Բանակցում ենք նոր ատոմակայան կառուցելու շուրջ. Նիկոլ Փաշինյան  |armeniasputnik.am|
18:26 - 24 մայիսի, 2023

Բանակցում ենք նոր ատոմակայան կառուցելու շուրջ. Նիկոլ Փաշինյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանը մի քանի գործընկերների հետ շատ ակտիվ բանակցում է նոր ատոմակայան կառուցելու շուրջ։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ն դիտարկում է ՀՀ–ում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը։
 
«Բանակցություններ են ընթանում ՌԴ–ի հետ, ԱՄՆ–ի և երրորդ երկրների հետ։ Եվ հիմա մենք դիտարկում ենք, թե այդ տարբերակներից որն է տնտեսապես մեզ ավելի շահավետ»,– ասաց ՀՀ վարչապետը։
Փաշինյանը նշեց, որ առաջիկայում ՀՀ–ից պատվիրակություն կմեկնի ԱՄՆ, որպեսզի տեղում ավելի մանրամասն ծանոթանա մոդուլային տիպի ատոմային էլեկտրակայանների հնարավորություներին։
 
«Այստեղ տարբերությունն այն է, որ մոդուլային ատոմակայանները թույլ են տալիս սկզբում մի մոդուլ կառուցել, հետո երկրորդը, օրինակ` 70 մեգավատտ հզորությամբ։ Այսօրվա մեր ատոմակայանը 400 մեգավատտ է։ Մյուս առաջարկները մեզ համար մի քիչ խնդրահարույց են, որովհետև միանգամից 1000 մեգավատտանոց ատոմակայան են առաջարկում»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով`մասնագետները համարում են, որ 1000 մեգավատտը ՀՀ էներգետիկ համակարգում տեղավորելու հետ կապված հարցեր կան` չնայած մոդուլային ատոմակայանների հետ կապված ևս հարցեր կան։ ՀՀ վարչապետը կրկնեց` պետք է դիտարկել և հասկանալ` որն է տնտեսապես ավելի շահավետ։
Նշենք, որ Հայաստանի իշխանությունն ավելի վաղ նոր էներգաբլոկի (ըստ էության՝ նոր ատոմակայանի) համար 600 մեգավատտանոց տարբերակ էր դիտարկում, սակայն հետո խոսվեց 1000-1200 ՄՎտ հզորությամբ նախագծի մասին։
Իշխանության սահմանած ծրագրի համաձայն՝ նոր կայանը պետք է շահագործման հանձնվի մինչև 2036 թվականը (սա 1980 թվականից գործող էներգաբլոկի փակման հավանական ժամկետն է):


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել