Պատգամավորը հույս ունի, որ Ալեն Սիմոնյանի այցն Անկարա կնպաստի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը
 |armenpress.am|
12:07 - 10 մայիսի, 2023

Պատգամավորը հույս ունի, որ Ալեն Սիմոնյանի այցն Անկարա կնպաստի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը |armenpress.am|

armenpress.am: Երևանում տեղադրված «Նեմեսիս» հուշարձանի հետ կապված հարցը քննարկման առարկա է դարձել ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփի հանդիպմանը:

Այս մասին հայտնեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Բաբկեն Թունյանն ասուլիսում՝ ամփոփելով մայիսի 4-5 Անկարայում տեղի ունեցած նիստի արդյունքները: 

Նիստի օրակարգը հագեցած է եղել, քննարկվել են տարբեր հարցեր:

Հայկական պատվիրակության անդամ Գևորգ Պապոյանը նշեց՝ կազմակերպությունը տնտեսական բնույթի է, բայց տարբեր երկրների միջև կան կոնֆլիկտներ, և նաև դրա պատճառով տնտեսական օրակարգը մղված է երկրորդ պլան, և երկրներն ավելի շատ քաղաքական հարցեր են քննարկում:

Նիստին մասնակցել է նաև ԱԺ նախագահը՝ երկրների խորհրդարանների խոսնակների հանդիպմանը: Ըստ Բաբկեն Թունյանի՝ Ալեն Սիմոնյանի այցը Թուրքիա բավականին կարևոր փաստ է: «Եվ հույս ունենք, որ դա կնպաստի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ չնայած այն բոլոր բարդ խնդիրներին ու մարտահրավերներին, որ մեր առջև ծառացած են»,-ասաց Թունյանը:

Պատգամավորը նաև անդրադարձավ հարցին, թե նիստի շրջանակում արդյոք քննարկվե՞լ է Երևանում «Նեմեսիս» հուշարձանի հարցը, որի տեղադրումը Թուրքիայում մեծ արձագանք էր ստացել, Թուրքիան դրանից հետո անգամ փակեց օդային տարածքը՝ Հայաստանից երրորդ երկրներ թռիչքների համար։

««Նեմեսիս»-ի հուշարձանի հետ կապված հարցը քննարկման առարկա դարձել է Ալեն Սիմոնյանի և Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսաթաֆա Շենթոփի հետ հանդիպման ժամանակ, որին մասնակցում էինք նաև մենք: Թուրքական կողմը նշել է, որ իրենց համար հասկանալի չէ, թե ինչպես կարելի է հարաբերությունների կարգավորման ջանքերի ֆոնին այդ հուշարձանը բացել: Պարոն Սիմոնյանը պատասխանել է, որ, եթե կա հարաբերությունները կարգավորելու կամք, ապա չենք կարծում, որ նման իրադարձությունները կարող են խոչընդոտ հանդիսանալ հարաբերությունների կարգավորման համար, որովհետև շատ ավելի կարևոր խոչընդոտներ են եղել, կան ու, գուցե, դեռ լինեն»,-պատմեց Թունյանը:

Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարել էր՝ եթե հուշարձանը չհեռացվի, դրան պատասխան քայլեր կհետևեն: Սակայն Թուրքիայում գտնվող հայկական պատվիրակությանը ուղիղ նման բան չի ասվել: Բաբկեն Թունյանը նշեց՝ հարց տվողները շատ լավ գիտեն հայկական պատվիրակության լիազորությունները և քննարկվող հարցերի շրջանակը:

Նիստի ընթացում Բաբկեն Թունյանն ընտրվել է կազմակերպության նախագահի տեղակալի պաշտոնում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել