«Ալեն Սիմոնյանի ենթադրյալ գործողություններն առերևույթ ուղղված են եղել Կարեն Մկրտչյանի, այլ ոչ թե հասարակության դեմ»․ Դատախազություն  |factor.am|
14:09 - 01 մայիսի, 2023

«Ալեն Սիմոնյանի ենթադրյալ գործողություններն առերևույթ ուղղված են եղել Կարեն Մկրտչյանի, այլ ոչ թե հասարակության դեմ»․ Դատախազություն |factor.am|

factor.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և քաղաքացի Կարեն Մկրտչյանի միջև տեղ ունեցած միջադեպից հետո Ներքին գործերի նախարարության ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության աշխատակիցների գործողությունների իրավաչափությունը ծառայողական քննության շրջանակներում ստուգելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանություն և ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայություն:

Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են Գլխավոր դատախազությունից։ Կառույցից միաժամանակ տեղեկացնում են, որ հաստատել են միջադեպի վերաբերյալ վարույթ չնախաձեռնելու որոշումը։

Հիշեցնենք, որ արտերկրից Հայաստան ժամանած Կարեն Մկրտչյանն ապրիլի 2-ին հայտնել էր, որ Կասկադում, հանդիպելով Ալեն Սիմոնյանին, նրան անվանել է «դավաճան», որից հետո Ալեն Սիմոնյանը անվտանգության աշխատակիցներին ուղարկել է իր ետևից, վերջիններս երկու-երեք հոգով ոլորել են իր ձեռքերը, հետո Ալեն Սիմոնյանը թքել է իր դեմքին։ Ալեն Սիմոնյանը չի հերքել այն հանգամանքը, որ թքել է քաղաքացու դեմքին, իսկ միջադեպից օրեր անց ֆեյսբուքյան գրառմամբ ներողություն էր խնդրել Հայաստանի քաղաքացիներից։ Կարեն Մկրտչյանը դեպքի առթիվ հաղորդում չի ներկայացրել, սակայն Դատախազությանը հաղորդում է ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը: Հաղորդումն ուղարկվել է Քննչական կոմիտե, որտեղ վարույթ նախաձեռնելու արձանագրություն չի կազմվել։

Նշենք, որ Քրեական դատավարության նախկին օրենսգրքով, որը 2022 թվականի հուլիսի 1-ից ուժը կորցրած է ճանաչվել, նախատեսված էր, որ հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից՝ 10 օրվա ընթացքում: Նշված ժամկետում կարող էին պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր, բացատրություններ, այլ նյութեր, ինչպես նաև կարող էր կատարվել դեպքի վայրի զննություն, հանցագործություն կատարելու կասկածանքի բավարար հիմքերի առկայության դեպքում կարող են բերման և անձնական խուզարկության ենթարկվել անձինք, հետազոտման համար վերցվել նմուշներ, նշանակվել փորձաքննություն։

Ի տարբերություն նախկին օրենսգրքի կարգավորումների՝ գործող օրենսգրքում այս փուլը գոյություն չունի, վարույթ չի նախաձեռնվում միայն այն դեպքում, երբ կասկածից վեր է, որ հաղորդմամբ ներկայացված հանգամանքները կապ չունեն հանցագործության հետ, և այժմ, փաստորեն Քննչական կոմիտեն և Դատախազությունը կասկածից վեր են համարել, որ Ալեն Սիմոնյանի, ինչպես նաև վերջինիս անվտանգության աշխատակիցների արարքներում հանցագործության հատկանիշներ չեն եղել։ Քննչական կոմիտեից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության նախագահի կողմից ներկայացված հաղորդման առթիվ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով քրեական վարույթ չի նախաձեռնվել՝ նկատի ունենալով, որ դեպքին ողջամտորեն չէր կարող տրվել ՀՀ քրեական օրենսգրքի որևէ հոդվածով նախատեսված արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական: Կոմիտեից խնդրել էինք տրամադրել նաև վարույթ չնախաձեռնելու վերաբեյալ արձանագրությունը, որը սակայն, չի տրամադրվել։

Կոմիտեից հայտնել են, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն քրեական վարույթ չնախաձեռնելու և դրա օրինականությունը հսկող դատախազի կողմից հաստատելու մասին գրավոր տեղեկացվում է հաղորդումը ներկայացրած անձը, ուստի՝ վերոգրյալ փաստաթուղթի պատճենը մեզ չի կարող տրամադրվել։ Դատախազություն ստացված գրավոր պատասխանում մանրամասնել են Դանիել Իոաննիսյանի կողմից ներկայացված հաղորդման բովանդակությունը։ Վերջինս, մասնավորապես, հայտնել է, որ «2023 թվականի ապրիլի 3-ին «Garen Megerdichian» ֆեյսբուքյան օգտատերը կատարել է հետևյալ բովանդակությամբ գրառում՝ «Իմ երեսը՝ ՀՀ Ազգային Ժողովի նախագահի երեսիս թքելուց հետո, «դավաճանը քո մամադ է» ասեց թքելուց առաջ, մինչ անվտանգության երկու աշխատակիցներ՝ ինձ երկու թևերիցս բռնել էին:

Այս է ՀՀ դավաճան իշխանության իրական երեսը։ Եվ այս մակարդակի վախկոտներն են Արցախն ու Հայաստանը պաշտպանելու թուրքից»: Իոաննիսյանը հաղորդմամբ խնդրել էր վարույթ նախաձեռնել խուլիգանության և պաշտոնատար անձի կողմից լիազորությունները չարաշահելու հոդվածներով։ Դատախազությունից պարզաբանել են, թե ինչո՞ւ է որոշվել, որ Սիմոնյանի արարքում խուլիգանության հատկանիշ առկա չէ։

«Խուլիգանության հանցակազմի հատկանիշների ամբողջական վերլուծության հիման վրա Շահեն Հախվերդյանի վերաբերյալ ՎԴ 00140111 գործով 2012 թվականի մարտի 30-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանի կողմից ընդգծվել է, որ արարքը չի կարող որակվել որպես խուլիգանություն այն դեպքերում, երբ՝

ա) արարքը կատարվում է ոչ հասարակական վայրում և (կամ) հասարակության անդամների բացակայությամբ,

բ) արարքի հետևանքով հասարակությանը լուրջ անհանգստություն չի պատճառվել,

գ) հանցավորի գործողությունները պայմանավորված են հակաօրինական, հակաբարոյական վարքագծով և ուղղված են նրա, հասարակության դեմ, տուժողի նրա, այլ ոչ թե

դ) բացակայում են խուլիգանական դրդումները, իսկ անձի արարքները պայմանավորված են նրա հուզական վիճակով,

ե) հասարակական կարգի կոպիտ խախտման նկատմամբ դրսևորվել է անզգուշություն,

զ) հասարակական կարգը կոպիտ կերպով խախտող արարքը համընկնում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այլ հանցակազմի հատկանիշների հետ, «սակայն դրա կատարմամբ հանցավորը` հասարականան կարգը կոպիտ կերպով խախտելու և հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու նպատակ չունի,

է) այլ դրդումներով կատարված հանցանքը չի վերաճել հասարակական կարգի կոպիտ խախտման, որը դրսևորվել է հասարակության նկատմամբ բացահայտ անկարգայից վերաբերմունքով:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել