ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդը Սահմանադրական մարմին է, որը կոչված է ապահովելու դատական իշխանության անկախությունը եւ բնականոն գործունեությունը։

1. ԲԴԽ-ն`
1) կազմում եւ հաստատում է դատավորների թեկնածուների, ներառյալ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակները.
2) Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա, ներառյալ առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին, դատարանների նախագահների եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին. 
3) ԱԺ-ին առաջարկում է Վճռաբեկ դատարանի դատավորների եւ նախագահի թեկնածուներին.
4) լուծում է դատավորներին մեկ այլ դատարան գործուղելու հարցը, իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորների լիազորությունների դադարեցման հարցերը։

2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաեւ Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

3. Օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով Բարձրագույն դատական խորհուրդն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Խորհրդի գործող նախագահը Ռուբեն Վարդազարյանն է։

«Մեդլայն» ԲԿ տնօրեն Բաբկեն Շահումյանը կշարունակի մնալ կալանքի տակ

«Մեդլայն» ԲԿ տնօրեն Բաբկեն Շահումյանը կշարունակի մնալ կալանքի տակ

«Մեդլայն» ԲԿ տնօրեն Բաբկեն Շահումյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԲԴԽ-ից։  ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Կարեն Ամիրյանի, մերժել է «Մեդլայն» ԲԿ տնօրեն Բաբկեն Շահումյանի խափանման միջոց կալանավորման դեմ ներկայացված բողոքը: Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ: Հիշեցնենք՝ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության՝ Երևանի փոխքաղաքապետ Գ. Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին: Սիմոնյանի գործողությունների արդյունքում «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բ. Շ.-ն հնարավորություն է ստացել նախնական համաձայնությամբ խարդախության եղանակով հափշտակել առանձնապես խոշոր չափերի՝ 119.005.000 ՀՀ դրամ:  Քրեական վարույթի շրջանակում կալանավորվել էին «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրենը, փոխտնօրենը, Երևանի փոխքաղաքապետ, համավարակի օրերին առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Գևորգ Սիմոնյանը։ 
12:22 - 14 ապրիլի, 2023
Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց. ԲԴԽ դատավոր անդամներ են ընտրվել Արթուր Աթաբեկյանը և Արշակ Վարդանյանը |news.am|

Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց. ԲԴԽ դատավոր անդամներ են ընտրվել Արթուր Աթաբեկյանը և Արշակ Վարդանյանը |news.am|

news.am: Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց: Օրակարգում ներառված էր ԲԴԽ դատավոր անդամների ընտրության հարցը։ Ըստ ամփոփված արդյունքների՝ ԲԴԽ անդամներ են ընտրվել Սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանը և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը։ Բարձրագույն դատական խորհուրդը շնորհավորում է նորընտիր անդամներին և մաղթում արգասաբեր աշխատանք։ Նշենք, որ 2 օրից լրանում է ԲԴԽ դատավոր անդամներ Սերգեյ Չիչոյանի եւ Անի Մխիթարյանի ՝ որպես ԲԴԽ անդամի պաշտոնավարման ժամկետը, ուստի նրանց փոխարեն պետք է երկու նոր դատավոր անդամ ընտրվի։ Իրենց թեկնածությունն էին առաջադրել երեք դատավորներ՝ Վերաքննիչ քրեական դատարանից Արշակ Վարդանյանը եւ Ռուբիկ Մխիթարյանը եւ Սնանկության դատարանից՝ Արթուր Աթաբեկյանը։ Ավելի մանրամասն` news.am-ում։ 
18:31 - 07 ապրիլի, 2023
 Նաիրի Հոխիկյանը հանդես է եկել դատավորի հասցեին զրպարտիչ և վիրավորական արտահայտություններ պարունակող գրառմամբ.ԲԴԽ

Նաիրի Հոխիկյանը հանդես է եկել դատավորի հասցեին զրպարտիչ և վիրավորական արտահայտություններ պարունակող գրառմամբ.ԲԴԽ

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանի կողմից դատական ակտը հրապարակելուց հետո գործով պատասխանող հանդիսացող Նաիրի Հոխիկյանը հանդես է եկել դատավորի հասցեին զրպարտչական և վիրավորական արտահայտություններ պարունակող գրառմամբ։ Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից։  Պատկան մարմինների ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքին, որ Նաիրի Հոխիկյանի կողմից առերևույթ թույլ է տրվել ՀՀ քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածով նախատեսված արարք, այն է՝ դատարանի նկատմամբ դրսևորվել է անհարգալից վերաբերմունք, որն արտահայտվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով, մասնավորապես՝ հնչեցվել են անհիմն և մերկապարանոց հայտարարություններ՝ «իշխանությունից իջեցված անօրինական պատվեր կատարելու» և «նվազագույն տղամարդկություն չցուցաբերելու» վերաբերյալ։ ՀՀ-ում գործում է եռաստիճան դատական համակարգ և կա դատական ակտերը բողոքարկելու հնարավորություն, հետևաբար, հորդորում ենք զերծ մնալ դատական ակտերի օրինականությունն ու իրավաչափությունը կասկածի տակ դնող սիրողական մակարդակի վերլուծություններ, ինչպես նաև դատական իշխանությունը հեղինակազրկող հայտարարություններ անելուց: Նշենք, որ սույն հրապարակումը կարող է քննիչի համար քրեական վարույթ նախաձեռնելու առիթ լինել:
18:32 - 30 մարտի, 2023
Նաիրի Հոխիկյանը դատարանի նկատմամբ դրսևորվել է անհարգալից վերաբերմունք. ԲԴԽ

Նաիրի Հոխիկյանը դատարանի նկատմամբ դրսևորվել է անհարգալից վերաբերմունք. ԲԴԽ

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանի կողմից դատական ակտը հրապարակելուց հետո գործով պատասխանող հանդիսացող Նաիրի Հոխիկյանը հանդես է եկել դատավորի հասցեին զրպարտչական և վիրավորական արտահայտություններ պարունակող գրառմամբ։ Այս մասին հաղորդում է ԲԴԽ-ն: «Պատկան մարմինների ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքին, որ Նաիրի Հոխիկյանի կողմից առերևույթ թույլ է տրվել ՀՀ քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածով նախատեսված արարք, այն է՝ դատարանի նկատմամբ դրսևորվել է անհարգալից վերաբերմունք, որն արտահայտվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով, մասնավորապես՝ հնչեցվել են անհիմն և մերկապարանոց հայտարարություններ՝ «իշխանությունից իջեցված անօրինական պատվեր կատարելու» և «նվազագույն տղամարդկություն չցուցաբերելու» վերաբերյալ։ ՀՀ-ում գործում է եռաստիճան դատական համակարգ և կա դատական ակտերը բողոքարկելու հնարավորություն, հետևաբար, հորդորում ենք զերծ մնալ դատական ակտերի օրինականությունն ու իրավաչափությունը կասկածի տակ դնող սիրողական մակարդակի վերլուծություններ, ինչպես նաև դատական իշխանությունը հեղինակազրկող հայտարարություններ անելուց: Նշենք, որ սույն հրապարակումը կարող է քննիչի համար քրեական վարույթ նախաձեռնելու առիթ լինել»,- նշված է գրառման մեջ։ 
17:05 - 30 մարտի, 2023
ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանի նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվել

 |factor.am|

ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանի նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվել |factor.am|

factor.am: Բարձրագույն դատական խորհրդի անդամ, դատավոր Նաիրա Հովսեփյանի նկատմամբ  կարգապահական վարույթ չի հարուցվել։ Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Մելքոնյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ Արդարադատության նախարարությունը հնարավորություն չի ունեցել Նաիրա Հովսեփյանի վերաբերյալ մամուլի հրապարակումների հիման վրա կատարել անհրաժեշտ ուսումնասիրություն և  բավարար հիմքերի առկայության պայմաններում հարուցել կարգապահական վարույթ։ Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը 2022 թվականի դեկտեմբերի 26-ին որոշել էր դադարեցնել  դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները, որը 4 գործով դատական ակտեր էր ուշացրել։ ԲԴԽ-ի այս որոշումից հետո փաստաբան  Լուսինե Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելուն կողմ քվերակած դատավոր Նաիրա Հովսեփյանի կողմից դատական ակտերն ուշ տրամադրելու վերաբերյալ տվյալներ՝ հրավիրելով Արդարադատության նախարարության ուշադրությունը։ «Ասում են ֆեյսբուքյան գրառումները կարգապահական վարույթ հարուցելու առիթ են հանդիսանում։ Եթե կարևոր չէ, թե գրառումն ով է կատարել և որ դատավորի վերաբերյալ, ապա ՀՀ արդարադատության նախարարության  ուշադրությանն եմ ներկայացնում հաղորդում առ այն, որ դատավոր Նաիրա Հովսեփյանը բազմաթիվ գործերով ուշացնում է դատական ակտերի հրապարակումը, որով խախտում է կողմերի իրավունքները։ Մինչ իրական դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունների դադարեցմանը Ն.Հովսեփյանի կողմ քվեարկելը մենք նշված խախտումը փորձում էինք մեկնաբանել դատարանների ծանրաբեռնվածությամբ և չէինք բարձրաձայնում։ Բայց պարզվում է՝ դա լրջագույն խախտում է և նման խախտում թույլ տված դատավորի լիազորությունները պետք է դադարեցվեն։ Համենայնդեպս այդպես է կարծում նմանատիպ բազմաթիվ խախտումներ թույլ տված դատավորը։ Եվ ուրեմն ներկայացնում եմ դրանցից ընդամենը երկուսը։  Այսպես, ԵԴ/16183/02/20 քաղաքացիական գործով ըստ հայցի Արթուր Վանեցյանի ընդդեմ Սկիզբ Մեդիա Կենտրոն ՍՊԸ-ի (1in.am) դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 18.02.2022 թվականը։ Մինչ օրս դատական ակտը չի տրամադրվել։  ԵԿԴ/1912/02/16 քաղաքացիական գործով ըստ իմ հայցի ընդդեմ ՀՀ Փաստաբանների պալատի դատական ակտի հրապարակման օր է սահմանվել 24.09.2020 թվականը։ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ, ԵՐԵՔ ԱՄԻՍ ԱՆՑ, մինչ օրս դատական ակտը ոչ միայն չի տրամադրվել, այլ նաև չի հրապարակվել»,-գրել է Լուսինե Սահակյանը։ Փաստաբան Արսեն Բաբայանը ևս Դատական-տեղեկատվական համակարգից գործեր էր մեջբերել, որոնցով Նաիրա Հովսեփյանը ուշացրել է դատական ակտերի տրամադրումը։ «Արդեն տեղյակ եք, որ ԲԴԽ-ի կողմից երեկ դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցվեցին: ԲԴԽ-ն տույժի այդպիսի անհամարժեք տեսակ կիրառեց այն հիմնավորմամբ, որ Աննա Փիլոսյանը 5000-ից ավել գործ քննելու ընթացքում ընդամենը 4 հատ գործով 1 տարուց ավելի ուշացրել է դատական ակտի հրապարակումը: Այդ որոշմանը, պարզվում է, կողմ է քվեարկել նաև դատավոր, ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը: Իսկ այժմ մի փոքրիկ տեղեկանք այն մասին, թե այդ նույն Նաիրա Հովսեփյանի մոտ հենց այդ նույն խախտման վիճակն ինչիպիսին է․ Այսպես` ԵԴ/7402/02/19 գործով դատավոր Նաիրա Հովսեփյանը ակտը հրապարակել է 19.06.2020-ին, սակայն մինչ օրս, 2.5 տարուց ավել, դեռևս չի տրամադրել դատական ակտը: ԵԴ/7515/02/19 գործով – տառացի նույն վիճակն է, ԵԴ/7275/02/19 – տառացի նույն վիճակն է, ԵԴ/7319/02/19 – դատավոր Նաիրա Հովսեփյանը ակտը հրապարակել է 21.07.2020-ին, սակայն մինչ օրս, 2.5 տարի անց, դեռևս չի տրամադրել դատական ակտը: ԵԴ/7483/02/19 գործով – նույն վիճակն է, ԵԴ/9029/02/19 գործով ավելի վատ վիճակ է Ներկայացրեցի ընդամենը 6 գործեր (դրանք մի քանի տասնյակն են), որոնցով ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը արել է նույն բանը (ավելի ծանր), ինչը վերագրվել է Աննա Փիլոսյանին, սակայն Աննա Փիլոսյանին Նաիրա Հովսեփյանի քվեարկությամբ տրված տույժով ազատել են դատավորի պաշտոնից, իսկ Նաիրա Հովսեփյանը շարունակում է պաշտոնավարել: Արդարադատության նախարարին առաջարկում եմ ընթացք տալ և համապատասխան միջնորդություն ներկայացնել ԲԴԽ-ի»,- գրել էր Արսեն Բաբայանը։ Նշենք, որ «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ կարգապահական խախտման մասին զանգվածային լրատվության միջոցների հրապարակումը կարգապահական վարույթ հարուցելու առիթ է։ Շարունակությունը՝ factor.am-ում
14:41 - 28 մարտի, 2023
Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակի վատացման հետևանքով դատական նիստը հետաձգվել է
 |armtimes.com|

Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակի վատացման հետևանքով դատական նիստը հետաձգվել է |armtimes.com|

armtimes.com: Հակակոռոպցիոն դատարանում ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և մյուսների գործի քննման ընթացքում Գասպարյանի առողջական վիճակը վատացել է, ինչի հետևանքով դատական նիստը հետաձգվել է։ Լուրը մեզ հետ զրույցում հաստատեցին նաև Բարձրագույն դատական խորհրդից։ Նիստի ընթացքում Գասպարյանը հայտնել էր վատ ինքնազգացողության մասին, բարձրացել էր նրա ճնշումը։ Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման եւ ծանր հետևանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (յուրաքանչյուրը՝ 2-ական դրվագով): Ի թիվս այլ մեղադրանքների՝ նախկին ոստիկանապետը մեղադրվում է մոտ 2 մլրդ դրամ գույքի փողերի լվացում կատարելու մեջ։ Նրանց վերաբերյալ 2 առանձին գործերը միացվել են և քննվում են մեկ վարույթում:
16:12 - 20 մարտի, 2023
Հակակոռուպցիոն դատարանի գործերը մինչ օրս «Դատալեքս»-ում հասանելի չեն․ խախտվում է հրապարակայնության սկզբունքը

Հակակոռուպցիոն դատարանի գործերը մինչ օրս «Դատալեքս»-ում հասանելի չեն․ խախտվում է հրապարակայնության սկզբունքը

2021 թվականի ապրիլի 14-ին Ազգային ժողովն ընդունեց Հայաստանում հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու օրենսդրական փաթեթը, որով սահմանվեց, որ նորաստեղծ մասնագիտացված դատարանի կողմից ենթակա են քննության Քրեական դատավարության օրենսգրքով Հակակոռուպցիոն դատարանների իրավասությանը վերապահված վարույթները (տես՝ Քրեական օրենսգրքի հավելված N 1), ինչպես նաեւ դատախազի կողմից հարուցված՝ քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային եւ ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով եւ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը։ 2022 թ․ օգոստոսի 20-ից Հակակոռուպցիոն դատարանը սկսեց իր գործունեությունը։ Նորաստեղծ դատարանի աշխատանքի մեկնարկին, սակայն, եւ մինչ օրս՝ դրանից ավելի քան կես տարի անց էլ դատարանի վարույթում գտնվող գործերի հրապարակայնությունը դեռեւս լիարժեք չի ապահովվում։ Տեխնիկական համապատասխան կարգավորումների բացակայության պայմաններում խախտվում են «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի եւ Բարձրագույն դատական խորհրդի (այսուհետ՝ նաեւ ԲԴԽ) համապատասխան որոշման դրույթները։ Ի՞նչ է սահմանում օրենքը «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի՝ «Դատական վարույթի հրապարակայնությունը» վերտառությամբ 11-րդ հոդվածը սահմանում է, որ դատական նիստերը դռնբաց են (բացառությամբ դռնփակ դատական նիստ անելու օրենքով սահմանված հիմքերի)։ Նույն հոդվածի համաձայն՝ դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվում են գործի եւ դրա ընթացքի վերաբերյալ տեղեկություններ, որոնց ցանկը եւ հրապարակման կարգը սահմանում է ԲԴԽ–ն։ Դատական ատյանում վարույթը եզրափակող դատական ակտերը, օրենքով կամ ԲԴԽ որոշմամբ նախատեսված դեպքերում նաեւ այլ դատական ակտերը եւս ենթակա են պարտադիր հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում։  Օրենքի այս դրույթն ապահովելու համար 2021 թվականի փետրվարի 25-ին ԲԴԽ նախագահի՝ ԲԴԽ-9-Ո-13 որոշմամբ սահմանվել է քաղաքացիական, սնանկության, վարչական, քրեական գործերի եւ դրանց ընթացքի վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկությունների ցանկը, ինչպես նաեւ կայացված դատական ակտերի, այդ թվում՝ եզրափակիչ դատական ակտերի հրապարակման կարգը։ ԲԴԽ նույն որոշմամբ սահմանվել է նաեւ, որ Դատական ավտոմատացված համակարգում լրացված հիշյալ տեղեկությունները յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում համապատասխան ծրագրի միջոցով ավտոմատացված եղանակով տեղափոխվում են «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգ՝ datalex.am: Հակակոռուպցիոն դատարանի գործերը «Դատալեքս»-ում հասանելի չեն Դատական իշխանության պաշտոնական կայքի «Դատալեքս» տեղեկատվական համակարգում հնարավոր է գտնել դատարան ուղարկված քաղաքացիական, քրեական, վարչական, սնանկության եւ վճարման կարգադրություններով գործերի վերաբերյալ օրենքով նախատեսված բոլոր տեղեկությունները։  Հակակոռուպցիոն դատարանի գործերը, սակայն, համակարգում մինչ օրս հասանելի չեն, ուստի հանրությունը, հասարակական կազմակերպություններն ու զանգվածային լրատվության միջոցները հնարավորություն չունեն հետեւել այդ դատարանի վարույթում գտնվող գործերի ընթացքին, ծանոթանալ դրանց վերաբերյալ իրենց անհրաժեշտ տեղեկությանը կամ կայացված դատական ակտերին։  Նշենք, որ այդ տեղեկությունները ՀԿ-ներին կամ ԶԼՄ-ներին անհրաժեշտ են լինում իրենց մասնագիտական աշխատանքի ընթացքում, եւ որպես կանոն, հասանելի են դառնում հենց «Դատալեքս»-ի միջոցով։ Լրագրողները, օրինակ, «Դատալեքս»-ով են տեղեկանում կոնկրետ գործերով նշանակված դատական նիստերի օրվա եւ ժամի, դրանց հետաձգման պատճառների մասին, «Դատալեքս»-ի միջոցով են ծանոթանում կայացված դատական ակտերի ամբողջական տարբերակին, հետեւում դրանց դեմ ներկայացվող բողոքների ընթացքին, հրապարակումներ անում այդ եւ այլ թեմաների մասին։  Հետեւաբար տեխնիկական համապատասխան կարգավորումների բացակայությունը խոչընդոտներ է ստեղծում նաեւ վերջիններիս աշխատանքի համար։ Ինչ քայլեր է ԲԴԽ-ն ձեռնարկում խնդրին լուծում տալու համար  Բարձրագույն դատական խորհուրդն այս խնդրին առաջին անգամ անդրադարձել է 2022 հոկտեմբեր ամսին՝ հայտնելով, որ նախքան դրա ամբողջական լուծումը դատական իշխանության պաշտոնական կայքում՝ court.am-ում, կհրապարակվի Հակակոռուպցիոն դատարանի վարույթում գտնվող գործերի ժամանակացույցը (հայտարարությունը այժմ հեռացված է)։ Ըստ այդմ, հոկտեմբեր ամսից սկսած ԲԴԽ-ն շաբաթական մեկ անգամ հրապարակում է այդ ժամանակացույցը (օրինակը՝ այստեղ), որը ներառում է հետեւյալ տեղեկությունները․ քրեական գործերով՝ գործի համարը, այն քննող դատավորի անուն–ազգանունը, մեղադրյալի/մեղադրյալների անուն–ազգանունը, հերթական դատական նիստի օրը, ժամը, նիստերի դահլիճի համարը, քննության դռնբաց կամ դռնփակ ռեժիմը, իսկ քաղաքացիական գործերով՝ նաեւ հայցի պահանջն ու կողմերի անունները։ Հասկանալի է, որ ԲԴԽ այս քայլը իրավիճակային է եւ հրապարակման ենթակա՝ օրենքով սահմանված տեղեկությունների չնչին մասն է ապահովում միայն։ Բովանդակային եւ ընթացակարգային բազմաթիվ տեղեկություններ, կայացված դատական ակտեր շարունակում են մնալ անհասանելի։ Դրանից բացի, ինչպես նշեցինք, այս ժամանակացույցը հրապարակվում է շաբաթական մեկ անգամ՝ հիմնականում շաբաթվա վերջ կամ սկիզբ, հետեւաբար դրանից հետո նշանակված նիստերի օրվա կամ ժամի փոփոխությունները այլեւս առանձին չեն հրապարակվում եւ ժամանակին հանրությանը հասանելի չեն դառնում։ Պետական գնումների armeps.am կայքում առկա տեղեկությունների հիման վրա կարող ենք փաստել, որ Հակակոռուպցիոն դատարանի աշխատանքի մեկնարկից ամիսներ առաջ՝ 2022 թ․ ապրիլի 15-ին, եւ մեկնարկից օրեր անց՝ օգոստոսի 29-ին, ԲԴԽ աշխատակազմը՝ Դատական դեպարտամենտը, պայմանագրեր է կնքել համակարգը սպասարկող «Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ընկերության հետ, որոնցով նախատեսվել է, ի թիվս այլնի, Հակակոռուպցիոն դատարանում ներդնել բաշխման եւ վերաբաշխման ենթահամակարգեր՝ ըստ գործերի տեսակների (Դատական օրենսգրքի համաձայն՝ դատավորների միջեւ գործերի բաշխումը, վերաբաշխումը եւ կոլեգիալ դատական կազմերի ձեւավորումը կատարվում են հատուկ համակարգչային ծրագրի՝ պատահական ընտրության միջոցով), ինչպես նաեւ ապահովել «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի (այն դատարաններում գործավարությունն էլեկտրոնային եղանակով իրականացնելու ծրագիրն է) լիարժեք շահագործումը։ Պայմանագրերից ոչ մեկով, սակայն, չեն սահմանվել դրույթներ «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի Հակակոռուպցիոն դատարանի բաժնի եւ դատական տեղեկատվական համակարգի միջեւ կապի հաստատման, էլեկտրոնային գործավարության արդյունքում ստեղծված ինֆորմացիոն բազան «Դատալեքս»-ում հասանելի դարձնելու ուղղությամբ նախատեսվող աշխատանքների վերաբերյալ (Դեպարտամենտից հավաստիացել ենք, որ 2022 թ․ հիշյալ պայմանագրերից բացի Հակակոռուպցիոն դատարանին առնչվող այլ պայմանագիր չի կնքվել)։ Վերոգրյալը հաշվի առնելով՝ Infocom-ը գրավոր հարցումներ է ուղարկել ԲԴԽ-ին՝ ի թիվս այլնի հետաքրքրվելով, թե ինչ քայլեր են ձեռնարկվում օրենքով սահմանված հրապարակման ենթակա տեղեկությունների եւ դատական ակտերի ամբողջական ցանկը հանրությանը հասանելի դարձնելու ուղղությամբ։ Ի պատասխան՝ Դատական դեպարտամենտից տեղեկացրել են․ «Հակակոռուպցիոն դատարանում քննվող գործերի եւ դրանց ընթացքի վերաբերյալ տեղեկությունները Datalex դատական տեղեկատվական համակարգում հասանելի դարձնելու նպատակով իրականացվում են լրացուցիչ աշխատանքներ»։ Չբավարարվելով այս անորոշ պատասխանով՝ երկրորդ հարցումն ենք ուղարկել՝ խնդրելով մանրամասնել, թե կոնկրետ ինչ աշխատանքներ են իրականացվում այդ ուղղությամբ։ Միաժամանակ խնդրել ենք հայտնել, թե ինչ պատճառով Հակակոռուպցիոն դատարանին վերաբերելի՝ մինչ օրս կնքված պայմանագրերում չեն նախատեսվել դրույթներ վերջինիս վարույթում գտնվող գործերը եւ դրանց ընթացքի վերաբերյալ տեղեկությունները «DataLex»–ում հասանելի դարձնելու նպատակով ծրագրային աշխատանքներ իրականացնելու մասին, որպեսզի դատարանի աշխատանքի մեկնարկին կամ գոնե դրանից կարճ ժամանակ անց այդ աշխատանքներն ավարտված լինեին։ Խնդրել ենք հայտնել նաեւ՝ Դատական դեպարտամենտը ծրագրում է արդյոք «Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ընկերության հետ կնքել նոր պայմանագիր, որով կնախատեսվեն իրականացնել ծրագրային հիշյալ աշխատանքները։ Դրական պատասխանի դեպքում խնդրել ենք հայտնել հնարավոր ժամկետները։ Ի պատասխան այս հարցմանը՝ Դեպարտամենտից տեղեկացրել են. «ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քննվող գործերի եւ դրանց ընթացքի վերաբերյալ տեղեկությունները «DataLex» դատական տեղեկատվական համակարգում (այսուհետ՝ Համակարգ) հասանելի դարձնելու նպատակով ներկայում իրականացվում են ծրագրային եւ տեխնիկական աշխատանքներ, որոնք իրենցից ենթադրում են Համակարգում համապատասխան միջոցների (գործիքակազմի) նախատեսում, Դատարանի քննվող գործերի ենթաբաժնի ստեղծում, եւ որոնցով Դատարանում քննվող գործերի ընթացքի վերաբերյալ «Դատական համակարգ» համակարգչային ծրագրում (CAST) (այսուհետ՝ Ծրագիր) առկա տեղեկությունները կլինեն հասանելի»:  Անդրադառնալով այդ աշխատանքները ավելի վաղ սկսելու հնարավորության հարցին՝ Դեպարտամենտից նշել են․ «Դատական դեպարտամենտի եւ «Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ՍՊԸ-ի (այսուհետ՝ նաեւ Ընկերություն) միջեւ 2022 թ․ ընթացքում կնքված պայմանագրերը վերաբերել են Ծրագրի միայն սպասարկման ծառայությունների մատուցմանը, որոնցով հնարավոր չէր նախատեսել Համակարգում ծրագրային եւ տեխնիկական աշխատանքների իրականացման պայմաններ»: Թե ինչու այդ պարագայում ծրագրային եւ տեխնիկական աշխատանքների իրականացման առանձին պայմանագիր չի կնքվել, Դեպարտամենտից չեն պարզաբանել։ Ինչ վերաբերում է հնարավոր ժամկետներին, ստացված պատասխանի համաձայն՝ ծրագրային եւ տեխնիկական հիշյալ աշխատանքների իրականացման արդյունքում միայն հնարավոր կլինի քննարկել Համակարգում համապատասխան միջոցների (գործիքակազմի) ներդրման մասին պայմանագրի կնքման հնարավորության հարցը: Հավելենք, որ վերոնշյալ պայմանագրերով սահմանված բաշխման եւ ենթաբաշխման համակարգերի ներդման աշխատանքները, ըստ Դեպարտամենտից ստացված պատասխանի, ամբողջությամբ կատարվել են, եւ Հակակոռուպցիոն դատարանում այժմ գործում են բաշխման եւ վերաբաշխման ենթահամակարգերը։ Միեւնույն ժամանակ դրանց կատարելագործման ուղղությամբ լրացուցիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով կողմերի միջեւ կնքվել է նոր պայմանագիր։ «Դատալեքս»-ը սպասարկող ընկերության տնօրենը տեղյակ չէր խնդրի մասին «Դատալեքս»-ը սպասարկող «Մեյսիս ինֆորմեյշն սիսթեմս» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Մանուկյանին ուղղված մեր գրավոր հարցումն անպատասխան է մնացել։ Մենք կապ ենք հաստատել Արմեն Մանուկյանի հետ, որը կարծիք է հայտնել, որ իրենք, չհանդիսանալով պետական մարմին, պարտավոր չեն պատասխանել գրավոր հարցումներին։ Նշենք, սակայն, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տեղեկության տնօրինող են համարվում ոչ միայն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, այլեւ բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունները։ «Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ՍՊԸ-ն կատարված ծառայությունների դիմաց վարձատրվում է Դատական դեպարտամենտից, որի բյուջեն էլ հանդիսանում է պետական բյուջեի մաս, հետեւաբար «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը տարածվում է նաեւ նրանց վրա։ Այնուհանդերձ, Մանուկյանը համաձայնել է բանավոր պատասխանել մեր հարցերին։ Մեր զրույցում նա նշել է, որ կնքված պայմանագրերով սահմանված աշխատանքների հիմնական մասը կատարվել է, որոշակի գործառույթների հետ կապված ճշտումների կարիք է եղել․  «Երբ մոդելավորում ես, կարող է մի դեպք դուրս գա, բացեն, ասեն՝ բա էդ դեպքում ինչ ենք անում, գնում են, վերլուծեն, որ երբ հասկանան, էդ ժամանակ մասնագետները վերջնական մոդելավորեն, ավտոմատացնեն, միացնեն, այսինքն՝ աշխատանքային ընթացիկ իրավիճակ է»։ Մանուկյանը տարակուսանք է հայտնել, թե ինչու են մեզ հուզում այդ հարցերը, եւ դրանք քննարկելով՝ մենք ինչ բարիք ենք ստեղծում հանրության համար․ «Մեր բոլորիս խնդիրն է մեր տեղերում ծառայել ժողովրդին, հիմա ես չեմ հակսանում՝ ուզում եք մի հատ նեգատիվ ինֆորմացիա գցե՞լ»։ Լսելով Հակակոռուպցիոն դատարանի վարույթում գտնվող գործերի՝  «Դատալեքս»-ում հասանելի չլինելու խնդրի մասին՝ Մանուկյանը նախ զարմացել է, ապա՝ շնորհակալություն հայտնել․ «Եթե հիմա «Դատալեքս»-ում չեն հայտնվում, ապա կհայտնվեն, ընդհանուր սպասարկման հետ կապված խնդիրներ կան, պրոյեկտ մենեջեր կա, ամբողջ օրը թիմը աշխատում է էդ թեմաների վրա, եթե չի հայտնվում, շնորհակալություն, այ դա բարիք է արդեն, նշանակում է՝ մեր սխալն է, հազար ներողություն կամ էլ տեխնիկական խնդիրներ են, մենք մաքսիմալը փորձում ենք անել, ես ավելի ուշադիր կլինեմ»,- ասել է նա՝ դժվարանալով հստակ ժամկետներ նշել։ Հավելենք, որ 2024 թ․ հունվարի 1-ից ՀՀ-ում սկսելու է գործել Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը (այժմ գործող Վերաքննիչ քրեական դատարանում առանձին դատավորներ են քննում հակակոռուպցիոն գործերը, իսկ Վճռաբեկ դատարանում գործում է Հակակոռուպցիոն պալատը), ուստի ծրագրային եւ տեխնիկական համապատասխան կարգավորումների անհրաժեշտությունն առաջանալու է նաեւ այնտեղ։    Միլենա Խաչիկյան
17:15 - 16 մարտի, 2023
Շիրակի մարզի փաստաբանները գործադուլ են նախաձեռնում ԲԴԽ որոշման կապակցությամբ
 |hetq.am|

Շիրակի մարզի փաստաբանները գործադուլ են նախաձեռնում ԲԴԽ որոշման կապակցությամբ |hetq.am|

hetq.am: Շիրակի մարզում աշխատող փաստաբանները գործադուլ են նախաձեռնում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) որոշման առնչությամբ, որով Հանրապետության նախագահին առաջարկվել է այդ մարզում մեկ ամիս աշխատած դատավոր Անի Մարտիրոսյանին Երևան տեղափոխել։ Սա դժգություն է առաջացրել փաստաբանների շրջանում: 2023թ. մարտի 6-ին ԲԴԽ-ն որոշել է Հանրապետության նախագահին առաջարկել Անի Մարտիրոսյանի թեկնածությունը` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար: Եթե նախագահը ստորագրի հրամանագիրը, այն ուժի մեջ մտնելու պահից Անի Մարտիրոսյանի՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները դադարած կհամարվեն: Անի Մարտիրոսյանը Շիրակի մարզի դատավոր նշանակվել է այս տարվա հունվարի 30-ին: Այսինքն՝ մարզում աշխատել է մոտ մեկ ամիս: Այդ ընթացքում, ըստ «Դատալեքս»-ի, դատավորին մակագրվել է 7 քրեական գործ: Շիրակի մարզում աշխատող փաստաբան Հայկ Հարությունյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս նախորդ տարվանից անընդհատ դատավորների փոփոխություններ են եղել մարզում: Սակայն, 2023թ. հունվարին միանգամից 4 դատավորի տեղափոխեցին Շիրակի մարզից: Նրանց փոխարեն նշանակվել են նոր դատավորներ, բայց արժանացել են նույն «ճակատագրին»: Նոր նշանակվածներից մեկը մեկ օր է մարզում աշխատել, Անի Մարտիրոսյանն էլ՝ մեկ ամիս և, ամենայն հավանականությամբ, դարձյալ կտեղափոխվի: Հայկ Հարությունյանը տեղեկություններ ունի, որ այլ դատավորների ևս առաջիկայում տեղափոխելու են Շիրակի մարզից: «Գալիս ենք նույն իրավիճակին: 4-5 տարով կուտակված քրեական գործեր կան, որոնցով որևէ գործողություն չի իրականացվում, էլի կուտակվելու են այդ գործերը: Արդար դատաքննության, ողջամիտ ժամկետում գործերի քննության մասին խոսելն արդեն անիմաստ եմ համարում»,-ասում է Հ. Հարությունյանը: Փաստաբանի խոսքով՝ ԲԴԽ-ի նման որոշումներից տուժում են ոչ միայն փաստաբանները կամ քաղաքացիները, այլև պետությունը: Պետական բյուջեից անընդհատ ծախսեր են կատարվում քրեական գործերով, որոնք դառնում են անիմաստ: «Անընդհատ նույն քրեական գործերի համար տարբեր անձանց աշխատավարձ են տալիս,  թղթեր են տպվում, ծանուցագրեր են ուղարկվում, կալանավորներին բերում-տանում են: Անիմաստ գումարներ են ծախսվում, ու դատաքննությունները սկսվում են նորից:  Նաև քաղաքացիական գործերով է մարզում նույն վիճակը»,-ասում է Հ. Հարությունյանը: Փաստաբանը նշում է, որ որևէ մեկը ողջամիտ պատասխան չի տվել, թե ինչու է  Շիրակի մարզը դարձել «ռեզերվային» դատարան: Միակ բացատրությունը եղել է ԲԴԽ անդամներից մեկի հարցազրույցը, որ ցանկանում են Երևանում հավաքել փորձառու դատավորներին: «Տպավորությունն այնպիսին է, որ մարզերը որպես «տրամպլին» են այդ դատավորների համար»,-հավելեց փաստաբանը: Լուսանկարում՝ Անի Մարտիրոսյանը Շարունակությունը՝ hetq.am-ում
14:41 - 10 մարտի, 2023
«Կարող եմ մտածել, որ խնդիր էր դրված՝ դատավոր Նախշքարյանի լիազորությունները դադարեցնել»․ Նախշքարյան |factor.am|

«Կարող եմ մտածել, որ խնդիր էր դրված՝ դատավոր Նախշքարյանի լիազորությունները դադարեցնել»․ Նախշքարյան |factor.am|

factor.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի արդեն նախկին դատավոր Զարուհի Նախշքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է իր վերաբերյալ կարգապահական վարույթին, որի հետևանքով ԲԴԽ-ն դադարեցրել է իր լիազորությունները։ «Կարող եմ ենթադրել, որ Կարեն Անդրեասյանն իր ընկերոջը խնդրել է հետամուտ լինել իմ նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցում»,- ասել է Զարուհի Նախշքարյանը։ Հիշեցնենք, որ դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն, որը ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հետ մտերիմ հարաբերություններ ունի։ Կարգապահական գործի շրջանակներում Կարեն Անդրեասյանն ինքնաբացարկ էր հայտնել։ Նա նշել էր, որ դատավորների հետ Դիլիջանում տեղի ունեցած հանդիպման շրջանակներում Նախշքարյանի հետ առանձնազրույց է ունեցել, և կանխակալ վերաբերմունք ունի նրա նկատմամբ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Զարուհի Նախշքարյանը ամբողջությամբ չբացահայտեց առանձնազրույցի մանրամասները, սակայն նշեց, որ իր վերաբերյալ կարգապահական վարույթը Կարեն Անդրեասյանի ընկերը՝ Արդարադարտության նախարար Գրիգոր Մինասյանը, հարուցվել է դիլիջանյան հանդիպումից հետո։ Շարունակությունը՝ factor.am-ում
16:52 - 09 մարտի, 2023
ԲԴԽ-ն որոշել է Շիրակի մարզում նշանակված հերթական դատավորին տեղափոխել Երևան  |factor.am|

ԲԴԽ-ն որոշել է Շիրակի մարզում նշանակված հերթական դատավորին տեղափոխել Երևան |factor.am|

Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է վերջերս Շիրակի մարզում նշանակված հերթական դատավորին տեղափոխել Երևան։ Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի կայքից։ «2023 թվականի մարտի 6-ին, դռնփակ նիստում, քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի թափուր պաշտոնում առաջին ատյանի այլ դատարանի դատավորին նշանակելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 119-րդ և 117-րդ հոդվածներով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է Հանրապետության նախագահին առաջարկել Անի Արարատի Մարտիրոսյանի թեկնածությունը` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար»,- ասված է ԲԴԽ որոշման մեջ։ Նշենք, որ Անի Մարտիրոսյանը հունվարի 30-ին, այսինքն՝ շուրջ մեկ ամիս առաջ է նշանակվել Շիրակի մարզի դատավոր։ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում առկա տվյալների համաձայն՝ դատավորին արդեն 30-ից ավելի գործ է մակագրված։ Հուվարի 30-ին Շիրակի մարզում նշանակված մեկ այլ դատավոր՝ Մակար Կիրակոսյանն էլ փետրվարի 13-ին նշանակվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ Շարունակությունը՝ factor.am-ում։
11:07 - 08 մարտի, 2023
Զարուհի Նախշքարյանը արձագանքել է իր լիազորությությունների դադարեցման որոշմանը

Զարուհի Նախշքարյանը արձագանքել է իր լիազորությությունների դադարեցման որոշմանը

Շնորհակալություն եմ հայտնում իմ անփոխարինելի ներկայացուցիչներին Ռուբեն Մելիքյանին և Սիրանուշ Սահակյանին, գործընկերներիս, փաստաբաններին և լրատվամիջոցներին, իմ ուժերին հավատացողներին և ինձ դատավորի բարձր առաքելությունը վստահողներին այն ահռելի աջակցության համար, որ դուք ինձ ցուցաբերեցիք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Զարուհի Նախշքարյանը, որի լիազորությունները ԲԴԽ որոշմամբ դադարեցվեցին երեկ՝ փետրվարի 27-ին: Նա նաեւ նշել է. «Դուք ինձ հնարավորություն տվեցիք գիտակցելու, որ իմ բորոր ջանքերը անկախ դատական իշխանություն ունենալու համար զուր չեն եղել, և, ինչպես ասում է դատավոր Աննա Փիլոսյանը, մեկ մարդու արածը երբեք անկարևոր և անհետևանք չէ։ Եվ դուք դրա մեջ կհամոզվեք, ինձ չհասկացողներ, չկամեցողներ, մաղձի մեջ տապակվողներ և պառանոիդալ կոմպլեասների տակ մնացած ճղճիմ էակներ։ Կհամոզվեք նաև դուք, փոքրահոգի վախկոտ տառապյալներ։ Նստեք և սպասեք։ Ձեր հետևից կգան։ Շնորհակալ եմ»։ Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը փետրվարի 27-ին, բավարարել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը եւ դադարեցրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով։ Նշենք, որ Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացրել է Արդարադատության նախարարությունը: Միջնորդության հիմքը դատավորի հրապարակային խոսքն է, որով նա իր վերաբերմունքն է արտահայտել դատավոր Աննա Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ-ի կայացրած որոշման առնչությամբ: Ըստ արդարադատության նախարարի՝ նա հրապարակայնորեն կասկածի տակ է առել դատավոր Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ դատական ակտը։
10:32 - 28 փետրվարի, 2023
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները
 |news.am|

ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները |news.am|

news.am: Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ փետրվարի 27-ին, բավարարեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը եւ դադարեցրեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով։ Որոշումն ընթերցեց ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը։ Հիշեցնենք, որ Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացրել է Արդարադատության նախարարությունը: Միջնորդության հիմքը դատավորի հրապարակային խոսքն է, որով նա իր վերաբերմունքն է արտահայտել դատավոր Աննա Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ-ի կայացրած որոշման առնչությամբ: Ըստ արդարադատության նախարարի՝ նա հրապարակայնորեն կասկածի տակ է առել դատավոր Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ դատական ակտը։ Նշենք, որ ինքնաբացարկ է հայտնել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը: Նա նիստից առաջ հայտարարել է, որ դեռեւս 2022թվականի դեկտեմբերի 2-ից 4-ն ընկած ժամանակահատվածում Դիլիջանում ԲԴԽ-ի նախաձեռնությամբ կազմակերպված արտագնա աշխատաժողովի ընթացքում առանձնազրույց է ունեցել դատավոր Նախշքարյանի հետ, որի ընթացքում իր կողմից արտահայտած մի շարք տեսակետներ անհնար են դարձնում իր մասնակցությունը այդ կարգապահական վարույթին:  Խորհուրդը որոշել է բավարարել Կարեն Անդրեասյանի միջնորդությունը:
11:53 - 27 փետրվարի, 2023
Մինչդատական վարույթների նկատմամբ վերահսկողություն իրականացնող, այդ թվում՝ կալանավորվման միջնորդություններ քննող 14 դատավորից միայն 2-ը կշարունակի պաշտոնավարել

Մինչդատական վարույթների նկատմամբ վերահսկողություն իրականացնող, այդ թվում՝ կալանավորվման միջնորդություններ քննող 14 դատավորից միայն 2-ը կշարունակի պաշտոնավարել

Բարձրագույն դատական խորհրդի կողմից նախաձեռնված օրենսդրական փոփոխությունների արդյունքում մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողություն իրականացնող (այդ թվում՝ կալանավորման միջնորդություններ քննող) 14 դատավորներ դադարել են պաշտոնավարել: Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից։  Նրանցից  Արմեն Պողոսյանը և Սասուն Մխիթարյանը մասնակցել են հատուկ կարգով և բարդ ընթացակարգերով անցկացվող որակավորման ստուգման գրավոր փուլին և հաղթահարել են այն, եթե նրանց հաջողվի հաղթահարել  նաև բարեվարքության և ԲԴԽ-ում հարցազրույցի փուլերը, ապա կկարողանան վերանշանակվել դատավորի պաշտոնում: Մյուս 12 դատավորներն ընդգրկվել են ռեզերվային ցուցակում և ապագայում հնարավորություն կունենան վերստին նշանակվելու դատավորի պաշտոնում՝ լրացուցիչ վերապատրաստում անցնելուց հետո կամ այլ հավակնորդների հետ հավասար հիմունքներով մասնակցելով հատուկ կարգով որակավորման ստուգմանը: Հավելենք, որ վերը նշված օրենսդրական փոփոխությունները քննարկվել և մշակվել են դեռևս 2022 թվականի դեկտեմբերին՝ Դիլիջանում ԲԴԽ-ի նախաձեռնությամբ կազմակերպված արտագնա աշխատաժողովների ընթացքում՝ ՀՀ-ում գործող ավելի քան 250 դատավորների, օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ:
14:43 - 15 փետրվարի, 2023