Հյուսիսային Կորեա

Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն, ԿԺԴՀ, Հյուսիսային Կորեա, պետություն Արևելյան Ասիայում՝ Կորեական թերակղզու հյուսիսային մասում։ Սահմանակցում է Չինաստանի հետ հյուսիսում, Ռուսաստանի հետ հյուսիս-արևելքում, իսկ հարավում սահմանկցում է Կորեայի Հանրապետության (Հարավային Կորեա) հետ, որից բաժանված է ապառազմականացված գոտով։ Արևմուտքից երկրի հողերը ողողում է Դեղին, արևելքից՝ Ճապոնական ծովը։ Մայրաքաղաքն է Փհենյանը։

ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան սեփական անվտանգության սպառնալիք են անվանել ՌԴ-ի եւ Հյուսիսային Կորեայի պայմանագիրը
 |news.am|

ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան սեփական անվտանգության սպառնալիք են անվանել ՌԴ-ի եւ Հյուսիսային Կորեայի պայմանագիրը |news.am|

news.am: Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Չո Թհե Յոլը եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել են, որ համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը ՌԴ-ի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ սպառնալիք է ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի անվտանգությանը։ Այս մասին տեղեկացրել է Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Կողմերը կարծում են, որ Ռուսաստանի եւ Հյուսիսային Կորեայի ռազմական եւ տնտեսական համագործակցության ամրապնդումը լուրջ սպառնալիք է Կորեական թերակղզու կայունությանն ու խաղաղությանը եւ Կորեայի Հանրապետության եւ ԱՄՆ-ի անվտանգությանը»,- հայտնել են Սեուլում։ Չո Թհե Յոլը եւ Բլինքենը զրուցել են հունիսի 20-ին լրատվամիջոցների օգնությամբ։ Նրանք քննարկել են նաեւ պատասխան միջոցները։ Յոլը պատմել է նոր պատժամիջոցների եւ արտահանման վերահսկման ընդլայնման մասին, նա նշել է, որ ուղիղ կամ անուղղակի աջակցությունը Հյուսիսային Կորեայի ռազմական ուժի հզորացմանը հակասում է ՄԱԿ ԱԽ բանաձեւերին։ ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ Վաշինգտոնում «ակտիվորեն դիտարկում են» արձագանքման տարբերակներ։ Հունիսի 19-ին Ռուսաստանը եւ Հյուսիսային Կորեան ստորագրել են պայմանագիր համապարփակ ռազմավարական գործընկերության մասին, որը ենթադրում է անհապաղ ռազմական օգնության տրամադրում պաշտպանական պատերազմի ժամանակ։
12:04 - 21 հունիսի, 2024
Մոսկվան ու Փհենյանը հայտարարում են հարաբերությունների նոր փուլի մասին
 |azatutyun.am|

Մոսկվան ու Փհենյանը հայտարարում են հարաբերությունների նոր փուլի մասին |azatutyun.am|

azatutyun.am: Արևմտյան կոշտ պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան հայտարարում են հարաբերությունների նոր փուլի մասին։ Վլադիմիր Պուտինի երկօրյա այցի շրջանակում երկու առաջնորդները համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել ագրեսիայի դեպքում փոխադարձ օգնության մասին։ Մամուլի ասուլիսում Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը «չի բացառում Հյուսիսային Կորեայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը՝ համաձայն ստորագրված փաստաթղթի»։ «Այսօր ստորագրված համապարփակ գործընկերության համաձայնագիրը, ի թիվս այլ բաների, նախատեսում է փոխադարձ օգնության տրամադրում այս համաձայնագրի կողմերից մեկի դեմ ագրեսիայի դեպքում», - ասել է ՌԴ նախագահը: Հյուսիսային Կորեայի առաջնորդը փաստաթուղթը «գերազանց» բառով է բնութագրել։ Ընդհանրապես, Պուտինի այցն, ըստ Հյուսիսային Կորեայի առաջնորդի, նոր փուլ է երկու երկրների հարաբերություններում։ «Այս պայմանագրի շնորհիվ մեր հարաբերությունները զարգացման նոր հեռանկարներ ստացան, դարձան դաշնակցային», - հայտարարել է Կիմ Չեն Ընը: Պուտինի հետ բանակցությունների ժամանակ Կիմը շեշտել է, որ իր երկրի կառավարությունը «լիակատար աջակցություն և համերաշխություն է հայտնում Ռուսաստանի կառավարությանը, բանակին և ժողովրդին հատուկ ռազմական գործողություն իրականացնելու համար»։ Հյուսիսային Կորեայի ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանն այդ պատերազմը սկսել է և արդեն գրեթե երկուսուկես տարի շարունակում է «ինքնիշխանությունը, անվտանգության շահերը, ինչպես նաև տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»։ Կիմը նաև նշել է Ռուսաստանի դերը «աշխարհում ռազմավարական հավասարակշռության պահպանման գործում»։ Պուտինն, իր հերթին, քննադատել է ԱՄՆ-ին և կրկին գովել Փհենյանին Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանին աջակցելու համար։ Այս մասին Պուտինը գրել էր նաև հյուսիսկորեական թերթերից մեկում իր այցից առաջ հրապարակված հոդվածում։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
11:35 - 20 հունիսի, 2024
Փհենյանում մեկնարկել են Կիմ Չեն Ըն-Պուտին բանակցությունները. նախատեսվում է փաստաթղթի ստորագրում
 |tert.am|

Փհենյանում մեկնարկել են Կիմ Չեն Ըն-Պուտին բանակցությունները. նախատեսվում է փաստաթղթի ստորագրում |tert.am|

tert.am: Փհենյանում մեկնարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի բանակցությունները, որոնք ընթանում են պատվիրակությունների կազմով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Սա Պուտինի առաջին այցն է ԿԺԴՀ 2000 թվականից ի վեր։ Վաղ առավոտյան ՌԴ առաջնորդն իր հյուսիսկորեացի գործընկերոջ հետ ժամանել է Կիմ Իր Սենի հրապարակ, որտեղ տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողությունը, ինչից հետո Պուտինն ու Կիմ Չեն Ընը մեկնել են պետական նստավայր։ Ինչպես նշել է ՌԴ նախագահը հանդիպման մեկնարկին, բանակցությունների ընթացքում կստորագրվի «նոր հիմնարար փաստաթուղթ», որը կլինի ՌԴ-ի և ԿԺԴՀ-ի հարաբերությունների հիմքում: «Անցյալ տարի Ռուսաստան կատարած Ձեր այցի արդյունքում մենք զգալիորեն առաջ շարժվեցինք այսօրվա մեր միջպետական կապերի կառուցման գործում։ Այսօր պատրաստվել է նոր հիմնարար փաստաթուղթ, որը երկարաժամկետ հեռանկարում մեր հարաբերությունների հիմքը կհանդիսանա», - նշել է Պուտինը։ Ռուսաստանի ղեկավարը հիշեցրել է, որ անցած տարի երկրները նշել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 75-ամյակը, իսկ ընթացիկ տարում ՝ առաջին միջպետական փաստաթղթի՝ տնտեսական և մշակութային համագործակցության մասին համաձայնագրի կնքման 75-ամյակը: «Ինչպես հայտնի է, այդ համաձայնագիրը ստորագրվել է ընկեր Կիմ Իր Սենի կողմից Մոսկվա կատարած նրա առաջին այցի ընթացքում»,- հիշեցրել է Ռուսաստանի ղեկավարը: Պուտինը հույս է հայտնել, որ Կիմ Չեն Ինի հետ հաջորդ հանդիպումը կկայանա Մոսկվայում:
09:46 - 19 հունիսի, 2024
Հյուսիսային Կորեան 10 բալիստիկ հրթիռ է արձակել
 |tert.am|

Հյուսիսային Կորեան 10 բալիստիկ հրթիռ է արձակել |tert.am|

tert.am: Հյուսիսային Կորեան հրթիռներ է արձակել դեպի Ճապոնական ծով. Yonhap-ը սկզբում հայտնել էր մեկ բալիստիկ հրթիռի արձակման մասին: Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեն ավելի ուշ պարզաբանել է, որ արձակվել է մոտ 10 փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ։ «Հյուսիսային Կորեան շարունակում է բալիստիկ հրթիռներով սադրանքները փորձնական արձակման պատրվակով, բայց այդքան մեծ քանակությամբ արձակումն անսովոր է։ Զինվորականները վերլուծում են մանրամասն բնութագրերը, ներառյալ հրթիռի մոդելը և թռիչքի հեռահարությունը»,- ասվում է կոմիտեի հայտարարության մեջ: Ինչպես հայտնում է NHK հեռուստաալիքը՝ վկայակոչելով ճապոնական առափնյա պահպանությանը, հրթիռներն ընկել են ծովը՝ Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս։ Մայիսի 27-ին Հյուսիսային Կորեան հաղորդել է ռազմական հետախուզական արբանյակ տեղափոխող նոր տիպի հրթիռի անհաջող արձակման մասին։ Հրթիռը պայթել է օդում։ Ավելի վաղ՝ մայիսին, Հյուսիսային Կորեան արդեն մի քանի փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ էր արձակել, որոնք բոլորն ընկել էին Կորեական թերակղզու և Ճապոնիայի միջև ընկած ծովը։
09:35 - 30 մայիսի, 2024
ԱՄՆ-ն չի բացառում զինված հակամարտությունը Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի միջև․ New York Times |factor.am|

ԱՄՆ-ն չի բացառում զինված հակամարտությունը Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի միջև․ New York Times |factor.am|

factor.am: Հյուսիսային Կորեան առաջիկա ամիսներին կարող է ռազմական գործողություններ ձեռնարկել Հարավային Կորեայի դեմ, հայտնում է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներին։ Նրանց կարծիքով՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի  հայտարարությունները վերջերս «ավելի ագրեսիվ» են դարձել և դրանց պետք է լուրջ վերաբերվել։ Ամերիկացի պաշտոնյաները նշում են, որ իրենք թեև Կորեական թերակղզում լայնամասշտաբ պատերազմի անմիջական վտանգ չեն տեսնում, սակայն Փհենյանը «կարող է հարվածներ հասցնել այնպես, որ խուսափի արագ էսկալացիայից»։ Որպես օրինակ նրանք մատնանշել են 2010 թվականին հարավկորեական Յոնպյոնդո կղզու հետ կապված միջադեպը, երբ ԿԺԴՀ-ն և Հարավային Կորեան փոխանակվեցին հրետանային կրակով։ Երկու կողմից զոհվեց մի քանի զինվորական և քաղաքացիական անձ, սակայն հրետակոծությունը չվերաճեց ավելի մեծ բախման։ ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ Կիմ Չեն Ընը «հավանաբար քաջալերված է Ռուսաստանի հետ իր գործընկերության ընդլայնմամբ»: Այդուհանդերձ, ամերիկյան գերատեսչությունները դեռ չեն արձանագրել կոնկրետ նշաններ, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է ռազմական գործողությունների կամ մեծ պատերազմի։
13:07 - 26 հունվարի, 2024
Հյուսիսային Կորեան փորձարկել է ստորջրյա միջուկային զենքի համակարգ
 |armenpress.am|

Հյուսիսային Կորեան փորձարկել է ստորջրյա միջուկային զենքի համակարգ |armenpress.am|

armenpress.am: ԿԺԴՀ-ն ստորջրյա միջուկային զենքի համակարգի փորձարկում է անցկացրել՝ ի պատասխան ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի զորավարժությունների: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ «ԿԺԴՀ ազգային պաշտպանության ակադեմիային առընթեր ստորջրյա սպառազինությունների համակարգերի ինստիտուտը Ճապոնական ծովի ջրատարածքում անցկացրել է մշակման փուլում գտնվող «Հեիլ-5-23» ստորջրյա միջուկային զենքի համակարգի կարևոր փորձարկում», - հայտնել են երկրի Պաշտպանության նախարարությունից։ Դրա հետ մեկտեղ չի հստակեցվում, թե կոնկրետ երբ է անցկացվել փորձարկումը, սակայն նշվում է, որ այն դարձել է ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի «սադրիչ զորավարժությունների» պատասխանը, որոնք հունվարի 15-ից ծովում անցկացվում են հարավկորեական Ջեջու կղզու շուրջը։ «Ներկայիս զորավարժությունները... տարածաշրջանում իրադրության հետագա ապակայունացման պատճառ են դարձել և ակցիաներ են, որոնք լրջորեն սպառնում են մեր պետության անվտանգությանը», - հայտարարել են ԿԺԴՀ-ում։ Փհենյանը նախազգուշացրել է, որ կշարունակի պատասխան քայլեր ձեռնարկել «ԱՄՆ ռազմածովային ուժերի ու նրա դաշնակիցների թշնամական ռազմական գործողությունները զսպելու համար», և սպառնացել է «աղետալի հետևանքներով»:  
13:12 - 19 հունվարի, 2024
Հյուսիսային Կորեան պինդ վառելիքով գերձայնային բալիստիկ հրթիռ է արձակել |armenpress.am|

Հյուսիսային Կորեան պինդ վառելիքով գերձայնային բալիստիկ հրթիռ է արձակել |armenpress.am|

armenpress.am: Հյուսիսային Կորեան հայտարարել է պինդ վառելիքով գերձայնային բալիստիկ հրթիռի հաջող արձակման մասին։ Միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, որը կրել է կառավարվող գերձայնային մարտագլխիկ, արձակվել է հունվարի 14-ին։ Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։ Ըստ Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության՝ արձակումն իրականացվել է՝ ստուգելու սպառազինության հզոր համակարգեր մշակելու՝ երկրի գործունեությունը։ Փհենյանը շեշտել է, որ փորձնական արձակումը «չի ազդել հարևան երկրներից որևէ մեկի անվտանգության վրա և որևէ առնչություն չունի տարածաշրջանային իրավիճակի հետ»։ Ըստ Հարավային Կորեայի ռազմական գերատեսչության՝ հրթիռն արձակվել է Փհենյանի շրջակայքից՝ տեղի ժամանակով ժամը 14։55-ին, անցել մոտավորապես 1000 կմ, այնուհետև ընկել ծովը։ Սեուլում կարծում են, որ ԿԺԴՀ-ի կողմից մշակվող պինդ վառելիքով միջմայրցամաքային բալիստիկ հրթիռն ունակ է թիրախավորել Ճապոնիայում և Գուամում գտնվող ամերիկյան ռազմաբազաները։ Միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներն ունեն 3000-5500 կմ հեռահարություն։ Նախորդ անգամ Հյուսիսային Կորեան պինդ վառելիքով միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ էր արձակել դեկտեմբերի 18-ին։ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարը հրթիռի արձակումն անվանել է «ակնհայտ սադրանք», որը խախտում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնցով ԿԺԴՀ-ին արգելվում է բալիստիկ հրթիռի տեխնոլոգիա օգտագործել։
10:33 - 15 հունվարի, 2024
Հյուսիսային Կորեան մոտ 200 արկ է արձակել հարավկորեական կղզիների ուղղությամբ, հայտարարվել է բնակչության տարհանում |armenpress.am|

Հյուսիսային Կորեան մոտ 200 արկ է արձակել հարավկորեական կղզիների ուղղությամբ, հայտարարվել է բնակչության տարհանում |armenpress.am|

armenpress.am: Հյուսիսային Կորեան ավելի քան 200 արկ է արձակել Հարավային Կորեայի կղզիների ուղղությամբ, որոնք գտնվում են Դեղին ծովում: Այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ Ըստ Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի՝ արձակումը տեղի է ունեցել հունվարի 5-ի առավոտյան, տեղի ժամանակով ժամը 9։00-ից մինչև 11։00-ն ընկած ժամանակահատվածում։ Գործակալության տվյալներով` հարավկորեացի խաղաղ բնակիչների և զինվորականների շրջանում տուժածներ չկան։ Արկերն ընկել են Դեղին ծովի բուֆերային գոտում, որը սահմանվել է 2018 թ․ միջկորեական ռազմական համաձայնագրի շրջանակներում, որից դուրս գալու մասին Հյուսիսային Կորեան հայտարարել է 2023 թ․ նոյեմբերին։ Տեղի ժամանակով կեսօրից հետո Հարավային Կորեայի զինվորականները երկրի արևմտյան սահմանին գտնվող Յոփյոնդո և Պենյոնդո կղզիների բոլոր բնակիչներին հրահանգել են տարհանվել։ Հարավային Կորեայի ռազմական գերատեսչությունը Հյուսիսային Կորեայի կողմից արկերի արձակումն անվանել է «սադրիչ գործողություն» և նախազգուշացրել, որ համապատասխան քայլեր կձեռնարկի։ Ի պատասխան արկերի արձակման՝ Սեուլը նախատեսում է զորավարժություններ անցկացնել հյուսիս-արևմտյան սահմանային կղզիներում։ 2018 թ․միջկորեական համաձայնագրից Սեուլը մասնակիորեն դուրս էր եկել նոյեմբերին՝ ի նշան բողոքի Հյուսիսային Կորեայի կողմից ռազմական հետախուզական արբանյակի արձակման դեմ։ Դրանից հետո Հյուսիսային Կորեան միակողմանիորեն չեղարկեց համաձայնագիրը։
11:44 - 05 հունվարի, 2024
Հյուսիսային Կորեայի բանակը պետք է շարունակաբար պատրաստվի նվաճելու Հարավային Կորեայի ողջ տարածքը. Կիմ Չեն Ըն |armtimes.com|

Հյուսիսային Կորեայի բանակը պետք է շարունակաբար պատրաստվի նվաճելու Հարավային Կորեայի ողջ տարածքը. Կիմ Չեն Ըն |armtimes.com|

armtimes.com: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ երկրի բանակը պետք է շարունակաբար պատրաստվի նվաճելու Հարավային Կորեայի ողջ տարածքը կողմերի միջև միջուկային հակամարտության դեպքում և պատրաստ լինի մոբիլիզացնելու բոլոր միջոցները, այդ թվում՝ միջուկային։ Այս մասին նա հայտարարել է երկրի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի դեկտեմբերի 26-ից 30-ը տեղի ունեցած լիագումար նիստում՝ հանդես գալով «2024 թվականի համար պայքարի ուղղությունների մասին» եզրափակիչ ելույթով։ Կիմ Չեն Ընը շեշտել է, որ երկրի բանակը պետք է աչալուրջ վերահսկի Կորեական թերակղզում անընդհատ փոփոխվող անվտանգության իրավիճակը: «Միջուկային ճգնաժամի դեպքում Կորեայի ժողովրդական բանակը պետք է շարունակական խթան տա Հարավային Կորեայի ողջ տարածքը նվաճելու խոշոր իրադարձության նախապատրաստմանը` անհապաղ արձագանքելով և մոբիլիզացնելով բոլոր ֆիզիկական միջոցներն ու ուժերը, ներառյալ միջուկային զինված ուժերը»,- նշել է Կիմը։
17:28 - 31 դեկտեմբերի, 2023
Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություններ կբացի Սեուլում և Լյուքսեմբուգում |armenpress.am|

Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություններ կբացի Սեուլում և Լյուքսեմբուգում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը նախատեսում է մի շարք երկրներում դիվանագիտական ներկայացուցչություններ բացել։ Այս մասին  ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ տեղեկացրել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Վերջերս Կորեայի Հանրապետությունը պաշտոնական նոտայով մեզ տեղեկացրել է, որ մտադիր է հաջորդ տարվա առաջին կիսամյակում ռեզիդենտ դեսպանություն հիմնել Երևանում՝ Հայաստանի Հանրապետությունում։ Անշուշտ, մենք էլ ցանկություն ունենք Կորեայում՝ Սեուլում բացել ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություն։ Կարծում ենք, որ մեծ ներուժ կա Հայաստան-Կորեա հարաբերություններում և փոխադարձաբար դեսպանության բացումը երկու մայրաքաղաքներում կնպաստի, որ այդ ներուժն ավելի լավ իրացվի»,-մանրամասնել է Միրզոյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություն կբացի նաև Լյուքսեմբուրգում, որի հետ, նախարարի բնորոշմամբ,  վաղուց ի վեր հրաշալի հարաբերություններ են ձևավորվել։
12:16 - 03 նոյեմբերի, 2023