Արցախում ֆինանսական մասով որևէ խնդիր գոյություն չունի. ՀՀ ԿԲ նախագահ
 |aysor.am|
11:22 - 15 հունիսի, 2023

Արցախում ֆինանսական մասով որևէ խնդիր գոյություն չունի. ՀՀ ԿԲ նախագահ |aysor.am|

aysor.am: Ներդրողները հայտնվել  են Հայաստանում, որովհետև Հայաստանն իրականացնում է ճիշտ, բալանսավորված մակրոտնտեսական քաղաքականություն, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Հայաստանի ֆինանսական շուկայում հարակից ազդակներ կան, որ, երևի թե, պատմության մեջ առաջին անգամ մենք ունենք միջազգային շատ լուրջ խաղացողներ, ովքեր ներդրում են իրականացնում հայկական պետական պարտատոմսերի շուկայում, խոսքը դրամով արտահայտված շուկայի մասին է», - ասաց նա` պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Միանսյանի հարցին, թե ինչպիսին է ՀՀ անվտանգության ռիսկի ազդեցությունը ներդրումային միջավայրի ու ՀՀ ֆինանսական համակարգերի վրա:

«Կարծում եմ, որ ածանցված կարող ենք նաև դատողություններ անել անվտանգային հարցերի վերաբերյալ իրենց մոտեցումների հետ կապված: Պատճառը, թե ինչու են ներդրողները հայտնվել  Հայաստանում, որովհետև Հայաստանն իրականացնում է ճիշտ, բալանսավորված մակրոտնտեսական քաղաքականություն», - նշեց նա:

Մինասյանի մյուս հարցին, թե Արցախի ֆինանսական  hամակարգի վերաբերյալ ունի՞ ԿԲ-ն տեղեկատվություն, թե քանի բանկ է գործում Արցախում ու ի՞նչ հիմնական խնդիրներ են ձևավորվել՝ ԿԲ նախագահն արձագանքեց, որ ամենօրյա կապի մեջ են Արցախի գործընկերների հետ:

«Առանց փակագծեր բացելու ասեմ` եթե հանկարծ որևէ խնդիր է լինում, շատ օպերատիվ արձագանքում ենք, այս պահին Արցախում ֆինանսական մասով որևէ խնդիր գոյություն չունի», - ասաց Մարտին Գալաստյանը:

Արծվիկ Մինասյանը հայտարարեց, թե Երասխում  Ադրբեջանի երեկվա ագրեսիվ վարքագիծը հետևանք է այն բանի, որ փորձում են ազդել ՀՀ ներդրումային միջավայրի վրա, արդյոք այս գնահատականը կա՞ տրված ու եթե ոչ` նախատեսո՞ւմ են առաջիկայում:

ԿԲ նախագահն  էլ արձագանքեց, թե  2020 թվականից Հայաստանն անցել է տարբեր պրոցեսների միջով, կենսափորձն ու բնազդներն արդեն այնքան են սրվել, որ հիմնականում  փորձում են կանխարգելիչ գործողություններ անել`  ֆինանսական համակարգը որևէ պոտենցիալ շոկից պաշտպանելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել