Համաձայնագրի ստորագրումից հետո ԵՄ քաղաքացիական առաքելության հետ համագործակցության մասով ընդունելի, փոխշահավետ լուծումների կգանք: Այս մասին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը խստորեն ընդդիմացող և դրանից դժգոհող և այժմ առաքելությանը չափազանց հոգատար վերաբերվող և կարևորող մեր գործընկերներին (ընդդիմությանը՝ խմբ.) ուզում եմ վստահեցնել, որ երբ այս համաձայնագիրը կստորագրվի, կվավերացվի և ուժի մեջ կմտնի, մենք մեր ԵՄ գործընկերների հետ քաղաքացիական առաքելության հետ համագհործակցության մասով ընդունելի, փոխշահավետ լուծումների կգանք»,-
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն արձագանքեց, որ ընդդիմությունը ընդդիմանում է և շարունակելու է ընդդիմանալ Ադրբեջանի բոլոր պայմանները կատարելու իշխանության «մարմաջին»:
«Հայաստանում դուք բերել եք ԵՄ դիտորդներին, բնականաբար դեմ ենք, որ Ադրբեջանի պահանջով առանց քննարկելու հանում եք նրանց սահմանից: Դա է ընդդիմության խնդիրը»,- հավելեց Վարդանյանը:
Հիշեցնենք, որ մարտի 13-ին նախ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, իսկ ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեցին, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։
ԱԳՆ-ից նշեցին՝ ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։
Հիշեցնենք, որ խաղաղության պայմանագրի շրջանականերում կողմերը չէին համաձայնեցրել երկու կետ. միմյանց նկատմամբ միջազգային հայցերը հետ կանչելու և սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու կետերը։
Բացի այդ, Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Մայր օրենքը՝ խնդրահարույց համարելով նախաբանում հղումը Անկախության հռչակագրին, որում Արցախի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա։
comment.count (0)