Ռոբերտ Քոչարյան

Եղել է Հայաստանի Հանրապետության 2-րդ եւ Արցախի Հանրապետության 1-ին նախագահը։ 

1992-1994 թվականներին եղել է Արցախի վարչապետ

1994-1997 թվականներին եղել է Արցախի նախագահ

1997-1998 թվականներին եղել է Հայաստանի վարչապետ

1998-2008 թվականներին եղել է Հայաստանի նախագահ։

Գլխավորում է 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը։

Դատախազը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով մեղադրական եզրակացությունը |armtimes.com|

Դատախազը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով մեղադրական եզրակացությունը |armtimes.com|

armtimes.com: Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում է 3 մլն դոլար կաշառքի մեղադրանքով Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ Այսօրվա նիստի ժամանակ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն ընթերցեց մեղադրական եզրակացությունը։ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը), որը նախատեսում է պատասխանատվություն առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար։  Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը առանձնապես խոշոր չափերով) նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների համար։   «Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊԸ միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927 միլիոն դրամին համարժեք 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք։ Արմեն Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը հանդիսանալով պետական մարմնում պաշտոնատար անձ, վերոնշյալ գործարքի շրջանակներում Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309 միլիոն դրամին համարժեք 1 միլիոն դոլար կաշառք և օրինականացրել է ստացված եկամուտները»,- նշվում է մեղադրանքի մեջ։ Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ նշված հոդվածով, որպես պատիժ, նախատեսվում է ազատազրկում 7-12 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ մեղադրանքը պարզ չէ իր պաշտպանյալի և պաշտպանական խմբի համար, ուստի 20 րոպե ընդմիջում խնդրեց, որպեսզի ցույց տան, թե մեղադրանքի կոնկրետ որ դրույթները պարզ չեն։ Ալումյանը համոզմունք հայտնեց, որ դատարանը նույնպես կգա այդ եզրակացության։ Դատարանը 20 րոպեանոց ընդմիջում հայտարարեց:
15:27 - 15 փետրվարի, 2022
Սա դատական համակարգի անկախության վերացման հատուկ գործողություն է և կալանքով ահաբեկման նոր ալիք․ շուտով գալու է պատասխան տալու ժամանակը․ Ռոբերտ Քոչարյան

Սա դատական համակարգի անկախության վերացման հատուկ գործողություն է և կալանքով ահաբեկման նոր ալիք․ շուտով գալու է պատասխան տալու ժամանակը․ Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն է տարածել․   «Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած չափազանց բարդ մարտահրավերների պարագայում, այս իշխանություններն ամբողջ ռեսուրսը կենտրոնացրել են ընդդիմադիրներին հետապնդելու, խոշտանգելու, ամեն գնով կալանավորելու եւ գերագույն ճիգերով կալանքի մեջ պահելու գործին: Բացառապես իրենց քաղաքական հայացքների համար կալանավորված են Առուշ Առուշանյանը, Մանվել Փարամազյանը, Նարեկ Մանթաշյանը և Գառնիկ Իսագուլյանը: Այսօր, արդեն, չենք զարմանում նույնիսկ դատավորին արդարադատության իրականացման համար կալանավորելուց: Սա իրավական խայտառակության նոր նշաձող է: Սա դատական համակարգի անկախության վերացման հատուկ գործողություն է եւ կալանքով ահաբեկման նոր ալիք: Կատարվողը իրավական պետության քայքայումն է՝ միջազգային կառույցների լուռ աջակցությամբ: Այս ամենը ցույց է տալիս, որ իշխանությունը թույլ ու անկարող է բարդ մարտահրավերներին դիմակայելու համար: Դրա փոխարեն, անում է ամեն ինչ՝ ներսում դիմադրությունը կոտրելու նպատակով: Ակնհայտ է, որ այսօր թիվ մեկ գլխացավանքների շարքում հենց իշխանությունն է։ Այս գործընթացները չեն կարող երկար տեւել, դրանք, ի վերջո, մոտենալու են վախճանին, քանի որ ապօրինությունների այս ծավալը ոչ մի իշխանություն չի կարող մարսել: Շուտով գալու է պատասխան տալու ժամանակը»:
13:19 - 08 փետրվարի, 2022
Երեք ճամբարներում իսպառ բացակայում է պետական շահի գիտակցությունը, ինչի անխուսափելի հետևանքը մեր ազգին սպառնացող նորանոր աղետներն են․ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ներքաղաքական վիճակի մասին |ilur.am|

Երեք ճամբարներում իսպառ բացակայում է պետական շահի գիտակցությունը, ինչի անխուսափելի հետևանքը մեր ազգին սպառնացող նորանոր աղետներն են․ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ներքաղաքական վիճակի մասին |ilur.am|

Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ iLur.am-ի հարցին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց. 1. Փաշինյանական վարչախումբը, միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է պահպանել իշխանությունը: 2. Քոչարյանի և Սարգսյանի ղեկավարած ընդդիմությունը, ներքին հակասություններով հանդերձ, նույնպես միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է զավթել իշխանությունը: 3. Ըստ այդմ, երեք ճամբարներում էլ իսպառ բացակայում է պետական շահի գիտակցությունը, ինչի անխուսափելի հետևանքը մեր ազգին սպառնացող նորանոր աղետներն են: 4. Ելքի փնտրտուքը բացառապես հակամարտող կողմերի և մտավորականության պարտականությունն է: 5. Հասարակության մնացյալ շերտերը իրավիճակի վրա ազդելու լծակներ այս պահին չունեն: Քաղաքագիտական և լրատվական դաշտի ակտիվ դերակատարները, գրեթե ամբողջությամբ, սպասարկում են հիշյալ երեք ճամբարների շահերը:
18:01 - 15 հունվարի, 2022
Նոյեմբերի 9-ի փաստաթղթի վատ կետերը իրականացված են, որևէ ողջամիտ մարդ չի գալու և չի ասելու՝ չեղարկենք այս փաստաթուղթը․ Քոչարյան

Նոյեմբերի 9-ի փաստաթղթի վատ կետերը իրականացված են, որևէ ողջամիտ մարդ չի գալու և չի ասելու՝ չեղարկենք այս փաստաթուղթը․ Քոչարյան

Նոյեմբերի 9-ի փաստաթղթի վատ կետերը իրականացված են, և որևէ ողջամիտ մարդ չի գալու և չի ասելու՝ չեղարկենք այս փաստաթուղթը։ Այսօր՝ մամուլի ասուլիսի ընթացքում, ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք իշխանության գալու պարագայում կատարելու է 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը։ Նրա խոսքով՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի՝ միայն ռազմագերիներն վերաբերող կետը իրականացված չէ․ «Հիմա դա չեղարկելով նաև մեզ մեղադրելու են, ասելու են՝ գերիներին հետ չեն ուզում, որովհետև միակ իրավական փաստաթուղթն է, որտեղ «ռազմագերի» բառն է օգտագործված։ Բրյուսելում ուղղակի շոկ էր, ռազմագերի բառը չօգտագործվեց, ինչի՞ համար ես գնացել այնտեղ»։ Խոսելով Արցախի կարգավիճակի, Հադրութի, Շուշիի դեօկուպացիայի մասին՝ Քոչարյանն ասաց. «Պետք է  ձգտել ԼՂ-ի տարածքի ամբողջականությունը ինչ-որ տեղ վերականգնել։ Այն, ինչ եղել է, չեմ կարծում, որ դա հնարավոր է, բայց այդ ուղղությամբ քայլեր անելը չի կարող հաջողության գոնե ինչ-որ մասը չիրականցվի»։ Քոչարյանն նշեց նաև, որ քարոզարշավի ընթացքում ժողովուրդը իրենց մեջ տեսել է մի ուժի, որը կարող է փորձել ինչ-որ բան փոխել․ «Սրա վտանգավար հետևանքը կարող է լինել պատերազմը։ Պատերազմից սարսափած ժողովրդի մոտ դա աշխատեց և ամենից մեծ գործոնն էր սա, որ ազդեց ընտրությունների արդյունքների վրա։ Հիմա մարդիկ տեսնում են, որ, այնուամենայնիվ, անվտանգային հարցերը լուծված չեն, և երկրի հարցումներով 70-80%-ը համարում են այդ հարցերը առաջնահերթ։ Բայց սա մի տարբերակ է, երբ անընդհատ այդ վախը պահելով ժողովրդի գլխին կարելի է գնալ հակաազգային, մեր շահերից չբխող տարբեր լուծումների՝ այդ սարսափը պահելով։ Սա է առկա պահի ամենից մեծ պրոբլեմը, որը պետք է հաղթահարենք, հակառակ դեպքում մենք անընդհատ զիջողի դերում ենք լինելու»։
13:45 - 27 դեկտեմբերի, 2021
Թուրքիայի նախապայմանները կատարվել են, եւ ոչ թե յոթ շրջանն է վերադրարձվել, այլ բոնուսով՝ Շուշի եւ Հադրութ․ Ռոբերտ Քոչարյան

Թուրքիայի նախապայմանները կատարվել են, եւ ոչ թե յոթ շրջանն է վերադրարձվել, այլ բոնուսով՝ Շուշի եւ Հադրութ․ Ռոբերտ Քոչարյան

Թուրքիան միշտ երեք նախապայման դրել է Հայաստանի առջեւ․ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղարաբաղը, յոթ շրջանի անվերապահ վերադարձը Ադրբեջանին, Ցեղասպանության ճանաչման մասով էնտուզիազմի չդրսեւորում կամ այլ կերպ ասած այդ հարցի փոխանցումը պատմաբանններին։ Հիմա ավելացել է եւս մեկը՝ Զանգեզուրով միջանցքի նախապայմանը։ Այս մասին այսօր ասաց «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին։ «Մեր մոտեցումը հետեւյալն էր՝ պատրաստ ենք հարաբերություններ կառուցել՝ առանց նախապայմանների։ Նույնիսկ երբ սահմանից խոսում էին, մենք ասում էինէ՝ մեր կողմից սահմանը բաց է, փակ է մյուս կողմից։ Հիմա ինչ է կատարվել այդ երեք նախապայմանների հետ։ Նախ, ոչ թե յոթ շրջանն է վերադրաձվել, այլ բոնուսով՝ Շուշի եւ Հադրութ։ Ըստ էության այդ նախապայմանն այլեւս գոյություն չունի, քնաի որ բոնուսով իրականացված է։ Ցեղասպանության հետ կապված՝ Հայաստանն այսօր այնքան թույլ է, որ մտածել՝ Հայաստանը որեւէ հաջողության կարող է հասնել Ցեղասպանության ճանաչման գործում․․․ այդ հարցն այսօր իշխանությունները թողել են Հայ դատի գրասենյակների վրա։ Նման հարցերի կարող են դիմել պետություններ, որոնք այս կամ այն պահին կարող են Թուրքիային պատժելու ցանկություն ունենալ։ Հիմա երեք նախապայմաններից երկուսն իրենց համար բարեհաջող լուծված են»,- ասաց Քոչարյանը։ Իսկ ինչ վերաբերում է առաջին նախապայմանին՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, Քոչարյանն ասաց․ «Մինչ Բրյուսել՝ խորհրդարանում վարչապետն ասաց, որ այլեւս չկա 2016-ին նույնիսկ տեսական տարբերակ՝ Ադրբեջանից դուրս Ղարաբաղի համար։ Սա նշանակում է, որ Հայաստանի առաջին դեմքն ասում է, որ ինքը չի տեսնում որեւէ տարբերակ Ադրբեջանից դուրս։ Վերջին մամուլի ասուլիսի ժամանակ դա վերահաստատեց։ Հիմա երեք նախապայմաններն էլ կատարվել են։ Երբ ասում են պատրաստ ենք բանակցել առանց նախապայմանների, ավելի մեծ երեսպաշտություն ուղղակի դժվար է հորինել, դուք բոլոր նախապայմանները կատարել եք»,- ասաց «Հայաստան» դաշինքի ղեկավարը։ Նրա խոսքով՝ 2003-ին, երբ 2002-ին Էրդողանի կուսակցությունը հաղթել խորհրդարանական ընտրությունների ժամանակ, հանդիպել են Թուրքիայի ԱԳ նախարարի հետ․ «Վարդան Օսկանյանը բավական ոգեւորված էր, զանգեց,ա սաց՝ ոնց որ Թուրքական կողմը պատրաստ է առանց նախապայամնենրի բանակցությունների, ես ասացի՝ չեմ հավատում, դեռ չեն հասկացել, որ Ադրբեջանը կխանգարի։ Ասացի՝ դրա մասին մեծ աղմուկ մի հանի, որ չստացվի՝ սպասելիքներ ենք առաջացնում, շարունակեք այդ ոճով։ Թուրքիայի ԱԳ նախարարն ասել էր՝ առանց նախապայմանների։ Այն ժամանակ իրենց ոմտեցումը սա էր, մի քանի ամիս հետո հանդիպումից հետո Օսկանյանը զանգեց, ասաց՝ ոնց որ հետ են քաշվում, երրորդ հանդիպման ժամանակ ամբողջությամբ վերադարձանք այն կետին, ինչից սկսել ենք»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, որ սա է եղել հայ-թուրքական հարաբերությունների հուսադրող պահը, որեւէ տեւել է, նրա խոսքով, վեց-յոթ ամիս։
13:11 - 27 դեկտեմբերի, 2021
Որոշ ուղղություններով ի վիճակի ենք ինչ-որ բան շտկել․ Քոչարյանն անդրադարձավ Արցախի խնդրի լուծման վերաբերյալ հարցին

Որոշ ուղղություններով ի վիճակի ենք ինչ-որ բան շտկել․ Քոչարյանն անդրադարձավ Արցախի խնդրի լուծման վերաբերյալ հարցին

ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր՝ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ Արցախի խնդրի լուծման վերաբերյալ հարցին։ Քոչարյանի կարծիքով՝ պարզ է, թե ՀՀ ներկայիս իշխանությունները ինչպես են պատկերացնում Արցախյան հարցի լուծումը․ «Հիմա արժի՞ փորձել ուղղակի չեզոքացնել այդ վտանգը և մեկ այլ ճանապարհով գնալ, թե՞ չարժի, թե՞ ուղղակի հոսանքի մեջ մտնենք՝ ասենք՝ այս մարդիկ սա են ուզում, գնանք, անենք։ Երկընտրանքը սրա մեջ է։ Մի կողմից արդեն պարզ է՝ սրանք ինչ են ուզում, ուր են մեզ տանում, մյուս կողմից ասում ենք՝ կան ուրիշ ուժեր, որոնք փորձելու են փոխել այս վտանգավոր ճանապարհը։ Հիմա անե՞նք, թե՞ չանենք, ես եմ, ես չեմ, մեկ ուրիշն է, դա արդեն կարևոր չի, մեր ելակետը դա պետք է լինի, մենք թույլ ենք տալիս անել, թե թույլ չենք տալիս»։ Քոչարյանն ասաց, որ տեսնում է դիվանագիտական ակտիվ աշխատանքի շնորհիվ ինչ-որ բան փրկելու հնարավորություն․ «Տեսնում եմ այդ ճանապարհը։ Այս իշխանությունը չի էլ փորձելու դա անել, որովհետև այս մարդիկ իրենց ամբողջ գիտակից կյանքը մտածել են այնպես, ինչ այսօր իրենք անում են։ Իրենցից սպասելիքը զրոյական է, հիմա իմ առաջարկը՝ փոխենք։ Հնարավորություն տանք այն մարդկանց, որոնք ամբողջ իրենց կյանքով ցույց են տվել, որ այլ կերպ են մտածում։ Այո, ես տեսնում եմ այդ ճանապարհը։  Շատ բարդ է լինելու, առանց կորուստի չի լինելու, չենք ստանալու այն, ինչի հնարավորությունը մենք կորցրել ենք, բայց այո, որոշ ուղղություններով մենք ի վիճակի ենք ինչ-որ բան շտկել»,-ասաց նա՝ նշելով, որ նաև Արցախի կարգավիճակի հարցը նկատի ունի։ Նա առաջարկեց համեմատել, թե բանակցային ինչ ժառանգություն են ստացել 1998 թ․-ին և 2008-ին։ Քոչարյանը վստահեցրեց՝ հասկանում է, թե ինչ է պետք անել։ «Չեմ կարող երաշխավորված, 100%-անոց ասեմ, որ` այո, սրան հասնելու ենք, բայց ես տեսնում եմ քայլերի հերթականություն, որով կարելի է ինչ-որ բան փրկել։ Այս իշխանությունը չի էլ փորձելու, որովհետև իրենք այդպես են մտածում, սա իրենց համոզմունքն է, ես չգիտեմ՝ բացի իրենց համոզմունքից՝ ում շահերն են սպասարկում, ես ենթադրում եմ, որ որոշակի շահերի սպասարկման խնդիր, անկասկած, կա։ Հիմա ասում եմ՝ չեզոքացնենք այդ ամենը։ Դետալների մեջ չեմ մտնելու, բայց սա մի հարց է, որը կարող եմ նաև ձեր հետ առանձին հանդիպման ժամանակ, ոչ թե հարցազրույցի ձևով, բայց բացել, թե ինչ կարելի է անել։ Սրանք փորձելու են նաև այդ ճանապարհները փակել»։
12:43 - 27 դեկտեմբերի, 2021
Քոչարյանն անդրադարձավ «Հայաստան» խմբակցության՝ միջազգային կառույցներում խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքներին չմասնակցելուն

Քոչարյանն անդրադարձավ «Հայաստան» խմբակցության՝ միջազգային կառույցներում խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքներին չմասնակցելուն

Միջազգային կառույցներում խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքներին խորհրդարանական «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում։ Լրագրողի հարցին՝ եթե դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանն ինքն է արձանագրում, որ  Հայաստանը արտաքին քաղաքական բնագավառում քարոզչական պատերազմում պարտվում է, ապա որքանով է արդարացի, որ խմբակցությունը որոշել է չմասնակցել նշյալ աշխատանքներին։ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց, որ իրենց խմբակցության 12 անդամ երկրից դուրս գալու հնարավորություն չունի՝ հարուցված քրեական գործերի պատճառով․ «Մենք հայտարարել ենք, որ չենք մասնակցելու, բայց իրականության մեջ մի զգալի մասի համար այդ մասնակցության ճանապարհը փակ է․․․ Երբ Սեյրան Օհանյանը չի կարողանում մասնակցել ՀԱՊԿ-ի խորհրդարանական միջոցառումներին, քննիչը համաձայնություն չի տալիս, Արմեն Գրիգորյանը չի մասնակցում ԵԽԽՎ նիստին»,- ասաց նա՝ նշելով, որ իրենց որոշումն այս իշխանությանը այդ արգելքները հանել ստիպելու համար է։ «Այն ինչ արել եք, արել ենք ստիպելու համար այս իշխանությանը, որ հանեն այդ արգելքները «Հայաստան» խմբակցության պատգամավորների համար, որպեսզի այդ ամբիոնները լիարժեք օգտագործենք մեր ազգային շահերը պաշտպանելու համար»։ Քոչարյանը վստահեցրեց, որ հենց այդ արգելքները հանվեն, իրենց պատգամավորները մասնակցելու են խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքներին։
12:13 - 27 դեկտեմբերի, 2021
Վարչապետը  վերջին հայտարարություններով կասկածի տակ դրեց Ղարաբաղի հռչակագիրը, որը Ղարաբաղի գոյության հիմքում է դրված․ Ռոբերտ Քոչարյան

Վարչապետը վերջին հայտարարություններով կասկածի տակ դրեց Ղարաբաղի հռչակագիրը, որը Ղարաբաղի գոյության հիմքում է դրված․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր՝ տարվերջյան ասուլիսի ընթացքում անդրադարձավ Արցախի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի արած վերջին հայտարարություններին․ «Ղարաբաղի անվտանգության, ապագայի հետ կապված անորոշությունը մնացել է նույնը այս տարվա ընթացքում, բայց վերջերս մենք ստացել ենք որոշակիություն՝ Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը առնչվող։ Արդեն հասկանալի է՝ եթե վարչապետը ասում է, որ 2016 թ․-ից  նույնիսկ որևէ տեսական հնարավորություն այլևս չկար Ղարաբաղը Ադրբեջանից դուրս կարգավիճակի համար, սա, ըստ էության, Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն է։ Սա նշանակում է, որ Հայաստանը ձեռքերը լվացել է Ղարաբաղից, և այս վերջին հայտարարություններով վարչապետը նաև, ըստ էության, կասկածի տակ դրեց Ղարաբաղի հռչակագիրը, սեպտեմբերի 2-ի հռչակագիրը, որը Ղարաբաղի գոյության հիմքում է դրված, ձևավորման հիմքում է դրված։ Կամ չեն հասկանում՝ ինչ են անում, կամ անում են ծրագրավորված»,-ասաց Քոչարյանը։
12:00 - 27 դեկտեմբերի, 2021
Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվել է մինչև հունվարի 18-ը |armenpress.am|

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվել է մինչև հունվարի 18-ը |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով  դատական նիստը: Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը պետք է մասնակցի Վերաքննիչ քրեական դատարանի նիստին, որտեղ քննարկվելու է այլ գործով իր պաշտպանյալների ազատության հարցը։ Բացի այդ, պաշտպանը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 28-ից մինչև հունվարի 15-ը ներառյալ բացակայելու է ՀՀ-ից։  Լուսինե Սահակյանը նաև միջնորդել է վերանայել դատական նիստերի ժամանակացույցը՝ հաշվի առնելով, որ դատական նիստերը երբեմն համընկնում են ԱԺ նիստերի օրերի հետ, ինչը խոչընդոտում է Գևորգյանի պատգամավորական գործունեությանը։ ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հովհաննես Խուդոյանը միացավ միջնորդությանը՝ նշելով, որ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված չէ, որ դատական նիստերը պետք է պարտադիր երեքշաբթի օրերին նշանակվեն։ Սակայն դատավորը նպատակահարմար չգտավ սահմանել այն ժամանակահատվածները, որոնց ընթացքում նիստեր չեն նշանակվելու, նշելով, որ սույն գործով նիստերն առանց այդ էլ բազմիցս հետաձգվել են։  Դատական նիստը հետաձգվել է մինչև 2022 թվականի հունվարի 18-ը։
16:24 - 21 դեկտեմբերի, 2021
Հայկ Մարությանը Ռոբերտ Քոչարյանի հետ որեւէ կերպ չի առնչվել, նրա հետ երբեք չի հանդիպել․ Հակոբ Կարապետյան

Հայկ Մարությանը Ռոբերտ Քոչարյանի հետ որեւէ կերպ չի առնչվել, նրա հետ երբեք չի հանդիպել․ Հակոբ Կարապետյան

Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Երբ կիրակնօրյա հայտնի հոդվածը հրապարակվեց, մենք որպես արձագանք հայտարարեցինք այն, ինչ սովորաբար հայտարարում ենք, երբ առնչվում ենք դեղին մամուլի բամբասանքի հետ․ «չենք մեկնաբանում»։ Այդուհանդերձ, քանի որ այս օրերին հոդվածում հնչած ապատեղեկատվությունը լայնորեն շահարկվում է եւ քանի որ թեմայի շուրջ բազմաթիվ հարցումներ ենք ստանում մեր քաղաքացիներից ու լրատվամիջոցներից, ապա ստիպված ենք բովանդակային արձագանք տալ․  Պաշտոնապես հայտարարում եմ, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ռոբերտ Քոչարյանի հետ որեւէ կերպ չի առնչվել, նրա հետ երբեք չի հանդիպել։ Հոդվածում բազմաթիվ այլ կեղծ պնդումներ եւս կան»։ Infocom-ն ավելի վաղ անդրադարձել էր վերոնշյալ հոդվածին՝ նշելով, որ «Հայկական ժամանակ»-ի այն ընդգծումը, թե «ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ 2020 թ․-ի Արցախյան պատերազմից հետո Երեւանի փողոցներում հայտնվեցին Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդային պաստառները», առարկայազուրկ է եւ մանիպուլյատիվ, քանի որ ըստ «Գովազդի մասին» և «Երեւան քաղաքում տեղական ինքնակավառավարման մասին» օրենքների, ինչպես նաև Երեւան քաղաքի ավագանու N 37-Ն որոշման՝ քաղաքապետարանն ու Երեւանի վարչական շրջանների ղեկավարներն ուղղակի հիմք չունեին այդ պաստառների գովազդն արգելելու։
11:20 - 15 դեկտեմբերի, 2021
Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդը Հայկ Մարությանի գործունեությամբ պայմանավորելու «Հայկական ժամանակ»-ի ընդգծումը մանիպուլյատիվ է

Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդը Հայկ Մարությանի գործունեությամբ պայմանավորելու «Հայկական ժամանակ»-ի ընդգծումը մանիպուլյատիվ է

Վերջին ժամանակներս կառավարող ուժին հարող մի շարք լրատվամիջոցներ և սունկ կայքեր պարբերաբար անդրադառնում են Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի գործունեությանը՝ նրան հաճախ դարձնելով չփաստարկված քննադատությունների թիրախ։ Infocom-ն արդեն գրել է, որ ամիսներ առաջ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ փոխկապակցված FreeNews.am կայքը վերահրապարակել էր «Հայկ Մարությանը որոշել է սուտ հայրենասիրություն խաղալ», ««Խելացի մարդը էս երկրում ներդրում կանի՞…». Հայկ Մարության» վերտառությամբ հոդվածներ, որոնցից մեկը հիմնված է լրատվամիջոցի «հավաստի աղբյուրների» վրա, իսկ մյուսը՝ «վերլուծական մտքի»։  FreeNews.am-ը հղվել էր armenianews.net և medianews.site կայքերին․ դրանք համապատասխանում են սունկ կայքերի ձևաչափին, իսկ վերը նշված հոդվածների տակ անգամ հեղինակի անուն գրված չէր։ Դեկտեմբերի 12-ին էլ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի էլեկտրոնային կայքը՝ armtimes.com-ը, հրապարակել է «Հայկ Մարությանին «հեղափոխությունից շեղած» գեներալները» վերտառությամբ անստորագիր մի հոդված (այն ավելի ուշ վերահրապարակել են կառավարող ուժին հարող FreeNews.am, Civic.am, armpublic.com կայքերը), որտեղ, Մարությանին անուղղակիորեն մեղադրելով ճամբարափոխ լինելու մեջ եւ հղում անելով «շրջանառվող տեղեկություններ»-ին, գրել է, թե պատերազմից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ․ «Թերեւս ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո Երեւանի փողոցներում հայտնվեցին Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդային պաստառները»,- ընդգծել է կայքը։ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գրքի պաստառները մայրաքաղաքի տարբեր վահանակների վրա հայտնվեցին 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի նախաշեմին։ Դրանք, ըստ էության, գովազդային պաստառներ էին, իսկ արտաքին գովազդի տեղադրումը Երեւան քաղաքում կանոնակարգվում է «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Գովազդի մասին» եւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքներով, ինչպես նաեւ «Երեւան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություն պատվիրակելու եւ արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) համայնքային կանոնները հաստատելու մասին Երեւան քաղաքի ավագանու N 37-Ն որոշմամբ։ Մասնավորապես, «Երեւան քաղաքում տեղական ինքնակավառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 31-րդ կետի համաձայն՝ Երեւանի ավագանին, ի թիվս այլնի, ունի քաղաքային նշանակության գովազդային գոտին (քարտեզի տեսքով) սահմանելու լիազորություն։ Նույն օրենքի 55-րդ  հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ քաղաքապետը օրենքով սահմանված կարգով տալիս է քաղաքային նշանակության գովազդային գոտում (քաղաքային նշանակության փողոցներում եւ դրանց անմիջապես հարող տարածքներում, ինչպես նաեւ քաղաքային նշանակության հրապարակներում եւ այգիներում) արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն։ Իսկ 94-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն էլ՝ քաղաքային նշանակության գովազդային գոտի չհամարվող տարածքներում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվությունը տալիս է տվյալ վարչական շրջանի ղեկավարը։ Գովազդի տեղադրման թույլտվություն տալու կարգը սահմանված է Երեւան քաղաքի ավագանու N 37 որոշման 2-րդ գլխով։ Ըստ այդմ, գովազդ տեղադրելու համար գովազդատուն, գովազդակիրը դիմում է ներկայացնում դրա տեղադրման վայրի համապատասխան վարչական շրջանի ղեկավարին (իսկ տրանսպորտային միջոցի վրա գովազդ տեղադրելու դեպքում՝ Երեւան քաղաքի որեւէ վարչական շրջանի ղեկավարին): Եթե դիմումը եւ կից փաստաթղթերը համապատասխանում են այս որոշմամբ սահմանված կանոնների պահանջներին, կամ դիմողը վերացրել է ձեւական խախտումները, ապա տվյալ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրանք ներկայացնում է Երեւանի քաղաքապետարանի՝ աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչություն՝ ուրվանկարների եւ համապատասխան փորձաքննություն անցած մոնտաժային նախագծերի համաձայնեցման, ինչպես նաեւ, ըստ անհրաժեշտության համապատասխան հողհատկացման, Երեւան համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքի օգտագործման (համաձայնության) թույլտվության հարցերի քննարկման եւ լուծման համար: Նույն որոշման 3-րդ գլուխն էլ սահմանում է Երեւան քաղաքի վարչական սահմաններում գովազդի տեղադրման չափորոշիչները, որոնք վերաբերում են տեխնիկական պահանջներին եւ սահմանափակումներին։ Իսկ բովանդակային պահանջների վերաբերյալ մանրամասն կանոնակարգում է առկա «Գովազդի մասին» ՀՀ օրենքում, որի 15-րդ հոդվածի համաձայն՝ որոշակի սահմանափակումներ տարածվում են առանձին տեսակի ապրանքների գովազդի վրա, ինչպիսիք են, օրինակ, ալկոհոլային խմիչքները, ծխախոտը, մինչեւ վեց ամսական երեխաների համար կրծքի կաթի փոխարինիչները, թմրադեղերը, թունավոր եւ ուժեղ ազդող դեղերը, զենք-զինամթերքը, վիճակախաղերը։ Նույն օրենքով երաշխիքներ են սահմանված գովազդի օրինականության, հավաստիության, պատշաճության, ինչպես նաեւ՝ գովազդային ոլորտում անչափահասների պաշտպանության համար։ Մեջբերված նորմատիվ իրավական ակտերի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ եթե գովազդը, այդ թվում՝ գրքի, համապատասխանում է օրենսդրական պահանջներին, ապա դրա նկատմամբ սահմանափակումներ տարածելու լծակներ չունեն ոչ Երեւանի քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչությունը, ոչ էլ տվյալ վարչական շրջանի ղեկավարը։ Ի դեպ, քանի որ Քոչարյանի գրքի պաստառները փակցվել էին ապրիլին եւ շարունակում էին վահանակներին մնալ նաեւ մայիսին՝ ընտրությունների քարոզարշավի ընթացքում, մայիսի 31-ին եւ հունիսի 8-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներով դրանք ճանաչվել էին նախընտրական քարոզչության հետ ասոցացվող։ Հանձնաժողովը նման եզրահանգման էր եկել՝ հաշվի առնելով, որ Քոչարյանը հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների պատգամավորության թեկնածու էր «Հայաստան» դաշինքից։ ԿԸՀ-ի որոշումների դեմ, սակայն, Քոչարյանը բողոքներ էր ներկայացրել Վարչական դատարան, եւ վերջինս դրանք բավարարել էր ու անվավեր ճանաչել ԿԸՀ որոշումները։ Վարչական դատարանի այդ վճիռները վերջնական են եւ վերանայման ենթակա չեն։ Այսպիսով, «Հայկական ժամանակ»-ի այն շեշտադրումը, թե «ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո Երեւանի փողոցներում հայտնվեցին Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդային պաստառները», առարկայազուրկ է եւ մանիպուլյատիվ, քանի որ քաղաքապետարանն ու Երեւանի վարչական շրջանների ղեկավարներն ուղղակի հիմք չունեին այդ պաստառների գովազդն արգելելու։ Նարեկ Մարտիրոսյան
15:42 - 14 դեկտեմբերի, 2021