Ադրբեջանը խոչընդոտում է ՄԱԿ գործակալությունների մուտքն Արցախ․ ԱԳՆ-ի պատասխանը՝ ՄԱԿ-ի միջոցով Արցախ պարեն ուղարկելու վերաբերյալ հարցին
13:43 - 24 հուլիսի, 2023

Ադրբեջանը խոչընդոտում է ՄԱԿ գործակալությունների մուտքն Արցախ․ ԱԳՆ-ի պատասխանը՝ ՄԱԿ-ի միջոցով Արցախ պարեն ուղարկելու վերաբերյալ հարցին

Ադրբեջանը շարունակաբար խոչընդոտում է ՄԱԿ գործակալությունների և այլ միջազգային կառույցների մուտքն Արցախ: Այս մասին infocom.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ասել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ԱԳՆ-ն դիմե՞լ է ՄԱԿ-ին՝ Պարենի համաշխարհային ծրագրով Արցախ օգնություն ուղարկելու հարցով։ Հետաքրքրվել էինք, թե եթե դիմում եղել է, ապա ինչ պատասխան է ստացվել, իսկ եթե դիմումը մերժվել է, ապա ո՞րն է եղել պատճառաբանությունը։ Հարցրել էինք նաեւ՝ եթե դեռեւս պաշտոնական դիմում չի եղել, ապա արդյոք Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը պատրաստվո՞ւմ է դիմել Կազմակերպությանը։

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման առաջին իսկ օրվանից ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հետևողական աշխատանքներ է տարել միջազգային կառույցների հետ՝ վերջիններիս մանդատների շրջանակներում միջանցքի արգելափակումը վերացնելու և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հումանիտար աջակցություն ցուցաբերելու նպատակով»,- հարցման պատասխանում վստահեցրել են ԱԳՆ-ից՝ մանրամասնելով, որ, մասնավորապես, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի թե երևանյան, թե տարածաշրջանային գրասենյակների հետ ակտիվորեն քննարկվել են վերջիններիս իրավասությունների շրջանակում արցախահայության հումանիտար կարիքների լուծման հնարավոր ուղիները:

ԱԳՆ-ից հաղորդում են, որ նշյալ հարցը քննարկվել է նաև ս. թ. ապրիլին կայացած՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Կորին Ֆլեյշերի՝ Երևան այցի շրջանակում, եւ այս համատեքստում ընդգծում են, որ Ադրբեջանը խոչընդոտում է ՄԱԿ գործակալությունների մուտքն Արցախ․

«ՀՀ ԱԳՆ համակարգմամբ ՊՀԾ ղեկավարության հետ անմիջական կապի մեջ են նաև ՀՀ այլ պատասխանատու գերատեսչությունները: Վերոնշյալ աշխատանքները կրում են շարունակական բնույթ և արդյունքների մասին հանրությունը կիրազեկվի սահմանված կարգով»,- պատասխանել են գերատեսչությունից:

ԱԳՆ այս պատասխանը ենթադրել է տալիս, որ հարցը բացառապես քննարկումների մակարդակում է բարձրացվել, եւ պաշտոնական դիմում, այդուհանդերձ, չի եղել։ ԱԳՆ-ն չի պատասխանել հարցին՝ պատրաստվո՞ւմ է պաշտոնական դիմումով հանդես գալ, թե ոչ։

Ի հավելումն նշենք, որ ՊՀԾ-ն համագործակցում է երկրների կառավարությունների հետ։ ՄԱԿ-ը նշում է, որ կարող է հենց ինքը տրամադրել պարենային օգնություն, բայց իր նախագծերը միշտ պահանջում են կառավարությունների լիակատար աջակցությունը և ներգրավվածությունը։ 

Բացառիկ հանգամանքներում, երբ, օրինակ, որևէ երկրում ճգնաժամ է, և իշխանությունները կորցրել են վերահսկողությունն իրենց տարածքի նկատմամբ, ՊՀԾ-ն կարող է օգնություն տրամադրել առանց կառավարության հրավերի՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խնդրանքով: Կան նաև հայտնի դեպքեր, երբ հենց կառավարություններն են դիմել ՊՀԾ-ին աջակցության համար։ Եգիպտոսի կառավարությունն, օրինակ, կառույցին է դիմել սիրիացի փախստականներին սննդով աջակցելու համար։ Թուրքիայի կառավարությունը ևս ծրագրին դիմել է սիրիացի փասխտականներին աջակցելու համար։

Լուսանկարը՝ ՄԱԿ պաշտոնական կայքից

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել