Արծվիկ Մինասյան

Արծվիկ Մինասյանն ութերորդ գումարման խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր է։

1995թ. ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը․ 1998թ.՝ ԵՊՀ ասպիրանտուրան: 2001թ.՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1996-1999թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում: 1998 թվականից դասավանդում է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում:

2005-2007թթ. եղել է ՀՀ աշխատանքի եւ սցիալական հարցերի նախարարի տեղակալը: 2016թ. փետրվար-հոկտեմբեր ամիսների՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար, 2016-2018թթ.՝ ՀՀ բնապահպանության նախարար, 2018թ. մայիս-հոկտեմբեր ամիսներին՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար:

2019 թվականից ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ է:

2007-2012թթ. և 2012-2016թթ. եղել է ԱԺ պատգամավոր։

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

«Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաբանների նկատմամբ բռնության դեպքը
 |armenpress.am|

«Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաբանների նկատմամբ բռնության դեպքը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաբանների նկատմամբ բռնության դեպքը և այս առնչությամբ պահանջում լիարժեք քննություն։ Ազգային ժողովում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ «Չափազանց կարևոր եմ համարում, որպեսզի մենք, ես՝ նաև որպես պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ, առաջիկայում նախաձեռնենք այս երևույթների քննարկումը. փաստաբանական համայնքի իրավունքների պաշտպանությունը չափազանց կարևոր է, երբ իրավունքների մասսայական խախտումների շրջանակներում փաստաբանների կողմից իրականցվող աշխատանքը պետք է նաև արժանանա հավուր պատշաճ պաշտպանության նաև օրենսդիր մարմնի կողմից։ Դատապարտելով այս բռնությունը՝ պահանջում ենք նաև լիարժեք քննություն, որպեսզի մեղավոր անձինք ենթարկվեն պատասխանատվության»,- ասաց Մինասյանը։ Հիշեցնենք, որ Փաստաբանների պալատում նախագահ Սիմոն Բաբայանը մամուլի ասուլիս է հրավիրվել, որի ժամանակ նշել էր, որ ոստիկանության Էրեբունու բաժանմունքում փաստաբանների նկատմամբ կիրառվել է բռնի ուժ, հայհոյանքներ, խոչընդոտել են իրենց մասնագիտական գործունեությունը:  Դեպքին անդրադարձել է նաև ՄԻՊ աշխատակազմը՝ նշելով, որ համապատասխան գրություններ կհասցեագրվեն ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով։ Հայտարարություն է տարածել նաև Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը՝ նշելով, որ «այսպիսի երևույթն աննախադեպ է իր բնույթով և խիստ վրդովեցուցիչ»։   
15:25 - 10 փետրվարի, 2023
Չեմ կիսում այն կարծիքը, թե Ռոբերտ Քոչարյանը «ձեռքերը լվանում է» քաղաքականությունից, դա ավելի շուտ իշխանության ցանկությունն է․ Արծվիկ Մինասյան
 |tert.am|

Չեմ կիսում այն կարծիքը, թե Ռոբերտ Քոչարյանը «ձեռքերը լվանում է» քաղաքականությունից, դա ավելի շուտ իշխանության ցանկությունն է․ Արծվիկ Մինասյան |tert.am|

tert.am: Ամեն օր ու ամեն ժամ այս իշխանությունը ցույց է տալիս ոչ միայն իր անկարողությունը, այլև հանցավոր վարքագիծը մեր երկրի պաշտպանության ու անվտանգության վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Անդրադառնալով Ամեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար  անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության ներկայացմանը, Մինասյանը ասաց․ «Եթե ուշադիր լինենք, կտեսնենք, թե ինչ պայմաններում են իշխանությունները դաշտ նետում նման հարցերը, տեղի ունեցավ հայտնի ողբերգությունը և որպեսզի շեղվի հանրության ուշադրությունը, դաշտ նետեցին այդ թեման։  Այս իշխանության վարքագիծը դեռ հայտնի էր այն ժամանակ, երբ ընտրություն կոչված երևույթն էր տեղի ունենում, մեր երեք պատգամավորներին կալանավորել էին և միայն ՍԴ հայտնի որոշումից հետե ազատ արձակվեցին։ Արմեն Չարչյանը առաջին պատերազմի ժամանակ առաջին գծում եղել է այն բժիշկներից, որոնք կարողացել են հայրենիքի համար մարտնչող մարդկանց կյանք փրկել։  Այս իշխանության համար այս մարդիկ դարձել են հակառակորդ։ Հերոսներին ոչնչացնելով՝  փորձում են ցույց տալ, որ հերոսները իրենք են»,- ասաց Մինասյանը։ Լրագրողների հարցին՝ ճիշտ են այն տեղեկությունները, թե երկրորդ նախագահը, որը «Հայաստան» դաշինքի առաջնորդն է,  «ձեռքերը լվանում» է  քաղաքականությունից, Մինասյանը ասաց․  «Ես չեմ կիսում այդ տեսակետը, իմ ամենօրյա աշխատանքը թե՛ խմբակցությունում և թե՛  խմբակցության քարտուղարի պաշտոնում  և նաև քննարկումների ծավալը նման ենթադրության տեղիք չի կարող տալ։ Ի վերջո Ռոբերտ Քոչարյանը հայտարարել ու մնացել է այդ դիրքի վրա, որ այս իշխանությունը չի կարող որևէ լավ բան բերել երկրին։ Հետևաբար մտածել, թե Ռոբերտ Քոչարյանը կարող է դադարեցնել պայքարը, միայն այս իշխանության ցանկությունն է»։ Խոսելով խմբակցության ներսում հնարավոր հակասությունների մասին, Մինասյանն ասաց, որ դա նորմալ և խոսում է խմբակցության ներսում ժողովրդավարության մասին։ Ավելի մանրամասն՝ tert.am-ում։ 
19:05 - 23 հունվարի, 2023
Արծվիկ Մինասյանն Ալեն Սիմոնյանին առաջարկեց պատգամավորական այց կատարել դեպի Արցախ |tert.am|

Արծվիկ Մինասյանն Ալեն Սիմոնյանին առաջարկեց պատգամավորական այց կատարել դեպի Արցախ |tert.am|

tert.am: ՀՀ Ազգային ժողովի նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց ԱԺ նախագահին՝ որպես Հայաստանի և Արցախի ԱԺ-ների համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ, արդյո՞ք նախատեսվում է հանդիպում կամ քննարկում Արցախի գործընկերների հետ։   «Նախատեսվում էր հանդիպում սեպտեմբերի 19-ին, բայց սեպտեմբերի 13-ի և 14-ի դեպքերի պատճառով հետաձգվեց։ Ստեղծված իրավիճակում նման բան նախատեսելը մի քիչ դժվար է, և այս պահին քննարկում չկա Արցախի մեր գործընկերների հետ»,– ասաց Սիմոնյանը։   Արձագանքելով՝ Մինասյանը շետեց, որ գուցե սա լավ առիթ է, որպեսզի դեպի Արցախ պատգամավորական այց կատարվի։ «Ի վերջո միջազգային հանրությունը պետք է տեսնի, որ ստանձնած պարտավորությունները, որոնք ճանաչվել են նաև իրենց կողմից, պետք է կյանքի կոչել»,- ասաց Մինասյանը։ Ի պատասխան՝ ԱԺ նախագահը ասաց․ «Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չեմ պատկերացնում մեկնելու Ձեր առաջարկը ինչպես կարելի է իրագործել, իսկ առցանց քննարկման մասով կարող ենք քննարկել, հասկանալ։ Եթե նման հնարավորություն տեսնում են նաև Արցախի մեր գործընկերները,  ինչու՝ ոչ»։
11:40 - 16 հունվարի, 2023
ՌԴ խաղաղապահները ուժ կիրառելու մանդատ ունեն, ոչ բավարար եմ գնահատում նրանց գործողությունները. Արծվիկ Մինասյան

 |armenpress.am|

ՌԴ խաղաղապահները ուժ կիրառելու մանդատ ունեն, ոչ բավարար եմ գնահատում նրանց գործողությունները. Արծվիկ Մինասյան |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ոչ բավարար է գնահատում ՌԴ խաղաղապահների գործողությունները Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակելու հետ կապված: «Ոչ բավարար եմ գնահատում:  Հարկավոր է շատ ավելի կոշտ միջոցներ կիրառել: Ուժ կիրառելու մանդատը կա և այդ մանդատը գալիս է մարդու հիմնարար իրավունքների ապահովման հրամայականից, և այդ մանդատը Ռուսաստանն ունի որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ, ունի նաև որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահության անդամ և ի վերջո ունի նաև որպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կարևորագույն երաշխավորներից մեկը: Այդ մանդատը կա և այն պետք է շատ ավելի ամրացվի, բայց այդ մանդատի ամրացման համար Հայաստանի պաշտոնական տեսակետն էլ պետք է օգնի»,- լրագրողների հետ ճեպազրույցում ընդգծեց Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում ՌԴ խաղաղապահների գործողությունը:
13:23 - 14 դեկտեմբերի, 2022
«Հայաստան» խմբակցության քաղաքական նպատակադրումները չեն փոխվել․ Արծվիկ Մինասյան

 |armenpress.am|

«Հայաստան» խմբակցության քաղաքական նպատակադրումները չեն փոխվել․ Արծվիկ Մինասյան |armenpress.am|

armenpress.am:  «Հայաստան» խմբակցության քաղաքական նպատակադրումները և գործող իշխանության նկատմամբ գնահատականները չեն փոխվել։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ «Ոչ մեր քաղաքական նպատակադրումներում է փոփոխություն կատարվել, ոչ էլ տրված գնահատականներում։  Ոչ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն է իր գնահատականը այս իշխանությունների նկատմամբ փոխել, ոչ էլ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, ոչ էլ առհասարակ «Հայաստան» խմբակցությունը։ Տակտիկական, մարտավարական խնդիրը չի կարող համարվել գաղափարական նպատակներից շեղում։ Ամենևին ոչ։ Մեր պայքարի ռազմավարությունը պետք է լինի աշխատանքը ժողովրդի և ազգային ինստիտուտների հետ։ Այն ինստիտուտների, որոնք մեր ազգի և պետականության ողնաշարն են. կարևոր է նրանց ակտիվ ներգրավումը Հայաստանին սպառնացող մարտահրավերների հաղթահարման գործում»,-նշեց Մինասյանը։ «Հայաստան» խմբակցության քարտուղարը ընդունում է, որ իրենց չի հաջողվել հիմնական նպատակադրումները իրականացնել, բայց միջանկյալ արդյունքներ գրանցել են:   «Հայաստան» դաշինքի կազմում 2021 թվականի արտահերթ խորհրդարական ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցած «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 29-ին հայտարարեց Ազգային ժողովում գործունեությունը դադարեցնելու մասին: Կուսակցության անդամ երեք պատգամավոր մանդատից հրաժարվելու դիմումներ են ներկայացրել ԱԺ նախագահին: 
14:44 - 30 նոյեմբերի, 2022
Կառավարության և ԱԺ տեքստերում կար տարբերություն․ Ալեն Սիմոնյանը նշեց, որ կքվեարկեն այն տեքստի համար, որտեղ չկա «Արցախի Հանրապետություն» բառը |aravot.am|

Կառավարության և ԱԺ տեքստերում կար տարբերություն․ Ալեն Սիմոնյանը նշեց, որ կքվեարկեն այն տեքստի համար, որտեղ չկա «Արցախի Հանրապետություն» բառը |aravot.am|

aravot.am: Այսօր ԱԺ նիստում, երբ քվեարկության դրվեց կառավարության կողմից ներկայացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը վավերացնելու հարցը, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ ԱԺ-ին ներկայացված տեղեկանքում կա մի հատված, որը չի համապատասխանում կառավարության հաստատած տարբերակին ու ընթերցեց տեքստերը՝ տարբերությունը հասկանալու համար: Այս կոնվենցիայի արձանագրությունը վավերացնելիս Ադրբեջանի Հանրապետությունը կատարել է հայտարարություն, ուստի ՀՀ արտաքին գործերի նախարարությունն առաջարկել է Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության կողմից վավերացնել Ադրբեջանի Հանրապետության կողմից կատարված հայտարարության դեմ հայտարարությամբ: Այն է՝ «Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունը պարունակում է առարկայազուրկ եւ անհիմն մեղադրանքներ՝ ուղղված Հայաստանի Հանրապետությանը, եւ խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը, որը հրահրվել ու շարունակվել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի (Արցախի Հանրապետության) ժողովրդի՝ մարդու իրավունքների եւ ինքնորոշման համար խաղաղ պահանջներին ի պատասխան ուժի կիրառման պատճառով»: Ինչպես նկատել էր Արծվիկ Մինասյանը, կառավարության հոկտեմբերի 20-ի որոշման հավելվածում Արցախի Հանրապետություն բառը չկա, ԱԺ տեքստում այն ավելացվել է, որը խիստ խրախուսելի է: Ըստ պատգամավորի, հիմա անորոշ է իրենց համար, թե ո՞ր տեքստն են քվեարկում: Նա 20 րոպե ընդմիջում խնդրեց՝ հստակեցնելու համար, իսկ ընդմիջումից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ քվեարկում են այն տարբերակը, որը կառավարությունից եկել է՝ բովանդակության մեջ չմտնելով: «Հայաստան» խմբակցությունը «դեմ» քվեարկեց: Քվեարկությունից հետո վարման կարգով Արծվիկ Մինասյանը նշեց, որ իրենց քվեարկությունը վերաբերում էր կառավարությանը, ոչ թե արձանագրությանը, որովհետեւ սա լավ առիթ էր Ադրբեջանին համարժեք արձագանք տալու. «Եվս մեկ անգամ փաստում ենք, որ ՀՀ գործող իշխանությունը շարունակում է խուսափողական վարքագիծը՝ «Արցախի Հանրապետություն» բառակապակցությունը օգտագործելու ուղղությամբ»: ՔՊ պատգամավոր Զարուհի Բաթոյանն ասաց. «Այս կոնվենցիան ստորագրվել է 2007-ին, երբ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը պարոն Աղվան Վարդանյանն էր ու ես, որպես ակտիվիստ, մասնակցել եմ կոնվենցիայի ստորագրմանը: Կոնվենցիան վավերացնելուց հետո ՀՀ կառավարությունը 8 տարի ժամանակ ուներ վավերացնելու արձանագրությունը այն տեքստով, որն ուզում էր»:
12:06 - 16 նոյեմբերի, 2022
«Պատիվ ունեմ»-ը ՍԴ-ում կվիճարկի ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի ընտրությունը

«Պատիվ ունեմ»-ը ՍԴ-ում կվիճարկի ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի ընտրությունը

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը պատրաստվում է Սահմանադրական դատարանում վիճարկել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորանշանակ նախագահ Վահագն Հովակիմյանի ընտրությունը։ Ինչպես ավելի վաղ գրել ենք, Հովակիմյանը, որպես պատգամավոր եւ ԿԸՀ անդամի թեկնածու, մասնակցելով իր իսկ քվեարկությանը, խախտել է «ՀՀ ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի պահանջները, ըստ որի՝ պատգամավորական էթիկայի խախտում է, ի թիվս այլնի, պատգամավորի կողմից իր լիազորություններն իրականացնելիս իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով առաջնորդվելը, իսկ անձնական շահերով առաջնորդվել է նաեւ քվեարկությանը մասնակցելը, որը կարող է հանգեցնել կամ նպաստել պաշտոնում իր ընտրությանը կամ նշանակմանը։ Հովակիմյանի նշանակումից հետո Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել էր ԱԺ երեք խմբակցություններին՝ խնդրելով հայտնել, թե ինչ դիրքորոշում ունեն Հովակիմյանի սեփական քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ եւ արդյոք պատրաստվում են իրավական գործընթաց սկսել։ Հաշվի առնելով, որ նշանակումից հետո մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարությամբ էին հանդես եկել՝ ի թիվս այլնի, խմբակցություններին հորդորելով ԱԺ պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծ ներկայացնել՝ հարցրել էինք նաեւ՝ արդյո՞ք պատրաստվում են նման նախագիծ ներկայացնել։ «Պատիվ ունեմ»-ի մասնագետները կազմում եմ ՍԴ դիմումը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրել է, որ խմբակցության կարծիքով՝ ՀՀ ԿԸՀ նախագահի պաշտոնը անկյունաքարային է ժողովրդավարության եւ դրա շարունակականությունն ապահովելու տեսանկյունից, ուստի ԿԸՀ-ի նախագահի ընտրության օրինականության հարցը պետք է վիճարկվի ՀՀ բարձր Սահմանադրական դատարանում։ Թովմասյանի փոխանցմամբ՝ այս պահին մասնագետները կազմում եմ դիմումը․ «ԿԸՀ-ը անկախ պետական մարմին է: ՀՀ Սահմանադրության 195-րդ հոդվածը սահմանում է, որ ԿԸՀ անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ որեւէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Վահագն Հովակիմյանի նշանակումը ԿԸՀ-ի նախագահի պաշտոնում իշխող կուսակցության նեղ խմբային, քաղաքական շահի սպասարկման դրսեւորում է, քանի որ նա, լինելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ, երկար տարիներ զբաղվում է ակտիվ քաղաքական գործունեությամբ»,- նշել է պատգամավորը։ Մեջբերելով հիշյալ օրենքի դրույթները՝ նա ընդգծել է, որ Վահագն Հովակիմյանը քվեարկությունից առաջ պարտավոր էր հանդես գալ շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ, եւ այդ դեպքում հարցի քվեարկությունից նրա բացակայությունը համարվեր հարգելի․ «Ընդ որում, մեր կարծիքով նրա քվեն վճռորոշ է եղել ընտրության արդյունքների հարցում, քանի որ համաձայն ՀՀ Սահմանադրության 195-րդ հոդվածի պահանջերի՝ ԿԸՀ նախագահին եւ մյուս անդամներին ԱԺ իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, ուստի մեզ համար ակնհայտ է դառնում, որ Վահագն Հովակիմյանի ընտրության համար անհրաժեշտ էր առնվազն 65 կողմ ձայն, իսկ նա հենց այդ քանակությամբ ձայն էլ ստացել է,- ասված է «Պատիվ ունեմ»-ի պատասխանում։ «Հայաստան» խմբակցությունը քննարկում է իրավական գործընթաց նախաձեռնելու հարցը «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը մեր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ իրավական գործընթաց նախաձեռնելու եւ համանման հարցերը գտնվում են քննարկման փուլում, արդյունավետ լուծման հանգելու պարագայում լրացուցիչ կտեղեկացնեն։ Ըստ Մինասյանի՝ Վահագն Հովակիմյանի կողմից իր իսկ քվեարկությանը մասնակցելը, ինչպես նաեւ առհասարակ նրա թեկնածության առաջադրումն ու ԿԸՀ նախագահի պաշտոնում «ընտրությունը» Հայաստանի օրվա քաղաքական իշխանություն իրականացնող վարչախմբի հերթական ապօրինությունն է՝ հակաժողովրդավարական, հակաիրավական եւ հակաքաղաքական դրսևորման ակհայտ ցուցադրմամբ․ «Հանրային իշխանության՝ սահմանադրական ինստիտուտները զավթելու անթաքույց վարքագիծ դրսեւորող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, չբավարարվելով գործադիր եւ օրենսդիր իշխանության լծակները իրենով անելու հակաժողվրդավարական մեթոդներով, տեւական ժամանակ ոտնահարելով ՀՀ գործող Սահմանադրությունն ու պառլամենտարիզմի միջազգային սկզբունքները, զավթում է դատական իշխանության եւ անկախ պետական մարմինների առանցքային պաշտոնները, յուրացնում տեղական ինքնակառավարման մարմինների ու իրավապահ համակարգի գործառույթները: Ցավոք, այս ամենը, ինչպես նաեւ իշխանությունների տարանջատման եւ հավասարակշոման հիմնարար սկզբունքը ոտնահարվում է նաեւ քաղաքացիական հասարակության աչքի առաջ, օրը ցերեկով՝ վերջինիս լուռ համաձայնությամբ»,- գրել է խմբակցության քարտուղարը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը անտեսում է լրատվամիջոցի գրավոր հարցումը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, չնայած օրենքով սահմանված ժամկետի ավարտին, մեր գրավոր հարցմանը չի պատասխանել։ Նշենք, որ տեղեկություն ստանալու իրավունքը ամրագրված է Սահմանադրությամբ, իսկ դրա կարգը սահմանված է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ  օրենքով։  Օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ գրավոր հարցման պատասխանը տրվում է այն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, իսկ եթե տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այն դիմողին է տրվում դիմումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին դիմողին գրավոր տեղեկացնում են նույն 5-օրյա ժամկետում՝ նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։ Գրավոր հարցումը ՔՊ-ին մենք ուղարկել ենք հոկտեմբերի 14-ին՝ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի անվամբ, եւ ուղարկելուց հետո նրա օգնական Նատալի Սինորյանից հավաստիացել ենք, որ այն ստացել են։ 5-օրյա ժամկետը լրանալուց հետո հարցման պատասխանը չենք ստացել եւ կապ ենք հաստատել Սինորյանի հետ պատճառները հասկանալու համար։ Վերջինս տեղեկացրել է, որ Հայկ Կոնջորյանից հարցման վերաբերյալ որեւէ հանձնարարական չի ստացել։ Խնդրել ենք ճշտել՝ հիշեցնելով օրենքով նախատեսված ժամկետի ավարտի մասին։ Սինորյանը խոստացել է ճշտել եւ տեղեկացնել, ինչն այդպես էլ չի արվել։ Օրեր անց դարձյալ զանգահարել ենք նրան եւ ստացել նույն պատասխանը, թե Կոնջորյանը հարցման հետ կապված դարձյալ որեւէ հանձնարարական չի տվել։ Հայտնել ենք, որ այդ պատասխանը մեզ չի բավարարում, քանի որ օրենքով սահմանված ժամկետը լրացել է, եւ մենք արդեն իսկ մի քանի օր ավելի սպասել ենք, որպեսզի ինքը ճշտի, ուստի խնդրել ենք հայտնել, թե ինչ է ճշտել։ Ի պատասխան՝ Սինորյանն ասել է, որ հասկանում է, սակայն Կոնջորյանը հանդիպումների մեջ է եղել, եւ ինքն ավելացնելու ոչինչ չունի։ Օգնականը հավելել է, որ նորություն ունենալու դեպքում կզանգահարի, եւ անջատել է հեռախոսը։ Մենք փորձել ենք կապ հաստատել նաեւ պատգամավոր Հայկ Կոնջորյանի հետ, սակայն նա հեռախոսազանգերին չի պատասխանել։     Միլենա Խաչիկյան  
14:23 - 03 նոյեմբերի, 2022
Արծվիկ Մինասյանը ներկայացրեց «Հայաստան» խմբակցության առաջարկները, որոնք չներառվեցին ԱԺ հայտարարության մեջ

Արծվիկ Մինասյանը ներկայացրեց «Հայաստան» խմբակցության առաջարկները, որոնք չներառվեցին ԱԺ հայտարարության մեջ

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ԱԺ-ում հայտարարեց, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի ներկայացրած ԱԺ հայտարարության նախագիծը անկատար է, ամբողջական չէ։ «Դրանից ելնելով է, որ մենք առաջարկել ենք ոչ մեծ ծավալի, բայց 4 հիմնական կետեր՝ որպես կարևորագույն ուղերձ ոչ միայն միջազգային հանրությանը, այլև մեր քաղաքացիներին, մեզ բոլորիս։ Կարդամ այդ 4 առաջարկները, որոնք մերժվել են․ 1) Ադրբեջանը շարունակում է 44-օրյա պատերազմում ուժի կիրառման իր քաղաքականությունը, որի հակահայական նպատակներն ամրագրված են մեզ համար անընդունելի թուրք-ադրբեջանական 2021թ․ հունիսի 15-ի «Շուշիի հռչակագրով»։ 2) Արձանագրում ենք Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության և բանակի վերականգնման ոլորտներում լիակատար ձախողումը։ 3) Տեղի ունեցող ռազմական գործողությունները վերջնականապես բացահայտեցին, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանի քաղաքականության սնանկությունը։ 4) Ազգային ժողովը գտնում է, որ Ադրբեջանի հետ հետագա բանակցությունները կարող են շարունակվել միայն ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի լիակատար դուրսբերման, հայ ռազմագերիների ու այլ ապօրինի պահվող անձանց վերադարձման պարագայում»։ Մինասյանը նշեց, որ այս առաջարկների նպատակը նաև եղել է այն, որպեսզի հնարավոր լինի վերակառուցել վարվող քաղաքականությունը․ «Չէ՞ որ ՄԱԿ հիմնարար սկզբունքներից մեկը խաղաղությունն է, և այդ սկզբունքին հետամուտ լինելու համար չափազանց կարևոր է արձանագրել, որ խաղաղության քաղաքականությունը՝ ի դեմս Ադրբեջանի ագրեսիվ վարքագծի, ձախողվում է»։
15:25 - 13 սեպտեմբերի, 2022
ԱԺ-ում կրկին ընդմիջում հայտարարվեց՝ հայտարարությունը քննարկելու նպատակով

ԱԺ-ում կրկին ընդմիջում հայտարարվեց՝ հայտարարությունը քննարկելու նպատակով

Ալեն Սիմոնյանն առաջարկեց հայտարարության նախագիծն առանց ընդմիջումների քննարկել։ Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ 20 րոպեն շատ քիչ ժամանակ է, և առաջարկեց տալ 1 ժամ ժամանակ, որ իրենց առաջարկները քննարկման և իրացման հնարավորություն ունենան։ Ալեն Սիմոնյանը նշեց՝ նորից ընդմիջում կհայտարարի, որ ընդդիմադիր պատգամավորներն այդ հնարավորությունն ունենան։ Նրա խոսքով՝ հարցը կքննարկեն վարչապետի հետ հարցուպատասխանից հետո, իսկ ընդդիմադիրների առաջարկները, «եթե որևիցե արտառոց բան չլինի», կներառվեն:  Հայտարարվեց ընդմիջում։ Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել էր, որ իրավիճակի վերաբերյալ հայտարարության տեքստ է նախապատրաստվել, Արծվիկ Մինասյանի փոխանցմամբ՝ իրենք էլ հայտարարության տեքստ են պատրաստում։ Հայտարարվել էր 20 րոպե ընդմիջում, որ խմբակցությունները քննարկեն միասին հայտարարության տեքստը։
10:40 - 13 սեպտեմբերի, 2022
ԱԺ-ում ընդմիջում հայտարարվեց՝ իրադրության վերաբերյալ ԱԺ հայտարարության տեքստը քննարկելու նպատակով

ԱԺ-ում ընդմիջում հայտարարվեց՝ իրադրության վերաբերյալ ԱԺ հայտարարության տեքստը քննարկելու նպատակով

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու քարտուղար Արծվիկ Մինասյանն ԱԺ-ում են։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ իրավիճակի վերաբերյալ հայտարարության տեքստ է նախապատրաստվել, Արծվիկ Մինասյանի փոխանցմամբ՝ իրենք էլ հայտարարության տեքստ են պատրաստում։  ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն էլ նշեց․ «Լավ միտք չէ այսօր մրցակցող հայտարարություններ քննարկելը»։ Նա առաջարկեց բոլորով միասին ընդունել հայտարարության նախագիծը։  Սեյրան Օհանյանն էլ նշեց, որ իրենց հայտարարության տեքստի մասին նկատառումներ կարող են ունենալ։ Նա առաջարկեց քննարկում ունենալ, հետո նախագիծ ընդունել։   20 րոպե ընդմիջում հայտարարվեց, որ խմբակցությունները քննարկեն միասին հայտարարության տեքստը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ փոխանցմամբ հակառակորդը Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառում է հրետանային միջոցներ, ականանետներ, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։
10:22 - 13 սեպտեմբերի, 2022
Տարեց տղամարդկանց ծեծելու համար մեղադրվող երիտասարդները կմնան կալանքի տակ

 |factor.am|

Տարեց տղամարդկանց ծեծելու համար մեղադրվող երիտասարդները կմնան կալանքի տակ |factor.am|

factor.am: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոման Սմբատյանն այսօր քննեց Գյումրու Երևանյան խճուղու կանգառներից մեկում ընդդիմադիրների կազմակերպած ավտոերթի օրը տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով կալանավորված հինգ երիտասարդների՝ Գոռ Մաթևոսյանի, Գոռ Սարգսյանի, Տարոն Մանուկյանի, Արսեն Մարտոյանի, Գևորգ Մուրադյանի խափանման միջոցը փոխելու փաստաբանների միջնորդությունը։ Փաստաբաններն այս գործով անցնող կալանավորվածներից յուրաքանչյուրին ներկայացրեցին առանձին-առանձին՝ միջնորդելով կալանքը փոխել երկրից չբացակայելու մասին ստորագրությամբ։ Երիտասարդներին անձնական երաշխավորություն ներկայացրեցին նաև ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Արամ Վարդևանյանը։ Ըստ պատգամավորների՝ երիտասարդները պատերազմի մասնակիցներ են, ոմանք նաև վիրավորում են ստացել, նրանցից մի քանիսը պարգևատրվել են Արցախի Հանրապետության նախագահի կողմից։ 3 տուժողների շահերը պաշտպանում էր Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ Կարեն Բարսեղյանը։ Նա տուժողների անունից հայտարարեց, որ նրանք բողոք, պահանջ չունեն։ Տուժողներից մեկը ներկայացել էր դատարան, սակայն չմասնակցեց դատական նիստին։ Դատարանը որոշումը հրապարակեց քիչ առաջ՝ անփոփոխ թողնելով նրանց խափանման միջոցը։
21:37 - 02 հունիսի, 2022
Ընթանում է  Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննությունը․ իրավիճակը մի պահ լարվեց |news.am|

Ընթանում է Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննությունը․ իրավիճակը մի պահ լարվեց |news.am|

news.am: ՀՀ վերաքննիչ դատարանում, որտեղ ընթանում է վարչապետ Նիկոլ  Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննությունը, իրավիճակը կտրուկ լարվեց, երբ դատավոր Կարեն Բիշարյանը որոշում կայացրեց նիստերի դահլիճից հեռացնել անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանին։ Արսեն Ղուկասյանը հայտարարեց, որ զոհված եւ անհետ կորած զինծառայողների հարազատներին չեն կարող զրկել ձայնի իրավունքից, դատավորը հորդորեց տեղից չխոսել, ապա դատական սանկցիա կիրառեց՝ նրան դահլիճից հեռացնելու որոշում կայացնելով։ Վիճաբանություն ու քաշքշուկ սկսվեց դատական կարգադրիչների եւ հարազատների միջեւ։ Նիստն ընդմիջվեց։ Հիշեցնենք, որ բողոքը ներկայացրել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը։ Դեռեւս 2021 թվականի հունիս ամսին նրանք հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել, մասնավորապես, պահանջելով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերեւույթ պետական դավաճանության փաստի առթիվ։
15:07 - 25 մայիսի, 2022
Փաշինյանի դեմ քրգործ հարուցելու պահանջով բողոքը քննող դատավոր Բիշարյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց |news.am|

Փաշինյանի դեմ քրգործ հարուցելու պահանջով բողոքը քննող դատավոր Բիշարյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց |news.am|

news.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առերեւույթ պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու պահանջով փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի կողմից բերված բողոքի քննությանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց։ Ըստ փաստաբանի՝ դատավոր Կարեն Բիշարյանին բողոքը մակագրվել է դատարանի նախագահի կողմից՝ ձեռքով, ընդ որում, երաշխիքներ չեն ներկայացվել՝ արդյոք պահպանվել է օրենքով սահմանված՝ այբբենական մակագրման կարգը։ Պատգամավոր Մինասյանի խոսքով՝ բավարար ջանքեր չեն ցուցաբերվել նախագահողի կողմից՝ մակագրման ընթացակարգի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու առումով։ Դատախազներ Արմեն Մուրադյանը եւ Արշակ Մարտիրոսյանն էլ առարկեցին միջնորդության դեմ՝ նշելով, որ միջնորդությունն անհիմն է եւ ենթակա է մերժման։ Անդրադառնալով ներկայացված առարկությանը՝ Արծվիկ Մինասյանն ասաց. «Տպավորություն է, որ մենք առաջին անգամն ենք քննարկում այս հարցերը։ Այդ դեպքում ո՞ւր էին դատախազները, երբ դատավորն ասում էր՝ ծանուցել է, եւ իրենք չեն եկել դատական նիստին, բայց գալիս են այստեղ ծնողների բողոքի հիման վրա եւ հայտարարում, որ դատարանից ծանուցում չեն ստացել։ Այս պահի դրությամբ անաչառ դիտորդի մոտ ձեւավորված հստակ պատկերացում կարող է լինել այն, որ դատարանն օրենքի հիման վրա ստեղծված դատարան չէ»։ Նշենք, որ դեռեւս 2021 թվականի հունիս ամսին նրանք հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել, մասնավորապես, պահանջելով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերեւույթ պետական դավաճանության փաստի առթիվ։ Ներկայացված հանցագործության մասին հաղորդմամբ Հակոբ Մարտիրոսյանը ներկայացրել է փաստական հանգամանքներ, որոնք առերեւույթ վկայում են Նիկոլ Փաշինյանի կողմից թշնամի պետությանն օգուտ տալու մասին՝ ի վնաս ՀՀ-ի։ Դատախազության կողմից հաղորդմանը պատշաճ կարգով ընթացք չտալու հանգամանքը դիտարկվել է որպես անգործություն եւ դատախազության անգործության դեմ փաստաբանը բողոք է ներկայացրել դատարան։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ,  մերժել էր բողոքը։ Դատարանի այս որորշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանին։
16:04 - 23 մայիսի, 2022
Իրավական տեսանկյունից թույլատրելի է մի քրեական գործի շրջանակում հայտնաբերված  հանցագործության հատկանիշներով երկրորդը հարուցել․ Մինասյանի պնդումը սխալ է

Իրավական տեսանկյունից թույլատրելի է մի քրեական գործի շրջանակում հայտնաբերված հանցագործության հատկանիշներով երկրորդը հարուցել․ Մինասյանի պնդումը սխալ է

«Հայաստան» խմբակցության քարտուղար, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության անդամ Արծվիկ Մինասյանը Tert.am-ին տված հարցազրույցում օրերս ոչ ճշգրիտ պնդումներ է արել։ Մասնավորապես, խոսելով Հակակոռուպցիոն կոմիտեի վերջերս տարածած հաղորդագրությունից, ըստ որի՝ ՀՅԴ-ն Ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների 2021 թվականի ընտրությունների ընթացքում ընտրակաշառք է բաժանել՝ ասել է․ «Իրավական տեսակետից անթույլատրելի է, երբ դու, օրինակ, հավաքների հրահրման, նյութական շահագրգռվածության հոդվածով փորձում ես իբր գործընթաց իրականացնել, բայց հետո մի հատ այլ գործ ես սկսում, որտեղ հիմքը, որն ինքնին արդեն ապօրինի է, չի կարող հիմք դառնալ երկրորդ գործողության համար»։  Արծվիկ Մինասյանը, ըստ ամենայնի, նկատի ունի երկու կամ ավելի անձանց հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու հատկանիշներով մայիսի 6-ին Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը, որի շրջանակում խուզարկություն է իրանացվել գործով մեղադրյալ ներգրավված անձանց բնակարաններում, ինչի արդյունքում հայտնաբերվել են ձեռագիր նշումներով նոթատետրեր։ Դրանց վերաբերյալ ավելի ուշ հաղորդագրություն է տարածել Հակակոռուպցիոն կոմիտեն՝ նշելով, որ ՀՅԴ կուսակցության Արմավիրի տարածքային մարմնի ղեկավար Ա. Մ.-ի բնակության վայրում հայտնաբերված նոթատետրերը բովանդակում են 2021 թ․ տեղի ունեցած ԱԺ եւ ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողներին տարբեր չափերի կաշառք տալու վերաբերյալ տեղեկություններ․ «Ընտրակաշառք տալու, ստանալու եւ ընտրակաշառքի միջնորդության առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել է քրեական գործ»,- ասված է հաղորդագրության մեջ։  Այսինքն՝ Մինասյանը, հավաքներին առնչվող քրեական գործը (եւ/կամ իրականացված խուզարկությունը) որակելով ապօրինի, ասում է, թե իրավական տեսանկյունից անթույլատրելի է դրա շրջանակում երկրորդ գործողությունն իրականացնել (երկրորդ քրեական գործը հարուցել)։ Իրականում, սակայն, դա այդպես չէ։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածը սահմանում է քրեական գործ հարուցելու առիթները։ Ըստ այդ հոդվածի 3-րդ մասի՝ քրեական գործ հարուցելու առիթ է իր լիազորություններն իրականացնելիս քննիչի կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի եւ հետևանքների հայտնաբերումը։ Այսինքն՝ բոլոր այդ դեպքերում, երբ իր լիազորություններն իրականացնելով՝ քննիչը հայտնաբերում է որեւէ հետք կամ տվյալ, որն առերեւույթ վկայում է նոր հանցագործության մասին, ապա դա առիթ է նոր քրեական գործ հարուցելու համար։ Ավելին, նույն օրենսգրքի 27-րդ հոդվածը սահմանում է, որ դա քննիչի պարտականությունն է։ Մասնավորապես, ըստ այդ հոդվածի 1-ին մասի՝ քննիչը պարտավոր է իր իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում, օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկել հանցագործություն կատարած անձանց եւ հանցագործության, ինչպես նաեւ դրա կատարման հանգամանքները բացահայտելու համար: Իսկ այն հանգամանքը, որ տվյալ դեպքում ոչ թե Քննչական կոմիտեի քննիչն է հարուցել նոր քրեական գործը, այլ հայտնաբերված նյութերը փոխանցել է Հակակոռուպցիոն կոմիտեին, որտեղ էլ այն հարուցվել է, պայմանավորված է նրանով, որ ընտրակաշառքի դեպքերին առնչվող գործերի քննությունը, համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի, իրականացնում են Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները։ Հետեւաբար, անկախ այն հանգամանքից, որ պայմանականորեն ասած, առաջին քրեական գործը պատգամավորը համարում է ապօրինի, իրավական տեսանկյունից թույլատրելի է դրա շրջանակում հայտնաբերված հանցագործության հատկանիշներով երկրորդ քրեական գործը հարուցել։ Ինչ վերաբերում է խուզարկության օրինականությանը, Քրեական դատավարության օրենսգրքի 225-րդ հոդվածի համաձայն՝ բնակարանի խուզարկությունն իրականացվում է միայն դատարանի որոշմամբ։ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանը մեր հարցին ի պատասխան հայտնեց, որ տվյալ դեպքում դատարանի թույլտվությունն առկա է եղել, եւ խուզարկությունն իրականացվել է դրա հիման վրա։ Նույն հարցազրույցում խոսելով «Դիմադրություն» շարժման նկատմամբ իշխանությանը սատարող որոշ շրջանակների դրսեւորած վերաբերմունքից՝ Արծվիկ Մինասյանն ասում է․ «Փորձում են կուրորեն ցեխհարձակումներ իրականացնել «Դիմադրություն» շարժման կամ դրա ներկայացուցիչների նկատմամբ, էն երիտասարդ գործիչների, որոնք այս օրերին «Դիմադրություն» շարժման շրջանակում ներկայանում են հանրությանը, ասենք, չգիտեմ, կարող են վերցնել Իշխան Սաղաթելյանին, Աննա Գրիգորյանին, Արամ Վարդեւանյանին եւ պիտակավորել նախկիններ, արտահայտությունը անհասկանալի է, Աննա Գրիգորյանի կամ Արամ Վարդեւանյանի նախկինը ո՞րն է, երբ այդ մարդիկ որեւէ պետական պաշտոն անգամ չեն ունեցել»։ Մինչդեռ Արամ Վարդեւանյանի կենսագրությունն ուսունասիրելով՝ պարզ է դառնում, որ նա տարիներ շարունակ աշխատել է պետական համակարգում՝ զբաղեցնելով նաեւ պետական պաշտոններ։ Մասնավորապես, 2011-2012 թվականներին Վարդեւանյանը եղել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեադատավարական իրավունքների վարչության մասնագետ, 2012 թ. մարտ-դեկտեմբեր ամիսներին՝ ՀՀ ՄԻՊ աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, առաջատար մասնագետ, 2012-2014 թթ.՝ ՄԻՊ աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետ եւ ՀՀ սահմանադրական դատարանում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ: 2014-2016 թթ. Վարդեւանյանը եղել է ՀՀ ՍԴ նախագահի խորհրդական, 2016-2017 թթ.՝ ՀՀ վարչապետի օգնական, իսկ  2017- 2018 թթ.՝ ՀՀ վարչապետի ավագ օգնական: Այդ ժամանակ գործող «Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ վարչապետի օգնականի պաշտոնները ներառված են պետական հայեցողական պաշտոնների շարքում։ Նշենք նաեւ, որ գործող օրենքի համաձայն էլ, ի թիվս այլնի, դրանց շարքում են ներառվել նաեւ ՍԴ նախագահի խորհրդականի, ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի պաշտոնները։ Այսպիսով, Արծվիկ Մինասյանի այդ պնդումը եւս, թե Արամ Վարդեւանյանը նախկինում որեւէ պետական պաշտոն չի զբաղեցրել, իրականությանը չի համապատասխանում։   Միլենա Խաչիկյան
18:24 - 12 մայիսի, 2022