Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոն Բաքվում է
16:28 - 17 ապրիլի, 2023

Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոն Բաքվում է

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում ընդունել է Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական, Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ  Լուիս  Բոնոյին։ 

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-հայկական խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացի հետագա հեռանկարները, ինչպես նաև ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացի այլ բաղադրիչներ։

«Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Հայաստանը չի կատարել եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, ամբողջությամբ դուրս չի բերել զինված ուժերը ադրբեջանական տարածքներից, օկուպացիայի տակ է պահում 8 ադրբեջանական գյուղ և շարունակում է իր կանոնավոր ռազմական և քաղաքական սադրանքները»,- նշված է հաղորդագրության մեջ։
 
Բայրամովը նաև նշել է, որ «երկու ադրբեջանցի զինծառայող գերի են ընկել, կալանավորներից մեկի նկատմամբ կիրառվել է ֆիզիկական բռնություն, և անհրաժեշտ է անհապաղ նրանց ազատ արձակել»։

ՀՀ ՊՆ-ն ապրիլի 10-ին հայտնել էր, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Ադրբեջանցի զինծառայողը հայտնել էր, որ իր հետ ևս մեկ զինծառայող կա։ 

Օրեր անց՝ ապրիլի 13-ին ադրբեջանցի երկրորդ զինծառայողին հայտնաբերեց Սյունիքի Աղվանի գյուղի բնակիչ, անտառապահ Արա Սուքիասյանը։ Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն նույնպես հաստատեց ադրբեջանցի երկրորդ զինծառայողին հայտնաբերելու և ձերբակալելու մասին լուրերը։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 12-ին հայտարարեց՝ կատարված քննչական գործողությունների արդյունքում ակնհայտ է, որ Ադրբեջանի բանակի զինծառայողն իր ծառայակցի հետ փախուստի է դիմել իրենց դիրքերից՝ մյուս ծառայակիցների կողմից ճնշումների եւ նվաստացումների ենթարկվելու պատճառով։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել