Բողոքի ակցիաներ Երեւանում 2023-ի աշնանը

2023թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել է Արցախի վրա։ Հաջորդ օրը Արցախի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնելով ադրբեջանական կողմի պահանջներին։

Ադրբեջանական ագրեսիայի առաջին օրվանից Երեւանում սկսվել են բողոքի ակցիաներ։ Օրեր շարունակ ցուցարարների տարբեր խմբեր փակում են Երեւանի տարբեր փողոցներ, հանրահավաք-քննարկումներ են տեղի ունենում հանրային վայրերում։ Ձեւավորվել են մի քանի շարժումներ՝ Անդրանիկ Թեւանյանի, Վազգեն Մանուկյանի եւ ընդդիմադիր այլ գործիչների նախաձեռնությամբ՝ «Ազգային կոմիտե», Սուրեն Սահակյանի, Միքայել Նահապետյանի եւ այլ քաղաքացիների նախաձեռնությամբ՝ «Արժանապատվության շարժում», «Ազատազէն» ՌՀԿ նախաձեռնությամբ՝ «Հայաստանի սուվերենության շարժում»։ Քաղաքի տարբեր կետերում ակցիաներ են իրականացնում «Ժողովրդավարական համախմբում», «Ազգային ժողովրդավարական բեւեռ» կուսակցությունները, քաղաքացիների տարբեր խմբեր հավաքվում են պետական ու կառավարական շենքերի, այդ թվում ՌԴ դեսպանատան մոտ, ուսանողները դասադուլներ են իրականացնում։

Տարբեր ժամերի ու տարբեր հատվածներում իրավիճակը պարբերաբար լարվել է, ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը բերման է ենթարկել ակցիաների ու հանրահավքների հարյուրավոր մասնակիցների։ Կառավարության շենքը հանրահավքների ժամանակ շրջապատել են վահաններով զինված մեծաթիվ ոստիկաններ։ Նրանց ու ցուցարարների միջեւ երբեմն բախումներ են եղել, որոշ անձինք տարբեր առարկաներ են նետել ոստիկանության ծառայողների ուղղությամբ։ Ոստիկանությունն էլ իր հերթին որոշ դեպքերում ուժ է կիրառել, Հանրապետության հրապարակում բազմամարդ ու լարված բողոքի ակցիայի ժամանակ սեպտեմբերի 19-ին իրավապահները նաեւ հատուկ միջոցներ են կիրառել, որի հետեւանքով ակցիայի մասնակից անձինք են վիրավորվել։

100.000 հայը հրապարակում կարող է  ստիպել, որ ՀՀ-ն նորից տեր կանգնի արցախցուն. մեկնարկել են ի պաշտպանություն արցախահայերի ակցիաները

 |aravot.am|

100.000 հայը հրապարակում կարող է ստիպել, որ ՀՀ-ն նորից տեր կանգնի արցախցուն. մեկնարկել են ի պաշտպանություն արցախահայերի ակցիաները |aravot.am|

aravot.am: «Արցա՜խ, Արցա՜խ» վանկարկելով՝ քիչ առաջ Երեւանի կենտրոնից քաղաքացիները սկսեցին համախմբման ակցիաներն՝ ի պաշտպանություն արցախահայերի: Այսօր ակցիաներն ավելի տեղեկատվական բնույթ ունեն, երիտասարդները քաղաքացիներին տեղեկացնում են Արցախում ստեղծված իրավիճակի ու դրան չարձագանքելու կամ անտարբեր մնալու հետեւանքների մասին: «Արցախում հայ ժողովրդի պատասխանատուն եղել է ՀՀ-ն  ու հայկական բանակը, բայց այս իշխանությունների ձեռամբ, նրանց շարունակական դավաճանության հետեւանքով այսօր ՀՀ-ն հրաժարվել է Արցախից ու հայ ժողովրդին դեմ է տվել ցեղասպանության ու հրաժարվում է արցախցուց: Հիմա մտածում եք՝ ինչ կարող եք փոխել: 100.000 հայը հրապարակում կարող է ստիպել, որ ՀՀ-ն նորից տեր կանգնի արցախցուն, Արցախին, ոչ թե ամեն օր թշնամու՝ Էրդողանի ու Ալիեւի նոր պայմանների առաջ գլուխ  ծռի: Դուրս եկեք պայքարի, ցեղասպանության դիտորդ մի՛ եղեք: Արցախը հանձնողը Երեւանն էլ է հանձնելու, Սյունիքն ու Տավուշն էլ է հանձնելու: Կա՛մ այսօր կմիավորվեք, կկարողանանք մի փոքր գործ անել, բան փոխել, կա՛մ մեր ամբողջ կյանքում ցեղասպանությունը հանդուրժած ազգի խարանով կապրենք: Թշնամին ամեն օր բացահայտ այս իշխանության գլուխն է  շոյում, շնորհակալություն հայտնում, Ալիեւն ու Էրդողանն ամեն օր Նիկոլին շնորհակալություն են հայտնում, ասում են՝ կեցցես, որ մեր շահն ես սպասարկում: Թշնամու շահը սպասարկողը չի կարող ինչ-որ պահի փոխվել ու հայկական շահ սպասարկել: Արցախում ծնված հային Երեւանում, Գյումրիում ծնված հայից տարբերողը չի կարող հայկական պետության ղեկավար լինել: Արցախում իրավիճակ փոխելու մի տարբերակ կա՝ ՀՀ իշխանությունը նորից պետք  է վեր լինի հայ ժողովրդի իրավունքներից, ինչպես 30 տարի Արցախի ինքնիշխանության համար ՀՀ-ն է երաշխավոր եղել, արցախցու անվտանգության համար ՀՀ-ն է  երաշխավոր եղել, նորից պետք է լինի: Ո՛չ ռուսն է մեզ փրկելու, ո՛չ ֆրանսիացին, ո՛չ էլ պարտավոր են փրկել, եթե անտարբեր նայում ենք, ոնց են մեր քույրերին  ու եղբայրներին սպանում Մարտակերտում, Ստեփանակերտում ու Ասկերանում»,- քաղաքացիներին տեղեկացնում էին ակցիայի մասնակիցները: Լուսանկարը՝ 22․09․2023/Երևան
13:50 - 23 սեպտեմբերի, 2023
Բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանների գործողությունների կապակցությամբ ծառայողական քննություններ են նշանակվել

 |factor.am|

Բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանների գործողությունների կապակցությամբ ծառայողական քննություններ են նշանակվել |factor.am|

factor.am: Վերջին օրերին Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանության գործողությունների առնչությամբ կան նշանակված ծառայողական քննություններ: Այս մասին Factor.am-ի հարցին ի պատախսան հայտնեցին ՆԳՆ ոստիկանության լրատվական ծառայությունից` հավելելով, որ կան նաև ծառայողական ուսումնասիրություններ, որոնց վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ից Երևանում մեկնարկել են բողոքի գործողություններ` կապված Արցախում ստեղծված իրավիճակի հետ: Քաղաքացիները, որոնք առավոտյան ժամերին փակում են մայրաքաղաքի փողոցներն իսկ երեկոյան` հավաքվում Հանրապետության հրապարակում, պահանջում են Նիկոլ Փաշինյանին հրաժարականը, ապահովել Արցախում գտնվող անձանց անվտանգությունը: Այս բողոքի գործողությունների ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ են բերման ենթարկվել: Համացանցում առկա են ոստիկանների կողմից նրանց նկատմամբ բռնություն գործադրելու տեսանյութեր:
13:46 - 23 սեպտեմբերի, 2023
Զանգվածային ակցիաների մեկ մասնակից ձերբակալվել է՝ համակարգչային ակումբի գույքը վնասելու և ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու կասկածանքով

Զանգվածային ակցիաների մեկ մասնակից ձերբակալվել է՝ համակարգչային ակումբի գույքը վնասելու և ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու կասկածանքով

2023 թվականի սեպտեմբերի 22-ին քաղաքացուց Ոստիկանություն հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկի հատվածում մի քանի անձինք, խանութների տեսախցիկների լույսերը վնասելով, գնում են։ Ահազանգի հիման վրա դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողները: Նկատելով նրանց՝ թվով 5 անձինք դիմել են փախուստի, որի ժամանակ նրանցից մեկը շրջվել և մեկ անգամ հարվածել է ոստիկանության ծառայողի դեմքին։ Փախուստի դիմող անձանցից մեկը նույնպես մոտեցել և կրկին հարվածել է ոստիկանության ծառայողին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և դիմել փախուստի: Ոստիկանին հաջողվել է բռնել նրանցից մեկին, ով տեղափոխվել է Ոստիկանություն։  Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, որոնք, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, միացվել են մեկ վարույթում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է: Վերջինս ձերբակալվել է՝ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով և տվել խոստովանական ցուցմունք՝ հայտնելով, որ մասնակցել է Հանրապետության հրապարակում կազմակերպված զանգվածային հավաքին և, 5 անձանց հետ գնալով Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկի հատված, ձեռքով պոկել է այնտեղ գործող համակարգչային ակումբի արտաքին պատին ամրացված թվով 2 տեսանկարահանող սարքի օբյեկտիվների էլեկտրական սնուցման լարերը: Կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նշանակվել են դատաբժշկական և  դատաապրանքագիտական  փորձաքննություններ։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած մյուս անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:42 - 23 սեպտեմբերի, 2023
Ֆրանսիականի ցուցարար ուսանողների առաջ փակել են Սլավոնական համալսարանի մուտքը

Ֆրանսիականի ցուցարար ուսանողների առաջ փակել են Սլավոնական համալսարանի մուտքը

Ֆրանսիական համալսարանի ուսանողներն այսօր դասադուլ են իրականացրել։ Նրանք իրենց համալսարանից երթով շարժվել են դեպի Եվրոպական, Ամերիկյան ու Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարաններ, որտեղ նրանց են միացել այդ համալսարաններից ուսանողներ։  Ցուցարարը, սակայն, չեն կարողացել մուտք գործել Հայ-ռուսական համալսարանի բակ․ վերջինիս ղեկավարությունը փակել է մուտքի գլխավոր դարպասները։ Դարպասներից դուրս նրանք շարունակել են իրենց ակցիան՝ «Ուսանո՛ղ, միացի՛ր», «Արցախ» վանկարկումներով։ Այնուհանդերձ, ավելի ուշ ՀՌՀ–ի մի շարք ուսանողներ եւս միացել են ցուցարարներին։ Նշենք, որ դեպքի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել նաեւ ՀՌՀ-ի մամուլի բաժինը՝ նշելով, որ համալսարանում ուսումնական գործընթացը շարունակվում է բնականոն աշխատանքային ռեժիմով․ «Հայ-ռուսական համալսարանում մտահոգված են այն ամենով, ինչ կատարվում է այս օրերին Արցախում և Հայաստանում, ողջ հայ ժողովրդի հետ կիսում ենք մեր հայրենակիցների վիշտն ու ցավը։ Սակայն որևէ նպատակաուղղված գործողություններ, միտված ուսանողների և բուհի անձնակազմի մասնակցությանը քաղաքացիական անհնազանդության ակցիաներին կամ մասնակցության արգելքին, ՀՌՀ-ում չեն իրականացվում: Ուսումնական գործընթացում էական շեղումներ չեն արձանագրվել, դասերը անցկացվել սովորական կարգով»,- ասվում է համալսարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:   Շարունակելով ակցիան՝ ուսանողները տարբեր խմբերով նստացույց են արել Տիգրան Մեծ փողոցում, մի պահ փակել են Ֆրանսիայի հրապարակը։  Այժմ մի մասն Ամիրյան փողոցում է, այնտեղ աղբամաններով փակում են փողոցը։
16:55 - 22 սեպտեմբերի, 2023
Տարբեր բուհերում ուսանողները դասադուլ են սկսել հաջակցություն Արցախի

Տարբեր բուհերում ուսանողները դասադուլ են սկսել հաջակցություն Արցախի

Այսօր մի շարք բուհերի ուսանողներ դասադուլ են սկսել՝ հաջակացություն Արցախի։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) ուսանողական խորհուրդը գիշերը հայտնել էր դասադուլ սկսելու մասին։ ԵՊԿ ՈՒԽ նախագահ Նարեկ Խաչատրյանը մեզ  հետ զրույցում նշեց՝ դասադուլը կազմակերպվել է բուհի ուսանողների մեծամասնության խնդրանքով։  «Դաասադուլի հիմնական գաղափարը մեկն է՝ աջակցել Կոնսերվատորիայի արցախցի ուսանողներին, ինչպես նաև Արցախի բոլոր բնակիչներին։ Մենք ցանկանում ենք որպես մշակութային բուհ մեր ձայնը հասցնել միջազգային ատյաններին, որպեսզի նրանք ուշադրություն դարձնեն նրա վրա, որ ճանապարհները փակ են։ Մեր հիմնական նպատակն այն է, որ Լաչինի միջանցքը բացվի, և մարդասիրական օգնություն ցուցաբերվի Արցախի բնակիչներին, և հնարավորության պարագայում նրանք կարողանան հասնել Հայաստանի Հանրապետության տարածք»,- ասաց ՈՒԽ նախագահը։ ԵՊԿ ՈՒԽ անդամները, կենտրոնում՝ Նարեկ Խաչատրյանը Նարեկ Խաչատրյանի խոսքով իրենք այսօր արձագանքներ են ստացել նաև այլ բուհերից, որոնց ՈՒԽ ղեկավար կազմի հետ բանակցում են՝ հասկանալու համար, թե միասին ինչ միջոցառումներ կարող են իրականացնել։ Նշենք, որ այսօր  Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ՈՒԽ-ն և Ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերությունը ևս դասադուլ են հայտարարել՝ նշելով․ «Մեր պահանջը մեկն է` տրամադրել մարդասիրական միջանցք Արցախի մեր հայրենակիցներին անվտանգ Հայաստան տեղափոխելու նպատակով։ Մեր դասադուլը ուղղորդված չէ ոչ մի քաղաքական ուժի կողմից»։  Նարեկ Խաչատրյանը նշեց, որ Կոնսերվատորիայի ուսանողները դասադուլին միանալու հարցում ազատ են, իրենք հարգում են բոլորի կարծիքը։ Նա նաև շեշտեց, որ իրենց առաջիկա միջոցառումները լինելու են ապաքաղաքական․ «Մենք չենք հետապնդում որևէ տեսակի քաղաքական շահ, չենք պատկանում որևիցե քաղաքական ուղղվածության։ Մեր նպատակն ազգային գաղափարներով է լցված, և մենք ամեն ինչ անում ենք հանուն Հայաստանի, հանուն Արցախի»։ Նշենք նաև, որ Երևանի պետական համալսարանի, Երևանի պետական բժշկական համալսարանի, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի, Ֆրանսիական համալսարանի մի շարք ուսանողներ էլ այսօր ինքնաբուխ դասադուլ էին հայտարարել և երթեր էին իրականացնում՝ հաջակցություն Արցախի։   Գլխավոր լուսանկարը՝ բուհերի ուսանողների ինքնաբուխ երթից Աննա Սահակյան
15:00 - 22 սեպտեմբերի, 2023
Ակցիայի 84 մասնակից է բերման ենթարկվել այս պահի դրությամբ

Ակցիայի 84 մասնակից է բերման ենթարկվել այս պահի դրությամբ

Այս պահի դրությամբ Երևանում ընթացող բողոքի ակցիաների 84 մասնակից է բերման ենթարկվել։ Այս մասին մեզ հետ զրույցում հայտնել են ՀՀ ոստիկանությունից։ «Այսօրվա ընթացքում ակցիայի 84 մասնակից ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար (ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար՝ խմբ․) այսօր բերվել է ոստիկանություն»,- նշել են ոստիկանությունից։ Առավոտյան հայտնել էինք, որ բերման է ենթարկվել նաև ընդդիմադիր գործիչ Անդրանիկ Թևանյանը։ Ոստիկանության ծառայողներն Ամիրյան փողոցից բերման են ենթարկել նաւ Լեւոն Քոչարյանին, որին, ինչպես երեւում է կադրերում, ոստիկանության մեքենայի մեջ հարվածներ են հասցրել, ավելի ուշ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել է, որ նրան հոսպիտալացնում են։ Առավոտից քաղաքացիները Երևանում տարբեր փողոցներ են փակել, մի շարք համալսարաններում դասադուլ է՝ հաջակցություն Արցախի։ Երեկ հայտարարվել էր, որ վաղ առավոտյան փողոցները փակելուց հետո պետք է հավաքել Կառավարության շենքի դիմաց՝ թույլ չտալու գործադիրի անդամների մուտքը, սակայն Կառավարության նիստն արդեն տեղի է ունեցել ու ավարտվել։  Այնուհետև քաղաքացիները սկսեցին երթ իրականացրել Մաշտոցի պողոտայով։ Ամիրյան փողոցում իրավիճակը լարվեց․ կարմիր բերետավորներն ուժի գործադրմամբ համատարած բերման ենթարկեցին ցուցարարներին։
13:17 - 22 սեպտեմբերի, 2023
ՄԻՊ արագ արձագանքման խմբերն այսօր վաղ առավոտյան մեկնել են Ոստիկանության բաժիններ

ՄԻՊ արագ արձագանքման խմբերն այսօր վաղ առավոտյան մեկնել են Ոստիկանության բաժիններ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերն այսօր վաղ առավոտյան մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ Երևան քաղաքի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ իրականացնող անձանց բերման ենթարկելու դեպքերի շրջանակներում: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Բերման ենթարկված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են բերման ենթարկելու հիմքերը, Ոստիկանության բաժիններում նրանց իրավունքների ապահովման վիճակը: Մարդու իրավունքների պաշտպանը կրկին շեշտում է, որ ոստիկանության ծառայողների կողմից ուժի կիրառումը պետք է լինի օրենքով սահմանված կարգով, դեպքերում և համաչափ: Պաշտպանը նաև կոչ է անում հավաքի մասնակիցներին ցուցաբերել զսպվածություն և  պահպանել օրենքով սահմանված պահանջները: Հավաքի խաղաղ բնույթը պետք է երաշխավորված լինի: Տեղեկացնում ենք, որ ՄԻՊ աշխատակազմն  աշխատում է արտակարգ ռեժիմով, աշխատակազմում  իրականացվում են մշտադիտարկումներ և ուսումնասիրություններ: Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են 116 և (096) 116100, սակայն Էլեկտրամատակարարման խափանման հետևանքով թեժ գիծ 116 հեռախոսահամարը ժամանակավորապես չի գործում, փոխարենը կարող եք զանգահարել 096 116 100  հեռախոսահամարով։
13:02 - 22 սեպտեմբերի, 2023
Այսօր ժողովրդի մեծ մասը մեր կողմից չէ, բայց ճնշող մեծամասնությունը Նիկոլին դեմ է. Վազգեն Մանուկյան |tert.am|

Այսօր ժողովրդի մեծ մասը մեր կողմից չէ, բայց ճնշող մեծամասնությունը Նիկոլին դեմ է. Վազգեն Մանուկյան |tert.am|

tert.am:  Երբ որ մենք երեկ հայտարարում ենք, որ պիտի գանք և չթողնենք վարչապետը մտնի Կառավարության շենք, ես գիտեի, որ կամ նիստի ժամը կփոխեն, կամ շենքը: Իրենք ժամը փոխեցին, մինչև այդ էլ մեր տղաներին, Անդրանիկ Թևանյանին ձերբակալեցին, սա սպասվող բան էր: Այս մասին կառավարության դիմաց իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին ասել է Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը: «Այսօր ժամը 6-ին մենք հանրահավաք ունենք, կամփոփենք, թե ինչ է կատարվել այս 3 օրվա ընթացքում, կներկայացնենք ինչ է պետք անել: Ես չեմ մերժում այն տարբերակը, որ Նիկոլը հրաժարվի, Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա: Բայց պետք է հաշվի առնել, որ եթե Նիկոլը մնում է, ինքը Ադրբեջանի ներկայացուցիչն է Հայաստանում, և անընդհատ շարունակվելու են պարտություններով պատերազմներ»,- ասել է նա:  Նա նշեց, որ այսօրվա իրավիճակը իրապես տարբերվում է փրկության և դիմադրության շարժումներից: Այն ժամանակ ժողովրդի մեծ մասը շփոթված էր և կողմնորոշված չէր, երկրրոդ դեպքում դեռ Նիկոլ Փաշինյանը ուներ որոշակի կշիռ հասարակության մեջ, այս դեպքում ժողովրդի մեծ մասը մեր կողմից չէ, բայց ճնշող մեծամասնությունը Նիկոլին դեմ է:
11:05 - 22 սեպտեմբերի, 2023
Նարեկ Մալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ փաստաբան

Նարեկ Մալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ փաստաբան

Նարեկ Մալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել: Այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ «Ներկայացվել է Նարեկ Մալյանին կալանավորելու միջնորդություն, որը քննության կառնվի այսօր՝ սեպտեմբերի 22-ին ժամը 18:00-ին Երևանի դատարանի «Ավան» նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20)։ Դատավոր՝ Մասիս Մելքոնյան»,- գրել է նա։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 20-ին Մալյանը ձերբակալվել էր ՀՀ ՔՕ 329-րդ հոդվածով նախատեսված հանցանքի կասկածանքով։ Հոդվածը սահմանում է քրեական պատասխանատվություն ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու համար։ Ըստ փաստաբանի՝ ոստիկանությունում Մալյանը գրավոր հայտարարել էր. «Ինչ արել եմ՝ լավ եմ արել, քիչ եմ արել, էլի եմ անելու»։
10:41 - 22 սեպտեմբերի, 2023