Մենք էլ ունենք թերահավատություն Ադրբեջանի նկատմամբ, մեզ մոտ էլ վստահության պակաս կա, մենք էլ ենք տեսնում, որ իրենք կառուցողական չեն, մենք էլ ենք տեսնում, որ իրենք հավելյալ պահանջ են բերում. հարցն այն է, որ այս ախտորոշումը տվեցիք, ձեր գործողությունները՞:
Այս մասին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի դիտարկումներին:
Նա, թվարկելով վերոնշյալ մտահոգությունները, հարց էր ուղղել, թե որտեղից է լավատեսությունը, որ Ադրբեջանը պահելու է պայմանավորվածությունները:
Միրզոյանն այս համատեքստում անդրադարձավ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի պահանջին՝ հրաժարվելու բանակցություններից, քանի դեռ գերիները ազատված չեն. «Ես կարծում եմ՝ սա ճահճի մեջ ընկղմվելու, ճահիճը մեղմ կատեգորիա է, անդունդի եզրին մոտենալու ամենաուղիղ, կարճ ճանապարհն է»:
Գերիների թեմային անդրադառնալով՝ Միրզոյանը հիշեցրեց ԱԳՆ հայտարարությունները՝ Բաքվում անցկացվող դատավարությունների վերաբերյալ՝ նշելով, որ Հայաստանը հստակ որակումներ է տվել դրանց:
Նա դարձյալ հարց ուղղեց, թե ինչ գործողություններ պետք է արվեն այս պարագայում. «Դա կառավարելու միակ ձևը մեր համոզմամբ շարունակական բանակցություններն են, դժվարությամբ, բայց փոխադարձ ընդունելի հիմքերի ստեղծումը: Ընդ որում կոնկրետ համաձայնագիրը, ինչի մասին մենք խոսում ենք, հսկայական պատվանդան է, որի վրա կարելի է կառուցել»:
Միրզոյանն ընդգծեց, որ ամեն օր աշխատում են գերիների հարցի լուծման համար, «ցավոք սրտի անհաջող»: Նա նշեց, որ փորձել են նաև համաձայնագրի շրջանակում գերիների հարցին լուծում տալ:
«Խնդիրներ կան, բայց ձեռքբերումներ էլ կան: Այս համաձայնագրի արժեքը նսեմացնելը ՀՀ շահերից չի բխում»:
comment.count (0)