Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Արգիշտի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Արգիշտի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունը ապահովելու նպատակով ս.թ. հունիսի 17-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Արգիշտիի փողոցում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Մասնավորապես՝ Արգիշտի փողոցում՝ Երևանի քաղաքապետարանին հարող ճանապարհահատվածում, երեք երթևեկելի գոտիներից միջինը կառանձնացվի հասարակական տրանսպորտի համար, իսկ երրորդ երթևեկելի գոտին՝ հետադարձ կատարողների համար: Արգիշտիի փղոոցում՝ «Նոյ» գործարանի և «Վիվասել Արմենիա» ՓԲ ընկերության գրասենյակին հարող հատվածում երթևեկությունը դեպի «Հաղթանակի» կամուրջ  կկազմակերպվի երկու երթևեկելի գոտիով, որոնցից առաջին երթևեկելի գոտուց կթույլատրվի երթևեկել դեպի «Հաղթանակի» կամուրջ և Մաշտոցի պողոտա, իսկ երկրորդ երթևեկելի գոտին կառանձնացվի հասարակական տրանսպորտի համար: Այդ գոտուց հնարավոր կլինի կատարել ձախ շրջադարձ դեպի Ոսկերիչների փողոց: Հակառակ ուղղությամբ՝ «Հաղթանակի» կամրջից դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց, երթևեկությունը կկազմակերպվի երեք գոտիներով, որոնցից առաջինը կառանձնացվի հասարակական տրանսպորտի համար. այդ ճանապարհահատվածում կտեղադրվի հասարակական տրանսպորտի համար նախատեսված կանգառ: Արգիշտիի փողոցի՝ «Երևան» պլազային հարող հատվածում, ձախ եզրային երթևեկելի գոտին կառանձնացվի հասարակական տրանսպորտի համար: Միաժամանակ Խորհրդարանի փողոցի կողմից կթույլատրվի մուտքը միայն Արգիշտիի փողոցի առաջին երթևեկելի գոտի:
17:47 - 13 հունիսի, 2025
Վստահ եմ, որ մենք կառուցելու ենք մետրոյի «Աջափնյակ» կայարանը. Ավինյան |armenpress.am|

Վստահ եմ, որ մենք կառուցելու ենք մետրոյի «Աջափնյակ» կայարանը. Ավինյան |armenpress.am|

armenpress.am: Երևանի Մետրոպոլիտենի նոր «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագծի համալիր փորձաքննությունը հաջողությամբ ավարտվել է, և այժմ անհրաժեշտ է կազմակերպել շինարարության մրցույթը և ապահովել համապատասխան ֆինանսավորում։ Այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ։ «Նախագիծը, որը, թերևս, Հայաստանի նորանկախ պատմության ամենաբարդ ծրագրերից մեկն է, անցել է համալիր փորձաքննություն։ Դրա վրա մոտ 7 ամիս է ծախսվել։ Մնում է շինարարության մրցույթի ու ֆինանսավորման կազմակերպումը»,- ընդգծեց Ավինյանը։ Նրա խոսքով՝ պետությունը մետրոյում նման մակարդակի ծրագիր չի իրականացրել ավելի քան 40 տարի, և այդ ոլորտում կուտակված կարողությունների կորուստը բարդացրել է գործընթացը։  «Եթե նմանատիպ պրոցեսները երկար դադարների մեջ են հայտնվում, հետո պետք է այդ կարողությունները վերականգնել։ Վստահ եմ՝ մենք կառուցելու ենք այդ կայարանը»,– շեշտեց քաղաքապետը։ Նա  հավելեց, որ մոտ ապագայում նաև կանցկացվի տեխնիկական հսկողության մրցույթ։
14:14 - 11 հունիսի, 2025
Երևանում տրամվայի վերականգնման ծրագիր չի քննարկվում. Ավինյան |armenpress.am|

Երևանում տրամվայի վերականգնման ծրագիր չի քննարկվում. Ավինյան |armenpress.am|

armenpress.am: Երևանում տրամվայի վերականգնման ծրագիր չի քննարկվում, այս պահի դրությամբ դա իրատեսական չէ:   Այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի կատարման արդյունքների մասին հաշվետվության ներկայացմանը՝ անդրադառնալով պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին: Ավինյանը նախ նշեց՝ որևէ ենթակառուցվածք քանդելը, ոչնչացնելը շատ ավելի հեշտ է, քան հետագայում այն վերականգնելը: Եվ սա միայն տրամվային չի վերաբերվում:  «Ոչ, տրամվայի վերականգնման ծրագիր չի քննարկվում՝ զուտ այս պահի դրությամբ իրատեսական չլինելու տրամաբանությամբ»,-ասաց Ավինյանը:  Երևանում տրամվայն առաջին անգամ գործարկվել է 1933 թվականին։ Տրամվայի վագոնների թիվը ամեն հինգ տարին մեկ միջինում ավելացել է 25%-ով․ եթե 1933 թվականին այն կազմում էր 16, ապա 1945 թվականին՝ արդեն 77 վագոն, իսկ 1965 թվականին՝ շարժակազմի 222 միավոր։ 2004 թվականի հունվարի 21-ին տրամվայի համակարգը Երևանում պաշտոնապես փակվել է։ 
13:24 - 11 հունիսի, 2025
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում տեղի կունենա երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։  «Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում:Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ – Արգիշտի փողոցների խաչմերուկում՝ Արշակունյաց պողոտա - Սուրբ Գրիգոր Լուսավորիչ - Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկից եկող ուղղությամբ դեպի Արգիշտի փողոց ձախ շրջադարձը թույլատրված երկու երթևեկելի գոտիների փոխարեն կկազմակերպվի մեկ գոտուց:Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկում՝ դեպի «Հաղթանակի» կամուրջ ուղղությամբ ձախ շրջադարձ կատարող մեքենաններին մեկ երթևեկելի գոտու փոխարեն կթույլատրվի ձախ շրջադարձ կատարել երկու երթևեկելի գոտուց: Ինչպես նաև Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկից դեպի «Հաղթանակի» կամուրջ ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը»,- ասված է հաղորդագրության մեջ:
14:25 - 09 հունիսի, 2025
Ավինյանը պնդում է՝ կոյուղատարերի խնդիրը քաղաքապետարանինը չէ
 |civilnet.am|

Ավինյանը պնդում է՝ կոյուղատարերի խնդիրը քաղաքապետարանինը չէ |civilnet.am|

civilnet.am: Երևանի քաղաքապետ Տիգրամ Ավինյանը հունիսի 9-ի գործակարգավարական նիստին հայտարարեց, որ մայրաքաղաքի կոյուղագծերի խնդիրը քաղաքապետարանի պատասխանատվության ներքո չէ։ «Ամեն անգամ ասում են՝ քաղաքապետարանի խնդիրն է։ Վերջիվերջո ստիպված ենք լինելու ասել՝ ժողովուրդ ջան, մենք չենք։ Սա այն մարդն է, այս չինովնիկն է, որը նստել է՝ իրեն էշի տեղ է դրել ու ասում է՝ քանի դեռ քաղաքապետարանին են մեղադրում, լավ է, մարաղը մտած է, ինքն էլ չի երևում»,- նշեց Ավինյանը՝ դժգոհելով խնդիրն անընդհատ քաղաքապետարանին վերագրելու վերաբերյալ։ Նա նաև նշեց՝ եթե կոյուղագծերի վերականգնումը քաղաքապետարանի պատասխանատվության ներքո է, ապա պետք է արձանագրել օրենքով։ Գործակարգավարական նիստին Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը հայտարարեց, որ կոյուղագծերի համակարգի վիճակը զգալիորեն վատթարացել է։ Կամո Արեյանի խոսքով՝ ներկայում ամենախոցելի հատվածը «Վեոլիա Ջուր» ընկերության սպասարկվող ցանցն է։ Թեև ընկերությունը պարբերաբար կատարում է արդիականացման աշխատանքներ և համագործակցում քաղաքապետարանի հետ, իրավիճակը շարունակում է սրվել։ «Պատկերացրեք մի երևույթ՝ 560 վթար, որից 400-ը՝ կոյուղագծերում։ Այսպիսի ցուցանիշ չունի որևէ այլ մատակարար։ Եվ երբեմն վիճակագրությունը նույնիսկ գերազանցում է այս թիվը։ Սա վկայում է կոյուղատար ցանցի լուրջ քայքայվածության մասին։ Խնդիրն իսկապես սրված է»,- ասաց Արեյանը։ Արեյանն ասաց, որ հատկապես մեծացել է բազմաբնակարան շենքերի բակային տարածքներում և նկուղներում կոյուղաջրերի արտահոսքի դեպքերի թիվը։ Նա նշեց, որ քաղաքապետարանի վերահսկողության ներքո գտնվող 22 օբյեկտներից 15-ի համար պայմանագրերը շինարարների հետ արդեն պատրաստ են։ Արեյանը հիշեցրեց, որ կոյուղագծերի խնդիրը 2016-ից կա և մինչև այժմ լուծում չի ստացել։
10:54 - 09 հունիսի, 2025
Երևան քաղաքում վճարովի ավտոկայանատեղիների գործող կարգը շարունակում է ուժի մեջ մնալ․ Հայկ Կոստանյան
 |factor.am|

Երևան քաղաքում վճարովի ավտոկայանատեղիների գործող կարգը շարունակում է ուժի մեջ մնալ․ Հայկ Կոստանյան |factor.am|

Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը, պատասխանելով Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի գրառմանը, տեղեկացրել է, որ Երևան քաղաքում վճարովի կայանատեղիների գործող կարգը շարունակում է ուժի մեջ մնալ։ ««Մայր Հայաստան» խմբակցության ավագանու որոշ ներկայացուցիչներ, ինչպես նաև որոշ լրատվամիջոցներ, հանդես են եկել հայտարարություններով և հրապարակումներով, որոնք կարող են քաղաքացիներին մոլորության մեջ գցել՝ տպավորություն ստեղծելով, թե քաղաքում վճարովի կայանատեղիների գործող կարգը այլևս ուժը կորցրել է և կարելի կայանման համար չվճարել։ Տեղեկացնում եմ, որ նշված ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում և գործող կարգը շարունակում է ուժի մեջ մնալ»,- գրել է Կոստանյանը։ Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Արմենակ Դանիելյանը տեղեկացրել էր, որ դատարանը կասեցրել է Երևանում կարմիր և կապույտ կետագծերում ավտոմեքենաների կայանման վճարների թանկացման որոշումը և խորհուրդ էր տվել չվճարել կայանման համար։
13:39 - 06 հունիսի, 2025
Որտե՞ղ են կանաչապատ բակը, բացօթյա լողավազանը և ճանապարհը. կառուցապատողը չի կատարել խոստումները |hetq.am|

Որտե՞ղ են կանաչապատ բակը, բացօթյա լողավազանը և ճանապարհը. կառուցապատողը չի կատարել խոստումները |hetq.am|

hetq.am: Մոնթե Մելքոնյան 27/7 հասցեում կառուցվող Տիգրան Մեծ բնակելի համալիրի շահառուներն անելանելի վիճակում են և իրենց խաբված են զգում. կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ն բնակարանները վաճառել է մեծ խոստումներով, սակայն արդեն պարզ է, որ դրանց մի մասը չի կատարելու: Ավելին, խոստացված բոլոր ժամկետներն անցել են, սակայն կառուցապատողն այդպես էլ շենքը շահագործման չի հանձնում:  Նախ՝ «Շինաս» ՍՊԸ խոստացել էր 400 բնակարան ունեցող բնակելի համալիրը շահառուներին հանձնել 2023թ. դեկտեմբերին: Այդպես է գրված նաև համալիրի պաշտոնական կայքում, սակայն առ այսօր շահառուները չեն կարողանում տոնել իրենց բնակարանամուտը: Համալիրի կայքի համաձայն՝ այն ունենալու է բացօթյա լողավազան, մանկական խաղահրապարակ, ֆուտբոլի և բասկետբոլի դաշտեր, լանդշաֆտային այգիներ, ճեմուղիներ և վազքուղիներ, շատրվաններ և այլ հարմարություններ: Երկրորդ՝ պրեմիում որակվող այս համալիրում, որտեղ 1 քմ-ի արժեքը սկսվում է 576 հազար դրամից, համաձայն նախնական բուկլետների և տեսանյութերի, նախատեսվում էին շատրվաններ, բարեկարգ ու կանաչապատ բակ, խաղահրապարակ, մարզադաշտ, ելք դեպի Մոնթե Մելքոնյան փողոց, սակայն մինչ օրս այս խոստումներից որևէ մեկն իրականություն չի դարձել: Կառուցապատողն արդեն իսկ տեղեկացրել է բնակիչներին, որ շատրվանները չեն կառուցվելու: Մոնթե Մելքոնյան փողոցի հետ հատվող ճանապարհի ապագան մշուշոտ է: Բակի ոռոգման համակարգն անցկացված չէ, կանաչապատումն արված չէ։ Պրեմիում համարվող շենքում, բնակիչների բնորոշմամբ, սովորական հանրակացարանի որակ է ապահովվել: Արթուր Սաֆարյանն ու կինը` Անի Նիկոլյանը, 2021թ. դեկտեմբերի 10-ին Բ մասնաշենքի 5-րդ հարկում բնակարան գնելու պայմանագիր են կնքել: Փաստաթղթում արձանագրվել է, որ համաձայն 2021թ. հուլիսի 8-ին տրված շինթույլտվության` շենքի շինարարական աշխատանքները պետք է իրականացվեն 36 ամսվա ընթացքում, այսինքն` 3 տարում: Ըստ այդմ` պետք է ավարտվեին 2024թ. հուլիսին: «Շինաս» ՍՊԸ-ի և Սերգո Սեդրակյանի հետ կնքված պայմանագրում արդեն նշվում է, որ 2022թ. հունիսի 13-ի շինթույլտվության համաձայն` շենքի շինարարական աշխատանքների ավարտի ժամկետ է սահմանված  2024թ.-ի նոյեմբերի 13-ը:  Սերգո Սեդրակյանի պայմանագրում նշվում է, որ կառուցապատողը պատասխանատվություն է կրում իր պարտավորությունները ժամանակին չկատարելու համար և նշված ժամկետը 6 ամսից ավելի խախտելու դեպքում գնորդին պարտավորվում է վճարել տույժ` կետանցի 6-րդ ամիսը լրանալուց հետո յուրաքանչյուր օրվա համար պայմանագրի գնի 0,01 տոկոսի չափով: Շահառուները, որոնց պայմանագրերի ժամկետները վաղուց լրացել են, կարող են դիմել դատարան և պահանջել այդ տոկոսները, սակայն նրանք դեռ սպասում են կառուցապատողի խոստումների կատարմանը: Երևանի քաղաքապետարան կատարած հարցմամբ բնակիչները պարզել են, որ կառուցապատողը չի դիմել նույնիսկ ավարտական ակտը ստանալու համար: Մինչդեռ դեռևս 2024թ. սեպտեմբերին, բնակիչների հետ հանդիպմանը, Տիգրան Նազարյանը խոստացել էր 1-2 ամսում շենքը կարգի բերել և ստանալ ավարտական ակտը: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
16:54 - 04 հունիսի, 2025
Քաղաքացիները մի փոքր ավելի են վարելու. ինչ դժվարություններ կառաջացնեն երթևեկության փոփոխությունները
 |factor.am|

Քաղաքացիները մի փոքր ավելի են վարելու. ինչ դժվարություններ կառաջացնեն երթևեկության փոփոխությունները |factor.am|

factor.am: «Կայանման արգելքներ կկիրառվեն Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի հատվածում և Սարյանից դեպի Մաշտոցի պողոտա վերջին հատվածում. այս փոփոխությունները պայմանավորված են նրա համար, որ անընդհատությունը Մաշտոցի պողոտայում հանգիստ պահպանվի և նոր ակնկալվող հոսքերը խոչընդոտ չառաջացնեն պողոտայի երթևեկության համար»,- ճանապարհային երթևեկության փոփոխությունների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։ Իսկ ի՞նչ պետք է անեն այդ փողոցների բնակելի տարածքներում ապրող մարդիկ, արդյո՞ք կայանման խնդիր չեն ունենա։ Հարությունյանն արձանագրեց՝ կլինեն որոշակի անհարմարություններ. «Կայանման արգելքները, թեև ամբողջ փողոցին չեն վերաբերում, սակայն այն փողոցներում, որտեղ նախատեսվում է միակողմանի երթևեկություն, այո՛, որոշ ուղղություններ պլանավորելու համար քաղաքացիները մի փոքր ավելի են վարելու մեքենան։ Սակայն, մեր հաշվարկներով սա բերելու է ոչ թե ժամանակի ավելացման, այլ մի փոքր ավելի վարել ինքնին ժամանակի վրա չի անդրադառնա, քանի որ փոփոխության արդյունքում պլանավորում ենք ավելացնել երթևեկության միջին արագությունը, որն ընդհանուր երթևեկության մեջ ավելի բարենպաստ արդյունք կդրսևորի»։
13:36 - 04 հունիսի, 2025
Քաղաքապետարանը չի կարողանում ձեռք բերել 45 տրոլեյբուս, մեղադրում է ընդդիմությանը
 |civilnet.am|

Քաղաքապետարանը չի կարողանում ձեռք բերել 45 տրոլեյբուս, մեղադրում է ընդդիմությանը |civilnet.am|

civilnet.am: Երևանի քաղաքապետարանը չի կարողանա ձեռք բերել տարեսկզբին խոստացված 45 տրոլեյբուսներից 30-ը։ Այս մասին հունիսի 3-ին տեղի ունեցած ասուլիսին հայտարարեց Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։ «Մենք ունենք մի իրավիճակ, երբ այս տարի Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ ձեռք է բերելու շուրջ 45 տրոլեյբուս։ Բանից պարզվում է, որ արդեն 30-ը՝ առնվազն, հնարավոր չի լինի գնել։ Թերհավաքագրումները բերելու են նրան, որ այդ գումարը չկա, և 30 տրոլեյբուս արդեն դուրս է եկել ցանկից»,- ասաց Կոստանյանը։ Նրա խոսքով՝ եթե իրավիճակը շարունակվի նույն կերպ, ապա հնարավոր է՝ քաղաքապետարանը չկարողանա ձեռք բերել նաև մնացած 15 տրոլեյբուսները։ Այս իրավիճակի համար խոսնակը մեղավոր համարեց ոչ թե քաղաքապետարանին, այլ այն անձանց, որոնք պայքարում են տրանսպորտի թանկացման դեմ։ Մայիսի 19-ին պարզ դարձավ, որ Երևանի քաղաքապետարանը 2025-ի հունվար-ապրիլ ամիսներին նախատեսված 25,5 մլրդ դրամ եկամուտներից հավաքագրել է շուրջ 22 մլրդ դրամ՝ արձանագրելով 3,5 մլրդ դրամ թերակատարում։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ընդգծել էր, որ հենց հանրային տրանսպորտի ոլորտում է թերակատարման «առյուծի բաժինը»՝ 2,3 մլրդ դրամ։ Նա մեղադրել էր ընդդիմադիր ուժերին՝ բյուջետային խնդիրների համար։ Քաղաքապետարանը նախատեսում է տուգանքների համակարգ ներդնել, սակայն դրա համար անհրաժեշտ է Ազգային ժողովի կողմից օրենքի ընդունում։
16:37 - 03 հունիսի, 2025
Երևանի քաղաքապետարանում կարծում են՝ «կարմիր գծերի» վճարների բարձրացումից հետո կենտրոնը որոշակիորեն բեռնաթափվել է |armenpress.am|

Երևանի քաղաքապետարանում կարծում են՝ «կարմիր գծերի» վճարների բարձրացումից հետո կենտրոնը որոշակիորեն բեռնաթափվել է |armenpress.am|

armenpress.am: Երևանի քաղաքապետարանում կարծում են, որ վճարովի ավտոկայանատեղիների վճարների բարձրացման արդյունքում կենտրոնում բեռնաթափում է նկատվում, վարորդներն ավելի քիչ են կայանման համար տարեկան փաթեթներ ձեռք բերում:  Այս մասին ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը՝ անդրադառնալով Վարչական դատարանի կողմից «կարմիր գծերի» վճարների որոշումն անվավեր ճանաչելու ու քաղաքապետարանի կողմից արդեն երկրորդ անգամ որոշման բողոքարկման վերաբերյալ հարցերին:   «Այն գաղափարը, որ դրվել էր «կարմիր գծերի» տարիֆների բարձրացման հիմքում, ուներ որոշակի նպատակ՝ թե՛ կենտրոնի բեռնաթափման, թե՛ հասարակական տրանսպորտի ոլորտում մի շարք փոփոխություններ բերելու»,–ասաց Կոստանյանը: Ըստ նրա՝ Երևանի քաղաքապետարանի կողմից կատարված աշխատանքն այս պահին, եթե ոչ ամբողջապես, ապա գոնե որոշակիորեն տեսանելի է:  «Մինչև այս որոշումն ընդունելը, երբ տարեկան վճարը 12 հազար դրամ էր, փաթեթները գնելու թվերը տասնյակ անգամ ավելի մեծ էին, քան հիմա: Այո, այդ արժեքը շատ վարորդների ստիպել է, որ իրենք կենտրոնում հնարավորինս քիչ կայանում անեն և տարեկան փաթեթներ ձեռք չբերեն: Որոշակի տեսանկյունից բեռնաթափում կա: Բայց, եթե առաջին հայացքից նայում ենք երթևեկությանը, խցանումներին և հոսքին, մարդկանց մոտ կարող է տարակուսանք առաջացնել իմ այս հայտարարությունը: Սակայն նման արժեքի բարձրացումը որոշակի առումով զսպել է տարեկան փաթեթներ ձեռք բերելու և շաբաթներով, ամիսներով մեքենաները կենտրոնի տարբեր հատվածներում կայանելու խնդիրը»,–ասաց Կոստանյանը:  Ըստ նրա՝ առաջիկայում, երբ ավտոբուսների համար առանձնացված գծերի քանակը կշատանա, արդյունքն ավելի տեսանելի կլինի: Դատարանը երկրորդ անգամ անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» վճարների բարձրացման վերաբերյալ Երևանի ավագանու որոշումը: Վարչական դատարանը մայրաքաղաքում վճարովի ավտոկայանատեղիների, այսպես կոչված՝ «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարներին վերաբերող որոշ դրույթներ անվավեր է ճանաչել մայիսի 23-ին: Վարչական դատարանն արձանագրել էր, որ Երևանի ավագանու համապատասխան որոշման դրույթները չեն բավարարում օրենքով սահմանված չափանիշներին։ Դատարանի գնահատմամբ՝ վարչական մարմինը չի հիմնավորել վճարների բարձրացումը՝ ծառայությունների որակի բարելավման կամ օրինական այլ նպատակով։ Խախտվել են համաչափության և իրավաչափության սկզբունքները։  Երևանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ այս որոշումը ևս բողոքարկելու են: 
12:27 - 03 հունիսի, 2025