STARMUS VI փառատոն

Գիտության և արվեստի STARMUS փառատոնը հիմնադրվել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանի և լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից՝ դառնալով համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների, Նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների մտածողների, գիտության, մշակույթի ու արվեստի գործիչների միավորող հարթակ, որի շրջանակում նրանք հանրության հետ կիսվում են իրենց գիտելիքներով, փորձով ու նորագույն հայտնագործություններով։ Նրանց միավորումը մեկ հարթակի շուրջ հնարավոր է դարձնում մեր ժամանակների խնդիրների վերհանումն ու լուծումների շուրջ քննարկումները։

STARMUS աշխարհահռչակ փառատոնը կապված է Ստիվեն Հոքինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի և աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ, անցկացվում է 2011 թվականից և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները։ 

STARMUS փառատոնը մինչ այս անցկացվել է Թեներիֆեում (Կանարյան կղզիներ, Իսպանիա), Նորվեգիայում, Շվեյցարիայում։ 6-րդ STARMUS փառատոնը կանցկացվի Հայաստանում, սեպտեմբերի 5-10-ը։ Փառատոնին կմասնակցեն աշխարհահռչակ գիտնականներ ու երաժիշտներ։

 

 

Երաժիշտը, բանաստեղծն ու մարդաբանը՝ գիտության հանրայնացման Սթիվեն Հոքինգի անվան մեդալի հաղթողներ

Երաժիշտը, բանաստեղծն ու մարդաբանը՝ գիտության հանրայնացման Սթիվեն Հոքինգի անվան մեդալի հաղթողներ

Այսօր՝ Գիտության և արվեստի Starmus VI փառատոնի շրջանակում անցկացվեց SONIC UNIVERSE համերգային ծրագիրը, որի ընթացքում էլ Գիտության հանրայնացման Սթիվեն Հոքինգի անվան մեդալին արժանացան Queen խմբի կիթառահար, փառատոնի համահիմնադիր Բրայան Մեյը, բանաստեղծ, էսսեիստ, նատուրալիստ Դայըն Աքերմանը, պրիմատոլոգ և մարդաբան Դեյմ Ջեյն Մորրիս Գուդալը։ Նրանք շնորհակալություն հայտնեցին փառատոնի կազմակերպիչներին մրցանակի համար։ Սթիվեն Հոքինգի անվան մրցանակի հաղթող դարձան նաև NASA-ի հեռուստատեսությունը, NASA-ի հաղորդակցության բաժինը։ Միջազգային այս փառատոնի ընթացքում Գիտության հանրայնացման Սթիվեն Հոքինգի անվան մեդալ է շնորհվում երաժշտության, արվեստի, կինոյի և այլ ոլորտներում գիտությունը և գիտական բացահայտումները ներկայացնելու և տարածելու գործում մեծ ներդրում ունենալու համար։ Մեդալի վրա պատկերված է Սթիվեն Հոքինգի նկարը, որի հեղինակն է խորհրդային տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը: Սթարմուս փառատոնի շրջանակում այս մրցանաբաշխությունը կազմակերպվում է 2016 թ․-ից՝ երրորդ Սթարմուս փառատոնից սկսած։ Առաջին անգամ այն ստացել են գերմանացի կոմպոզիտոր Հանս Զիմմերը, ֆիզիկոս Ջիմ Ալ Խալիլին, և ամերիկյան փաստագրական ֆիլմը՝ «Մասնիկների ջերմություն» անունով։ 2017 թ․-ին՝ 4-րդ Սթարմուս փառատոնին այս մեդալը ստացել են ֆրանսիացի կոմպոզիտոր Ժան Միշելը Ժարրեն, աստղաֆիզիկոս Նեյլ Դեգրաս Թիսոնը, ինչպես նաև «Մեծ պայթյունի տեսություն» անունով ֆիլմը։2019 թ․-ին 5-րդ Սթարմուս փառատոնին մրցանակ  է ստացել երաժիշտ, կոմպոզիտոր Բրայան Էնոն, միլիարդատեր, Space X-ի հիմնադիր Իլոն Մասկը, տիեզերագնաց Բուզ Ալդրինը, «Apolo 11»  փաստավավերագրական ֆիլմը։
21:34 - 05 սեպտեմբերի, 2022
STARMUS-ի նպատակները համընկնում են Հայաստանի կառավարության ռազմավարական տեսլականին. ՀՀ վարչապետ

STARMUS-ի նպատակները համընկնում են Հայաստանի կառավարության ռազմավարական տեսլականին. ՀՀ վարչապետ

Հայաստանի կառավարությունը աջակցել է STARMUS VI-ը Հայաստանում անցկացելու գաղափարին, որովհետև փառատոնի նպատակները համընկնում են Հայաստանի Հանրապետության կառավարության ռազմավարական տեսլականին։  STARMUS VI փառատոնի բացման արարողության ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  «STARMUS-ը որպես նպատակ է ձևակերպել հետազոտողների նոր սերնդին ներշնչելը ու կրթելը, հայտնագործությունների ոգին ամրապնդելը և հզորացնելը։ Սա լիարժեք համընկնում է մեր տեսլականի հետ, որոհետև շարունակաբար մեծացնում ենք գիտության, կրթության ֆինանսավորումը։ 2022 թվականին  պետական բյուջեով գիտության ֆինանսավորումը ավելացել է շուրջ 83 տոկոսով։ Լայնածավալ բարեփոխումներ են ձեռնարկվում կրթության ոլորտում։ STARMUS-ը մեկ հարթակի վրա է դնում արվեստը և գիտությունը, ցանկանում է տաղանդավոր մարդկանց ներգրավվամբ ոգևորել նոր տաղանդներին, գիտությունը ավելի ու ավելի  շատ մոտեցնել մարդուն և այն դարձնել երջանկության գործիք։ Սա նաև մեր կառավարության տեսլականն է»,- ասաց վարչապետը։ Փաշինյանի խոսքով՝ Կառավարությունը ցանկանում է, որպեսզի Հայաստանում ավելի ու ավելի շատ երիտասարդներ զբաղվեն գիտությամբ, հետազոտությամբ, տեխնոլոգիաներով։ «Մենք ուզում ենք, որ ավելին իմանալը, ավելին ստեղծելը դառնա յուրաքանչյուրի տրամադրությունը Հայաստանում։ STARMUS-ը ցանկանում է ձևակերպել հնարավորինս բարձր և նույնիսկ անսպասելի հարցեր։ Եվ մեր տեսլականն է, որ միայն չձևակերպած հարցեր ձևակերպելով  և այդ հարցերին ուղիղ և ազնիվ պատասխանելով է, որ Հայաստանը կկարողանանք դարձնել մեր երազանքներին երկիր։ Եվ այս իմաստով սա բոլորիս համար հանդիպում է ճիշտ ժամանակին և ճիշտ վայրում»,- ընդգծեց վարչապետը։ Փաշինյանը հիշեցրեց, որ փառատոնը այս տարի կրում է «50 տարի Մարսի վրա» խորագիրը՝ նվիրված Մարսի վրա արհեստական սարքի առաջին վայրէջքի հիսուն ամյակին։ «Հպարտորեն պետք է ընդգծեմ, որ 1981 թվականին Խորհրդային Միության կողմից Մարս  իջեցված «Մարս 3» տիեզերակայանի մեջ էր գտնվում հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (փրոփ-էմ) ռոբոտը, իսկ «Մարս 3» սարքը Երկիր մոլորակ ուղարկեց այդ մոլորակի առաջին լուսանկարը։ Փառատոնի շրջանակում մենք տոնում ենք նաև մեր հայրենակցի 100-ամյակը, բայց  ուզում եմ ուշադրություն դարձնենք, որ մենք սա անում ենք ոչ  միայն որպես պատմական հիշողություն կամ պատմական հարգանքի տուրք։ Աշխարհն այսօր ապրում է Մարս մոլորակի յուրացման և մեծ հավանականությամբ բնակեցման` գնալով ավելի ու ավելի շոշափելի դարձող օրակարգում։ Մենք ուզում ենք, որ հայաստանցի գիտնականներն ու հետազոտողները իրենց ներդրումն ունենան քաղաքակրթական այս մեգանախագծին»,- ընդգծեց վարչապետը։ Վարչապետի խոսքով՝ այսօր աշխարհն ապրում է «Ջեյմս Ուեմբ», «Հաբլ» «Կեպլեր» տիեզերական աստղադիտակների դարաշրջանում։ «Եվ մենք ուզում ենք, որ հայաստանցի հետազոտողները նույնպես մասնակցեն այս աստղադիտակներից ստացվող տվյալների մշակմանը և նմանատիպ նոր նախագծերի մշակմանը ու ստեղծմանը։ Այս առումով ցանկանում եմ ընդգծել «Ստարմուս» փառատոնի կարևորությունը գիտության, բարձրագույն կրթության և մշակույթի  ոլորտներում՝ միջազգային գործընկերության ակտիվացման տեսանկյունից։ Հույս ունեմ փառատոնի հյուրերից շատերին տեսնել մեր նորացող բուհական, կրթական համակարգում դասախոսելիս,մեր երկրի բեմերում հյուրախաղերով հանդես գալիս, մեր հետազոտական, գիտական ծրագրերի մեջ ներգրավված։ Նաև հույ ունեմ, որ փառատոնի արդյունքներով մեր ավելի ու ավելի շատ հետազոտողներ կներգրավվեն միջազգային նախագծերի մեջ»,- եզրափակեց Փաշինյանը։  
19:58 - 05 սեպտեմբերի, 2022
STARMUS-ի հաջողության մի մասը Հայաստանի շնորհիվ է, երկրի ապագան գիտությունը և տեխնոլոգիաներն են. Գարիկ Իսրայելյան |armenpress.am|

STARMUS-ի հաջողության մի մասը Հայաստանի շնորհիվ է, երկրի ապագան գիտությունը և տեխնոլոգիաներն են. Գարիկ Իսրայելյան |armenpress.am|

armenpress.am: STARMUS  գիտության, արվեստի ու երաժշտության միջազգային փառատոնը Հայաստանում է՝ ոգեշնչելու երկրի գիտնականների և արվեստագետների նոր սերնդին, որովհետև Հայաստանի նման փոքր երկրի ապագան գիտությունն ու տեխնոլոգիաներն են: Նման համոզմունք հայտնեց STARMUS-ի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը Երևանում STARMUS VI-ի բացմանն իր ելույթում: Գարիկ Իսրայելյանը նախ ընդգծեց, որ երկար ժամանակ է, ինչ սպասում էին STARMUS -ի անցկացմանը Հայաստանում: «Ես ոգեշնչվել եմ Հայաստանում: STARMUS-ի հաջողության մի մասը Հայաստանի շնորհիվ է: Ես ոգեշնչվել եմ մեծ գիտնական Վիկտոր Համբարձումյանից, հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանից, Կոմիտասից, շատ-շատերից»,-ասաց Իսրայելյանը: Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանի նախորդ նախագահին, Հայաստանի կառավարությանը՝ STARMUS-ին աջակցելու համար: Իսկ, թե որն է STARMUS-ի՝ Հայաստանում անցկացման ամենակարևոր ուղերձը՝ Իսրայելանն ասաց. «STARMUS-ը Հայաստանում է, քանի որ ես հավատում եմ, հավատացած եմ, որ Հայաստանի նման փոքր երկրի ապագան գիտությունն ու տեխնոլոգիաներն են: Աշխարհում շատ երկրներ հարուստ են նավթով, գազով, Հայաստանն այդ առումով հարուստ չէ, Հայաստանը հարուստ է մարդկանցով: STARMUS-ն այստեղ է՝ ոգեշնչելու հայկական տեխնոլոգիական հսկաների, հայկական ստարտափերի նոր սերնդին: Սա Հայաստանի պատմության առանցքային պահն է՝ STARMUS-ի նման փառատոնը բերելու այս փոքրիկ երկիր և ոգեշնչելու այս երկրի գիտնականների և արվեստագետների նոր սերնդին»: Փառատոնի համահիմնադիրն ընդգծեց՝ հայերը շատ լավ ոգեշնչում են, շատ քիչ մարդիկ գիտեն, որ անձը, որը ոգեշնչել է Սթիվեն Հոքինգին՝ զբաղվելու գիտությամբ, եղել է հենց հայ: «Ավելի ուշ Սթիվեն Հոքինգը ոգշնչեց ինձ՝ հիմնելու STARMUS փառատոնը»,-նշեց Իսրայելյանը: Իսկ, թե STARMUS-ը ի՞նչ կփոխի Հայաստանում՝ նա պատասխանեց՝ ուզում է մոտ ապագայում՝ հինգ կամ տասը տարի հետո, երբ գիտնական հրավիրեն Հայաստան, դահլիճը լի լինի մարդկանցով:
19:50 - 05 սեպտեմբերի, 2022
Շատ քչերն էին հավատում, որ Հայաստանում կվերսկսվի տիեզերքի և արբանյակների ուղղությամբ արդյունաբերական զարգացման ժամանակը. Հակոբ Արշակյան

Շատ քչերն էին հավատում, որ Հայաստանում կվերսկսվի տիեզերքի և արբանյակների ուղղությամբ արդյունաբերական զարգացման ժամանակը. Հակոբ Արշակյան

2020 թ. մեկնարկին, երբ որպես ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, Ազգային ժողովի ամբիոնից ներկայացնում էի ՀՀ օրենքը «Տիեզերական գործունեության մասին», շատերը քմծիծաղ էին տալիս, շատերը չէին հավատում, ուրիշները զբաղված էին քննադատությամբ։ Շատ քչերն էին, որ հավատում էին և երազում, որ Հայաստանում կվերսկսվի տիեզերքի և արբանյակների ուղղությամբ արդյունաբերական և գիտահետազոտական զարգացման ժամանակը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: «Այսօր արդեն.   -  Հայաստանն ունի Երկրի դիտարկման սեփական արբանյակ, - Հայաստանում անց է կացվում աշխարհի ամենաառաջատար Starmus Starmus VI Armenia գիտական փառատոնը, -  Հայաստանը հյուրընկալել է համաշխարհային հեղինակության գիտնականների, Նոբելյան մրցանակակիրների, երաժիշտների, գործարարների, - Միջազգային պաշտոնական հյուրերի շարքում են շուրջ մեկ տասնյակ պետական և պաշտոնական պատվիրակություններ Արաբական միացյալ էմիրություններից, Եգիպտոսից, Իրանից, Սերբիայից, Վրաստանից, Օմանից, Բելառուսից, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունից,   - Հայաստան են այցելել հազարավոր մասնակիցներ` Ավստրալիայից մինչև ԱՄՆ, Ռուսաստանից մինչև Հարավային Աֆրիկա։   Սրանք իհարկե առաջին քայլերն են և դեռ շատ երկար ճանապարհ ունենք անցնելու, սակայն ճիշտ ցանված և խնամված սերմն է, որ ի վերջո դառնում է ծառ և պտուղ է տալիս, իսկ դատարկ խոսակցությունները գալիս են ու գնում։ Վերջում ցանկանում եմ նշել, որ շատ֊շատ սպասված իրադարձություն տեղի կունենա «Սթարմուսի» շրջանակներում, հետևեք, մասնակցեք, երազեք և գնացեք Ձեր երազանքների հետևից»,- գրել է Արշակյանը:    
19:47 - 05 սեպտեմբերի, 2022
 «Մենք քիչ ենք տոնում գիտությունը»․ Հայաստանում պաշտոնապես մեկնարկեց Starmus VI փառատոնը

«Մենք քիչ ենք տոնում գիտությունը»․ Հայաստանում պաշտոնապես մեկնարկեց Starmus VI փառատոնը

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց գիտության և արվեստի Starmus VI փառատոնը, որի պաշտոնական բացումն ազդարարվեց մամուլի ասուլիսով։ Ասուլիսի բանախոսները հայտնի գիտնականներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ էին, որոնք խոսեցին փառատոնի կարևորության ու իրենց ակնկալիքների մասին։ Astronomy ամսագրի խմբագիր Դեյվիդ Ջ․ Այքերը բացման խոսքում ասաց, որ իրենց համար հուզիչ է այստեղ լինելը, քանի որ փառատոնը բացառիկ գիտական իրադարձություն է․ «Կարելի է ասել, որ  սա հոբելյանական ոսկե տարի է, և մենք լիահույս ենք, որ դուք նույն հուզմունքը կապրեք գիտնականների դասախոսություններից և միջոցառումներից, որոնք կանցկացվեն փառատոնի ընթացքում։  Նա ընդգծեց, որ տարբեր մասնագիտացված դասախոսություններ կլինեն, ինչպես նաև մարդիկ հնարավորություն կունենան աստղադիտարանից նայել տիեզերքին։  Դեյվիդ Ջ․ Այքերը Կլիմայական գիտության պրոֆեսոր Քրիս Ռեփլին էլ  ասաց՝ գիտությունը, արվեստը և երաժշտությունը կապված են իրար հետ․ «Դրանք մեր էմոցիոնալ արձագանքի, աշխարհում ու տիեզերքում ապրած փորձի մասին են, որը շատ ոգեշնչող է։ Գիտությունը այն պրոցեսն է, որի միջոցով մենք էմոցիոնալ մակարդակում չենք նայում աշխարհին, այլ փորձում ենք հասկանալ տիեզերքի իրական էությունը»։ Ռեփլին ընդգծեց կլիմայական գիտության կարևորությունն աշխարհի համար․ «Ես այս շաբաթվա դասախոսություններում կխոսեմ կլիմայական համակարգը հասկանալու գործում բնագիտության դերի մասին։ Տասնամյակներ շարունակ մենք հասկացել ենք խնդիրը։ Ես աշխատել եմ նեյրոգիտնականների, մարքեթոլոգների, սոցիալական գիտնականների հետ, որպեսզի կոտրեմ բնական գիտությունների ու սոցիալական գիտությունների միջև առկա պատնեշը, և որպեսզի մարդկանց տանք այն մեսիջը, որ անհրաժեշտ է գործել»։ Քրիս Ռեփլին Նոբելյան մրցանակիր, աստղաֆիզիկոս Միշել Մեյըրը, որ 51 Pegas b էկզոմոլորակի  հայտնաբերողներից մեկն է, ընդգծեց՝ փառատոնը  բացառիկ հնարավորություն է մարդկանց հետ խոսելու և բացատրելու, թե ինչպես են տիեզերքն ու մարմինը փոխկապակցված։ «Մենք հիմա ապրում ենք շատ կարևոր ժամանակում։ Վերջին դարաշրջանում աստղաֆիզիկայում լուրջ հաջողություններ են գրանցվել։ Պատճառներից մեկը, որ այսօր այստեղ եմ, այն է, որ ես 20-30 տարի աշխատում եմ Գարիկ Իսրայելյանի հետ և էկզոպլանետներ ենք ուսումնասիրում։ Դեռևս հույն փիլիսոփաները քննարկում էին տիեզերքի բազամազանությունը։ Այսօր մենք ապրում ենք շատ բացառիկ ժամանակաշրջանում, երբ տեխնոլոգիաները մեզ հնարավորություն են տալիս պատասխանել վաղուց հնչող հարցերին։  Ես շատ ուրախ եմ, որ Starmus-ը Հայաստանում  օգնում է բացատրել մարդկանց, թե ինչ է կատարվում գիտության տարբեր ճյուղերում»։ Մայորն ասաց՝ 4 տարի առաջ Նորվեգիայում Starmus-ին մասնակցելով տարբեր գիտնականներից շատ բան է իմացել, և հիմա ուրախ է, որ հանրության հետ հնարավորություն ունի կիսել փորձը։ Starmus-ը, ըստ նրա, լավ հնարավորություն է տալիս տեղեկանալու, թե ինչ է կատարվում գիտության ոլորտում։ Միշել Մեյըրը Նոբելյան մրցանակիր, մանրէաբան, կենսաքիմիկոս Էմանուել Չարպենտիեն էլ ասաց՝ շատ հաճելի է գտնվել Հայաստանում ու ընդգծեց, որ հայկական արմատներ ունի․ «Ինձ համար կարևոր է փառատոնի նպատակը և նշանակությունը։ Այն միավորում է երաժշտությունը և գիտությունը։ Երբ  երիտասարդ էի, զբաղվում էի դասական երաժշտությամբ, դաշնակահար էի և բալետի պարուհի։ Այդ պատճառով ես կապ եմ տեսնում գիտության և արվեստի մեջ։ Պատճառներից մեկն էլ, որ այստեղ եմ, այն է, որ մենք քիչ ենք տոնում գիտությունը և այստեղ երաժշտության հետ միավորելը շատ կարևոր է, հետաքրքիր է նաև գիտության համար»։ Էմանուել Չարպենտիեն Չարպենտիեն կարևորեց նաև, որ տարբեր ոլորտների գիտնականների հնարավորություն կունենան միավորվել մեկ հարթակում և գնահատել միմյանց աշխատանքը։ «Մենք հնարավորություն ենք ունենում մեր ներկայությամբ ցույց տալ մեր աշխատանքը, երիտասարդ գիտնականներին նույնպես ներգրավել գիտության ոլորտում»։ Նանե Ավետիսյան
19:40 - 05 սեպտեմբերի, 2022
Ընդհանուր կանոններ՝ Starmus VI գիտական փառատոնի մասնակիցների համար

Ընդհանուր կանոններ՝ Starmus VI գիտական փառատոնի մասնակիցների համար

STARMUS VI փառատոնի լրատվության բաժնից ներկայացրել են ընդհանուր կանոններ՝ Starmus VI գիտական փառատոնի մասնակիցների համար: Դրանք են` Համերգային օրերին՝ սեպտեմբերի 5, 7, Մարզահամերգային համալիրի շրջակա տարածք մեքենաների մուտքը միայն անցագրերով է։  «Խնդրում ենք լինել Մարզահամերգային համալիրի մոտ առնվազն մեկ ժամ շուտ։ Սեպտեմբերի 5-ին դռները կփակվեն 17:00։ Մուտքը ցանկացած տեսակի սնունդով արգելվում է: Եթե կոնֆերանսների ընթացքում թարգմանության կարիք լինի, խնդրում ենք նախապես ունենալ Zoom հավելվածը ձեր հեռախոսում և ականջակալ։ Մարզահամերգայինի սրահում պատերին կտեսենք QR կոդ, որը հնարավորություն կտա ներբեռնել հավելվածը և միանալ թարգմանությանը։ Տարածքում հնարավոր է օգտվել STARMUSxTEAM և STARMUSxTEAM5 WiFi ցանցերից՝ team2022 գաղնաբառով։ Ցանկացած հարցով կարող եք դիմել կամավորներին. նրանք կլինեն թեմատիկ շապիկով»,- նշված է հաղորդագրության մեջ։
13:26 - 05 սեպտեմբերի, 2022
Գիտարբուք Գարիկ Իսրաելյանի հետ․ «Սթարմուս» փառատոն և Արեգակից հեռու գտնվող մոլորակային համակարգեր

Գիտարբուք Գարիկ Իսրաելյանի հետ․ «Սթարմուս» փառատոն և Արեգակից հեռու գտնվող մոլորակային համակարգեր

Գիտարբուք ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, «Սթարմուս» փառատոնի հիմնադիր, Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից Գարիկ Իսրաելյանի հետ։ 00:01 - Անոնս 01:16 - «Starmus» փառատոնի գաղափարի առաջացման մասին 07:27 - Ռոք աստղերին չզիջող և համերգասրահներ հավաքող գիտնականների մասին 11:50 - Գիտությամբ հետաքրքրվող երաժիշտների մասին 15:50 - Ինչպե՞ս Սթիվեն Հոքինգը դարձավ «Starmus»-ի հոգաբարձուների խորհրդի անդամ 17:42 - Փառատոնի չհայտարարված անակնկալների մասին 20:18 - Առաջին փառատոնի ու դրան Նիլ Արմսթրոնգի մասնակցության մասին 23:58 - Երկրից հեռու մոլորակների առկայության գաղափարի առաջին հիշատակումների մասին 24:46 - Արեգակնային համակակարգից բացի՝ այլ մոլորակային համակարգերի առկայության վերաբերյալ բանավեճի մասին 29:13 - Երկրի նման մոլորակների առկայության մասին 30:43 - Աստղագիտության՝ տեխնոլոգիաներից կախվածության մասին 34:58 - Երկրագունդը՝ թթվածնագունդ 35:44 - Մոլորակի ներքին ջերմային աղբյուր ունենալը՝ որպես կյանքի նախապայման 37:54 - Յուպիտերը՝ վահան Երկրի համար 41:15 - Գիտության սպասվածից արագ զարգանալու մասին 44:35 - Սոցիոլոգիայով զբաղվելու ցանկության մասին 47:10 - Ֆունդամենտալ հետազոտությունների, տիեզերական տեխնոլոգիաների ու Երկրի վրա դրանց կիրառության մասին 59:52 - Ինչպե՞ս կարելի է հասկանալ, որ այլ մոլորակի վրա գիտակից կյանք կա 1:04 - Տիեզերքի ընդարձակման մասին 1:07:35 - Աստղերի «բախման» մասին 1:11:29 - Գիտությունը մարդկանց մատչելի բացատրելու մասին 1:21:04 - Մեծ պայթյունի մասին 1:29:17 - Գիտության ֆինանսավորման մասին 2:03:44 - Ժամանակի մեջ ճամփորդության մասին
11:43 - 04 սեպտեմբերի, 2022
Երաժիշտները հանուն գիտության միավորվել են STARMUS միջազգային փառատոնի շուրջ

Երաժիշտները հանուն գիտության միավորվել են STARMUS միջազգային փառատոնի շուրջ

Սեպտեմբերի 2-ին STARMUS VI փառատոնի շրջանակում կազմակերպված մամուլի ասուլիսի սեղանի շուրջ հավաքվել էին աշխարհահռչակ երաժիշտներ՝ իրենց արվեստի միջոցով գիտության հանրայանցմանը նպաստելու նպատակով։ Ասուլիսի ընթացքում փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրաելյանին միացել էին Սերժ Թանկյանը, Ռիք Վեյքմանը, Դերեք Շերինյանը, երաժիշտ՝ Ռոն Թալ Բամբլֆութը և Տիգրան Համասյանը (առցանց)։ Երաժիշտներին միավորել էր մարդկության ապագայի համար գիտության կարևորությունը հանրությանը հասցնելու Սթարմուսի տեսլականը։ Փառատոնն իր մեջ ներառում է գիտություն, արվեստ և տեխնոլոգիաներ, ընդ որում՝ արվեստի միջոցով մարդկանց առավել գրավիչ է դարձնում գիտությունը։ Սա է միջազգային STARMUS փառատոնի հիմնաքարը, ինչը յուրօրինակ և ողջ աշխարհում որևէ փառատոնի ժամանակ չկրկնվող ձևաչափ է։ «STARMUS-ը ունիկալ ձևաչափ է, որը որևէ փառատոն չի կարողացել կրկնօրինակել։ Մեզ հաջողվել է երաժշտության ու գիտության այնպիսի համադրություն ստանալ, այնպես բացահայտել թե՛ երաժիշտների, և թե՛ գիտնականների ներաշխարհները, որ անհնար է դառնում յուրաքանչյուր մարդու չգտնել մի մասնիկ, որն իրենն է այս փառատոնում, որն իրեն կոգեշնչի ու հետաքրքրի։ Այս ձևաչափի կիրառությանը մենք բոլորս ականատես կլինենք մի քանի օրից, երբ թե՛ Երևանում, և թե՛ մարզերում բազմաթիվ միջոցառումներ կանցկացվեն՝ աշխարհահռչակ գիտնականների, նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների, երաժիշտների և արվեստագետների մասնակցությամբ։ Ես ինքս՝ մարդ, ով 30+ տարի զբաղվում է գիտությամբ, մշտապես ոգեշնչվել եմ երաժշտությամբ, ինքս նվագել եմ ու շարունակում եմ տարվել երաժշտությամբ։ Փառատոնի խոսնակ գիտնականներն իրենք նույնպես բազմակողմանի և ունիկալ մարդիկ են, ովքեր իրենց փորձով  ու դասախոսություններով, ես ուղղակի համոզված եմ, գերելու են ներկաներին։ Մենք դրա ականատեսն ենք եղել նախորդ 5 փառատոնների ընթացքում և Հայաստանում նույնն է սպասվում»,—նշեց STARMUS փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրաելյանը։ Ասուլիսի ընթացքում ներկաները փաստեցին, որ իրենք մինչև Գարիկ Իսրաելյանի հետ ծանոթանալը երբևէ չեն մտածել, որ հնարավոր է իրենց կյանքի գործը՝ երաժշտությունն ու երգարվեստը, օգտագործել գիտության հանրայնացման համար և դրանով իսկ նպաստել տվյալ երկրում, որտեղ անցկացվում է փառատոնը, գիտության առավել մատչելի դարձնելուն հասարակության ամենատարբեր տարիքի անդամների համար։ Մասնակիցներից Սերժ Թանկյանը, ով ծագումով հայ է, մատնանշեց նմանօրինակ նախագծի մասնակցության կարևորությունն իր համար, քանի որ հնարավորություն է ունենում ոչ միայն միավորելու հանրությանը երաժշտության ու իր կատարումների շուրջ, այլ երիտասարդրության շրջանում սերմանելու սեր դեպի գիտություն ու դրա կարևորությունը հասցնելու հայ և միջազգային հանրությանը։ «Փոքր ազգերը, շրջափակված ազգերը և պետությունները, որոնք հարուստ չեն բնական պաշարներով, կրթության, գիտության և տեխնոլոգիաների միջոցով կկարողանան հաջողությունների հասնել»,-նշեց նա։ Հարցին, թե արդյոք արհեստական բանականությունը կդրվի իրենց երաժշտության, հիմքում Սայմն Ֆիլիպսը պատասխանեց. «Մենք չենք  պլանավորում արհեստական բանականությունը դնել մեր երաժշտության հիմքում։ Մենք ուղղակի մեր բանականությունը կդնենք։ Իհարկե, գիտական տեսանկյունից արհեստական բանականության կիրառությունը կարող է հետաքրքիր էքսպերիմենտ լինել։ Բայց մենք երաժշտությամբ գրում ենք մարդկանց զգացմունքները։ Իսկ դրանք դեռևս պետք է սովորեցնել արհեստական բանականությանը»։ Իսկ Ռիք Վեյքմանը հավելեց, որ «արհեստական բանականության միջոցով ստեղծված երաժշտությունը քո նախկին փորձռության վրա է հիմնված։ Իհարկե, այդպես կարող ես երաժշտություն ստեղծել։ Բայց ոգեշնչումը...»։ Երաժշտության և գիտության կապի մասին թեման շարունակեց Տիգրան Համասյանը` մասնավորապես նշելով. «Կարծում եմ՝ գիտությունը և երաժշտությունը միշտ միասին են եղել։ Երաժշտությունը բարդ կառուցվածք ունի, և դրանում քիչ տոկոս չի կազմում գիտությունը»։ Այս տարվա Սթարմուսը լի է երաժշտությամբ՝ հրաշալի երաժիշտнերի մասնակցությամբ։ Փառատոնը կբացի Տիգրան Համասյանը, Դերեկ Շերինյանը, Սայմոն Ֆիլիպսը և Ռոնը Բամբլֆուտ Թալը կմիանան նրան։ Սթիվեն Հոքինգի շքանշանի հանձնման արարողության համերգը տարբեր ոճերի համադրություն է՝ Sons of Apollo-ի, Սերժ Թանկյանի, Ռիք Վեյքմանի, Տիգրան Համասյանի մասնակցությամբ։ Չորեքշաբթի օրը Բրայան Մեյի առաջնորդությամբ ևս մեկ համերգ կունենանք, որը կբացի Հայաստանի առաջատար խմբերից մեկը՝ Nemra-ն, Գոռ Սուջյանի և կրտսեր Ջիվան Գասպարյանի մասնակցությամբ։ Մեզ բոլորիս հրաշալի փառատոն է սպասվում՝ շատ հարուստ ծրագրով»,-եզրափակեց իր խոսքը STARMUS փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրաելյանը։ STARMUS VI  փառատոնի մասին STARMUS փառատոնը մինչ այս անցկացվել է Թեներիֆեում (Կանարյան կղզիներ, Իսպանիա), Նորվեգիայում, Շվեյցարիայում: Հայաստանում STARMUS VI գիտության և արվեստի փառատոնը անց է կացվելու «STARMUS VI․ 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է լինելու Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Հատկանշական է, որ Մարս 3-ը տեղափոխել է դեպի Կարմիր մոլորակ հայ մեծանուն ինժեներ  Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (փրոփ-էմ) ռոբոտը։ STARMUS աշխարհահռչակ փառատոնը կապված է Ստիվեն Հոքինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի և աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ, անցկացվում 2011 թվականից և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները։ STARMUS փառատոնը հիմնադրվել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանի և լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից՝ դառնալով համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների, Նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների մտածողների, գիտության մշակույթի ու արվեստի գործիչների միավորող հարթակ, որի շրջանակներում նրանք հանրության հետ կիսվում են իրենց գիտելիքներով, փորձով ու նորագույն հայտնագործություններով։ Նրանց միավորումը մեկ հարթակի շուրջ հնարավոր է դարձնում մեր ժամանակների խնդիրների վերհանումն ու լուծումների շուրջ քննարկումները։
18:16 - 02 սեպտեմբերի, 2022
Բուհերը պատրաստվում են հյուրընկալել «Սթարմուս» փառատոնի բանախոսներին․ ի՞նչ է սպասվում

Բուհերը պատրաստվում են հյուրընկալել «Սթարմուս» փառատոնի բանախոսներին․ ի՞նչ է սպասվում

Մոտ օրերս Հայաստանում կմեկնարկի գիտության և արվեստի «Սթարմուս» փառատոնը, որը ունի նաև Հանրայնացման ծրագիր։ Այս ծրագրի շրջանակում փառատոնի բանախոսները դասախոսություններ կկարդան Հայաստանի դպրոցներում, բուհերում ու կրթական կենտրոններում։ «Ի համալրումն մեր հիմնական փառատոնային ծրագրի, պարոն Իսրայելյանի շնորհիվ դասախոսություններ են լինելու նաև բուհերում՝ հնարավորություն տալով ավելի լայն շրջանակների ներգրավել։ Յուրաքանչյուր բուհի համար պատիվ է իրենց հարկի տակ ունենալ այսպիսի մարդկանց»,- մեր զրույցում ասաց փառատոնի հաղորդակցության և մարքեթինգի պատասխանատու Սիրանուշ Գյուրջինյանը։ Infocom-ը առանձնացրել է այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենալու Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում այդ օրերին։ Այսպես․ Երևանի պետական համալսարանում սեպտեմբերի 5-9-ը հայտարարվելու է «ԵՊՀ-Սթարմուս Նոբելյան շաբաթ»։ Այս միջոցառման շրջանակում սեպտեմբերի 5-9-ը համալսարան են այցելելու Նոբելյան մրցանակի դափնեկիրներ․ սեպտեմբերի 5-ին ԵՊՀ կայցելի ֆիզիկոս Քիփ Թորնը, սեպտեմբերի 6-ին աստղաֆիզիկոս Միշել Մայորը, իսկ սեպտեմբերի 7-ին մանրէաբան և կենսաֆիզիկոս Էմանուել Չարպենտիեն։ Բոլոր դասախոսությունները տեղի կունենան 11:00-ին։ Սեպտեմբերի 9-ին` ժամը 11:00-ին էլ ԵՊՀ-ում նախատեսվում է «Տիեզերք և ներշնչանք» խորագրով պանելային քննարկում՝ հայազգի տիեզերագնաց Ջիմ Բաղյանի, ԵՊՀ շրջանավարտ, Սթարմուս փառատոնի հիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի և գրող Դեյվիդ Ջոն Էյքրի մասնակցությամբ։ Պանելային քննարկման ընթացքում բացման խոսքով հանդես կգա ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ ԵՊՀ-ի լրատվական բաժնից մեզ տեղեկացրին, որ ուսանողներին ներգրավելու համար դասախոսությունների մասին տեղեկությունները համալսարանական ներքին խողովակներով տարածում են, իրազեկման տարբեր ակցիաներ են իրականացնում, հետևաբար բոլորը տեղեկացված կլինեն։ Հայ-Ռուսական համալսարանից տեղեկացրին, որ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14:00-ին, դասախոսությամբ է հանդես գալու Նոբելյան մրցանակի դափնեկիր, ֆիզիկոս (օպտիկա) Դոննա Սթրիքլենդը, սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ին՝ աստղաֆիզիկոս, մոլորակագետ և Հարավարևմտյան հետազոտական ​​ինստիտուտի Բոլդեր գրասենյակի տնօրեն Ջոել Պարկերը, սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին՝ Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայի ֆիզիկոս, Նյու Մեքսիկոյի համալարանի հրավիրված դասախոս Մարկ Բոսլոունը, իսկ սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ին՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի կլիմայագիտության դասախոս, NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայի հատուկ հրավիրյալ գիտնական, Լոնդոնի կլիմայական փոփոխությունների համագործակցության կազմակերպության ղեկավար Քրիս Ռափլին։ Համալսարանից ընդգծեցին, որ հիմնական թեմաները վերաբերում են ֆիզիկային և այդ դասախոսությունների հիմնական շահառուներն են լինելու ապագա ֆիզիկոսները, բայց մուտքն ազատ է լինելու ու դասախոսություններին կարող են ներկա գտնվել բոլոր ցանկացողները. «Բացի այդ՝ մեր համալսարանը ձեռք է բերել 100 տոմս՝ «Սթարմուս» փառատոնի միջոցառումներին մասնակցելու համար և սեպտեմբերի 5-10-ը մեր ուսանողները կարող են ներկա գտնվել «Սթարմուս»-ի բոլոր միջոցառումներին։ Ընդ որում՝ այդ 100 հոգին ֆիքսված չեն լինելու («Սթարմուս»-ի կոնկրետ օրվա միջոցառմանը կարող են ներկա գտնվել տվյալ ուղղության ուսանողներ, իսկ հաջորդ օրվանը՝ այլ ուղղության ուսանողներ)։ Հուսով ենք, որ մեր ուսանողները կօգտվեն այդ հնարավորությունից և ներկա գտնվեն այդ նշանակալի միջոցառումներին»։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը սեպտեմբերի 7-ին հյուրընկալելու է ipod-ի հեղինակ, iPhone-ի համահեղինակ, Nest-ի հիմնադիր Թոնի Ֆադելին։ Ի դեպ, այցի շրջանակում նախատեսվում է նաև Ֆադելի հեղինակած «Build: An Unorthodox Guide to Making Things Worth Making» գրքի շնորհանդեսը։ Սեպտեմբերի 9-ին էլ ՀՊՏՀ-ում դասախոսությամբ հանդես կգա ավիատիեզերական ինժեներ և ESA նախկին գլխավոր տնօրեն Ժան Ժակ Դորդենին։ Տնտեսագիտական համալսարանում այս միջոցառումները նույնպես անցկացվելու են 11:00-ին։ ՀՊՏՀ-ի լրատվական բաժնից մեզ հայտնեցին, որ նախապատրաստվում են փառատոնին, իսկ ուսանողներին հնարավորություն է տրվել ստանալ «Սթարմուս» փառատոնի անվճար տոմսեր։ Ուսանողները տոմսերը ստանալու համար պետք է ներկայացնեն մոտիվացիոն նամակ այն մասին, թե ինչու են ուզում մասնակցել փառատոնին։ Որոշակի հնարավորություններ են ստեղծվել նաև աշխատակիցների համար։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը սեպտեմբերի  6-ին կհյուրընկալի Լոնդոնի համալսարանական քոլեջի կլիմայագիտության դասախոս Քրիս Ռափլին, իսկ սեպտեմբերի 7-ին՝  «Սատլանտիս» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն, արդյունաբերական ճարտարագետ, տնտեսագետ Խուան Թոմաս Հերնանին։ Ագրարային համալսարանից մեզ տեղեկացրին, որ այժմ իրականացվում են կազմակերպչական աշխատանքներ, իսկ սպասվող միջոցառումների  մասին տեղյակ են պահել ուսանողներին ու աշխատակիցներին։  Բոլոր դասախոսությունների անցկացման ժամը 11:00-ն է։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում սեպտեմբերի 5-ին դասախոսությամբ հանդես կգա համակարգերի ինժեներ Նագին Կոքսը, սեպտեմբերի 6-ին՝ ipod-ի հեղինակ, iPhone-ի համահեղինակ, Nest-ի հիմնադիր  Թոնի Ֆադելը, սեպտեմբերի 7-ին՝ ավիատիեզերական ինժեներ և ESA նախկին գլխավոր տնօրեն Ժան Ժակ Դորդեյնը, սեպտեմբերի 8-ին՝  քիմիկոս, կենսաֆիզիկոս Քըրթ Վյութրիխը։ Պոլիտեխնիկական համալսարանից տեղեկացրին, որ այս պահին ընթանում են կազմակերպչական աշխատանքներ, ինչպես նաև օգտագործում են բոլոր հարթակներն ու հնարավորությունները՝ ուսանողներին ներգրավելու համար։ Հայաստանի ամերիկյան համալսարանում էլ սեպտեմբերի 6-ին դասախոսություն կկարդա համակարգերի ինժեներ Նագին Կոքսը, որը կպատմի, թե որքան ակտիվ դեր կարող ենք խաղալ յուրաքանչյուրս տիեզերքի ուսումնասիրման գործում։ Սեպտեմբերի 7-ին Ամերիկյան համալսարանը կհյուրընկալի Լոնդոնի համալսարանական քոլեջի կլիմայագիտության դասախոս Քրիս Ռափլիին, իսկ սեպտեմբերի 8-ին մանրէաբան և կենսաքիմիկոս Էմանուել Չարպենտիեն։ Դասախոսությունները կանցկացվեն 11:30-ին։ Երևանի «Հայբուսակ» համալսարանը սեպտեմբերի 8-ին կհյուրընկալի աստղաֆիզիկոս Խավիեր Բարկոնսին, իսկ սեպտեմբերի 9-ին՝ քիմիկոս, կենսաֆիզիկոս Քըրթ Վյութրիխին։ Երկու դասախոսություններն էլ կանցկացվեն 11:00-ին։ Բոլոր դասախոսությունների մուտքը ազատ է։ Հյուրերը դեռևս չեն բացահայտել դասախոսությունների հիմնական թեմաները։ Նշենք նաև, որ «Սթարմուս» փառատոնը կազմակերպչական աշխատանքների համար ուսանողների է ներգրավել գործընկեր բուհերից։    Նանե Ավետիսյան
17:03 - 02 սեպտեմբերի, 2022
Որոնք են STARMUS VI փառատոնի հիմնական դասախոսությունների հարթակները․ աշխարհահռչակ բանախոսների ելույթները կոնֆերանսների ընթացքում

Որոնք են STARMUS VI փառատոնի հիմնական դասախոսությունների հարթակները․ աշխարհահռչակ բանախոսների ելույթները կոնֆերանսների ընթացքում

Սեպտեմբերի 5-10-ը կայանալիք STARMUS VI փառատոնի ծրագրի կարևոր բաղկացուցիչ մասն են կազմում սեպտեմբերի 6-9-ը «Բացահայտիր տիեզերքը և փոխիր աշխարհը» (Discover the Cosmos and Change the World)  սեպտեմբերի 8-9-ը  «Տիեզերական տեխնոլոգիաները երեկ և վաղը» (Space Technologies yesterday and tomorrow) կոնֆերանսները։  Կոնֆերանսների ընթացքում բանախոսները, ովքեր գիտության ոլորտում կարևոր ներդրում ունեցող անհատներ են` աստղագետներ, ֆիզիկոսներ, տիեզերագնացներ, քիմիկոսներ, այդ թվում նաև Նոբելյան մրցանակակիրներ, կխոսեն ամենատարբեր թեմաների շուրջ` անցյալի կարևոր բացահայտումներն ու նվաճումները կապելով տեխնոլոգիական ապագայի հետ։  «Բացահայտիր տիեզերքը և փոխիր աշխարհը» կոնֆերանսը տեղի կունենա սեպտեմբերի 6-9-ը՝ ժամը 15։00-19:00, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի Հիմնական սրահում, որի ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները.  Սեպտեմբերի 6  Թոնի Ֆադել (ipod-ի հեղինակ, iPhone-ի համահեղինակ և Nest-ի հիմնադիր) Տեխնոլոգիական սիներգիաները Երկրի և տիեզերքի միջև  Դոննա Սթրիքլենդ (Ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր) Ինչպե՞ս կտրել ապակին լազերով  Էմմանուել Չարպենտիե (Մանրէաբան և կենսաքիմիկոս, Նոբելյան մրցանակակիր) Գենային թերապիա  Մոուրին Ռեյմո (Պալեո կլիմայագետ) Կլիմայական փոփոխություն. Արդյո՞ք շատ ուշ է  Ժան֊Ժակ Դորդեյն (Ավիատիեզերական ինժեներ և ESA նախկին գլխավոր տնօրեն) Ուղերձ Երկրից` Երկիր մոլորակի մարդկանց  Բերնհարդ Շոլքոֆ (Համակարգչային գիտնական) ֊ Արհեստական բանականությունը խելացի՞ է։  Քըրթ Վյութրիխ (Քիմիկոս, Նոբելյան մրցանակակիր) Ի֊ՌՆԹ և մեր մարմնի գործունեությանն աջակցող այլ կենսաբանական մակրոմոլեկուլներ Դեյվիդ Զամբուկա. Դու Մարսեցի՞ ես  Սեպտեմբերի 7  Լուիս Ֆրիդման (Աստղաֆիզիկոս) 50 տարի Մարսի վրա: Mars 3֊ից և Mariner 9֊ից մինչև Starship  Բեթանի Էլման (Մոլորակագետ) Գիտական հայտնագործություններ Մարսի վրա․ այսօր և վաղը  Սքոթ Հաբըրդ (Ֆիզիկոս ) Մարսի հետազոտությունները. Վերակառուցում Միշել Մայոր (Աստղաֆիզիկոս, Նոբելյան Մրցանակակիր) Միլիարդավոր մոլորակներ Տիեզերքում  Լիզա Կալտենեգգեր (Աստղաֆիզիկոս) Երկրագնդի նման մոլորակներ Դեյվիդ Գրինսփուն (Աստղակենսաբան) Կլիմայական աղետներ Վեներայի, Երկրի և Մարսի վրա  Սեպտեմբերի 8  Ջիմ Բաղյան (Տիեզերագնաց և ֆիզիկոս) Մարդը տիեզերքում- Բժշկական և ֆիզիոլոգիական մարտահրավերներ  Խավիեր Բարկոնս (Աստղաֆիզիկոս, ESO֊ի Գլխավոր տնօրեն) Ոտքերը` գետնին, աչքերը` դեպի երկինք. 60 տարի բացահայտելով տիեզերքի գաղտնիքները և նայելով առաջ  Վու Ջի (Օդատիեզերական ինժեներ և NSSC-ի նախկին գլխավոր տնօրեն) Չինական տիեզերական ծրագիր  Քամ Գաֆարիան (Գաղափարահեն ձեռներեց, X-energy, Axiom Space-ի հիմնադիր) Կառուցելով տնտեսություն Երկրից դուրս  Քիփ Թորն (Ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր) և Լիա Հալլորան (Արտիստ) Պոեզիա, արվեստ և գիտություն. Տիեզերքի աղավաղված կողմը  Դիանա Էյքերման (Պոետ և Նատուրալիստ) ֊ Ի՞նչ է կյանքը ֊ Երկրի վրա և աստղերի ապարանքներում  Մարկ Բոսլոու (Մոլորակագետ) Աստերոիդները գործողության մեջ - Կրակ գետնի վրա  Պանելային քննարկում Անդրեյ Սախարով 100, Թեմա Գիտության և տեխնոլոգիաների պատասխանատվությունն ու էթիկան  Մոդերատոր Սոֆի Շեվարնաձե  Մասնակիցներ` Էմմանուել Չարպենտիե, Գարիկ Իսրաելյան, Ռիչարդ Մարկո, Թոնի Դոն  Սեպտեմբերի 9  Չառլի Դյուկ (Լուսնագնաց, Apollo 16 ծրագիր) Քայլելն ու վարելը Լուսնի վրա Ջորջ Նիլդ (Տիեզերագնաց և ինժեներ) Տիեզերական տուրիզմ՝ այսօր և վաղը Փոլ Ֆրենկլին (Տեսողական էֆեկտների ղեկավար) Տեսողական էֆեկտներ. Գիտությունից մինչև արվեստ  Թոնի Դոն (Ծրագրի ղեկավար և EUROfusion-ի գործադիր տնօրեն) Շղթայական ռեակցիաներ. աստղի ստեղծում Երկրի վրա  Քրիս Հեդֆիլդ (Տիեզերագնաց, ինժեներ, կործանիչների օդաչու և հեղինակ) Տիեզերագնացի ուղեցույց՝ Տիեզերքում քայլելու համար  Ջորջ Սմութ (Ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր) Տիեզերքի ծագումը Լեոն Սթոք (Ինժեներ, IBM) Քվանտային համակարգիչների վերջին ձեռքբերումները Պանելային քննարկում Տիեզերական մրցավազք 2 Չառլի Բոլդենի, Ժան֊Ժակ Դորդեյնի և Վու Ջիի հետ  «Տիեզերական տեխնոլոգիաները երեկ և վաղը» կոնֆերանսը տեղի կունենա սեպտեմբերի 8֊9֊ը, ժամը` 11։00֊ 13։30, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի Փոքր համերգասրահում։ Կոնֆերանսի բանախոսների և նրանց ելույթների մանրամասները ներկայացված են ստորև.  Սեպտեմբերի 8  Ժան֊Ժակ Դորդեյն (Ավիատիեզերական ինժեներ և ESA նախկին գլխավոր տնօրեն) - Բացում  Ջորջ Նիլդ (Տիեզերագնաց և ինժեներ) - Կոմերցիոն տիեզերական դարաշրջան Նագին Կոքս (Համակարգային ինժեներ) ֊ Տիեզերքը և տեխնոլոգիաները. Մարսի մակերևույթի գործընթացները  Ջոել Փարքեր (Աստղաֆիզիկոս) - Մինչև Արեգակնային համակարգի եզրը և դրանից այն կողմ. Թռչելով NASA-ի Horizons առաքելության հետ միասին  Մայքլ Կեզիրիան (Հարավային Կառոլինայի համալսարանի հրավիրյալ դասախոս, Century Fathom-ի նախագահ և Միջազգային տիեզերական անվտանգության հիմնադրամի նախագահ) Տիեզերական կայունություն. Ուղեծրային տիեզերական միջավայր և ինտեգրում (օդային տարածքի հետ)  Խուան Թոմաս Հերնանի (Բնապահպան֊գիտնական) ֊ Արբանյակների թրենդներն ու տեխնոլոգիաներն այսօր  Սալեմ Հումեյդ Ալ Մարի (Մոհամմեդ Բին Ռաշիդ (Տիեզերքի Կենտրոնի Գլխավոր տնօրեն) - ԱՄԷ տիեզերական ծրագրը՝ Երկրից Մարս մոլորակ և դրանց միջև Երվանտ Զորյան (Synopsys Հայաստանի նախագահ) Խելացի չիպերի տեխնոլոգիաներ` տիեզերական տեխնոլոգիաների հիմնաքարը  Սեպտեմբերի 9  Հարոլդ «Սոննի» Ուայթ. Միջմոլորակային թռիչք, Լուսնի այլընտրանքային նկարը Գարետ Ռեյզման (Ինժեներ, NASA-ի նախկին տիեզերագնաց) -SpaceX - Հիանալի ճամփորդություն Falcon֊ից դեպի Starship  Ադամ Բարրոուս (Աստղաֆիզիկական գիտությունների պրոֆեսոր) ֊ Տիեզերական նոր տնտեսության հիմնախնդիրներ. տիեզերական մնացորդներ, տիեզերական երթևեկության կառավարում  Արմեն Քերլոփյան (Տվյալագետ, հետազոտող, ձեռնարկատեր, ներդրող և AI-ի փորձագետ) Տիեզերական առողջության հինգ վտանգները  Արբի Կարապետյան (NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայում թռիչքի էլեկտրոնիկայի բաժնի ղեկավար) Տիեզերքից Երկիր - NASA/jpl օդափոխման համակարգը COViD - 19 հիվանդների համար  Ալֆրեդ ՄքԻվեն (Մոլորակային երկրաբան և Մոլորակային պատկերների հետազոտական լաբորատորիայի (PIRL) տնօրեն) ֊ Մոլորակների մակերևույթների բարձր որակի պատկերում։ STARMUS VI փառատոնի մասին  STARMUS փառատոնը մինչ այս անցկացվել է Թեներիֆեում (Կանարյան կղզիներ, Իսպանիա), Նորվեգիայում, Շվեյցարիայում:  Հայաստանում STARMUS VI գիտության և արվեստի փառատոնը անց է կացվելու «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է լինելու Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Հատկանշական է, որ Մարս 3-ը տեղափոխել է դեպի Կարմիր մոլորակ հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (փրոփ-էմ) ռոբոտը։  STARMUS աշխարհահռչակ փառատոնը կապված է Ստիվեն Հոքինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի և աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ, անցկացվում 2011 թվականից և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները։  STARMUS փառատոնը հիմնադրվել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանի և լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից՝ դառնալով համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների, Նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների մտածողների, գիտության մշակույթի ու արվեստի գործիչների միավորող հարթակ, որի շրջանակներում նրանք հանրության հետ կիսվում են իրենց գիտելիքներով, փորձով ու նորագույն հայտնագործություններով։ Նրանց միավորումը մեկ հարթակի շուրջ հնարավոր է դարձնում մեր ժամանակների խնդիրների վերհանումն ու լուծումների շուրջ քննարկումները։  
12:37 - 02 սեպտեմբերի, 2022
Հայաստանը լի է աստղագիտության պատմությամբ․ Starmus փառատոնին ընդառաջ մեկնարկեց Ատղալուսանկարչության դպրոցը

Հայաստանը լի է աստղագիտության պատմությամբ․ Starmus փառատոնին ընդառաջ մեկնարկեց Ատղալուսանկարչության դպրոցը

Այսօր Աղվերանում մեկնարկեցին Աստղալուսանկարչության դպրոցի աշխատանքները, որն անցկացվում է Starmus փառատոնի շրջանակում։ 3 օր շարունակ դպրոցի մասնակիցները կլսեն համաշխարհային ճանաչում ունեցող աստղալուսանկարիչների դասախոսությունները, իսկ երեկոյան ժամերին գործնական պարապմունքների կմասնակցեն՝ լուսանկարելով հայկական բնաշխարհն ու աստղազարդ երկինքը։ Հայազգի լուսանկարիչ Օշին Զաքարյանը դպրոցի բանախոսներից մեկն է, նա մասնակիցներին ծանոթացնում է աստղալուսանկարչության հիմունքներին թվային հայելային ֆոտոխցիկի միջոցով։ Զաքարյանն ասում է, որ այս դասընթացի ժամանակ բացատրելու է, թե ինչպես աստղալուսանկարչության սիրահարները կարող են սկսել այս հետաքրքիր մասնագիտությամբ զբաղվել ու վստահեցնում՝ լուսանկարչական թանկարժեք ապարատներ ունենալը պարտադիր չէ, հատկապես Հայաստանի նման երկրում․ «Հայաստանը մաքուր երկինք ունի։ Երևանից մի փոքր հեռանալուց հետո կարող եք աստղերը շատ պարզ տեսնել, և այս հնարավորությունը շատ դրական է Հայաստանի լուսանկարիչների համար։ Ես Հայաստանում գիտեմ մի քանի լուսանկարիչների, որոնք շատ լավ են աշխատում։ Հայաստանում լուսանկարչության շատ լավ ասպարեզներ կան, պատմության տեսանկյունից»։ Հայազգի աստղալուսանկարիչ Օշին Զաքարյանը Զաքարյանը միայն երկինքը չի նկարում․  երկնային տեսարանները նկարում է բնության, ճարտարապետության հետ միասին։ Նա արդեն 25 տարի է՝ զբաղվում է  աստղալուսանկարչությամբ։ Իր սիրելի մասնագիտությամբ սկսել է զբաղվել իր ծննդավայրում՝ Իրանում․ «Շատ վաղ հասակից սիրահարվեցի աստղագիտությանը և սկսեցի սովորել համաստեղությունների անունները, աստղերի անունները։ Իմ լուսանկարների մեջ կա ճարտարապետություն, լույս, շվաք, տարբեր գեղեցկությունները ես լուսանկարում եմ իմ տեսանկյունից»։ Նա ասում է, որ ի տարբերություն լուսանկարիչների, աստղալուսանկարիչները պետք է տիեզերքի մասին հիմնական գիտելիքներ ունենան։ Astronomy ամսագրի գլխավոր խմբագիր Մայքլ Ի․ Բակիչն էլ «Ինչ է ուզում Astronomy ամսագիրը» թեմայով դասախոսությամբ էլ  հանդես եկավ՝ պատմելով, թե ինչ խնդիր է լուծում ամսագիրը և ինչ խնդիրների է անդրադառնում։  Բակիչը ամսագրում աշխատում է արդեն 20 տարի։ Նա պատմում է, որ ամսագրում կա գիտության բաժին, որտեղ ներկայացվում են աստղագիտության մասին ամենավերջին բացահայտումները, նաև աստղագիտության պատմությունը։ «Օրինակ, Հայաստանը լի է աստղագիտության պատմությամբ, Հայաստանը շատ գեղեցիկ է, ես սիրահարված եմ Հայաստանին։ Ամսագրի մյուս հատվածը նվիրված է սիրողական աստղագետներին և ոչ պրոֆեսիոնալներին մարդկանց, ովքեր ցանկանում են իմանալ, թե լուսանկարչական ինչ ապարատ կարող են գնել, ուր գնան, որպեսզի լավ լուսանկարներ ստանան և ինչպես լավ լուսանկարեն»։Astronomy ամսագրի գլխավոր խմբագիր Մայքլ Ի․ Բակիչը դասախոսության ընթացքում Աստղալուսանկարչության այս դպրոցին մասնակցում են նաև տարբեր երկրներից Հայաստան եկած մարդիկ։ Արևիկ Հակոբյանն, օրինակ, Բելգիայից է եկել Հայաստան՝ հատուկ աստղագիտության այս դպրոցին մասնակցելու համար։  Նա մասնագիտությամբ ոսկերիչ է ու հետաքրքրված է աստղալուսանկարչությամբ։ Արևիկը հույս ունի, որ եռօրյա դասընթացի արդյունքում կկարողանա սեփական լուսանկարը ունենալ․   «Ես վաղուց հետաքրքրված եմ աստղագիտությամբ և որոշեցի, որ անպայման ներկա լինեմ այս դասընթացին ու ստացվեց այնպես, որ եկա Հայաստան»։ Դասընթացի մասնակիցներից մեկն էլ Մանվել Աբրահամյանն է։ Մանվելն ապագայում  ֆիզիկոս է դառնալու, աստղալուսանկարչության այս դպրոցն էլ առնչվում է նրա ապագա մասնագիտության հետ, ուստի որոշել է մասնակցել դպրոցին։ Նա ոգևորությամբ է սպասում առաջիկա դասընթացներին։ Աստղալուսանկարչության դպրոցի մասնակիցները
20:53 - 31 օգոստոսի, 2022
Մեզանում գիտությունը գովազդելու, մասսայականացնելու կարիք կա. Գարիկ Իսրայելյան  


 |armenpress.am|

Մեզանում գիտությունը գովազդելու, մասսայականացնելու կարիք կա. Գարիկ Իսրայելյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում պետք է ուժեղացնել գիտության մասսայականացումը, որում պետք է ներգրավված լինեն թե՛ պետությունը, թե՛ կրթության ոլորտը, թե՛ մեդիան։  «Արմենպրես»-ի հետ զրույցում աստղաֆիզիկոս, «Սթարմուս» փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը նշեց, որ գիտությունը գովազդվելու կարիք ունի, և այդ գործին պետք է նվիրվեն հենց գիտնականները։ Փառատոնը ևս կարելի է որպես գիտության գովազդ դիտարկել։  Վերջինիս խոսքով՝ Հայաստանում հնարավոր չէ գիտության բոլոր ուղղությունները զարգացնել։ Կարելի է ընտրել պրակտիկ, կիրառելի գիտության ոլորտները։ Ընդգծեց, որ ուրախ է գիտության ֆինանսավորման բարձրացման համար։ Իր կարծիքով՝ պետք է Հայաստանում ուժեղացնել գիտության մասսայականացումը, որում պետք է ներգրավված լինի թե՛ պետությունը, թե՛ կրթության ոլորտը, թե՛ մեդիան։  «Առնվազն երկու ուղղությունով է պետք աշխատել։ Առաջինը՝ գիտության ֆինանսավորման բարձրացումն է, որը պետությունն արդեն արել է։ Եթե մենք ուզում ենք համալսարաններում ունենալ բարձ կարգի դասխոսություններ, ծրագրեր, պետք է ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետներ։ Թե ինչ ձևերով և ինչ բանաձևերով, պետության միջամտությամբ, թե հենց անմիջապես բուհի՝ չեմ կարող ասել։   Գիտությունը պետք է գովազդվի, մասսայականացվի։ Այդ գործին պետք է նվիրվեն լավ գիտնականները, փառատոնը կարող ենք նաև որպես գիտության գովազդ դիտարկել։ Ես գիտեմ, որ գիտնականների մեծ մասը հեռու է մնում թե՛ մեդիայից, թե՛ հանրային ճանաչումից, բայց իրենք պետք է ներգրավված լինեն գիտությունը հանրայնացնելու գործում։ Ի դեպ, գիտնականների մեծ մասն էլ շատ մեծամիտ են, որը խանգարում է գործին։ Սա կազմակերպելու համար ճիշտ բանաձևեր են պետք»,- ընդգծեց Իսրայելյանը։  Աստղաֆիզիկոսը նշեց՝ ինքը և համահիմնադիր Բրայան Մեյը ամեն ինչ արել են, որ  «Սթարմուս» հրավիրված գիտնականներն ու երաժիշտները բարձր մակարդակ ունենան։ Պատմեց՝ շատ են եղել դեպքեր, երբ հրավիրյալներից ոմանք ասել են, որ չեն խոսի մի հարթակում, որտեղ քիչ են օրինակ Նոբելյան մրցանակակիրները։ Նման գիտնականներ մեր փառատոնին անհրաժեշտ չեն։ Մասնակիցները պետք է հնարավորություն ունենան անձամբ շփվել բոլոր բանախոսների հետ։ Ներկայումս հրավիրյալների մոտ չկա խանդ, մեծամտություն, բարդույթներ։ Կա մի բարձր մակարդակ, որից հետո բարդույթները վերանում են։ Փառատոնին հենց նման մասնագետներ են հրավիրվում։   «Սթարմուս»-ի պատմությունը պատմելով՝ Իսրայելյանը նշեց՝ Բրայան Մեյի հետ հանդիպել է 1998-ին, այն ինստիտուտում, որտեղ ինքն էր աշխատում Բրայանը աստղաֆիզիկայի գծով դիտումներ էր կատարում, որից հետո թողել էր գիտությունն ու սկսել զբաղվել երաժշտությամբ։ Իսրայելյանը պատմեց, իր աշխատանքի տարիներին հետաքրքիր գիտաֆանտաստիկ ֆիլմի գաղափար է ունեցել, գրել է, որն էլ ընկել է Բրայանի ձեռքը։ Հանդիպել են, քննարկել, որից հետո հանդիպումներն ավելի հաճախակի են դարձել, և իրենք մտերմացել են։ Անկեղծանում է՝ ապշած էր, երբ առաջին անգամ հանդիպել էր նրան. դեռ մանկուց հետևում էր «Քուին» խմբին ու հենց Բրայանին։ Պատմեց նաև, որ կիթառահարը հաճախ էր գալիս այն կղզի, որտեղ Իսրայելյանն էր աշխատում։ Բրայանը ծնողների մահից հետո փոշին Տեներիֆ է տարել և հայտարարել, որ իր մահից հետո իր փոշին ևս այդ կղզի տանեն։ Բրայանի ու կղզու կապը մեծ էր։  «Հանդիպումներից մեկի ժամանակ քննարկում էինք, թե ինչու գիտությանն ուշադրություն չի դարձվում։ Մտածում էինք, ինչ անել որ գիտությունն ավելի սովորական դառնա։ Մեզ մոտ էլ 2009-ին ամենամեծ աստղադիտակը պետք է բացվեր, որի ժամանակ համերգ էինք պլանավորում։ Համերգը չկայացավ, բայց ոգևորությունն այնքան շատ էր, որ զարգացրինք գաղափարն ու արդեն 2011-ին կայացավ «Սթարմուս»-ի առաջին փառատոնը։ Հենց սկզբից էլ մտածել էինք փառատոնի ձևաչափը. այն կենտրոնացած է աստղագիտության, տիեզերական ուսումնասիրությունների, երաժշտության, արվեստի ներկայացմանը, ինչպես նաև հարակից այնպիսի գիտությունների, ինչպիսիք են կենսաբանությունն ու քիմիան»,- պատմեց Իսրայելյանը։  Նրա խոսքով՝ մարդիկ հաճախ չեն հասկանում գիտության ու երաժշտության կապը։ 2005 թվականին Գարիկ Իսրայելյանը հավաքագրել է աստղերի ներսում առաջացող ձայների մի ունիկալ գրադարան։ Ինքն ու Բրայանը իրենց առաջ պարզ խնդիր են դրել. այդ ձայներով երաժշտություն գրել։  «Հասկացանք, որ երաժիշտների մի մեծ բանակ շատ ոգեշնչված է գիտությամբ, ավելի կոնկրետ՝ տիեզերքով։ Կան երաժիշտներ, որոնք այդ ոգեշնչմամբ երաժշտություն են գրում և կան գիտնականներ, որոնք ոգեշնչվում են երաժշտությամբ»,- նշեց աստղաֆիզիկոսը։  Նրա խոսքով՝ ձևաչափը բացառիկ էր, դա էր պատճառը, որ հենց առաջին փառատոնին Նիլ Արմսթրոնգը մասնակից դարձավ՝ չնայած նրան, որ նա ոչ մի կոնֆերանսի երբեք չէր գնում։ Իսրայելյանի խոսքով՝ փառատոնի պոտենցիալին քչերն էին հավատում, բայց Արմսթրոնգի այցը բոլորին էր ապշեցրել. փառատոնը հաջողեց։  Աստղաֆիզիկոսը պատմեց՝ հինգերորդ փառատոնի ժամանակ հրավիրել են Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանին։ Նա նշեց, որ Սարգսյանը մեծ ոգևորությամբ մասնակցեց ու պնդեց, որ «Սթարմուս»-ը նաև Հայաստան գա։   «Այն Հայաստան բերելու շուրջ խոսեցի «Սթարմուս»-ի հոգաբարձուների խորհրդի հետ. մի քանի խնդիր առաջ քաշվեց։ Արդյոք մարդկանց կհետաքրքրի՞ փառատոնը, արդյոք մեդիան կհետաքրքրվի՞ դրանով, կգտնվե՞ն հովանավորներ։ Որոշեցինք ռիսկի դիմել։ Հայաստան բերելը էքսպերիմենտ է «Սթարմուս»-ի համար, որին մեր հոգաբարձուների խորհուրդը հարցականով էր նայում: Բոլորս գիտենք, որ «Սթարմուս»-ը արտակարգ կանցներ ցանկացած եվրոպական երկրում, և շատ հրավերներ կունենայինք, բայց որոշեցինք գալ Հայաստան՝ տեսնելու թե´ ժողովրդի, թե´ մեդիայի, թե´ տեղական բիզնեսի արձագանքն այս փառատոնի նկատմամբ»,- ասաց Իսրայելյանը։  Ցավոք, փառատոնը այս տարի ոչ մի տեղական հովանավոր չունի, մինչդեռ Նորվեգիայում տեղական ընկերությունները հերթ էին կանգնել «Սթարմուս»-ի հետ համագործակցելու համար: Գուցե այս երկու ամսվա ընթացքում Հայաստանում վիճակը փոխվի՞:  Նրա խոսքով՝ փառատոնին մասնակցում են շատ իրավաբաններ, բժիշկներ և ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ, գիտնականներ քիչ են լինում: Փորձել են նաև Հայկական ՏՏ համայնքին մասնակից դարձնել, բայց առայժմ դժվարանում է խոսել արդյունքներից։   Շարունակությունը՝ armenpress.am-ում 
13:40 - 17 հունիսի, 2022
Հայաստանում անցկացվելիք համաշխարհային STARMUS փառատոնի համար կազմվել է միջոցառումների հավելյալ ծրագիր

 |armenpress.am|

Հայաստանում անցկացվելիք համաշխարհային STARMUS փառատոնի համար կազմվել է միջոցառումների հավելյալ ծրագիր |armenpress.am|

armenpress.am: STARMUS փառատոնի շնորհիվ Հայաստանը սեպտեմբերի առաջին տասնօրյակում կդառնա գիտության, տեխնոլոգիաների, արվեստի ու երաժշտության համաշխարհային կենտրոն՝ հյուրընկալելով մեծանուն գիտնականների ու աստղերի։ Այս մասին  հունիսի 16-ի մամուլի ասուլիսին նշեց STARMUS փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը: Մամուլի ասուլիսը կրում էր ոչ սովորական ձևաչափ հիմնական բանախոսը՝ STARMUS փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, հեռավար միացումով հյուրընկալել էր STARMUS խորհրդի անդամ Դեյվիդ Այքերին (David Eicher, Board member), Նոբելյան մրցանակակիր, նեյրոգետ Էդվարդ Մոսերին (Edvard Moser, Nobel laureate, Neuroscientist) և երաժիշտ Դերեկ Շերինյանին: Հնչեցին Բրայան Մեյի և Սերժ Թանկյանի ուղերձները։ Գարիկ Իսրայելյանի խոսքով՝  STARMUS-յան փառատոնի հիմնական ծրագրի մաս է կազմում Կոնֆերանս «Բացահայտիր տիեզերքը և փոխիր աշխարհը» (Discover the cosmos and change the world), որն անց է կացվելու Մարզահամերգային համալիրի տարածքում, ակնկալվում է շուրջ 7000 մասնակցի ներկայություն։ «Կարևոր է նաև նշել Սթիվեն Հոքինգի մեդալի հանձնման արարողությունը, որը ողջ աշխարհում ճանաչված է որպես գիտության հանրայնացման համար տրվող «Օսկար»։ «108 րոպե Կլոր-սեղան քննարկում» Նոբելյան մրցանակակիրների մասնակցությամբ, սթար փարթի (Star Party)՝ հատուկ միջոցառում աշխարհահռչակ հյուրերի և տեղացի ներկայացուցիչների մասնակցությամբ, որն անցկացվելու է Գառնիում։ Այստեղ տեղակայվելու են փառատոնի շրջանակներում Հայաստան բերված մեծաթիվ աստղադիտակներ»,- նշեց Իսրայելյանը։ Իսրայելյանն ընդգծեց, որ անցկացվելու են նաև հատուկ հայաստանյան փառատոնի համար կազմված հավելյալ միջոցառումներ: «Գիտության ճամբար՝ Science Camp, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքը վերածվելու է գիտության ու տեխնոլոգիաների մասշտաբային կենտրոնի, ուր ամենահասանելի ձևաչափերով մեծ թեմատիկ տաղավարներով փոքրերին ու մեծերին կներկայացվեն գիտության նորագույն նվաճումներն ու ձեռքբերումները։ Ակնկալվում է շուրջ 100,000 այցելուի մասնակցություն՝ ինչպես Երևանից, այնպես էլ՝ ՀՀ մարզերից և Արցախից։ Տիեզերական տեխնոլոգիաներ՝ Space Technologies երկօրյա կոնֆերանսը, որը փառատոնի շրջանակներում անցկացվելու է Մարզահամերգային համալիրում, ներգրավելու է շուրջ 20 համաշխարհային ճանաչում ունեցող խոսնակների, այդ թվում՝ տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող Satlantis ընկերությունից։ Ծրագիրը հայաստանյան բուհերի մասնակցությամբ կարևոր միջոցառումների շարք է, որն իրականացվելու է գործընկեր բուհերի հետ համագործակցության շրջանակներում և հնարավորություն է ընձեռելու ուսանողներին իրենց մայր բուհերում ունկնդրելու մեծանուն և համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներին»,- նշեց աստղաֆիզիկոսը։ Իսրայելյանի խոսքով՝ իրենց համար շատ կարևոր է առավելագույնս հասանելի դարձնել փառատոնը երիտասարդությանը, հասարակության ամենալայն շրջանակներին, և ի տարբերություն Եվրոպայի, ուր փառատոնի մասնակցության տոմսերի արժեքը հասնում էր 700 եվրոյի, հայաստանյան փառատոնի համար որոշվել է սահմանել հնարավոր նվազագույն մատչելի գին՝ 25,000 ՀՀ դրամ, ուսանողների համար այն կզեղչվի և կդառնա 20,000 ՀՀ դրամ: STARMUS-ի ձևաչափը ունիկալ է նրանով, որ հանրայնացնում է գիտությունը, այն մոտեցնում է երիտասարդությանը՝ ոգեշնչելով նոր հետազոտություններ ու հայտնագործություններ անելու հարցում։  Հայաստանը սեպտեմբերին հյուրընկալելու է աշխարհահռչակ տիեզերագնացների՝ Չարլզ Բոլդենին (Charles Bolden), Քրիս Հադֆիլդին (Chris Hadfield), Ջիմ Բագյանին (Jim Bagian), Ջորջ Նիլդին (George Nield), Չառլի Դյուկին (Charlie Duke), Նոբելյան մրցանակակիրների՝ Էդվարդ Մոուզերին (Edvard Moser), Քիփ Թորնին (Kip Thorne),  Էմմանուել Շարպենտիեին (Emmanuelle Charpentier), գիտնականների՝ Թոնի Ֆադելին (Tony Fadell), Բրայան Գրինին (Brian Greene), Դոննա Սթրիքլենդին (Donna Strickland), արտիստների՝ Sons of Apollo խմբին, Ռիք Վեյքմանին (Rick Wakeman), Սերժ Թանկյանին (Serj Tankian), Տիգրան Համասյանին (Tigran Hamasyan), Անդրեյ Մակարևիչին (Andrey Makarevich), Դերեկ Շերինյանին (Derek Sherinian), մի շարք այլ միջազգային ճանաչում ունեցող արտիստների ու գիտնականների, ովքեր Հայաստան կայցելեն հատուկ փառատոնին մասնակցելու նպատակով:   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
13:15 - 16 հունիսի, 2022