18-27 տարեկան իգական սեռի անձինք կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն կանցնեն․ քննարկվում է կառավարության նախագիծը
 |aravot.am|
12:19 - 30 մայիսի, 2023

18-27 տարեկան իգական սեռի անձինք կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն կանցնեն․ քննարկվում է կառավարության նախագիծը |aravot.am|

aravot.am: Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին եւ  «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Հիմնական զեկուցող պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ փաթեթի համաձայն՝ նախատեսվում է ներդնել իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ։

«Մասնավորապես, դիմում կարող են ներկայացնել 18-27 տարեկան իգական սեռի քաղաքացիները, որոնց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 6 ամիս։ Սահմանվում են դիմում ներկայացնելու ժամկետները՝ մինչեւ համապատասխան տարվա մարտի 1-ը կամ հոկտեմբերի 1-ը, այն հաշվարկով, որպեսզի հնարավոր լինի ամբողջ ծավալով իրականացնել նրանց զինվորական հաշվառման եւ առողջական վիճակի գնահատման գործընթացը։ Մինչեւ մարտի 1-ը կամ հոկտեմբերի 1-ը դիմում ներկայացնելու դեպքում ենթակա են լինելու զորակոչման այդ օրին հաջորդող զորակոչին։ Խոսքը վերաբերում է ամառային եւ ձմեռային զորակոչերին»,- ասաց նա։

Ըստ նախարարի՝ դիմում ներկայացնելուց հետո նրանք իրավունք են ունենալու մինչեւ զորակոչի օրը հրաժարվել պարտադիր զինվորական ծառայությունից։ Զորակոչված իգական սեռի զինծառայողներն առանց վիճակահանության նշանակվում են ուսումնական զորամասում, եւ ծառայությունը բացառապես կազմակերպվում է այդ զորամասում։ Պապիկյանի խոսքով՝ այդ նպատակով ընթացքի մեջ է առանձին զորամասի տեսքով կանանց գումարտակի ձեւավորման գործընթացը, որի վարչակազմը հանդիսանում են պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվող կանայք։

«Վեցամսյա ժամկետը լրանալու կամ մինչեւ լրանալն առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում ստանալու են պատվովճար, որը նախատեսվում է վճարել՝ 6 ամիսը լրիվ ծառայելու դեպքում 1 մլն դրամ, իսկ վաղաժամկետ զորացրվելու դեպքում նշված գումարը 6 ամսվա վրա բաժանելու եւ փաստացի ծառայության ամիսների թվով բազմապատկելու արդյունքում ստացված չափով։ Իրավունք են ունենալու վեցամսյա ժամկետը լրանալու հիմքում զորացրվելու փոխարեն «Պաշտպան հայրենյաց» ծրագրով դիմել եւ անցնել 5 տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայության՝ բնականաբար օգտվելով ծրագրի բոլոր արտոնություններով»,- ասաց նա։ Կարդացեք նաև

Ըստ նախարարի՝ «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի համաձայն՝ սահմանվում են դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիների զինվորական հաշվառումը, զինվորական հաշվառումը դադարեցնելու դեպքերը։ Դրանք են՝ մինչեւ զորակոչվելու օրը զորակոչվելուց գրավոր հրաժարվելը՝ կամ առողջական վիճակի պատճառով, կամ օրենքով սահմանված ընտանեկան պայմաններից ելնելով։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել