ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 13-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետնախարար Թոբիաս Լինդների գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Ազգային ժողովից, ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Ռուբինյանն արժևորել է համագործակցությունը Գերմանիայի հետ: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ վերջին տարիներին ընդլայնվել և խորացել է Հայաստանի ու Գերմանիայի միջև փոխգործակցությունը, ինչին նպաստել է նաև խորհրդարանների բարեկամական խմբերի արդյունավետ աշխատանքը:
«Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում առկա հումանիտար ճգնաժամը և դրա հաղթահարման հարցում կարևորել միջազգային գործընկերների, այդ թվում` Գերմանիայի դերակատարությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է եղել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարևորությանը:
Նշվում է, որ Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը:
comment.count (0)