Ինֆոքոմ

Չենք կարող բուժվել այն միջավայրում, որը մեզ հիվանդացրել է․ Քոչարյանը՝ իշխանության շուրջ միավորվելու առաջարկի մասին

Չենք կարող բուժվել այն միջավայրում, որը մեզ հիվանդացրել է․ Քոչարյանը՝ իշխանության շուրջ միավորվելու առաջարկի մասին

Ռոբերտ Քչարյանը ներկայացրեց, թե ըստ իրեն՝ ինչ քայլեր պետք է արվի հիմա․ «Կան շատ պարզ քայլեր, որոնք օրհասական վիճակում պետությունները անում են․ Առաջինը դա հանրային կոնսուլիդացիան է․ սա ուղղակի անհրաժեշտ պայման է․ առանց սրա ոչինչ չի ստացվելու․ դա աբստրակտ չի լինում, դա լինում է բարձր նպատակների հասնելու համար։ Հիմա ի՞նչ մտքեր են հնչում․ միավորվենք, որ օգնենք ծանր որոշումներ կայացնելու համար․ գիտե՞ք՝ կոնսուլիդացիան իրականցնում են ժողովրդին հաղթանակի մղելու համար, ոչ թե կապիտուլացիայի համար կոնսուլդիցիայի կարիք չկա, հակառակը՝ կապիտուլացիայի համար պետք է դեկոնսուլիդացիա։ Այս պարզ ճշմարտությունները իրար խառնել․ ուղղակի չեմ հասկանում՝ դա գիտակցաբար է արվում, թե ուղղակի նպատակասլված։ Կապիտուլացիան դեգրադացիա է առաջացնում, նաև անզորության զգացում․ սա է միգուցե պետք այն մարդկանց, որոնք կոչ են անում կոնսիդուլացվել, հանրային կոնսիդուլացիա կապիտուլացիայի համար»։  «Հնչում է նաև թեզ՝ միավորվենք իշխանության շուրջ։ Մոտավորապես ես ասացի նաև՝ ինչու է սա ինձ համար անհասկանալի, բայց փորձեմ պարզաբանել ավելի խորը։ Խնդիրը լուծելու համար առաջին հերթին պետք է ախտորոշես այդ խնդրի պրոբլեմը և չեզոքացնես այն։ Հիմա մեզ ասում են՝ միավորվենք պրոբլեմի շուրջ։ Մեր նպատակն ի՞նչն է՝ փրկել Հայաստա՞նը, թե՞ փրկել Հայաստանի պրոբլեմը։ Եվ սա բացարձակ ճշմարտությունը է ոչ միայն բժշկության մեջ․ կա ուռուցք, հեռացրեք»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, որ ոթե ուզում եք հանրային կոնսոլիդացիա, այն պետք է ունենալ բարձր, դժվար հասանելի, ժողովրդից կամք պահանջող նպատակների համար։ Այս կոնտեքստում, Քոչարյանի խոսքով, իշխանափոխությունը իմպերատիվ պահանջ է։ «Իշխանափոխությունը խորհրդարանական երկրում կարող է լինել ամբողջական, կարող է լինել մասնակի։ Օրինակ՝ եթե խորհրդարանը ընտրում է մեկ այլ վարչապետ, իրականում դա մասնակի իշխանափոխություն է, քանի որ վերահսկիչ փաթեթը մնւմ է այդ քաղաքական թիմի մոտ։ Եվ սա այն հարցն է, որ քննարկվելիք թեմա կարող է լինել քաղաքական դաշտում։ Մի բան ակնհայտ է․ մենք չենք կարող բուժվել այն միջավայրում, որը մեզ հիվանդացրել է, այդ միջավայրը մենք պետք է փոխենք»,- ընդգծեց նա։ Քոչարյանի խոսքով՝ երկրորդը պետք է լրջորեն զբաղվել բանակով։ «Վերջին իրադարձությունների հետ կապված կասեմ հետևյալը․ ինձ համար հասկանալի չէ, այն կորչուստների հարաբերակցցությունը, որը մենք ունեցանք։ Այդպիսի հարաբերակցություն չպետք է ունայինք, եթե զինվորը պաշտպանված լիներ։ Ասում ենք՝ փող ունենք․ ինչու մենք չենք կառուցել այնպիսի բնագիծ, որը լուրջ զսպող հանգամանք կլիներ հակառակորդի համար։ Ինձ համար ավելի քան երկու անգամ, երեք անգամ մեծ կորուստներ ունենալ պաշտպանության մեջ, նշանակում է մեկ բան․ որևէ դաս չենք քաղել 44-օրյա պատերազմից։ Երկու տարի անց ինչու չունենք հարվածային անօդաչու սարքեր․ և մի հավատացեք, որ հնարավոր չէ զենք գնել, մենք զենք գնում էինք և՛ ՌԴ-ից, և՛ Չինաստանից, և՛ Եվրոպայից և այլ տեղերից․ սա խնդիր չի»,- նշեց երկրորդ նախագահը։  Երրորդ քայլը, որը պետք է արվի, ըստ Քոչարյանի՝ անվտանգային ճարտարապետության վերագնահատումն է։ «Պետք է սթափ գնահատենք՝ ինչ գործոնները կամ ինչ պետույթունները կարող են ազդել Ադրբեջանի և Թուրքիայի վրա։ Եվ պետք է գնահատենք, որ այդ ազդեցության լծակները ՌԴ-ի կողմից և ՀԱՊԿ-ի կողմից շեշտակի նվազել են։ Ակնհայտ է, որ ՌԴ-ն անում է ամեն հնարավորը և անելու է ամեն հնարավորը, որ բախում չլինի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև, բայց դրանք լինելու են քաղաքական, դիվանագիտական քայլեր։ Այսօր ՌԴ-ն ունի դաշնակցային հարաբերություններ նաև Ադրբեջանի հետ և մտածել, որ ՌԴ-ն կարող է ռազմական գործողություններ սկսել Ադրբեջանի դեմ, ուղղակի անհեթեթություն է։ Այդ տեսանկյունից բավականին լավ միջավայր է ստեղծվել հակառուսական տրամադրությունները զարգացնելու համար Հայաստանում»,- նշեց Քոչարյանը։  Ռոբերտ Քոչարյանը հարց հնչեցրեց, թե բացի Հայաստանից էլ որ երկրի համար է կարևոր Սյունիքը։ Քոչարյանի խոսքով՝ Իրանի համար է կարևոր Սյունիքը։ Նրա կարծքով՝ երկու տարվա մեջ պետք է առնվազն երկու զորավարժություն իրականացնեինք Իրանի հետ հենց Սյունիքում, պայմանագրային բազա պետք է լիներ Իրանի հետ, և այդ ամենը զսպող հանգամանք կլիներ Ադրբեջանի համար։ Քոչարյանը նշեց, որ  նման կարգի խոսակցություն Իրանի հետ եղել է 2021թվականի մայիս ամսին, սակայն հայկական կողմը սառեցրել է, առաջարկն էլ, ինչպես Քոչարյանը նշեց, մերը չի եղել։  «Ես կարծում եմ՝ մենք պետք է վճռական քայլերի գնանք՝ գիտակցելով, որ այո, գուցե պետք է համոզել ՌԴ-ին, խոսքը չի գնում ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, դա կլիներ ևս մեկ հիմարություն․ ՀԱՊԿ-ի շրջանակներում կան պայմանագրեր, որոնք շատ կարևոր են զենք-զինամթերք գնելու համար։ Ուղղակի համալրել նոր կոմպոնենտներով անվտանգային համակարգը․ ես համոզված եմ, որ դա հնարավոր է բացատրել դա ՌԴ-ին, միգուցե նաև եռակողմի մի նոր ֆորմատ ձևավորել, քանի որ շահերը համընկնում է, և ՌԴ-ն ջերմացնում է հարաբերությունները Իրանի հետ; Համոզված եմ, որ հնարավոր է պայմանավորվել, բացատրել նաև ԱՄՆ-ի հետ, դուր կգա՞ նրանց, առաջարկու՞մ են այլընտրանք, թե՞ ոչ»,- ասաց Քոչարյանը։ 
12:11 - 28 սեպտեմբերի, 2022
Ապագա բանակցային գործընթացը լինելու է Բաքու-Ստեփանակերտ ու, ինչ-որ չափով, Մոսկվա․ Ռոբերտ Քոչարյան

Ապագա բանակցային գործընթացը լինելու է Բաքու-Ստեփանակերտ ու, ինչ-որ չափով, Մոսկվա․ Ռոբերտ Քոչարյան

Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ Արցախի թեման բացակայում է բանակցային գործընթացներից։ «Խոսքը գնում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մասին։ Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Ղարաբաղի շուրջ էր, ես լավ չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է այս հարաբերությունները կարգավորել առանց որոշակիության  ու միասնական պատկերացման Ղարաբաղի, Ղարաբաղի խնդրի հետ կապված»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Քոչարյանը՝ հավելելով, որ իր կարծիքով Ղարաբաղի հարցում կա համաձայնություն լռությամբ կամ ոչ լռության։ Նրա խոսքով՝ այն հանգամանքը, որ Արցախի Հանրապետություն, ինքնորոշում, սուվերենություն ուղղակի ՀՀ պաշտոնյաների բառապաշարից իսպառ կորել են, վկայակոչում է այն մասին, որ մենք այստեղ ունենք լրջագույն պրոբլեմ։ Քոչարյանը նշեց, որ ապագա բանակցային գործընթացը լինելու է Բաքու-Ստեփանակերտ ու, ինչ-որ չափով, Մոսկվա։ «Տպավորությունն այնպիսին է նաև, որ Ղարաբաղի իշխանությունը ինչ-որ տեղ հարմարվել է այս վիճակի հետ, իհարկե իրենց հայտարարություններում խոսում են ինքնորոշման, սուվերենության, հանրապետության մասին, բայց այլ խոսակցություններում թեման մի քիչ ուրիշ է․ ինքնաարդարացման ճանապարհը հետևյալն է՝ հիմա ինչ անենք, Հայաստանը ձեռքերը լվացել է, մի ելք պիտի գտնենք, ժողովրդին այստեղ պահելու համար, և դա հնարավոր չէ անել առանց Ադրբեջանի հետ համագործակցության»,- ասաց նա՝ նշելով, որ վերջերս Ղարաբաղի իշխանությունը դա անում է ջանասիրությամբ։ Քոչարյանի խոսքով՝ կախվածությունը Բաքվից բավականին մեծացել է։ Նա անդրադարձավ նրան նաև, որ ճանապարհը փոխելուց հետո ենթակառուցվածքները չեն տեղափոխվել՝ ընդգծելով․ «Այնպիսի մի կախվածություն է սա ստեղծում, որ Ադրբեջանը երբ ցանկանա, կարող է անելանելի վիճակ ստեղծել ղարաբաղցիների համար,ու Ղարաբաղի իշխանության համար սա լինելու է ևս մի բացատրություն, թե ինչու է պետք համագործակցել Ադրբեջանի հետ»,- նշեց նա։ Նա նշեց, որ ամենից մեծ վտանգն այն է, որ սկսվի Արցախի պետական ինստիտուտներին ապամոնտաժում․ «Ես կարծում եմ՝ փորձելու են գնալ նաև դրան»։
11:51 - 28 սեպտեմբերի, 2022
Լուգանսկի, Դոնեցկի, Խերսոնի և Զապորոժիեի բնակիչների մեծամասնությունը կողմ է քվեարկել ՌԴ կազմի մեջ մտնելուն

Լուգանսկի, Դոնեցկի, Խերսոնի և Զապորոժիեի բնակիչների մեծամասնությունը կողմ է քվեարկել ՌԴ կազմի մեջ մտնելուն

Քվեաթերթիկների ամբողջական հաշվարկից հետո Զապորոժիեի շրջանի բնակիչների 93,11%-ը, Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության 98,42%%-ը, Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության 99,23%ը ու Խերսոնի մարզի 87,05%-ը կողմ է քվեարկել ՌԴ կազմ մտնելուն։ Այս մասին գրում է ТАСС-ը։ Ընտրատեղամասերի փակվելուց հետո Ինքնահռչակ ԼԺՀ-ի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ հանրաքվեին մասնակցությունը, հաշվի առնելով ՌԴ ընտրատեղամասերը, կազմել է 94,15%, ընդհանուր առմամբ, քվեարկությանը մասնակցել է 1 662 607 ընտրող։ Զապորոժիեի շրջանում մասնակցությունը կազմել է 85%, քվեարկությանը մասնակցել է 541 093 մարդ։ Ինքնահռչակ ԴԺՀ-ում հանրաքվեին մասնակցությունը կազմել է 97,51% կամ 2,131,207 մարդ, Խերսոնի շրջանում՝ 78,86%, քվեարկել է 571,001 մարդ։
10:59 - 28 սեպտեմբերի, 2022
Դատախազությունն ու ՔԿ-ն հրապարակում են տվյալներ, որոնց վերաբերյալ «վիճակագրություն չի վարվում»

Դատախազությունն ու ՔԿ-ն հրապարակում են տվյալներ, որոնց վերաբերյալ «վիճակագրություն չի վարվում»

ՀՀ գլխավոր դատախազությունը եւ ՀՀ քննչական կոմիտեն, խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջները,  մեկ ամսից ավելի է՝ չեն պատասխանում Infocom-ի գրավոր հարցմանը՝ այնպիսի հարցերի վերաբերյալ, որոնց շուրջ իրենք նախկինում բազմիցս խոսել են։ Այսպես․ հուլիսի 22-ին մենք գրավոր հարցմամբ դիմել էինք Գլխավոր դատախազությանը՝ խնդրելով տրամադրել ամփոփ տեղեկություններ 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերի եւ դրանց ընթացքի վերաբերյալ։ Մասնավորապես, հետաքրքրվել էինք, թե 2020 թ. սեպտեմբերի 27-ից մինչ այդ օրը 44-օրյա պատերազմի առթիվ, դրա ընթացքում եւ դրա որեւէ դրվագին այս կամ այն կերպ առնչվող քանի քրեական գործ է հարուցվել, յուրաքանչյուրը՝ Քրեական օրենսգրքի որ հոդվածի հատկանիշներով, դրանցով ընդհանուր առմամբ քանի անձ է ճանաչվել տուժող եւ տուժողի իրավահաջորդ, քանի անձի նկատմամբ է իրականացվել եւ իրականացվում քրեական հետապնդում, եւ ինչ խափանման միջոցներ են ընտրված նրանց նկատմամբ։ Խնդրել էինք մանրամասնել նախաքննության փուլում գտնվող, կասեցված, կարճված, դատական քննության փուլում գտնվող եւ դատական քննությունն ավարտված գործերից յուրաքանչյուրի քանակը, կայացված դատավճիռների բնույթը, իսկ կասեցված կամ կարճված գործերի առկայության դեպքում՝ այդ որոշումների հիմքը։ Հարցեր էինք հղել նաեւ քրեական հետապնդման ենթարկվող անձանց ազգության, զբաղեցրած պաշտոնների, հետախուզման մեջ լինել-չլինելու, նշանակված փորձաքննությունների եւ այլնի մասին։ Հուլիսի 29-ին ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանի կողմից հարցումը վերահասցեագրվել էր ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանին` հայցվող տեղեկությունը ՀՀ օրենսդրությամբ նախատեսված թույլատրելիության սահմաններում տրամադրելու համար։ Մինչդեռ ՔԿ հիշյալ վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը պատասխան նամակով տեղեկացրել էր, թե ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում հարցմամբ հայցվող տեղեկությունների վերաբերյալ վիճակագրություն չի վարվում։ Օգոստոսի 15-ին եւ 17-ին մենք լրացուցիչ հարցմամբ դիմել էինք համապատասխանաբար Քննչական կոմիտեին եւ  Գլխավոր դատախազությանը։ Մասնավորապես, ՔԿ-ից խնդրել էինք հայտնել՝ եթե հիշյալ վարչությունում հարցմամբ հայցվող վիճակագրություն չի վարվում, ապա ինչի հիման վրա է ՔԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը 2020 թ. դեկտեմբեր ամսին հրապարակել 44-օրյա պատերազմի ընթացքում ՀՀ ՊՆ եւ ԱՀ ՊԲ զինծառայողների, քաղաքացիների կողմից կատարված առերեւույթ հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի եւ մեղադրյալների վերաբերյալ ամփոփ տվյալներ։ Դրանից բացի, եթե հիշյալ  վարչությունում հարցմամբ հայցվող վիճակագրություն չի վարվում, ապա ինչի՞ հիման վրա է նույն վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը 2021 թ. մարտ, այնուհետեւ սեպտեմբեր ամիսներին, Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում խոսել նույնաբովանդակ հարցերի վերաբերյալ՝ հրապարակելով, օրինակ, պատերազմին առնչվող հանցագործությունների առթիվ հարուցված քրեական գործերի, որպես մեղադրյալ ներգրավված անձանց, այդ թվում՝ զինծառայողների եւ ահաբեկիչների մասին, հետախուզման մեջ գտնվող ահաբեկիչների թվաքանակը, նրանց ազգությունը, նրանց առաջադրված մեղադրանքները, տվյալ պահի դրությամբ կրած գույքային վնասի չափը եւ մի շարք այլ տեղեկություններ։ Ահաբեկիչների թեմային Վարդանյանն առանձին հարցազրույցով անդրադարձել է նաեւ «Կենտրոն» ՀԸ «Հանցանքի հետքերով» հաղորդաշարում։ Միեւնույն ժամանակ տեղեկացրել էինք, որ սույն թվականի հունիս ամսին էլ Զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի՝ այդ ժամանակ ավագ դատախազ Արշակ Մարտիրոսյանն է Հ1-ի եթերում խոսել նույնաբովանդակ թեմաներից՝ հրապարակելով հարուցված քրեական գործերի եւ մեղադրյալների առավել թարմ տվյալները, նրանց պաշտոնները, կոչումները եւ մի շարք այլ տեղեկություններ։ Հաշվի առնելով Քրեական դատավարության նախկին օրենսգրքի (1998 թ.) 201-րդ հոդվածի պահանջը՝ խնդրել էինք հայտնել՝ արդյո՞ք դատախազի կողմից նախնական քննության տվյալների հրապարակումը այդ ժամանակ եղել է վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ։ Իսկ այն դեպքում, եթե վիճակագրությունը նախկինում վարել, ապա դադարեցրել են, խնդրել էինք հայտնել նախկինում հավաքված վիճակագրության մեջ առկա՝ հարցմամբ հայցվող տեղեկությունները, ինչպես նաեւ պարզաբանել վիճակագրության վարումը դադարեցնելու պատճառները։ Նույնաբովանդակ հարցում ուղարկել էինք նաեւ Գլխավոր դատախազությանը՝ հայտնելով ՔԿ-ից ստացված այն պատասխանը, թե իրենք նման վիճակագրություն չեն վարում, եւ խնդրելով պարզաբանել, թե այդ պարագայում ինչի հիման վրա է Արշակ Մարտիրոսյանը խոսել նույնաբովանդակ թեմաներից, արդյոք դա եղել է վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ, եւ արդյոք վիճակագրությունը նախկինում վարվել, ապա դադարեցվել է։ Միաժամանակ խնդրել էինք պարզաբանել, թե ինչ պատճառաբանությամբ է տվյալ դեպքում որոշվել հարցումը վերահասցեագրել, այլ ոչ թե տրամադրել Դատախազության՝ որպես հսկողություն իրականացնող մարմնի պաշտոնական պատասխանը։ Օրենքով սահմանված հնգօրյա ժամկետը լրանալուց հետո ո՛չ ՔԿ-ից, ո՛չ Դատախազությունից պատասխան չէինք ստացել։ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանը մեզ հետ հեռախոսազրույցում տեղեկացրել էր, որ Ռաֆայել Վարդանյանը մինչ սեպտեմբերի 1-ը գտնվելու է արձակուրդում, որից հետո՝ մեկամսյա ժամկետի ավարտից շուտ, պատասխանը կուղարկվի։ Այսօր արդեն սեպտեմբերի 27-ն է, սակայն ՔԿ-ից որեւէ պաշտոնական պատասխան չենք ստացել։ Պատասխանի բացակայությունը փորձել ենք ճշտել նաեւ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանից, սակայն Դատախազությունից եւս մինչ օրս պատասխան չկա։ Անհասկանալի եւ դատապարտելի է պետական կառույցների անպատասխանատու եւ տարբերակված այս մոտեցումը՝ լրատվամիջոցի տեղեկություն ստանալու հարցմանը, հատկապես՝ պատերազմին առնչվող, հանրային բարձր հնչեղություն ունեցող նման գործերով եւ հատկապես հաշվի առնելով, որ դրանց մասին նույն այդ կառույցները կա՛մ պարբերաբար տրամադրում են պաշտոնական հաղորդագրություններ, կա՛մ իրավասու պաշտոնատար անձինք հարցազրույցներում են խոսում այդ մասին։   Միլենա Խաչիկյան
21:52 - 27 սեպտեմբերի, 2022
Հայաստանը չի մասնակցի Ղազախստանում ՀԱՊԿ շրջանակներում անցկացվելիք զորավարժություններին՝ պայմանավորված սահմանին ստեղծված իրավիճակով

Հայաստանը չի մասնակցի Ղազախստանում ՀԱՊԿ շրջանակներում անցկացվելիք զորավարժություններին՝ պայմանավորված սահմանին ստեղծված իրավիճակով

Հայաստանն այս տարի չի մասնակցի Ղազախստանում ՀԱՊԿ շրջանակներում անցկացվելիք զորավարժություններին՝ պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակով։ Այս մասին, Infocom-ի հարցմանն ի պատասխան, հայտնել են Պաշտպանության նախարարությունից։ Սեպտեմբերի 22-ին Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը Ժամբիլի և Ալմաթիի մարզերում ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հետ կանցկացվեն «Փոխգործակցություն 2022», «Որոնում 2022» և «Էշելոն 20222» զորավարժությունները։ Համացանցում տեղեկություններ էին շրջանառվում, որ այս տարի Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ զորավարժություններին։ Infocom-ը հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պարզելու՝ արդյո՞ք Հայաստանը մասնակցելու է այդ զորավարժություններին, և Հայաստանից զորակազմ մեկնելո՞ւ է։ Ի պատասխան մեր հարցման՝ ՊՆ-ից հայտնել են․ «Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի արդյունքում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ զինված ուժերի առջև դրված խնդիրներից ելնելով, որոշում է կայացրել ձեռնպահ մնալ Ղազախստանի Հանրապետությունում ՀԱՊԿ շրջանակներում անցկացվելիք զորավարժություններին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցությունից»: Հիշեցնենք, որ սեպտեմբերի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակվել է ՀՀ ինքնիշխան տարածքի վրա՝ օկուպացնելով հայկական տարածքներ, թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Հայաստանն ունի զոհեր, այդ թվում՝ քաղաքացիական անձանց շրջանում։ Այս պահին հրադադար է, սակայն ՀՀ պաշտոնյաները խոսում են Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի հնարավորության մասին։   Գլխավոր լուսանկարը՝ ՀԱՊԿ 2021 թ․ զորավարժություններից Աննա Սահակյան
17:49 - 26 սեպտեմբերի, 2022
ՌԴ պետդումայի նախագահը Բաքվում հանդիպում է ունեցել Ալիևի հետ

ՌԴ պետդումայի նախագահը Բաքվում հանդիպում է ունեցել Ալիևի հետ

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը պաշտոնական այցով Ադրբեջանում է։ Ինչպես հայտնում են Դումայի պաշտոնական կայքից, նա հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ «Վոլոդինն ընդգծել է, որ Պետդուման և Միլլի Մեջլիսը (Ադրբեջանի խորհրդարանը- խմբ․) պետք է աշխատեն մեր երկրների միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի իրականացման համար օրենսդրական աջակցության ուղղությամբ։ Հանդիպմանը Պետդումայի նախագահը նաև ուշադրություն է հրավիրել միջխորհրդարանական երկխոսության ակտիվացման կարևորության վրա. «Մենք կփնտրենք նոր ձևաչափեր երկու երկրների համար ռազմավարական հարցերի լուծումներ առաջարկելու համար»։ Ադրբեջանի նախագահը հույս է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնության հետ միջխորհրդարանական շփումները կշարունակվեն, այդ թվում՝ միջազգային հարթակներում։  
12:37 - 26 սեպտեմբերի, 2022
Ի՞նչ էր անցած տարի Նիկոլ Փաշինյանը հայտարարում ՄԱԿ-ում և ի՞նչ ասաց այս տարի

Ի՞նչ էր անցած տարի Նիկոլ Փաշինյանը հայտարարում ՄԱԿ-ում և ի՞նչ ասաց այս տարի

Սեպտեմբերի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում։ Ելույթի կետերից շատերին Փաշինյանն անդրադարձել էր նաև անցած տարի, երբ ելույթ էր ունենում Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում։ Համեմատել ենք վարչապետի երկու տարիների ելույթները՝ հասկանալու համար, թե ինչ է փոխվել նրա արտահայտած դիրքորոշումներում՝ միևնույն հարցերի շուրջ։ Նախ հասկանանք, թե ինչպիսին էր իրավիճակը Հայաստանում 2021-ի սեպտեմբերի դրությամբ, և ինչպես են զարգացել իրադարձությունները դրանից հետո, որպեսզի ավելի հասկանալի լինի Նիկոլ Փաշինյանի երկու ելույթների համատեքստը։   Մինչև 2021-ի սեպտեմբեր 2020-ի նոյեմբերին ավարտվել էր 44-օրյա պատերազմը։ 2021-ի հունվարի 11-ին Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները եռակողմ հանդիպում ունեցան։ Հանդիպումից հետո հայտարարվեց՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կստեղծվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի տարածաշրջանում փակ սահմանների բացման և տնտեսական, առևտրային ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքներով: Խումբն առաջին հանդիպումն անցկացրեց հունվարի վերջին։ Մայիսին Ադրբեջանը սադրանք իրականացրեց հայ-ադրբեջանական սահմանին․  ադբեջանական զորքերը Սյունիքում ու Գեղարքունիքում հատեցին ՀՀ ինքնիշխան տարածքն ու մինչև օրս շարունակում են մնալ այնտեղ։ Հայաստանը հայտարարեց Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածով ՀԱՊԿ-ին դիմելու մասին։ Մայիսի 27-ին էլ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր հայտնի առաջարկը՝ զորքերը հայելային հետ քաշելու մասին։ Հուլիսի 3-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարեց․ «Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն [անդամ երկրներից մեկին ուղղված] ագրեսիայի, հարձակման դեպքում: Այստեղ գործ ունենք, ըստ էության, սահմանային միջադեպի հետ: Փա՛ռք Աստծո, զոհեր չկան, կրակոցներ չկան: Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծվի, և մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն»։ Այս ընթացքում սահմանին ևս մի միջադեպ գրանցվեց։ Հուլիսին Ադրբեջանի սադրանքի հետևանքով տեղային մարտեր ընթացան սահմանին, հայկական կողմից եղան զոհեր ու վիրավորներ։ Օգոստոսի 16-ին էլ պարզ դարձավ, որ Ադրբեջանը փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել Սև լճի հատվածում, սակայն ետ է շպրտվել ելման դիրքեր։ Նույն օրը  Երասխի հատվածում Արդբեջանի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացավ ՀՀ զինծառայող։ Մինչև սեպտեմբեր Ադրբեջանն արդեն հասցրել էր մի քանի հայտարարություն անել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին (օրինակ՝ 1, 2, 3), Հայաստանում էլ միջանցքի մասին հայտարարություններին արձագանք էր եղել վարչապետի և ԱԳՆ մակարդակով: Արցախի հարցի շուրջ հայտարարությունները մինչև 2021-ի սեպտեմբեր միանշանակ չէին։ Եթե պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր «անջատում հանուն փրկության» գաղափարի մասին, վարչապետի ու ԱԳՆ մակարդակով խոսվում էր Արցախի տարածքների դեօկուպացիայի մասին, ՔՊ նախընտրական ծրագրում էլ նշվում էր, որ բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու տարածքների դեօկուպացիան, ապա արդեն կառավարության ծրագրում այս կետերը տեղ չգտան։  Քանի դեռ չէր սկսվել ռուս-ուկրաինական պատերազմը, ակտիվ էր նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Ադրբեջանն, իհարկե, մեղադրանքներ էր հնչեցնում ՄԽ հասցեին, իսկ ՄԽ համանախագահներն անհրաժեշտ էին համարում առանց նախապայմանների բանակցությունները և ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորումը։ Հենց այպիսին էր իրավիճակը, երբ Նիկոլ Փաշինյանը 2021-ի սեպտեմբերին ելույթ ունեցավ ՄԱԿ-ում։   2021-ի սեպտեմբերից հետո Դրանից հետո սահմանին տեղի ունեցավ ևս մի էսկալացիա։ Նոյեմբերի 16-ին իրավիճակը հայ-ադբեջանական սահմանին սրվեց, ՀՀ ՊՆ-ն նաև հաղորդեց տեղային մարտերի մասին։ Հայաստանը հայտարարեց ՌԴ-ին դիմելու մասին, սակայն այդպես էլ պարզ չդարձավ՝ Հայաստանն ի վերջո ՌԴ-ին գրավոր դիմե՞լ է, թե՞ ոչ։  Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից դատելով՝ այն ժամանակ ՀԱՊԿ մեխանիզմներն այդպես էլ գործի չդրվեցին, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած արդբեջանցիները շարունակում էին մնալ այնտեղ։ Փաշինյանը 2022-ի ապրիլին նույնիսկ հայտարարեց, որ այն, թե ինչպես ՀՀ սահմանին տեղի ունեցածին արձագանքեց ՀԱՊԿ-ը, «ձախողում էր կազմակերպության համար»։ Այս տարվա ապրիլի 7-ին Բրյուսելում  Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ալիևի եռակողմ հանդիպումից հետո պարզ դարձավ, որ ձեռք է բերվել համաձայնություն ստեղծելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, Փաշինյանն էլ հայտարարեց, որ հրաժարվել է զորքերի հայելային հետքաշման առաջարկից։ Այս հանդիպումից հետո, ի դեպ, Փաշինյանն արդեն խոսում էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքների ու նրանց իրավունքների, ազատությունների պաշտպանության մասին։ Փաշինյանի ու թիմակիցների խուսույթից դեռ այս հանդիպումից առաջ էր սկսել կամաց-կամաց դուրս մղվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Ադրբեջանը սեպտեմբերի լույս 13-ի գիշերը հարձակվեց ՀՀ ինքիշխան տարածքի վրա՝ օկուպացնելով հայկական տարածքներ, թիրախավորելով խաղաղ բնակավայրեր։ Հայկական կողմն ունի զոհեր նաև խաղաղ բնակիչների շրջանում։ Այս պահին հրադադար է, սակայն մեր պաշտոնյաները հայտարարություններ են անում Արդբեջանի կողմից նոր ագրեսիայի վտանգի մասին։ Վերջին օրերին Ադրբեջանը խախտել է հրադադարը։ Սեպտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ իր վրա վերցրել է պատասխանատվություն գնալ ծանր որոշումների հանուն խաղաղության․ «Բայց ծանր որոշումներ չի նշանակում ՀՀ պետական շահերին հակասող որոշումներ։ Մենք էդ որոշումներին պիտի գնանք՝ երաշխավորելու համար ՀՀ անվտանգությունը, տևական կայունությունը, խաղաղությունը։ Մենք չենք կարող էսօր վերնագրի ներքո գրել խաղաղության պայմանագիր, տակը ստորագրենք, որի արդյունքում 6 ամիս հետո նոր պատերազմ սկսվի։ Մենք ուզում ենք, որ ստորագրենք մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում ՀՀ-ն 29 800 կմ քառակուսի տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Որոշումը, որը սա ապահովելու է, ես շատ այդ որոշումը ստորագրելու եմ։ Ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի Հայաստանի Հանրապետության հետ»։  Ավելի ուշ նա պարզաբանեց, որ որևէ փաստաթուղթ չի ստորագրել, և «առաջիկա օրերի համար էլ այդպիսի բան նախատեսված չէ»։ Ինչ վերաբերում է Մինսկի խմբին, ապա ռուս-ուկրաինական պատերազմից հետո ՌԴ-ը հայտարարում է, որ ՄԽ-ը դադարեցրել է իր գործունեությունը՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ։ Իսկ ըստ ամերիկյան կողմի՝ Մինսկի խմբի ռուս համանախագահը չի ընդունել գործընկերների հրավերը՝ քննարկելու ԼՂ ապագան։ Չնայած այս ամենին՝ օգոստոսին ԱՄՆ-ը նոր համանախագահ է նշանակել։   ՀՀ տարածքների օկուպացիա Այպիսով, եթե անցած տարի ՄԱԿ-ում Փաշինյանը իր ելույթում նախ անդրադարձավ Արցախի հարցին, հետո՝ ՀՀ սահմաններին տիրող իրավիճակին, ապա այս տարի սկսեց հենց Հայաստանի սահմաններից։ Այս տարի նա ներկայացրեց Ադրբեջանի՝ ՀՀ սուվերեն տարածքի վրա հարձակվելու հետևանքով ստեղծված իրավիճակը՝ նշելով․ «Ադրբեջանը մտադիր է օկուպացնել Հայաստանի այլ տարածքներ, ինչը պետք է կանխել: Ուզում եմ շեշտել, որ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր՝ հատկապես հաշվի առնելով, որ Ադրբեջանն ամեն օր խախտում է հրադադարը, և զոհերի ու վիրավորների թիվը կարող է փոփոխվել ցանկացած պահի։ Հետագա էսկալացիայի մեկ այլ պատճառ կարող է հանդիսանալ այս իրավիճակին տարածաշրջանային անվտանգային կազմակերպությունների ոչ պատշաճ արձագանքը, ինչը լրջագույն հարցեր առաջացրեց հայ հասարակության շրջանում»։ Նա նաև նշեց, որ ադրբեջանական զինուժը պետք է դուրս բերվի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից։ Իսկ անցած տարի, երբ Ադրբեջանը Սոթք-Խոզնավար հատվածում ներխուժել էր ՀՀ սուվերեն տարածք, Փաշինյանն իր ելույթում ասել էր․ «Նշված հատվածում թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի զինված ուժերը հայելային ետ են քաշվում Խորհրդային ժամանակներից ժառանգված սահմանագծից, այդ սահմանագծի երկայնքով տեղակայվում են միջազգային դիտորդներ, և միջազգային հովանու ներքո մեկնարկում ենք սահմանագծման և սահմանազատման աշխատանքները: Մենք այս առաջարկը պատրաստ ենք կյանքի կոչել ցանկացած պահի»: Փաշինյանի հայտնի հայելային հետքաշման առաջարկը, փաստորեն, արդեն բացակայում է։ Իսկ անցած տարվա ելույթում Փաշինյանը ՀՀ սուվերեն տարածք ներխուժելու համատեքստում չէր խոսել «տարածաշրջանային անվտանգային կազմակերպությունների» ոչ պատշաճ արձագանքի մասին։   Արցախի հարց Արցախի հարցին անդրադառնալիս անցած տարի Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ անհրաժեշտ է վերսկսել ԼՂ  հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։ «Աներկբա է, որ ուժի կիրառման միջոցով ստեղծված իրավիճակը միջազգային իրավունքի տեսանկյունից չի կարող լեգիտիմություն ստանալ։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով, և հակամարտությունը չի կարող լուծված համարվել ուժի կիրառման արդյունքում։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սպասում է իր արդարացի կարգավորմանը: Դա են փաստում նաև համանախագահող պետությունների հայտարարությունները, որոնք ընդգծում են հայտնի սկզբունքների հիման վրա բանակցային գործընթացը վերսկսելու անհրաժեշտությունը»,- հավելել էր նա։ Այս տարի Փաշինյանը նշել է հետևյալը․ «Տարածաշրջանային կայունության վճռորոշ գործոններից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումն է, որտեղ հասցեագրվելու և երաշխավորվելու են ԼՂ-ում բնակվող հայերի իրավունքները և անվտանգությունը»։ Այս տարի վարչապետի խոսքում չի հիշատակվում Մինսկի խումբը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն էլ դարձել է «ԼՂ-ում բնակվող հայերի իրավունքներ և անվտանգություն»։   Տարածքաշրջանային կոմունիկացիաների բացում Անցած տարի Նիկոլ Փաշինյանը կարևորել էր տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը․ «Այս կարևորագույն խնդրի լուծման արդյունքում տարածաշրջանի երկրները փոխկապակցված կլինեն տրանսպորտային զարկերակներով: Հնարավորություն կստեղծվի տնտեսական կապերի ձևավորման համար, ինչը խաղաղ զարգացման կարևոր նախապայմաններից է: Ճանապարհների վերաբացման թեման ուսումնասիրելիս մենք պարզեցինք, որ տարբերակներ կան, որոնք տարածաշրջանային մեկուսացման և թշնամության մթնոլորտի արձանագրման նպատակ ունեն, բայց կան նաև այնպիսի տարբերակներ, որոնք ընդգծում են տարածաշրջանային փոխկապակցվածությունը և թշնամության մթնոլորտի քայլ առ քայլ հաղթահարման միջոց կարող են դառնալ: Մենք հենց այս վերջին տարբերակի կողմնակից ենք»։ Նա նաև նշել էր, որ եթե բացվի Թուրքիան Հայաստանին կապող երկաթուղին, «տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման շատ ավելի մեծ մասշտաբներ կունենա»: Այս տարի Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը պատրաստ է մեր ազգային օրենսդրության շրջանակներում իր ճանապարհները բացել Ադրբեջանի համար։  «Օրերս հրապարակվեց կառավարության որոշման նախագիծը, որը ենթադրում է երեք անցակետ բացել Ադրբեջանի հետ սահմանին 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածի իրականացման համար։ Ըստ այդ նախագծի՝ Ադրբեջանի քաղաքացիները և բեռնափոխադրողներն իրավունք կունենան օգտվելու Հայաստանի գործող ճանապարհներից՝ Ադրբեջանից Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն երթևեկելու համար։ Հայաստանի իշխանությունն ուներ քաղաքական կամք՝ միակողմանի ընդունելու այդ որոշումը։ Բայց ադրբեջանցի պաշտոնյաները մեզ ասում են, որ իրենք այդ երթուղիների կարիքը չունեն։ Ի՞նչ են նրանք ուզում։ Նրանք ցանկանում են, որպեսզի նոր երթուղի կառուցվի։ Դա նույնպես ընդունելի է Հայաստանի համար, սակայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածի համաձայն՝ նոր երթուղի կարող է կառուցվել կողմերի համաձայնությամբ։ Հայաստանը պատրաստ է կառուցել այնպիսի երթուղի, որը կգործի ՀՀ օրենսդրության համաձայն և ինքնիշխան վերահսկողության ներքո»։ Վարչապետը նշեց՝ Ադրբեջանն ակնարկում է, որ Հայաստանը պետք է արտատարածքային միջանցք տրամադրի՝ պնդելով, որ դա բխում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածից․ «Եռակողմ հայտարարությունը հրապարակային փաստաթուղթ է, և 9-րդ հոդվածում ոչինչ չկա միջանցքի, արտատարածքայնության և այլնի մասին։ Ուրեմն ո՞րն է Ադրբեջանի նպատակը։ Ստեղծել նոր ճգնաժամ՝ որպես Հայաստանի դեմ նոր ագրեսիայի և նոր տարածքային պահանջի պատրվակ։ Մենք Ադրբեջանի հետ փոխանակվել ենք կոմունիկացիաների բացման թեմայով առաջարկների փաթեթներով, և եթե Ադրբեջանը ընդունի, որ այդ երթուղիները պետք է գործեն՝ ազգային օրենսդրության համաձայն, մենք կարող ենք այս հարցով շատ արագ որոշման հանգել»։ Վարչապետը նաև հայտնեց՝ 2020 թ․ նոյեմբերի 9-ի և 2021 թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները ենթադրում են, որ ոչ միայն Հայաստանը պետք է ճանապարհներ տրամադրի Ադրբեջանին, այլև Ադրբեջանը պետք է ճանապարհներ տրամադրի Հայաստանին․ «Մենք դեռ ոչինչ չենք ստացել։ Ինչ վերաբերում է միջանցքային ձևակերպմանը, ապա շատ կարևոր է նշել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում է միայն մեկ միջանցքի մասին, և դա Լաչինի միջանցքն է Լեռնային Ղարաբաղի համար»։   Սահմանազատում և սահմանագծում Անցած տարի Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման ու սահմանազատման հարցին, նշել էր․ «Ցավով պետք է արձանագրեմ, որ դժվար է պատկերացնել սահմանագծման գործընթացը այն պայմաններում, երբ գրեթե ամենօրյա պարբերականությամբ հայ-ադրբեջանական սահմանին հնչում են կրակոցներ և տեղի են ունենում տարաբնույթ սադրանքներ այն պայմաններում, երբ Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները ս․ թ․ մայիսի 12-ին Սոթք-Խոզնավար հատվածում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք»:  Այս տարի Փաշինյանը նշեց, որ այս ուղղություններով շոշափելի առաջընթաց չկա, քանի որ Ադրբեջանն այդ թեմաներն օգտագործում է Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների համար․ «Ես պաշտոնական և հրապարակային հարց եմ ուղղում Ադրբեջանի նախագահին. կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի քարտեզը, որը ճանաչում եք կամ պատրաստ եք ճանաչել որպես Հայաստանի Հանրապետություն։ Ինչո՞ւ եմ սա հարցնում: Որովհետև կարող է պարզվել, որ պաշտոնական Ադրբեջանի տեսակետով Հայաստանի տարածքի միայն կեսը կամ ավելի քիչն է Հայաստանի Հանրապետությունը։ Եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը ոչ թե տեսականորեն, այլ կոնկրետ, ես նկատի ունեմ մեր միջազգայնորեն ճանաչված 29800 քառակուսի կիլոմետր տարածքի ամբողջականությունը, կնշանակի, որ մենք կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել՝ փոխադարձաբար ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը։ Հակառակ դեպքում մենք կունենանք ֆիկտիվ խաղաղության պայմանագիր, և դրանից հետո Ադրբեջանը կօգտագործի սահմանների սահմանազատման գործընթացը նոր տարածքային պահանջների և օկուպացիայի համար»։ Այպիսով, Փաշինյանի երկու ելույթներում նկատվում են մի քանի տարբերություններ․ Անցած տարի նա առաջարկում էր զորքերը հայելային հետ քաշել հայ-ադրբեջանական սահմանից, այս տարի ասում է, որ Ադրբեջանը պետք է դուրս գա ՀՀ սուվերեն տարածքից։ Անցած տարի Փաշինյանը խոսում էր ԼՂ հակամարտության՝ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո կարգավորման մասին, այս տարի նա ՄԽ-ը չհիշատակեց իր ելույթում։ Անցած տարի  Փաշինյանը հայտարարում էր, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով, այս տարի նա խոսեց ԼՂ-ում բնակվող հայերի իրավունքների և անվտանգության մասին։ Անցած տարի Փաշինյանը խոսում էր Թուրքիան Հայաստանին կապող երկաթուղու մասին, այս տարի նա այդ մասին ոչինչ չնշեց։ Այս տարվա ելույթում էլ նա խոսեց տարածաշրջանային անվտանգային կազմակերպությունների ոչ պատշաճ արձագանքի մասին, իսկ անցած տարվա ելույթում նա ոչինչ չէր նշել անվտանգային որևէ կազմակերպության մասին։ Աննա Սահակյան
11:45 - 26 սեպտեմբերի, 2022
ՔՊ-ն առաջատար է 9 համայնքներում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

ՔՊ-ն առաջատար է 9 համայնքներում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Երեկ Հայաստանի 8 մարզերի 18 համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Վայոց Ձորի, Կոտայքի, Շիրակի, Արագածոտնի, Սյունիքի 17 համայնքներում ընտրությունները անցկացվել են համամասնական ընտրակարգով։ Infocom-ը ներկայացնում է ընտրությունների՝ ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքները։ Այսպես․ Արագածոտնի Ծաղկահովիտ համայնքում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ հավաքելով  2299 ձայն․ համայնքում առաջադրված «Հզոր համայնք» դաշինքը հավաքել է 1327 ձայն, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 539 ձայն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 181 ձայն։ Արագածոտնի Թալին համայնքում առաջադրված 5 կուսակցություններից առաջատարը դարձյալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ 7990 ձայնով։ «Արդար Հայաստան» կուսակցությունը այստեղ հավաքել է 2323 ձայն, «Հայ հեղափոխական դաշնակցությունը»՝ 1193 ձայն, «Կայունություն» կուսակցությունը՝ 879 ձայն, «Ապրելու երկիր»-ը՝ 913 ձայն։ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում ընտրություններին մասնակցել է միայն «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը՝ հավաքելով 5257 ձայն։ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր»-ն է առաջատար՝ 1779 ձայնով։ Բացի ՔՊ-ից՝ այստեղ ընտրություններին մասնակցել է նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ հավաքելով 1731 ձայն։ Լոռու մարզի Ալավերդի համայնքում պայքարն ընթացել է 4 ուժերի մեջ․ նախնական արդյունքներով այստեղ առաջատար է «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 6791 ձայնով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է 6557 ձայն, «Հայ ազգային կոնգրես»-ը՝ 340 ձայն, «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը»՝ 316 ձայն։ Լոռի Բերդում առաջատար է ՔՊ-ն՝ 1254 ձայնով։ «Ապրելու երկիր» կուսակցությունը այստեղ հավաքել է 619 ձայն, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 338 ձայն։ Տաշիրում առաջատար է «Միասնական համայնք» դաշինքը՝ 5904 ձայնով։ Այստեղ առաջադրվել էր նաև «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ հավաքելով 2376 ձայն։ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում նույնպես առաջատար Է «Միասնական համայնք» դաշինքը՝ 6812 ձայնով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այստեղ հավաքել է 5571 ձայն, «Ապրելու երկիր»-ը՝ 879: Ակունք համայնքում նախնական արդյունքներով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 2708 ձայնով։ Մյուս մրցակիցը՝ «Համախմբում» դաշինքը հավաքել է 2098 ձայն։ Բյուրեղավանում 4 քաղաքական ուժ է մասնակցել ընտրություններին, իսկ առաջատարը դարձել է «Միասնություն» դաշինքը՝ 2079 ձայնով։ ՔՊ-ն այստեղ հավաքել է 1247, «Արդար Հայաստան» կուսակցությունը՝ 1157, «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը»՝ 166 ձայն։ Ջրվեժում առաջադրվել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և ստացել է 2084 ձայն։ Շիրակի մարզի Անի համայնքում հաղթել է «Ազգ-համայնք» դաշինքը՝ ստանալով 3763 ձայն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այստեղ հավաքել է 3032 ձայն, «Հայկական երազանք» կուսակցությունը՝ 1037 ձայն։ Սյունիքի Սիսիան համայնքում ընտրություններին մասնակցել է 7 քաղաքական ուժ, առաջատարը ՔՊ-ն է՝ 4093 ձայնով։ «Աշխատանք և արդարություն» դաշինքը այստեղ ստացել է 2693 ձայն, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 2307 ձայն, «Մեկ Հայաստան» կուսակցությունը՝ 979 ձայն, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը՝ 794 ձայն, «Զարգացող համայնք» դաշինքը՝ 570 ձայն, «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը»՝ 403 ձայն։ Քաջարան համայնքում առաջատարը «Դեպի միասնություն» դաշինքն է` 3127 ձայնով։ ՔՊ-ն այստեղ հավաքել է 1118 ձայն, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 482 ձայն։ Վայոց ձորի մարզի Արենի համայնքում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 3281 ձայնով։ «Հանրապետություն» կուսակցությունը այստեղ հավաքել է 388 ձայն։ Եղեգիս համայնքում նույնպես առաջատարը ՔՊ-ն է՝ 1593 ձայնով։ Ազատական կուսակցությունը այստեղ հավաքել է 1162 ձայն, «Վերելք» կուսակցությունը՝ 45 ձայն։ Տավուշի Բերդ համայնքում առաջադրված 3 ուժերից հաղթել է «Զորավոր համայնք» դաշինքը՝ 5685 ձայնով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այստեղ ստացել է 4298 ձայն, «Արժանապատիվ սերունդ» դաշինքը՝ 1097 ձայն։ Արագածոտնի Ալագյազ համայնքում ընտրությունները տեղի են ունեցել մեծամասնական ընտրակարգով։ Այստեղ համայնքի ղեկավար է ընտրվել է Մախմուդով Ջասմը՝ 773 ձայնով։ Մյուս թեկնածուն՝ Ուռուսյանը Անզորը այստեղ հավաքել է 444 ձայն։
11:23 - 26 սեպտեմբերի, 2022
ԱՄՆ վարչակազմը գործողությունների պլան ունի ՌԴ-ի կողմից միջուկային զենքի գործածության դեպքում․ Բլինքեն

ԱՄՆ վարչակազմը գործողությունների պլան ունի ՌԴ-ի կողմից միջուկային զենքի գործածության դեպքում․ Բլինքեն

Մենք շատ անպատասխանատու հռետորաբանություն ենք լսել Վլադիմիր Պուտինից, բայց մենք կենտրոնացած ենք այն բանի վրա, որ բոլորս պատասխանատու լինենք, հատկապես երբ խոսքը վերաբերում է այս տեսակի անփույթ հռետորաբանությանը: Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը CBS-ին տված հարցազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե որքանով պետք է ամերիկացիները մտահոգվեն միջուկային պատերազմի հեռանկարով: «Մենք շատ հստակ ենք եղել ռուսների հետ թե՛ հրապարակավ, թե՛ մասնավոր զրույցներում, որ դադարեցվեն միջուկային զենքի մասին անփույթ խոսակցությունները»,- նշել է Բլինքենը։ Անդրադառնալով Կրեմլի հետ մասնավոր զրույցներին այս թեմայով՝ ԱՄՆ պետքարտուղարը ընդգծել է, որ շատ կարևոր է, որ Մոսկվան իրենցից լսի և իմանա, որ միջուկային զենք կիրառելու հետևանքները «սարսափելի կլինեն»։ Բլինքենն ընդգծել է, որ Վլադիմիր Պուտինը մեկ հստակ ելք ունի այն պատերազմից, որը սկսել է, և այդ ելքը այն ավարտելն է․ «Եթե Ռուսաստանը դադարի կռվել, պատերազմը կավարտվի, եթե Ուկրաինան դադարի կռվել, կավարտվի Ուկրաինան»։ Նա նաև նշել է, որ չի պատրաստվում խոսել միջուկային զենք կիրառելու հետևանքների մասին․ «Միջուկային զենքի ցանկացած գործածություն կարող է աղետալի լինել ինչպես այն երկրի համար, որն օգտագործում է, այնպես էլ մյուսների համար»։ Հարցին, թե արդյո՞ք պետքարտուղարությունը որևէ պլան ունի միջուկային զենքի կիրառման դեպքում, Բլինքենը դրական է պատասխանել, որից հետո լրագրողը լրացնող հարց է տվել, թե արդյո՞ք այդ պլանը կարող է կանգնեցնել Երրորդ համաշխարհային պատերազմը, ինչին ի պատասխան, ԱՄՆ պաշտոնյան ասել է․ «Նախագահ Բայդենը հստակեցրել է, որ ինչպես մենք անում ենք ամեն բան, որ օգնենք ուկրաինացիներին պաշտպանել իրենց, ինչպես անում ենք ամեն բան՝ համախմբելու այլ երկրներին Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար, մենք նաև վճռական ենք, որ այս պատերազմը չընդլայնվի, չտարածվի։
10:37 - 26 սեպտեմբերի, 2022
«Սուրմալու»-ում վերստուգումներ տեղի չեն ունեցել տեսչական մարմնի գերծանրաբեռնվածության պատճառով․ ՔՀՏԱ տեսչական մարմին

«Սուրմալու»-ում վերստուգումներ տեղի չեն ունեցել տեսչական մարմնի գերծանրաբեռնվածության պատճառով․ ՔՀՏԱ տեսչական մարմին

Այս տարվա օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի («Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ)  պայթյունից հետո Քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը (ՔՀՏԱ) հայտարարություն տարածեց՝ նշելով, որ տեսչական մարմինը 2021 թվականի մարտի 9-ից 16-ը ներառյալ ստուգում է իրականացրել և հայտնաբերել մեկ տասնյակից ավելի տարբեր բնույթի խախտումներ։  Տեսչական մարմինը «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության շենքում հայտնաբերված խախտումները վերացնելու կարգադրագրեր է տվել ընկերության տնօրինությանը, Տեսչական մարմնի կողմից տնօրինության նկատմամբ կիրառվել է վարչական պատասխանատվության միջոց՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի (Ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում, կոլտնտեսություններում, հասարակական վայրերում, պահեստային շենքերում, հանրակացարաններում և բնակելի տներում, ինչպես նաև համապատասխան օբյեկտներ նախագծելիս և կառուցելիս հրդեհային անվտանգության կանոնները խախտելը կամ չկատարելը, կամ հակահրդեհային գույքի, սարքավորումների, հրդեհները հայտնաբերելու և հանգցնելու ավտոմատ միջոցների օգտագործման ու պահպանության կանոնները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկից հիսնապատիկի չափով):Այս հայտարարությունից հետո Infocom-ը գրավոր հարցում էր ուղարկել Տեսչական մարմին՝ հետաքրքրվելով, թե արդյոք «Սուրմալու» առևտրի կենտրոնում հայտնաբերվել են այնպիսի խախտումներ, որոնք, ըստ ՔՏՀԱ օրենսդրության, կարող են հանգեցնել շենք և շինությունների շահագործման ամբողջովին կամ մասնակի դադարեցմանը։ ՔՏՀԱ-ից այս հարցին չեն պատասխանել՝ ներկայացնելով միայն այն խախտումները, որոնց մասին նշել էին օգոստոսի 14-ին հրապարակված հայտարարության մեջ։ Հետաքրքրվել էինք նաև՝ մարտ ամսին համապատասխան կարգադրագրեր տալուց և պատասխանատվության միջոց կիրառելուց հետո ՔՏՀԱ-ն վերստուգե՞լ է, թե արդյոք խախտումները վերացվել են, թե ոչ։  Ի պատասխան, տեսչական մարմինը հիշեցրել է ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին օրենքը, ըստ որի՝ միևնույն պետական մարմնի կողմից միևնույն բնագավառում ստուգումները բարձր ռիսկայնության սուբյեկտների մոտ իրականացնում են ոչ ավելի հաճախ, քան տարին 1 անգամ։ ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին ՀՀ օրենքը չի սահմանում վերստուգումներ իրականացնելու հստակ ժամկետներ․ «Ելնելով ընթացիկ տարվա 1-ին կիսամյակում ՔՏՀԱ տեսչական մարմնի գերծանրաբեռնվածությունից, ստուգումների և ընթացիկ հրդեհատեխնիկական հետազոտությունների քանակից, հաշվի առնելով վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության ծավալը և սեղմ ժամկետները՝ սույն օբյեկտում նախորդ ստուգմամբ հայտնաբերված թերությունների և խախտումների վերացման վերաբերյալ 2021 թ․-ի ապրիլի 16-ին տրված կարգադրագրի պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված վերստուգումը նախատեսված է եղել իրականացնել 2022 թ․-ի 3-րդ եռամսյակի վերջ։ Վերստուգման արդյունքների ամփոփումից հետո պարզ կլիներ, թե արդյոք նախորդ ստուգմամբ արձանագրված խախտումները վերացվել են, թե ոչ»։ Ըստ հարցման պատասխանի՝ խախտումները վերացված չլինելու դեպքում տնտեսվարող սուբյեկտի ղեկավարը կենթարկվեր վարչական պատասխանատվության` Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ մասի (Հրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից տրված կարգադրագրերում նշված ժամկետում թույլ տրված հրդեհային անվտանգության կանոնների խախտումները չվերացնելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով): Հարցման պատասխանում նշված է նաև, որ համաձայն ՀՀ Սահմանադրության որոշ հոդվածների և  «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքի՝  Տեսչական մարմնի կողմից ձևավորվել է պրակտիկա, համաձայն որի՝ առաջին անգամ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ վերահսկողության արդյունքում հայտնաբերված իրավախախտումների համար տրվում է կարգադրագիր՝ հնարավորություն տալով սահմանված ժամկետներում վերացնելու իրավախախտումները (խոսքը չի վերաբերում տեխնիկական անվտանգության ոլորտի իրավախախտումներին)։ «Սահմանված ժամկետում հայտնաբերված իրավախախտումները չվերացնելու դեպքում որոշում է կայացվում տվյալ ընկերության աշխատանքը դադարեցնելու մասին՝ մինչև իրավախախտումների վերացումը։ Նշվածը պայմանավորված է ինչպես երկրի շուկայատնտեսական հարաբերություններով և այն փաստով, որ նմանատիպ ընկերություններից յուրաքանչյուրում մի քանի հարյուր աշխատատեղ կա և ընկերությունների աշխատանքների դադարեցման արդյունքում տվյալ աշխատողները կհայտնվեն հարկադիր պարապուրդի մեջ, այնպես էլ ՝ մարդկանց անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ»։  Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով զոհվել է 17 քաղաքացի, տասնյակ քաղաքացիներ վիրավորում են ստացել։
09:58 - 26 սեպտեմբերի, 2022