«Անշարժ գույքի շուկայում աճն ավելի բարձր է, քան մարդկանց եկամուտների աճը»․ ԿԲ նախագահը՝ ոլորտի «փուչիկի» մասին

 |aravot.am|
11:16 - 15 հունիսի, 2023

«Անշարժ գույքի շուկայում աճն ավելի բարձր է, քան մարդկանց եկամուտների աճը»․ ԿԲ նախագահը՝ ոլորտի «փուչիկի» մասին |aravot.am|

aravot.am: Հիփոթեքային վարկերի շուկայում նախորդ տարի դիտարկվել է տոկոսադրույքի աճ։ Այս մասին ԱԺ նիստում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ «Կենտրոնական բանկի կողմից տոկոսադրույքների բարձրացումը հանգեցնում է նաեւ շուկայում այլ տիպի տոկոսադրույքների բարձրացմանը, ներառյալ հիփոթեքը, սակայն հիփոթեքային վարկերի տոկոսադրույքի աճը եղել է ավելի մեղմ, քան նույնիսկ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի աճը»,- ասաց նա։

ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարց ուղղեց Մարտին Գալստյանին, թե ըստ ԿԲ գնահատականի՝ անշարժ գույքի շուկայում 25-26 տոկոսով «փուչիկ» կա։ «Նաեւ կան տնտեսագետներ, որոնք ասում են, որ այդ փուչիկն անպայման պետք է պայթի։ Դուք կիսո՞ւմ եք այս կարծիքը՝ կպայթի՞ անպայման, թե՞ հնարավոր է կառավարել ու կամաց իջեցնել»,- հարցրեց Աղազարյանը։

Մարտին Գալստյանն ի պատասխան ասաց․ «Մենք տեսնում ենք, որ տարիներ շարունակ անշարժ շուկայում կա գների որոշակի աճ։ Շատ նուրբ կետի եք հանգել, այն առումով, որ տնտեսագիտական համայնքի մեջ «փուչիկի» սահմանումը հստակ չէ։ Այսինքն՝ որպեսզի հասկանանք՝ «փուչիկը» ինչ է, նախ պիտի սահմանենք։ Այսինքն՝ 25 տոկոս աճը արդյոք բավարա՞ր է, որպեսզի նկարագրենք, որ ՀՀ անշարժ գույքի շուկայում կա «փուչիկ»։ Երկրորդ, «փուչիկները»։ Երկու տեսակի են լինում՝ ռացիոնալ եւ իռացիոնալ։ Մեր գնահատականով՝ մենք երկու մեթոդ ունենք, փորձում ենք հիմնականում համադրել մարդկանց իրական եկամուտների աճը ֆինանսական կամ ոչ ֆինանսական ակտիվների աճի հետ։ Եվ մեր երկու մեթոդով էլ համադրելով՝ մենք տեսնում ենք, որ անշարժ գույքի շուկայում աճը ավելի բարձր է, քան իմ թվարկած փոփոխականները։ Ուստի, մեր կարծիքով, կա որոշակի ավելի աճ, քան պիտի լիներ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել