ՀՀ վարչական դատարանում դատավոր Արգիշտի Ղազարյանի նախագահությամբ այսօր շարունակվեցին Գիտությունների ազգային ակադեմիայի «Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ–ն (այսուհետ՝ ՊՈԱԿ) ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի գործով նախնական դատալսումները։
Հիշեցնենք՝ Քաղաքապետարանը 2022 թ․ հոկտեմբերի 10-ին «Գրին Փրոփերքի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ ՓԲԸ կամ կառուցապատող ընկերություն) թույլատրել է ոռոգման համակարգի արդիականացման շրջանակում «Աբուհայաթ» պատմական ջրանցքի մի մասը տեղափոխել ՊՈԱԿ–ի տարածք, ինչին վերջինիս գիտաշխատողները դեմ են արտահայտվել՝ կարծիք հայտնելով, որ շինարարությունը կվնասի ՊՈԱԿ–ի գիտական գործունեությանը։ Բացի այդ, ջրանցքը տեղափոխելու իրական պատճառը, ըստ նրանց, այն է, որ վերջինս անցնում է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի տարածքով, որը ՓԲԸ-ն նախատեսում է կառուցել։
Շինթույլտվության որոշումը դատարան բողոքարկելու հետ մեկտեղ ՊՈԱԿ-ը միջնորդել էր կասեցնել այն, ինչը դատարանի՝ 2022 թ․ նոյեմբերի 25-ի որոշմամբ բավարարվել էր, եւ շինարարական աշխատանքները անժամկետ դադարեցվել էին։ Սակայն մոտ մեկ ամիս անց՝ 2023 թ․ հունվարի 31-ին, դատարանը վերացրել էր բավարարման իր իսկ որոշումը, եւ շինարարությունը վերսկսվել էր։ Կառուցապատող ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Մարիամ Ղուլյանն այսօր հայտնեց՝ շինարարությունը, ըստ էության, արդեն ավարտվել է, մնացել են ասֆալտապատման բարեկարգման աշխատանքները։
Հաշվի առնելով ինչպես այդ, այնպես էլ այն հանգամանքը, որ վիճարկվող վարչական ակտի՝ շինթույլտվության որոշման ժամկետը ավարտվել է (այն ի սկզբանե տրվել էր 55 օրով՝ մինչ 2022 թ․ դեկտեմբերի 25-ը), այսինքն՝ որոշումը այլեւս իրավաբանական ուժ չունի, դատավոր Արգիշտի Ղազարյանը հետաքրքրվեց՝ հայցվոր կողմը հայցատեսակի փոփոխության հետ կապված ասելիք ունի՞։
Բանն այն է, որ հայցի տեսակները վարչական դատավարությում տարբեր են՝ կախված նրանից, թե հայցվոր կողմն ինչ է պահանջում։ Տվյալ դեպքում ՊՈԱԿ–ը դատարան է դիմել վիճարկման հայցատեսակով, որով պահանջել է ամբողջությամբ վերացնել իրեն միջամտող վարչական ակտը (շինթույլտվության որոշումը)։ Սակայն դատական քննության ընթացքում կողմը իրավունք ունի փոխել հայցի տեսակը՝ տվյալ դեպքում ներկայացնելով ճանաչման հայց, որով կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչել արդեն իրավաբանական ուժ չունեցող վարչական ակտը, եթե մտադիր է, օրինակ, գույքային վնասի հատուցում պահանջել կամ եթե առկա է նմանատիպ իրավիճակում նմանատիպ ակտ կրկին ընդունելու վտանգ։
Արձագանքելով դատավորի հարցին՝ ՊՈԱԿ–ի ներկայացուցիչ Տիգրան Նաղդալյանն ասաց, որ իրենք այս պահին տեղեկություն չունեն՝ շինարարության կասեցման հետ մեկտեղ շինթույլտվության որոշման ժամկետը եւս կասեցվե՞լ է, այժմ այդ ժամկետը իսկապե՞ս սպառվել է թե՞ ոչ, որովհետեւ մինչեւ վերջերս էլ՝ ապրիլի 12-ին եւ 11-ին, շինարարություն իրականացվել է․«Այդ պատճառով մենք ենթադրում ենք, որ կամ ժամկետը երկարաձգվել է կամ կայացվել է նոր վարչական ակտ, հետեւաբար այլ հայցատեսակ չենք նախատեսել»,– նշեց նա։
Քաղաքապետարանի ներկայացուցիչ Լաուրա Հարությունյանը տեղեկացրեց՝ դիմում ներկայացվել է շինթույլտվության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, սակայն դրա ընթացքի մասին ինքը տեղեկություն չունի։
Կառուցապատող ընկերության ներկայացուցիչ Մարիամ Ղուլյանն էլ պարզաբանեց՝ երբ դատարանի որոշմամբ շինարարությունը դադարեցվել էր, կասեցվել էր նաեւ շինթույլտվության որոշման ժամկետը։ Այն սկսել է դարձյալ հոսել 2023 թ․ փետրվարի 7-ին, երբ ուժի մեջ է մտել դատարանի մյուս որոշումը, որով վերջինս վերացրել է կասեցման իր իսկ որոշումը։ Այդ ժամանակ շինթույլտվության որոշումը ժամկետի մեջ է եղել եւս 30 օր, որը նույնպես, փաստացի, արդեն լրացել է։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Ղուլյանը հայտարարեց, որ վեճը սպառված է, եւ ինքը միջնորդություն ունի վարչական վարույթը կարճելու մասին։
Դատավոր Արգիշտի Ղազարյանը, սակայն, չշտապեց անցնել միջնորդության քննությանը՝ ասելով՝ հայցվոր կողմը առայժմ չի հստակեցրել վեճի տեսակը (հայցատեսակը), որ իրենք էլ այն սպառված համարեն․ «Այսինքն՝ հայցատեսակը փոխելու դատավարական հնարավորությունը սպառված չէ»,– պարզաբանեց նա։
ՊՈԱԿ–ի ներկայացուցիչ Տիգրան Նաղդալյանը եւս նշեց, որ վեճը սպառված չէ, սակայն որպեսզի իրենք կարողանան կողմնորոշվել՝ պնդո՞ւմ են արդյոք ներկայացված հայցատեսակը թե՞ փոփոխում են այն, պետք է հստակ տեղեկություն ունենան շինթույլտվության որոշման ուժի մեջ լինել–չլինելու կամ դրա երկարաձգման մասին նոր վարչական ակտ կայացված լինել–չլինելու վերաբերյալ։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Նաղդալյանը միջնորդեց հետաձգել նիստը, որպեսզի ինքը հարցում կատարի Քաղաքապետարանին եւ ստացված պատասխանի հիման վրա միայն դիրքորոշում հայտնի։
Դատավոր Արգիշտի Ղազարյանը բավարարեց միջնորդությունը՝ հաջորդ դատական նիստը նշանակելով շուրջ 9 ամիս անց՝ 2024 թ․ հունվարի 24-ին։ Դատավորը չպարզաբանեց իր այդ որոշումը, սակայն հաշվի առնելով, որ նախորդ նիստերի ընթացքում նշել է իր ծանրաբեռնվածության մասին՝ հնարավոր է, որ պատճառը դա լինի։
Հավելենք, որ երբ Վարչական դատարանը վերացրել էր շինարարությունը կասեցնելու իր իսկ որոշումը, ՊՈԱԿ–ի ներկայացուցիչը դրա դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացրել։ Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Վերաքննիչ վարչական դատարանը, դատավոր Հրաչ Այվազյանի նախագահությամբ, մերժել է բողոքը՝ արձանագրելով, որ գործում առկա չեն այնպիսի փաստական տվյալներ, որոնց հիմքով կձեւավորվեր հիմնավոր կասկած առ այն, որ շինարարության թույլտվության կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը: Վնասի հավանականությունը դատարանում հերքել էր նաեւ կառուցապատող ընկերության ներկայացուցիչ Մարիամ Ղուլյանը։
Վերաքննիչ դատարանը նաեւ արձանագրել է, որ այն դեպքում, երբ ոչ թե առհասարակ տվյալ ակտի գոյությունն է հանդիսանում հնարավոր վնասի առաջացման պատճառը, այլ վնասի առաջացումը պայմանավորված է ակտի կատարմանն ուղղված այնպիսի ձեւերի, մեթոդների ու եղանակների ընտրությամբ, որոնք ինչ-ինչ պատճառներով հանգեցնում են ֆիզիակական կամ իրավաբանական անձի կամ գույքի վնասի առաջացման, ապա վնաս կրողը զրկված չէ իր իրավունքների պաշտպանությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-րդ գլխով սահմանված կանոնակարգումների շրջանակներում իրականացնելու հնարավորությունից։
Տիգրան Նաղդալյանը մեզ տեղեկացրեց, որ որոշումը դեռեւս չեն ստացել, ստանալուց հետո պատրաստվում են դրա դեմ վճռաբեկ բողոք ներկայացնել։ Նշենք, որ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում այն ստանալու պահից հնգօրյա ժամկետում, որի ընթացքում էլ այն կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան։
Միլենա Խաչիկյան
comment.count (0)