Ալիևը հայտարարել է՝ «անարդյունավետ է խաղաղության համաձայնագրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն տերմինը ներառելու փորձ անելը»
12:10 - 03 մայիսի, 2023

Ալիևը հայտարարել է՝ «անարդյունավետ է խաղաղության համաձայնագրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն տերմինը ներառելու փորձ անելը»

Եռակողմ հայտարարությունը հրադադարի համաձայնություն չէր, ոչ էլ խաղաղության համաձայնագիր։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում ընթացող միջազգային կոնֆերանսի ժամանակ, որը նվիրված է Հեյդար Ալիևի հարյուրամյակին։

Ալիևը կրկին պնդել է, թե Ադրբեջանն է նախաձեռնել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի գործընթացները ու դարձյալ մեղադրել է հայկական կողմին չարձագանքելու մեջ։ Նա նշել է՝ Հայաստանին ուղարկվել են ադրբեջանական կողմի 5 սկզբունքները, ու ՀՀ-ին մնում է կա՛մ մերժել, կա՛մ ընդունել դրանք։ Նա դարձյալ նշել է, որ հետո Հայաստանին դարձյալ ուղարկվել է 4 սկզբունք, թե 40 օր սպասել են պատասխանին, ու երբ այն ուղարկվել է, այնտեղ դարձյալ եղել են տարածքային պահանջներ Ադրբեջանից։

Ալիևը նշել է, որ բոլորին էլ պարզ է, որ երկու ուղղություն պետք է լինի․ «Մեկը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, մյուսը՝ հաղորդակցությունը Ադրբեջանի իշխանությունների և Ղարաբաղի հայկական համայնքի միջև»։

Ադրբեջանի նախագահը նաև նշել է, թե «անարդյունավետ է խաղաղության համաձայնագրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն տերմինը ներառելու փորձ անելը»։

«Հույս ունենք, որ նրանք (Հայաստանը՝ խմբ․) կառուցողական կլինեն։ Եթե ոչ, իհարկե, մենք, դիվանագիտական միջոցներից բացի, այլ միջոց չենք պատրաստվում կիրառել, դա արդեն բավական է, բայց չի լինի խաղաղություն, չի լինի հաղորդակցություն, նրանք ստիպված կլինեն դարձյալ մեկուսանալ, և նրանք ստիպված կլինեն տեղ գտնել իրենց համար այս նոր աշխարհաքաղաքական իրադրությունում, որովհետև աշխարհաքաղաքական իրադրությունը փոխվել է ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում»,- հայտարարել է Ալիևը։

Անդրադառնալով ներկայումս Վաշինգտոնում ընթացող բանակցություններին՝ Ադրբեջանի նախագահը հայտնել է, թե հույս ունի, որ դրանց արդյունքում առաջընթացի նշաններ կլինեն։

Հիշեցնենք, որ մայիսի 1-ից ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ բանակցություններ են ընթանում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել