ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է Ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաեւ վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմված է յոթ անդամից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին եւ մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:

Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, ներառյալ հանձնաժողովի նախագահ: ԿԸՀ նախագահ՝ Տիգրան Մուկուչյան։ ԿԸՀ նախագահի տեղակալ՝ Լաուրա Գալստյան։ ԿԸՀ քարտուղար՝ Արմեն Սմբատյան։ ԿԸՀ անդամներ՝ Գեորգի Մարտիրոսյան, Սիլվա Մարկոսյան, Նունե Հովհաննիսյան, Սեյրան Շահսուվարյան։

ԿԸՀ-ն մինչ Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը 101 դիմում- գրություն է ստացել
 |armenpress.am|

ԿԸՀ-ն մինչ Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը 101 դիմում- գրություն է ստացել |armenpress.am|

armenpress.am: Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրությունների նշանակման օրից մինչ ընտրությունների օրը ԿԸՀ-ն ստացել է 101 դիմում-գրություն, որոնք առնչվել են Երևանի ավագանու ընտրություններին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը։ «Նշված դիմումներից թվով 14-ը կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի կողմից ներկայացված ընտրական ցուցակները գրանցելու պահանջով դիմումներն են: Բոլոր դիմումները բավարարվել են, և այսօր Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում են թվով 13 կուսակցություն և մեկ կուսակցությունների դաշինք: Թվով 45 դիմումներ վերաբերել են հավատարմագրման գործընթացին, որոնցից 40-ը ներկայացվել է տեղական ԶԼՄ-ների կողմից, և թվով 5 դիմումները վերաբերել են դիտորդական առաքելություն իրականացնելու համար հասարակական կազմակերպությունների հավատարմագրմանը: Դրանցից երեքը տեղական կազմակերպություններից են ներկայացվել, իսկ երկուսը՝ միջազգային կազմակերպություններից: Որևէ դիմում չի մերժվել: Բոլոր դիմումատուների դիմումները բավարարվել են, և բոլոր ԶԼՄ-ներն ու կազմակերպությունները հավատարմագրվել են»,- նշեց նա: Թվով 6 դիմում է ներկայացվել ինքնաբացարկի վերաբերյալ: Դրանք ներկայացվել են կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների կողմից: Ընդ որում՝ մեկը ներկայացվել է մինչև գրանցում իրականացնելը, հետևաբար այդ կուսակցության ցուցակը գրանցվել է առանց այդ թեկնածուի տվյալների: Հինգ դիմումներ ներկայացվել են հետագայում, երբ կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքն արդեն գրանցված են եղել: Բոլոր դիմումները բավարարվել են: Այդ թեկնածուների տվյալները հանվել են կուսակցության կամ դաշինքի ընտրական ցուցակից: «Թվով 12 դիմում հանդիսացել են տեղեկատվության հարցում, որոնց մեծ մասը առնչվել է իրականում ընտրողների ցուցակներին, թե որտեղ պետք է քվեարկեն, քանի որ փոխել են գրանցման վայրը: Հետաքրքրվում էին, թե արդյոք նոր հասցեն ընդգրկվել է ընտրացուցակներում: Նման հարցումները վերահասցեագրում ենք ՀՀ ոստիկանություն: Հարցումներին առնչվող տեղեկատվության մի մասը վերաբերել էր նրան, թե ինչպես են բաշվում վահանակները, որոնք տրամադրվում են նախընտրական նյութերի քարոզչական պաստառների փակցման համար և դրանց վերաբերյալ նույնպես տրամադրվել է տեղեկատվություն: Մի մասն էլ վերաբերում էին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքներին, նրանց կազմերին, գտնվելու վայրերին»,- մանրամասնել է Հակոբյանը:      Ստացվել է թվով 18 դիմում, որոնցից 7-ը ներկայացվել է ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի կամ նրանց լիազոր ներկայացուցիչների կամ նրանց ցուցակում ընդգրկված թեկնածուների կողմից: Թվով 6 դիմում ներկայացվել է Երևանի ավագանու ընտրություններին համատեղ դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ների կողմից, և թվով հինգ դիմում ներկայացվել է քաղաքացիների կողմից: «Մեկ դիմումով նշվում էր, որ անհայտ անձինք են գրանցվել մի հասցեում և, քանի որ ընտրողների ցուցակներով զբաղվում է ոստիկանությունը, ապա նրան է հասցեագրվել այդ դիմումը: Մեկ դիմումով պահանջվում էր պարզաբանել, թե արդյոք օրենքին համապատասխան են իրականացվել նախընտրական հիմնադրամներից կատարվող ծախսերը: Այդ հարցն առաջացել էր կուսակցությունների և դաշինքի կողմից տրամադրված հայտարարագրերը հրապարակելուց հետո: ԿԸՀ-ն միջոցներ է ձեռնարկել և առկա տեղեկատվությունն այդ կապակցությամբ ներկայացրել է, ընդ որում՝ մատնանշվել է, որ խախտում առկա չի եղել: Մնացած դիմումներն առնչվել են նախընտրական քարոզչության սահմանած կարգի պահպանությանը, որոնց դեպքում նյութերը կամ ուղարկվել են իրավապահ մարմիններին, կամ մյուս դեպքերում ԿԸՀ-ն ձեռնարկել է օպերատիվ միջոցներ՝ պարզելու ներկայացված հանգամանքները, թե արդյոք առկա են խախտումներ: Եղել է իրավիճակ, երբ ԿԸՀ-ն արձանագրել է խախտում, սակայն միջոցներ ձեռնարկելու պահին խախտումը արդեն վերացված է եղել, ուստի դրա վերաբերյալ դիմումատուն իրազեկվել է»,- ասաց նա: Հակոբյանը հավելեց՝ եղել են դեպքեր, երբ ԿԸՀ-ն ստացել է դիմում այն հանգամանքների առնչությամբ, որոնց վերաբերյալ արդեն  նյութեր է ուղարկած եղել իրավապահ մարմիններին: ԿԸՀ էլեկտրոնային հասցեին ևս դիմումատուները ուղարկում են նամակներ, որոնց վերաբերյալ կատարվում է ուսումնասիրություն, և պատասխանները տրվում են դիմումատուներին: Դրա վերաբերյալ ԿԸՀ պաշտոնական կայքում կա համապատասխան հրապարակում: Այս ժամանակահատվածում եղել է 14 նամակ, որոնցում բարձրաձայնված հարցերը և դրանց վերաբերող պատասխանները հրապարակված են ԿԸՀ կայքում: Քվեարկության նախորդ օրը, Ընտրական օրենսգրքին համապատասխան, ընտրական հանձնաժողովներն իրականացրել են հերթապահություն 09:00-ից մինչև 21:00-ն: Այդ ընթացքում ընտրական գործընթացի մասնակիցները, քաղաքացիները կարող էին դիմում ներկայացնել հանձնաժողովներ: Այսօր՝ քվեարկության օրը, ԿԸՀ-ում արդեն իսկ մուտքագրվել է մեկ հարցում էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով, և մեկ դիմում ստացվել է ԿԸՀ էլեկտրոնային հասցեին: Հակոբյանը պարզաբանեց՝ այս դիմումը և հարցումը գտնվում են քննարկման փուլում: Քվեարկության օրը ԿԸՀ-ում գործում է իրավիճակային վերլուծության կենտրոն, որն ուսումնասիրում է ԶԼՄ-ներով ներկայացվող տեղեկությունները և ըստ անհրաժեշտության՝ ձեռնարկում է օրենքով սահմանված միջոցներ: ԿԸՀ կայքում զետեղված են նաև թեժ գծի հեռախոսահամարները, որոնց միջոցով կարելի է կապ հաստատել իրավիճակային վերլուծության կենտրոնի հետ և բարձրաձայնել քվեարկությանը կամ ընտրություններին առնչվող խնդիրները: Քվեարկությանը օրը ժամը 08:00-ից մինչև 22:00-ն քաղաքացիները կարող են դիմում ներկայացնել ԿԸՀ:   
11:43 - 17 սեպտեմբերի, 2023
475 տեղամասերից 460-ում եղել են նաև ԶԼՄ ներկայացուցիչներ, դիտորդներ, վստահված անձինք․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մեկնարկի վերաբերյալ ասուլիսում |news.am|

475 տեղամասերից 460-ում եղել են նաև ԶԼՄ ներկայացուցիչներ, դիտորդներ, վստահված անձինք․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մեկնարկի վերաբերյալ ասուլիսում |news.am|

news.am: Այսօր մեկնարկել են Երևանի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրությունները, Երեւանի բոլոր 475 տեղամասերը բացվել են, ԿԸՀ-ի կայքում ուղիղ հեռարձակմամբ կարելի է տեսնել՝ ինչպես է ընթանում քվեարկությունը: Առավոտյան հրավիրված մամուլի ասուլիսում ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն ասաց. «Այսօր Երեւանն ընտրում է ավագանի, բոլորիս լավ, ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ եմ մաղթում: Իմ գնահատմամբ ընտրությունները եղել են մրցակցային, թափանցիկ: 460 տեղամասերում եղել են նաեւ ԶԼՄ ներկայացուցիչներ, դիտորդներ, վստահված անձինք: Տեղամասային ընտրական հանձնաժողովի բացակայության 23 դեպք է արձանագրվել ժամը 8-ի դրությամբ, միայն 3 դեպքում է ՏԸՀ-ն նշանակում արել սահմանված կարգով: Դա այն դեպքերն են, երբ բացակա անդամների թիվը 1-ից ավելի է:Այս պահին ընտրությունները բնականոն ընթացքով ընթանում են եւ ԿԸՀ-ի իրավիճակային վերլուծության կենտրոնում բոլոր 475 տեղամասերից օնլայն մենք վերահսկում ենք: Օրվա ընթացքում պարբերաբար ԿԸՀ սրահից ընտրությունների ընթացքի, բոլոր հնարավոր տվյալները կներկայացնենք»: ԿԸՀ-ն երեքժամյա պարբերականությամբ կներկայացնի քվեարկության մասնակցության թվերը: Առաջին տվյալները կներկայացվեն 12.00-ին:
09:32 - 17 սեպտեմբերի, 2023
Մեկնարկել են Երևանի ավագանու ընտրությունները

Մեկնարկել են Երևանի ավագանու ընտրությունները

Այսօր Երևանի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 475 տեղամասեր: Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 475 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: Ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 1362 տեխնիկական սարքավորում: Ընտրությունները դիտարկելու նպատակով հավատարմագրվել են  «Ականատես», «Անկախ դիտորդ» և «Հայաքվե» համատեղ դիտորդական առաքելությունները։  Ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 40 տեղական զանգվածային լրատվության միջոցներ: Ընտրությունները դիտարկելու համար հավատարմագրվել է նաև 2 միջազգային դիտորդական առաքելություն և 3 օտարերկրյա ԶԼՄ։ Երևան համայնքի ընտրողների թիվը 824250 է։Ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ըստ համայնքների, այսօր՝ ժամը 12.00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ, կհրապարակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am, նաև կհեռարձակվի թե՛ Հանրային հեռուստատեսությամբ, թե՛ ԿԸՀ սոցիալական հարթակներով։
08:13 - 17 սեպտեմբերի, 2023
ԿԸՀ-ն միջազգային հյուրերի համար ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստական աշխատանքները

ԿԸՀ-ն միջազգային հյուրերի համար ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստական աշխատանքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը և քարտուղար Արմեն Սմբատյանը սեպտեմբերի 16-ին Մատենադարանում ամփոփել են Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։ «Հանդիպմանը հրավիրվել են 14 երկրի ընտրական համակարգերի և 2 միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուչությունների անդամները։ ԿԸՀ նախագահն ընդգծել է՝ հանձնաժողովը նախապատրաստական աշխատանքները սկսել էր դեռևս տարեսկզբից։ Հովակիմյանը հիշեցրել է, որ «Ընտրություններ» ավտոմատացված համակարգը Հայաստանում կիրառվում է դեռևս 2007 թվականից, ապա հավելել՝ ընտրական գործընթացների բոլոր փուլերի լիակատար թափանցիկությունն ու հանրային վերահսկողությունն ապահովելու նպատակով կիրառվող էլեկտրոնային գործիքները տարեց տարի ավելացել են։ Այս ընտրություններում ևս ԿԸՀ-ն էլեկտրոնային նոր գործիքներ է ներդրել։ Խոսելով ընտրական գործընթացում մատչելիության ապահովման մասին՝ Վահագն Հովակիմյանը նշել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակում երաշխավորում է Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի կիրառումը՝ ապահովելով քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրացումը։ 2023 թվականի Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ ԿԸՀ կայքում գործարկվել են՝ մատչելիության գործիքակազմը, նիստերի հեռարձակումը՝ ժեստերի լեզվով թարգմանությամբ, հայտարարությունների և նորությունների` ՏԵՔՍՏԻՑ ԽՈՍՔ համակարգը, տպագիր նյութերի աուդիո տարբերակները, էլեկտրոնային ուսուցումը՝ հաշմանադամության տարբեր խնդիրներ ունեցող անձանց համար։ Պատրաստվել և տարածվել են հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքներին վերաբերող սոցիալական գովազներ և անիմացիոն ֆիլմեր։ Ընտրությունների կազմակերպման նպատակով Երևանում կազմավորվել են 475 ընտրական տեղամասային կենտրոններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները դեռևս տարեսկզբից գույքագրել են պոտենցիալ տեղամասային կենտրոնների տարածքները՝ Երևանի քաղաքապետարանի վարչական շրջանների աշխատակազմերի հետ համագործակցությամբ։ Իրականացվել է այդ տարածքների  մատչելիության գնահատում։ Բոլոր դեպքերում ընտրվել են առավել մատչելի տարածքները։ Արդյունքում ընտրական 475 տեղամասերից 183-ը մատչելի են։  Քվեարկության ողջ ընթացքը և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը առցանց հեռարձակվելու Երևանի բոլոր 475 տեղամասերից՝ իրական ժամանակում։ «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով քվեարկության արդյունքներ ԸԸՀ-ներում մուտքագրվելուց հետո իրական ժամանակում առցանց հրապարակվելու են»,- ասվում է ԿԸՀ տարածած հաղորդագրության մեջ։
18:12 - 16 սեպտեմբերի, 2023
475 ընտրատեղամաս լիովին պատրաստ է Երևանի ավագանու ընտրություններին. ԿԸՀ նախագահը ներկայացրել է նախապատրաստական աշխատանքները
 |armenpress.am|

475 ընտրատեղամաս լիովին պատրաստ է Երևանի ավագանու ընտրություններին. ԿԸՀ նախագահը ներկայացրել է նախապատրաստական աշխատանքները |armenpress.am|

armenpress.am: Երևանի ավագանու գալիք ընտրությունները 2022 թվականին ձևավորված ԿԸՀ ներկայիս կազմի համար մեծությամբ առաջինն են: Հետևաբար, կարևորելով այդ հանգամանքը՝ կառույցն ընտրությունների նախապատրաստական աշխատանքները սկսել է ավելի վաղ, քան դրանք նշանակվել են օրենքով։   Ադ մասին հայտնեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին, Հայաստան ժամանած դիտորդներին, տարբեր երկրների ԿԸՀ ներկայացուցիչներին և լրագրողներին ներկայացնելով Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ իրականացված աշխատանքները։ ԿԸՀ-ն ավագանու ընտրությունների նախապատրաստական աշխատանքները սկսել է դեռ տարեսկզբից։ Հովակիմյանը հիշեցրեց, որ ընտրությունների ավտոմատացված համակարգը Հայաստանում գործարկվում է 2007 թվականից։ Ընտրական օրենսգրքով ամրագրված ընտրական գործիքների բոլոր փուլերի լիակատար թափանցիկությունն ու հանրային վերահսկողությունն ապահովելու նպատակով կիրառվող էլեկտրոնային համակարգերը տարեցտարի ավելացել են։ Ըստ այդմ՝ կարևոր գործիքներից են մասնագիտացված դասընթացներին մասնակցելու հայտերի առցանց ընդունման, դասընթացների կազմակերպման, անցկացման և ամփոփման համակարգը, դասընթացներին մասնակցելու դիմումներին առցանց հետևելու համակարգը, տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների հայտերի առցանց ներկայացման և նշանակման համակարգը, տեղական ԶԼՄ-ների ներկայացուցիչների և տեղական դիտորդների հայտերի առցանց ընդունման և վկայականների տրամադրման համակարգը, կուսակցությունների և դաշինքների կողմից ընտրական ցուցակների, արտաքին գովազդային վահանակների համար հայտերի, գույքի և եկամուտի հայտարարագրերի առցանց ներկայացման համակարգը, ընտրողների գրանցումն իրականացնող տեխնիկական սարքավորումների մասնագետների ռեեստրի վարման համակարգը, ընտրողների կենտրոնական տեղեկատվական համակարգը, քվեարկության օրը ընտրատեղամասերում քվեարկողների նույնականացման էլեկտրոնային համակարգը։ «Քվեարկության ամբողջ ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը հեռարձակվելու է առցանց Երևանի բոլոր՝ 45 տեղամասային կենտրոններից՝ իրական ժամանակում, որին յուրաքանչյուր ոք կարող է հետևել նույնիսկ բջջային հեռախոսի հավելվածի միջոցով: Իսկ 20։00-ից հետո կարելի է հետևել քվեարկության արդյունքներն ամփոփելու գործընթացին։ Այսօրվանից արդեն իսկ առցանց հեռարձակվում է ընտրատեղամասերի կահավորման գործընթացը, և բոլոր ցանկացողները կարող են հետևել այդ պրոցեսին։ Հայաստանում կուսակցությունները, դաշինքները համամասնական ցուցակները ներկայացնելիս հնարավորություն են ստանում դա անել առցանց, այսինքն՝ անձը հաստատող փաստաթղթի տվյալը մուտքագրելուց հետո համակարգը մնացած անձնական տվյալները տեղադրում է ավտոմատ»,- տեղեկացրեց ԿԸՀ նախագահը։ Հովակիմյանի հավաստմամբ՝ էլեկտրոնային համակարգի ներդրման շնորհիվ հնարավոր է ԿԸՀ պաշտոնական կայքում մեկ րոպե պարբերականությամբ հրապարակել քվեարկության արդյունքների մուտքագրման տվյալները։ Նշված համակարգի միջոցով մոտավորապես 22։00-ից կամ 23։00-ից սկսած, երբ արդյունքները տեղամասերից կհասնեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին, հնարավոր կլինի առցանց հետևել արդյունքների ամփոփման գործընթացին։ Հովակիմյանը շեշտեց, որ ընտրական գործընթացներում մատչելիության ապահովումն ամրագրված է Ընտրական օրենսգրքով, ուստի ԿԸՀ-ն իր լիազորությունների շրջանակում երաշխավորում է օրենքի կիրառումը՝ ապահովելով քվեարկությանը մասնակցելու դժվարություն ունեցող ընտրողների ընտրական իրավունքը։ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ ԿԸՀ կայքում մատչելիության գործիքակազմն ամբողջությամբ գործարկվել է։ Նիստերի հեռարձակումը կատարվել է ժեստերի լեզվի թարգմանությամբ, իրականացվել է էլեկտրոնային ուսուցում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, պատրաստվել և տարածվել են հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքին վերաբերող սոցիալական գովազդներ ու անիմացիոն ֆիլմեր։ Ընտրությունների կազմակերպման նպատակով Երևանում կազմավորվել է 475 ընտրատեղամաս։ ԿԸՀ-ն և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները դեռևս տարեսկզբից Երևանի քաղաքապետարանի վարչական շրջանների աշխատակազմերի հետ համագործակցությամբ գույքագրել և ուսումնասիրել են պոտենցիալ տեղամասային կենտրոնների տարածքները՝ իրականացնելով դրանց մատչելիության գնահատում և ընտրելով առավել մատչելիները, որոնց ցանկը հրապարակված է ԿԸՀ կայքում։ «Տեղաշարժման դժվարություններ ունեցող ընտրողները, համաձայն Ընտրական օրենսգրքի կարգավորումների, իրավունք ունեն իրենց հիմնական տեղամասը փոխել և ընտրել իրենց համար նախընտրելի տեղամաս։ ԿԸՀ կայքում տեղադրված է նաև համապատասխան ընտրատեղամասերի ինտերակտիվ քարտեզը։ Տեսողական խնդիրներ ունեցող ընտրողների համար տպագրվել են առանձին ձեռնարկներ՝ թույլ տեսողություն ունեցողների համար խոշոր տառաչափով, իսկ կույրերի համար՝ բրայլյան տպագրությամբ։ Նման ընտրողների ինքնուրույն քվեարկելու համար պատրաստվել և բոլոր ընտրատեղամասերին հատկացվել են բրայլյան ստվարաթղթե հատուկ կաղապարներ»,- ասաց Հովակիմյանը։  Շարունակությունը՝ armenpress.am-ում։
15:45 - 16 սեպտեմբերի, 2023
ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության ներկայացուցիչներն այցելել են ԿԸՀ

ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության ներկայացուցիչներն այցելել են ԿԸՀ

ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության ներկայացուցիչները սեպտեմբերի 15-ին հյուրընկալվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությանը շնորհակալություն է հայտնել Երևանի ավագանու ընտրությունները դիտարկելու համար և ներկայացրել ավագանու ընտրությունների ընտրակարգը։ Ինչպես տեղեկացնում են ԿԸՀ-ից՝ Հովակիմյանը հյուրերին է ներկայացրել էլեկտրոնային գործիքակազմերը, որոնք կիրառվել են այս ընտրական գործընթացում, և պատասխանել դիտորդական առաքելության ներկայացուցիչների հարցերին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը և ԿԸՀ անդամ Արուսյակ Տերչանյանը։
17:40 - 15 սեպտեմբերի, 2023
«Ականատեսը» մտահոգություն է հայտնում ՔՊ-ի կողմից վարչական ռեսուրսների չարաշահման հերթական դրսևորման առիթով

«Ականատեսը» մտահոգություն է հայտնում ՔՊ-ի կողմից վարչական ռեսուրսների չարաշահման հերթական դրսևորման առիթով

«Ականատես» դիտորդական առաքելությունը իր մտահոգությունն է հայտնում Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից վարչական ռեսուրսների չարաշահման հերթական դրսևորման առիթով։ Առաքելության տարածած հայտարարության մեջ նաև ասվում է. «Սեպտեմբերի 7-ին Նոր Նորքի առաջին զանգվածում տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական հավաքին ուսումնական հաստատությունների, համայնքային այլ կառույցների աշխատակազմերի ուղղորդված մասնակցությունը, ինչպես նաև «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդների կողմից նմանատիպ այլ դեպքերի պարբերաբար արձանագրումը վկայում են իշխող ուժի կողմից վարչական լծակների լայնածավալ և համակարգային չարաշահման մասին։ Այս գործելաոճն ամբողջովին խեղաթյուրում է ընտրական արդար և հավասար մրցակցային պայքարը, ինչպես նաև անթույլատրելիորեն խոչընդոտում ընտրողների ազատ կամքի իրացումը։ Ավելին, արձանագրված դեպքը առերևույթ կարող է պարունակել ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ կամ 236-րդ հոդվածով նախատեսված հանցակազմերի հատկանիշներ։ Ուստի, կոչ ենք անում ՀՀ Գլխավոր դատախազությանը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կատարել պատշաճ ուսումնասիրություն և ձեռնարկել քայլեր՝ կանխելու նմանատիպ վարքագծի հնարավոր ազդեցությունն ընտրությունների արդյունքների վրա»։
12:56 - 09 սեպտեմբերի, 2023
Ղազախստանի ԿԸՀ ներկայացուցիչները ցանկանում են որպես այցելուներ ներգրավվել Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ

Ղազախստանի ԿԸՀ ներկայացուցիչները ցանկանում են որպես այցելուներ ներգրավվել Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ

Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը սեպտեմբերի 7-ին հյուրընկալվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։  Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանության խորհրդական Ալիխան Ախմետովը և ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանության երկրորդ քարտուղար Դաուրեն Սարիբաևը։ Հյուրերին ընդունել են ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը։ Դեսպան Իմանբաևը շնորհակալություն է հայտնել ԿԸՀ նախագահին Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ ժամանակ գտնելու համար և կարևորել է Հայաստանի ու Ղազախստանի ԿԸՀ-ների հետագա համագործակցությունը։ Դեսպանն ընդգծել է՝ ՀՀ ԿԸՀ-ն միշտ պատրաստակամ է եղել և դիտորդական առաքելություն է իրականացրել Ղազախստանի Հանրապետության տարբեր ընտրությունների ժամանակ։ Դեսպանը հույս է հայտնել, որ այդ բարի ավանդույթը կշարունակվի նաև հետագայում։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին և վստահեցրել, որ ՀՀ-ի և Ղազախստանի Հանրապետության ԿԸՀ-ների համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում։ Կողմերը քննարկել են նաև Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Ղազախստանի Հանրապետության ԿԸՀ ներկայացուցիչների ներգրավումը որպես այցելուներ։
16:26 - 07 սեպտեմբերի, 2023
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող մի շարք կուսակցություններ ու դաշինքներ շրջեցին վարչական շրջաններում

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող մի շարք կուսակցություններ ու դաշինքներ շրջեցին վարչական շրջաններում

Այսօր Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող մի շարք կուսակցություններ ու դաշինքներ քարոզարշավի ժամանակ շրջեցին քաղաքի վարչական շրջաններում։  «Քաղաքացիական պայմանագիր»-ը Մալաթիա-Սեբաստիայում էր։ Տիգրան Ավինյանը սուտ որակեց մեղադրանքները, թե «իրեն է ծառայեցնում ոստիկանությանը, թաղայիններին՝  քարոզարշավի մասնակիցներ հավաքելու համար»։ «Մեզ բոլոր վարչական շրջաններում շատ դրական են ընդունում»,- ասաց Ավինյանը։ «Արդար Հայաստան» կուսակցությունը Նուբարաշենում էր։ Կուսակցության ցուցակը գլխավորող Նորայր Նորիկյանն ասաց` ուզում են ներդնել 24-ժամյա կառավարման համակարգ կամ «գիշերային քաղաքապետի» ինստիտուտ․ «Մենք կկարողանանք 24 ժամ շարունակ Երևան քաղաքի բնակիչներին մատուցել որակյալ ծառայություններ»։ «Հանրապետություն» կուսակցությունը Նոր Նորքում էր։ Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նշեց՝ իրենք համարում են, որ Հայաստանը պիտի դառնա եվրոպական, արևմտյան ընտանիքի անդամ, սկսի համագործակցել ՆԱՏՕ-ի հետ և դուրս գա ՀԱՊԿ-ից։ «ԵԱՏՄ-ն էն տնտեսական կառույցը չէ, որում հնարավոր է զարգացում ունենալ իր հին տեխնոլոգիաներով և կոռումպացված համակարգով։ Մենք պիտի ստորագրենք ասոցացման համաձայնագիր և մաս դառնանք եվրոպական շուկայի։ Մենք տեսնում ենք, որ տնտեսության նման զարգացումն է, որ Երևանի բյուջեին լրացուցիչ մուտքեր կապահովի»,- ասաց նա։ «Լուսավոր Հայաստանը» Հույսի Ավան Թաղամասում էր։ Կուսակցության առաջին համար Դավիթ Խաժակյանը բնակիչների հետ խոսեց թաղամասի խնդիրների մասին։ «Մայր Հայաստան» դաշինքն Էրեբունի վարչական շրջանում էր։ Դաշինքի ցուցակը գլխավորող Անդրանիկ Թևանյանն ասաց, որ իրենք ընտրություններին մասնակցում են ամբողջական իշխանափոխություն իրականացնելու ծրագրով։ «Նիկոլ Փաշինյանին հեռացնելու գլխավոր հնարավորություններից մեկը Երևանի ավագանու ընտրություններում Երևանում իշխանափոխություն իրականացնելն է»,- նշեց նա։  
17:49 - 26 օգոստոսի, 2023
Ավագանու անդամի 3 թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել

Ավագանու անդամի 3 թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել

Երևանի ավագանու ընտրություններում գրանցված «Ուժը հայրենյաց» և «Ազգային առաջընթաց» կուսակցությունների ընտրական ցուցակներում ընդգրկված ավագանու անդամի երեք թեկնածու ինքնաբացարկի դիմում են ներկայացրել ԿԸՀ։ ԿԸՀ-ից հայտնում են, որ «Ուժը հայրենյաց» կուսակցության (ղեկավարը՝ Տիգրան Արզաքանցյան)  ընտրական ցուցակում ընդգրկված Սոնա Խարբերտյանի և Եկատերինա Վալեանուի ինքնաբացարկի դիմումները սահմանված կարգով նոտարական վավերացմամբ են եղել, հետևաբար վերջիններիս ներկայությունը պարտադիր չի եղել նիստին։ Իսկ ինքնաբացարկի դիմում ներկայացրած ավագանու անդամի մյուս թեկնածու կուսակցությունից («Ազգային առաջընթաց» կուսակցությունից, քաղաքապետի թեկնածուն՝ Հայկ Մարության) Էլինա Ավետիսյանն անձամբ է դիմումը փոխանցել հանձնաժողովին՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթը, քանի որ դիմումը չի պարունակել նոտարական վավերացում»,- ասված է ԿԸՀ-ի տարածած հաղորդագրության մեջ։  
16:30 - 24 օգոստոսի, 2023
Հոկտեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը

Հոկտեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը

2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում տեղի կունենան համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում՝ համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչև 2023 թվականի հոկտեմբերի 15-ը ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնել՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կամ համապատասխան տարածքային անձնագրային ծառայություն: Թեկնածուների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են 2023 թվականի սեպտեմբերի 24-ից մինչև սեպտեմբերի 29-ը՝ մինչև ժամը 18:00-ն: Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 4-ը՝ մինչև ժամը 18:00-ն: Մեծամասնական ընտրակարգով անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների 2023 թվականի հոկտեմբերի 29-ին կայանալիք ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցին կարելի է ծանոթանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am:
12:07 - 24 օգոստոսի, 2023
Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը սկսվում է օգոստոսի 23-ին, ավարտվում՝ սեպտեմբերի 15-ին. ԿԸՀ

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը սկսվում է օգոստոսի 23-ին, ավարտվում՝ սեպտեմբերի 15-ին. ԿԸՀ

Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի կարգավորումների համաձայն՝ նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է 2023 թվականի օգոստոսի 23-ին և ավարտվում 2023 թվականի սեպտեմբերի 15-ին՝ ժամը 24։00-ին: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։ Այս ժամանակահատվածում նախընտրական քարոզչությունը պետք է իրականացվի Ընտրական օրենսգրքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգի պահպանմամբ։ Թեկնածու հանդիսացող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներն ու պաշտոնատար անձինք, բացառությամբ քաղաքական, վարչական և հայեցողական պաշտոն զբաղեցնողների, 2023 թվականի օգոստոսի 23-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 17-ն օրենքի ուժով ազատվում են իրենց ծառայողական պարտականությունների կատարումից: Նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ: Այն բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են նմանեցվել (ասոցացվել) ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումներին, թեկնածուների անուններին, նախընտրական քարոզչության ժամանակ բարեգործություն չեն կարող իրականացնել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ, որոնց մասնակցում են այդ թեկնածուները, կուսակցությունները կամ նրանց առաջադրած թեկնածուները: Այն կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են ասոցացվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումների հետ, կամ որոնք ղեկավարվում են կուսակցությունների կողմից, ընտրությունների նշանակման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումն ընկած ժամանակահատվածում չեն կարող բարեգործություն իրականացնել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ։ Կազմակերպությունը համարվում է կուսակցության կողմից ղեկավարվող, եթե կազմակերպության ղեկավար մարմնի անդամներն ամբողջությամբ կամ մասամբ համընկնում են կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների հետ։ Նշված արգելքը տարածվում է նաև այն կազմակերպությունների վրա, որոնց հիմնադիրը (հիմնադիրները) կամ ղեկավարը ընտրություններում առաջադրվել է որպես թեկնածու։ Հանրության համար տեսանելի քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են փակցվել միայն` 1) հատուկ այդ նպատակով առանձնացված տեղերում, վճարովի գովազդային վահանակներում, ընտրական շտաբների վրա. 2) ֆիզիկական անձանց համաձայնությամբ` նրանց պատկանող կամ նրանց տիրապետման ներքո գտնվող շենքերի, շինությունների (բացառությամբ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի, հանրակրթական դպրոցների, բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի, հասարակական սննդի կամ առևտրի օբյեկտների), տրանսպորտային միջոցների (բացառությամբ հասարակական տրանսպորտի և տաքսու) վրա կամ դրանց ներսում: Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի վրա քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են տեղադրվել միայն ֆիզիկական անձի սեփականությունը հանդիսացող տարածքում (այդ թվում` պատշգամբներում, պատուհանների վրա և այլն) կամ արտաքին պատերին տեղադրված վճարովի գովազդային վահանակների վրա: Քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են առանց սահմանափակման փակցվել կամ օգտագործվել նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ և նախընտրական քարոզչության հետ կապված այլ միջոցառումներ անցկացնելու ժամանակ` այդ միջոցառումների անցկացման վայրում: Այդ միջոցառումների ժամանակ փակցված քարոզչական պաստառը, քարոզչական տպագիր և այլ նյութերը միջոցառման ավարտից հետո հանվում են համապատասխան թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության կողմից: Նախընտրական քարոզչություն իրականացնելու իրավունք ունեցող ֆիզիկական անձինք առանց սահմանափակման կարող են կրել քարոզչական նյութեր: Արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունները հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում և վերելակներում տեղակայված վահանակներում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու իրավունքն ընտրություններին մասնակցող կուսակցությունների միջև բաշխվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 19.08.2023թ. N 46-Ա որոշմամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման հիման վրա ընտրություններին մասնակցող կուսակցությունն արտաքին գովազդային վահանակը տնօրինող կազմակերպության հետ կնքում է պայմանագիր` քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութ փակցնելու համար: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրություններին մասնակցող կուսակցության կողմից պայմանագիր չկնքվելու դեպքում գովազդային վահանակը տնօրինողն ազատ է կնքելու այլ պայմանագիր՝ այդ վահանակն այլ նպատակներով օգտագործելու: Հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում և վերելակներում տեղակայված քարոզչական պաստառը կարող է փակցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախապես բաշխված արտաքին գովազդային վահանակում: Նախապես չբաշխված արտաքին գովազդային վահանակում փակցրած քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր և այլ նյութերը պետք է հանվեն։ Արգելվում են քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր և այլ նյութերը պոկելը, պատռելը, դրանց վրա գրառումներ կատարելը կամ որևէ այլ եղանակով վնասելը: Քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ ներառեն պատվիրատուի, տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ:  Արգելվում է անանուն քարոզչական տպագիր նյութեր տարածելը: Քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով, զանգվածային լրատվության միջոցներով, այդ թվում՝ կաբելային (մալուխային) ցանցով, արբանյակային կապով և վերգետնյա եթերային հեռարձակմամբ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից, ինչպես նաև համացանցում գովազդի միջոցով արգելվում է։ Արգելվում է նախընտրական քարոզչություն կազմակերպելը կամ կատարելը, ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածելը, նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցները, տարածքները, տրանսպորտային և կապի միջոցները, նյութական ու մարդկային ռեսուրսները, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների, օգտագործելը` 1) հանրային ծառայության մեջ գտնվողներին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս. 2) պետական հիմնարկների կամ կազմակերպությունների, համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, կանոնադրական կապիտալում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների 20 և ավելի տոկոս մասնակցությամբ կազմակերպությունների աշխատակիցներին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս. 3) դատավորներին, դատախազներին, ոստիկանությունում, ազգային անվտանգության ծառայությունում, քրեակատարողական հիմնարկներում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, պրոբացիոն ծառայությունում, փրկարար ծառայությունում ծառայողներին, զինծառայողներին, քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննչական մարմինների ղեկավարներ և ղեկավարների տեղակալներ, քննիչներ). 4) ընտրական հանձնաժողովների անդամներին. 5) բարեգործական և կրոնական կազմակերպություններին, միջազգային կազմակերպություններին. 6) օտարերկրյա քաղաքացիներին և կազմակերպություններին, քաղաքացիություն չունեցող անձանց, բացառությամբ այն դեպքերին, երբ նշված անձինք ունեն ընտրական իրավունք. 7) Մարդու իրավունքների պաշտպանին. 8) Կենտրոնական բանկի նախագահին և խորհրդի անդամներին. 9) Հաշվեքննիչ պալատի անդամներին. 10) Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներին. 11) ինքնավար մարմինների անդամներին. 12) Բարձրագույն դատական խորհրդի անդամներին. 13) Հանրապետության նախագահին․ 14) դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրված կազմակերպություններին և դիտորդներին։ Ազգային ժողովի պատգամավորին և անմիջականորեն ընտրողների կողմից ընտրված համայնքների ղեկավարներին և ավագանու անդամներին չի արգելվում քարոզչություն կատարելը կամ քարոզչական նյութ տարածելը` բացառելով վարչական ռեսուրսների օգտագործումը: Հանրային ծառայության մեջ գտնվող թեկնածուները, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուները նախընտրական քարոզչությունն իրականացնում են հետևյալ սահմանափակումների հաշվառմամբ. 1) արգելվում է թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցությանը, կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կամ անուղղակի կոչերը պաշտոնեական լիազորություններն իրականացնելիս կամ պաշտոնեական դիրքի ցանկացած չարաշահումը՝ ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու համար. 2) արգելվում է նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտային և կապի միջոցների, նյութական ու մարդկային ռեսուրսների օգտագործումը, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների։ Եթե իրականացվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակում ընդգրկված հանրային ծառայության մեջ գտնվող թեկնածուի այլ գործունեության լուսաբանում, ապա վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող զանգվածային լրատվության միջոցն այն հաշվի է առնում մյուս թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների գործունեությունը լուսաբանելիս` լուսաբանման հավասարության ոչ խտրական սկզբունքը պահպանելու համար:
19:27 - 22 օգոստոսի, 2023