2007 թվականի Մադրիդյան սկզբունքներով ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս․ Նիկոլ Փաշինյան
17:09 - 12 ապրիլի, 2023

2007 թվականի Մադրիդյան սկզբունքներով ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս․ Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը Նիկոլ Փաշինյանից մեկնաբանություն խնդրեց այն մասին, թե հայտարարությունները, որ ՀՀ-ն տարածքային պահանջեր չունի Ադրբեջանի հանդեպ եւ, ըստ էության, ճանաչում է նրա տարածքային ամբողջակությունը, որոշ շրջանակաների կողմից ներկայացվում են, որպես հրաժարում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքից։

Նիկոլ Փաշինյանը ի պատասխան նշեց, որ մինչեւ 2007 թվականի Մադրիդյան սկզբունքները հայկական կողմի դիրքորոշումը եղել է այն, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում եւ Խորհրդային Միության փլուզման համատեքստում իրականացրել է իր ինքնորոշման իրավունքը, որն ի դեպ, արձանագրված է նաեւ Ալմաթիի հռչակագրով, ինչպես այլ սուբյեկտներ եւ հետեւաբար չի եղել Ադրբեջանի կազմում, այլ անկախացել է Խորհրդային Միությունից։ 

«2007 թվականին իշխանության տրանսֆորմացիայի, փոխանցման շրջանում, երբ Սերժ Սարգսյանը վարչապետ էր, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ նախագահ, ի հայտ եկան Մադրիդյան սկզբունքները, որտեղ ընդգծվում էին եւ՛ տարածքային ամբողջականության սկզբունքը, եւ՛ ինքնորոշման իրավունքի, եւ արձանագրվում էր, որ պետք է ճշգրտվի ԼՂ կարգավիճակը եւ դրա ճշգրտման մեխանիզմը պետք է համաձայնեցված լինի նաեւ Ադրբեջանի կողմից։ 

Եթե Մադրդյան սկզբունքներից առաջ հայկական կողմի դիրքորոշումն այն էր, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում երբեք չի եղել ու հիմա էլ չի, ապագա կարգավիճակի հարցում պայմանավորվելու կարիք կարող է եւ չլինել, որովհետեւ ԼՂ-ն արդեն ինքնորոշվել է, ապա Մադրիդյան սկզբունքներով անձանագրվում է, որ ԼՂ կարգավիճակի հարցում պետք է պայմանավորվածություն ձեռք բերվի Ադրբեջանի հետ։ Այստեղ հարց է ծագում՝ եթե մենք, դուք, իրենք ԼՂ-ն չենք համարում Ադրբեջանի մաս, ինչու պիտի ԼՂ կարգավիճակի հարցը համաձայնեցվի Ադրբեջանի հետ։ Այստեղ է, որ ինքնորոշումը նշանակում է լինել մի որեւէ տեղ, դրանից տեղափոխվել մի ուրիշ տեղ․ Մադրիդյան սկզբունքներով այդ տեղը ԽՍՀՄ-ն, հետո է Ադրբեջանը։ Տրամաբանությունը, որ իրենք դրել են, նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը է կամ պետք է լինի Ադրբեջանի մաս, որ ինքնորոշվի, հակառակ դեպքում ումից է ինքնորոշվում։

Սա է էդ քաղաքականության հիմնական բովանդակությունը եւ սա մեր մեծագույն բացթողումն ա, որ 2018-ից հանդես չենք եկել հենց էս ամեն ինչով, մեր ժողովրդին չենք բացատրել», - հայտարարեց ՀՀ վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել