ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նամակներով դիմել է միջազգային գործընկերներին։ Նա կոչ է արել գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը և մեծացնել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը։
Այդ մասին նա տեղեկացնում է ֆեյսբուքյան էջում․
«Որպես Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, այսօր նամակներով դիմել եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ, ԱՄՆ հայկական հանձնախմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսին, Ֆրենք Փըլոնին, Դեյվիդ Վալադաոյին, ինչպես նաև հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆին։
Որպես Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար, նամակով դիմել եմ Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դիմիտրիոս Մարկոպուլոսին։
Որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ, նամակով դիմել եմ Կիպրոսի գործընկերոջս` Հարիս Գյորգեադեսին։
Մանրամասներ եմ ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում իրականացրած հերթական սադրանքի և ոտնձգության վերաբերյալ: Ներկայացրել եմ փաստեր ադրբեջանցիների ապօրինությունների և հանցավոր գործողությունների վերաբերյալ:
Կոչ եմ արել գործընկերներիս` գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը և մեծացնել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը` զսպելու վերջինիս ագրեսիվ գործողությունները և կանխելու հնարավոր էսկալացիան մեր տարածաշրջանում»:
comment.count (0)