Բամբասանքներ են: Այսպես արձագանքեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հարցին, թե արդյո՞ք ԱԱԾ-ում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի դեմ հարուցված քրեական գործ կա։
«ԶԼՄ-ի հայտարարությունները բամբասանքներ են, ոչ ավելին։ Ուղղակի պաշտպանվող կողմը բոլոր ձևերով ուզում է այս ակնհայտ կարգապահական գործի հետ կապված ինչ-որ մեկնաբանություններ անել։ Նորմալ է, իրենք էլ իրենց պաշտպանողական ստրատեգիայի շրջանակում են գործում»,- ասաց Մինասյանը լրագրողների հետ զրույցում։
ՀՀ արդարադատության նախարարի խոսքով լուրերը տարածողներն անգամ ընթացակարգերը չգիտեն, թե որոնք են ԲԴԽ անդամի հետ կապված կարգավորումները։
Նշենք, որ Oragir.News-ը գրել էր, թե իրենց տեղեկություններով Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ է հարուցված ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի դեմ՝ լիազորությունների չարաշահման հոդվածով, և որ Անդրեասյանին, հնարավոր է կալանավորեն։ Գործն, ըստ լրատվամիջոցի, հարուցված է Վերաքննիչ քրեական դատարանում «ստվերային նախագահ» ընտրելու դեպքի առթիվ։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը չի մեկնաբանել իր նկատմամբ Ազգային անվտանգության ծառայությունում վարույթ նախաձեռնելու մասին լուրը:
comment.count (0)