Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով անվտանգ ու ազատ տեղաշարժը
 |tert.am|

ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով անվտանգ ու ազատ տեղաշարժը |tert.am|

tert.am: Եվրամիությունը դեկտեմբերի սկզբից լուրջ մտահոգությամբ է հետևում Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող տարբեր զարգացումներին։ Ասված է ԵՄ մամուլի ծառայության հայտարարության մեջ ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: Նման ազատ տեղաշարժի սահմանափակումները զգալի անհանգստություն են պատճառում տեղի բնակչությանը և առաջացնում հումանիտար մտահոգություններ: Այլ մտահոգությունները կարող են և պետք է լուծվեն ներգրավված կողմերի հետ երկխոսության և խորհրդակցությունների միջոցով: ԵՄ-ն կրկնում է զսպվածության իր կոչը և պատրաստ է նպաստել վերոնշյալ ջանքերին։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Բորելի խոսնակ Ստանոն էլ Թվիթերում հավելել է, որ ԵՄ-ում մտահոգված են նաև Ղարաբաղ գազամատակարարումը դադարեցնելու մասին հաղորդագրություններով։
21:24 - 13 դեկտեմբերի, 2022
Լաչինի միջանցքը արգելափակելու պատճառով 1100 քաղաքացիական անձինք, որից 270-ը անչափահաս, չեն կարողանում վերադառնալ իրենց տները․ Արցախի ՆԳՆ

Լաչինի միջանցքը արգելափակելու պատճառով 1100 քաղաքացիական անձինք, որից 270-ը անչափահաս, չեն կարողանում վերադառնալ իրենց տները․ Արցախի ՆԳՆ

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը արգելափակելու պատճառով 1100 քաղաքացիական անձինք, որից 270-ը անչափահաս, չեն կարողանում վերադառնալ իրենց տները: Այս մասին հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարությունից։  ԱՀ կառավարության, Սյունիքի մարզպետարանի և Գորիսի քաղաքապետարանի հետ փոխգործակցության արդյունքում նրանք ապաստանել են Սյունիքի մարզում, մի մասն էլ Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի գյուղերում։ Քաղաքացիների հետ մշտական կապի մեջ են տարածքը սպասարկող ՆԳՆ ծառայողները։ Ադրբեջանն այսօրինակ սադրանքով շարունակում է խախտել հազարավոր քաղաքացիների ազատ տեղաշարժի, բժշկական պատշաճ օգնության և հումանիտար բնույթի այլ իրավունքները։ 
21:15 - 13 դեկտեմբերի, 2022
Արցախի ժողովրդի կենսական իրավունքները կրկին վտանգված են․ ՀՀԿ-ն վաղը հավաք կիրականացնի

Արցախի ժողովրդի կենսական իրավունքները կրկին վտանգված են․ ՀՀԿ-ն վաղը հավաք կիրականացնի

Արցախի ժողովրդի կենսական իրավունքները կրկին վտանգված են։ Մեր հայրենակիցները ադրբեջանական սադրանքների պատճառով հայտնվել են հումանիտար ճգնաժամի շեմին։ Այս մասին ասված է Հայաստանի Հանրապետական կուսակցության տարածած հաղորդագրության մեջ: Ստեղծված իրավիճակը ադրբեջանական հայատյաց եւ ցեղասպան քաղաքականության հերթական դրսեւորումն է, ինչը գործող վարչախմբի պարտվողական կեցվածքի, ապիկար արտաքին եւ անբարո ներքին քաղաքականության հետեւանք է։ Արցախի հայության ապրելու խնդիրը նաեւ քոնն է, յուրաքանչյուր հայինն է, մերն է։ Վաղը ժամը 16:30-ին բոլորիդ հրավիրում ենք Հանրապետության Հրապարակ միասնության հրատապ հավաքի, անկախ քաղաքական պատկանելությունից եւ մեզ տարանջատող այլ երկրորդական գործոններից։ Կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ ի ցույց եւ ի գործ դնենք արցախցի քույրերին եւ եղբայրներին մեր անվերապահ աջակցությունը։ Լաչինի միջանցքը նաեւ քո կյանքի ճանապարհն է։ Արցախը տեր ունի՝ արցախցին է։ Արցախցին տեր ունի՝ հայ ժողովուրդն է։ Հայ ժողովուրդն էլ ինքն իր տերն է։ Տիրոջ իրավունքով վաղը 16:30-ին արի Հանրապետության Հրապարակ»,- ասված է հաղորդագրության մեջ:
20:27 - 13 դեկտեմբերի, 2022
 Վաղվանից Ացախում կրթական հաստատությունները, որոնք ջեռուցվում են գազով, չեն աշխատի` վառելիքի խնայողության նպատակով․ Ռուբեն Վարդանյան

Վաղվանից Ացախում կրթական հաստատությունները, որոնք ջեռուցվում են գազով, չեն աշխատի` վառելիքի խնայողության նպատակով․ Ռուբեն Վարդանյան

Դուք գիտեք, որ մենք մի քանի օր է գտվում ենք շատ լուրջ ճգնաժամի մեջ։ Դա մեզ համար ստեղծել է մեր  հարևան պետությունը՝ ճանապարհը փակելով, և այսօր էլ շարունակել է իր ոչ մարդկային մոտեցումը մեր նկատմամբ։ Մի քանի ժամ առաջ դադարեցրել են նաև գազի մատակարարումը։ Դա նշանակում է, որ մենք պետք է շատ խնայողաբար մոտենանք մեր էներգիայի ծախսերին։ Փորձենք պահպանել մեր ապրելաձևը, բայց մյուս կողմից իրականությունը այնպիսին է, որ մենք այսօր պետք է հասկանանք, որ ճգնաժամը իրականություն է դառնում բոլորիս համար։  Այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ասաց Արցախի Պետական նախարար Ռուբեն Վարդանյանը։  Իր խոսքում նախարարը նաև հայտնեց, որ վաղվանից Ացախում կրթական հաստատությունները՝ դպրոցները, համալսարանները, որոնք ջեռուցվում են գազով, այլ ոչ թե փայտով, չեն աշխատի` վառելիքի խնայողության նպատակով։ «Մենք բոլորս պատրաստ ենք պայքարի և պետք է այս իրավիճակում ցույց տանք, թե ով է արցախցի։ Ծանր է լինելու, բայց մենք պետք է պայքարենք ու հաղթենք։  Դուք գիտեք, որ  մենք ունենք հնարավորություն էներգիայի մի մասը պահել տարբեր տեղերում, բայց ամբողջը չենք կարող։ Դրա համար պետք է պատրաստ լինենք և խնդրում եմ բոլորիդ խնայողական լինել, որովհետև չգիտենք, թե այս իրավիճակը որքան երար կտևի։ Մենք ուզում ենք, որ այս իրավիճակը ամբողջ աշխարհը տեսնի։ Բոլորը հասկանան, որ այս մոտեցումներով, որն իրենք են դրսևորում, անհնար է, որ մենք որևէ հարաբերություն ունենանք իրենց հետ։ Դրա համար ես կոչ եմ անում բոլորիս լինել ուժեղ և հավատալ, որ բոլորով հաղթահարելու ենք այս ամենը։ Ես վստահ եմ, որ իրենք գործել են իրենց ամենամեծ սխալը։  Մենք պետք է շարունակենք պայքարել և ցույց տալ աշխարհին, որ չնայած գտնվում ենք ճգնաժամի մեջ, բայց  շարունակում ենք աշխատել, պայքարել»,- հավելեց նախարարը։
20:04 - 13 դեկտեմբերի, 2022
Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարը նամակ է ուղարկել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին՝ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակման կապակցությամբ

Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարը նամակ է ուղարկել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին՝ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակման կապակցությամբ

Դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը գրություն է ուղարկել  Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին՝ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման և դրա հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար աղետի կապակցությամբ։ Նամակում նշվում է, որ Ադրբեջանը ոտնահարել է Լեռնային Ղարաբաղում բնակվող մոտ 120.000 անձանց հիմնարար իրավունքները, որոնց թվում են երեխաներ, ծերեր, հաշմանդամություն ունեցող անձինք և կանայք։ Փաստաթղթում ընդգծվում է, որ Ադրբեջանը չի հարգում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթները, որը երաշխավորում է բոլորի, այդ թվում՝ հակամարտության գոտում բնակվող անձանց ապրելու, ազատ տեղաշարժվելու և անվտանգության իրավունքի պաշտպանությունը։Այդ համատեքստում կոչ է արվում․ - կիրառել Եվրոպայի խորհրդի ամբողջ գործիքակազմը` վերացնելու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչության անօրինական և անմարդկային շրջափակումը, - Եվրոպայի խորհրդի դիտորդական առաքելություն ուղարկել տվյալ տարածք՝ կանխելու Կոնվենցիայի հետագա խախտումները, - կասեցնել կազմակերպությունում Ադրբեջանի ներկայացուցչության իրավունքները՝ Ադրբեջանի կողմից Եվրոպայի խորհրդի Կանոնադրության 3-րդ հոդվածի խախտման պատճառով: Գրության պատճեններն ի գիտություն ուղարկվել են նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահին, Մարդու իրավունքների հանձնակատարին և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարին։
18:54 - 13 դեկտեմբերի, 2022
Արցախում ոչ մեկ չի պատրաստվում դժվարությունների առաջ ընկրկել. պետնախարարը ընդլայնված կազմով խորհրդակցություն է հրավիրել

Արցախում ոչ մեկ չի պատրաստվում դժվարությունների առաջ ընկրկել. պետնախարարը ընդլայնված կազմով խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի 13-ին ընդլայնված կազմով խորհրդակցություն է հրավիրել՝ հանրապետական գործադիր մարմինների ղեկավար կազմի, Ստեփանակերտի քաղաքապետի և վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ: Ինչպես հայտնում են Արցախի պետական նախարարի աշխատակազմից, ներկայացնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ պետնախարարը նշել է, որ այն բավականին բարդ է, սակայն միաժամանակ վստահություն է հայտնել, որ առկա խնդիրները հնարավոր է լուծել կազմակերպված ու համակարգված աշխատանքի միջոցով: «Ստեղծված բարդ իրավիճակը մեզնից համախմբում է պահանջում. միակ ճանապարհը միասնությունն է: Միայն միասին, թիկունք թիկունքի կանգնելով է հնարավոր այս ճգնաժամը հաղթահարել»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:  Պետնախարարն ընդգծել է, որ չնայած առկա բարդ մարտահրավերներին, չպետք է խուճապի մատնվել և պետք է շարունակել աշխատել համակարգված և պատասխանատու կերպով ՝ յուրաքանչյուրն իր տեղում կատարելով իր գործը: Նա նշել է, որ արցախցիներն արժանապատվորեն են տանում դժվարությունները՝ ցուցաբերելով տոկունություն և ողջախոհություն՝ առանց խուճապային տրամադրությունների տրվելու: Այս տեսանկյունից պետնախարարը կարևոր է համարել իրավիճակի վերաբերյալ օպերատիվ տեղեկատվության տրամադրումը բնակչությանը:  Ռուբեն Վարդանյանը նշել է, որ թեև Արցախում մեծ է մարդասիրական ճգնաժամի վտանգը, սակայն ոչ ոք չի պատրաստվում ընկրկել դժվարությունների առաջ: Խորհրդակցության ընթացքում պետական գերատեսչությունների, վարչակազմերի ղեկավարները ներկայացրել են ճանապարհի փակման հետևանքով շրջաններում ստեղծված իրավիճակն ու առկա խնդիրները:
18:18 - 13 դեկտեմբերի, 2022
Լաչինի միջանցքի տարածք են ժամանել Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքերի զինծառայողներ և ոստիկանական ուժեր

Լաչինի միջանցքի տարածք են ժամանել Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքերի զինծառայողներ և ոստիկանական ուժեր

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Լաչինի միջանցքի տարածք են ժամանել Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքերի զինծառայողներ և ոստիկանական ուժեր՝ «ապահովելու բողոքի ակցիայի մասնակիցների անվտանգությունը»։ Միևնույն ժամանակ այսօր արտաքին հարաբերությունների գծով Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը Բաքվում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին։ Հաջիևը հայտնել է, որ կապի մեջ են ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ՝ նշելով, որ ադրբեջանական կողմը նամակներ է փոխանցել հրամանատարությանը։ Ադրբեջանական լրատվամիջոցները նաև տարածում են տեսանյութեր, որտեղ երևում է, որ ռուս խաղաղապահները փակված ճանապարհի մոտ վրաններ են տեղադրել, սակայն առայժմ հայտնի չէ, թե ինչ նպատակներով։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ի վերջո ճանապարհը բացվել էր։  Արցախի բնապահպանության կոմիտեն հայտարարություն տարածեց՝ ընդգծելով, որ Արցախում ընդերքից օգտվելու սկզբունքները, կարգը, ինչպես նաև ընդերքօգտագործման հետ կապված հարաբերությունները սահմանվում են Արցախի՝ ընդերքի մասին օրենսգրքով, և որ Արցախի Հանրապետությունը պատրաստ է նույնիսկ միջազգային փորձագիտական խումբ հրավիրել՝ բնապահպանական ռիսկերը լրացուցիչ գնահատելու և համակարգը բարելավելու նպատակով։  Դեկտեմբերի 12-ին ադրբեջանցի «էկոակտիվիստներ»-ը կրկին փակել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը, որը Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն է։  Գլխավոր լուսանկարը՝ ադրբեջանական Report.az-ի
17:59 - 13 դեկտեմբերի, 2022
Բողոքի ակցիայի մասնակիցները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին հանձնեցին դիմում

Բողոքի ակցիայի մասնակիցները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին հանձնեցին դիմում

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը դուրս եկավ՝ հանդիպելու բողոքի ակցիայի մասնակիցներին։ Վերջիններս նրան հանձնեցին դիմում, որտեղ ասված է, որ Ադրբեջանը, խախտելով իր իսկ ստանձնած պարտավորությունները, փակել է Արցախը Հայաստան կապող միակ ճանապարհը։ Մասնակիցները նշեցին, որ Ադրբեջանը ստեղծել է հումանիտար ու անվտանգային լրջագույն խնդիրներ՝ նպատակ ունենալով ապակայունացնել տարածաշրջանը, հայաթափել Արցախը։  Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ ՄԱԿ-ի գրասենյակի առաջ հավաքվել են մարդիկ, որոնք Արցախի իրենց հայրենակիցներին չեն կարողանում օգնել այլ կերպ, քան ՄԱԿ-ին դիմելն է, որպեսզի միջազգային հանրությունը իրական քայլեր ձեռնարկի Արցախի ապաշրջափակվի․ «Իրականում չենք ցանկանում կարծել, որ այս ամենը եւ Ադրբեջանի ագրեսիան հովանավորվում են միջազգային հանրության կողմից, հույս ենք հայտնում, որ դրա հակադարձ ապացույցը կտեսնենք ձեր՝ միջազգային տարբեր կառույցների կողմից»,- ասաց քաղաքացին՝ հավելելով, որ այն մարդիկ, որոնք ապրում են Արցախում, մարդիկ են, որոնք ծնվել են եւ իրենց ազատություններն ունեն, եւ այն կյանքի երակը, որ այսօր Արցախը կապում է ՀՀ-ին, միակ տարբերակն է՝ փրկելու 120․000-ից ավելի հայությանը եւ հայրենիքում նրանց ապրելու իրավունքը։ Արցախի երիտասարդներից մեկն էլ նշեց, որ ինքը 20 տարի շարունակ ապրել է Հադրութում եւ չի ուզում այժմ Արցախի մնացած մասն էլ կորցնել։ Նա խնդրեց ՄԱԿ-ի ուշադրությունը այս կարեւորագույն հարցի շուրջ՝ պնդելով, որ իրենք՝ երիտասարդները, պահանջատեր են։ ՄԱԿ-ի ներկայացուցիչը շնորհակալություն հայտնեց՝ նշելով, որ ինքը ընդունեց մասնակիցների դիմումը։ Վերջիններս էլ հույս հայտնեցին, որ միջազգային կառույցները գործուն քայլեր կձեռնարկեն։
16:59 - 13 դեկտեմբերի, 2022
Այստեղ ենք, որպեսզի մեր բողոքի ձայնը հայտնենք ՀՀ-ում ՄԱԿ-ի ներկայացուցչությանը․ Արցախի նախկին ՄԻՊ

Այստեղ ենք, որպեսզի մեր բողոքի ձայնը հայտնենք ՀՀ-ում ՄԱԿ-ի ներկայացուցչությանը․ Արցախի նախկին ՄԻՊ

Արցախի Հանրապետությունում 120․000-ից ավելի մարդիկ ամբողջական շրջափակման մեջ են, եւ մեր պահանջը այն է, որ դրա մասին հրապարակավ արտահայտվեն ՄԱԿ-ի համապատասխան պաշտոնյաները՝ գլխավոր քարտուղարի եւ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի մակարդակով։ Այս մասին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը․ «Մենք այստեղ մեկ նպատակով ենք, որպեսզի մեր բողոքի ձայնը հայտնենք ՀՀ-ում ՄԱԿ-ի ներկայացուցչության հանդեպ, ցավոք սրտի, Ստեփանակերտում ՄԱԿ-ի ներկայացուցչություն  չկա, եւ մեր արցախցի քույրերն ու եղբայրները չունեն մի կառույց, որ գնան, իրենց բողոքի ձայնը հայտնեն այս պահի դրությամբ աշխարհում գոյություն չունեցող իրավիճակի հետ կապված․ չկա մի տարածաշրջան, այն էլ՝ 100․000-ից ավելի բնակչությամբ, որը ամբողջական շրջափակման մեջ է, եւ մենք այստեղ ոչ միայն մեր, այլեւ մեր Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի, օկուպացված Հադրութի, Շուշիի բնակիչների անունից ենք մեր բողոքի ձայնը հայտնում»,- նշեց նա՝ հավելելով․ «Եթե պատերազմները մի կողմ դնենք, այս պահի դրությամբ ավելի աղետալի իրավիճակ գոյություն չունի աշխարհում, եւ ինչի՞ համար է այս մարդկանց հանրային գործունեությունը, եթե չեն արտահայտվելու այս իրավիճակի շուրջ»։ Մելիքյանը նշեց, որ Արցախի ՄԻՊ աշխատելու տարիներին բազմաթիվ բաց եւ փակ հանդիպումներ է ունեցել եւ բողոքի ձայն հայտնել տարբեր հարցերի կապակցությամբ, բայց ցավոք սրտի, դա շատ նման էր աստվածաշնչյան հայտնի խոսքին՝ ձայն բարբառո հանապատի․ «Բայց թող մեզ լսող բոլոր մարդիկ իմանան, որ մեր ժողովրդի միջից մեր արժանապատվության զգացումը չի վերացել»,- ասաց նա՝ պնդելով, որ պատրվակը, որով ադրբեջանցիները փակել են կենսական միակ ճանապարհը, գոյության իրավունք չունեցող պատրվակ է․ «Ակնհայտ եւ միանշանակ է, որ Ադրբեջանը չի կարող ունենալ ազատ քաղաքացիական հասարակություն, Ադրբեջանի ղեկավարությունը ուղիղ վերահսկողություն է իրականացնում այդ մարդկանց նկատմամբ»։ Նշենք, որ բողոքի ակցիային ներկա են նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը եւ այլք։
16:46 - 13 դեկտեմբերի, 2022