Ֆինանսների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

ՀՀ ֆինանսների նախարարը Տիգրան Խաչատրյանն է։

Ընթանում է ԱԽ նիստը․ Փաշինյանը հայտնել է, որ փոխվարչապետ է նշանակվելու Տիգրան Խաչատրյանը

Ընթանում է ԱԽ նիստը․ Փաշինյանը հայտնել է, որ փոխվարչապետ է նշանակվելու Տիգրան Խաչատրյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը: Նիստի սկզբում վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, Հարգելի գործընկերներ, Անվտանգության խորհրդի հերթական նիստում հարցերի լայն շրջանակ ենք քննարկելու, իհարկե, այդ թվում՝ կքննարկենք տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական իրադրությունը: Մինչ օրակարգի հարցերին անցնելը, ուզում նաև տեղյակ պահել, որ այսօր Հանրապետության նախագահի հետ էլ ենք քննարկել այդ հարցը և փոխվարչապետի պաշտոնում կնշանակվի Տիգրան Խաչատրյանը, ով մինչ այժմ զբաղեցնում էր Ֆինանսների նախարարի պաշտոնը: Ֆինանսների նախարարի պաշտոնում կնշանակվի Վահե Հովհաննիսյանը, ով զբաղեցնում է Ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը»:
11:01 - 19 դեկտեմբերի, 2022
Ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորների համար կներդրվի լրացուցիչ պետտուրք՝ կախված խաղադրույքների ծավալից. նախագիծ |1lurer.am|

Ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորների համար կներդրվի լրացուցիչ պետտուրք՝ կախված խաղադրույքների ծավալից. նախագիծ |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Պետական տուրքի մասին» օրենքում, «Վիճակախաղերի մասին» օրենքում և «Շահումով խաղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագծերի փաթեթը: Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքով՝ նախագծերի փաթեթի առարկան խաղային ոլորտում գործունեության երկու տեսակների՝ ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորների հարկային բեռի ավելացումն է: «Առաջարկվում է, պահպանելով լիցենզավորման համար նախատեսված տարեկան 600 միլիոն դրամի չափով պետական տուրքը, ներդնել նաև լրացուցիչ պետական տուրք, այս անգամ՝ կախված ընդունվող խաղադրույքների ծավալից»,- ասաց Պողոսյանը: Առաջարկվում է ինտերնետ շահումով խաղերի պարագայում յուրաքանչյուր 100 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելիս վճարել ևս 175 միլիոն դրամի պետական տուրք, իսկ տոտալիզատորների պարագայում՝ յուրաքանչյուր 50 միլիարդ դրամ խաղադրույք ընդունելիս վճարել ևս 50 միլիոն դրամ պետական տուրք:
12:24 - 16 դեկտեմբերի, 2022
Արտագնա աշխատանքից ստացվող եկամուտների մասով հարկային բեռի վերանայում չի լինի. Պողոսյանը՝ հայտարարագրման մասին |armenpress.am|

Արտագնա աշխատանքից ստացվող եկամուտների մասով հարկային բեռի վերանայում չի լինի. Պողոսյանը՝ հայտարարագրման մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը արտագնա աշխատողների համար հարկային լրացուցիչ բեռ չի ստեղծի: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ համակարգի ներդրման վերաբերյալ նախագծի առնչությամբ կազմակերպված խորհրդարանական լսումներում:  «Հաշվի առնելով, որ այս նախաձեռնությամբ չի նախատեսվում որևէ չհարկվող եկամուտ դարձնել հարկվող, չի նախատեսվում որևէ նվազեցումների շրջանակ սահմանափակել: Եվ ահա այս տրամաբանության մեջ չի նախատեսվում նաև հարկային բեռի վերանայում՝ արտագնա աշխատանքից ստացվող եկամուտների մասով: Ավելին՝ առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որ տարեկան կտրվածքով մինչև 12 մլն դրամ արտագնա աշխատանքից ստացվող եկամուտների մասով չպահանջվի նաև արտերկրում վճարված հարկերի մասին տեղեկանքի ներկայացում»,-ասաց Պողոսյանը: Ակնկալվում է, որ այս հնարավորությունը կտրվի անցումային ժամանակաշրջանում, որը նախատեսված է 5 տարվա հեռանկարով: Եվ դրա ավարտից հետո գործնականում արդեն ներդրված կլինեն հարկային մարմինների միջև տեղեկատվության ինքնաշխատ փոխանակման համակարգերը, առնվազն ԵԱՏՄ շրջանակում ակտիվորեն այսպիսի գործընթաց է ընթանում: Խորհրդարանն արդեն առաջին ընթերցմամբ ընդունել է եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի ներդրման մասին նախագիծը: Նախագծով առաջարկվում է համակարգի ներդրումն իրականացնել 3 տարվա ընթացքում՝ սկսած 2023 թվականից: Հարկային առաջին տարին, որի համար կներկայացվեն հայտարարագրեր, կլինի 2024 թվականը:
13:00 - 14 դեկտեմբերի, 2022
ԱՄՀ գործադիր խորհուրդը Հայաստանի համար հաստատել է եռամյա նոր կանխարգելիչ ծրագիրը

ԱՄՀ գործադիր խորհուրդը Հայաստանի համար հաստատել է եռամյա նոր կանխարգելիչ ծրագիրը

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը 2022 թվականի դեկտեմբերի 12-ին հաստատել է Հայաստանի համար եռամյա նոր ծրագիրը՝ 128.8 մլն հատուկ փոխառելիության իրավունք շուրջ 171.1 մլն ԱՄՆ դոլար ծավալով: Մեկնարկող ծրագիրն ունենալու է կանխարգելիչ բնույթ, և փոխառու միջոցներն ուղղվելու են ապագա հնարավոր ցնցումների արդյունքում առաջացած ՀՀ տնտեսության արտաքին (վճարային հաշվեկշռի) ֆինանսավորման կարիքների բավարարմանը: Այս մասին հայտնում են Ֆինանսների նախարարությունից։  Նոր ծրագիրն աջակցելու է ՀՀ կառավարության տնտեսական ծրագրին` հասնելու ներդրումների, գիտելիքի և արտահանման վրա հիմնված աճին` պահպանելով մակրոտնտեսական, հարկաբյուջետային և ֆինանսական կայունությունն ու նվազեցնելով աղքատությունը: Նոր ծրագրով, մասնավորապես՝ նախատեսվում են բարեփոխումներ՝ ուղղված հարկաբյուջետային, այդ թվում՝ հարկային քաղաքականության, հարկային վարչարարության, ծախսերի արդյունավետության, պետական ներդրումների կառավարման և ֆիսկալ ռիսկերի կառավարմանմ ինչպես նաև դրամավարկային քաղաքականությունների, ֆինանսական ոլորտի, ենթակառուցվածքների, գործարար միջավայրի և աշխատանքի շուկայի քաղաքականությունների բարելավմանը: Խորհրդի նիստի ընթացքում ԱՄՀ կառավարիչ տնօրենի տեղակալ Բո Լին ընդգծել է, որ Հայաստանի տնտեսությունը պահպանել է աճի բարձր տեմպը, որն ապահովվել է սպառման և եկամուտների, կապիտալի ու աշխատուժի ներհոսքերի բարձր աճերով: Չնայած կանխատեսվող կայուն աճին՝ զգալի են անորոշությունները ռուս-ուկրաինական հակամարտության ու ստեղծված գլոբալ իրավիճակի համատեքստում: Նոր ծրագիրը կաջակցի ՀՀ կառավարությանը տնտեսական ու ֆինանսական կայունությունը պահպանելու, ինչպես նաև կայուն և ներառական աճի ապահովման հարցում: Խորհրդի հաստատումից հետո Հայաստանի համար անմիջապես հասանելի է դարձել ընդհանուր ֆինանսավորման մեկ յոթերորդ մասը՝ 18.4 մլն հատուկ փոխառելիության իրավունք 24.4 մլն ԱՄՆ դոլար ծավալով, իսկ մնացած միջոցները հավասարապես հասանելի են դառնալու հաջորդող՝ կիսամյակային վեց վերանայումների արդյունքում: Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
14:34 - 13 դեկտեմբերի, 2022
Ինչ-որ պահի կհարկենք «խաղացող»-ի շահումը, վիճակախաղի կազմակերպչի շահույթը. փոխնախարար

 |armenpress.am|

Ինչ-որ պահի կհարկենք «խաղացող»-ի շահումը, վիճակախաղի կազմակերպչի շահույթը. փոխնախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարությունը մտադիր է հարկել վիճակախաղի կազմակերպիչների և խաղացողների շահույթները: Այս մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին: Պատգամավորը հետաքրքրվեց՝ չարժե՞ր արդյոք քննարկել շահումը հարկելու տարբերակը: «Եթե մարդը պարբերաբար խաղում է և շահում է, դա իր եկամտի աղբյուրն է դարձել, պետք է հարկվի՝ ինչպես բոլոր մյուս քաղաքացիներն են հարկ տալիս»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը: Փոխնախարարը համաձայնեց պատգամավորի հետ: «Վերջնարդյունքում, կարծում եմ, որ մենք ինչ-որ մի պահի գալու ենք արդյունքից հարկման, ընդ որում՝ ոչ միայն խաղացողների ստացած շահումները, այլ կազմակերպիչների գեներացրած շահույթները: Հարկման օբյեկտը, որով միջազգայնորեն ընդունված պրակտիկայի համաձայն առաջարկվում է կազմակերպիչներին հարկել, կոչվում է GGR (համախառն խաղային եկամուտ): Այսինքն՝ դա ընդհանուր օգուտների և վճարումների դրական տարբերությունն է՝ որպես դասական առումով շահույթ՝ ի լրումն գործող շահութահարկերին: Ինչ-որ մի պահի մենք, կարծում եմ, կգանք այդ լուծմանը»,- ասաց Պողոսյանը Նա հավելեց, որ այդ լուծումն արդյունավետ կիրառելու համար համակարգեր են պետք:
17:27 - 09 դեկտեմբերի, 2022
Հայաստանի պետական պարտքը հատել է 10 մլրդ դոլարը 
 |hetq.am|

Հայաստանի պետական պարտքը հատել է 10 մլրդ դոլարը |hetq.am|

hetq.am: 2022 թվականի հոկտեմբերին Հայաստանի պետական պարտքը հատել է 10 մլրդ դոլարի շեմը: Ինչպես ցույց են տալիս Ֆինանսների նախարարության տվյալները, հոկտեմբերի վերջի դրությամբ պետական պարտքը կազմել է 10 մլրդ 63 մլն դոլար:  10 ամիսների ընթացքում այն ավելացել է 837.5 մլն դոլարով կամ 9.1%-ով:  Պետական պարտքն աճել է ներքին պարտքի հաշվին, որը վերջին տարիներին զգալի տեմպերով է ավելանում: Հոկտեմբերի վերջին Հայաստանի ներքին պետական պարտքը կազմել է 3 մլրդ 933 մլն դոլար՝ տարեսկզբի համեմատ աճելով 1 մլրդ 356 մլն դոլարով կամ 52.6%-ով: Ներքին պարտքը գոյանում է հիմնականում ռեզիդենտների ձեռք բերած պետական պարտատոմսերի հաշվին:  Փոխարենը՝ արտաքին պարտքը նվազել է: Հոկտեմբերի վերջի դրությամբ այն մոտ 6 մլրդ 130 մլն դոլար է, այսինքն՝ տարեսկզբի համեմատ նվազել է մոտ 519 մլն դոլարով կամ 7.8%-ով: Արտաքին պարտքը միջազգային կազմակերպություններից և պետություններից ստացված վարկերն են, փոխառությունները և եվրապարտատոմսերի թողարկումից ստացվող գումարները:  Դրամային արտահայտությամբ պարտքի միտումներն այլ են: Քանի որ այս տարի դոլարը դրամի նկատմամբ 15-20%-ով նվազել է, պետական պարտքը դրամային արտահայտությամբ եւս նվազել է: Հոկտեմբերի վերջի դրությամբ ընդհանուր պետական պարտքը կազմել է 3 տրլն 980 մլրդ դրամ՝ տարվա ընթացքում նվազելով 10.1%-ով:  Հայաստանի կառավարության պետական պարտքը 2020 թվականից հատել է կարմիր գծի շեմն ու խախտել հարկաբյուջետային ոսկե կանոնը՝ գերազանցելով ՀՆԱ-ի նկատմամբ 60%-ի շեմը. այն 63.5% է։ Դա դեֆոլտ չէ, սակայն  հետագա տարիների բյուջեները պլանավորելիս Կառավարությունը պարտավորվել է աստիճանաբար նվազեցնել Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը։ 2021-ին այն կազմել է 60.3%: Ֆինանսների նախարարությունը կանխատեսում է, որ 2022-ի տարեվերջին այն 51% կկազմի: 
16:06 - 09 դեկտեմբերի, 2022
ԱԺ-ն քննարկեց ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև վարկային համաձայնագիր վավերացնելու հարցը

ԱԺ-ն քննարկեց ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև վարկային համաձայնագիր վավերացնելու հարցը

Ազգային ժողովն այսօր կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել։ Նիստի սկզբում Ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց Ասիական զարգացման բանկի միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը։  Փոխնախարարն ընդգծեց այս հարցը և արտահերթ նիստի օրակարգի երկրորդ հարցը՝ ՀՀ-ին եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցերը միմյանց հետ փոխկապակցված են։ Հովհաննիսյանը նշեց՝ երկու համաձայնագրերն էլ վերաբերում են հարկաբյուջետային քաղաքականության և ֆինանսական շուկաների զարգացման ոլորտներին։  Նրա խոսքով՝ Ասիական զարգացման բանկի միջև կնքվելիք համաձայնագիրը ներգարվելու է 100 միլիոն դոլարի վարկ․ «Նշյալ բյուջետային աջակցության միջոցները ուղղվելու են 2022 թ․-ի պետական բյուջեի մասին օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը և այս մասով վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից։ Այս համաձայնագիրը կապված է բազմաթիվ բարեփոխումների հետ, որը սահմանված են ՀՀ կառավարության կողմից և նպաստել են դրանց իրագործմանը»։  Փոխնախարարը առանձնացրեց մի քանի բարեփոխումներ,  որոնք կարևոր են թե ֆիսկալ կայունության, թե հարկաբյուջետային պլանավորման տեսանկյունից․ «Առաջինը, հարկաբյուջետային պլանավորման թափանցիկության, ռիսկերի կառավարման, ինչպես նաև պետական ծախսերի արդյունավետության բարձրացումն է, երկրորդը՝ պետական ներդրումների, այդ թվում՝ պետություն մասնավոր գործընկերության համակարգի բարեփոխումները, պետական գնումների համակարգի արդիականացումը, կանաչ տնտեսության քաղաքականության մշակումը, կլիմայի փոփոխության, հարմարվողականության բարձրացումը ու կանաչ ֆինանսական գործիքների կիրառության ընդլայնումը, կառավարության պարտքի կառավարման համակարգի բարելավումը, ֆինանսական և կապիտալի շուկաների զարգացումը»։  Նախագծի քննարկման ընթացքում  «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը անրադարձավ նշյալ համաձայնագրի վերաբերյալ Սահմանադրական դատարանի եզրակացություններին՝ դրանք համարելով թերի․ «Կներկայացնեմ Սահմանադրական դատարանի որոշումները, որտեղ նույն ժամին կայացած նիստի արդյունքում մի տեղ Սահմանադրական դատարանը հանդես է գալիս 9 անդամով, մի տեղ՝ 8 անդամով։ Սա փաստում է, որ այս փաստաթղթերը առնվազն չեն համապատասխանում իրականությանը, հույս ունեմ՝ ՍԴ-ն կարձագանքի իմ ելույթին, առերևույթ սա պաշտոնական կեղծիքի մասին է խոսում։ Կուզենայի նաև դատարանի որոշման որակական կողմին անդրադառնալ, որովետև ներկայացվում է միջազգային պայմանագիր, որտեղ մի հատված 111 էջից բաղկացած պարտավորությունների շարան է, որը պետք է ՍԴ-ն նորմալ վերլուծության ենթարկեր և ասեր, օրինակ, ՀՀ-ն երբ ստանձնում է այս պարտավորությունները և ՀՀ ԱԺ-ն պարտավորված պետք է լինի այս ամենը ընդունելու, որքանո՞վ է համապատասխանում մեր սահմանադրական կարգավորումներին։ Արդյոք կարո՞ղ է կառավարությունը նման համաձայնագիր ստորագրել, որով ԱԺ-ին ի սկզբանե պարտավորության տակ դնի, հետո էլ բերվի նախագիծ և այդ նախագծի շրջանակում ասվի՝ ԱԺ, դու արդեն վավերացրել ես, հետևաբար պարտավոր ես սա ընդունել» ։
12:22 - 09 դեկտեմբերի, 2022
ԱԺ-ն ընդունեց 2023-ի պետբյուջեի նախագիծը. կողմ քվեարկեց միայն ՔՊ-ն
 |news.am|

ԱԺ-ն ընդունեց 2023-ի պետբյուջեի նախագիծը. կողմ քվեարկեց միայն ՔՊ-ն |news.am|

news.am: ՀՀ ազգային ժողովն իր այսօրվա՝ դեկտեմբերի 8-ի նիստում ընդունեց 2023 թվականի պետական բյուջեի մասին նախագիծը։ Նախագիծն ստացավ 66 կողմ, 28 դեմ ձայն: Ըստ էության, նախագծին կողմ է քվեարկել միայն իշխող ՔՊ խմբակցությունը: Ըստ նախագծի՝ 2023 թվականի պետական բյուջեի ծախսերը կազմելու են 2 տրլն 591 մլրդ դրամ, իսկ եկամուտները՝ 2 տրլն 302 մլրդ դրամ: Դեֆիցիտը կազմի 289 մլրդ դրամ: ԱԺ ներկայացված նախորդ նախագծի համեմատությամբ բյուջեի ծախսերում ավելացել է 826 մլն դրամ, եկամուտներն ավելացել են 734.5 մլն դրամով և կազմում են 2 տրլն 302 մլրդ դրամ: Հարկային եկամուտները չեն փոփոխվել և սահմանված են 2 տրլն 203.7 մլրդ դրամ չափով: Եկամուտների ավելացումը կատարվել է այլ եկամուտների և պաշտոնական դրամաշնորհների հաշվին: Պետբյուջեի դեֆիցիտը մնացել է անփոփոխ։ Հիշեցնենք` ավելի վաղ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարել էր, որ բյուջեի նախագիծը մշակվել է միջազգային և տարածաշրջանային բարդ մարտահրավերների առկայության պարագայում, մասնավորապես` վերջին տարում համաշխարհային տնտեսությունը դարձել է պակաս կայուն, միջազգային առևտուրն ավելի դանդաղել է, փոխադրումներն ավելի թանկ ու երկար են դարձել, ապրանքների և ծառայությունների գները շարունակում են աճել ամբողջ աշխարհում:
11:04 - 08 դեկտեմբերի, 2022
Արտաքին պարտքի կշիռն ընդհանուր պարտքի կազմում կնվազի. ֆինանսների նախարար

 |armenpress.am|

Արտաքին պարտքի կշիռն ընդհանուր պարտքի կազմում կնվազի. ֆինանսների նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ընդհանուր պարտքի կազմում արտաքին պարտքի կշիռը 2023-ի ընթացքում կնվազի, նախատեսվում է, որ տարեվերջին Կառավարության՝ դրամային արտահայտությամբ պարտքը կկազմի 4 տրլն 645 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 49.8 տոկոս, իսկ եթե դոլարի փոխարժեքն ավելի ցածր լինի, ապա այդ ցուցանիշն ավելի փոքր կլինի: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ-ում 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը: Նախարարը նախ նշեց, որ 2023 թվականին պետբյուջեի նախագծով առաջարկվել է դեֆիցիտը սահմանել 289 մլրդ դրամ չափով, կամ ՀՆԱ-ի 3.1 տոկոսի չափով: Հաջորդող տարիներին 7 տոկոս տնտեսական աճի պահպանումը թույլ կտա բյուջեի դեֆիցիտը սահմանել ՀՆԱ-ի ՝ 2.5-3 տոկոս սահմաններում՝ մի կողմից ապահովելով ծախսերի ֆինանսավորման համար բավարար միջոցներ, մյուս կողմից նվազեցնելով համախառն ներքին արդյունքի նկատմամբ պարտքի մակարդակը: «Կառավարության պարտքը դրամային արտահայտությամբ 2023 թվականի ավարտին կկազմի 4 տրլն 645 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 49.8 տոկոսը: Այս ցուցանիշի հաշվարկի հիմքում ընկած է ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի 436 փոխարժեքը: Համապատասխանաբար, եթե ունենանք փաստացի ավելի ցածր փոխարժեք, այս 49.8 տոկոսը կլինի ավելի ցածր: Եթե փաստացի փոխարժեքը լինի նշվածից 5 տոկոս ցածր կամ բարձր, ապա ՀՆԱ-ի նկատմամբ Կառավարության պարտքը կգտնվի 48-51 տոկոս սահմաններում: 2023 թվականի ընթացքում կնվազի արտաքին պարտքի կշիռը: Եվ այն գալիք տարվա վերջին  ընդհանուր պարտքի կազմում կկազմի 57.6 տոկոս: Այս տարվա ավարտին արտաքին պարտքն ընդհանուր պարտքի մեջ ունի 60.2 տոկոս տեսակարար կշիռ»,-ասաց Խաչատրյանը: Նախարարն ընդգծեց, որ 2018-ին Կառավարության պարտքի կազմում արտաքին պարտքի կշիռը կազմել է ավելի քան 78 տոկոս: Իսկ հաջորդ տարվա համար նախատեսվող մոտ 60 տոկոս չափը Կառավարության կողմից պարտքի կառավարման քաղաքականության շատ նշանակալի ձեռքբերում ու արդյունք համարեց:
12:55 - 07 դեկտեմբերի, 2022
Ծախսերն ու եկամուտներն ավելացել են. 2023-ի պետբյուջեի նախագծում փոփոխություններ են արվել

 |armenpress.am|

Ծախսերն ու եկամուտներն ավելացել են. 2023-ի պետբյուջեի նախագծում փոփոխություններ են արվել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել ՀՀ 2023 թվականի  պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը, որում նախնական տարբերակի համեմատ կատարվել են որոշակի փոփոխություններ, մասնավորապես ավելացել են նախատեսվող ծախսերն ու եկամուտները: 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի լրամշակված նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը: «Ըստ նախագծի՝ 2023 թվականի պետական բյուջեի ծախսերը կազմելու են 2 տրլն 591 մլրդ դրամ, իսկ եկամուտները՝ 2 տրլն 302 մլրդ դրամ: Դեֆիցիտը կազմի 289 մլրդ դրամ: ԱԺ ներկայացված նախորդ նախագծի համեմատությամբ բյուջեի ծախսերում ավելացել է 826 մլն դրամ, եկամուտներն ավելացել են 734.5 մլն դրամով և կազմում են 2 տրլն 302 մլրդ դրամ: Հարկային եկամուտները չեն փոփոխվել և սահմանված են 2 տրլն 203.7 մլրդ դրամ չափով: Եկամուտների ավելացումը կատարվել է այլ եկամուտների և պաշտոնական դրամաշնորհների հաշվին: Պետբյուջեի դեֆիցիտը մնացել է անփոփոխ»,-ներկայացրեց Խաչատրյանը: 2023 թվականի պետբյուջեի նախագծի փոփոխությունները պայմանավորված են մի քանի պատճառներով: Նախ արտարժութային գործառնություների դրամային համարժեքները վերահաշվարկվել են նոյեմբերի 1-ի փոխարժեքով, այդ վերահաշվարկը ճշգրտումներ է առաջացրել պետբյուջեի եկամուտների, ծախսերի, նաև դեֆիցիտի դրամային համարժեքներում: Փոփոխության երկրորդ պատճառն այն է, որ ծրագրերի համակարգողները լրամշակել են որոշակի ծրագրերին վերաբերող փաստաթղթային հիմնավորումները, ինչի արդյունքում որոշ դեպքերում ավելացել են այդպիսի ծրագրերին հատկացվող բյուջետային միջոցները: Առանձին ծրագրերի համար ավելացված բյուջետային միջոցների հաշվով նվազեցվել են 2023 թվականի պետբյուջեով սահմանված կառավարության պահուստային ֆոնդի միջոցները: Խաչատրյանի խոսքով՝ բյուջեի ծախսերի ավելացումը պայմանավորված է տոկոսավճարների ավելացմամբ՝ 826 մլն դրամով: Առաջնային ընթացիկ ծախսերի, ինչպես նաև կապիտալ ծախսերի հանրագումարը մնացել է անփոփոխ: Արտարժութային փոխարժեքների վերահաշվարկի արդյունքում ծախսերի հանրագումարը նվազել 4.1 մլրդ դրամով: Ոլորտային ծախսային պատասխանատուների առաջարկություններով առանձին ծախսային ուղղություններին հատկացված միջոցներն ավելացել են 27.2 մլրդ դրամով, իսկ դրանց հատկացված ֆինանսավորման պատճառով կառավարության պահուստային ֆոնդը նվազել է 22.3 մլրդ դրամով: Որոշ դեպքերում 2023-ի պետբյուջեի ծախսային ավելացումները պայմանավորված են այն հանգամանքով, որ  2022-ին նախատեսված ծախսերի մի մասը չեն իրականացվել այս տարվա ընթացքում ամբողջությամբ և այդ մասով ներառվել են հաջորդ տարվա ծրագրային անելիքների ցանկում: Ծրագրային ծախսերի ավելացումների հիմանական մասը վերաբերում են պաշտպանական, տնտեսական, ինչպես նաև սոցիալական ապահովության ծրագրերին:
12:26 - 07 դեկտեմբերի, 2022
Գործադիրն առաջարկում է ՀՀ-ում ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ․ Աժ-ն քննարկեց նախագիծը

Գործադիրն առաջարկում է ՀՀ-ում ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ․ Աժ-ն քննարկեց նախագիծը

Կառավարությունը առաջարկում է ՀՀ-ում ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ։ Այսօր Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ քննարկեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտոմների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։  Նախագծի հիմնական զեկուցող, Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ասաց՝ համակարգի ներդրումը մի շարք նպատակներ է հետապնդում․  «Առաջին նպատակը ֆիզիկական անձանց անձնավորված հաշվառման համակարգ ձևավորելն է, ինչը հնարավորություն կընձեռի առավել հեշտությամբ և ավելի բարձր աստիճանով տեղորոշել ոլորտային քաղաքականությունների իրական հասցեատերերին ու շահառուներին՝ դրանով իսկ բարձրացնելով կառավարության կողմից իրկանացվող սոցիալական, առողջապահական, կրթական, ժողովրդագրական և այլ ոլորտներում իրականացվող քաղաքականությունների արդյունավետությունը»։ Մյուս նպատակը, Պողոսյանի խոսքով, հայտարագրերի ներկայացման համար սոցիալական շարժառիթների ստեղծումն է, ի դեմս միջազգային պրակտիկայում լայնորեն տարածված սոցիալական կրետիդների կամ սոցիալակա ն ծախսերի ներդրման․ «Այս համակարգի կայացումը կարևոր ներդրում կլինի մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ, քանի որ համակարգն ինքնին խրախուսելու է կրթական և առողջապահական համակարգերի ձեռքբերումը»։ Փոխնախարարի խոսքով՝ մյուս նպատակը հասարակության շրջանում հարկեր վճարելու մշակույթի ամրապնդումն է՝ այն տրամաբանությամբ, որ քաղաքացին՝ որպես հասարակության լիիրավ անդամ ապրի և գործի այն համոզմամբ ու ընկալմամբ, որ նա հարկերի վճարմամբ մասնակից է հանրային ռեսուրսի ձևավորմանը և ըստ այդմ՝ պահանջատեր հանրային բարիքից արդարաբար օգտվելու առումով։ Համակարգը, ըստ Պողոսյանի, նպատակ ունի ձևավորել քաղաքացի-պետություն հարաբերությունների նոր մակարդակ, նոր փիլիսոփայություն։  Համակարգի ներդրումը սահուն ապահովելու համար առաջարկվում է այն իրականացնել 3  տարիների ընթացքում՝ սկսած 2023 թ․-ից։  «Առաջին փուլի շրջանակում ընդգրկված են հետևյալ անձինք․ Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոններ զբաղեցնող քաղաքացիները, նոտարները։ Հաջորդ ենթախումբը, ձեռնարկատիրականն գործունեության հետ որոշակի առնչություն ունեցող, այլ կերպ ասած, ուղիղ կամ անուղղակի կապ ունեցող ֆիզիկական անձինք են, ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիներ, որոնք 2022 թ․-ի արդյունքներով 1 միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների բաժնետերեր են, ռեզիդենտ քաղաքացիներ, որոնք 2023 թ․-ի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամ կամ ավելի փոխառություններ նշված առևտրային կազմակերպություններից»,-նշեց Պողոսյանը։ Ըստ նրա՝ 2024 թ․-ի համար հայտարարագիր կներկայացնեն աշխատանքային պայմանագրով աշխատանք կատարողներով և քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանք կատարող ռեզիդենտ քաղաքացիներով։ Իսկ վերջին՝ 2025 թ․-ին առաջարկվում է համակարգում ընդգրկել նաև մնացյալ ռեզիդենտ ֆիզիկական անձանց։
13:39 - 06 դեկտեմբերի, 2022
Կառավարությունը հավանություն տվեց անավարտ շինությունները ավարտին հասցնելու հարցում կարգապահության բարձրացմանն ուղղված օրինագծին

Կառավարությունը հավանություն տվեց անավարտ շինությունները ավարտին հասցնելու հարցում կարգապահության բարձրացմանն ուղղված օրինագծին

Այսօրվա նիստի ընթացքում Կառավարությունը հավանություն տվեց օրենքի նախագծի, որի նպատակը անավարտ շինությունները ավարտին հասցնելու հարցում կարգապահության բարձրացումն է։ Նախագծի հիմնական զեկուցող, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց՝ միաժամանակ պետք է մի քանի կարգավորումներ վերանայվեն․ «Երբ առաջին շինարարարական թույլտվության ժամկետը ավարտվում է, պետք է այդ անավարտ շինության համար գույքահարկը վճարվի այնպես, ինչպես կվճարվեր ավարտված շինության կամ շենքի համար»։  Խաչատրյանն ասաց՝ կարծում են, որ անավարտ շինությունները ավարտին չհասցնելու հիմնական պատճառներից մեկն այն է, որ տեղական տուրքի դրույքաչափերը թույլտվության համար շատ ցածր են, ուստի այս առնչությամբ երկու կարգավորում են առաջարկում․ «Մի օրինակ բերեմ․  Երևանում ցանկացած գոտում 5000 քմ շինարարության համար տեղական տուրքի դրույքաչափը կարող է կազմել 500.000 դրամ՝ շինթույլտվություն ստանալու համար։ Առաջարկում ենք այդ տուրքի դրույքաչափերը բարձրացնել․ տարբերակելով ըստ գոտիականության՝ այդ բարձրացումը կարող է կազմել 2-10 անգամ։ Այսինքն՝ Երևանի 1-4 գոտիներում շինթույլտվություն ստանալու համար այլևս 1 քմի հաշվով շինթույլտվությունը առաջին անգամ ստանալու տեղական տուրքը  5000 քմ-ի համար կկազմի ոչ թե 500․000 հազար դրամ, այլ 5 միլիոն դրամ։ Նախատեսում ենք, որ սահմանված ժամկետում շինարարությունը ավարտին չհասցնելու դեպքում, երբ երկրորդ կամ երրորդ անգամ դիմի շինթույլտվության ժամկետը երկարացնելու համար, պետք է վճարի ավելի բարձր դրույքաչափով տեղական տուրք, քան առաջին անգամ շինթույլտվությունը ստանալու համար նախատեսված տեղական տուրքի դրույքաչափն է»։ Նախարարն ընդգծեց՝ Երևանում այս փոփոխությունը վերաբերելու է բոլոր շենքերի ու շինություններին՝ ներառյալ բնակելի շենքեր, հասարակական և արտադրական շինություններ, անհատական բնակելի տներ, Երևանից դուրս վերաբերելու բացառապես բնակելի շենքերին, հասարակական և արտադրական շինություններին․ «Այսինքն՝ բնակելի տները այս կարգավորումների ուժով բարձրացված դրույքաչափի կարգավորումների տակ չեն ընկնի, և սահմանամերձ համայնքներում որևէ փոփոխություն չի լինի, այսինքն՝ մենք այս տարբերակված մոտեցումները չենք նախատեսում կիրառել սահմանամերձ գոտիներում իրականացվող շինարարության նկատմամբ»։  Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ականատես են լինում դեպքերի, երբ որևէ տեղում շինարարական «փոս» է ստեղծվում և դա տարիներով, երբեմն տասնամյակներով շարունակվում է։ Ըստ Փաշինյանի՝ դա անհարգալից վերաբերմունք է հանրության նկատմամբ, ստեղծում է անհարմարություններ, խաթարում է միջավայրի գեղագիտական տեսքը։
12:02 - 01 դեկտեմբերի, 2022
Անչափահասները, հնարավոր է, չլինեն հայտարարագիր ներկայացնողներ. փոխնախարարը՝ համընդհանուր հայտարարագրման համակարգի մասին

 |armenpress.am|

Անչափահասները, հնարավոր է, չլինեն հայտարարագիր ներկայացնողներ. փոխնախարարը՝ համընդհանուր հայտարարագրման համակարգի մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում նախատեսվող համընդհանուր հայտարարագրման համակարգի համատեքստում, գուցե, հայտարարատուների շրջանակում չընդգրկվեն անչափահասները, կառավարությունն այս մասով դեռ վերջնական որոշում կընդունի: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվող հայտարարագրման համակարգի ներդրում նախատեսող օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ քննարկման ընթացքում «Նախատեսվում է 2023 թվականից սկսած՝ փուլային սցենարով ՀՀ-ում ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ: Հայտարարագրերը ներկայացվելու են տարեկան պարբերականությամբ: Նախատեսում ենք, որ հայտարարագրերի նախագծերը պատրաստվելու են ՊԵԿ-ի կողմից՝ վերջինիս տրամադրության տակ եղած տեղեկատվության հիման վրա, այնուհետև դրանք հայտարարատուի կողմից կարող են խմբագրվել, ճշգրտվել, լրացվել և արդեն ներկայացվել հարկային մարմնին ՝որպես հայտարարատուի կողմից հաստատված տարբերակ»,-մանրամասնեց փոխնախարարը: Առաջին փուլում հայտարարագիր ներկայացնողներ կլինեն այն անձինք են, որոնք արդեն իսկ Հանրային ծառայության մասին օրենքի տրամաբանությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնում են հայտարարագրեր: Առաջին փուլով հայտարարատու կլինեն նաև ձեռնարկատիրական միավորների հետ որևէ կերպ կապակցված մարդիկ: Խոսքը այն ֆիզիկական անձանց մասին է, որոնք մասնակից կամ բաժնետեր են մի ընկերությունում, որը հայտարարագրման տարվա համար ունեցել է 1 մլրդ դրամ և ավելի իրացման շրջանառություն, կամ 20 մլն դրամ, կամ ավել ծավալով փոխառություն է ստացել ռեզիդենտ առևտրային կազմակերպությունից, կամ համարվում է իրական շահառու որևէ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունում: Երկրորդ փուլում հայտարարատու կլինեն նաև այն անձինք, որոնք քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքներ են կատարում կամ ծառայություններ են մատուցում, սակայն ներգրավված չեն առաջին խմբում, և անձինք, որոնք համարվում են վարձու աշխատողներ և ներառված չեն եղել առաջին փուլում: Իսկ երրորդ՝ վերջին տարում արդեն հայտարարատու կդառնան մնացյալ ռեզիդենտ քաղաքացիները: Երրորդ փուլով հայտարարատուների շրջանակը ընդլայնելու այս որոշումը դեռևս կառավարության վերջնական առաջարկը չէ: «Առնվազն անչափահասների հայտարարատու լինելու նպատակահարմարության հարցի քննարկման հարց կա: Գուցե, որոշում լինի, որ այս 3 տարիների ընթացքում անչափահասները չեն լինելու հայտարարագիր ներկայացնողներ»,-նշեց Պողոսյանը: Զուգահեռաբար նախատեսվում է նաև ներդնել մոտիվացիոն բաղադրիչը՝ ի դեմս սոցիալական ծախսերի: Կրթության և առողջապահության գծով կատարվող փաստաթղթերով հիմնավորված ծախսերը հնարավոր է լինելու նվազեցնել եկամտային հարկի գումարից: Անդրադառնալով համակարգի ներդրման նպատակին՝ փոխնախարարը պարզաբանեց, որ երեք հիմնական նպատակներ են արձանագրել: Առաջին նպատակը ֆիզիկական անձանց անձնավորված հաշվառման համապարփակ տվյալների բազայի  ստեղծումն է: «Երկրորդ խնդիրը սոցիալական բաղադրիչի ամրագրումն է՝ որպես նաև մարդկային կապիտալում կատարվող ներդրումների խրախուսման քաղաքականություն: Երրորդը հարկերի վճարման մշակույթի ներդրումն ու ամրապնդումն է, որի մասին շատ ենք խոսում, կարևորում, հիմա կարծում ենք, որ պետք է արդեն գործնականում մենք մեր քայլերն ուղղորդենք այդ նպատակին հասնելուն»,-նշեց Պողոսյանը: Հայտարարագրերը սահմանված ժամկետում չներկայացնելու կամ ոչ լիարժեք ներկայացնելու համար նախատեսված կլինի պատասխանատվություն:
13:52 - 25 նոյեմբերի, 2022
Տիգրան Խաչատրյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործընկերների հետ քննարկել է երեխաներին ուղղված հանրային միջոցներին առնչվող հարցեր

Տիգրան Խաչատրյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործընկերների հետ քննարկել է երեխաներին ուղղված հանրային միջոցներին առնչվող հարցեր

Տիգրան Խաչատրյանն այսօր՝ նոյեմբերի 23-ին, հյուրընկալել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը: Ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ Խաչատրյանը հյուրերին է ներկայացրել 2022-2026թթ. ՀՀ կառավարության ծրագիրը եւ ընդգծել, որ Կառավարության համար առաջնային են երեխաների առանձնահատուկ կարիքներին միտված ծրագրերը՝ ուղղված կրթական, առողջապահական եւ սոցիալական աջակցության ու պաշտպանության ոլորտներին: Մեծապես կարեւորվում են կրթության բնագավառին առնչվող` նախադպրոցական եւ դպրոցական ծրագրերը, կրթական միջավայրի բարելավման հարցերը: Քրիստինե Վայգանդն իր հերթին մեծապես կարեւորել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ երեխաներին ուղղված հանրային ծախսերի եւ բյուջետային հատկացումների հարցում: Տիկին Վայգանդը ներկայացրել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ վերջերս հրապարակած «Ո՞րտեղ են երեխաները պետական բյուջեում» թեմայով զեկույցը: Հանդիպմանը կողմերը քննարկել են երեխայի իրավունքներին վերաբերող հանրային ֆինանսների թափանցիկությանն ու հաշվետվողականությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: 
14:22 - 23 նոյեմբերի, 2022
ՀՀ վարչապետին է ներկայացվել Ֆինանսների նախարարության 2022 թվականի գործունեության հաշվետվությունը

ՀՀ վարչապետին է ներկայացվել Ֆինանսների նախարարության 2022 թվականի գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆինանսների նախարարություն՝ գերատեսչության 2022 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Համբարձում Մաթևոսյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, Ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: «Հարգելի գործընկերներ, ինչպես պայմանավորվել ենք, մենք ըստ նախարարությունների սկսում ենք 2022 թվականին կատարված աշխատանքների ամփոփումը և սկսում ենք Ֆինանսների նախարարությունից: Իհարկե, տարվա ավարտին դեռ բավական ժամանակ կա, բայց կարծում ենք, որ նաև Ֆինանսների նախարարության գործունեության առանձնահատկությունները հաշվի առնելով՝ կարող ենք արվածի որոշակի ամփոփում անել», - քննարկման սկզբում ասել է վարչապետը: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ամփոփ ներկայացրել է նախարարության ընթացիկ ու առաջիկա ծրագրերը, ապա խոսքը փոխանցել ՖՆ տեղակալներին և գլխավոր քարտուղարին: Փոխնախարար Վահե Հովհաննիսյանը զեկուցել է  բյուջետային համակարգի բարելավման և միջազգային համագործակցության զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին. գույքագրվել են առկա ռազմավարական փաստաթղթերը, քարտեզագրվել է դրանցով սահմանված քաղաքականության շրջանակը: Բյուջեի պլանավորման գործընթացում ուշադրության կենտրոնում է եղել ՄԺԾԾ գործընթացը, մշակվել են բյուջետային ծրագրերի գնահատման հայեցակարգը և ուղեցույցը, իրականացվել է մի քանի բյուջետային ծրագրի պիլոտային գնահատում, վերանայվել է գնահատման մեթոդաբանությունը։ Առաջիկա ծրագրերի շրջանակում նախատեսվում է իրականացնել ՄԺԾԾ և տարեկան բյուջետային հայտերի ներկայացման մեթոդական ցուցումների լրամշակում, գործընթացների պարզեցում, բյուջետային ծրագրերի ներդաշնակեցում, ՖՆ ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության՝ որպես մոնիթորինգի և գնահատման ստորաբաժանման կայացում, մասնակցային բյուջետավորման ներդրում և այլն: Միջազգային համագործակցության ոլորտում՝ իրականացվել են 200 մլն ԱՄՆ դոլար և 150 մլն եվրո ծավալով բյուջետային աջակցության 4 վարկային ծրագրի նախապատրաստական աշխատանքներ՝ Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, Զարգացման ֆրանսիական գործակալության և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի հետ, 49.1 մլն եվրո ծավալով 2 վարկային համաձայնագրի կնքման աշխատանքներ ՀԲ հետ, փորձի փոխանակման նպատակով կայացել են ՖՆ բարձրաստիճան պատվիրակությունների այցեր ՌԴ, Վրաստան, Իրան և այլն: Փոխնախարար Արման Պողոսյանը նշել է, որ հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում աշխատանք է տարվել հարկային եկամուտների կանխատեսման ու ներուժի գնահատման, ռոյալթիի համակարգի կատարելագործման ուղղությամբ, Կառավարության նիստում հաստատվել և Ազգային ժողով է ներկայացվել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման օրենսդրական փաթեթը: ԱԺ քննարկմանն է ներկայացվել միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգի կատարելագործման օրենսդրական փաթեթը, քայլեր են ձեռնարկվել կառուցապատման պատասխանատու կազմակերպման իրավական հիմքերի ամրապնդման, խաղային ոլորտի հարկման համակարգի վերանայման, աուդիտորական ծառայությունների որակի բարելավման, հաշվապահության ու աուդիտի ոլորտում հանրային վերահսկողության խորհրդի ձևավորման ուղղությամբ: Առաջիկա ծրագրերի շրջանակում նախատեսվում է հարկման այլընտրանքային համակարգերի վերանայում, աուդիտորական կազմակերպությունների ստուգումների կազմակերպում՝ անկախ փորձագետների ներգրավմամբ և այլն: Փոխնախարար Արմեն Հայրապետյանը ներկայացրել է մակրոտնտեսական քաղաքականության և պարտքի կայունության բնագավառում իրականացված միջոցառումները. բարելավվել է հարկաբյուջետային քաղաքականության վերլուծության և կանխատեսումների գործիքակազմը, շարունակվել է միջազգային գործընկերների հետ աշխատանքը, իրականացվել է և նախատեսվում է շարունակել դրամային պարտքի կշռի հավասարակշռված և սահուն ընդլայնում, ներդրվել է «Կայունացման հաշվի» կառավարման համակարգը, որը թույլ կտա աջակցել հարկաբյուջետային քաղաքականության կայուն իրականացմանը, հակազդել տնտեսական շոկերին: Առաջիկա ծրագրերի շարքում կիրականացվեն հարկային եկամուտների կանխատեսման և պարտքի կառավարման համակարգերի բարելավման ծրագրեր: Փոխնախարար Ավագ Ավանեսյանն անդրադարձել է գնումների քաղաքականությանը և ֆիսկալ ռիսկերի կառավարմանը: Նշվել է, որ կատարվել են գնումների համակարգի արագության և որակի արդյունավետ հավասարակշռությանն ուղղված աշխատանքներ: Մասնավորապես, բողոքարկման համակարգը տեղափոխվել է դատարան, սահմանվել է արտակարգ իրավիճակներում շինարարական աշխատանքների  նոր գործընթաց, բարեփոխվել են մեկ անձից գնման ընթացակարգը և այլն: Կարողությունների զարգացման նպատակով վերապատրաստվել է 270 մասնագետ, օպտիմալացվել են թվային համակարգի բիզնես գործընթացները, կանխատեսելիության նպատակով ընդունվել է գնումների համակարգի զարգացման տեսլականը ձևավորող հայեցակարգ: Առաջիկա ծրագրերի շրջանակում նախատեսվում է թվային համակարգի կատարելագործում, շինարարության ռիսկերի կառավարում, կարողությունների զարգացում, վերլուծական գործիքակազմի զարգացում: Ինչ վերաբերում է ֆիսկալ ռիսկերի կառավարմանը, այստեղ իրականացվել է պատասխանատու ստորաբաժանման վերակազմավորում, սահմանվել են ֆիսկալ ռիսկերի առաջնային ուղղությունները: Նախատեսվում է շարունակել վերլուծական կարողությունների և գործիքակազմի զարգացումը, երկարաժամկետ ֆիսկալ կայունության գնահատումը և այլն: ՖՆ գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանն էլ զեկուցել է, որ կառավարման բարեփոխումների շրջանակում իրականացվել են մասնագիտական ստորաբաժանումների կառուցվածքային փոփոխություններ, գույքագրվել են ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգի բիզնես գործընթացները, կազմակերպվել են արտագնա դասընթացներ և քննարկումներ: Առաջիկա ծրագրերի շրջանակում շարունակվելու են գործառույթների օպտիմալացմանն ու թվայնացմանը, աշխատակազմի կոմպետենցիաների զարգացմանն ուղղված ծրագրերը: Վարչապետը կարևորել է կատարված աշխատանքները և ՖՆ ղեկավար կազմի ուշադրությունը հրավիրել մի շարք թեմաների ու բարեփոխումների վրա: Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, անդրադարձել է սուբվենցիոն ծրագրերին, որոնք իրականացվում են Կառավարություն-համայնքներ համաֆինանսավորմամբ և նշել, որ ծրագրերի արդյունավետության համար կարևոր է համայնքային բյուջեների ձևավորման գործընթացը: Վարչապետի խոսքով՝ այն պետք է լինի հստակ պատկերացնելի, հաշվարկելի, և անհրաժեշտ է միջգերատեսչական համագործակցությամբ շարունակաբար բարձրացնել այս գործընթացի ինստիտուցիոնալացվածության մակարդակը: Այս համատեքստում Կառավարության ղեկավարը կարևորել է ծրագրային բյուջետավորման մեխանիզմի կատարելագործումը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հարկաբյուջետային քաղաքականության մի շարք ուղղություններով մեկնարկած բարեփոխումները, այդ թվում՝ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը և հանձնարարել պատշաճ հանրային իրազեկում իրականացնել: Վարչապետը նշել է, որ հասցեական հանրային հաղորդակցությունը կնպաստի Կառավարություն-հանրություն կապի ամրապնդմանը և հարկային քաղաքականության հաշվետվողականության բարձրացմանը: Կառավարության ղեկավարն անդրադարձել է զեկուցված մյուս թեմաներին ևս՝ պետական պարտքի կառավարում, վարկային ծրագրերի արդյունավետություն, հարկային եկամուտներ, գնումների գործընթաց, մասնագիտական կարողությունների զարգացում, և այլն և հետագա անելիքների մասով հանձնարարականներ տվել պատասխանատուներին:
19:51 - 21 նոյեմբերի, 2022
Կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի և Ֆրանսիայի միջև արդյունավետ համագործակցությունը. Տիգրան Խաչատրյան

Կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի և Ֆրանսիայի միջև արդյունավետ համագործակցությունը. Տիգրան Խաչատրյան

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեպան Անն Լույոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) կենտրոնակայանի Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի վարչության տնօրեն Սիրիլ Բելիեն և ԶՖԳ այլ ներկայացուցիչներ: Ողջունելով ներկաներին՝ նախարար Խաչատրյանն ընդգծել է, որ ՀՀ Կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ արդյունավետ համագործակցությունն ու երկարամյա գործընկերությունը՝ հանձնառու լինելով ամրապնդելու և խորացնելու հետագա հարաբերությունները՝ փոխշահավետ և կառուցողական փոխգործակցության միջոցով: ԶՖԳ ներկայացուցիչներն իրենց հերթին նշել են, որ գործակալությունը մշտապես պատրաստ է աջակցելու Հայաստանի Հանրապետությանը և կատարելագործելու արդեն իսկ հաստատված երկխոսության որակը՝ ստեղծելով նախապայմաններ երկարաժամկետ արդյունավետ համագործակցության համար:
12:41 - 18 նոյեմբերի, 2022