«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ՔՊ

2021 թվականի հունիսին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում ՀՀ-ում կառավարություն ձեւավորած եւ խորհրդարանական մեծամասնություն դարձած քաղաքական կուսակցություն է։ 8-րդ գումարման խորհրդարանում՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն։

Որպես միավոր՝ ձեւավորվել է 2013 թվականին։ Կուսակցությունը պաշտոնապես ստեղծվել է 2015 թվականին։

Կուսակցությունը «Իմ քայլը» դաշինքի կազմով բացարձակ մեծամասնություն է եղել նաեւ ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում։ 

Իսկ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը դաշինքով էր հանդես եկել «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ, ԱԺ-ում «Ելք» խմբակցություն ձեւավորել՝ 9 պատգամավորով։ Նույն դաշինքով կուսակցությունը մասնակցել էր նաեւ 2017թ․ Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին՝ ունենալով 14 հոգանոց խմբակցություն։

2018 թվականին Երեւանի քաղաքապետի ու ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ կուսակցությունը մասնակցել էր «Առաքելություն» կուսակցության հետ՝ «Իմ քայլը» դաշինքով․ դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երեւանի քաղաքապետ` ստանալով 80%-ից ավել քվե։

Եթե նախապայմաններ չլինեին, հայ-թուրքական սահմանը շուտվանից բացված կլիներ. Թունյան |armenpress.am|

Եթե նախապայմաններ չլինեին, հայ-թուրքական սահմանը շուտվանից բացված կլիներ. Թունյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համատեքստում հայկական կողմի թեզն այն է, որ Թուրքիան չպետք է կախվածության մեջ մտնի երրորդ երկրների հետ Հայաստանի հարաբերություններից: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Թուրքիան Ադրբեջանի գործոնը որպես նախապայման չի՞ դիտվում հայ-թուրքական հարաբերություններում: «Մենք խոսում ենք առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման մասին: Բնականաբար, եթե նախապայմաններ չլինեին, այդ սահմանը շուտվանից բացված կլիներ: Հիմա, եթե մեր առաջ նախապայմաններ են քաշում, մենք էլ ասում ենք, որ ունենք մեր կարմիր գծերը և տեսլականը: Իսկ դա այն է, որ երկրներն իրար հետ պետք է ունենան նորմալ հարաբերություններ: Երկու երկիր իրար հետ հարաբերությունները կարգավորելու ժամանակ չպետք է կախվածության մեջ մտնեն երրորդ երկրների հետ մեր հարաբերություններից»,-ասաց պատգամավորը: Սա է հայկական կողմի թեզը: Թունյանի կարծիքով՝ այդ թեզը հասկանալի է նաև միջազգային հանրության համար: Հայաստանը և Թուրքիան ավելի վաղպայմանավորվածություն էին ձեռք բերելհայ-թուրքական սահմանը ամռան սկզբին բացել՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։
13:44 - 10 մայիսի, 2023
Իշխող խմբակցության պատգամավորը կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացումը ձեռնտու կլինի Հայաստանի համար
 |armenpress.am|

Իշխող խմբակցության պատգամավորը կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացումը ձեռնտու կլինի Հայաստանի համար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը համաձայն չէ հնչող կարծիքների հետ, թե հայ-թուրքական սահմանի բացումը ձեռնտու է լինելու միայն Թուրքիայի համար, իսկ Հայաստանի համար կունենա աղետալի հետևանքներ։  Պատգամավորն ընդգծում է, եթե սահմանի բացումը ձեռնտու լինի միայն Թուրքիային, ապա այդ երկիրը շատ արագ կբացի սահմանը, քանի որ հենց Թուրքիան էլ ժամանակին փակել է սահմանը՝ Հայաստանին տնտեսապես ճնշելու համար։ Պատգամավորն այս մասին ասաց ԱԺ-ում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։ «Մեր հանրային կյանքում շատ է քննարկվում՝ արդյոք Հայաստանին ձեռնտու է, որ բացվի հայ-թուրքական սահմանը, թե՞ ոչ: Եթե Հայաստանին ձեռնտու չլինի հայ-թուրքական սահմանի բացումը, Թուրքիան սահմանը կբացի 5 վայրկյանում, որովհետև Հայաստանը չի փակել Հայաստան-Թուրքիա սահմանը, այն փակել է Թուրքիան, քանի որ դրանով Հայաստանին տնտեսապես ճնշում է: Դա նրանք երբեք չեն թաքցրել, դրանով նրանք աջակցում են Ադրբեջանին: Դա ցույց է տալիս, որ այն նարատիվը, թե հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի համար ինչ-որ ապոկալիպտիկ հետևանքներ է ունենալու, պարզապես ծիծաղելի է և որևէ առնչություն չունի իրականության հետ»,-ասաց Պապոյանը: Ըստ պատգամավորի՝ հայ-թուրքական սահմանի բացումը բերելու է Հայաստանի տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման, բիզնեսների զարգացման, հարկերի ավելացման, մարդկանց սոցիալական վիճակի էական լավացման: «Թուրքիան, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարցում աջակցի Ադրբեջանին, երկար տարիներ փակ է պահել հայ-թուրքական սահմանը: Եվ դա իրենք չեն թաքցրել: Սա իրենց գնահատականն է: Այսօր էլ, ես կարծում եմ, իրենք հասկանում են, որ դա մեզ ձեռք է տալիս, և փորձում են ամեն գնով, գուցե, ինչ-որ պահանջներ ներկայացնել, առիթ փնտրել: Առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մեր օրակարգային հարցն է, մենք դրանից չենք շեղվում, դա Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնադրույթն է»,-եզրափակեց պատգամավորը: Հայաստանը և Թուրքիան ավելի վաղ պայմանավորվել էին մինչև ամռան սկիզբ բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար: Գևորգ Պապոյանը նշեց, որ Թուրքիայի կողմից այդ պայմանավորվածությունը չեղարկելու վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չկա։ Պատգամավորը հարցին անդրադարձավ վերջին իրադարձությունների կոնտեքստում, երբ Թուրքիան փակել է օդային տարածքը Հայաստանից երրորդ երկրներ թռիչքների համար՝ որպես պատասխան քայլ Երևանում «Նեմեսիս» հուշարձանի տեղադրմանը։
12:16 - 10 մայիսի, 2023
Թեև Ադրբեջանն ընդունել է ՀՀ տարածքային ամբողջականությունը, բայց գործուն, պրակտիկ քայլերով դա չի երևում. Արմեն Խաչատրյան |news.am|

Թեև Ադրբեջանն ընդունել է ՀՀ տարածքային ամբողջականությունը, բայց գործուն, պրակտիկ քայլերով դա չի երևում. Արմեն Խաչատրյան |news.am|

news.am: Հայաստանն ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը այնպես, ինչպես Ադրբեջանն է ընդունում Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը «Թեեւ Ադրբեջանը դա ընդունել է, բայց գործուն, պրակտիկ քայլերով դա չի երեւում է Ադրբեջանի գործողություններից: Լեռնային Ղարաբաղի հարցը լրիվ այլ հարց է, լրիվ այլ ֆորմատի մեջ է: ԼՂ բնակչության անվտանգության, ապրելու երաշխիքների խնդիրը այլ հարց է: Սա միջազգային հարթակներում պետք է քննարկվի եւ քննարկվում է: Պետք է անել ամեն ինչ, որպեսզի ԼՂ-ն լինի անվտանգ եւ այնտեղի բնակչության անվտանգության հետ կապված որեւէ խնդիր չլինի: Այս բոլոր հարցերը բանակցություններում երկարատեւ տարիների քննարկումների խնդիրն եր են: Դա կապված է Հայաստանի դիմադրողականության հետ, մի շարք աշխարհաքաղաքական փոփոխությունների հետ, բայց ամեն դեպքում ամեն ինչ արվել եւ արվելու է, որպեսզի ԼՂ բնակչության անվտանգության մակարդակն ապահովվի, ինչը  այսօր այդպես չէ: Բոլորդ գիտեք, որ շրջափակման մեջ են, Ադրբեջանը փորձում է ամեն կերպ փորձում է սադրել, էթնիկ զտումների ծրագրեր է իրականացնում»,-ասաց նա։
13:15 - 08 մայիսի, 2023
Ամեն րոպե պետք է պատրաստ լինենք Ադրբեջանի կողմից ցանկացած սադրանքի․ ՔՊ խմբակցության պատգամավոր |aysor.am|

Ամեն րոպե պետք է պատրաստ լինենք Ադրբեջանի կողմից ցանկացած սադրանքի․ ՔՊ խմբակցության պատգամավոր |aysor.am|

aysor.am: ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյան տեղյակ չէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցից։ «Իրոք, տեղեկություն չունեմ։ Վարչապետը Մոսկվա պարբերաբար գնում է, երևի գնացել է, տեղյակ չեմ», - ասաց նա՝ լրագրողների հարցին ի պատասխան։ ՔՊ-կան պատգամավորից հետաքրքրվեցին նաև «խաղաղության պայմանագրի» շուրջ վաշինգտոնյան բանակցություններից։ «Ամերիկյան  բանակցությունների վերաբերյալ դեռևս ամփոփիչ տեղեկատվություն չունեմ, հետևաբար, որևէ բան չեմ կարող ասել»,- ասաց Խաչատրյանը։ Ըստ նրա՝ բանակցությունների շուրջ ցանկացած քննարկում դրական երևույթ է։ «Եթե քննարկում են բանակցությունները, դա արդեն դրական է։ Հարցն այն է, թե արդյունքներն ինչպիսին են։ Շատ լավ կլինի, եթե մեր սպասելիքներն իրականացված լինեն, բայց, ինչպես տեսնում ենք, բավականին դժվար  պրոցես է, և սպասելիքների առումով երկար ճանապարհ դեռևս երևի պիտի անցնենք»,- ասաց նա։ Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն ձևակերպմանը, որ «խաղաղության պայմանագրի» պարամետրերը հայ ժողովրդի համար կարող են ընդունելի չլինել՝ ՔՊ-ական պատգամավորը նշեց․ «Կարող է այնպիսի պայմաններ առաջադրեն, որոնք մեզ համար «կարմիր գծեր» են և ընդունելի չեն։ Շատ պարզ է։ Ադրբեջանը փորձելու է ամեն ինչ անել, որ իր շահերի համար ավելի բարենպաստ իրավիճակ ստեղծի, ինչը շատ դեպքերում մեզ համար ընդունելի չէ»։ Արմեն Խաչատրյանը նաև վստահություն հայտնեց, որ Ադրբեջանի կողմից սադրանքներ միշտ էլ լինելու են։ «Միշտ էլ լինելու են սադրանքներ, ուղղակի հարցն այն է, թե սադրանքներն ինչ մակարդակի վրա են լինելու։ Որ սահմանում մեկ-երկու անգամ կրակում են մեր դիրքերի ուղղությամբ, դա ևս սադրանք է, և մենք ամեն րոպե պետք է պատրաստ լինենք ցանկացած սադրանքի», - ասաց նա։
12:32 - 08 մայիսի, 2023
«Ո՛Չ Արցախի էթնիկ զտման» շարժումը դիմել է ՀՀ Ազգային ժողովի խմբակցություններին՝ կոչ անելով միանալ պահանջագրին

«Ո՛Չ Արցախի էթնիկ զտման» շարժումը դիմել է ՀՀ Ազգային ժողովի խմբակցություններին՝ կոչ անելով միանալ պահանջագրին

«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խումբը նամակներ է ուղարկել ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր», «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների ղեկավարներին և բոլոր պատգամավորներին՝ կոչ անելով միանալ change.org  հարթակում՝ հրապարակված պահանջագրին: Այս մասին տեղեկացնում է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» խումբը։ «Արցախցի մի խումբ երիտասարդների նախաձեռնած պահանջագրով միջազգային հանրությանը պահանջ է ներկայացվում գործուն քայլեր ձեռնարկել Արցախում Ադրբեջանի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը դադարեցնելու և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ-ի դեկտեմբերի 7-ի, 2023թ-ի փետրվարի 22-ի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020-2022թթ. որոշումների կատարումն ապահովելու ուղղությամբ:  «Համոզված ենք, որ որպես ՀՀ օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ՝ ձեր կողմից ևս կարևորվում է այս պահանջների կատարումը, ուստի կոչ ենք անում ձեզ՝ միանալ  ստորագրահավաքին և ձեր համակիրներին ևս հորդորել միանալ նախաձեռնությանը՝ կանխելու համար արցախահայերի հայրենազրկումը»,- նշվում է նախաձեռնողների՝ խմբակցություններին ուղղված նամակում: Պահանջագիրն առցանց հարթակում արդեն մոտ 15 հազար ստորագրություն է հավաքել: Նախաձեռնող խմբի կողմից ստորագրահավաք է կազմակերպվել նաև Ստեփանակերտում և Արցախի բոլոր շրջաններում: Երեկվա դրությամբ պահանջագրին միացած ստորագրությունների ընդհանուր թիվը գերազանցում է 40 հազարը:  Նախաձեռնության աջակիցների կողմից այսօր Երևանում ևս տեղադրվել են կետեր՝ ստորագրահավաքին մասնակցելու համար:  Արցախում Ադրբեջանի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը դադարեցնելու պահանջագիրը հնարավոր է ֆիզիկապես ստորագրել Երևանում՝ Բաղրամյան 6, Սարյան 26 և Խորենացի 47/7 հասցեներում:  «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակում ստորագրահավաք է նախաձեռնել նաև ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:  Ստորագրահավաքին առցանց հնարավոր է միանալ change.org  հարթակում՝ այս հղումով»,-նշված է հաղոդագրությունում։
16:38 - 04 մայիսի, 2023
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում նախատեսված է նաև Մոսկվայում․ մեկը մյուսին չի խանգարում. Արման Եղոյան
 |news.am|

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում նախատեսված է նաև Մոսկվայում․ մեկը մյուսին չի խանգարում. Արման Եղոյան |news.am|

news.am: Այո, նախնական պայմանավորվածություն կա եւ ըստ այդ պայմանավորվածության ԱԳ նախարարների հանդիպում պետք է լինի նաեւ Մոսկվայում: Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ նշելով, որ դա չի խանգարում, որ հանդիպում է տեղի ունենում նաեւ ԱՄՆ-ում: Դիտարկմանը՝ պարզվեց, որ Վաշինգտոնում ԱԳ նախարարների հանդիպումները օրեր են տեւելու, նա ասաց. «Դա կախված է բանակցության բովանդակությունից: Հայկական կողմը այդ բանակցություններից հնարավոր առավելագույն սպասելիքներ ունի: Եթե ուզում եք, որ բովանդակությունից, տեքստի մեջբերումներ անեմ, դժվար թե դա հիմա հնարավոր լինի»: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն  է ձեռք բերվել, որը կկայանա Մոսկվայում: Մոսկվայում սպասվող հանդիպման ժամկետների վերաբերյալ հստակություն դեռ չկա։
13:10 - 02 մայիսի, 2023
Ամեն ինչ անում ենք, որ կայանա Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը, այսինքն՝ Ստեփանակերտը հանդես գա բանակցություններում որպես սուբյեկտ. ՔՊ-ական պատգամավոր |armenpress.am|

Ամեն ինչ անում ենք, որ կայանա Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը, այսինքն՝ Ստեփանակերտը հանդես գա բանակցություններում որպես սուբյեկտ. ՔՊ-ական պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը Վաշինգտոնում Ադրբեջանի հետ  ընթացող բանակցություններից հնարավոր առավելագույնի ակնկալիքներ ունի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը: Խոսելով Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև ընթացող բանակցությունների մասին՝ Եղոյանն ասաց, որ հայկական կողմն այդ բանակցություններից հնարավոր առավելագույնի սպասելիքներ ունի: «Բանակցություններն անդրադառնում են հայ-ադրբեջանական հարաբերությունների ամբողջ սպեկտորին, չլուծված բոլոր հարցերին: Եվ, բնականաբար, այդ բոլոր հարցերով արվելու է ամեն ինչ՝ համաձայնության հասնելու համար »,-ասաց Եղոյանը՝ նշելով, որ հայկական կողմը իր համար շահավետ լուծում է ցանկանում ստանալ, ադրբեջանական կողմը՝ իր համար շահավետ լուծում: Անդրադառնալով Արցախի հարցով հայկակական կողմի ջանքերին՝ պատգամավորն ասաց. «Մենք հիմա անում ենք ամեն ինչ, որ կայանա Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը, այսինքն՝ Ստեփանակերտը բանակցություններով հանդես գա որպես սուբյեկտ»: Եղոյանը նաև հավելեց, որ այն փաստաթուղթը, որը Հայաստանն ու Ադրբեջանը իրենց առաջարկներով պարբերաբար միմյանց են փոխանցել, ունի «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» անվանումը: Եղոյանը փաստաթղթի բովանդակային մանրամասները չբացեց: Անդրադառնալով հարցին՝ խաղաղության պայմանագրի փոխարեն այդ անվանումն է ընտրվե՞լ՝ Եղոյանն ասաց. «Գոյություն ունի խոսակցական լեզու, որով մարդիկ մատնանշում են որոշակի երևույթներ: Եվ գոյություն ունի իրավական լեզու, որոնք ստանում են իրավական ձևակերպում իրավական փաստաթղթերում: Եվ հաճախ այդ լեզուները տարբեր են լինում»:
12:54 - 02 մայիսի, 2023
Այս հարցերը չէին տա մեր ընդդիմադիր գործընկերները, եթե բանակցություններն ընթանային Մոսկվայում․ Վահագն Ալեքսանյան |aravot.am|

Այս հարցերը չէին տա մեր ընդդիմադիր գործընկերները, եթե բանակցություններն ընթանային Մոսկվայում․ Վահագն Ալեքսանյան |aravot.am|

aravot.am: Ազգային ժողովի հերթական նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն արձագանքեց ընդդիմադիր պատգամավորների հայտարարություններին։ «Այս հարցերը չէին տա մեր ընդդիմադիր գործընկերները, եթե այս բանակցությունները լինեին Մոսկվայում։ Բայց հատկապես ծիծաղելի է, թե ո՞նց է կարելի, երբ ամբողջ աշխարհի ու տեսախցիկների առաջ, մամլո հաղորդագրություններով բանակցում են, դուք ասում եք՝ ստվերային բանակցություններ են ընթանում հայ ժողովրդի թիկունքում։ Եթե ստվերային է, բա իրոք ստվերայինը ո՞րն է, պարոն Մանուկյան։ Կարո՞ղ է 2007 թվականի հայ-թուրքական բանակցություններն են, կարող է։ Հատկապես շատ հետաքրքիր է, որ ասում եք՝ Ռուբեն Ռուբինյանը Թուրքիայի գծով Հայաստանի բանակցողն է և, հետևաբար, եթե մասնակցում է այս բանակցություններին, ուրեմն այստեղ կա նաև Թուրքիայի գործոնը, հետևաբար այս ամենը Հայաստանը շաղկապում է իրար։ Ռուբեն Ռուբինյանը շաբաթվա մեջ հանդիպում է տասնյակ պատվիրակությունների՝ Հայաստանում ու Հայաստանից դուրս»,- ասաց Վահագն Ալեքսանյանը։ ԱԺ նիստի ժամանակ նման հարց էր ուղղել Գեղամ Մանուկյանը․ «Ի՞նչ կարգավիճակով է Ռուբինյանը մասնակցում ԱՄՆ-ում տեղի ունեցող բանակցություններին։ Արդյո՞ք հայ-թուրքականը կապված է հայ-ադրբեջանականի հետ։ Ալեն Սիմոնյանի որոշումով Ռուբինյանը գործուղվել է ապրիլի 28-ից մայիսի 5-ը։ Դա նշանակում է որ ենթադրվում էր ի սկզբանե հայտնի էր, որ մի քանի օր շարունակ բանակցություններ են լինելու»։ Հարցին ի պատասխան՝ ՔՊ պատգամավոր Արման Եղոյանն ասել էր․ «Եթե այս բանակցությունները տեղի ունենային Մոսկվայում, այսօր (․․․) դուք էլի այս նույն հարցն այստեղ կբարձրացնե՞իք»։
11:37 - 02 մայիսի, 2023
Եթե այս բանակցությունները նույն բովանդակությամբ տեղի ունենային Մոսկվայում, նույն հարցը կբարձրացնեի՞ք․ ՔՊ-ական պատգամավորը՝ Գեղամ Մանուկյանին
 |tert.am|

Եթե այս բանակցությունները նույն բովանդակությամբ տեղի ունենային Մոսկվայում, նույն հարցը կբարձրացնեի՞ք․ ՔՊ-ական պատգամավորը՝ Գեղամ Մանուկյանին |tert.am|

tert.am: Եթե այս բանակցությունները նույն բովանդակությամբ ու նույն տեքստով մամլո հաղորդագրությամբ տեղի ունենային Մոսկվայում, դուք նույն հարցը կբարձրացնեի՞ք։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից ունեցած ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանի՝ ավելի վաղ արված հայտարարությանն այն մասին, որ ժողովրդի թիկունքում, ստվերային, գաղտագողի տարբեր գործընթացներ են տեղի ունենում։ «Պարո՛ն Մանուկյան, դուք ասում եք, որ Վաշինգտոնում ամբողջ աշխարհի աչքի առաջ գաղտագողի բանակցություններ են տեղի ունենում Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Ես մի հարց ունեմ, խնդրում եմ շատ անկեղծ պատասխանել։ Եթե այս բանակցությունները տեղի ունենային Մոսկվայում, այսօր, նույն ձևով, նույն քանակի լրատվությամբ, նույն տեքստով մամլո հաղորդագրությամբ, նույն բովանդակությամբ, իսկ բովանդակությունները գրեթե նույնն են․ անկյունաքարային հարցերի շուրջ թե՛ Մոսկվայում տեղի ունեցող բանակցությունների, թե՛ Վաշինգտոնում տեղի ունեցող բանակցությունների բովանդակությունն Արցախի հարցի վերաբերյալ նույնն է, եթե նույն բովանդակությամբ այս բանակցությունները լինեին կամ լինեն՝ միգուցե վաղը, մեկ շաբաթից, մեկ ամսից, դուք էլի այս նույն հարցն այստեղ կբարձրացնեիք», - ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ անկնալում է հստակ պատասխան, քանի որ հաջորդիվ ելույթ է ունենալու Գեղամ Մանուկյանը։ Ավելի վաղ ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարել էր, որ հայ ժողովրդի թիկունքում, ստվերային, գաղտագողի տեղի են ունենում գործընթացներ, տարբեր ձևաչափով հանդիպումներ, որոնք վտանգում են ՀՀ և Արցախի Հանրապետության անվտանգությունը, հարվածի տակ են դնում մեր ժողովրդին, պետականությունը և ազգային անվտանգությունը։
10:53 - 02 մայիսի, 2023
Պատգամավոր Մհեր Սահակյանի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

Պատգամավոր Մհեր Սահակյանի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

2023 թվականի ապրիլի 25-ին հսկող դատախազի կողմից հաստատվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մ. Ս.-ի (Մհեր Սահակյան) վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնվել է դատարան: Այս մասին հայտնում են Դատախազությունից։ Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտի 31-ին Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Մ.Ս.-ի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում այն բանի համար, որ պատգամավոր Մ.Ս.-ն ՀՀ Ազգային ժողովի վարչական 2-րդ մասնաշենքի թիվ 314 քննարկումների դահլիճում 2023 թվականի մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փակ աշխատանքային քննարկման ժամանակ կատարել է խուլիգանություն և խուլիգանական դրդումներով Հանձնաժողովի նախագահ Վ.Վ.-ի (Վլադիմիր Վարդանյան-խմբ.) առողջությանը պատճառել է թեթև վնաս (ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մաս (խուլիգանությունը) և 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետ (խուլիգանական դրդումներով առողջությանը թեթև վնաս պատճառելը)): Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:15 - 26 ապրիլի, 2023
Հայկ Կոնջորյանը միջազգային գործընկերներին կոչ է արել Ադրբեջանի նկատմամբ մեծացնել միջազգային ճնշումը

Հայկ Կոնջորյանը միջազգային գործընկերներին կոչ է արել Ադրբեջանի նկատմամբ մեծացնել միջազգային ճնշումը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նամակներով դիմել է միջազգային գործընկերներին։ Նա կոչ է արել գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը և մեծացնել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը։ Այդ մասին նա տեղեկացնում է ֆեյսբուքյան էջում․ «Որպես Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, այսօր նամակներով դիմել եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ, ԱՄՆ հայկական հանձնախմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսին, Ֆրենք Փըլոնին, Դեյվիդ Վալադաոյին, ինչպես նաև հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆին։ Որպես Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար, նամակով դիմել եմ Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դիմիտրիոս Մարկոպուլոսին։ Որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ, նամակով դիմել եմ Կիպրոսի գործընկերոջս` Հարիս Գյորգեադեսին։ Մանրամասներ եմ ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում իրականացրած հերթական սադրանքի և ոտնձգության վերաբերյալ: Ներկայացրել եմ փաստեր ադրբեջանցիների ապօրինությունների և հանցավոր գործողությունների վերաբերյալ: Կոչ եմ արել գործընկերներիս` գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը և մեծացնել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը` զսպելու վերջինիս ագրեսիվ գործողությունները և կանխելու հնարավոր էսկալացիան մեր տարածաշրջանում»:
14:07 - 13 ապրիլի, 2023
Սահմանապահ զորքերը այդ ռեսուրսները չունեն՝ մեծ հարձակումների կամ զորային խնդիրների կատարման համար. Արմեն Խաչատրյան
 |news.am|

Սահմանապահ զորքերը այդ ռեսուրսները չունեն՝ մեծ հարձակումների կամ զորային խնդիրների կատարման համար. Արմեն Խաչատրյան |news.am|

news.am: Սահմանապահ զորքերը այդ հնարավորությունները, ռեսուրսները չունեն՝ մեծ հարձակումների կամ զորային ինչ-որ խնդիրների կատարման համար: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր, սյունեցի Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Կոռնիձորի կամրջից այս կողմ սահմանապահներ պետք է տեղակայվեն, մինչդեռ երեկ կանոնավոր բանակն էր կռիվ մղում ադրբջանցիների դեմ: «Երբ ադրբեջանական կողմից մինչեւ ատամները զինված զինված ուժեր են, բնական է, որ նրանց դիմաց պետք է լինի ոչ թե սահմանապահ զորքը, այլ մեր բանակային ստորաբաժանումները: Ցավոք սրտի, ստիպված ենք բանակային ստորաբաժանումներ տանել այն վայրեր, որտեղ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը բանակային ստորաբաժանումներ ունի: Որտեղ  նրանցը սահմանապահ է, իհարկե, համարժեք մերն էլ է սահմանապահ լինելու»,- ասաց նա: Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Նույն օրը ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ:  ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Զոհված զինծառայողներն են՝ Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.), Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.), Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.), Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)։  Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է ադրբեջանական կողմից 3 զոհի մասին։ Ապրիլի 12-ի՝ ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն:
13:27 - 12 ապրիլի, 2023
Մարտերի դադարեցման համար որևէ միջնորդություն չի եղել․ Արմեն Խաչատրյան

Մարտերի դադարեցման համար որևէ միջնորդություն չի եղել․ Արմեն Խաչատրյան

Այդտեղ բանակցություններ են անընդհատ ընթանում։ [Ադրբեջանցիները] եկել, պահանջել են, որ մերոնք ինժեներական աշխատանքները դադարեցնեն կամ նման մի բան, մերոնք էլ պատասխան են տվել ըստ արժանվույն։ Պատասխանից էլ մարտական գործողություններ են ծագել։ Բանակը իր առջև դրված խնդիրը հստակ կատարել է։ Մեր զինվորները երեկ Ադրբեջանի սանձարձակությանը արժանի պատասխան են տվել։ Այս մասին այսօր՝ Ազգային ժողովի հերթական նիստում հայտարարեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։  Մարտերի դադարեցման համար որևէ միջնորդություն չի եղել․ «Դադարեցվել է ՀՀ ուժային գերատեսչության համապատասխան ներկայացուցիչների ու նրանց ներկայացուցիչների միջև խոսակցությունների և բանակցությունների արդյունքում։ Հարցը էսպես ա դրվել՝ շարունակո՞ւմ ենք կռվել, զոհեր, վիրավորներ, դառնում է պատերազմ, էսկալացիա, թե՞ դադարեցվում է։ Հարցն էդպես է դրվում։ Դադարեցման մեջ վստահ եմ՝ մեծ դեր է ունեցել մեր բանակի՝ դիրքերում ամուր կանգնելը և պատասխան հարված տալը»։ Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Նույն օրը ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ:  ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Զոհված զինծառայողներն են՝ Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.), Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.), Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.), Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)։  Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է ադրբեջանական կողմից 3 զոհի մասին։ Ապրիլի 12-ի՝ ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն:
12:19 - 12 ապրիլի, 2023