«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ խախտվող օրենքը․ եռամսյակային ամփոփում
15:37 - 13 հուլիսի, 2023

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ խախտվող օրենքը․ եռամսյակային ամփոփում

Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները պարբերաբար խոսում են թափանցիկ եւ հաշվետվողական գործելաոճի մասին, սակայն այդ հայտարարությունները գործնականում ոչ միշտ են «միս ու արյուն ստանում»։ Պաշտոնատար անձինք երբեմն խախտում են «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված պահանջները՝ տեղեկություն ստանալու մասին զանգվածային լրատվության միջոցների հարցումները անպատասխան թողնելով, տեղեկությունը ժամկետների կամ կարգի խախտմամբ տրամադրելով կամ էլ բովանդակային տեղեկություն տալուց հնարավոր ամեն կերպ խուսափելով։

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ գրավոր հարցման պատասխանը դիմողին տրվում է այն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, իսկ եթե դրա համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա տրվում է դիմումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին դիմողին գրավոր տեղեկացնում են նույն 5-օրյա ժամկետում՝ նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։ Ընդ որում՝ 5-օրյա եւ 30-օրյա ժամկետները, ըստ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի, ենթադրում են օրացույցային, այլ ոչ թե աշխատանքային օրերը, մինչդեռ պետական կառույցները, որպես կանոն, հաշվարկը աշխատանքային օրերով են անում։ 

Infocom-ն առանձնացրել է այս տարվա երկրորդ եռամսյակում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի խախտման այն դեպքերը, որոնց առնչվել է աշխատանքի ընթացքում։ Նախորդ եռամսյակի ամփոփումը կարող եք կարդալ՝ այստեղ։

Քաղաքապետարանը օրենքով սահմանված ժամկեկտի խախտմամբ է պատասխանել գրավոր հարցմանը

Մարտի 28-ին Infocom-ը գրավոր հարցում է ուղարկել Երեւանի քաղաքապետարան՝ խնդրելով պարզաբանել, թե իրավական ինչ հիմքով է որոշվել, որ գործակարգավարական խորհրդակցությունները վարելու է Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը։ Այս հարցադրումը ծագել է՝ պայմանավորված նրանով, որ Երեւանի քաղաքապետի՝ այդ ժամանակ գործող որոշման համաձայն՝ գործակարգավարական խորհրդակցությունները վարում է Երեւանի քաղաքապետը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ քաղաքապետի առաջին տեղակալը։ Քաղաքապետի առաջին տեղակալը, ինչպես գիտենք, ոչ թե Տիգրան Ավինյանն է, այլ Լեւոն Հովհաննիսյանը։ Հիշյալ նորմի փոփոխված լինելու պարագայում խնդրել ենք նաեւ հայտնել փոփոխության հստակ ամսաթիվը՝ կից ուղարկելով վերջին խմբագրությամբ տարբերակը։

Տեղեկություն տրամադրելու՝ օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում պատասխան չստանալով՝ ապրիլի 4-ին զանգահարել ենք Քաղաքապետարանի լրատվության վարչություն, որտեղից, սակայն, հայտնել ենք, թե հարցումը չեն ստացել։ Նույն օրը՝ ապրիլի 4-ին, հարցումն ուղարկել ենք երկրորդ անգամ։

Օրեր անց՝ ապրիլի 10-ին, Լրատվության վարչությունն ուղարկել է գրություն այն մասին, որ հարցմանը պատասխանելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի տեղեկությունը կտրամադրվի օրենքով սահմանված 30-օրյա ժամկետում։ Թեեւ տարակուսելի է, թե լրացուցիչ ինչ աշխատանքի անհրաժեշտություն պիտի լիներ, եթե իրավական համապատասխան հիմքերի առկայությունը կամ բացակայությունը, ենթադրվում է, աշխատանքի բաժանում կատարելիս պետք է արդեն իսկ ուսումնասիրված եւ վերլուծված լիներ, այնուհանդերձ որոշել ենք սպասել 30-օրյա ժամկետում պատասխանի տրամադրմանը։

Քաղաքապետարանն ի վերջո պատասխանել է մեր հարցմանը մայիսի 5-ին՝ օրենքով սահմանված առավելագույն ժամկետը լրանալուց հետո։  Պատասխանում, ի թիվս այլնի, ասված է, որ Երեւանի քաղաքապետի 31.03.2023 թ․ N 715-Ա որոշմամբ կատարված փոփոխությամբ սահմանվել է, որ նշված խորհրդակցությունները վարում է Երեւանի քաղաքապետը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալը կամ Երեւանի քաղաքապետի տեղակալներից մեկը: Այսինքն՝ Ավինյանի կողմից խորհրդակցությունը վարելուց օրեր անց դրա համար ստեղծվել են իրավական հիմքեր։ 

Գլխավոր դատախազությունը օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ է պատասխանել գրավոր հարցմանը

Մայիսի 11-ին Infocom–ը դիմել է Գլխավոր դատախազություն՝ խնդրելով հայտնել՝ բողոքարկե՞լ են արդյոք «Ռեստարտ» նախաձեռնության անդամների գործով Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը։ Հիշեցնենք՝ նախաձեռնության 6 անդամները, որ մեղադրվում էին Նարեկ Մալյանին առեւանգելու փորձի մեջ, Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավճռով արդարացվել էին։ Գլխավոր դատախազությունն ու Նարեկ Մալյանը բողոքարկել էին դատավճիռը, սակայն Վերաքննիչ դատարանը այն անփոփոխ էր թողել։ 

Մեր բանավոր հարցմանն ի պատասխան՝ Դատախազության հանրային կապերի բաժնից ասել են՝ գործով նորություն դեռ չկա, որոշելուն պես կտեղեկացնեն։ Հաշվի առնելով, որ որոշման հրապարակումից անցել էր ավելի քան երկուսուկես ամիս, որի ընթացքում, ենթադրվում է, այն ուղարկվել էր կողմերին, անհասկանալի է, թե ինչ ասել է՝ գործով որոշում դեռ չկա, հատկապես հաշվի առնելով, որ վճռաբեկ բողոք ներկայացնելու համար սահմանված է մեկամսյա ժամկետ՝ որոշումը ստանալու պահից սկսած։ Ուստի մայիսի 15-ին մենք արդեն գրավոր հարցում ենք ուղարկել Դատախազություն՝ խնդրելով հստակ հայտնել՝ ստացե՞լ են արդյոք Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշումը, եթե այո, ապա երբ։ Միաժամանակ խնդրել ենք հայտնել՝ բողոքարկե՞լ են կամ նախատեսո՞ւմ են բողոքարկել հիշյալ որոշումը։ Եթե որոշվել է չբողոքարկել, խնդրել ենք այդ մասին եւս հայտնել։ 

Մեր գրավոր հարցմանը Դատախազությունը պատասխանել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված 5-օրյա ժամկետի խախտամբ՝ մայիսի 24-ին։ Ըստ պատասխանի՝ Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշումը Դատախազությունում ստացվել է ապրիլի 4-ին։ Սա նշանակում է, որ Դատախազությունն այն կարող էր բողոքարկել մինչ մայիսի 4-ը, ուստի մայիսի 11-ի մեր բանավոր հարցի ժամանակ Դատախազությունը պարզապես չէր կարող այդ հարցի վերաբերյալ որոշում դեռ չունենալ, թեեւ մեզ նման պատասխան տրվեց։ Այնուհանդերձ, գրավոր պատասխանով Դատախազությունն արդեն հաղորդել է, որ քննարկման արդյունքում որոշվել է վճռաբեկ բողոք չներկայացնել։

Ըստ ՏՎԽ–ի՝ ԿԿՀ գործողությունները հակասում են տեղեկատվության ազատության եւ անձնական տվյալների պաշտպանության նորմերին

2023 թվականի մայիսի 11-ից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Infocom-ի լրագրողից առաջ եւ առանց նրա համաձայնության իր պաշտոնական կայքի «Նորություններ» բաժնում հրապարակում էր նրա գրավոր հարցումներն ու դրանց պատասխանները` նման գործելակերպը պայմանավորելով Infocom-ի աշխատանքի վերաբերյալ իր սուբյեկտիվ եւ իրականության հետ աղերս չունեցող գնահատականներով։ 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Infocom-ի խմբագրությունը դիմել է Տեղեկատվական վեճերի խորհրդին՝ ստանալու փորձագիտական կարծիք նշված խնդրի եւ այսպիսի գործելակերպով առաջ բերվող ռիսկերի վերաբերյալ։

Դիմումին ի պատասխան՝ Տեղեկատվական վեճերի խորհուրդը հունիսի 5-ին տրամադրել է փորձագիտական կարծիք, որով արձանագրել է, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը չի նախատեսում տեղեկություն ստանալու հարցմանը պատասխանելու այնպիսի կարգ, երբ պետական մարմինը դիմողին գրավոր պատասխան ուղարկելու փոխարեն այն հարցման հետ մեկտեղ հրապարակում է իր պաշտոնական կայքում։ Ուստի, ըստ ՏՎԽ-ի, պահանջվող տեղեկությունը տրամադրվել է օրենսդրությամբ չնախատեսված կարգով՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի խախտմամբ։

Միաժամանակ ՏՎԽ-ն նշել է, որ խախտվել են տեղեկատվության ազատության եւ անձնական տվյալների պաշտպանության իրավունքները երաշխավորող ՀՀ Սահմանադրության 34-րդ եւ 51-րդ հոդվածները, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ եւ 10-րդ հոդվածները, ինչպես նաեւ «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» եւ «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիաները։

Անկախ փորձագիտական կարծիքի հրապարակումից հետո ԿԿՀ–ն դադարեցրել է այդ գործելակերպը։

Գրավոր հարցմամբ տեղեկություն ստանալու իր իրավունքն Infocom-ը շարունակելու է իրացնել՝ պարբերաբար ներկայացնելով պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը դրա առնչությամբ։ 

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել