ պաղեստինցիներին նոր տեղահանումներ պարտադրելու իսրայելական ցանկացած գործողություն տարածաշրջանը կմղի դեպի ավելի լայն տարածաշրջանային հակամարտության անդունդ: «Ռազմական գործողությունները սպանում, նաև՝ ստիպում են պաղեստինցիներին լքել իրենց տները: Դա չի ապահովի անվտանգություն և չի հանգեցնի խաղաղության», - հավելել է Աս-Սաֆադին: Բացի այդ, Հորդանանի արտաքին գործերի նախարարության ղեկավարն ասել է, որ Իսրայելի կողմից Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումների արգելափակումը և ռազմական գործողությունների սրման պայմաններում դրա բնակիչներին սեփական տները լքելու պարտադրումն, ըստ էության, միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է:
18:15 - 14 հոկտեմբերի, 2023
ՅՈՒՆԻՍԵՖ-ը մարդասիրական աղետ է կանխատեսել Գազայի բնակչության տեղահանման պատճառով
 |tert.am|

ՅՈՒՆԻՍԵՖ-ը մարդասիրական աղետ է կանխատեսել Գազայի բնակչության տեղահանման պատճառով |tert.am|

tert.am: Գազայի հատվածի բնակչությանը մի մասից մյուսը տեղափոխվելու կոչերը չեն կարող իրականացվել առանց հումանիտար աղետալի հետևանքների, քանի որ խոսքը գնում է մեկ միլիոն մարդու մասին, ովքեր գնալու տեղ չունեն, գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մերձավոր Արևելքի գրասենյակի ներկայացուցիչ Սալիմ Օվեյսին։ «Նման կոչերը, եթե իրականացվեն, կհանգեցնեն Գազայի հումանիտար իրավիճակի արտակարգ սրման, քանի որ խոսքը գնում է Գազայի հյուսիսում գտնվող՝ մոտավորապես մեկ միլիոն մարդու մասին, ովքեր գնալու տեղ չունեն, նրանց համար ապահով վայրեր չկան։ ՄԱԿ-ի մասնաճյուղերը կոչ են արել հրաժարվել այս որոշումից և թույլատրել մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված՝ երեխաների, ընտանիքների և խաղաղ բնակիչների միջև բաշխման համար»,- նշել է Օվեյսը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ հակամարտող բոլոր կողմերը, միջազգային իրավունքի համաձայն, պատասխանատու են խաղաղ բնակիչների պաշտպանության համար և պարտավոր են պահպանել երեխաների և քաղաքացիական անձանց կյանքն ու անվտանգությունը, որտեղ էլ  նրանք լինեն։ Օվեյսն ասել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները շարունակում են գտնվել Գազայի հատվածում, ինչպես եղել են մինչև հակամարտությունը։ Այս պահին նրանցից ոչ ոք չի տուժել, սակայն վնաս է հասցվել կազմակերպության ենթակառուցվածքին։ «Գազայի հատվածում հումանիտար իրավիճակը շատ բարդ է, մարդասիրական աշխատողների և կազմակերպությունների աշխատակիցների համար շատ դժվար է նույնիսկ տեղաշարժվելը, ուստի, մենք խնդրում ենք մարդասիրական զինադադար և անվտանգ միջանցքներ երեխաների և ընտանիքների համար, որպեսզի այդ մարդիկ հնարավորություն ունենան օգնության հասնել»,- հավելել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը։
13:48 - 14 հոկտեմբերի, 2023
ՑԱԽԱԼ-ը կոչ է արել Գազայի բնակիչներին հյուսիսից հարավ տեղափոխվել՝ օգտագործելով տարհանման միջանցքները
 |news.am|

ՑԱԽԱԼ-ը կոչ է արել Գազայի բնակիչներին հյուսիսից հարավ տեղափոխվել՝ օգտագործելով տարհանման միջանցքները |news.am|

news.am: Իսրայելի Պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, արաբերենով Գազայի հատվածի հյուսիսային մասի բնակիչներին տեղեկացրել է, որ ժամը 10.00-ից մինչեւ 16.00-ն նրանք պետք է տեղափոխվեն Գազայի հարավային մաս՝ օգտագործելով տարհանման միջանցքները, տեղեկացրել է Times of Israel-ը։ «Եթե դուք մտածում եք ձեր եւ ձեր մերձավորների մասին, մեկնեք հարավ՝ հրահանգներին համապատասխան։ Վստահ եղեք, որ ՀԱՄԱՍ-ի ղեկավարները հոգացել են իրենց մասին եւ թաքնվում են տարածաշրջանում հարվածներից»,- նշված է իսրայելական բանակի հաղորդագրությունում։ Իսրայելի Պաշտպանության բանակը Միավորված Ազգերի Կազմակերպությանը տեղեկացրել է, որ Գազայի հյուսիսի (Վադի) պաղեստինցի ժողովուրդն ամբողջությամբ պետք է տեղափոխվի հատվածի հարավային մաս։ Հաղորդագրությունում նշվել է, որ ՑԱԽԱԼ-ը, գուցե, ի պատասխան անցած շաբաթ օրը ՀԱՄԱՍ-ի զանգվածային հարձակման իրականացրած մեկշաբաթյա օդային ռմբակոծություններից հետո պատրաստվում է սկսել ցամաքային ներխուժում։
11:03 - 14 հոկտեմբերի, 2023
ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է Պաղեստինի նախագահի հետ |armenpress.am|

ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է Պաղեստինի նախագահի հետ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հորդանանում հանդիպում է ունեցել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ։ Այս մասին տեղեկանում ենք BBC-ից։ Աբբասը, որի նստավայրը Հորդանան գետի արևմտյան ափին է, Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ-ի քաղաքական հակառակորդն է։ Ամմանում Բլինքենը նաև կհանդիպի Հորդանանի թագավոր Աբդուլլահի հետ։ Հոկտեմբերի 12-ին Էնթոնի Բլինքենն Իսրայելում բանակցություններ է վարել երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ՝ ԱՄՆ-ի լիակատար աջակցությունը հայտնելով Իսրայելին։ Հոկտեմբերի 13-ին Իսրայելում է գտնվում ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։ Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1500 զինյալներ ճեղքել էին անվտանգության պատնեշը և Գազայի հատվածից ներխուժել Իսրայել։ Իսրայելում զոհերի թիվը հասել է 1300-ի։ 150 մարդ պատանդ է վերցվել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և հարվածներ է հասցնում հարյուրավոր թիրախների։ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 1400-ի։ Իսրայելը նաև Գազայի լիակատար պաշարում է սկսել՝ դադարեցնելով ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ ապրանքների մուտքը։
15:54 - 13 հոկտեմբերի, 2023